Վերջին կռիվ

Ալեքսեյ Կոլցով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Վերջին կռիվ


Գլխիս վերև փոթորիկ էր մըռնչում,
Որոտում էր երկինքն ամպոտ ու մըթին.
Իմ թույլ միտքը ճակատագրից երկնչում,
Պաղ ու սարսուռ կաշկանդում էր իմ հոգին։

Բայց ես չընկա՜։ Ինձ չըհաղթեց տառապանք,
Տարա՜ հարվածն խիզախ հոգով, աննըկուն,
Եվ պահեցի սըրտումս փափագ ու տենչանք.
Մարմնիս մեջ՝ ուժ, հոգուս խորքում՝ ջերմություն։

Պիտի փրկվեմ թե պիտ կորչեմ կըռվելուց,
Ողջը մե՜կ է— ի՛նչ էլ լինի վիճակված.
Նախախնամող արարչին եմ ես վաղուց
Ապավինել— նորա կամքին հույս դըրած։

Եվ իմ հավատն աներկբայ է ու անշեջ—
Նըրանո՛վ է բոլոր կյանքըս միշտ լեցուն.
Անվախճա՜ն է ամեն ձըգտում նրա մեջ.
Նրա մեջ է հանգիստ անհո՜ւյզ և անհո՜ւն։

Եվ դու զո՛ւր ես աղետներով ինձ սպառնում,
Զո՛ւր ես դու ինձ կռվի կոչում, ա՛յ վիճակ.
Միշտ պատրաստ եմ քեզ հետ բռնվել ես կըռվում,
Երբե՛ք ինձնից դու չես խըլիլ հաղթանակ։

Հոգուս խորքում ես ուժ ունեմ անսասան,
Սըրտիս խորքում—արյան բորբոք ու կըրակ.
Խաչիս ներքո—հանգստյանս է օթևան,
Խաչիս վըրա—իմ սերը սուրբ, անապակ։