Վերջին դատաստանը
ընդհանուր ժողովն էլ, որ շատ է սիրում ենթադրությունները, հազիվ թե կարողանա մի բան ասել այդ մասին։
Չորս թե հինգ տարեկան էիր։ Մի օր կանգնեցիր նոր կախած Ռաֆայելի հրեշտակի դեմն ու հարցրիր։
– Էս ով է, հայրիկ։
– Հրեշտակ է։
– Ով է տեսել հրեշտակին, որ նկարել է։
– Նկարիչը։
– Բա մենք ինչի չենք տեսնում հրեշտակին։
– Տեսնում ենք, ինչպե՞ս չենք տեսնում։ Այ, ես տեսնում եմ․․․
– Որտե՞ղ է, դե ինձ էլ ցույց տուր։
– Այ էստեղ է, հենց իմ առաջին կանգնած է։
– Չէ, ես հրեշտակին եմ ասում, հրեշտակին․․․
Դու կատակ կարծեցիր, փաթաթվեցիր վզովս ու անդադար պահանջում էիր, որ քեզ էլ ցույց տամ հրեշտակին։
Ասում եմ չորս թե հինգ տարեկան հազիվ լինեիր, քո փոքրիկ Հովիկի չափ․․․
Եվ այժմ, անկասկած, արդեն տեսնում ես էն հրեշտակին, որ մի ժամանակ ես ցույց էի տալիս, ու դու չէիր հավատում, կատակ էիր կարծում․․․
1917, Ն<ոյմբերի> 10
– Դու ի՞նչ արիր աշխարհքում,– հարցրեց աստված[1]։
– Ես ծառայեցի մի նավթային կանտորում,– պատասխանեց հոգին։
– Ի՜նչպես, անպիտա՜ն,– որոտաց աստված, և երկնքի ոլորտները տատանվեցին։ Դողաց խեղճ հոգին, և[2] դալուկ հրեշտակների եղած գույնն էլ թռավ երկյուղից։
— Անպիտա՜ն․․․ ես քեզ տվի իմ շնորհքները, ստեղծագործելու բարձր կարողությունը, քնքուշ զգացմունքներ և ճոխ երևակայություն, նուրբ ճաշակ[3], քեզ ուղարկեցի որպես իմ մարգարեն[4], դու տարար այդ բոլորը թաքցրիր և․․․
— Չթաքցրի, տեր, մի քանի անգամ ցույց տվի․․․ բայց բանի տեղ չանցավ․․․
[5]Աստվածային շնորհքներդ, եթե ցույց տվիր դու․․․ և[6] սկսեցին շանթերը փայլատակել[7]։
— Ես հայերի մեջ էի, տե՛ր,— շշնջաց հոգին։
— Հա՜․․․— մեղմացած բացականչեց աստված և հրամայեց,— տարե՛ք սրան նահատակների բաժինը։