Վերք Հայաստանի ― Գլուխ երկրորդ
Բա՛զի վախտ, որ մարդ մեկ քանդված տեղի
Վրա կանգնում ա ու ինքն իր մտքի
Հետ ա ընկնում ու անց կացած բաները
Ֆիքր անում, տխրում, տրորում աչքերը,
Էնպես գիտես, թե է՛ն անբան քարերն
Մեզ ասում ըլին, որ մենք մեր օրերն
Լանք ու զգաստանանք, չունքի էս աշխարհ
Չի՛ մնալ մեզ համար ղադմի մուղարար:
Հենց իմանաս, թե լեզու են առել
Պատերն, ուզում են մեզ լալով ասել.
«Ա՜յ ադամորդի, տե՛ս, քո վերջն է՛ս ա.
Էստե՛ղ էլ կային նորահարս, փեսա,
Էստե՛ղ էլ կային ծնող, երեխա,
Հարուստ, մեծատուն, իշխան համեշա:
Բայց ո՞ւր են նրանք՝ հողի հավասար.
Բայղուշն ա նստում նրանց գլխին անճար»:
Բայց ա՜խ, թե մեկ տեղ արին ա թափել,
Աշխարհ կործանվել, ազգեր փչացել,
Գազան բուն դրել, ավազակ բնակել,
Մարդի լերդն ու թոքն կրակ է ընկնում,
Միսը սրսռում, աչքը սևանում:
էս ցավն ա Հայի սրտում բհամ գալիս,
Երևանու բերդն, Զանգին տեսնելիս:
Լե՛ռ քարափի վրա ցից գլուխը բարձրացընում, թամաշա ա անում հանդարտ, հազար գլխանի դևի պես, Երևանու հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, բրջերով ղայիմացրած, սուր-սուր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հարավ բաց արած, չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փեշերը երկրումը փռած, անամոթ երեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած՝ անմազ, անլեզու, մարդակեր բերդը ու դեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձեն, անսաս կուլ տա, փչացնի:
Պարսիկ նրան շինեց՝ խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ: Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի՛գիտի, չի՛ լսել. բայց հազարավոր ժամանակավ՝ անահ, անվախ, պինդ երեսը լիրբ գազանի պես դեմ տված, որքան թոփի, թոփխանի գյուլլեք էլ նրա կոշտ քամակին, նրա կակող դոշին, նրա բաց գլխին դիպան, ո՛չինչ չի՛ ազդեց, քյար չարեց: Կորցրած թևերն էլ ետ սաղացրած, ջարդած ոսկորներն էլ ետ պնդացրած՝ գլուխը վեր քաշեց, էլ ետ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց, ուսերը դզեց, ոլորեց, սարքեց ու էլ ետ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թողության, փոքրոգության, անզորության ու հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով՝ պպին կանգնեց, մատը ցցեց էս հողաշեն, այլ ո՛չ քարաշեն բերդը ու խենեշ դիմոք, իր կոտրած ոտները Զանգվի բերանը խցկելով՝ մնաց տեղը նստած, Զանգվի, որ գիշեր-ցերեկ անքուն, անղարար, գժված, կատաղած՝ նրա բաց դոշին, նրա անիրավ սրտին իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրագովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով, թե չի՛ կարում ջիգրը հանիլ, վրեժն առնիլ, նրան քանդիլ, գոռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ-քիչ ձենը փորը քցում ու մունջ-մունջ երեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած՝ տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդյունք տալով, բաշխելով՝ ճամփեն մոլորում, կորչում ու չի՛ կարում իր սիրուն քվորն էլա՝ Արազին, մեկ խաբար տանի, չունքի Երևանու թամարզու, կարոտ բնակիչքը նրա ճամփեն բռնում, նրան սիրով խտտում, իրանց մեջը, իրանց հանդն են տանում, որ նրա սուրբ, կաթնահամ ջրովը իրանց էրված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն:
Երևանու բերդն, Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած՝ դառել էր գողի ու ավազակի բնակարան… Է՛ն հողը, է՛ն հիանալի աշխարհը, ուրտեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ աստված, բոլոր աշխարհը ջրհեղեղովը երբ որ կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, որ Նոյան տապանը նստի, ու Հայոց երկրիցը էլ ետ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինություն քցեն: Է՛ն սուրբ հողը, ուր որ անպարտելին Հայկ՝ անաստված Բելա չար մտքին չհավանելով, իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, էկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսույն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասսա ու Ալագյազի երկնանման գլուխը, Սևանա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով՝ իր մզրախը ցցեց ու իր սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բելա անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց: Է՛ն սուրբ տեղը, ուր որ Շամիրամ՝ աշխարհ տիրելով, ո՛չինչ տեղ էն պատկերը չճարեց, որը որ իր սիրտն ուզում էր, ու մեր հրեշտականման Արայի սիրուն երեսին կարոտ՝ զորք ժողովեց, էկավ, որ թե նրա սուրբ սիրտը լալով, սիրով չգրավի, զոռով նրան գերի անի, որ բալքի նրա սուրբ շունչը իր երեսին դիպչի, ու մեռած ժամանակն էլ նրա մարմինը առաջին դրած՝ գիշեր-ցերեկ սուգ էր անում, որ կամ նա կենդանանա, կամ ինքը նրա ոտի տակին հոգին տա: է՛ն աշխարհը, ուր որ Զարմայր՝ Աքիլեսի հետ Հեկտորի դեհն ուզեցավ պահի, Պարույր՝ Արբակի հետ Սարդանաբաղին էրեց, Տիգրան՝ Կյուրոսի հետ Աժդահակա հոգին առավ, Վահե Դարեհ Կոդոմանի հետ Աղեքսանդրի ճամփեն ուզեցավ բռնի, Վաղարշակ Պարթևն՝ իր եղբայր Արշակա ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց, նախարարներ հաստատեց, Տիգրան՝ արքա արքայից, Ասորոց աշխարհն իր ձեռի տակը բերեց ու կարթագինացոց հսկային՝ Աննիբալ զորապետին, իր մոտ հրավիրեց: <Է՛ն աշխարհը>, ուր որ քաջահաղթն Տրդատ՝ Հռովմ իր քաջությունովը ու իմաստությունովը զարմացնելեն հետո, էկավ, իր հայրենական հողին տիրեց ու ալանաց, պարսից շունչն ու ոտը կտրեց. ուր որ որդին աստուծո երևեցավ ու սուրբ Լուսավորչու՝ Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց: Է՛ն տեղը, որ Վարդան Մամիկոնյան, Վահան՝ ընտիր եղբայր նորա, անօրինակ քաջությամբ, որ աշխարհ դեռ չի տեսել, իրանց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվը արընով գնեցին: է՛ն տեղը, որ Վռամշապուհ բոլոր աշխարհի լուսավորությունն ու իմաստությունը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց: է՛ն ընտիր աշխարհը, ուր Ռուբինյանք, Բագրատունյանք՝ իրանց՝ հազար թշնամու ձեռի անտեր մնացած Հայրենիքը (վաթանը) էլ ետ գերեզմանից հանեցին, էլ ետ նո՛ր հոգի տվին: Է՛ն օրհնյալ հողը, ուր ասորիք, պարսիկք, հոնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուրտեղ որ սար չի՛ մնացել, որ արին չտեսնի, քար չի՛ մնացել, որ մարդ տակով չանի, ու հարիր մեր հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էսօր ո՛չ նրանց շունչը կա, ո՛չ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անհաղթելի Հայկա որդիքը իրանց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելեն ետև որ տեսան, թե է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին, որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա թե Ասիա, Հայոց հողովը պետք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գլխըները գոգները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ-սրտի տված, հոգի-հոգու կպցրած, մինչև էսօր էլ իրա՛նց գլուխը, իրա՛նց սուրբ հավատը, իրա՛նց սուրբ օրենքը է՛ն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի: Է՛ն աշխարհը, է՛ն անօրինակ ազգն էր էս վերջին ժամանակը, շունչը բերանը հասած՝ աչքը երկինքը կթել, որ ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի:
Քսան տարու միջում լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացոց ոտը ողորմելի Ամերիկա էնպես քանդեց, ջնջեց, հողի հետ հավասարեց, որ հինգ-վեց միլիոն ազգերիցը էսօր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած՝ վայրենի գազանների պես են իրանց սև օրը լալիս ու կոտորվում. բաս ի՞նչ աներ հայոց խեղճ ազգը, որ Նոյան գեսը, վեց հազար տարի, ո՛չ թե քրիստոնեի կամ լուսավորյալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, մահմեդականի, անօրենի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քյալլա տալիս ու շատին, շատ անգամ, իր ոտի տակը քցում, բայց կարո՞ղ է վարդը ծովիմիջում զորանալ, մանիշակը՝ կրակի առաջին դիմանալ. կարո՞ղ է կակող ցորենի հասկը է՛ն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր յա դիմացել:
Հայո՛ց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ, Հայո՛ց աշխարհ. էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, է՛ն ո՞ր մեջքը ձեզ բերեց, է՛ն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, է՛ն ո՞ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք է՛ս հոգին ունենաք, է՛ս սիրտը ձեր միջումն ըլի, է՛ս հրաշքը դուք աշխարքին ցույց տաք: Է՛ն ի՞նչ աչք պետք է ըլի, որ քոռանա, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանա. է՛ն ի՞նչ բերան պետք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի. է՛ն ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտա: Օրհնեցե՛ք ռսի ոտը, ջան-ջանի տվե՛ք, իրար սիրեցե՛ք, դուք է՛ն աշխարքի ծնունդն եք, է՛ն ազգի զավակը, որ աշխարհ ամենայն զարմացրել են ու կզարմացնեն: Դո՛ւք, դո՛ւք իրար պահեցե՛ք, ինչպես ձեր նախնիքը, դո՛ւք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք, ես ետ եմ դառնում էլի իմ պատմությունն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս՝ ձենի, ձեր ջանին ղուրբան. չթողա՛ք, որ էս մուրազը հետս գերեզմանս տանիմ, ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ, թե ձեր սերը պակսել ա, ձեր բարեկամությունը ցամաքել:
Գնա՛նք Երևանու բերդը, օրը մթնում ա, խավարը բռնում, աչքերս սևանում, սիրտս տրորվում, ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս՝ դանակ: Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում, փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երևանա բերդի հողի ու ջրի շատ փայը, հե՛նց բռնիր, հայի արընով ա շաղախած. ի՞նչպես անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, որ սիրտս հովանա, յա մեռնիմ, պրծնիմ, ու էս դարդերը ինձ սաղ-սաղ չուտեն, չսպանեն:
Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ուր որ,— քանի Հայոց թագավորությունը իր աշխարքիցը ձեռք վերցրեց, ու քրիստոնեությունը դառավ Հայոց ազգի հույսն ու ապավենը, ու երկնից արքայությունը, ու պարսիկ, օսմանցիք հռովմայեցոց գլուխը Եվրոպա ուտելով, հունաց ազգը էնտեղ տանջելով, ասորոց, բաբիլոնացոցը՝ Ասիա վերջացնելով, թուրըները սրած, կատաղած ասլան-ղափլանի պես, մեկն էս դհից, մյուսն՝ էն, մեր ազգի արնին էին ծարավել, որ իրանց անկուշտ փորին մատաղ անեն, ու մեկը ծամում էր, մյուսին տալիս, մյուսը արինը խմում, մեկի չանգը քցում,— մնացել էր հարիր հիսուն տարուց հառաջ օսմանցոց ձեռին, որ Նադր շահը դուս էկավ ու Հնդստան, Արաբստան ոտի տակը տալուց ետև երեսը ետ դարձրեց Երևանու վրա: Սար ու ձոր նրան գլուխ էին վեր բերում, մեկ բուռը հողը ու լենաշալվար օսմանցին ո՞վ էր, որ աոաջին դիմանա: Հենց Մուրադ թափի գլխին, Քանաքռուց մի քիչ բարձր, նրա չադրի ծերն էրևաց, ղաջար Հասան Ալի խանը օսմանցվին ընչանք Ղարս մին քշեց, ու կտրիճ զորապետը էնքան թուրն ածել, օսմանցվի գլուխ էր թռցրել յա ուս վեր բերել, որ ձեռը փետացել էր, թուրը գուլացել, ու ինչ ժամանակ ետ դառավ ու Նադր շահի չադրի առաջին որ մզրախը չշպրտեց, մզրախը դողալով գետնումը ցցվեց, բայց քաջի արած տղամարդկությունը շահի աչքումը տնկվեց, ու պատվի, փառքի փոխանակ՝ ողորմելի խանի աչքերը իսկույն հանել տվեց, որ արեգակի աոաջին լուսինը չերևի, ու իրան անունը չկոտրվի: Էս կույր ողորմելին էր, որ օսմանցվից հետո Երևանու խանությունը ստացավ, ու էլի պարսից անիծած ոտը մեր աշխարհը մտավ: Սրանից հետո իր ախպեր Հուսեին Ալի խանն սկսեց նստիլ, որ է՛նքան աջիզ, խեղճ էր, մինչև վրաց Հերակլ թագավորն էկավ վրեն, ջարդեց ու 3000 թուման էլ հարկ դրեց ուսին: Սրա որդի Մահմադ խանն էլ որ նստեց, Աղա Մահմադ խանն, որ ավելի անունն Ախտա շահ էին կանչում, դուս էկավ, Նադրի պես սար ու ձոր ջարդելով՝ ինքը դեպի Ղարաբաղ ու Թիֆլիզ երըմիշ էլավ, իր ախպեր Ալի Ղուլի խանին Երևանու վրա ղրկեց: Բայց մինչև Թիֆլիզու գերին Երևան չհասավ, Մահմադ խանը երկրի խալխը գլխին, բերդումը թոփ արած՝ իր ջիլավը թշնամու ձեռը չի՛ տվեց, որ Երևանու բերդի չորս կողմը կտրել, նստել էր, բայց կռիվ չէ՛ր տալիս, չունքի խանն ասում էր.
— Երբ Թիֆլիզ կառնիք, ես ձերն եմ ու ձերը: Թիֆլիզ առան, էրեցին, եսրի տուտը Երևան հասավ թե չէ, խանի մեջքը կոտրվեցավ: Ալի Ղուլի խանը մտավ բերդը, Մահմադ խանին ղոնաղ արեց ու, հացի վրա հենց, ոտն ու ձեռը կապիլ տվեց ու Պարսկաստան ուղարկեց:
Պատմում են, թե բոլոր խաների միջին սրանից լավը չէ՛ր նստել: Մեկ քանի օր որ անց ա կենում, մեկ գիշեր հանկարծ մելիք Աբրահամին կանչիլ ա տալիս: Ողորմելու արինը ջուր ա դառնում, բայց հենց կուշտն ա գալիս, սրան բարկացած հարցնում ա, թե ինքը լսել ա, որ հայերը առանց զանգակի ժամ չեն գնալ, ի՞նչպես ա, որ զանգակի ձեն չի՛ լսում: Մելիքը որ դողալով չի՛ ասում, թե նրա ահու չե՛ն տալիս, իսկույն բարկանում, հրամայում ա, որ գնա, հայերին ասի, թե նա էկել ա, որ խալխին պահի, նրանց տիրություն անի, նրանց ցավին հասնի ու ո՛չ նրանց նեղացնի: Ու էս արժանահիշատակ խանն ա, որ խալխի խարջը, կոռը բաշխում, շատ ումուդ, շաֆաղաթ ա տալիս, բայց թուրը երկար չի՛ կտրում: Ախպորը որ Ղարաբաղումը Սադըղ խանը չի՛ սպանում, Երևանու հայ, թուրք բերդը բռնում, սրան զոռով դուրս են անում, որ ղաջարի անունը իրանց վրա չըլի, էնպես որ ողորմելին հազար մուննաթով ու աղաչանքով, բռանց ա գլուխը պրծացնում ու էլ ետ իր երկիրը քաշվում: Փոքր վախտ սրանից հետո Մակվա խանն ա գալիս, Երևան նստում, չունքի որ Մահմադ խանի ազգականն ա ըլում: Ֆաթ Ալի շահը որ նստում ա, Մահմադ Խանը շահի մորը մեջ ա քցում, մինչև 10 000 թուման Երևանու փող ռուշվաթ (կաշառ) խոստանում ու էլ ետ գալիս, իր տեղը բռնում:
Էս միջումն ա ըլում, որ Նախչվանու քոռ Քյալբալի խանը Ղարսա վրա կռիվ ա դուս գնում, փաշին ջարդում, երկիրը ոտնատակ տալիս, ու ռուսն էլ նոր Փամբակ առած էնտեղ մեկ մայոր ա ըլում, ավելի անունը Ղարա (սև): Խանը ետ դառնալիս ուզում ա, որ Փամբակ էլ մեկ ատամին խփի, ու որ լսում չի՛ թե Ղարա մայորը մեկ քանի հարիր մարդից ավելի ո՛չինչ չունի, հրամայում ա, որ գնան, նրան սաղ-սաղ բռնեն: Բայց ռսի սալդաթի ու թոփի հունարը դեռ չեն տեսած ըլում ողորմելիքը: Իրեք-չորս անգամ էնքան ղոնշունը վրա է տալիս, բայց տեսնելով, թե ռուսը պատի պես կանգնած՝ գյուլլից էլ չի երես ետ դարձնում, փոխանը կատու ընկած՝ ձիու գլուխը շուռ ա տալիս ու իր հողը գալիս:
Էլի էս միջոցումն ա ըլում, որ անիրավ Մահմադ խանը շահի հետ խոսքը մին ա անում ու քաջահաղթ Ցիցիանովին խաբնով իր մոտ ա կանչում, որ բերդը ռսին տա: 3000 մարդով որ նա Երևան չի՛ մտնում ու տեսնում, որ խորամանկ պարսիկը կամեցել ա նրան ականաթի մեջ քցի, մտնում ա թուշ Երևանու մեչիդը, ու իրեք ամիս էս քաջ հսկայն, առանց հացի, առանց օգնության, էն շոգ ժամանակին, որ մարդի գլխին կրակ ա վեր թափում, էն թանկությունն ա ըլում, որ աղի լիտրը մեկ մանեթով ճարվելիս չի՛ ըլում, ու շահն էլ անթիվ, անհամար զորքով գալիս, սար ու ձոր բռնում ա, ու ռսի ղոնշունի շատն էլ որը սովն ա սպանում, որը շոգը, ու հայերն են ըլում հաց տվողը, ռսի քոմակը, մանավանդ կենդանի նահատակ Հովհաննես եպիսկոպոսը, որ Էջմիածնա ամբարները դարտակում ա, որ բալքի թե էնպես բան ըլի, որ ռուսն Երևան մնա, բայց աստուծո հրամանը չի՛ ըլում, Ցիցիանովը էնքան գազանի ռխից իր մեկ բուռը ղոնշունը ու հայերին հավաքում, էն վախտն ա քաղաքը մտնում, որ սաղ Վրաստանը, Կավկազը դոնմիշ էլած՝ մեկ-մեկու ուտելիս են ըլում: Մինչև Ղազախ ղզլբաշի ղոնշունը նրա աղաքն ու քամակը բռնած՝ կռվելով գալիս են, բայց էլի գլխըները քորելով ետ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղությունը մեկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ հսկայն: Հալվաբարու հայերը որ կան, էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Հովհաննես ուզբաշու ձեռի տակին՝ գալիս, քաղաքը մտնում:
Ռուսը որ ետ ա դառնում, Մահմադ խանին բռնում, Պարսկաստան են տանում, ու նրա տեղը Թավաքյալ խանն ա գալիս, նստում, որ Գուդովիչի հետ կռիվ ա տալիս: Սրան էլ փոխում են, Հուսեին խան սարդարը ու իր ախպեր Հասան խանն են Երևան ղրկում, որ մեկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու օսմանցվին կատու էին շինել: Կարելի ա, թե Երևան էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարհաշեն մարդ չէ՛ր տեսել, ինչպես որ սարդարն էր. բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս՝ սար ու ձոր դողում էին: Նրա համար հո՛ մարդի, հո՛ սոխի գլուխը, բոլորը մեկ էր:
Էս էր, որ աստված գլխին բարկացավ, էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ հայերի էրված, խորովված սիրտը անջախ մի անջախ հովացրեց, ու էսօր խաչն ա նրանց պահում, ու ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում:
Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց: Բայց թե մինչև էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գյուլլեք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել, քանի՜, քանի՜ անգամ են քոչել տնըհան, տեղըհան էլել, քանի՜, քանի՜ իշխանք՝ որը կրակով, որը փետի տակին, իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գա, գնա՛նք էլ ետ Երևան:
Թո՛ղ լսողը չի՛ իմանա, թե ես Երևանու ծնունդ ըլելով՝ նրա հողի ու ջրի սերն ա էնքան սիրտս քաշում, տանում. չէ՛, գիտե աստված: Երեխա եմ էլել, որ էնտեղանց դուս եմ էկել, ամա էսօր էլ, որ մտածում եմ, թե Զանգվի կարմնջի վրովը յա բազարի մեյդանովն անց կենալիս ինչպես էր իմ լուսահոգի հերը ինձ ոտով-ձեռով անում, չունքի լեզվով խոսալն էլ ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թե քանի՜, քանի՜ անգամ, հենց մեր այգումը, յա մենք ենք ղզլբաշ յարալու արել, յա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում:
Դեռ ռսին չտեսած՝ մեկ էլ մտնինք Երևան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղկացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք ռսի ղադրը ու մեր բախտավորության գինը, ով ուզում ա՝ գա:
Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ա՜խ, որ առավոտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս, թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հո, հենց իմանաս, թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում, ու բրջերի գլխին մեկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում: Ճաշվա ժամանակին, հենց իմանաս, մեկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած՝ փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը, ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա, չի՛ կա, տակովն անի, լափի: Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը ոսկորով, ջամդաքով յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես, հենց իմանաս, ծանրացել, փորըներն էլ չէին կարում քաշել, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր-կտոր ըլին:
Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շողքը դիպչելիս, պլպլալիս, հենց իմանաս, էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված՝ ուզում ըլեին աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը, որ երկրին խաղաղություն, դինջություն տա, սոդոմական կրակն ըլեին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամի մոլլեն, որ գիշեր-ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեության անունը վերանա, յա Հայ ազգի, մինարեն որ չէ՛ր նի ըլում, որ ազան տա, ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան, իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն դինումը դժողքի փայ չըլին, ձեռն անկաջին որ չէ՛ր դնում ու ծվում, հենց իմանաս, հայի համար սադայելյան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, քանի շահի ձեռք քցի, որ տանի, իր քյուլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, է՛նքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ չունքի բեղաֆիլ մեկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում:
Աշխարքի գլխին, հենց գիտես, կրակ պետք էր վեր գար, է՛նպես էր ամեն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի: Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ. կըլի, որ ի՛սկ սադայելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի աստուծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս՝ մարդ չէ՛ր իմանում, թե երաբ առավոտը կհասնի՞, լիսը բացվելիս՝ ումուդ չո՛ւներ, թե սաղ-սալամաթ, մթանն աչքը խփի՞, էնպես ահում, դողում էին երկրի խալխը:
Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, ա՜խ, աչքս դուս գա, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրավորի, ազգականի, իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքի՛ցը, էն կատաղի գազանների ձեռիցը: Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ՝ մեկ սաղ օջախի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ, որ շուտով խմի ու բալքի կշտանա:
Սի՛րելի կարղացող, իմ ա՛չքի լույս հայ, էս քո հավատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում. քեզ հետ մեկ ավազանից ծնվել, քեզ հետ մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, երա՜բ, որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ՝ ի՞նչ: Գիտեմ, որ ասում կըլիս մտքումդ՝ էսպես օրը գնա, ո՛չ ետ գա, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի: Գիտեմ, որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես, որ էս անիրավ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս՝ գլուխդ առնիս, կորչիս, բայց, հավատացի՛ր ինձ, մեղավորը նրանք չեն, մենք ենք: Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա, մեզ տակով չի՛ կարալ անել, ինչ թե օսմանցին յա պարսիկը: Մեզ ամենաբարի արարիչը է՛ն հոգին, է՛ն խելքը, է՛ն շնորհքը չի՛ տվել, որ նամարդի մուհտաճ մնանք: Աստված հիմիկ մեզ լիս ա բաց արել, ռուսաց թրին սարերը չե՛ն դիմանալ, որ ջանք անենք, մեկզմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր երջանիկ նախնիքը, հավատացի՛ր ինձ, աստված էլ կսիրի մեզ, մարդ էլ:
Լավ չի՛ սկսած բանը թողալ ու էսպես քարոզ ասիլ, ես էլ գիտեմ, ամա սիրտս չի՛ դիմանում, ի՞նչ անեմ: Էլի մեր գեղըցոնց ասածն ա միտքս գալիս: Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուս են էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած: Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի սևն ու սպիտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ-չալ մանեթները ջեբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք: Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անոշ-անոշ խմիլը, կառեթով, դրոշկով փառավոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլ-մաշիլը, նոքար-բեքարի՝ ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլուխ զարդարիլը մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չե՛ն տանիլ, հարկիզ:
Էդ երեխեքն էլ գիտեն, կասես ինձ, բայց ի՞նչ անես. բանը գիտենալը չի՛, բանն անիլն ա: Ես ինձ վրա եմ ասում, թո՛ղ ուրըշի սիրտը չնեղանա: Ընչանք փողը չեմ առնում, ո՛չ գիրք եմ տալիս, ո՛չ աշակերտ կարդացնում: Լազգին ու թուրքի մոլլեքը էնպես չեն անում, անփող են իրանց ազգի երեխեքը կարդացնում, էլի աստված նրանց ռզղը հասցնում ա: Հենց մե՞զ պտի սոված սպանի: Ամեն մեչըդի հայաթում, գեղ տեղարենքն էլ, մեկ մեծ վարժատուն կա, ուրտեղ երկու-երեք լեզու են սովրում. մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի՛ դնիլ, բաս ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ չի՛ հովանալ:
Ով թուր չի՛ առել ձեռքը, թրի ղադրն ի՞նչ կիմանա. ով թվանք չի՛ քցել իր օրումը, ֆորս ի՞նչպես կարա անիլ: Քրդին հազար տարի ասա՛, թե հնդուհավի միսը, ղաբլու փլավը հիանալի կերակուր ա, տո՛, որ նա իր օրումը նրանց համը չի՛ առել, իր սոխն ու մածունը, թանն ու ճաթը կթողա, քո ասածի՞ն անկաջ կանի, խելքդ ի՞նչ ա կտրում: Ասենք՝ ես չասեմ, սաքի դու չե՛ս գիտել, որ երեխի ընչանք ատամները դուս չի՛ գան, կոշտ բան չի՛ պետք է տվա՞ծ: Դու ուզում ես անհիմքը տուն շինիլ, կրակ չի՛ վառած՝ հաց թխիլ. մմի ծերը թողել ես, մատդ ես կրակին դեմ անում. առանց պատրուգի ուզում ես ճրագուն ինքն իրան քեզ լիս տա՞: Կացինը դնում ես ծառի քոքին, դու քնում յա ձեռներդ խաչում, ղրաղին կանգնում, ծառն ինքն իրան քեզ ցախ կդառնա՞, խելքդ ո՞ւր ա: Խմորն առանց թխտմորի չի՛ գալ, չի՛, նհախ տեղը ոտներդ գետնին մի՛ ծեծիր: Անբանացնիլ թուրը կժանգոտի. նամ տեղի ցորենը կբորբոսի: Անվարիլ հողը թե ցանեցիր, ղուրդ ու ղուշ կուտի սերմդ: Առաջ մեկ վարի՛ր, հիմքը քցի՛ր, մեկ ազգի աչքը բաց արա՛, դուզ ճամփեն որն ա, էն ճամփովը տա՛ր, սար ու ձոր մի՛ քցիլ, դու նրան քո սերը ցույց տո՛ւր, տեսնիմ, թե նա քեզ չի՞ սիրիլ: Ուրըշները մեզ բամբասում են, հերիք չի՛, մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո բան չի՞ դառնալ: Հայոց ազգի ջանին ղուրբան, մեկ նրա երեխին ուսումն տո՛ւր, նրա էն լուսաթաթախ հոգին կրթի՛ր, կրթիլ եմ ասում, թուղթ խաղալ, ֆրանցուզերեն խոսիլ, անգիր բերան անիլ, գլխիցը դուս տալ չեմ ասում, ու շարական, փոխ յա շիլափլավ ուտիլ սովորցնիլ, որ մեզ էս տեղն ա քցել, տեսնիմ, թե ջան կտա՞ քեզ, թե չէ՛:
Մինչև գարունքը չգա, ծառը չի՛ ծաղկիլ, առանց ամառի պտուղ չի՛ հասնիլ, դու ուզում ես, որ ձմեռվան էն սաստիկ ցուրտ, սառած ժամանակին վարդի հոտ առնիս քո բաղումը, հասած պտուղ քաղես քո բաղչումը, էդ էլա՞ծ բան ա կամ կըլի ըսկի՞: Պինդ ոսկորն էլ, որ շատ ծալած մնում ա, թմբրում ա, ճում ա ընկնում. երկու օր որ թեք ես ընկնում, քամակդ ցավում ա, ոտներդ ման գալիս բեզարում. տո՛, ախր հազար տարի ա էս բեռը մեզ վրա, էս բխովը մեր ոտումն ա էլել, ախր որ ասում ես՝ վազի՛ր, բաս ի՞նչ կանեմ, որ գլխիս վրավեր չեմ ընկնիլ: Շաբթով սոված մարդին մի՞ս կուտացնեն, ցուրտը տարած տեղը կրակի՞ն դեմ կանեն: Անձողի հոտը դիպած գլուխը ձնո՞ւմը կդնեն, թե՞ կրակումը: Խեղճ ազգի հոգին մինչև էսօր քաղել են, հազար տարվա յարա ունի սրտումը, որ դեռ չի՛ սաղացել: Էնքան դառն արտասունք ա կուլ տվել, որ ո՛չ աչքումը լիս կա, ո՛չ բերնումը համ, ո՛չ սրտումը եղ. դու հենց ուզում ես, որ էստոնք մեկ սհաթումն անց կենա, ի՞նչպես կըլի: Տո՛, որ մեկ գերեզմանատան համար, մեկ դարտակ ողորմի տալու խաթեր քո ազգի պատվական իշխանքը՝ պարոն Զավրովն, Խերեդինովը, Դավիթ Թամամշովը, Մովսես Տեր-Գրիգորովը, հազար մանեթներով կխարջեն, իրանք իրանց տեղ կբաշխեն, ժամ կշինեն, խալխը ինքն իրան կերթա, իրան հացովը մշակություն կանի անփող, բաս խելքդ ի՞նչ տեղ ա, էսպես ընտիր իշխանքը, էսպես բարեսիրտ ազգը վարժատուն շինելուց, մեկզմեկու օգնելուց կփախչի՞ն, որ մեկ համն առնին: Ջուրը դարիդուս չի՛ գնալ, սիրելի՛, չի՛: Ճամփեն գտի՛ր, առուն սրբի՛ր, քար ու քոլ դեն ածա՛, տեսնիմ, թե ջուրն ինքն իրան կգա՞, թե չէ՛: Բանը երկարացավ, լսողը չի՛ նեղանա, էլի գնա՛նք մեր դժոխքը:
Հե՛րիք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձե՛ռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլավ քեզ: Ա՜խ, ինչպես ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն-սիրուն, լուսաշաղախ աղջըկերքը, բաս մեկ ողորմի էլա չի՛ պետք է ասե՞նք, որ երեսների վրա, քարի, ավազի, փշի, տատասկի վրով՝ մազըներիցը բռնած, քարքաշան անելով, գլխըներին խփելով, մեջքըներին ղամշելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լաբչընի նալչով տալով յա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հարիր վերստ տեղից, հերնըմերն ետևներիցը ընկած, քիր, ախպեր՝ բոբիկ ոտով յա գլխաբաց, քեռի, փեսա, ազգական՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին, բերդն ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրքացնեն: Շատը հենց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին, հորն ու մոր աչքի առաջին, էն կյանքը գնում, ուր ցավ, ուր վիշտ էլ չկա: Շատի սիրտն էլ որ մի քիչ պինդ էր ըլում, ընչանք ա, բերդն էր հասնում, հաջի, մոլլա, քյալբալայի, սուխտա, խան, բեկ, ախունդ, սեիդ վրա էին թափում, որ յա խաբնով հավատից հանեն, յա պատժով, բայց տեսնելով, որ նրանք ո՛չ փառքից են խաբվում, ո՛չ պատժից վախում, ո՛չ խանզադության թամահ անում, ո՛չ մահից ահ քաշում ու ուզում էին՝ Քրիստոսի հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց դասը դասակվին, իրանց սուրբ հավատը չէին ուրանում, պատիժ, պատուհաս, սուր, հուր, բոց, կրակ, սով, մահ, մեկն էլա աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորնըմորը տալիս, որի լուսաթաթախ լաշը, որի ձեռն ու ոտը: Աղջիկ, ու էսքան սի՞րտ… քար ըլեր՝ կպատռեր: Աստված նրանց հոգին լուսավորի:
Էս սիրտը, է՛ս հավատը, է՛ս հոգին, է՛ս սերն ուներ Հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի, երկիր, աշխարհ, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, գերություն, ղարիբություն, տանջանք, չարչարանք, սով, մահ հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս, լուսավորչադավան օրենքը ամուր, հաստատ ու անխախտ պահի: Է՛ս ա հսկայություն, սրտապնդություն, մեծահոգություն, քաջություն, կամաց հաստատություն, հոգու կարողություն ու զորություն, որ աշխարքիս վրա, ջրհեղեղիցը դեսը, մեկ ազգ էլա մինչև էսօր չի՛ կարաց ու չի՛ էլ կարող ցույց տալ: Սար ըլեր՝ փուլ կգար, երկաթ ըլեր՝ կհալչեր, կմաշվեր, ծով ըլեր՝ կպակսեր, կցամաքեր, բայց աստվածասեր Հայ ազգը մինչև էսօր գերօրինակ հսկայությամբ տարավ բոլոր ու իր անունը պահեց:
Թողա՞նք էն խեղճ, քոթրոմած, աչքից, ձեռից, ոտից ընկած, էն սիրուն տղամարդ երիտասարդ հայերը, որ էսօր էլ Երևանումը, որը ջուխտ աչքով քոռացավ՝ ա՜խ, ո՜խ քաշելով մաշված ա իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա հաց կարում ուտիլ, ո՛չ ձեռով, ուրիշը պետք է, երեխի պես, թիքեն բերանը դնի, չունքի ո՛չ պռոշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել,— որը քոթրոմացել, անդամալույծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում, խնդում ա, երեխեքը լալիս յա ծիծաղում են, բալքի թե մեկ ազար, մեկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պես, մանուկ օրորոցկանի պես ոտին-գլխին պետք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքն ուրիշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասիլ, ո՛չ մեկ ջան: Քանդվի՛ էսպես տերությունը, հաստատ մնա Ռսի թագավորությունը, որ մեր ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հոր պես մեզ խնամում, պահպանում ա: Էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պետք է ըլի, որ ամեն մեկ երկինքը տեսնելիս փառք չտա աստծո, երեսը գետինը չքսի ու մեր ամենողորմած կայսերը կյանք, առողջություն, զորություն, նրա արքայազն որդոցը ու զավակացը՝ կենդանություն, բարեբախտություն, ու հզոր տերությանը՝ հաստատություն, պայծառություն, մշտական տևողություն չխնդրի, չաղաչի:
Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվիլ, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց: Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ: Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի:
Ասենք՝ բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխոբին), սիրամարգին աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել: Ասենք՝ վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի, շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անոշ ա, ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՛ դուս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք՝ ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք՝ հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պետք է որ քո հացն է՞լ դեն քցես:
Ա՜խ, լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՛ պետք է ընկնի՞: Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ էն: Էնպես մարդ կա՝ տասը-տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա:
Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլուչիթսա չի՛ ըլում և այլն: Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի: Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա: Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ: Բարեխնամ տերությունը ե՞րբ կուզի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր ազգիցը հեռանա: Բաս էլ ո՞ւր են էսքան վարժատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիվ տալիս: Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես: Քեզանից չեմ նեղանում, ա՛չքի լույս, մեր բախտիցը ժամանակն էնպես ծռվել էր մինչև հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնա՝ լեզվի դարդը քաշիլ: Էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը թուրքի ու պարսից բառ ա: Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ-քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ-քիչ հասկանա: Էս էլ հերիք ա, որ թուրքի լեզուն, որ իրանք թուրքերը չեն գրում, միմիայն խոսում են, ու մեզանից որքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա նրանց լեզվի համն ընկել մեր ազգի բերանը, որ խաղ, հեքաթ, առակ թուրքերեն են ասում, իրանց լեզուն թողում. պատճա՞ռ. չունքի սովորություն ա ընկել: Ազգին անհավատ են կանչում, լեզուն սիրում. զարմանալու չէ՞: Ախր ո՞վ ա լսել, թե ծծմոր կաթը մոր կաթիցը լավ ըլի: Էսքան խառը լեզվի հետ դու էլ որ քո փրոքուլիվաթսան, մրոքուլիվաթսան ես խառնում, ախր դրանից ի՞նչ համ դուս կգա: Էլ ավետարան, գիրք, ժամասացություն ի՞նչ կհասկանաս:
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք: Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ: Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ: Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ. մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ: Ռուսաց լեզուն մեր տերությանն ա, պետք է ամենից առավել համարինք, հետո մեր լեզուն ձեռք բերենք: Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանավոր գրեք, ձեր միտքը, ձեր խորհուրդը հայտնեք, որ այլազգք իմանան, թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող, ու մեր լեզուն դհա ավելի սիրե՞ն: Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են: Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան: Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ:
Ընչանք Երևան գնալը մեկ քանի ամիս ժամանակ ունեի, էնդուր համար էսպես ճամփես ծռեցի: Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա՜յ նրան, որ էս շոգին գնա էնտեղ: Ես պետք է գնամ. ո՞վ կուզի՝ հետս գա:
Ճաշվա շոգն անց էր կացել։ Սար ու ձոր գլխըներն էլ ետ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին։ Արեգակը Մասսա քամակիցը հանդարտ աչքը բաց էր արել, մունջ֊մունջ Երևանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա, ուզում էր, որ կամաց֊կամաց մեր մտնի։ Թանձր խավարը, սև դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր։ Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա, հավը բնիցը գլուխը հանի։ Ամեն տեղից ոտքը խաղաղվել, ամեն տեղից ձենըձոր լռվել, պապանձվել, փասափուսեն քաշվել էր։ Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել՝ քնած մնացել, վար ու ցանք անողը՝ հանդումը, բաղմանչին իր ծառի տակին, շվաքումը քուն մտել, դինջացել։ Մարդ, ինս, ջինս՝ գեղերումը էլ չէին երևում։ Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում, երեսի, քամակի վրա շուռ գալիս, էլ ետ գլուխը դզում, օրզանզուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս յա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի։ Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած՝ տխուր, բարակ ձենով մեկ բայաթի էր քոքել, քթի տակին, ձիու ջիլավը գլխին քցած՝ ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի ու իր բեզարած, ջարդված ջանը կամ մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրա չէ՛ր հասել, տեսնի, ու սիրտը բաց ըլի։
Հոտաղներն (մեխրե) էլ իրանց գութանի տավարը բաց էին թողել, լուծը ետ արել ու մեկ քոլգի տակի՝ գութանը մեկ կողմը, եզըները՝ մյուս, ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել։ Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն՝ մյուս, շվաք տեղը նստել, չանեն չանի էին քսում, փնչացնում, արոճ անում։ Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած՝ նղղել, աչքը կպցրել էր, որ շոգը քաշվածին պես վեր կենա, սուրուն իրիկնահովին մեկ լավ խոտավետ տեղ տանի, արածացնի։ Օյաղ շների մեկը է՛ս ցցի վրա, մեկը մյո՛ւս թափի ծերին, յա չոբանի ոտի տակին, գլուխը դրել, նոթերը կիտել, մարաղ էր մտել, որ թե գող, գել կամ գազան սիրտ անի, մոտենա, բիրդանբիր վրա թռչի, թիքա֊թիքա անի, իր տիրոնջ ոչխարները պահի։ Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ կամ մեկ ծաղիկ մեկ տեղ էլա չէր երևում, որ մարդ հոտն առնի կամ երեսին մտիկ տա, սիրտը բացվի ու իր ճամփի երկարությունը մոռանա, կամ շոգի ձեռիցն էրված, խորոված ջանին հովություն տա, էնպես էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել։ Միմիայն խոտերի չոփերն ու քոլերի սուր֊սուր ծերերն էին էստեղ-էնտեղ ցից֊ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում, մոլորված, պաշարված կանգնել, մնացել։
Սև֊սև ջամդաքակեր ագռավները յա վախլուկ տուլաշներն էին հենց մենակ մնացել, որ էստեղ֊էնտեղ, մեկ քարափի ծերի յա մեկ բրջի գլխի, յա թե չէ, մեկ ճամփի միջում, իրար գլխի հավաքվել էին, նստել կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թևերից քաշում, որ մեկի գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան կամ հետըները տանին: Օձ, կարիճ, խլեզ, բզեզ ու ինչ կերպ ջանավար ասես՝ մորեխ, մժեղ, մեյդան էին բաց արել: Որը մեկ քոլի տակիցը, որը մեկ քարափի բաշիցը, որը խոտերի միջին, կամաց-կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով կամ ծլունգ ըլելով, էլ ետ տազ անելով կամ գետնի ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով ծղրտալով՝ ոտն էին էլել, ուզում էին իրանց արևի ձենն ածեն: Որն էլ իր բնի առաջին արևկող անելով՝ գլխըները հանել, մունջ-մունջ անկաջ էին դրել սուր-սուր աչքըները ցցել, պելացել, շլացել՝ էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն, իրանց քեֆն անեն, իրանց ռզղը ճանկեն, էլ ետ իրանց բունը մտնին, էլ ետ գնան, քնին, դինջանան:
Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ մեկ նաչար բայղուշ (բու)՝ գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սև օրը լաց ըլում: Հավի թշնամի ուրուրն էլ (ձերեն) թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դոշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դոշի տակին քաշ քցած՝ սուր աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի, մեկ լղպոր ճտի գլխի,— որ իր մոր թևերի տակին կամ մոր գլուխը քորելով, թևը քաշելով, ծվծվալով, կտկտալով կամ կտուց-կտցի տալով, մոր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով՝ սուս-փուս նստում էին իրար հետ կամ քուջուջ էին անում,— կամ մեկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով՝ վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի:
Ահա՛ գեղեցիկ, անզույգ օրինակ անսիրտ, բարբարոս Պարսից՝ ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկա զավակաց:
Էսպես մեռել, լռվել էր բնությունը, ու մեկ շփլթու էլա մեկ տեղից չէր լսվում: Միմիայն հեռու տեղից մեկ բարակ քամի բազի-բազի վախտ փչում, ծառերի տերևները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ-գոլ՝ մարդի երեսին, բերնին ձեռը նազուկ քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում: Ինչպես ծխի մեջը խրված՝ հեռու տեղից դաշտի գեղերը, հանդերը, փոսերը մթնած, լռված, ինչպես սև ամպի կտորներ կամ էրված, խանձված տեղեր, էս տեղից, էն տեղից սևին էին տալիս ու խառնիխուռն երևում: Արազը, ինչպես մեկ նետ օձ կամ էրծաթի գոտի, արևմտյան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր, լուսափայլ ու գլուխը բաց էր արել ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով, ձենըձոր անելով, գլուխը պտտելով՝ գնում, Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով հեռանում քվերտանց հետ ու պռունկ-պռնկի, դոշ-դոշի, քամակ-քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված՝ քուն մտնում:
Էս տխուր մեյդանի չորեքշուրջը, աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ բազի վախտ երկինքն ամպակալած՝ ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տա, Ալագյազա, Մասսա ու մյուս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետնի, խցկի, որ համարձակում են իրանց գագաթը էնպես բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով՝ իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա-քուլա դիզվում ու էնպես իրար վրա նստում, որ շատը տեղ չունենալով՝ մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում:
Էս հադաղին էր, որ մեկ սև ղարալթու բարակ օձի պես կամաց-կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր-<ծանր> մտիկ տալով, մեկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պես ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրա թեքեց ու ճլերք ընկած հիվանդի պես սկսեց ձենը ծոր քցել և, ինչպես մեկ խոր ձորից, կանչել. Ալլա՜հո՜ւ-ալաքբա՜-րո՜ւ… (բարձրելոյն աստուծոյ):
Էս ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց, ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով՝ քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ-քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ: Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, Խորասանու սև մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած, սև կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջա՝ անյախա, անկոճակ, ուսերին քցած, փեշերը ղայիմ բռնած, երկուտակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած, անթիվ դուգմեքով (կոճակ) թև, դոշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձև, սիպտակ յախեն, ինչպես մեկ ղաշղա եզան ճակատի խալ, թամուզ դուս թողած, բկին կպցրած, որը թիրմա շալի կամ սիպտակ կտավի մեկ բեռը գոտիկ, ինչպես մեկ մարգի (կվալի) թումբ կամ մեկ բոչքի կապ մեջքովն ոլորած, պիրկ կապած, մեկ ոսկորագլուխ, ծուռը խանչալ կամ մեկ հաստ, սրած կոլոլ թուղթ թեք մեջը խրած, կապած, մեկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով մանր-մանր կարած, լեն, կարմիր ղասաբ կամ մուգ մավի սադա փոխանն ու շորերի փեշերը գաբերին (լուլա) տալով, քարերին խփելով, հող ու թոզ սրբելով, քամու առաջին, ոտների արանքին դես ու դեն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորտի բերանի նման սաղրի քոշերը՝ ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը սուր, բարձր, երկաթով նալչած, ոտի տակին քստքստացնելով, ծլփծլփացնելով, չալ, ճիտը կարճ, բրդի հաստ գյուլբեքանց հետ, սև, բաց-բաց գաբերի հետ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ-անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ-հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով: Որը մեկ փալան սիպտակ կտավե չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ անկաջները պրծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոստ կատարին կպցրած, որը մեկ գելի քուրք ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի՝ կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գզգզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոպրակի պես ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրեն, երեսին ու միրքին հազար տարվա կեղտ, աղբ տարթ դառած, նստած՝ թարաքյամա յա ղարփափախ, մեկ չաթու ճտին, մեկ մոթալ փափախ գլխին, տոպրակն էլ հո յափունջին էր,— դուս թափել, գնում են:
Մե՛ր տղա, չծիծաղաս, լավ չեն ասիլ, ամոթ ա. կարելի ա մեկ քացախած ճամփորդի քեֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տա, հետո տուրուդմբոց քո գլխին գա: Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկա, կուզես ծիծաղի, կուզես պա՛ր արի, չունքի հանաք-մասխարություն չի՛ էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ո՛չինչ չասիլ կամ սուս ու փուս կշտովն անց կենալ: Հմիկ դու գիտես:
Էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, աստվածապաշտ, նամազասեր, այլ ո՛չ քրիստոնասեր մոլլեքը, ախունդները, հաջի, թաջիր, արախլու, ղզլբաշ, թարաքյամա, ղարափափախ, մսկլլու, չոբան, քուրդ, պարսիկ, բեկ, խան սարից, ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, առից, տրից, ինչ ունին-չունին, վեր ածած՝ գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը նախրումը, ջուր, վար, ցանք տեղնուտեղը երեսի վրա թողած, ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, իրար գլխով դիպչելով՝ Երևան էին թափում:
Մեկը ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկը իշի քամակին բազմած՝ չո՜շ, չո՜շ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՜հ, դա՜հ անելով, մեկը գոմշի մեջքին՝ հա՛ տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՜, հո՜ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին՝ բզելով, ը՜մ, ե՜րի գոռալով, մեկը արաբում, մեկը քեջավում՝ հազար տեսակ ձենով իր ուլախին քշելով. որը քյահլան ձիու վրա նստած, յարաղ-ասպաբը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած՝ ծվծվացնելով, օրզանգուն զնգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մեկ գառն ուսին քցած, որը մեկ գիլի պարկ վզաքոքին կապած յա թվանքը միջովն անցկացրած, որը մեկ արջի մորթի շուռ տված, հաքած,— մե՛ր տղա, տե՛ս ու քե՛ֆ արա, էս թամաշեն թանկ աժի,— որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ առըխ թազի ձիու կողքին կապած, որը մեկ գոմփոռ շուն սելի ականը թոկած՝ էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզվըները մեկ գազ կախ էր ընկել, աչքըները դուս պրծել: Որի արաբումն խնոցի, օրորոց, աման-չաման, ամա բոլորը դարտակ. որն իր լակոտը քամակին ղազլով կամ փալասով կապած, չունքի շատի հաքին էնքան շոր չի կա, որ երկու աբասով առնես, էն էլ կեղտով, ծխով սևացած, մուր դառած: Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր, հազար տարվան, ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն՝ կորեկի հաց), որը քթոցով յա քաղալագով՝ հավ, ճիվ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ-չալ վառկըներ մեջն արած:
Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի, բարաքյալլա կասեմ. չունքի էս լավ, հնազանդ անասունքն ու թռչունքը իրանց տիրոջ տվածը կամելով էլ ետ տալ, հեսաբը դրստիլ՝ գոգ ասես թե ջեբ, խուրջին, սուփրա, աման, մարթաբա, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տերերի շատը շոգի ձեռիցը անոշ-անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում:
Էսպես՝ մեկի ձեռին ղամշի, մյուսի՝ դագանակ. մեկի ուսին մանգաղ կամ երկար ձողի՝ չադրի համար. մեկի գդակի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած, սուրբ մոլլի բաշխած. որը մեկ ֆորթի թոկ, որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը քամակին դրած. շատ տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուդուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց, շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:
— Ալլա՜-հո՜ւ, բս՜-մլլա՜հ… ըլ ռա՜հ-մա՜ն… ըլ ռա՜-հի՜մ… չախսե՛-վախսե՛… Հասա՜ն, Հո՜ւ… սեյն, աղա՜մ… վա՜… Յա՛ Ալի՜… չախսե՛-վախսե՛…
— Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հո չի՛ պիտի անենք,— ինձ ասող կըլի:
Ո՞վ ա ասում, թե նամազ անենք. միտքս էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը:
Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. էս ձենը-ձորը էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, էստուր համար էսօր որտեղ որ մեկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիվանն անց կենա, Հասան-Հուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ուոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա:
— Սվանղուլի խանը, յա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տերս, իմ աղեն,— մեկ երևանցի հայ ասում ա քեզ,— գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:
Ի՞նչ անես, մարդի փիրն աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: Էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդեսը տեսնինք, թե չէ ժամանակն անց կկենա: Աչքդ սառչի ո՛չ. սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են: Էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում. դու ո՛չ մեռնիս. սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում. մինը բողազը դուս ճոթռում, մյուսը միրուքն ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոռում, բղավում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պես գլուխը խփում: Ախր ընչի՞, ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հո չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տռհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել. մի քիչ ձենդ փորդ արա՛, հետո կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:
Վա՜յ քո տղիս-տղա, էս ի՞նչ բան ա. տո՛, մի մտիկ արա՛, տո՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացքար չի՛ կապած: Էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքյա ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո բանի զորությունն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:
Մեկ հաստափոր թուրք՝ մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո, աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի՛ տեսել,— մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսե՛-վախսե՛ ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած՝ կամըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչև Մեքքա մեկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա գլուխը ետ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թոզ ու դուման անում, աչքըները հող ածում:
— Չրխ՛կ, թրխկ…
Մեր տղա, հեռու կանգնի՛ր. մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա. աչքդ հո ձենով չի՛ ընկել, ա՜յ տնաշեն: Տո՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ի՞նչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ՝ ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թե կարաս, տեսնիմ, արին դուս կգա՞, թե՞ մեկ անկաջ էլ կավելանա:
Տո՛, էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դեն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց… Տո՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա: Տան դարդը թողանք. քանդվեց, է՛լ կշինեն. բանն էս ա, որ մեկ ուխտավոր էլ մեկ հորից ա իր սև օրը լաց ըլում: Անջախ մի անջախ խալխը ետ քաշվեցին. հավատը սուրբ ա, աղոթքը՝ զորավոր, ո՛վ չհավատա, նա մնա պարտավոր. էլի մեր աղոթքի պարկը տեղիցը վեր կացավ թե չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով՝ չուլ ու փալասը հավաքում, քափ ու քրտինք՝ երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մեկ կողմը, չալմեն մյուսը ցխակոլոլ ընկած, տլոտ քոշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով՝ իր կոտրած ձողին էլ ետ պաչում, սրբում ու էն հալին էլ ետ ճամփա ընկնում:
Քո տունը չքանդվի, էս ի՞նչ անսիրտ մարդիկ են, տո՛. գլուխ առնի՛նք, կորչի՛նք: Տո՛, մեկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել, փառք են տալիս աստուծո, որ իրանց կարդացողը էս փառքին հասավ. էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի: Խաչը տերը զորավոր կանի, բան չի՛ կա. մոտանաս ո՛չ, թե չէ մեծ թիքեդ անկաջդ կմնա: Իր հավատին պինդ մարդը գլխին քար էլ աղա, հենց կիմանա, թե դափ ու զուոնա ես ածում: Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշի՛ր. վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը՝ բարակ:
Տո՛, ճանճերն էլ են էսօր գժվել, կատաղել, էսպես հրա՞շք կըլի: Շները հո, էլ ճամփա չեն տալիս. ընչի՞.— ո՛սկոր կա, ոսկո՛ր, խա՛նի խարաբ: Ճզվզոցն ընկել ա դուքան, բազար: Խորովածի, խաշլամի, փլավի, սանգակի (հաց) հոտը աշխարհ ա բռնել: Հլա մեկ մտիկ արա՛, քո աստվածը կսիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մեկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մեկ թիքա ջիլ միս, կիսաեփ, էնպես ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը՝ միրքին. փորը նեքսևիցն ա ձեն տալիս, ղլվլացնում, բողազը մեկ կողմիցն ա իր գլուխը լալիս, բաց ու խուփ ըլում, աչքերումը հո, էլ լիս չի՛ մնաց, ամա նա հենց զոռ ա անում ու թիքեն դարիվեր բոթում: Աստված բարի ճանապարհ տա՛ թե կերթա նեքսև. ես գիտեմ, թե ո՛ր էշը նախրումը կզռա: Տո՛, զռաց էլ, պրծավ էլ: Մհառլամ-բայրամը կերան, գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք: Ձիուդ ղամշի՛ր, ղո՛ջա բաբա, ալլա՛հ սախլասն: Տո՛, նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռռալ, գնա՛նք:
Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս են ուտում. պետք է մոտիկ տների կամ մոլլեքանց օթախների կտրներիցը, խալխի հետ խառնվիլ ու հեռըվանց թամաշ անել: Լավ սիրտ պետք է, որ դիմանա, լավ աչք, որ տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղոթարանի առաջին մեծ բազմություն կա թոփ էլած. թե՛ նրանք, թե՛ մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս, թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած՝ է՛նպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում: Նրա առաջին մեկ քանի ջահել աղջըկերք՝ մազըները ցրված, խճճած, կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած, մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուգ են անում: Մեկ քանի ջահել տղա էլ աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուգն են ետ ասում: Մեկ քանի ձիավոր էլ՝ թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա, թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել: Օրինակի խաթեր, մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՞նչպես են մեր համշարիքն իրանց սուգն ասում:
Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:
Էլ ի՞նչ եք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ.
Ճար ունիք՝ տեսե՛ք, ի՞նչ եք շվարած,
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ:
Էզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին.
Զորքն էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է տալիս մեզ չար հարամին:
Մեր քաջ արաբի ագգի էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանգն ընկավ:
Հարա՜յ, մադա՜թ, վա՜յ թուր խփի սրտիս.
Ամա՜ն, Ֆաթմա ջան, քո գլխիդ ղուրբան.
Հասան, Հուսեյն վա՜յ, վա՜յ իմ արևիս,
Հասան, Հուսեյն վա՜յ… վա՜յ… վա՜յ, վա՜յ, ա՜խ, ջան:
Աչքըս դուս գա, վա՜յ… խանում ջան, վա՜յ…
Երեսիդ մեռնիմ, օ՜խ… ըմբրիդ ղուրբան, ա՜խ…
Երկի՛նք, քանդվիք, վա՜յ… մեր գլուխը տարան, վա՜յ…
Գլխիդ ճարը տե՛ս, ա՜խ… իմամին տարա՛ն,
աստված ջան…
Վա՜յ, ես քոռանամ, վա՜յ… վա՜յ, ջանս դուս
գա, վա՜յ…
Վա՜յ, օրս խավարի, վա՜յ… վա՜յ, գետին,
պատռվի՛ր, վա՜յ…
Վա՜յ… ամա՜ն… մադա՜թ… հարա՜յ… ջան, ղուրբան…
Ա՜խ, ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ եք պատմում,
Կրակ եք բերել, որ օջախս էրեք.
Լռվի էդ լեզուն, չորանա բերնումն.
Տունըս քանդեցին, ջիվա՛ն երեխեք:
Հող ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ, իմ անցկացրած, իմ սև օրերիս.
Վա՜յ, ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ,
Ո՞ւմ դռանը մնամ, ո՞ւմ ձեռին նայիմ.
Յարադանդ խռով, իմ բա՛խտ անիրավ.
Ոտս ընչի՛ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում.
Ա՜խ, իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ,
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն:
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան, վա՜յ…
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ, ամա՜ն…
Արդար պատկերիդ, ա՜խ, ես մեռնիմ, ջան…
Ջանս քեզ ղուրբան, ա՛ղա ջան…
Երեսս ոտիդ տակ փիանդազ, մադա՜թ…
Եթմներիդ գլխովն պտիտ կտամ, աղա՛ ջան…
Հասան, Հուսեյն՝ իմ սա՛ր, իմ գլուխ, ա՜խ…
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ, ջա՛նմ ջան, վա՜յ…
Ախր էս ի՞նչ բերիր էսօր մեր գլխին, ա՛զիզ ջա՜ն…
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թա՛ռլան ջան…
Ի՞նչ կըլեր, մեկ ձենդ էլա լսեի, ա՜խ…
Ի՞նչ կըլեր, մեկ երեսս երեսիդ դնեի,
ա՜յ իմ օրս խավարի։
Ի՞նչ կըլեր, հոգիս ոտիդ տակին՝
Քո հոտն աոնեի, շունչս փչեի:
Ա՜յ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագավոր, աստուծո՛ սիրելի.
Մեկ թևդ երկնքումն, մեկ թևդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում:
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր ջամհաթ, օլքյա ձեռիդ տակը բերիր.
Ոտդ փոխելիս՝ դող էին ընկնում
Սարերն ու իրանց գլուխն քեզ ցածացնում:
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձենն առան,
Իրանց ոտովն, ա՜խ, քո դուռը էկան:
Աչքդ քցելիս՝ ամպերն էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում.
Ոտդ թափ տալիս՝ գետինն իր տակին
Լերդը պատռում էր, սասանած մնում:
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց,
Երկինքն քեզ համար ծոցը բաց արեց,
Ամպերով տարավ ու մեզ որբ թողեց:
Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան:
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, էդ ձեռիդ ղուրբան:
Քյաբ ու Մեքեն մեր գլխները ծեծում,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուգն են անում,
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են,
Անունդ հիշելիս՝ մաշվում, տոչորվում:
Քո եթմների պետք է ձեռը բռնած՝
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտեր մնացինք՝ սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ:
Իմ տե՛ր, թագավոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ.
Ամենն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սև օրը, ա՜խ, միշտ լաց ըլի:
Թե թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սրանց կաթ կտա, ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին:
Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
Շատ սգալուցը ջիգյարս խորովվեց.
Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ մեկ երեսդ տեսնեի,
Հետո հազար թուր սիրտըս խրեի:
Ընկե՛ք իմ գլխիս, սարեր ու ձորեր,
Ինձ տակով արե՛ք, կերե՛ք, մաշեցե՛ք.
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր:
Ջա՛ն, դո՛ւս արի, ջա՛ն. դժոխք, ինձ կերե՛ք:
Անհեր իմ եթիմ դստե՛րք, խղճալի,
Ձեզ ո՞վ էլ դոշին, գոգումն կդնի,
Ա՜խ, ո՞վ էլ սիրով, ձեր խաթրն առնելով,
Ձեր դարդը կքաշի՝ ղուրբան ասելով:
Ո՞ւր ա էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում.
Ո՞ւր, ա՜խ, էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում:
Ձեր ծովն հավիտյան ցամաքեցավ, վա՜յ…
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առավ, վա՜յ…
Ո՞ւր ա ձեր հերը, ո՞ւր էլ նրան ման գամ:
Սիրտս յարալու, կրակ է ընկել,
Ո՞ւր ա ձեր տերը, քա՛ղցր բալեք ջան.
Թախտը փուլ էկավ, ո՞ւր կտեսնիք էլ,
Որ քաղցր լեզվով ձեզ մեկ բարով տան:
Հուսեյն աղամ ջա՛ն, ջանս քեզ ղուրբան,
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր.
Ո՞վ մեզ ճար կանի, գլխովդ տամ ման,
Ո՞ւմ դուռը գնանք, մեզ էլ տանեի՜ր…
Աթա՛մ, անա՛մ, վա՜յ… բաբա՛մ, ջա՛նմ, վա՜յ…
Հերներս ո՞ւր ա, վա՜յ… նա ե՞րբ կգա, վա՜յ…
Ո՞ւր է գնացել, վա՜յ… էլ ետ չի՛ զալ, վա՜յ…
Աթա՛մ, ջա՛նմ, վա՜յ… նանա՛մ, գյո՛զմ, վա՜յ…
Ա՜խ, լաց մի՛ ըլիլ, վա՜յ… Աչքիդ մեռնիմ, վա՜յ…
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր, վա՜յ…
Րիգունը կգա, օրը կբացվի,
Մեր դուռն բաց անող, ա՜խ, էլ ո՞վ կըլի,
Մեզ բարով տվող, ա՜խ, էլ ո՞վ կըլի:
Բաբա՛ ջան, վա՜յ… աղա՛ ջան, վա՜յ, վա՜յ…
Անա՛ ջան, վա՜յ… գյո՛զմ, ջա՛նմ վա՜յ…
Մեր աղեն, խալիֆեն էլ չի՜ գա՜լ…
Մեզ բարով, ա՜խ, սիրով էլ չի՜ տա՜լ…
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ…
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ…
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասեց…
Ախր ի՞նչ արինք, որ մեզ դեն քցեց:
Մեր աչքը հանեիր, ախր ի՞նչ կըլեր,
Մեզ սաղ մորթեիր, քեզ ո՞վ բան կասեր.
Ղրղի ու ագռավ թո՛ղ մեր միսն ուտեր.
Մեզ սուր քաշեին, մեզ կրակ քցեին:
Ախր ի՞նչ կըլեր, դու էն չար մարդին
Մեզ տայիր, որ, ա՜խ, տարավ մեր աղին.
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ,
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ,
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցավիլ,
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ,
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ:
Ախր ի՞նչ արինք նրան, որ էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն, որ մեզ թողեց.
Էլի որ վազինք, ետևիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փեշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք՝ կմեռնինք, թե տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի՛, էլ տուն մի՛ ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի՛,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք:
Բաս նրա սիրտը, ա՜խ, գութ չի՞ ընկնիլ.
Բաս մեր սուգն ու լացն նրան քյա՞ր չանիլ:
Կասենք՝ հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռավ, բաս դու ցավում չե՞ս.
Բաս ետ չի՞ դառնալ, սիրտը չի՞ ցավիլ,
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշի՞լ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնի՞լ, դոշին կպցնի՞լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրի՞լ, ասի՞լ.
«Գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ, քո չարը տանիմ.
Աղեն նոքարդ ա, քեզ ղուրբան ըլիմ,
Սիրտը քեզ կուտա, անումիդ ղուրբան.
Դուք որ լաց եք ըլում, ձեզ մատա՛ղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլի»:
Բաս մեզ աղեն էլ չի՞ գալ… վա՜յ…
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ… վա՜յ…
Բաս ձեն տալիս՝ ջա՞ն չասիլ… վա՜յ…
Մեռնում ըլինք, լաց չի՞ ըլիլ… վա՜յ…
Սոված ըլինք, դա՞րդ չանիլ… վա՜յ…
Անումը տանք, տուն չի՞ գալ… վա՜յ…
Հետը վազինք, ետ չի՞ գալ… ա՜խ…
Բաս մեր աղեն ո՞վ կըլի… ա՜խ…
Բաս մեր տունը ո՞վ կպահի… ա՜խ…
Ո՞վ մեր դարդին դարման կըլի… ա՜խ…
Մեր հավարին ո՞վ կհասնի… ա՜խ…
Մեզ որ տանին, ո՞վ կփրկի… վա՜յ…
Չէ՛, մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կգա…
Նրա ջիգյարն ազիզ ա,
Նրա սիրտը մեզ վրա ա:
Նա մեզ աչքից ավելի
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,
Մի՛ դարդ անիր, ջան ա՛նա.
Քո ցավը տանինք, ա՜խ, ա՛նա,
Մեզ մի՛ սպանիր, մատաղ գնամ.
Մեզ տա՛ր, թաղի՛ր, քեզ ղուրբան,
Ա՜խ, անա ջան, ջա՛նմ ջան:
Մենք ո՞ւր կորչինք, ա՛զիզ ջան,
Ո՞ւմ ասենք՝ լաց մի՛ ըլիլ.
Քեզ ղուրբան, հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք:
Ձենդ թո՛ղ չլսենք,
Լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չգտնինք:
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր.
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Հետո դու մեր կշտին,
Մեզ վրա լաց ըլի՛ր:
Անա՛ ջան, վա՜յ… հրես էկան, վա՜յ…
Մեզ կտանին, կսպանե՜ն… վա՜յ…
— Տարե՛ք, տարե՛ք, անա՛ ջան, բաբա՛ ջան, բա՛ջմ ջան, ղովո՛ւմ ջան… ալլա՜հ, ալլա՜հ… վա՜յ… ա՜խ… վա՜խ… մեռա՜… հասի՛ր, հասի՛ր… հարա՜յ… դա՜տ… բեդա՜տ… վա՜յ… վա՜յ…հը՜-հա՜, հը՜-հա՜. hը՜-հը՜, հը՜-հը՜. հո՜… հը՜… հո՜ւ…
— Սասն քյա՛ս, վե՛ր ջանն, իմա՛մ ուշաղի, սանն նա՞ հադդն վար քի դհա ուզըն բիզդան դոնդարիսան, աղլիրսան, բաղրիրսան. դո՛ւրն, դո՛ւրն, գեդա՜խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տո՛ւր, իմա՛մի որդի. քո ի՞նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձեն տալիս):
Հենց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ, ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հենց իմանայիր, թե նրանք զու են բռնել, որ գան Երևան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս՝ սուր գդակների ծերերը բռանց էին երևում: Էնպես գիտես, թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս՝ ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում: Էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հենց ձիանը բաց էին թողել ու իրար ետևից դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թե ի՞նչպես են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը: Ամենն էլ ուզում էին իմանալ, թե էս զարմանալի ճամփորդները ո՞վ պետք է ըլեին: Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հենց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել:
Կես սհաթ չքաշեց, Գյոռխանեքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ-լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի սարդարի, խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպես ետ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, հետո, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրեք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս: Ցավն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանեին:
Քյահլան ձիանոնց վրա նստած մեր փառահեղ հոգևորականքը՝ փոքրավոր, տիրացու, թվանքչի ետևներին քցած, մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները՝ որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս՝ իսկույն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տերտերներն էլ, որ տիրացըվերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք-փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամեն անց կենող մեկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանգով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում. որը դունչը ծռում, ձեն տալիս.
— Քեշիշ, բելա ի՞շ (տերտերն ու էսպես գո՞րծ):
Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հո, աստվա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած՝ էնպես մեկ խորթ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: Էս էր, որ հենց էսօր էլ Երևանումը, շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել, տե՛ս թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր:
Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի:
Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին,գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր-ծանր խաչակնքեց ու հետո, առոք-փառոք, շարական ասելով, երեսները դեպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությունը կա, որ նվիրակին յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած, բեզարած, էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծո, որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:
Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով՝ մեկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ու անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մեկ քանի աղքատ-ուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր՝ աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դոշներին, առաջին կանգնած՝ իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում: Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս՝ իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս՝ իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր, թե նրանց հոգին սրանց ձեռին ա:
— Հլա գալուստդ շնհավոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստված ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա. աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի,— սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով՝ բերանը բաց անիլ:— Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնջ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի՞ ա, թե՞ ոտից-ձեռից ընկել ա: Աստված նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կա, աստված մեր ռզղը միշտ կհասցնի: Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնջ կյանքը երկար անի: Ինչ ունինք՝ ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր ուղուրին կծախենք, թա՛ք ըլի՝ ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի:
— Օրհնյալ լինիք, աստված ձեր հավատն օրհնի, աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի,— պատասխանեց եպիսկոպոսը,— դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներնեք, հալբաթ որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը՝ կթենք, ձեր բուրդը՝ խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա, էն սև քարը. ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք: Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք: Վաճառականություն ասես թե ռաչպարություն, ջուլհակություն թե բաղմանչություն, դուք էլ գիտեք, որ մեր ձեռիցը չի՛ գալ: Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս. օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամեջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կտաք՝ աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը աստված կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք:
— Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի,— էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն տվեց ու փափախը դզեց:— Մենք էլ լավ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողությունն ու շարականը, հայի մեռոնն ու Հավատամքը մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո, վա՜յ քո օրին, արևին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս: Ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում: Չի՞լում, որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հո օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես, որ մեկ պստիկ ասեղ էլ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին, ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխի՞ցը չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել, թե աստված պետականը որ մեր սուրը Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառա եմ նրա սուրբ զորությունին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությունը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ. երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին՝ թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել: Տերտերն<երն> էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում. նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մեկ ջուղաբ տո՛ւր, է՜, ա՛ջիդ ղուրբան գնամ. ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք՝ սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչհանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք՝ մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ: Ասում ա՝ մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մեկ հայ, տեղն ընկած վախտը, լավ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հենց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մեկ բան ըլելիս յա ղոնշուն դուս գնալիս՝ մեր մի հայը մեկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը ա՛ստված օրհնի: Ամա ի՞նչ անենք, որ մեզ հրաման չկա թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ հայ քրիստոնեն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնեի թուրը աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը՝ դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում՝ չըլի<ն>, լեզուն քրքրվի՛ ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում. աշխարքն էսպես ա, ի՞նչ կարաս անիլ: Տո՛ւր էն աջը, որ բռնի էն խաչը: Աղոթքն իր տեղը, թուրն՝ իրը: Աստված ղշին, հայվանին էլ յա՛ չանգ ա տվել, յա՛ պոզ, յա՛ ատամ, որ չանգռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի: Ես մեղա աստծու: Սիրտս էրվում ա, էնդուր համար եմ ասում, թե չէ՝ ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՜խ քաշելով՝ հողը մտել. ես էլ նրանց մեկը. թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողություն արա՛, ծառա եմ սուրբ աջիդ. գիտում եմ, որ դուք էլ կցավիք, էնդուր համար եմ ասում, թե չէ՝ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվիմ. մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:
— Լա՛վ ես հրամայում, լա՛վ, ա՛ղա Պետրոս,— պատասխանեց սրբազանը,— ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք և ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի: Քրիստոս Տերն մեր, սի՛րելիք (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի արարիչը, եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր: Ամա չէ՛, Ադամա մեղքը մնացել էր մեր վրա. մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք, սուրբ ավազանի՝ որդիքը. էդպես մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետևիցը ման ա գալիս: Ինքն՝ Տերն մեր, էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինը առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:
Ավետարանն ինքն ա ասում. «Որ ո՛չ առնու զխաչ և ո՛չ եկեսցէ զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի: Եւ թէ՝ յարիցեն ագգ յազգի վերայ և թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է: Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին» և այլն: Տեսե՛ք, սի՛րելիք, էս էլ ավետարանի խոսքը. ինչ գրվածնա, պտի կատարենք: Առաքյալք, մարգարեք, մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծո աջակողմյան դասումը նստած՝ իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք: Էդ ո՞ր գիժը կանի: «Փառք աշխարհիս, իբրև զծաղիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւն ցամաքի»: Մեզ պես մեղավոր, անարժան մարդիկը պետք է աստծուն ընդիմանա՞նք: Էդպես սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենա, ո՞ւր մնա՝ բերան բերեք յա լեզվով էլ ասեք: Ինչ աստուծո կամքն ա, էն պտի ըլի: Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «Հնազանդ լերուք թագավորաց, զի յԱստուծոյ են կարգեալ»: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա, որ ասենք, ձերը՝ որ լսեք: Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:
Բաս թե իմանաք՝ մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք: Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս՝ մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրա. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հո, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գելեն մեր գլխին թոփ ըլում: Քչիցը-քչիցը, ամեն մեկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետևիցն ընկած՝ տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած՝ գալիս են, մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը, շոգում, անձրևում, թոզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրեք-չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանությունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պետք է զառ ճոթից, ղումաշից, խասից փիանդազ քցած, որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպես՝ գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցեր, Ղազարապատ՝ էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում: Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ: Խոզերին հո, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում. ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով՝ իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր յախիցը կպչում:
Էսպես՝ մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար, սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոռ տալիս, որը գլխին, որ էս անիրավի սիրտը շահի: Գինի խմիլն էլ հո, նո՛ր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս: Աստված ո՛չ շհանց տա. մենք էլ ձեռըներս դոշըներիս՝ սաղ գիշերը նրանց առաջին յա պետք է չոքինք, յա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի: Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, յարալու ըլում: Էսպես՝ ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում:
Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն: Պտի համբերենք, համբերությունը կյանք ա: Կարելի ա, որ մեկ օր աստուծո ողորմության դուռը բացվի. յա էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու աստուծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ՝ մեկ ճար կըլի մեզ: Քրիստոնեն սրով չի՛ պետք է իր բանը յոլա տանի. նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: Էսպես արեց մեր էն էշ գեղըցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու նրա հալևոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը, քոթկումը չորանում, մաշվում են, ու աստված գիտի, թե վերջըները ի՞նչ կըլի: Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ Կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց-գիլերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տազ անի: Չէ՛, չէ՛ սի՛րելիք. քանի կարանք, մեր գլուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք. «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք. կասեն՝ նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք. մինչև տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ռսներն էկել, Ապարան են հասել. ո՞վ ա խաբար. բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, աստուծո բանն անքննելի ա: Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի, էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկավոր չի՛: Ցիցիանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք, վերջըներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին[1]: Իրիկնաժամի զանգակը տվին, գնա՛ նք ժամ, աղոթք անե՛նք, հլա շատ կխոսանք: Ա՛յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիկս դի՛ր. ժամիցը ետը գիշերն՝ երկար, մենք՝ պարապ, էնքան խոսանք, որ քուններդ տանի:
Աստված բարի ճամփա տա՛, հա՛յր սուրբ. էդ բերանդ լիս դառնա. է՛դպես պետք է քարոզել խալխին: Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի. անապա՛տը պետք է գնացած, անապա՛տը, որ աստված երկնքիցն ուրախանա, երկիրս քիչ-քիչ քանդվի, սատանեն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Ազգն ի՞նչ ա, աշխարքն՝ ի՞նչ: Բոլոր սուտ բան ա: Ամեն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի: Քանի կարաս՝ օր առաջ թադարեքդ տե՛ս, որ ետ չընկնիս:
Տիրացուն իսկույն վեղարը տվեց, ֆարաջեն հաքցրեց, վարդապետը մաշիկը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու աբա ուսըներին քաշելով, գդակներ ըդզելով ետ կանգնեցին, ու սրբազանը դուս էկավ: Նրանք էլ ետևիցը մեկ-մեկ ճամփա ընկան, քոշըները հաքան, որ դռանը թողել էին. մեկ սարկավագ փիլոնը վերցրեց, մեկ վարդապետ՝ գավազանը, ու դռանը ձեռը տվեց. տերտերները հո, փիլոնները ուսըներին, դռանը էնքան կանգնել, վրվրթացել, դողացել էին, որ դատաստանի օրն էլ էն մահվան քրտինքը չեն տեսնիլ: Եպիսկոպոսը դուս էկավ թե չէ, երկու կարգ դառան, փիլոնները քցեցին ու եպիսկոպոսին հանդիսով, տիրացու, սարկավագ, վարդապետ, իշխան, թվանքչի քամակիցն ընկած՝ տարան ժամը: Ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ մեկ խալիչա ծալած, ձեռին բռնած՝ հենց եպիսկոպոսը ժամը մտավ, սեղանի առաջը հասավ, մեկ քանի խաչ հանեց երեսին, մեկ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, ետ կանգնեցավ. եպիսկոպոսը մեկ քանի խոսք իր մտքումն ասեց, սուրբ սեղանին գլուխ, երկրպագություն տվեց ու փառահեղ կերպով գնաց, ձախու դասումը, իր աթոռումը բազմեց. ժամն օրհնեց, Հայր մերն ասեց, ժամը կանգնեց:
Ժամը դեռ կես չէ՛ր էլել՝ հարայ-հրոցն աշխարքս բռնեց. սար ու ձոր իրարոցով ընկան: Թուրք, սարվազ, արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց: Էլ մեծի, պստկի չի՛ մտիկ արին. ով ոտումը հարաքաթ ուներ ու ջանումը՝ ղվաթ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ. ով՝ չէ, տեղնուտեղը մնաց քարացած, սառած: Գլուխ ասես, որ պատռվում էր, ատամ ասես, որ ջարդվում էր: Անիրավ արախլուն ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարդի. թվանքի ոռթով ամեն մեկին մեկ պատի կպցրին, վրա թռան, եկեղեցու ինչ զարդ, զինզինաթ, խաչ, ավետարան կար, դես ու դեն դաղթմիշ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ էրծաթի նշան էր երևում, բոլոր քանդում, ջախըբուրդ էին անում, վերցնում, ոտի տակ տալիս: Մեկ քանիսն էլ եկեղեցու դուռն ու շեմը բռնեցին, որ դուս գնացողին ձեռք քցեն, թալանեն: Էսպես՝ ում վրա մեկ նոր շոր էլ որ տեսան, հանեցին, զավթեցին: Ինչ կնանոնց հալն էր, աստված ո՛չ շհանց տա. երեսի ոսկի ասես, ձեռի մատանիք, դոշի շարք ու քորոց, զառ մինթանա (լեհին), դիբա արխալուղ, սամուր քուրք, ինչ կար չկար, բռնցքելով, ոտի տակ տալով էին հաքըներիցը հանում: Ծերունի եպիսկոպոսը մեջ ընկավ, որ մեկ քոմակ անի, բռնեցին, կռները կապեցին. տերտեր<ներ>ն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին, ու ով կար չկար, ոչխարի պես թրի առաջն արած դուս քշեցին, հետ ածեցին:
Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար, հենց իմանաս, քյամանչի, սազի ձեն ըլեր: Եկեղեցուցը դուս էկան թե չէ՛, աչքդ ո՛չ տեսնի էն օրը: Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան-Հուսեյնինն էլ. սար ու ձոր ոտն էր առել, փախչում էր, աչք առել, լալիս էր: Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը որ ասեղ քցեիր, գետինը չէ՛ր հասնիլ. էնքան արախլու, ղարափափախ, քուրդ, սարվազ էին լցվել, որ գետինը սևացել էր: Բերդի չորս կողմն է՛լ տեղ չկարշ. դուքան էր, որ թարաշ էին տալիս. տուն էր, որ թալանում, կրակ տալիս ու տանտիրոնջը չիփչիփլախ, իր ողորմելի օղլուշաղի ձեռը բռնած, դառ ու դարտակ դուս խռկում, թրի, թվանքի առաջն անում: Ով շուտով մեկ բան տեսել, թաղել էր, յա հացի, ալրի ջվալում մեկ բան թաքցրել, էն մնաց իրան: Քուչեքանց միջին երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձենը քարերը մղկտացնում էր, լացացնում: Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում. շատին երեսի վրա էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու ետևիցը սուրութմիշ անում, քարեքար տալիս: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ Երևանի հալն էր:
Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թե ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա: Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորներով խլխլում էր: Մեկի տեղակ հազարն էին դուս թափել, որ գնան, խեղճ գեղցոնց էլ էս դառն ավետիքը տան: Ղուշը գլխըներովն անց կենալիս՝ վեր էին քցում, թեբռում, պլոկում. մարդ չէ՛ր կարում տեղիցը եռա: Էսպես՝ որը ունևոր էր ու ջահել, շոր ու փալաս, բարգ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին. որը հալևոր էր ու աղքատ, օրվան հացի կարոտ՝ ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հենց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան մյուսգեղցոնց հետ խառնվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, Ռուսը գալիս էր: Երանի՜ նրան, որ մեկ սել ձի, կով, եզը կամ մեկ էշ էլա ուներ: Էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր յա չալթուկ հետըները վերցրին, որ անձրևի ու արևի տակին, սովի ձեռիցը չմեռնին: Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո, սկի լսված չի՛: Անիրավ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս, որ էստոնք էլա վերցնեն: Ինչ ուտելիք կար՝ ձուկն ասես, եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը, կամ ջարդում էին, դեն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետումիս անում, որ շուտով ճամփա ընկնին, քոչին: Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնկների վրա բաց կանգնած: Տանող-տանողի էր, քաշող-քաշողի, շունը տեր չէ՛ր ճանաչում, հերը որդուն ուրացել էր: Էս սարսափելի ձևովն ընկան գեջդանգեջ ճամփա. օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլավ:
Շատ ողորմելի, երկու հոգիս մեր կինարմատ՝ շունչը բերնին դեմ առած, մեկ քոռփա ծծին ուներ բռնած, մեկը՝ քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած՝ հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա ու իր սև սհաթիցը պրծնի: Չէ՛ր գիտում՝ ի՞ր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձենը կտրի, որ սոված, ծարավ, շոգի ձեռիցը թուլացած, ոտները յարալու-փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մոր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց յա մեկ պուտ ջուր հասցնի: Շատ հեր՝ երեխեն ուսին յա շալակին, խալիչա, խուրջին քամակին, դեմը գնում, դեմը լալիս, հենց որ ուզում էր մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենա, վազի, որ ետ չմնա: Որի հերն էր մերձիմահ՝ տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պառկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն՝ օրորոցումը: Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղա, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ: Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան: Անբան, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրա, քանց բանական մարդիկը: Ա՜խ, ո՞վ կարա է՛ն ողբը, է՛ն կսկիծը, է՛ն սուգն ու արտասունքը պատմիլ, ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում: Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք-գետինք մեկ փուլ էլ չէին գալիս, որ նրանց տակով անեն, մեկ չէին էլա ճաքում, սիրտըները բաց անում, որ նրանց կուլ տան, պրծացնեն:
Ինչ որ գեղցոնց հալն էր, աստված հեռու տանի: Շատի տավարը հանդումը մնաց, մալը՝ չոլումը, ոչխարը՝ սարումը: Ում ձեռը հասավ, էնքան արեց, արաբեն լծեց, երեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս-փուլուս էլ վրեն քցեց ու լալով, աղի արտասնքով ճամփա ընկավ: Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին աստուծո ապով: Որդին հորն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղըցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխա, բարգ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տիրություն անում, չունքի լավ-օսալ, էլի գրաստ, ուտելիք, տավար սրանք ունեին, նրանց ո՞վ կտար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց:
Շատ ողորմելի հերնըմեր, հենց ճամփին, մեկ սովամահ, ծծկեր երեխա՝ էրկու-իրեք օր ձեռըներին պահում, ուզում էին, որ մեկ էնպես տե՛ղ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք՝ էլի ետ գան, իրանց ջրատար մեռելի ոսկորները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր, գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփա ընկնում: Շատ հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ, անաստված ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում՝ կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:
Շատ հալևոր կամ ոտից-ձեռից ընկած պառավ, որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մեկ քարի տակի նստում էին, որ բալքի թե գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփա, բարով մնա ասում ու ձեռաց գնում, յա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողա, հենց խոսքը բերնըներումն էին թրախորով ըլում՝ ո՛չ որդու ձեն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում: Շատ որդի՝ իր հալևոր հորնըմոր, շատ փեսա՝ իր նշանածի կամ նորահարսի, շատ ախպեր իր քվոր, աներ-զոքանչի հալը տեսնելով, որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան՝ էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ յա իրանք էլ մեռնին, յա նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը շլընքներով շոռալով ծոր ընկավ, գետինը ժաժ էկավ, իրանց գլխըները աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, դժժաց: Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զոռը ցույց տալիս, իր սիրելու հետ տանում, պրծացնում: Բայց ա՛խ, իրանք, ղորդ ա, պրծնում էին, բաս իրանց քոռփա մանուկների, էրեխեքանց ցավն ու հոգսը ո՞վ պետք էր քաշեր, ո՞վ նրանց մեկ պուտ ջուր, մեկ կտոր հաց տար, սովից, մահից ազատեր: Վա՜յ նրանց օրին. յա անիրավ արախլուն էր նրանց զավթում, յա սովը իր ճանկը քցում:
Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները՝ արեգակը էրում, փոթոթում: Շատ մոր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր-կտոր անում, որ եգին գնա: Ո՞վ. երկինքը՝ աչքը բաց, հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը՝ բերանը փակ, անկաջ էր դնում. ում տալիս էին էնպես անմեղ քոռփին, դեն էր քցում, մեկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում: Վա՜յ նրան, որ կամ սելի ակն էր կոտրվում յա ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը ծարավի, շոգի ձեռիցը թուլանում, վեր ընկնում. կամ տիրոնջն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխեք միջումը վեր ընկած յա քնած թողում ու տիրոնջը թրածեծ անելով առաջ քշում, հետ ածում. շատը, ղորդ ա, վազում, գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա:
Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում: Երանի՜ նրան, որ էսպես բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կտեսնի, կլսի. բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել: Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արնով ներկած չըլի: Դո՛ւ էլ սրանց հետ գնացիր, սի՛րելի եղբայր իմ Մոսի, իմ գառնուկ ախպեր: Ա՜խ, հենց մանուկ երեսիդ էի կարոտ, էն էլ չտեսա: Մորս ծոցին, իրեք տարեկան, սովը քեզ տարավ, էդ լիս երեսիդ ղուրբան: Գերեզմանդ ի՞նչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի քեզ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ:
Ա՜խ, սի՛րելի Հայ, էս բաները լսելիս, ինչ ունիս-չունիս, տո՛ւր, որ քո ազգը քիչ-քիչ մեկ լավ օր քաշի: Սրանք են, որ դռնեդուռ ման են գալիս, ողորմություն խնդրում, որ գնան, իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ մյուսներին պահեն: Որդուդ նայի՛ր, աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են: Ա՜խ, քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր: Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված, սոված, ծարավ՝ քե՛զ են ապավինել: Մի՛ ասիր, թե թամբալ են, բանից փախչում են, սրանց ամեն մեկի սրտումը հազար թուր կա ցցված:
Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տավարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպես ժամանակին: Մեկ արտ ռաստ գալիս կամ մեկ խարաբա գեղ տեսնելիս՝ հենց իմանում էին, թե դրախտն են գնում, չունքի լավօսալ, էլի մեկ բուռը ցորեն յա մեկ պտղունց գարի ճարում էին ու հենց էնպես բովում, աղանձում, հատիկ անում. աղը հո ղհաթ էր: Էսպես էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը. չունքի ղզլբաշն իմացել էր, կամ ինքն էր ուզում ռսի հետ կռիվ բաց անի, ուզում էր, որ թե երկիրն առնեն, խալխն էլա չի՛ կորցնի, որ տանին Թեհրան, իրանց ծաոա շինեն՝ յա թուրքացնեն, յա հողի հետ հավասար անեն:
Ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի:
Էսպես տասը-տասնըհինգ օր քաշեց, որ Երևանու էլլիգը կեսվեկես էլած, ծեծված, ջարդված, կոտորված՝ որը քրդի, որը ղարափափախի ձեռը եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտավ, կեսն էլ Մասսա սարի էն կողմն անցկացավ, Բայազիդ գնաց, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, աստված ո՛չ գիտե: Էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան: Առաջին եպիսկոպոսքը՝ Եփրեմ, Բարսեղ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը ու այլք, վանքի զարդն առան, էկան բերդը: Հինգ-վեց օր էլ է՛ս քաշեց, ընչանք թուրքի մհասիլը նրանց կցրվեր: Գրքատուն, ամբար՝ որը դարտակեցին, որը փակեցին: Էրկու <հարյուր> ջանիցը հինգն էլա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն, էն էլ ծերացած, ոտից-ձեռից ընկած հաբեղա, վարդապետ էին, որ լավ համարեցին իրանց չոր գլուխը է՛նտեղ վեր դնեն, ուրտեղ որ էնքան տարի ծառայություն էին արել, քանց աշխարքե աշխարք ընկնին կամ ճամփին մեռնին:
Բազի խեղճ մարդ էլ է՛սքան հեռու տեղիցն ու է՛նքան վտանգավոր ճամփերով՝ գլուխը փեշն էր դնում, օղլուշաղն ուրշի յա աստծուն պահ տալիս, ետ դառնում, գալիս, որ համ իրբաղերին ու հանդին, համ իր հարևանների մլքին օրոն անի, ջրի, պահի, որ չի՛ չորանան: Էս խեղճերն էլ ցերեկը փշերի տակին, քոլերի միջումն յա քարափներումն էին տափ կացած, ու գիշերը՝ մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթու կտրվելիս, մահվան դողով ու քրտնքով դուս էին գալիս, իրանց բաղերը, հանդերը ջրում, իրանք էստեղ հալվում, մաշվում ա՜խ ու վա՜խ քաշելով, իրանց ողորմելի օղլուշաղն՝ էն ղարիբ երկրներումը: Շատը հենց իմանալով, թե ոտը խաղաղվել ա, որ դուս չէին գալիս, իսկույն հարամին բկին չոքում, գլուխը կտրում, հոգին առնում էր: Գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ, ինչպես որ ասում են: Սար ու ձոր հարամով, գողով, ավազակով լցվել էին. ղուշը երկնքիցը վեր էին բերում: Օդը ապականվել էր ջամդաքի հոտով, ու հարամի ղշերը, որ աշխարքի տակիցն ասես, թռել, էստեղ էին հավաքվել, որ իրանց փորը կշտացնեն: Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ. Քար չկար, որ արինաթաթախ չըլեր էլած: Երկինքը պելացել, մտիկ էր անում, որ տեսնի, թե ի՞նչքան չարություն մարդ կարա անիլ, որ էնըգյորա նրա պատիժը տա:
Էս ժամանակին էր, հունսի…-ին 1825-ին, որ արինակեր Հասան խանը՝ սարդարի փոքր ախպերը, որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ ավերել, Ղարսու Բայազիդ հինգ-վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումա սարասկյարին խղճացրել՝ աշխարհ ձեռին զվիրն էր բերել, ոտը բարձրացրեց, որ գնա, Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նաղի խանին, որ իր ղարափափախները ու մսկլուն վերցնի, գնա, Ղազախու բերանը բռնի. քրդերի գլխավոր Օքյուզ աղին էլ ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան, որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պես, ոուսի սահմանը անց կենա: Բերդերը բոլոր ղայիմացրին, Երևանումն ու Սարդարաբադումը, որքան հարկավոր էր, զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետըները վերցրին:
Ո՛վ էս սհաթը Երևան էր մտել, հենց կիմանար, թե ջրհեղեղը նոր ա էկել աշխարհս քանդել: Ապարան դառել էր մարդի ղասաբխանա: Օր չէ՛ր ըլում, որ սարից, չոլից մարդ չի՛ բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն: Ամեն գլուխ բերող նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել: Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէ՛ր կպցնում: Տեղիցը վեր կենալիս, նամազը պրծածին պես, առաջին գործն էն էր, որ ջրատար, մոլորած եսըրների, որ էստեղ-էնտեղ ճանկում, բերում էին, կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխիլ տա, որ արինը կտրվի, կամ նրանց սաղ-սաղ փառչալամիշ անի: Նաղի խանի ու Օքյուզի ղոչաղ ծառեքը հրաշք էին գործում:
Բոլոր Ղազախ-Բոռչալու դոնմիշ էր էլել, շատ էսիր սրանք էին բռնում իրանց միջիցը ու ղզլբաշի ձեռը տալիս: Ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ հայերի տունն ու տեղը թալանում: Շատ անգամ էն մարդի, որի հետ որ աթադան, բաբադան, մուղարար, տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա, օրը ճաշին տունը կտրում, ունեցած չունեցածը վերցնում ու հետն էլ ասում, որ՝
— Մենք տանինք լավ ա, քանց թշնամին, մենք ձեր դոստն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա, կտանի:
Է՛սքան բանն անց էր կացել, խորամանկ պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ո՛չինչ խաբար չկար: Էսպես անօրենություն շա՜տ էր պատահում: Շատ տարի, Ղարսա կամ Բայազդու վրա գնալիս, էս օրը հազիր էր: Ապարանը ամեն տարի էր դուս գալիս սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում, թե ռուսը քանց նրան էլ մեծ բարեկամ չունի: Էս էր պատճառը, որ Փամբակու իշխող մեծավոր իշխանն և զորապետն՝ Սավարզամիրզա, ո՛չինչ կասկած չէ՛ր տանում: Ղորդ ա, էստեղ-էնտեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը էսօր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ-Բոռչալուն: Էսօր էլ են մարդ սպանում, թալնում, կոտորում, նրանց բան ու գործն է՛ս ա միշտ: Էստուր համար զարմանք չի՛, որ ո՛չ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում, թե Երևանը քոչում էր. նրանք հավատացնում էին, թե սարդարը ուզում ա գնա Արզրումու վրա: Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել, որ ինչպես ուզում էին, էնպես էին շուռ տալիս: Բազի հայ էլ, որ Երևանիցը, իր բարեկամներիցը գիր էր ստանում ու գիտեր, թե բանի զորությունն ի՞նչ ա, ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ հայ կանչում: Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել, որ մեկ հայի չէին էլ թողում, որ շունչն էլա հանի:
Էլի Փամբակու հայերը պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել: Համամլու, Պարնի գեղը, Գյումրի, որը բերդ ուներ, պատերը շինել, մեջն էին մտել. Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով՝ սելեր ու գութան իրար վրա էր դրել, սանգար կապել.— ունեցած-չունեցած էնտեղ <էին> ղայիմացրել, գեղարենքն էլ իրանց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին, հավաքել, տղամարդիկը գիշեր-ցերեկ ասպաբավորած՝ օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը տավարն ա, գիշեր-ցերեկ ղարավուլ էին քաշում. հանդն էլ բազմությունով էին գնում. ճամփեքը համարյա՛ թե փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խոսքին չէ՛ին մտիկ անում, մեկ թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում. չունքի յայլաղի ժամանակն էլ էր:
Թուրքերը լավ էին իմանում, թե էշը ո՞րտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին, որ իրանց գազանությունը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի, թե քիչ, թե շատ, էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազդի հայերը սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էսօր էլ իրանց սոպռության հետ էն քաջ տղամարդության հոգին էլ ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը է՛լ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէ՛ր վախացնում, թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան, ու մատը բարձրացնողի սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի՝ գլուխը թռցնում: Էս էր պատճառը, որ թուրքերը էսօր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախենում ու գետի կատաղությունիցը, որքան քարափների բերնիցը, որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գյուլլեն, կամ մեկ լդրանի թուրը անցկենողի գլուխը սոխի պես էին թռցնում ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում:
Մենակ դսեղեցի Մեհրաբյան-Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին: Սարերի, ձորերի միջում մեծացած՝ գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկորները հաստացել: Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել. հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել. նրա գլուխը մեկ օր չէր ցավել: Կերածը մեղր ու կարագ էր, հագածը՝ շալ, կոխածը՝ ծաղիկ ու չիման. աղբրների վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչք բաց արել: Նրան ի՞նչ կդիմանար: Աժդհա՛, ու ո՛չ տղամարդ: Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես՝ թիկունքի լենությունը, դոշը՝ ապառաժի պես հաստ, ամեն մեկ ձեռը՝ մեկ սնի ղդար, ամեն մեկ ոտքը՝ մեղ կաղնու ճուղքը, շլինքը՝ մեկ ծառի քոքի հաստությունով. երեսը մազն էկել, կոխել, երկու թիզ ճակատի տակին սև-սև ունքերն է՛նպես էին բռնել ու նրա արծվի աչքերն ու քիթը կոխել, ինչպես կարկտախառ ամպը՝ գիշերվան աստղերը: Քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել, ինչպես մեկ ապառաժ քար՝ ջանջալի թփի միջումն: Ութ ախպեր ուներ, մեկը քանց մեկը աժդահա. ամեն մեկը հինգ-վեց որդի ունեին, շատի չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացել՝ առաջներին խաղում, սարն էին գնում: Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը, առավոտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը մթանը՝ նրանց օճորքի տակին քնում, ու նրանց հարյուր տարեկան հեր Մեհրաբը դեռ երեկվան երեխի պես բեղերն օլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս՝ պար գալի, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպաբը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին՝ պարզիկա գիշերը որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին-հին բաներից, լազգուց, թուրքից հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ՝ թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած, որ անբան քարն էլ իմանա, թե ո՞վ ա իրան տակին թաղած:
Էն Հովակիմը, որ մեկ օր լեղանալիս մեշիցը հանկարծ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն էլ կամաց-կամաց ջրիցն ա դուս գալիս որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ: Լազգիքը սովորաբար մարդ չեն սպանիլ, սաղ-սաղ կբռնեն, որ տանին, ծախեն: Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժդհեն, որ կանգնին, ու ասում, որ տղամարդկությունն էն չի՛, որ տասնըհինգ մարդ մեկի վրա թափին, բռնեն. թե սիրտ ունին, իրանք մեկ կողմը կանգնին, ու ինքը մեն մենակ՝ մյուս, թե որ հաղթեն, թո՛ղ էն ժամանակը բռնեն, տանին: Լազգիքն էլ իրանց գլուխը էնքան ցած չհամարելով՝ համաձայնում են: Ասլան Հովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մեկ ա անում: Էս ղզղուն վախտը էլ գյուլլի չի՛ մտիկ անում, թուրը հանում ա, մեջըներն ընկնում. թշնամին երեսը ետ ա շուռ տալիս: Տասնըչորսին էստեղ-էնտեղ, որը թրով, որը փշտովով սպանում, աղցան ա անում: Վերջին տասնըհինգերորդն էլ որ էսրի պես չոքում, գլուխը դեմ չի անում քաջին, նա թևիցը բռնում, վեր ա կացնում ու ասում.
— Քեզ քո կյանքը կբաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան, թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն, թե Լոռու Դսեղ գեղումը էսպես, ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն: Ամա՛ հայ քրիստոնեին մեղք ա էսպես բանը, մեր օրենքը չի՛ հրամայում:
Է՛ս Հովակիմը, է՛ս Լոոու ձորերի աստվածը, է՛ս սարերի արծիվը, է՛ս մեշեքանց ասլանը մենակ հերիք էր, որ մեկ քարի քամակից ձեն տալիս կամ մեկ չոլում ռաստ գալիս՝ հարյուր թուրքի լեղին ջուր կտրի, աչքերը սևանա: Էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած ունքերի տակիցը որ աչքը չէ՛ր ընկնում մարդի երեսի, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում աոաջին կանգնած: Քանի՜, քանի՜ էսպես ղոչաղ տղերք քամակին քցած, գիշեր-ցերեկ, էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում ու ձիավորի ոտի իզը բռնած՝ ձորեձոր ընկնում, ֆորսի քամակիցը հասնում ու տասը ձիավորով հարյուր ձիավորի մեջը ճղում, ջախըբուրդ անում ու էլի, թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս, մեկն էլա չէ՛ր սիրտ անում, որ աչքն էլա խեթի: Ինչպես ինքն էր մեծացել, էնպես էլ իր բոլոր ընկերքը. ամեն մեկ տան հինգ-վեց տղամարդ կար, զարթնե մեծն ու պստիկը, ու սարի չայիր-չիմանը, ծաղիկն, աղբյուրը, ձորի քարն ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կյանքը:
Տաք յորղան-դոշակում, բուխարու առաջի, շկոլում կամ եկեղեցում չէին մեծացել, որ նրանց սիրտ կամ ահ ունենա, կամ թուլություն: Շատ անգամ, անձրև, կարկուտ գալիս էլ, նրանք չոլումը կամ սարումը, քնած տեղը գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի: Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մեջտեղն էր, ուրտեղ որ երկու-իրեք ահագին ծառ իրար վրա քցած՝ առավոտից մինչև մութը էրվում ա, ու իրանք էլ դռները բաց, շատ անգամ շապկանց, գլխաբաց, կրակի չորս կողմը կտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց են ուտում ու իրանց ձորերի պատմությունն անում, ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած՝ անմեղ գառի պես բոլորեշուրջը վեր թափում, քնում: Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների, էրերի մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մոտ գա: Հազար գազ բարձր, սուր քարափների դոշին, որ մարդ մտիկ անելիս աչքը սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը օձի պես էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում: Տավար, ոչխար, իլխի՝ մեշեքն էին քշում, ու իրանք, թվանքները ուսըներին, սար ու ձոր ոտի տակ տալիս:
Ա՜խ, ի՞նչ տեղ են կենում, որ էսպես չանեն, էս սիրտը չունենան: Վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով, թույլ լեզվով լսել, թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ: Ամեն քար նրանց համար գիրք ա, ամեն ապառաժ՝ նրանց համար պատմություն, ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ: Ամեն գերեզման, ամեն արձա՝ նրանց համար կենդանի վկա ու պատմագիր: Լոռվա անառիկ բերդը, Սանահնա և Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները՝ նրանց համար վարժատուն: Իրանք, ղորդ ա, կարդալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված, թե էս է՛ն սուրբ հողերն են, է՛ն սուրբ դաշտերն են, ուր մեծն Շահն-շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ…, Զաքարե Սպասալար, Արղությանց-Երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու հրեղեն սերովբեի ու քերովբեի պես թուրը ձեռ առած՝ երկրումս Օմարի, հոնաց, Ջինգիզ խանի, Թամուրլանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին:
Նրանց ծնկները՝ սրանց գերեզմանի վրա չոքում. նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում. նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում. նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում: Նրանց սերմը՝ սրանց հողիցն դուս գալիս, իրանց պահում: Նրանց տան հիմքը՝ սրանց գերեզմանի վրա շինած: Նրանց մեռելը՝ սրանց միջումը պառկած:
Քնից են վեր կենում, սրանց գերեզմանը տեսնում,
Թե՛ քուն են մտնում, սրանց երազում տեսնում,
Թե՛ օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թե՛ ճամփա գնում, նրանց աղոթքն հիշում,
Թե՛ կռիվ անում, նրանց հիշում, հաշտվում:
Ո՛վ սուրբ լերինք, ձորք, Հախպատ, Սանահին.
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին
Հազար արձաններ անմռունչ կանգնին,
Կենդանի լեզվով՝ խեղճ անցավորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին.
«Լա՛ց քո տարաբախտ արևդ ու օրերդ,
Լա՛ց քո խեղճ գլուխը, բա՛ց էդ ձեռներդ.
Տո՛ւր հոգիդ անտեր, ողորմելի հայ,
Էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վա՜յ:
Կա՛ց, մեռի՛ր էստեղ, թո՛ղ քո ոսկերքն էլ
Էս սուրբ հողումը կարենաս թաղել,
Որ մարմինդ էլա էս աշխարքումը,
Քո թագավորաց հետ ու միջումը
Էստեղ դինջանա, չունքի քո աչքը
Կարոտ մնաց, տեսնի քո ազգի փառքը:
Նրանց սուրբ հողն էլա թո՛ղ երեսդ ծածկի,
Նրանց կոխած թուփը քո գլխիդ ծաղկի»:
Թողե՛ք, սրբազան նախնիք մեր հզոր,
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մեկ օր.
Ա՜խ, շունչս քաշելիս կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանալիս
Ա՜խ ու ո՜խն ա լաց ամպի պես խառնվում,
Էրում, խորովում, օրս խավարացնում:
Ա՜խ, ի՞նչ օգուտ, որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում.
Ընչի՞ ձեր թևի տակին չծնեցի,
Ընչի՞ ձեր շունչը ես էլ չլսեցի,
Որ վեհ Շահն-շահն կամ Մեծն Սմբատ
Ինձ էլ ասեր, թե՝ «Որդի հարազատ,
Տե՛ս, է՛ս հողումը ես քեզ պահեցի,
Տե՛ս, է՛ս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգի՛դ, բա՛յց քո հայրենիք
Մի՛ տար թշնամյաց, ու անաշխարհիկ
Ընկնիլ սարեսար, լինիլ չարաչար,
Ծառա օտարաց կամ գերի անճար»:
Փակի՛ր երեսդ, աստվածասեր հա՛յ.
Վա՜յ մեր խեղճ օրին, մեր արևին վա՜յ.
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում, լալիս:
Էլ ի՞նչ ես կանգել ձեռդ ծոցումդ,
Մնացել շվարած՝ շունչդ բերնումդ:
Փախի՛ր, ա՜խ, գլուխդ ա՛ռ, կորի՛, որ պրծնիս,
Էս հեղեղին դու ի՞նչպես դեմ կընկնիս.
Ա՜խ, ի՞նչպես էսօր դու գլուխ բարձրացրիր,
Բարի՛ արեգակ, երեսդ հանեցիր.
Ա՜խ, ի՞նչպես սիրուն աչքդ չխփեցիր,
Ու էդպես հանդարտ էկար, կանգնեցիր,
Որ վկա լինիս անիրավ գործքի,
Որ լիս տաս խավար, անողորմ սրտի
Ու խեղճ հայերի արինն ու ջանը,
Էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիվանը
Լսես, տեսնիս, գնաս էլ ետ քո բանը:
Անողո՛րմ երկինք, ի՞նչպես դուք թողիք,
Ո՞ւր ձեր ամպը, կայծակն էսօր պահեցիք.
Չարի սուրը տեսած՝ դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք, ձեր տակով չարիք:
Ապառա՛ժ գետին, անկո՛ւշտ հողի փոր,
Հենց անմե՞ղ արին կուզեիր էսօր.
Հենց անշո՛ւնչ մեռել ծոցդ կտանիս,
Ծնողաց սուգ, շիվան ո՛չինչ համարիս:
Աչքերդ կխփես, բերանդ կբանաս,
Թշվա՛ռ դու գազան, որ ո՛չ կշտանաս:
Ի՞նչ կըլեր էսօր մեկ գութ շարժեիր,
Անմեղի լացն, սուգն դու մեկ լսեիր,
Քո չար որդիքը հրով խրատեիր,
Բարի որդիքդ սիրով պահեիր,
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր,
Ու հազար անմեղ հոգի գառնի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես:
Ետ դա՛ռ, անցավոր, ա՜խ, ո՞ւր ես գնում,
Մի՞թե արյան ծովն առաջիդ չտեսնում.
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած,
Արինաշաղախ հողումը քցած՝
Մանուկն մոր սրտին, հարսը փեսային,
Որդին հոր դոշին, աղջիկն մոր ծծին,
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին,
Արյուն, արտասուք, մազ ու հող, երես՝
Իրար շաղախված, հնձած ծաղկի պես,
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել,
Քար ու դաշտ ու հող արնով լվացել,
Քեզ ձեն են տալիս, թե որ անց կենաս,
Խլղարաքիլսեն մտնես կամ դուս գաս,
Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛,
Աղլուխն ա՛ռ ձեռդ, սրբի՛ր ու մեկ լա՛.
Չոքի՛ր էն հողի, է՛ն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լա՛ց, սուգ արա՛,
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թե մեկ ազգ իրան, որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան աչքից կըքցի:
— Տղե՛րք, օյաղ կացե՛ք, թվանքներդ հազրեցե՛ք, երեխեք, օղլուշաղ բերե՛ք, մեր տունն ածեցե՛ք,— ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն աղա Սարգիսը,— փառք աստուծո, տունս հացով լիքն ա, գոմեշներս՝ կթի. ինչ ունիմ ձերն ա. ձեր տավարն էլ, որքան կարեք, գեղին մոտացրե՛ք. սիրտըներդ պինդ պահեցե՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս՝ բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա: Մենք քրդերի ու օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանա: Երկինքն էլ որ թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չե՛ն կարող դիպչիլ: Մեր ոսկորները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դեմ կենան: Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ: Լավ նայեցե՛ք, որ սելերը ղայիմ ըլին: Մեկ դաստեդ գնա գեղի էն կողմը, մեկ՝ էս կողմը. թե կարաք, մեծ ու պստիկ խառը կանգնեցե՛ք, որ թշնամին հենց իմանա, թե մենք շատվոր ենք, ու սիրտ չի՛ անի, մոտանա: Ես իմ դաստովը ճամփի առաջը կկտրեմ. առաջի դուս էկողի ճակատը էս գյուլլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ:
Ղորդ ա, շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երևաց, ծաոա եմ նրա սուրբ զորությունին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը, որտեղ որ ա, կբացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա: Էլ վախտ մե՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք: Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը: Սար ըլեր՝ կհալչեր, էլի մենք՝ հայերս չե՞նք, որ ամեն տեղ անուն ունինք, մեր հավատը ամեն տեղ գոված ա. մեռնի՛մ ձեր արևին, էնպես մեկ քաջություն անենք էսօր, որ աշխարհ ամենայն իմանա: Դե՛, էլե՛ք, Սմբա՛տ, Աշո՛տ, Տի՛գրան, էլե՛ք, ձեր խոքուն (հոգուն) ղուրբան, տեսնիմ, թե ի՞նչպես էսօր ձեր անունի լայաղ ձեր հունարը նշանց կտաք: Էդպես անուն ունեցողը, սար ըլի առաջին, պտի վրովը թռչի. ծով ըլի, պտի ոտնակոխ տա, ո՞ւր մնա էս քյամալսզ, թուլ աջամը, որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք: Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի: Մեր ձեռը որ թուլանա, աստուծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, է՛նքան ա մեր հավատի զորությունը:
Տե՛րտեր ջան, վեր կա՛ց, ամենին էլ սրբություն տո՛ւր. դրա զորությունին ղուրբան. մեռնի՛նք, հոգու փրկություն ա, ապրի՛նք՝ մարմնի առողջություն: Խոստովանության վախտը չի՛. աստված ինքը գիտի, որ մեր սիրտն արդար ա: Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք ու էս ջիվան որդուս պահեցե՛ք: Հինգ որդի ունիմ, իրեք՝ ախպեր, վեց-օխտը՝ ախպոր զավակներ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել: Ամենից ավելի սրան եմ ուզել, սիրել: Ա՜խ, թե գիտենաք՝ սա ի՞նչ ցեղից ա: Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք: Սա մեր քաջ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի արնիցն ա: Երեխա էր, որ հերնըմերը մեռան, ես սրան վեր առա, ինձ որդի շինեցի, ու ինձ որդուց ավելի համ տվեց: Ջուրը որ քցեի, կընկներ. կրակը քցեի, երեսը ետ չէ՛ր դարձնիլ: Տեսնո՞ւմ եք է՛ս լեն ճակատը, է՛ս պարթև բոյը, է՛ս արծվի աչքերը, է՛ս գեղեցիկ պատկերը. լսե՞լ եք սրա անուշ լեզուն: Եկեղեցին մտնելիս, հենց իմանաս, հրեշտակ ա մտնում մեր մեջը, դուս գալիս. հենց բռնես՝ արեգակ ա ծագում: Ա՜խ, ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս՝ էնպես եմ իմացել, թե սուրբ Վարդանն ա առաջիս կանգնած: Տե՛րտեր ջան, սրան օրհնի՛ր, ձեռդ դի՛ր գլխին. ո՞վ ա խաբար, աղոթարանը բացվում ա արնով լցված. սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա:
Վա՛րդիկ ջան, արևի՛դ մեռնիմ. քանի շունչս վրես ա, արի՛, մեկ քեզ համբուրեմ, արի՛, էդ սուրբ երեսիդ ղուրբան ըլիմ: Թե հողն էլ մտնիմ, էդ արդար ձեռովդ իմ աչքս խփի՛ր. իմ հողը դո՛ւ քցիր, իմ մեծ որդին դո՛ւ ըլի՛ր, իմ տեղը դո՛ւ բռնիր, իմ տունը դո՛ւ հովվիր: Քանի ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան: Արի՛, երեսիդ մեռնիմ, իմ երկրո՛րդ Վարդան, իմ ազի՛զ Վարդան. գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս, երեսս կոխես, հենց կիմանամ՝ հրեշտակ ա թևերն վրես փռել: Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը, բալքի թե է՛ս ձեռը, որ հիմիկ քեզ խտտում ա, է՛ս աչքը, որ սուրբ երեսդ տեսնում, է՛ս լեզուն, որ հետդ խոսում, էսօր բոլորն էլ լռվին, ու մարմինս քո աոաջին անշունչ, անլեզու ընկած ըլի: Լաս՝ ես չլսեմ, սգաս՝ ես չտեսնիմ, չիմանամ: Վարդանի՛ աստված, Վահանի՛ աստված, ո՛վ սուրբ Լուսավորիչ. թե էս ծերացած գլուխը էլ ջեր օր չի՛ պտի տեսնի, թո՛ղ սրա ոտի տակին մեռնիմ: Թե էս հալևոր աչքը էլ արեգակի լիս չի՛ պտի տեսնի, ա՜խ, աստված, քո հողն եմ ու մոխիրը, թո՛ղ սրա ձեռն իմ երեսիս մեկ բուռը հող քցի:
Վա՛րդան ջան, արևիդ մեռնիմ. մի՛ լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա: Մի՛ լար, էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան: Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա, սրբի՛ր աչքերդ: Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՞մ. քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս, աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել: Արի՛, ո՜րդյակ իմ. արի՛, հոգի՛ իմ. իմ տան սին, իմ կենաց գավազան. իմ օրհնությունը հոր օրհնություն ա: Հոր ձենն աստված թեզ կլսի: Արի՛, քեզ օրհնեմ. վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ռ, քեզ պահի՛ր: Աստված էս ձեռը, որ մինչև էսօր մեկի մազի չի դիպել, չի թուլացնիլ: Դուք ինձ համար աղոթք արե՛ք ձեր արդար բերնովը: Էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ. արծիվը երկնքիցը վեր կբերենք:
Տե՛րտեր ջան, Պահպանիչդ ասա՛, ավետարանը կարդա՛, մեկ կարճ աղոթք անե՛նք, աստուծո էս սուրբ երկնքի տակին, բալքի թե դհա շուտով մեր ձենը առ աստված հասնի: Երեխե՛ք, չոքեցե՛ք, ծունր դրե՛ք. ձեր՝ էս սհաթի ամեն մի շունչը Աբելյան պատարագի պես երկինքը կվերանա. հանեցե՛ք թրըներդ, թո՛ղ տեր հայրն օրհնի:
Տան կտրներին, հայաթի միջին,
Դաշտի երեսին, հողի բաց դոշին,
Երկնից առաջին, աստղերի տակին
Նրանք չոքեցին, նրանք կանգնեցին:
Էրեխանց ձենը, տղայոց լացը,
Ծնողաց սուգը, նրանց մաղթանքը
Իրար հետ խառը երկինքն վերացան:
Հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ:
Մութն ու խավարը քիչ-քիչ հեռանար,
Լիսն ու արևը ծանր մոտանար:
Երկիրը նրանց արաասունքը սրբեց,
Երկինքը նրանց աղոթքը լսեց.
Ուրախ երեսոք տեղից վեր կացան.
Տերտերի ձեռը, խաչն, ավետարան
Ճակատին դրին նրանք, համբուրեցին.
Ձեռ-ձեռի տված՝ իրար սիրտ դրին,
Աչքները սիրով երկինքը քցեցին.
Թե մահ էլ, թե կյանք նրանց հանդիպին,
Իրար հետ ապրին, իրար հետ մեռնին,
Իրար հետ արին թափեն ու կռվին,
Իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին:
Ահ ու տխրություն էլ չէ՛ր երևում.
Երեսն արև՝ լիս դառած փայլում,
Արինն սրտիցը կրակի պես վառվում,
Հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում.
«Էլ մի՛ կորցնեք դուք ձեր ժամանակն,
Գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակն:
Սար ու ձոր հրեն ոտն են վերցրել,
Գալիս ձեզ վրա՝ ոտնատակ անել,
Բայց ձեր քաջությունն, երկնից զորությունն
Կարեն աշխարքումս թողալ ձեր անունն.
Թե սերն ու հավատն, հայրենյաց նախանձն
Որքան զորավոր են ու շնորհապանծ,
Որ մինն հազարին կարա խորտակիլ,
Երկուսը բյուրին՝ կոտրիլ, նվաճիլ»:
Ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց,
Օրհնություն առան, գնացին ի բաց:
Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը,
Շլինքը ծուռը, աչքերը գետնին՝
Մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով,
Մեկ ա՜խ քաշելով, մեկ սիրտը բռնելով,
Խալխին նայելով, սուգը կուլ տալով,
Երկնքին աղոթքը, երկրին արտասունքը
Տալով, հանելով՝ մեկ ձեռը թրին,
Մյուսը հոր ուսին, հոր ճտովն ընկած՝
Լար ու մղկտար՝ աչքերը լցրած:
«Անուշ իմ դու հա՛յր, անգին բարերա՛ր,
Իմ կենաց տվո՛ղ, իմ հոգուս դու ճա՛ր.
Մկամ տո՞ւնն կարա իմ ոտը փակել,
Մկամ չե՞մ կարա իմ աչքը կապել:
Մի՞թե էս արինն ինձ դո՞ւ չե՛ս տվել,
Մի՞թե էս ջանը ինձ դո՞ւ չե՛ս բաշխել.
Կարե՞ն դինջանալ, ինձ հանդարտ թողալ:
Բանտումն էլ ըլիմ՝ ոտս բխովումն,
Մահն իմ առաջիս, սուրն իմ դոշումս,
Էլ քեզ կուզեմ, որ ես իմ հոգիս տամ,
Քո ոտիդ տակին մեռնիմ, հող դառնամ,
Որ ես քո կողքումն, ա՜խ, չըլիմ կանգնած,
Իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ առաջ,
Հետո քո ոտը երեսս կոխի,
Հետո բերանդ իմ հոգիս օրհնի:
Ա՜խ, հա՛յր իմ, հա՛յր իմ. քո ըմբրիդ մեռնիմ,
Աոանց քեզ մեկ օր թո՛ղ ես լիս չտեսնիմ.
Մեռնիմ՝ ինձ թաղի՛ր. ապրիմ՝ ինձ պահի՛ր,
Ինձ տա՛ր քո հետը, ինձ մի՛ սպանիր:
Տե՛ս, էս սուրը, որ ձեռիս բռնած եմ,
Առանց թշնամու իմ սիրտս կխրեմ.
Մինչև քո աչքի, քո տան առաջին
Հարիր թշնամի քեզ մատաղ չըլին.
Մինչև էս ձեռը քեզ գյուլլա քցողին՝
Հավի պես չմորթի քո ոտիդ տակին.
Մինչև էս թուրը հարիր թրավորի
Շլինքն առաջին կամ ձիու փորի
Տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնա.
Իմ կերած հացը քթովս չի՞ դուս գա:
Չէ՛, հա՛յր իմ, հա՛յր իմ, քեզ մատա՛ղ ըլիմ,
Ինձ էլ տա՛ր հետդ, որ ես էլ կռվիմ:
Աշխարք իմանա, թե քաջ Վարդանի
Ցեղն ու բոլոր ագգն՝ անմահ, անվանի,
Հայրենյաց սիրուն, հավատի խաթեր
Պատրաստ են զոհ տալ իրանց կյանքն, օրեր»:
— Սելավն վրա պրծավ, գլուխդ պահի՛ր, Վա՛րդ ջան. տուտը բաց էլավ, մնաս բարով, ղո՛ւրբան:
«Ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի, թվանքի,
Ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի
Չե՛ն կարող հաղթել, քեզանից խլել:
Տե՛ս, սֆթա էկողն ի՛մ ֆորսս պտի ըլիլ.
Թե սելի տակիցն չե՛ս ուզում՝ կռվիմ,
Դուս կգամ դաշտը, մենակ կկանգնիմ,
Կընկնիմ նրանց մեջը կեծակի նման,
Դաղըթմիշ կանեմ, ինձ կտամ դուրբան:
Յա՛ արագահաս զինավոր Սարգիս,
Քեզ եմ կանչել, դու ղվաթ տո՛ւր ձեռիս»,
Ասեց պատանին՝ Վարդիկն Հայկազուն,
Ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն
Ական թոթափել՝ թշնամու գլուխն
Ձիու ճտովն ընկավ, լիսը բացվեցավ:
Կամեցավ երկինքն՝ ամպերն հավաքի,
Որ էս դառն վիճակն բնավ չտեսնի,
Բայց արեգակի լիսն, քամու թևն
Առան, տարան նրանց սարերի ետևն,
Որ տեսնին Հայոց քաջության հանդեսն,
Թշնամու հաղթվիլն ու նրանց սև երեսն:
Ինպես կատաղի գազան՝ Հասան խանն
Թափի տակիցը դուս պրծավ, հասավ.
Շորագյալի դոշն մթնեց, սևացավ.
Խլղարաքիլիսեն մխումը կորավ.
Հենց բռնես, երկինքն հանկարծ փուլ էկավ,
Ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր.
Էսպես էր նրանց խեղճ հալը էսօր:
Տավարն մեկ կողմից քշեցին, տարան,
Գեղը մեկ կողմից կրակ տվին, առան:
Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի՝
Սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի,
Կամ մեկ անմեղ գառը հարիր գազանի
Ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի,
Էնպես մնացին չորս կողմը պատած.
Վերևն՝ երկինքը, ներքևն՝ հողը սառած:
Բայց քաջ Հայկազունք սիրտ-սրտի տվին,
Վարդանն մեջ արած՝ իրար կանչեցին.
«Մեռնի՛նք թո՛ղ էսօր մենք էլ միասին,
Որ սուրբ Վարդանի հասնինք, ա՜խ, փառքին:
Ընկե՛րք, մի՛ վախիք, դուք ղոչաղ կացե՛ք,
Քամակ-քամակի տվե՛ք, միացե՛ք,
Թո՛ղ մեկ հող, մեկ սուր փրթի, մեզ թաղի,
Մինչև ետին մարդն, մեկն էլա չփախչի»:
Արեգակը կրակ դառած՝ Ալագյազի կողմիցը բարձրացավ. աչքերը սրել երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը: Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին նրա երեսը կալնին ու իրանց տեղը տազ արած մնան: Սար ու ձոր սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհությունը, իրանց ծառայությունը ցույց տալիս: Բայց Խլղարաքիսեն է՛ն խավարն էր բռնել, է՛ն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում: Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու դումանը Շորագյալու դաշտը բռնել, կապել էին: Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ո՛չինչ օր էնպես իրար չէին դիպել, ինչպես էս սհաթը:
Հարյուր անգամ պարսից սևագունդ զորքը զու արին, երիշ քաշեցին, ամեն անգամ էլ հարյուրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը էլի ետ փախան, շունչ առան, էլ կրկին էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի համն առան, էլի ամոթով ետ դարձան: Ո՛չ Նաղի խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանղուլի խանը: Ղազախ, քուրդ սարվազ՝ ինչ տղամարդություն ունեին, թափեցին, ո՛չ նիզամով կարացին, ո՛չ երշով մեկ քանի հողագործի տուն առնեն: Որտեղ մոտանում էին, տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս: Տա՛վար, ո՛չխար գնացին. արտերի կրակի բոցը և ծուխն երկինքն էր հասել:
Հասան խանը հուսակտուր սկսեց Սահակ աղին ղրկել, որ նրանց սիրով հորդորի, գան, նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դոնմիշ ըլին, իրան հնազանդին, նա նրանց մազին չէր դիպչիլ: Բայց Սահակ աղեն՝ էս երևանցվոց փրկիչը, որ օրը հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր աղքատ հայի դարդին հասնում ու թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք էր նրանց խրատ տա, որ աստված թողան, սատանին հնազանդին: Բայց հրամանը ծանր էր. չաներ, հազար հայի սարվազ ու ձիավոր, որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին: Աղլուխը աչքին դրած՝ մոտացավ էս պաշտելի իշխանը: Նա չէր արտասվում, թե գան, հնազանդին, նա լաց էր ըլում, թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին: Հենց հայի ղոնշունը մոտացավ, Սահակ աղեն՝ նրանց գլխին, հենց բերանը բաց արեց, որ խոսի, ո՛չ թե նրանց դարձնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց.
— Գնա՛, աջամի հայ, էդ երեսիդ միռոնին ենք խաթր անում, թե չէ վաղուց ձեր արինը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլեր: Լուսավորչուն գնացե՛ք, խունկ ու մոմ վառեցե՛ք, որ ձեզ սաղ-սաղ ետ ենք դարձնում: Մենք աջամի հացը չե՛նք կերել, աջամի ձեռի տակին չե՛նք մեծացել, որ նոքար դառնանք: Դուք մեր թրի հունարը լավ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք, ձեր ի՞նչ գործն ա. թո՛ղ մեր թշնամին մեր աոաջը գա, սիրտ ունի, մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի. թե կտրիճ ա, թո՛ղ իր հունարը ցույց տա: Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա. քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չե՛նք տալ, ե՛տ դառ:
Ինչպես մեկ կատաղած ղափլան (վագր), էս բանը որ լսեց Հասան խանն, հրամայեց զորացը, որ թրի, թվանքի մտիկ չանեն. յա՛ էն օրը մեռնին, յա՛ իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակնուվեր անեն, յա՛ իրանք տակովն ըլին: Ինքը թուրը հանած՝ ուզում էր, որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի, ավալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքյուզ աղեն մեկ կողմից, Նաղի խանը մյուսից՝ հազար մուննաթով նրան կակղացրին, որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չի՛ կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի, տեսնի, թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը. երբ իրանք կմեռնին, էն ժամանակը թո՛ղ գա, որ նրանց արնի ջառմեն հանի: Խնդրները կատարվեցավ. երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսա միրուքը սղալեց ու քավթառ քոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ չանեքը իրար խփելով՝ նոթերը կիտեց, ղայլանը քաշեց, որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը՝ իր դժոխքի բերանը բաց արեց, որ ինչ հայի ձիավոր ու սարվազ կան, առաջ քցեն, իրանք ետևիցը գնան, որ սրանք կոտորվին, նրանց բարութը հատնի, որն էլ իրանք ետևիցը սպանեն, թե իրան հավատակցին ղիմիշ անի ու երըմիշ չըլի. կամ թե խլղարաքիլիսեցիք իրանց դավանակիցը տեսնելով՝ թուլանան, թվանք չի քցեն, որ ետո իրանք հանկարծ վրա թափին, սելերը դաղըթմիշ անեն ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղ-սաղ կրակը դնեն, էրեն:
Հասան խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պըպզեց ու ձեռով արեց: Օքյուզ աղեն իր քրդերովը, Նաղի խանը իր ղազախներովը՝ աջ ու ձախ բռնած, Սվանղուլի խանը իր սարվազներովը, Ջաֆար խանը՝ սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը), իր ղոնշունովը, հայերին, ինչպես մեկ սուրու ոչխար, մեջ արած՝ ծեծելով, ջարդելով սկսեցին առաջ խաղալ: Քաջածաղիկ պատանին Վարդան, որ հինգ սհաթումը քառասնից ավելի մարդ կամ սպանել էր, կամ յարալու արել, որ արծվիպես էս կտրից էն կտուրն էր ընկնում ու որին բարութ, որին սիրտ տալիս, մխիթարում, լեղապատառ վազեց, հոր անկաջը մտավ ու լացակրկնած, մազերը պոկելով հորը ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, թո՛ղ էսօր մեռնեին, սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրեին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին, որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք քցեն:
— Ամեն մարդ իր գլխի տերն ա,— գոռաց էս անսիրտ հալևորը էնպես, որ աչքերիցը կրակ էր վեր թափում,— ընչի՞ են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտն են կոխում: Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի՛ կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր առաջ լա՛վ ա, քանց սաղ մնա. հողն էլա հո կդինջանա՞: Նրանք էն վախտը կըլին մեր ազգը՝ հայ քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն: Գլխիցս ձեռք վերցրո՛ւ, դու դեռ ջահել ես. հալա մեծացի՛ր, ետո ինձ խրատ տո՛ւր: Աշխարքը դեռ փակ ա քո աչքին:
— Հա՛յր, հա յր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ, էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի. թո՛ղ մենք մեռնինք, նրանք ապրին: Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանցի աչքը՝ ճամփի, մի՛ անիլ:
— Ձեռք վերցրո՛ւ, ասում եմ, հրես էկան: Տղե՛րք, էլ մե՛ք մտիկ անիլ:
— Աղա՛, ձեր ազգն ենք, աղա՛, քո արևի սադաղին, ամեն մեկս տասը, քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած՝ թողել, էկել ենք. թրով են բերել, մենք չէինք գալիս: Աղա՛, գլխիդ ղուրբան, տեսնո՞ւմ ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա՛ բաց արե՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ աստված, յա՛ թող հայի թրով մենք չմեռնինք: Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ. չէ՞, մենք էլ քո ազգն ենք, մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող: Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա: Մեր փրկիչն էսօր դու դա՛ռ: Թուր էլ ունինք, թվանք էլ, ամա հազար թուր՝ մեր գլխին սրած, հազար գազան՝ չորս կողմներս բռնած: Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք:
Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ. երկինքը երեսը ետ դարձացրեց. արեգակը աչքը խփեց: Արին էին ուզում հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պետք է թափեին. հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անիլ, տասը հազար մանր երեխա՝ մեծ, պստիկ, անհեր, անախպեր թողալ: Մեկ գեղ էին ուզում շինիլ, մեկ սաղ աշխարհ քանդիլ: Իրանք բոլոր մեռնեին, ետի եկողները կասեին, թե թշնամին նրանց կոտորեց. բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազարբերան ազգե-ազգս պետք է նրանց անիծեր, թե հայը հայի տունը քանդեց, հայը հային կոտորեց: Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթք, նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար: Շատ էլ ուզեց, որ աղա Սարգիսը աչքին, սրտին հուպ տա, բայց արինը ետ դառավ, արտասունքն էկավ, լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը: Առաջին էր նայում՝ իր ազգն էր լալիս, ետևն էր նայում՝ գեղը վա՜յ տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում.
— Էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին:
Բայց ո՛չ երեխեքանց սուգը, ո՛չ կնանոնց լացը, ո՛չ մահն ու կյանքը էլ նրանց աչքը չէկան: Երկնային հրեշտակն՝ անմահության պսակը ձեռին, էկավ, նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց.
— Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին. թե ազգ եք ուզում պահիլ, ահա՛, ձեր առաջին. մեռե՛ք նրանց ուղուրին, որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի, թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը: Էլ ի՞նչ եք կանգնել, կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցե՛ք:
— Կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք. տղե՛րք, երեխե՛ք, մնա՛ք բարով. ամպեր, թափեցե՛ք. երկինք, գոռացե՛ք. հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր՝ սուգ արե՛ք, վկա կացե՛ք: Ով անց կենա էստեղ, ասեցե՛ք, թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք: Սելավ ըլեր, մեզ տանիլ չէ՛ր. դժոխք ըլեր, մեզ մոտանալ կարող չէ՛ր. երկիրը բացվեր, մեզ կուլ տալ կարող չէ՛ր. սաղ Պարսկաստան պոկ գար, մեր մեկ մազը թեքիլ չէ՛ր. Հասան խան, քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի՛, քո ջիդեն սրտումդ ցցվի՛: Որդիք, բալա, օղուլ, չողուլ, ղովում, ղարդաշ՝ էլ սուգ մե՛ք անիլ: Մեր տները թո՛ղ մեզ գերեզման ըլին, մեր արինը՝ մեզ մեռլաջուր, մեր հողը՝ մեզ պատան, մեր ձենը՝ մեզ ժամ, պատարագ: Սուրբդ Վարդան քաջ նահատակ, դո՛ւ տուր մեզ պսակն:
Խոտի դեզերի կրակն ու բոցը,
Խեղճ օղլուշաղի հարայ հրոցը,
Դարմանի ծուխը, կալերի մուխը
Ամպի պես ելին, օրը խավարացրին:
Գեղի չորս կողմը առավ ալավը,
Տների մեջը ծով դարձավ լացը.
Էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի,
Էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի:
Հարսի սրտումը իր սերը մեռավ,
Փեսի բերնումը լեզուն չորացավ.
Քիրն ուզեց ախպորն ջան էլա ասի,
Ախպերն՝ քվորը իր խտիտն առնի:
Մեր ու խեղճ հարսներ՝ իրանց երեխեքն,
Տղերք, ծերունիք իրանց սուրն ու զենքն
Դոշին կպցրին, երկինքն նայեցին,
Աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին:
Մեկը դուռը փակեց, որ կրակումն էրվի,
Մեկն աչքը խփեց, որ ցավ չտեսնի:
Տղերքը գեղիցը դուս թռան դաշտը.
Տանըցիք փախան, որ ընկնին կրակը.
Էլ լաց չէ՛ր գալիս նրանց կարոտ աչքը,
Նրանց բուրջ, բադան մնաց երկինքը:
«Տունը քանդեցին տանըցոնց գլխին,
Սելը քանդեցին, վրա թափեցին»,
Ձայն տվեց Վարդանն՝ հզոր պատանին,
Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին,
Մեկն Նաղի խանի, մեկն Օքյուզ աղի,
Մեկն Ջաֆար խանի քամակը բռնեցին.
Երկուսն հրեշտակի պես թռան, գնացին:
Բայց սուրն Վարդանի՝ Օքյուզ աժդհին,
Որ սաղ առյուծին թե խփեր գլխին,
Իսկույն կսատկեր, կճապաղեր գետնին,
Միջիցն երկու կես արեց էն սհաթին.
Կեսն ձիու էս կողմը քաշ էլավ,
Կեսն մյուս կողմին դիպավ ու կպավ:
Իսկույն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց՝
Քսան ձիավորով հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած՝ վեր էկավ
Քրդի շորերով, սարին վրա պրծավ:
Գազան Հասան խան նրանց քուրդ կարծելով՝
Հենց որ մոտացան, ընկավ քարերով:
Փեշղսմաթքյարի, խանի, բեկերի
Գլխըներն, ինչպես մեկ անջան ծտի,
Թռան առաջները, ձիանոնց տակերը:
Հարամու գլխին ջուր, կրակ մաղվեց.
Ձին էլ տիրոջ վրա ոտը բարձրացրեց.
Գյումբրու դզիցը ռսի բալաբան,
Քաջ սալդաթների դաստեն, կապիտանն
Արծվի պես հասան, թշնամուն մեջ առան:
Թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն,
Մինը առաջիցն, մինը ետևիցն
Հնձեցին թշվառ թշնամու զորքը,
Ջարդեցին, բերին էլ թոփի կողքը:
Արինը ծովի պես գնում էր, կանգնում,
Հայերն լաշերի վրով անց կենում.
Նոր հոգի առած՝ իրանց տունն ընկան,
Հեր ու մեր, որդի դոշ-դոշի կպան.
Հարսն ու փեսայի ջուր դառած աչքը,
Երկինքն վերացած հոգին ու կյանքը
Էլ աշխարհ էկան, էլ իրար քթան,
Իրար գրկեցին, իրար մոռացան,
Իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան՝
Երկնքո՞ւմն են, թե՞ աշխարքիս վրա,
Երազո՞ւմ, քնա՞ծ, թե՞ աչքները բաց:
Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին
Ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին,
Աղոթք, պաղատանք աստծուն մատուցին:
Սար ու ձոր նրանց վրա խնդային.
Դեզերի բոցը դառավ չրաղդան.
Որդի ու ծնող իրար ճտով ընկան.
Ինչ որ ունեին՝ առան ու էկան,
Որ թոփի տակին, սալդաթի մոտին
Հավաքվին, որ էլ վնաս չտեսնին,
Մինչև թշնամիքն գնան ու կորչին:
Բայց էս հադաղին քաջն Աղասին՝
Հազար աչք ուզեց, որ տեսնի նրան,
Գյում էլավ իսպառ, կորավ նա անձայն:
Արեգակը դեռ երկնքի մեջտեղը չհասած՝ ուզում էր, որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի: Հյուսիսային կողմիցը մեկ մթնած, սևակոլոլ ամպ, երկնքի երեսը ջարդելով, վազում էր, որ նրա առաջը բռնի: Ալագյազի քլխիցը մեկ դառնաշունչ բորյազ վեր կացավ ու քար ու հող իրար գլխի տալով՝ էկավ, Խլղարաքիլիսի վրա դահիճի պես բռնեց: Արինակեր Հասան խանը, որ էսօր ավելի իր ձիուն, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց, կատաղած գազանի պես հոգին բերանն առած որ ետ չի՛ մտիկ արեց, աստված ո՛չ շհանց տա. զորքը ամեն մեկը սար ու ձոր ընկած, շատի ձիանն՝ որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին, որն էլ իր տերը էնքան էր գլխի վրա քաշ տվել, քարեքար տվել, որ գլուխ, երես ջարդվել, կոտրատվել, ոտներն էին օրզանգվումը մնացել ոլորված, կախ ընկած, կամ կես մարմինը ջախըբուրդ էլել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին, քանի ոտներին էր դիպչում, է՛նքան խրխնջում, սար ու ձոր ընկնում:
Ղուլ ու նոքար Աղասու թրին էին ղուրբան էլել, որ էս միջոցումը Ղարսա սարերի վրա մեկ քանի ղոչաղ քրդստանցի հայ ետևն էր քցել ու արծվի պես, որտեղ մեկ ֆորս ճանկում էր, ական թոթափել վրա էր հասնում, ցրվում, փարա-փարա անում: Հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը՝ Մաստարա, Ղոշավանքի դզերումն, ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել, էլ ետ դառել: Սուդագյան մեկ օր Նաղի խանին՝ էս ահագին գազանին, որ հարյուր մարդի չէ՛ր ասիլ, թե աստված ա ստեղծել, է՛ն տեղը քցեց, որ իր մարդկերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ ու ղզլբաշի հողը մտավ, որ պրծավ, թե չէ՛ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ հայերի արնի ջառըմեն տար: Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի ու գնանք մեր բանը:
Հասան խանը որ աչքը չի՛ բարձրացրեց ու Աղասուն՝ ձիու անկաջը մտած, ետևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան. ուզում էր ձին բաց թողի ու քարափնվեր, Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր, որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն, թե Հասան խանին սպանեցին. քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ ռհաթ հայի, որ հազարներով հենց էն տեղարենքն էր սուրը քաշել, տանով, տեղով էրել, գերի արել. բայց էլի ոաշդի սիրտը ո՛չինչ տեղ էնքան ղայիմ չի՛ ըլիլ, որքան ետին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս: Մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա, թուր, ասպաբ ուզում էր, որ ետ անի, ձին բաց թողա, մեկ քարի տակ չոքի ու բալքի իր թշնամուն գյուլլով էլա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել: Հսկայն Աղասի թուրը սրտին դեմ արեց.
— Վե՛ր քցի թուր ու թվանք ձեռիցդ, որ էս սհաթիս փառչալամիշ կանեմ: Դու էստեղ չի՛ պետք է սատկիս, հայակեր շո՛ւն, իմ թուրն ափսո՛ս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի. չէ՛, ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի կամ չոլումն սատկացնեմ, որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողը էնպես կարծի, թե կռվումը մեռար. է՛դ անիրավ լաշդ չի՛ գտնի, մեռած հողիդ վրա էլ չի՛ թքի, ու ամեն անց կենող մեկ քար չի՛ վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա, թե քո անաստված ոսկերքն են էնտեղ հող դառել: Հլա քանի Երևան չե՛ն առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ: Ճանճը սպանիլ ի՞նչ տղամարդություն ա: Հլա շատ օր պետք է հայի հաց, խոզի միս ուտես, հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանա՛ս, թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանա՛ս, թե Քրիստոսի օրենքն ո՞րքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես, որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ, որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ, քեզ էն հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել <ես>, որ միսդ՝ ղիմա-ղիմա, արինդ շանը տան ու գլուխդ գեղեգեղ, աշխարքե-աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա: Հազար-հազար գլուխ ես կտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսոս չի՞ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա: Չէ՛, չէ՛, Հասան շուն, հայի սիրտը մեծ ա. քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կաղնացրած, անունդ ա պատմությունդ վրեն գրած, որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան ու ձեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձե՛զ գերի անեն, ձե՛զ կոտորեն, ձե՛ր հոգին հանեն: Էս էն քարերն են, որ ոտնատակ էիր տալիս ու հազար գերի վրներովը տանում կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն. բայց ես չե՛մ տալ, ես քո արինը էդպես էժան չե՛մ ծախիլ, էդ թանկ ջանդ ի՞նչպես շուտով վարթարաֆ կանեմ. հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես. դու ամաչես, որ հայի ղուլ ես դառել. ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անիլ ու մեկ քանի ժամանակ էլ կյանքդ երկարացրի: Երեսիդ խաչ հանի՛ր, երեսդ մեր աղոթարանը դարձրո՛ւ. դու մեր անտեր հայերին շատ ես քո քյաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել. էսօր էլ դու մեր աղոթարանը ճանաչի՛ր. մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում: Չոքի՛ր, Հա՛սան խան. տերտեր չե՛մ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան: Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես: Օ՜, մեր սրբությունը, որ էնքան ոտի տակ ես տվել, թե որ աստված տա, համն առնիս, էն ժամանակը է՛դ սև երեսդ կսպիտակի, է՛դ գիլի աչքերդ գառնի կդառնա, է՛դ հոտած բերանդ կդառնա աստուծո տաճար: Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա-փառչա կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ: Շո՛ւտ, չոքի՛ր, չոքի՛ր, թե չէ, տեսնո՞ւմ ես թուրը, գլուխդ սոխի պես կթռցնե՛մ, չոքի՛ր…
Քար ըլեր՝ կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հասան խանը՝ աշխարքի տերը, երկրի քանդողը: Ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի՛ հանեց: Քուրդ ասեր, օսմանցի ասեր նրան էս խոսքերը, ե՞րբ էնքան կցավեր. հայից էսպես թուք և մուր ստանա, որ մինչև էն օրը խո՛տ, ա՛ղբ էր համարո՞ւմ: Հայը նրա հավատը ոտի տակ տա՞: Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին, հենց գիտես, նոր շունչ առավ. ատամները ղրճտացրեց, աչքերը կայծակին տալով՝ տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ.
— Հայի շուն, դո՞ւ մնացիր Հասան խանի վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես. գյոռդ պատռվի, Հասան խան, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում: Գլխիդ փափախը քամին տանի, քառանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար: Հազար-հազար մարդի փոր վեր ածես, մեկ հայի կտորի առաջին էսպես կո՞ւչ գա՞ս. էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի: Ընչի՞ չի՛ պետք է ես հայ-օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր,— ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց, որ թե ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր:
Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը:
— Խա՛ն, կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր գազան. էդպես հո չե՞ն խփիլ կամ գողի պես վրա պրծնի՞լ: Ձեռս ափսո՛ս ա, որ քեզ դիպչի. գազանին գազանով պետք է պատժած: Խա՛ն, հլա ձիուս հունարը տե՛ս, հետո կիմանաս, թե ի՛նչ թուր ա վրեդ խաղում,— ասաց հսկայն ու ձիուն ղամշեց:
Կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը, առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ, Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բախտը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս: Մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու ետ կդառնար, Հասան խանը հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը ետ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ: Հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ, որ Աղասու ոտի մատները օրզանգվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ: Մինչև Աղասին ոտը օրզանգվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ ու ձիու տակիցը կբարձրանար, ասլան Հասան խանը վրա հասավ. երկու լտրանոց թուրը շողաց. քար ու ձոր սկսեցին, էն ա, էլ իրանց գլուխը լալ, ասլան Աղասին գլուխը որ սաստիկ թափ չի՛ տվեց, էլ ետ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանգվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով, աջու ձեռը որ Հասան խանի գլխովը չի՛ պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ չանեն ընկավ ձեռքը. մատները բերնումը, բիթը բողազի տակին՝ չանին որ հուպ չտվեց, էն թաք-թաք հին ատամներն էլ, որ էստեղ-էնտեղ երևում էին, ճռռացին, իրար կպան ու փշուր-փշուր էլան. գլուխը հավի գլխի պես պտտելով՝ էնպես սաստիկ ոլորեց, որ բոլոր տամարները ճռճռացին, ու Երևանու աստուծո գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը՝ մյուս, ու էսպես կաղնած վրեն, ինչպես սուրբ Գեորգ իր վիշապի գլխին, սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, դեմը էլ հավատի քարոզը կարդալ.
— Հայի ձեռի դու չե՛ս արժան, ոտը համբուրի՛ր, հայակե՛ր գազան: Հայի արնի ծարավ էիր, դե՛, կշտացի՛ր, ա՛նհոգի,— ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ խանի աչքին ու բերնին թափի:— Քեզ ասում եմ՝ մինչև հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չի հանես, չե՛ս պրծնիլ, չե՛ս, ի՞նչ ես մտածում, ես էսօր Լուսավորիչը պետք է դառնամ:
Բայց ա՜խ, երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել, ու վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ: Սատանեն իր պոչը մի բանում չխառնի. մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կհոգա: Հենց յարեն կապեց, պրծավ մեր կտրիճը ու ձեռը շարժեց, որ արինը էլ ետ իր տեղը գնա, ու ուզում էր, որ թշնամու չար ձեռները կապի ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց, աստված ո՛չ շհանց տա. իր ընկերտիքը, ամեն մեկը մեկ սարի ծերից թռած՝ էկան, վրա հասան:
— Ա՛ղասի ջան, գլխիդ ճարը տե՛ս. քեզ ման գալով հոգիքս թռավ, ախր ո՞ւր մնացիր. Հասան խանը նոր ղոնշուն ա հավաքել, գալիս ա: Խլղարաքիլիսեն էլ ետ կոխեցին. Բոռչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին, թե ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետներն առան, ետ դառան. ջրատար, ողորմելի խալխը մնաց չոլումը, ոչխարի պես սառած, ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ ետը. որը ձի ուներ, էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ, փախավ Գյումրի. մնացածները, աստված ո՛չ շհանց տա, իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոչխարի պես բղղալով կանգնած: Ի՛նչ նրանց հալն ա, աստված ո՛չ նշանց տա. սար ու ձոր սուգ են անում, լալիս:
Ձեր տունը չքանդվի, ի՞նչ եք ասում՝ Հասան խան: Տասը Հասան խան հո չկա՞ աշխարքումս. հրես, ոտիս տակին ընկած, հոգին տալիս ա. երազ ե՞ք պատմում, թե՞ գինովացել եք: Հասա՛ն խան, Հասան խան. տո՛, հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքաթ ե՞ք ասում: Ամո՛թ ձեր փափախներին, տո՛, մեկ մտիկ արե՛ք, է՜:
Ո՞վ կհավատար ապա, թե էն ահագին ասլանը մեկ գառի ոտի տակի ըլի. որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց. բոլորն էլ թուր հանեցին, որ նրան թիքա-թիքա անեն. էլի մեր խաչապաշտ Հսկայն իր սազն ածեց.
— Ո՛վ իմ գլուխը կսիրի, թուրը էլ <ետ> տեղը դնի. էդ ո՛չինչ տղամարդություն չի՛ չոլումը մեկ ուլ մորթել: Թողե՛ք, հալա սրան մեկ հավատ բերենք, ետո ի՞նչ ուզում ա ամեն մարդ, թո՛ղ էն անի:
— Տո՛, տո՛ւր, գլուխը ջնջի՛ր, դրա հոգին աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա. օձը քանի շուտ սպանես, էնքան քո խերդ ա: Դա էլ օ՞ր պտի տեսնի: Չէ՛, դրա օրը պտի խավարի, դրա գլխին քար ընկնի: Քարը քցի՛ր գլխին, դրա արինը մեր վզին: Տո՛, մեր ազգի տունը քանդողին էլ րոպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ. սպանի՛ր, ասում ենք, թե չէ քեզ էլ հետը կսպանե՛նք:
— Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը մեք տալ: Թո՛ղ սրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները հովանա, է՜:
Էս խոսք ու զրուցումն էին, որ բիրդանբիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ: Ընկերքը վրա թափեցին, որ անօրենի թոզը քամուն տան. անփորձ Աղասին, որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ, ինքը գլխին կանգնեց, խանի ձեռները կապած՝ ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն ու թվանքները հազրած՝ ձորի բերնումը կանգնին, ու իրեք գազաչափ խանիցը հեռու կանգնած, դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց, որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ, մոտացավ:
— Գլխըներդ ոտիս տակին ա, ա՛յ թուրքեր, ձեր ճակատը՝ գյուլլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք՝ քամակիս. ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի, կրակ դառնաք, մեզ չե՛ք կարալ մոտանալ: Հինգ սհաթ ա ձեր հոգին, ձեր գլուխը իմ ձեռիս ա էլել. էն Հասան խանը, որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած. սրան նայեցե՛ք, ձեր սև օրը լաց էլե՛ք: Խա՛ն, հրամայի՛ր որ Խլղարաքիլիսեն ազատեն, կյանքդ էլ ազատ ա, թե չէ՛ հավի պես կմորթեմ. իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր: Մարդ ղրկի՛ր, որ ղոնշունդ ետ դառնա, թե չէ՛ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս: Ինչքան որ ըլի՝ մեկ հողում ենք մեծացել: Խա՛ն, կռիվ ունիս, դուշմանիդ հետ արա՛, խեղճ հայերը քեզ ի՞նչ են արել: Էն ժամանակը քեզ խան կասեմ, թե որ էս տղամարդությունն անես: Մեծություն ունիս, բանացրո՛ւ:
Ջանն ազիզ ա. Հասան խանի նամազն էլ էս էր, որ մեկ պրծնի. հազար արախլու ու թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ: Իրան դարդը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչև ինքն էլ գա: Բայց դեռ կիսաճամփի՝ Աղասու սիրտը գնաց. քաջ հսկայն չէ՛ր իմացել, թե մհլամը յարի վրա կդնեն: Կտրած տեղը մնացել էր բոշ. արինը թևերովը գնացել, ջանը բռնել էր. արեգակի շոգը մեկ կողմիցը, սովածությունը՝ մյուս, արինն էլ հո, հենց բռնի, ցամաքվել էր. էն հադաղին, որ զորքը ետ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հասան խանին հավատ բերի, քիչ-քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտտեց, ուզեց, որ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, աչքերը խփեց, մեկ բարակ ախից ավելի էլ ոչինչ չկարաց ասիլ: Սար ու ձոր ձեն տվին: Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին: Ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը: Լացի, սգի ձենը որ իմացան, հենց գիտես, արեգակը նոր ծագեց, ական թոթափել թև առած՝ ետ դառան. էլ ո՞ւմ գլխումն էր մնացել խելք: Թշնամին էն ա, մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլավ: Աղասին աչքը բաց արեց կամաց, ա՜խ քաշեց ու ձեռով իշարաթ արեց, որ ձորը թափին: Ընկերքը իմացան նրա մտիքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը ու ձորը թափեցին:
Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան, արյունակեր Հասան խանը թուրը ավալ ինքը ձեռն առավ. մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան ու էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ, քոշք ու սարեք դիմացի սարերին ամաչացնում, վախացնում էին, ուր, ըստ ասության ոամկին, այնքան էր հարստություն և ճոխություն, մինչ մեկ հովիվ տեսնելով մեկ զատկի, թե կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մեկ ահագին տաճար շինեց, ու մեկ անսիրտ վանքականի խաթեր աստված հայոց վերջին կենաց ճրագը փչեց, թագավորաց թախտը կործանեց, իրանց սրո, հրո գերի արավ: Ա՜խ, անմեղ սնապաշտություն. Թագավորաց հաբեղայից մատաղ տվինք, որ էստեղ ընկա՛նք, է՜: Ու էն հիանալի ավերակքը, եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր: Էս բրջերի ծոցն էր, էն սրբոց աղոթքը ու մեր թագավորաց՝ Գագկի… երկնային հոգին, որ Աղասուն պահեցին:
Մինչև նրան հինգ ընկերքը խտտած՝ գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգը թաքուն էս կողմից, հինգը՝ էն, անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ-հրոց անեն, մյուս հինգը բրջի ծակերիցը քսան-ավել մարդ սպանեցին: Նրանք լավ գիտեին, թե հենց էսօր էլ թուրք, քուրդ, հայ՝ ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են, թե մեջը քաջքերով լիքն ա, որովհետև աստված մեկ անգամ անիծեց. էս իրանց պատճառ շինեցին. առաջուց էլ էնտեղ էին նրանք շատ քրդի ու թուրքի միսը խորովել ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել, որ սատանեն նրանց չէ՛ր գտնիլ. մեկ կողմից ղզլբաշի սնապաշտությունը գիտելով՝ որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, հայերը չգոռացին, ձորերը, խուլ-խուլ էրերը, խոր-խոր եկեղեցիքը, մատուռները նրանց ձենը ետ չի՛ կրկնեցին, Հասան խանի շլինքը թեքվեց, էնպես կարծեց, թե հազար մեռել, հազար հրեշտակ, հազար սատանա ոտն են առել, գալիս են: Էլ ձեն չկարաց հանիլ. խելագարի պես ձեռով արեց, ինքը թռավ, իրան դաստեն՝ քամակին: Երեք-չորս վերստ հեռացած՝ որ մեկ քանիսը էլ ետ սիրտըները պնդացրին, որ մեկ տեսնին, թե ախր էս դիվանը ո՞րտեղանց դուս էկան, ո՞ւր մնացին, գա՞լիս են, թե չէ՛, մեկ չոբան, աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով՝ իծանը, սեիզները դուս արեց, որ շուտով գնա, ձորը թափի ու թշնամու ձեռք չընկնի, սատանի պատկեր սեիզների գլուխը որ չտեսան պարսիկքը, որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանություն տալիս, հենց իմացան, թե Սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել. իրար գլխով ընկան, թոզն աչքըներն առավ. ամեն մեկ ձիու ոտը փոխելիս, հենց իմանում էին, որ հմիկ, որտի որ ա, գլխըները կերթա. էսպես՝ որ աչքըները բաց չարին, աստված ո՛չ մեր թշնամու առաջը բերի. իրանց դժոխքի փորը սկսավ բաց ըլիլ, իրանց զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփա ա էստեղանց. քյաբի առաջին էնպես հավատով չէին չոքիլ, որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքները սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թրըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալությունն արին, քյաբին՝ իրանց երկրպագությունը, ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան, որ իրանց աստուծո տված մատաղը կտրեն, տոն կատարեն, որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին:
Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ. թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն, որ բարձրացել էր, հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով՝ էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել, որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում. օրը դառավ գիշեր: Հավ, ճիվ, թռչուն, անասուն՝ վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում:
Խլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով՝ տարել էր, մեշեքն էր քցել. դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ, ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ, սարերը աստղեր էին շինել, ձորերը՝ երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշեր մեր գլխին էրվում են: Կատաղի քամին բոցին առաջն արած որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին: Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած որ կուլ տված քամին էլ ետ չէին քշում, տալիս քարափների ճակատին, քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին, ու նրանց դողի ու զրնգոցի ձենի մեկ տուտը երկինքն էր հասել, ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկորները ջարդելով՝ անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով գնում, կորչում, լռվում, պապանձվում: Կայծակի ամեն մեկ ճամբարակը, ճոպանը, ինչպես մեկ հրեղեն սուր, որ երկինքը չէ՛ր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին, թափին տալիս, ուզում էին, որ էս ահագին երկրի գլխըները, իրանց աչք-ձորերը տակուվեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ-սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին: Ամպերը օխտը գլխանի վիշապի նման, երկնքիցը ճոլոլակ էլած, որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին, որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր-փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին, որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ աստվածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ո՛չ հողից մեկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր-ցերեկ լալով, արտասվելով, քնած թե արթուն, ձեն են տալիս, գոռում.
— Երկնքի արեգակի պես, երկրի հողի պես, դու, աստուծո պատկեր, բարի կա՛ց, բարություն արա՛, քեզ պահի՛ր, լավություն արա՛, աստծուն նմանի՛ր, ընկերդ պահպանի՛ր, աստուծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի՛ քանդի՛ր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի՛ քանդվիս, հողին չի՛ հավասարվիս:
Երկինք, երկիր, սար, ձոր՝ անկաջ, աչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում. ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք՝ իրանց ծոցը քաշեն, պահեն. քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց աստուծո պատկեր մարդը՝ աչքը բաց, անկաջը սրած, կռները վեր քաշած, կայծակի թուրը ի՛ր գլխին էր խփում, նա իր թուրը՝ ողորմելի խլղարաքիլիսցվոց գլխին: Ամպի կարկուտն ի՛ր դոշին էր վեր հատում, որ աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը անճար հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում: Երկիրն իրա՛ն էր ուզում քարի, հողի տակով անի, նա մեր ազգի ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըբուրդ անում: Սարերն ուզում էին պարսից գլխին թափին, խո՛ր տանին, նրանք մեր անտեր խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով ղիմա-ղիմա տալիս:
Ա՜խ, սիրտս կտրատվում ա. լեզուն ի՞նչ ա, որ բառով կարողանա էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարդացողը իմանա, թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՜նչ հալումն էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում: Ա՜խ, շլինքդ չկոտրի, Ա՛ղասի, ա՛խ, ո՞ւր էիր էս սհաթին: Թագավո՛րք Հայոց, որ Անու միջումը անուշ քնած, ձեր որդիքը հարամու ձեռին՝ դուք մեկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք. է՛ն որդիքը, որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբը, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը ու, ինչպես դուք, հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դո՛ւք, անգութք, թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու թրի առաջին:
Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը: Լեզուս չի՛, որ խոսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր աղի արտասունքը ու դառը սուգը՝ սիրտս էրում, խորովում: Ի՞նչպես բերնիս հուպ տամ. արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս. ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագյալու հողումը չորացած՝ կարելի ա, թե մեկ մարդի չէրևեր, մեկ մարդ չիմանար, թե ես էլ էստեղ պետք է զոհ ըլեի[2], չիմանայի, չտեսնեի, չլայի ու աղի արտասնքով չխնդրեի. ով Խլղարաքիլիսու պատմությունը կարդա, ինչ աստվածասեր հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա՛, չտա՛. ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց իր յախեն պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի. գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չա՛նի, չա՛նի: Ա՜խ, երաբ ասածս տե՞ղ կհասնի, թե՞ հետս գերեզմանը կերթա ու հողումն էլ ոսկերքս կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխք կշինի, գերեզմանն՝ ինձ գեհյան (քուրա):
Էրեխե՛ք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ հմար եմ գրում, ձեր երեսին ղուրբան. հողումն էլ ըլիմ, էկե՛ք, վրես կանգնեցե՛ք. թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորնըմոր կսկիծն, ու ձեր հորնըմոր ծոցում դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք: Խլղարաքիլիսեցոց անմեղ երեխեքանց ձենը քանի անկաջներդ ընկնի, փառք տվե՛ք աստուծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցի՛ք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ. նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դոշի վրա քնեցիք ու չմորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք ու ո՛չ նրանց մեռած, կտրատված, թիքա-թիքա արած, արինաթաթախ լաշի վրա ընկաք ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք: Կենդանի մոր փորից դուս էկաք,նրանց սերը վայելեցիք ու ո՛չ թե նրանց ճղած փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց: Բարձի վրեն, յորղան-դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք ու ո՛չ հողի միջումը, քարերի վրա, նրանց արնումը թավալ տալով՝ ձեր արինն էլ հետը խառնեցիք:
Ա՜խ, մի՛ լաք, մի՛ նախատեք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում. իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չե՛մ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպես Խլղարաքիլիսու պատմությունը միտքս բերելիս: Չբարկանա՛ք ինձ վրա, չասե՛ք, թե երազ եմ պատմում. հազարից մեկը չե՛մ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում: Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրե՛ք էնտեղ ըլողներին, նրանք հազարապատիկ լավ կասեն, թե ի՛նչպես էին անողորմ պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա-թիքա անում, առաջ ոտները կտրում, հետո՝ ձեռները, ապա մզրախի, թրի ծերը հանած՝ նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու հետո, ա՜խ, հետո, էնպես անմեղ քոռփին հորնըմորը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում:
Թողե՛ք, թողե՛ք անց կենա՛նք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ՝ էսօր ա Սահակ աղեն առաջիս կանգնել, աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի. էսօր են հայ սարվազներին են երեխեքանցը տալիս, որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն. էսօր են տասը պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ-սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը՝ էս հրաշագեղ պատանին, ձեռները կապած, էս երկնային հրեշտակը՝ նրանց վրա կանգնած. ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի՛ թողում. ձեռն ա ուզում մեկ բանի հասցնի, չվանն ա ղայիմ. թրի առաջն ա ուզում ընկնի, թուրքը չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձեն չի՛ կարում հանի, չունքի նրա հասակի ջահել տղա, աղջիկ հավաքել, ձեռ, ոտ, բերան կապել, տանում են, որ իրանց դնին մատաղ անեն: Ողորմելի պատանին ուզում ա, որ մեկ ետ էլ մտիկ տա, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մեկ կաթ արին էլա վրեն քսի, մեկ բուռը հող էլա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլա ու ետին բարովն ասի, մեկ չոքի էլա, նրանց օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին պլոկած, աչքերը կապած՝ իր ընկերների հետ քշում են, անկաջներ՝ փակ, որ նրանց ձենն էլա իմանան, բերանները՝ կապած, որ իրար հետ խոսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժումեն, բայց չգիտեն՝ ո՞ւր. դժո՞խքը, թե դրախտը.— դժո՛խքը, սիրելի, դժո՛խքը. սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն:
Ետ դառնա՛նք, պրծա՛նք. հազար ծեր ու պառավ, հազար տղա ու աղջիկ, մանուկ, ծծկեր իրար վրա փրթած՝ վաղուց ձենըները կտրեցին, երկնային քունը մտան: Ժահահոտությունը քիչ-քիչ սկսում ա բարձրանալ, հարավի չոր քամին՝ փչում. ամպերն էլ ետ սարերի գլխըներին հավաքվեցան, նրանց աղաղակը աստված չիմացավ: Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը՝ Ապարան քաշվում. խլղարաքիլիսեցոց հոգիքը՝ ո՞ւր.— դրախտը. արդարը դժոխքը ե՞րբ կերթա: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասը-տասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանեն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:
Իրիկունը որ գա, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր կացած տեղը իրանց ուրախությունն անեն: Էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն ձեր լաշերի վրեն: Գազաններին կմնա բոլոր մեյդանը. նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. օ՜հ, ո՞վ սիրտ կանի մոտանա. բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլիլ. կէրվին, կմորմոքվին, մեկ ցավող չի՛ ըլիլ: Ամեն մեկը մեկ խանի կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի, կամ տանջանքին չդիմանալով՝ կթուրքանա. ո՞վ, լսողը ի՞նչպես չպտի սարսափիլ:
Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թե տարաբախտությունիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:
Մթնագիշերը քեզ մեկ ղարալթու ա երևում. գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու ավազակ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը՝ ձեռըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղությանը պատարագ արին: Ուր հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով՝ իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերնով՝ իրիկուն, առավոտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով՝ բերանը փրփրով լիքը, աչքերը խոժոռած, դուս ա պրծնում կատաղած, որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց, ա՜խ, գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը՝ բրիշակ, եկեղեցին՝ ավերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տա, էլ ետ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ՝ իր ձենը փորը քաշում, աչքը խփում. ջուրը հողի, քարերի տակին ցրվում, էլ ետ գետինը մտնում, ու կես փայը առու դառած՝ գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուգը, տարաբախտությունը էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին, Մասսին պատմի ու նրա սև ջրի դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն, ահագին գետի պես, լուռ, հանդարտ դուս ա գալիս,— Արարատյան դաշտի քանդված, ավերած երեսը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով, կանգնելով՝ մյուս սարերի աչքի ջուրը, որ էստեղ էկել, ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա, Խոր Վիրապա, Արտաշատա դզովն անց կենա, ու տրտում Երասխի հետ Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն, որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդա սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուգ անելով, գոռալով, Նոյան, Նախիջևանի, Մարանդի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի սրտըները հովացնելով, աչքըները սրբելով՝ գնան, Քուռն էլ մեջ անեն, իրանց արտասունքը նրանի հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտն ածեն, նրա աղի ջրումը կորչին, պարսից նավերը ջախըբուրդ անեն, ոուսաց նավերը իրանց քամակի վրա տանին ու բերեն, որ ճամփին չհուսահատվին, չբեզարին ու էն իրանց բարի ոտը մեր աշխարհիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը նրանց արծվի թևերի տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա ու էլ ետ իր առաջին փառքին հասնի:
Է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մոտին, քոլումը կուչ գա՛նք, որ մեզ չբռնեն: Գիշերն էս ա, հասել ա, օրդուն՝ մեզանից մոտիկ, ու թուրք ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի՛ անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, պարսից գոռալուն, հայոց լալուն ու սգալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի էստե՛ղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն, որ նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը՝ իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ դոշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեյնի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով՝ նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին:
Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սի՛րելի, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել. ցավակից լուսինը տխուր, դառնավարամ՝ հենց աչքը Ապարանի երեսին առավ թե չէ, էլ ետ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի. միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս. ծիծաղելիս՝ ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝լաց ըլում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու մեկն էլա իրանք չիմանում:
— Նա՛նի ջան… ջա՛նի ջան… ա՛խպեր ջան… ա՛ստված ջան… բա՛բա ջան, հո՛գի ջան… վա՜յ, վա՜յ… վա՜յ մեր սև օրին, արևին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ձեր ձեռովը մեզ ջուրն ածե՛իք, ի՞նչ կըլեր՝ մեզ չէ՛իք ծնել. ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմա տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել. գետինը չի՛պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տեր աստված. ընչի՞ մեզ էսպես պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր. ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր:
Մութն էկել ա, գետինն առել, նա՜նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ա՜խ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի. ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա: Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն. սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին. երկինքը՝ հեռու, որ մեզ քաշի, տանի. երկիրը թուր չունի, որ մեզ էլ փրթի, կոտորի. ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ աշխարհ բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, պահեցիք. դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ՝ որբերիս, էս փո՛ւչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք. ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մյուս կողմից սրտըներս անենք, էրվինք, փոթոթվինք:
Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը՝ ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՜յ մեր ազիզ ծնողք. երկնքո՞ւմն ա ձեր հոգին, թողե՛ք, մեկ սհաթ գա, վրըներս պտիտ տա. երկրո՞ւմս ա դեռ, մեր աչքին մի երևի, հասրաթներս առնինք ու հետո, ա՜խ, հետո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք. ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք թե դրախտ, միասին տեսնինք. ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք. ա՜խ, ի՞նչ կըլի, ի՞նչ… Ա՜խ, ի՞նչպես չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում. ի՞նչպես ա մեր լեզուն խոսում, ու չի՛ քրքրվում. մեր աչքը տեսնում ու չի՛ դուս տրաքում. մեր շունչը դուս գալիս ու չի՛ կտրվում. մեր արինը եռում ու չի՛ ցամաքում. մեր անկաջը լսում ու չի՛ քառանում. մեր ոտները փոխվում ու չի մեր տակին փշրվում, խուրդուխաշ ըլում. էս ի՞նչ օր ա, որ մենք քաշում ենք:
Նանի՛ ջան, ա՛խպեր ջան, բա՛բի ջան, վա՜յ, վա՜յ… Է՞ս օրվան համար մեզ օրորոց դրիք, է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք. մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դոշըներիդ կպցընելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով՝ մեզ ապրուստ ճարեցիք. ձեր կյանքը խավարացրիք, մեզ ծաղկացրիք. դուք թառամեցիք, մեզ դալարացրիք. ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք. դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք. աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք. է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը: Էստո՞ւր համար աստծուն՝ լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս, գիշեր-ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի. մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք. Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, ավետարանի՝ ծառա, եկեղեցու՝ հող, ազգի պարծանք, աշխարքի՝ շենություն: Ա՜խ, ո՞ւր էս սհաթը աստուծո անկաջը, որ ձեր արդար ձենն մեկ էլա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլա չկատարեց ու մեզ էսպես քարին տվեց, ու մեր հոգին էլա չի՛ առնում, որ պրծնինք, ա՜խ, կորչինք էս անօրեն աշխարքիցը:
Սրբություն էիք առնում՝ մեզ հետըներդ տալ տալիս. ժամ էիք գնում՝ մեր ձեռը մոմ տալիս. զատիկ էր գալիս, ջրօրհնեք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին՝ մեզ խտիտ անում կամ ձեռով տանում, քար, ավետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք անում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորհքը մեզ վրա մնա. ջուրն ընկնինք, մեզ պահի. կրակն ընկնինք, մեզ պրծացնի, մեզ զորացնի, որ էսօր է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձենը չիմա՞նաք. մաշվինք, փչանանք, մեր սուգը չանե՞ք. թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատե՞ք:
Ո՜վ արարիչ, մեր հոգու տվող աստված. ինչպես մեզ ստեղծեցիր, էլ ետ մեզ սպանի՛ր. ինչպես կյանք տվիր, էլ ետ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ ետ հող շինի՛ր. շունչ տվիր՝ ապրինք, էլի շունչդ ետ ուզի՛ր: Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կյանքը, մեզ ի՞նչ հարկավոր՝ երկիր, աշխարքը: Մեր չունենաս, լա՝ դու լաց ըլելիս, հեր չունենաս, գա՝ դու կսկծալիս, քիրդ մոտիդ չըլի՝ դու սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի՝ սիրտդ պատռվելիս: Ո՜վ մեր արարիչ, մեր տե՛ր ու մեր հե՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանեիր. քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր. էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կյանքը. հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղեն քերովբեդ թո՛ղ մեզ էրի, խորովի. մեզ ղրախտը մի՛ տանիր, դժոխքը ուղարկի՛ր. հրեշտակի մի՛ տար, սատանեն թո՛ղ գար. մեր ծնողքը մի տեսնեինք, թող դևը մեզ կո՛ւլ տար. նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք. մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք ու էս դառն օրը հե՛չ չտեսնեինք, ա՜խ, չտեսնեինք:
Էսքան մեծամեծ մարդիկ՝ խաներ, բեկեր, աղեք, ֆառաշ, մոլլա, ախունդ, էս ի՞նչ են էստեղ կանգնել, հավաքվել. չե՞ս ուզում դու էլ մի աչքդ քցես, նայե՞ս: Հայ սարվազները աչք ու բերան կալել, փափախով են անում, որ հեռանանք, մոտ չգնանք: Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ. միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի: Ետ դա՛ռ, ես քեզ կասեմ: Քսան-երեսուն էրեխա փարչալամիշ արին: Մոլլի թույնը քյար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին: Դահիճը մեկը-մեկի ետևիցը շախկա տալով կոտորում ա: Վարդանը՝ էս թագավորածին պատանին, երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քյալփաթնին, որ հենց, էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն, սարի պես դոշը դեմ ա տվել. ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն ա տալիս, սիրտ դնում:
— Էս է՛ն անիրավ թուրն ա, սի՛րելիք, որ մեր հորնըմոր սիրտը էսօր մեր առաջին դուս ճոթռեց: Էս է՛ն անաստված ձեռներն են, որ էսօր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արին, կտրատեցին: Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչև էսօր խմել ու խմում ա. էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ու սրանց գարշելի երեսին նայում: Ձեր ջանին մեռնիմ, երեխե՛ք ջան. մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք. ո՞ւմ զավակներն ենք, որ կրակը մեզ թուլացնի: Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն, որ էրեկ էնպես քաջությամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուրն հավիտենական պտի զարմանա:
Մտի՛կ արեք, ձեր երե՛սին ղուրբան, էն պայծառ երկնքին. է՛նտեղ, է՛նտեղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում: Մի՛տք արեք՝ թե գլխըներդ ցավի, ո՞վ պետք է ձեզ մեկ ջան ասի. հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք. լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի. մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի: Մեր սո՛ւրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխե՞նք. մեր սո՛ւրբ պատագարն ու ժամը թողանք, ազանի ձենին անկաջ դնե՞նք. մեր սո՛ւրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ, ավետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետևի՞նք: Մտի՛կ արեք սրանց էս դժոխք, ժանդ, մրրած, կեղտոտ երեսին. դժոխքը սրանից լավ կըլի՞. սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում: Վա՜յ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորնըմորը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նոքար դառնա՞նք: Ա՜խ, թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք: Ասենք, թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չե՞ք ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սերը վայելենք:
Չէ՛, չէ՛. մեռնի՛նք միասին, երթա՛նք միասին, հասնի՛նք մեր ծնողաց փառքին, պսակին: Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել, հրեշտակք մեր գլխին թևները փռել. նահատակք, կուսանք, սուրբք և մարտիրոսք մեզ ձե՛ն են տալիս, մեզ կանչում ամոք: Նրա՛նց մոտ գնանք, նրա՛նց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք: Ձեզ մոտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կմոռանանք, որ մտնինք կրակը:
Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղեն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք՝ լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացեք դուք՝ ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելյաց միջին, ծնողաց գոգին
Սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվին.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրավ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կյանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թե որ ուզենան էլ, որ տան մեզ կյանք,
Էլ չի՛ հարկավոր. դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:
Մնացե՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սերն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը
Էլ ձեզ չե՛ն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ,
Ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ:
Ո՛չ հոր ոտ կգա մեր գերեզմանը,
Ո՛չ մոր արտասունք կթափի մեր տանը.
Ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ կամ բաժակ
Մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ:
Ո՛չ քիր ու ախպեր կգան մեր քովը,
Ո՛չ մեկ անց կենող կըլի մեր մոտովը.
Մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն,
Մեր փուչ ոսկորներն էս օտար հանդումն՝
Չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ.
Նրանք գազանի, մենք գիլի, ղշի
Փայ կըլինք, մեզ վրա մեկ ասող չի ըլիլ.
«Աստված ձեր հողին միշտ լուսավորի,
Իր սուրբ երեսին արժանի անի»:
Կըլի, որ դուք մեկ էլ ետ հոտ տալիս,
Գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝
Մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք,
Մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք,
Ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք,
Ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք,
Ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք,
Մեր տված շունչը առնիք ու պահեք,
Ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք:
Ա՜խ, թե մեկ ճամփորդ էս կողմովն անցնի,
Ձեր միջին վեր գա ու էստեղ քնի,
Ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս,
Բալքի թե հոգին իմանա, ասի,
Միտքը բերի, թե էս է՛ն դաշտերն են,
Որ էսօր մեր չար թշնամու ծառեն
Ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա,
Մեր ջանը խլի, մեզ անի ղիմա:
Ի՞նչ կըլեր, ա՜խ, որ մեկ օրհնած հողում,
Մեր ազգուտակի, սիրելյաց միջումն
Մեր հոգին տայինք, նրանց խառնըվեինք:
Ա՜խ, խա՛չ զորավոր, քո հրաշքիդ ղուրբան.
Մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական
Էսպես կտանջվի, էսպես կմաշվի,
Էսպես կքանդվի, էսպես կխաշվի:
Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում,
Խա՛չ, քեզ բռնողին ընչի՞ սպանում.
Քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս,
Քեզ պարսավողի սիրտը ո՛չ խրվիս:
Ա՜խ, տե՛ր իմ աստված, թե մենք առաջիդ
Մեղավոր էինք, որ պատվիրանիդ
Չհնազանդեցանք, անիրավ էինք,
Մեզ սպանեիր, ընչի՞ մեզ թողիր,
Մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր.
Մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր:
Թողիր, որ էսպես տանջվենք չարաչար
Անհեր ու անտեր, անմեր, անհավար
Մնանք էս չոլումն, գազանաց միջումն,
Մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին
Մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին:
Մնացե՛ք բարով, ա՜յ մեր խեղճ ազգ Հայ,
Էլ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա:
Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը,
Էլ ի՞նչ օգուտ մեզ ձեր սուգն ու լալը:
Թուրը գլխներիս, մահն առաջներիս,
Կրակն էրելիս, շամփուրն ծակելիս,
Բոցն խորովելիս, մեր հոգին տալիս,
Մեր կեսն փոթոթված, կեսն անձող դառած,
Մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված,
Մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած,
Պղինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,
Սրտներումս արին, արտասունքն աչքումս.
Ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ հրեշտակ տեսնի,
Ո՛չ դահիճն ցավի, ո՛չ երկիրն ճղվի:
Դուք ո՞ւր եք լալիս, որ մենք չենք լալիս.
Դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում:
Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար.
Ձե՛զ վրա լաց էլե՛ք ու տեսե՛ք ձեր ճար:
Մենք մեր ծնողաց հետ կմիանանք,
Էսօր նրանց տեսուն մենք կարժանանանք.
Էս դառն աշխարքիցս կհանգստանանք,
Դրախտը կերթանք ու միշտ կխնդանք:
Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին,
Թե դուք կենդանի կանգնիք, ձեր աչքով
Տեսնիք սիրելյաց տանջանքն՝ մղկտալով.
Ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով,
Հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին.
Ձեր սիրտը հանողին, կյանքը քանդողին
Եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք
Ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք,
Ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք
Ու դեռ սիրտ չանեք, դուք չմիաբանիք,
Մեկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը,
Էս պղինձն, շամփուրն, էս վառ հնոցը
Դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահեք,
Նրան դուք չէրեք, նրան չկոտորեք,
Ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք
Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք:
Մնա՛ք դուք բարով, տարե՛ք ձեր որդոցն
Մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովն.
Պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը,
Թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները.
Է՛ս օրին չհասնին, է՛ս ցավը չտեսնին,
Տա՛ն իրանց կյանքը ու պահեն աշխարքը.
Մնա՛ք բարո՜վ, բարո՜վ…
Վա՜յ… վա՜յ… ա՜խ… նա՛նի ջան… բա՛բի ջան… Աստված, քե՛զ ղուրբան… ամա՜ն… ամա՜ն… ամա՜ն… Մեռա՜նք… էրվեցի՜նք… խորովվեցի՜նք… ամա՜ն… վա՜յ… Հրես պրծա՜նք, հրես էկա՜նք. ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք. ձեր զավակք գալիս են, մոտ էկեք. կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան: Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան:
«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք,
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցե՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի:
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք,
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»:
Հասան խանն անիրավ՝ էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պտտեց, բարձրացավ:
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրե՛ն, դիվակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի,
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի.
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերյա՛լ մնասցես, տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պա՛տի, թե հողն էլ դու մտնիս»:
Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխեք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՜խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված՝
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց աստծուն,
Էլ չի՛ ավերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն:
Տողատակեր
խմբագրել- ↑ Էս խոսակցությունիցը իմացողը կիմանա, թե ի՞նչ էր մեր խեղճության պատճառը: Էլ ես չեմ ուզում բերանս բաց անիլ: Ինչ ավետարանի կողքին դրած ա, սուրբ ա. բե՛ր հասկացողը, էն ժամանակ գլխիս խփի՛ր:
- ↑ Էս ժամանակին վարժատանիցը դուս էկա ու Թիֆլիզուցը գնացի Հախպատ, Եփրեմ կաթողիկոսի մոտ, որ թուղթ առնիմ, գնամ, իմ ծնողացը հասնիմ, նրանց հետ քոչիմ ու գնամ Վենետիկ: Ամեն բանս հազիր էր. Օսմանլվիցն էլ մեկ տերտեր էր էկել իր որդովը, ուզում էր ետ դառնար: Սրանց հետ էի ուզում ճամփու ընկնիմ, բայց դերձիկը դեռ շորս չէ՛ր հասցրել: Ո՛րքան նեղացա, որ նրանք գնացին, ես մնացի: Էրկու օրից հետո հենց մտա Ղարաքիլիսեն, Խլղարաքիլիսու եսրերն էկան: Ողորմելի տերտերն իր որդովն էնտեղ էր սպանվել: