Վիշտք հայուն


Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց,
Համբույրին հետ շիթ մ՚ըզգացի արտասվաց,
Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք։
Ավերակաց ծաղկանցըդ սոսկ այցելու
Զեփյուռն չ՚եկավ նժդեհ ճակատս շոյելու,
Փառաց դարեր ծընող` ընկող հայրենի՛ք,
Մամռոտ ավերք և դամբարան զորավիգ

Արարատյան հսկայից,
Ուր ծոր ճակտով վիրալից
Հեծե ոգին հայկական․․․
Բայց ի զո՜ւր. ողբ, վայ, կական
Եվ արտասուք ու հառաչ
Քեզ ըսփոփել չ՚են կարող,
Այլ վեհ ճակատ քրտնաշող
Ի՚արյունաբուխ կող ու լանջ։

Մոխիր հագած, արյուն ծըծած սև հողե՛ր,
Ուր կը տիրեն սոսկում, տըխուր հիշատակք,
Ալ ծոցեդ թռեր են հուսո քաղցր հրեշտակք
Եվ արյունոտ դափնի մ՚անգամ չ՚են թողեր․․․։
Սև շղթաներ եղան ինծի խանձարուր,
Մըթության մեջ սըրտիս վըրա հսկեց սուր,
Միթե Հա՞յ եմ՝ մինչդեռ չ՚ես իմս, Հայաստա՛ն.
Եվ հոյակապ, վես կոթողներդ պատվանդան

Օտարաց, գահդ՝ հիշատակ,
Եվ ճակատըդ կրես պըսակ
Արդ փըշահյուս, սև նոճի․․․
Ալ չըկա՜ վառ թագդ առջի,
Որուն ականց տեղ անգին՝
Դառնաթախիծ մըտածմանց
Քրտունքներ սառ՝ քար կտրած՝
Կնճռոտ ճակատդ պճնեցին։

Երբոր տեսավ արյունլըվա վարդին ծոց`
Վարդատարփիկ բուլբուլն դողով թռչեցավ,
Սուգին փափկիկ թևքն արցունքով թրջեցավ`
Սիրատրոփ լանջք կուսից տեսավ երբ սրախոց․․․
Լըռեցին քնար, հանբույր, գեղգեղ և մրմունջ,
Հրաժե՜շտ տիրեց… և սիրակաթ շուրթեր մունջ
Համբուրեցին սև հողեր, ժայռ և ալիք,
Բույլ բույլ, բյուր բյուր ոգիք թըռան տրտմալիք.

Մասյաց մուսայք դողահար՝
Թողուցին պսակ և քընար.
Դաշտեր, ձորեր և սարեր,
Ալիք, ժայռեր և սառեր,
Հե՛գ հայրենիք Հայաստա՛ն,
Ըզքե՛զ, ըզքե՛զ ողբացին,
Որ ուրացողք քեզ բացին
Բյուր բյուր՝ սև սև գերեզման։

Հայն էր, որ թագըդ գըլորեց փայլարձակ,
Եվ ալևոր ճակտիդ բարդեց սև ամպեր,
Հետո վայեց, երբ գերեզման կըշտապեր,
Այլ շնչասպառ էր՝ չ՚ուներ ձեռքը կայծակ,
Որ այն ամպերն փոթորկաբեր փարատեր,
Եվ հայրենիքն շղթաներե ազատեր.
Նոճյաց խորքը մահվան շունչը սոսափեց,
Սոսկմամբ ցնորած Հայն իր երկրեն խուսափեց.

Թողուց ավեր և արյուն,
Թաղեց հոն փառք և ավյուն.
Արդ կը տեսնե բոթաբեր
Ներկայն՝ ճիգ մը չը թափեր,
Հայաստա՛ն, քեզ փրկելու,
Անզգա դարձած դարե դար՝
Չը հիշեր քեզ, չը փութար
Քեզ անձկանոք գրկելու։

1868