Վիքիդարան:Գրքեր/Հայուկները

Հայկ Տեր – Վարդանյան


ՀԱՅՈՒԿՆԵՐԸ

ԿԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ 15 ԹՎԻ

ՕԳՈՍՏՈՍԻՆ

Խաչվես պիտի, խաչված մնաս

արեւելքի բարձրակամար սյուներից:


«Հայաստանին», Ռ. Վարդանյան

Ի բարին հիշիր մարդկային ազգից

եւ նրանց, որոնք թշնամի են մեզ,

տուր լիակատար քավություն, Գթած, ու ողորմություն,

ներիր Դու նրանց հանցանքներն իրենց:


ՍԲ Գրիգոր Նարեկացի

  • * *

Ճանապարհին մի կռվեք,

ինչպես եղբայրներ օգնեցեք իրար,

Չվող թռչուններ:

Իսա, Ճապոնիա

Երբեւե կհասկանաս մի անգամ,

որ Աստվածներին լսելի եղար:


Ռ. Շտայներ


Պատմվածքները նվիրվում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հեղինակի կողմից


Այս գրքում ներկայացված են 1915 թվին հայասպանությունից հետո փրկված հայ մանուկների իրական պատմությունները: Կարծում եմ, որ բոլոր այն հայ հետնորդները , որոնք հայասպանության ցավը ունեն իրենց հոգում, կարդալով այս պատմությունները ` ուժ , արիություն եւ կամք կգտնեն` հաղթահարելու համար ամեն տեսակ դժվարությունները` հասնելու վերջնական հաղթանակի:

Մեզնից` երկրի վրա ապրող ամեն մի հայի ուսերին նստած է մեր անմեղ ազգակիցների ոչնչացման պատասխանատվության բեռը:


Վերջին ճամփաբաժանը անապատից առաջ


- Թե հասնեմ էն քարին` քիչ կնստեմ,- ինքն իրեն խոստացավ տղան: Քարը հարյուր մետր հեռու կլիներ. կլոր գլաքար էր եւ շրջապատի տաք ավազի մեջ երեւում ու կորչում էր, երեւում ու կորչում էր: Դժվար էր քայլել:

Տղան շատ էր քայլել: Բոբիկ էր, բայց դա այնքան էլ չէր խանգարում, քանզի ոտերի կաշին պնդացել , հաստացել էր եւ ավազի ջերմությունը չէր զգում: Միայն ձախ կրունկի քարխեց վերքը ավազը խտղտում էր, բացված միսը այրում, շատ էր ցավում: Այդ ոտը միշտ էլ չի ենթարկվել իրեն. միշտ էլ նրա երեսից ամաչել է` կարճ էր աջից ու թույլ:

Տղան հիշեց, թե ընկերները ինչպես էին ծաղրում:

- Կաղ, կաղ,- կանչում եւ խաղերին միշտ դուրս էին գցում, խաղընկեր չէին վերցնում: Լացում էր, խռովում, հետները չէր խաղում, բայց մենակ էլ մնալ չէր կարողանում, եւ գնում էր նրանց մոտ:

Ինքն իրեն երդվել էր, որ կմեծանա, մեծ , շատ մեծ մարդ կդառնա ու բոլորից վրեժ կլուծի, բոլորը կնախանձեն իրեն եւ այլեւս չեն հիշի, որ կաղ է:

Իսկ դպրոցում առաջինն ինքն էր արդեն, եւ ուսուցիչը բոլորից շատ իրեն էր սիրում: Ընկերները կարծես քաշվում էին, առաջվա պես չէին ծաղրում , իր օգնությունն էին խնդրում դաս սովորելիս: Լավ կլիներ, եթե նրանցից գոնե մեկը լիներ, եւ թող ծաղրեր սրտի ուզածի չափ: Քարխեց վերքը ուժեղ ցավեց. նայեց` արյունոտվել էր, քար էր մտել: Մոտեցավ պղտոր գետին, կռացավ եւ գետի գոլ ջրով ոտը լվաց: Ցավը մեղմացավ: Մոտից մի քարդոդոշ փախավ իր նշած քարի ուղղությամբ:

…Եթե ինքը քարդոդոշ դառնա` հեշտ կլինի, մի ոտը կաղ չի լինի, արեւից չի այրվի, ծարավից չի տանջվի, սոված չի լինի ու կգնա կհասնի: Հասավ քարին: Գլուխը դրեց ստվերում ու պառկեց:

« Որ խոստացել եմ ինքս ինձ, ուրեմն պիտի հանգստանամ: Մինչեւ երկուհարյուրը կհաշվեմ ու եկուհարյուրին պիտի կանգնած լինեմ, քայլելիս:- Մեկ, երկու, երեք: Նանն ասում էր քարդոդոշներից հեռու կմնաք: Քարդոդոշը կպչում է մարդու փորից ու պոկ չի գալիս: Քարդոդոշը մողեսի նման չէ: Ութ, ինն, տաս: Պոկ չի գալիս: Քարդոդոշներ էին հանդիպում, որոնք վազում էին իրենց քարաբները. կանգնում, գլուխները բարձր տնկում ու կողքի նայում: Քար էին նետում: Քսան: Թե քարդոդոշ դառնամ, թե աստված ինձ քարդոդոշ դարձնի: Երեսուն: Գոնե քարդոդոշ դարձնի: Քառասուն: Ումի՞ց կկպչեմ: Էլի կլինեմ մի կաղ քարդոդոշ, ոչ մեկին պետք չեմ գա, ոչ մեկից չեմ կարող կպչել: Հիսուն: Անօգնական ու թույլ քարդոդոշ կլինեմ: Չէ, չորս կողմից միայն քարդոդոշներ են, որ եկել կպել են մեզնից»:

Գլուխը մեծ քարի ստվերում էր, դեմքը ավազին սեղմված, կարծես մի փոքր լավ էր: Քնեց: Քնած ժամանակ նրան թվաց, թե տղաների հետ գառներ է արածեցնում: Հանկարծ ուլերը, գառները, տղաները թեւեր առան ու թռան: Իրեն ձեռքով էին անում ու կանչում իրենց մոտ: Ուլն ու գառը սկզբում կլավում էին, հետո լեզու առած իրեն կանչեցին, բայց չէր կարողանում, թեւեր չէր ունենում, չէր թռչում; Արեւն այրում էր, շոգ էր, մնացել էր ձորի եզրին, փռշենու տակ մենմենակ: Ձորից, քարատակերից քար- դոդոշներ դուրս եկան ու ճխլված, տափակած վազքով եկան պատեցին իրեն, անասունի շեղ հայացքով տնտղում էին իրեն, ապա սկսեցին շան պես հաչել, իսկ ինքը մենմենակ էր, փայտ անգամ չկար , որ խփի: Ձեռքերը կապա՞ծ են, թե՞ կպել են կողքից: Ապա բոլորը մեկեն կպան փորից, արյունը ծծում էին, աղեգալարները կուլ տալիս, ծիծաղում, կուլ տալիս, ծիծաղում, Զարմանալին այն էր , որ ինքը չէր մեռնում, կանգնել ու նայում էր, կանգնել ու նայում էր:

«Աստված երեւի ինձ մահ չի տվել, մարդիկ , երեւվի մահից հետո էլ են ապրում, անգամ, եթե ինձ ուտում էլ են, մեկ է, աստված ինձ մահ չի տվել, թե չէ ինչու՞ չեմ մեռնում: Նա՞նը: Այդ նա՞նն շան կապը բռնած իրեն փնտրում, բայց ճամփան շեղել է, թիկունքով դարձել է դեպի ինքը, ու հեռանում է: Նանի~ , նանի~…: Չի լսում: Նանի~»:

Արթնացավ: Գլուխը մնացել էր արեւի տակ, ցավում էր, աչքերը դուրս էին թռչում: Արեւի՞ց էր, թե՞ սովից: Երեք քայլ դենը երեք քարդոդոշներ գլուխները տնկած` նայում էին: Ցանկացավ քարով խփել: Հետո, միանգամից, մոռացավ, թե նրանց, թե շոգը, թե արեւը, թե այրող ավազը, փորը լարվել ու ցավում էր: Թվում էր , թե այդքան սոված չի եղել:

Ի՞նչ պիտի ուտի: Երբ հեռացավ, նանի հագուստների ծալքերի մեջ գարեհացի կտորներ էր գտել; Ճամփին, երբեմն, ուտելու խոտեր էր գտնում: Գարեհացի մի կտոր ուներ դեռեւս, որը որոշել էր տեղ հասնելուց հետո ուտել:

«Եթե հիմա չուտեմ, գուցե տեղ էլ չհասնեմ,- ինքն իրեն խորհուրդ տվեց տղան,- հիմա մի քիչ կուտեմ»:

Այն ավազի էր նման: Շաղախվելով թքի հետ, երբ երկար ծամում էր` դառնում էր համով ու քաղցր:

«Ավելի լավ կլիներ, եթե ջուր ունենայի, նոր ուտեի»:

Նա մի քանի դանդուռ գտավ, արմատներով հանեց, պահեց ձեռքին, ապա գտավ մի հարմար տեղ, որտեղ ավազը գետի ջրի բարձրությանն էր. նստեց ու մատերով փորեց այնքան մինչեւ ջուր հավաքվեց: Դանդուռ դրեց հացի վրա ու կերավ: Ջուրը պարզեց. կռացավ ու խմեց` այն սառն էր ու լավը: «Լավ կլիներ, եթե ճամփաբաժանը այստեղ լիներ, տեղ հասած կլինեի, գոնե սառը ջուր կունենայի»: Նայեց վերեւ. արեւը կախ էր ընկել:Գետի պղտոր ջրերը դանդաղորեն առաջ էին շարժվում, այնքան դանդաղ, որ կարծես կանգնած լինեին: Ջրի երեսին լողում էին կանանց ու երեխաների ուռած , փքված մարմինները: Հիշեց իր տասնչորս տարեկան եղբորը ` Արամին, որին իր տարիքի այլ տղաների հետ միասին տարան ու գետի մեջտեղում լաստի պարանները կտրտեցին : Լողալ չիմացող տղաները թփրտում էին նոր մորթված աքլորների պես, գետի ջրերը վեր-վեր ցայտելով:

«Թե այսպես գնամ` չեմ հասնի, եւ բոլորին այս կողմ կքշեն:Առանց այն էլ մի ոտս քիչ է օգնում, գոնե կաղ չլիներ: Ի՞նչ կարող եմ անել. աստված, որ մի քիչ ինձ ուզենար, մի քիչ բարի լիներ, ինձ կաղ չէր ստեղծի, եւ ես արագ կգնայի»: Նա տրորեց կաղ ոտը սառը ջրի մեջ ու թափով ելավ:

«Թեկուզ այսպես կաղ, այսպես սոված, այսպես մենակ, թեկուզ մեռնելիս էլ լինեմ, պիտի հասնեմ»:

Նա հիշեց Նանի ու չեթեի* զրույցը: Ճամփաբաժան էր, թույլ էին տվել նստել:

Նան.- Այս ճամփան ու՞ր կտանի:

Չեթե.- Հալեբ:

Նան.- Մեզ Հալե՞բ պիտի տանեք:

Չեթե.- Չէ:

Նան.- Ու՞ր պիտի տանեք

Չեթե.- Տեր- Զոր:

Նան.- Հալեբ գնացող վերջին ճամփա՞ն է սա:

Չեթե.- Այո:

Ինքը նանի փեշերի մեջ թաքնված լսում էր: Նանը խնդրեց, որ իրենց թույլ տա` գնան Հալեբ: Չեթենը խոստացավ, վերցրեց վերջին ոսկիները ու ասաց, որ Տեր-Զորում ավելի լավ է, քան Հալեբում: Իսկ Տեր - Զորից միայն ինքն է ահա, որ կա: Հիմա պիտի գնա, պիտի գնա ճամփաբաժանը, բոլորին ասի, բոլորին զգուշացնի, որ Տեր-Զոր չիջնեն, այլ գնան Հալեբ, քանզի Տեր-Զոր գնացողներից ոչ ոք չի ապրում:

-Որ կաղ չլինեի, հիմա հասել էի,- ինքն իրեն խոսեց տղան:

Նա լավ չէր հիշում, թե որտեղ է այդ ճամփաբաժանը, բայց գիտեր, որ կա այն եւ տանում է դեպի Հալեբ: Վերջին ճամփաբաժանն է անապատից առաջ:

«Հենց այսպես կաղ պիտի հասնեմ, կարծես, որ ոտքս առողջ լիներ` վազելու էի»:

Ինքն իրեն խաբում, հուսադրում էր: Ճամփին քարդոդոշներ էին հանդիպում, գորշ մողեսներ, սեւ ու կարմիր օձեր: Կանգնում էր հմայվածի պես ու նայում կարմիր օձին. չէր վախենում, սպասում էր այնքան, մինչեւ որ օձը բարակ վիզը թեքում էր, լեզուն հանում, տարուբերում:

« Ես ձեզ չեմ խանգարում, ապրեք աստծո տված օրենքով, ես ձեզ համար կեր չեմ, գնացեք, հեռացեք ճամփից, դուք ձեր տանն եք, իսկ ես օտար եմ այստեղ, ես կարեւոր տեղ ունեմ գնալու, անհետաձգելի գործ ունեմ կատարելու, ես ձեզ չեմ հալածում, չեմ սպանում, դուք էլ ինձ վնաս մի տվեք»,- մտքով զրուցում էր նրանց հետ:

Մեկ-մեկ շրջանցում էր, մեկ-մեկ էլ սպասում, որ նրանք հեռանան, կորչեն աչքից: Մի բան հաստատ գիտեր, որ այդպես անիմաստ ձեւով չպիտի մեռնի: Արեւը մայր մտավ: Ոպեսզի չշեղվի ու չկորչի անապատում` մոտեցավ գետին ու գետափով քայլեց: Երբ արեւ չկար, քայլելը հեշտ էր: Պինդ մթնեց: Լուսին չկար, երեւացին աստղերը, չէր վախենում, վախը մնացել էր այնտեղ` հյուսիսում, գետերից ու սարերից դենը, երբ ամիսներ առաջ իրենց հանեցին տներից ու քշեցին հարավ: Արդեն սովորել էր, որ մենակ է, անապատ է ու գիշեր է. անգամ գիշերը գերադասում էր ցերեկից: Բորենիներից էր վախենում: Անտերները գալիս քրքրում էին մեռելներին, իսկ, թե մեռած չէին լինում` դնչները ցցած սպասում էին, որ մեռնեն:

Լսեց բորենիների վայունը:

«Այստեղ, մոտերքում քարավան են ջարդել»:

Մոտեցավ ջրին:

«Այնքան էլ սարսափելի չեն: Նանն ասում էր, որ կենդանի մարդկանց չեն մոտենում, իսկ ինքը կենդանի է»,- սրտապնդում էր ինքն իրեն:

Դուրս եկավ լուսինը, որի լույսի տակ աշխարհը կարծես հոգեորվում էր: Գետը ծանր ու դանդաղ հոսում, շշնջում էր ականջին. « Թե ծարավես, ջուր կտամ խմելու, թե հոգնես, ոտերդ իմ ջրերով լվա` հոգնությունդ կանցնի ու քայլելը հեշտ կլինի, ինձնից մի հեռացիր, ավազուտներում կշփոթվես, ես քո նպատակին կհասցնեմ»:

Չոր, այրող ավազը դառնում էր փափուկ ու հաճելի, կարծես լուսինը վերափոխում էր, դարձնում հարթ, որ քայլելը հեշտ լինի: Մեծ մեծ քարերը կարծես հալվում էին, փոքր, փայլուն քարերը լուսավորում էին ճամփան: Աստղերը երկնքից աչքով էին անում, կայծկլտում. «Քայլիր, քայլիր փոքրիկ մարդ, մենք քեզ լույս կտանք, մենք քեզ ճամփա ցույց կտանք, մի վախեցիր»:

Ավազեբլուրները ցերեկվա տապից հետո կարծես նիրհում էին լուսնի լույսի մեջ ու ետ քաշվում: Բոլոր շնչավոր էակները ննջում էին, ինքն էր , որ միայն քայլում էր: Տղան հոգոց քաշեց, հայացքը սեւեռելով աստղաշատ երկնքին` փնտրելով իր աստղը: Ամեն երեկո տան կտրին, քույրերի ու եղբայրների հետ ոտնուծոց պառկած, մինչեւ քնելը նանը հեքիաթ էր պատմում աստղերից իջած աղջկա, արեւամանուկի, լուսնակ քուրիկի ու ջադուկների մասին:

Ամեն մեկին ցույց էր տալիս իր աստղը, «Բալիկներս, տեսե՞ք ինչ պայծառ են ձեր աստղերը, նրանք արեւքուրիկներ են, նրանք հսկում են ձեզ, նրանք ձեզ քաղցր երազներ պիտի ուղարկեն: Դե, քնեցեք»:

Մանուկի աստղը կա, Մուշեղի աստղը կա, Նազանի , Նշեի, ու Արամի աստղերը կան, իսկ իրենք չկան: Հայրիկն աստղ չուներ, մաման աստղ չուներ, միայն մենք ունեինք, ու մնացել եմ ես մենմենակ:

Ողջ գիշերը գետափով քայլելուց հետո արեւածագին մտավ մի մեծ քարի տակ ու քնեց: Արթնացավ, երբ կեսօր էր, մարմինը թափ տվեց ավազից, նայեց շուրջը` կրծած ոսկորներ կային, չուզեց տեսնել: Տանել չէր կարողանում անապատի ավազուտների մեջ դուրս ցցված սպիտակ ոսկորները: Մի քանի ուտելի խոտ գտավ, ծամեց, դառն էր, կուլ տվեց ու շարունակեց իր անվերջանալի թվացող ճամփան: Մոռացել էր իրեն, իր առաջվա կյանքը, կարծում էր , թե ծնվել է ճամփին, ավազեբլուրների վրա եւ ճամփա է ընկել այդպես կաղ ոտքով, այրող ավազուտներով դեպի իր նպատակակետը, աստված իրեն այդպես է ստեղծել: Շոշափեց փեշի տակ եղած գարեհացի կտորը` կար այն: Ուտե՞լ, թե՞ չուտել. քանի դեռ հացը կպած էր կողքից, մտածում էր , որ հաց ունի, որ ցանկացած ժամանակ կարող է նստել եւ ուտել, բայց նանի պես կանի: Զառից մինչեւ Տեր-Զոր նանը միշտ հաց ուներ թեւի տակ պահած: Երբեմն մի մի փշուր պոկում էր ու բաժանում իրեն , Նշեին Արամին, իսկ ինքն ու մաման չէին ուտում, միչեւ ու ճանապարհին հաջողվում էր թուրքերից, քրդերից կամ արաբներից հաց գնել, թան, երբեմն էլ պաստեղ: Այդ դեպքում միայն հոգեպահուստ հացը ուտում էին: Տղան հեռացավ գետափից` այնտեղ բորենիների գիշերային խրախճավայրն էր: Տեսնել չէր ուզում: Բավական հեռու, մի մեծ քարի տակ ընկած էր մեկը, բորենիները դեռ չէին վնասել: Մոտեցավ , տնտղեց քրջոտ շորերը` ուտելու ոչ մի բան չգտավ: Երկու քայլ դենը կարմիր թաշկինակի մեջ կապած իր կար: «Հաց է,- ուրախացավ,- կես հաց է»: Վերցրեց, կեսը երեւում էր` կարմիր ու պինդ: «Ցորեն հաց է»: Ցանկացավ ուտել մի կտոր, բայց միտքը փոխեց, գտածը թաքցրեց , իսկ իր գարեհացի կտորը հանեց ու սկսեց ուտել: Նա կնոջ արյունոտված գլխաշորը քաշեց հանեց, տարավ գետում լվաց արյան հետքերը, մզեց ու հոր պես կապեց գլխին` արեւն էլ առաջվա պես չի վառի:

«Քեզ այլեւս պետք չէր,- մտքով դիմեց ընկած կնոջը,- ներիր ինձ, եթե շատ շտապելիս չլինեի, քեզ ավազով կծածկեի. ես սոված էի` դու ինձ հաց տվիր, մարմինս բաց էր` դու ինձ գլխակապ տվիր, ներիր ինձ: Տեր աստված, արածս գողություն չես համարի` մեռածին հացն ու շորը էլ պետք չէ»: Ծարավեց: Մյուս օերի պես գետափի ավազը այնքան քանդեց, մինչեւ որ պարզ ջուր ստացվեց: Խմեց այդ ջրից,կշտացավ եւ, ինքն իրեն նախատելով, որ ավելի շատ իր փորի համար է մտածում, շարունակեց ճամփան դեպի վեր, դեպի վերջին ճամփաբաժանը: Իսկ որտե՞ղ էր այն: Տղան ցանկացավ վերհիշել. երկու ծառ կար գետի հակառակ կողմում, ճամփան բաժանվում էր ու թեքվում դեպի արեւմուտք: Չեթեները կրակ էին արել: Երկու կին մեռան, նրանց տարան գետի ափն ու ավազով ծածկեցին: Նանն ասում էր, թե ճանաչում է նրանց` քաղաքից էին, Սեբաստիայից, մեծահարուստ տան հարսներ էին. մատերը նրանց փուշ չէր մտած, ոտերը նրանց քարի չէր կպած, հագերնին խաս ու ատլաս էր , վրաննին` ոսկի ու արծաթ,- վերջերնին էս էր:» Երբ գտնեմ ծառերը, ճամփան ու այն երկու կնոջ գերեզմանը` ուրեմն իմ ճամփաբաժանն է այդ»:

Ավազի վրա քայլելը դժվար էր: Մեկ-մեկ քարեր կային ընկած, որոնց հենվելով հեշտ էր առաջանում:Երբեմն քարերը փոքր էին լինում, որոնք էլ խրվում էին ավազի մեջ, իսկ կաղ ոտքը ավելի խորն էր գնում, քանզի թեք էր հրում: հետքից անգամ երեւում էր, որ քայլողը կաղ է եղել: Հեռու~ հորիզոնում ուրուրներ ու բազեներ էին երեւում, նրանք երկնքում պտտվում էին ու սրաթռիչ ցած սլանում, իսկ երբ մոտ էր լինում` լսում էր նրանց կռինչը: Փորձով արդեն գիտեր, որ նրանք ուտում են նոր ընկածների աչքերը, լյարդն ու սիրտը:

Համատարած ավազեբլուրները շարքով օրորվում էին պղնձե արեւի տակ, իսկ հորդ ու դանդաղահոս գետը իր պղտոր ջրերը առաջ էր մղում: Տղան ակնդետ նայում էր գետի հունով վեր` հուսալով այնտեղ տեսնել իր ակնկալած ծառերն ու ճամփաբաժանը, բաըց չկային:

«Ինչքան շատ ենք անցել. կարծում էի, թե շատ էլ հեռու չէ: Այն ժամանակ նանն ինձ հետ էր, Նուշիկն ու Սաթենիկը կային, մամային Ռաս- ուլ- այնում կորցրինք: Նանը հաճախ կրկնուն էր ` Ռաս- ուլ- այն, որ միշտ հիշենք, թե մեր մորը ուր կորցրինք: Այն ժամանակ ավելի դժվար էր քանց հիմա. սոված էինք ավելի, ես հիմա ավելի շատ հաց ունեմ, բացի այդ էլ ես ուտելու խոտեր ավելի ունեմ, չէ՞ որ ես հիմա մենակ եմ»: Ուտելու կանաչներ` նրանք որոնք կարող էր ծամել ու կուլ տալ, հավաքում ու թաքցնում էր ծոցի մեջ, իսկ որոնց չէր ճանաչում` ծամելով փորձում էր` թե կուլ տալ լինում էր, դրանք էլ էր հավաքում:

Արեւամուտին, հորիզոնի վերջում, ինչ որ ծառ երեւաց, ուրախացավ:

«Մինչեւ արեւի մայր մտնելը կհասնեմ ծառին, դա հենց իմ ծառն է, ճամփաբաժանի ծառը»: Կարծես նոր ուժ ստացավ, կաղ ոտը ամուր էր առաջվանից ու լավ առաջ էր մղում: Բարձրանալը հեշտ էր, դժվարը ավազեբլուրներից իջնելն էր, սրունքները կարծես կոտրվում էին, կաղ ոտը լրիվ հուսահատեցնում էր` կողքի էր իջնում, քարից քար թռչում, երբեմն էլ նստում ու սահում ավազի վրա:

«Ինն օր է արդեն քայլում եմ ու դեռ տեղ չեմ հասել: Շատն անցել է, իմ ճամփաբաժանի ծառը երեւում է արդեն»:

Ճամփաբաժանը իրենն էր, վաղ, թե ուշ պիտի հասներ: Նա հիշեց,թե ինչպես Նուշիկն ու Վարսիկը արաբների ձեռքը բռնած գնում էին ու ետ նայում:

Նրանք չէին լացում, ինքն ու նանը չէին լացում: «Թող փրկվեն, ինչ որ լինեն ` մեկ է` արաբ, քուրդ, թե թուրք, արդեն մեկ է, երեխա են, թող փրկվեն»:- Նանն ինքն իր առաջ արդարանում էր: Չկարողացավ իրեն էլ որեւէ արաբի կամ քրդի տալ, կաղ էր, մեծ էր այնքան, որ իր հայ լինելը չեր մոռանա:

«Քանի որ մենք այնքան համառ էինք, Սեբաստիայից մինչեւ այստեղ կենդանի մնացինք,- վերջում սխալվեցինք,- գիշերը պիտի փախնեինք Հալեբ, գիշերը պիտի փախնեինք Հալեբ»:- Վերհիշեց նանի վերջին խոսքերը:

Երբ չեթեները սկսեցին կրակել, երեկո էր արդեն, բոլորն էլ թափվել էին ավազի վրա ու բոլորն էլ ուզում էին մեռնել: Պառկել էր նանի կողքին ու սպասում էր մեռնելու, այնքան էլ դժվար չէր` մեռնելը փրկություն էր, դժվարը ապրելն էր: Խղճում էին նրանց, որոնք դեռ կենդանի են մնացել ու պիտի , ստիպված, անցնեն իրենց ճամփան: Պառկել էր նանի կողքին ու սպասում էր մեռնելու, չմեռավ, ինչպես պատահեց, ինքը չգիտի մինչեւ հիմա: Երբ ամեն ինչ լռեց, նանն իրեն ծածկել էր իր մարմնով, դուրս եկավ դիակների արանքից, վերցրեց թաշկինակի մեջ փաթաթած գարեհացի կտորները, ուրիշների մոտ ինչ որ ուտելիք գտավ` հավաքեց ու հեռացավ; Սկզբում աննպատակ թափառում էր, ակամա քայլում գետափով դեպի վեր` տան ուղղությամբ, խուսափելով մարդկանցից: Ոչ ոք նրան չասաց այդ մասին, բայց մի օր էլ հասկացավ, որ ինքը կարող է փրկել մարդկանց, եթե հասնի վերջին ճամփաբաժանը ու բոլորին զգուշացնի, բոլորին հայտնի Տեր-Զորի մասին ու բոլորի ճամփան շեղի դեպի Հալեբ: Ու երդվեց, որ կհասնի այնտեղ, որ քանի դեռ ինքը կենդանի է` թուրքերին չի հաջողվի ոչ մի քարավան Տեր-Զոր քշել:

«Կհասնեմ: Կարծում եմ, որ շատն անցել եմ արդեն, մնացել է քիչը, ես տեղ կհասնեմ անպայման»:

Արեւամուտին նա հասավ ծառին: Ուռի երկու ծառեր էին, նրանց ստվերում եղնարոտի նման ուտելի խոտ գտավ`հավաքեց ու սկսեց ուտել: Համով էր ու ջրալի: Նա շատ հույս ուներ, թե դրանք իր ճամփաբաժանի ծառերը կլինեն, բայց այդտեղ ճամփա չկար, ծառերը գետի այս կողմում էին, չկար սեբաստացի երկու կնոջ գերեզմանը:

«Գուցե մոլորվել եմ,- տղան սարսափեց այդ մտքից,- ես չպիտի մոլորվեմ, ինչ էլ լինի պիտի գտնեմ»:

Պառկել էր ուռի ծառերի տակ, թեւերը տարածել ու տենդագին շնչում էր: Ոտերը տնքում էին, քարխեց վերքը բթացել անզգայացել էր, կարծես վերք չկար, կարծես գոյություն չուներ այդ կրունկը իր տնքացող վերքով: Տղան դժվարությամբ նստեց. գլուխը պտտվում էր, սիտը թույլ խառնում, աչքերին կայծեր էին երեւում, կլոր շրջանակներ, կարծես անապատը հրդեհվում էր: Քանի դեռ պղնձե արեւի տակ, տաք, այրող ավազի վրա սոված ու ծարավ քայլում էր, ձգտում էր ժամ առաջ հասնել ծառերին, լավ էր զգում, բայց այժմ հասել ու հուսախաբ էր եղել, դրանք իր ծառերը չէին, այդտեղ ճամփաբաժան չկար: Դժվարությամբ նստեց, քարխեց վերքը եղունգով փորփրեց` ցավ չկար: Այնքան քրքրեց, մինչեւ արյունեց: Տաք էր արյունն ու այրող, ցավ զգաց, բթության զգացումը անցավ: Մոտեցավ գետին, լվացվեց, տրորեց քիթմռութը, խնչեց, քթից արյուն կաթկթեց` այն սեւ էր ու թանձր: Նստեց տաք ջրի մեջ ու այնքան քամեց, որ արյունը ինքն իրեն կտրվեց: Գնաց նստեց ծառի տակ: Նա շոշոփեց գտած հացի կտորը` կար այն, կպած էր կողքից` իր հույսի նման չոր ու կոշտ: Գարեհացի վերջին մանրունքները հանեց ու կանաչ եղնարոտի հետ կերավ: Չէր ուզում քայլել. այստեղ լավ էր. կանաչ կար, ծառ կար, հենց այդպես` կպառկի ու կքնի:

« Չեմ ուզում էլ կաղ ոտս քարշ տալով գնամ, թե ուր, ինքս էլ չգիտեմ: Գուցե՞ այդ ճամփաբաժանը չկա էլ ու ես իզուր եմ ավազի, ծարավի, արեւի , սովի, ու հուսահատության հետ կռվում, սրանից լավ տեղ չկա, կմնամ այստեղ մինչեւ մեռնեմ»,- խռովել էր ինքն իրենից ու հուսահատվել: Պառկեց, թեւերը տարածեց ու աչքերը փակեց: Քնեց: Լուսնումութի կողմն արթնացավ: Աստղերը փայլում էին պարզ երկնքում: Չիմացավ, թե որտեղ է, թվաց թե տանն է, Նուշիկը կողքին պառկած է, մայրը հիմա ձեն կտա: Երբ զգաստացավ, զարմացավ, որ այդքան ժամանակ ծառերի մոտ է: Այլեւս ամպ չկար աչքերի առջեւ, գլուխը ծանր չէր ու ցավից չէր տրաքում, աչքերը դուրս չէին թռչում, միտքը պարզ էր, ինչպես այդ վաղ առավոտվա երկինքը:

«Մի ամբողջ երեկո ու գիշեր կորցրել եմ,- մտածեց տղան,- ապիկար եմ ես, թույլ ու երդմնազանց»:

Ելավ. ինքն իրեն ուժ տալու եւ հույս, ինքնավստահութըունը վերականգնելու համար կրկին երդվեց ու շարունակեց իր ճամփան դեպի վեր, դեպի անհայտության մեջ օրորվող իր նպատակետը` ճամփաբաժանը: Հետ չէր նայում, չէր ուզում հիշել ծառերի հովը ու հանգիստը: Գնալով ավազը ավելի մանր էր դառնում, հենարան քարերը պակասում էին, դժվար էր քայլել: Սրունքները խրվում էին ավազի մեջ: Երեկ երեկոյան ինչ եղնարոտ ու գարեհացի փշուրները կերել էր` այդ էր: Չոքեց ավազին, հանեց երեկվա քաղած խոտերը, հանեց հացի չոր կապոցը ու արձակեց: «Չէ, չպիտի ուտեմ, հիմա այնքան էլ սոված չեմ ու չեմ մեռնում, խոտերը կուտեմ: Տղան հացի կտորը փեշի տակ թաքցրեց, մի քանի խոտեր ծամեց ու կուլ տվեց: Շարունակեց առաջանալ: - Էհ, այ կաղ ոտ, առաջ, թե միայն քեզնից էի նեղվում, հիմա աջն էլ քո պես է դարձել, այն տարբերությամբ որ նա քո պես դիմացկուն չէ ու պինդ: - Ինքն իրեն զրուցեց տղան: - Չեմ հիշում, թե այսպիսի տեղերով անցած լինենք, գուցե՞ մեզ ավելի կարճ ճամփով էին տանում, գուցե՞ ես մոլորվել եմ: Հետ նայեց: Ուռիները չկային: Ծարավ էր, մի քանի կանաչներ հանեց ու ծամեց, չոր էին ու սմքած, կուլ տվեց: Կեսորին ձիավորներ նկատեց: Թաքնվեց քարերի արանքում ու սպասեց մինչեւ, որ նրանք անցան; Չեթեներ էին, դուրս եկավ նրանց հետքը բռնեց ու շարունակեց ճամփան: «Չեմ մոլորվել, սրանք երեւի քարավան են տարել Տեր-Զոր ու հիմի գնում են նորը բերելու: Չէ, չեմ մոլորվել»: Ուրախացավ: Կարծես շոգ չկար, կարծես սոված չեր, ուժ եկավ վրան: «Ինչպես կրիա, կրիայի պես եմ քայլում:- Գոնե մի կրիա լիներ մոտս այսքան մենակ չէի լինի: Չեմ հիշում, թե երբ եմ խոսել: Վաղուց չեմ խոսել»: Տղան ցանկացավ խոսել, ձայն հանել, լսել թեկուզ սեփական ձայնը: - Մամա~, մամա~, մամա~, է~ , հէ~, հէ~ , հէ~յ,- ձայն չէր լսում: « Երեւի խլացել եմ»: Ոչինչ չէր տեսնում. հեռվում մշուշ էր, մոտիկ մշուշ էր, աչքերի առջեւ կայծեր էին երեւում: Թվում էր , թե հեքիաթների սեւ աշխարհն է ընկել ու ուր որ է հիմի հզոր արծիվը իրեն կվերցնի թեվերին ու լույս աշխարհ կհանի: Շա~տ կուզեր, որ այդպես լիներ, լիներ Սասնա Դավիթը, որ գար ու տեր գանգներ իրենց: Չկային: Կարծես ինքն իրեն շարժվում էին ոտերը համատարած ավազի ծովի վրա: Նա փռվեց ու քիթ բերանով թաղվեց ավազի մեջ: Մի պահ թվաց, թե մոտիկ, շատ մոտիկ շվի են փչում: Նստեց, ոտերը քաշեց իրեն ու հայացքը հուսահատորեն հածեց դեպի հյուսիս` ոչինչ չկար բացի ավազեբլուրների շարքից, հարավ` չկային իր ուռենիները, արեւելք` գետն էր դանդաղահոս, պղտոր, անացանելի, իսկ արեւմուտք նայելու պետք չուներ, այնտեղից բորենիներ էին գալիս, աղվեսներ, օձեր ու թուրքեր: Կանգնեց, թափ տվեց իրեն ու փորձեց շարժվել: « Համա թե կհասնեմ,- ինքն իրեն ծաղրեց տղան,-ես ինչքան թույլ եմ, անկարող ու խեղճ, չեմ կարողանում, չեմ կարողանում, բոլորին կբերեն, կլցնեն Տեր-Զոր ու ոչ ոք չի մնա: Ես ո~վ եմ, որ կարողանամ արգելել»: Մահը կարծես տիրել էր ողջ մարմինը, մնացել էր միայն միտքը` զգաստ ու սթափ: «Քանի որ կարելի է մեռնել, փորձեմ նաեւ ապրել, չէ՞ որ մեկ է` ապրել, թե մեռնել, ես կփորձեմ, հապա փորձեմ առաջ շարժվել, ուր էլ լինեմ` կարող եմ մեռնել, իսկ գոցե այդ ընթացքում հասնեմ»: Քայլեց առաջ: Դիմացը` քիչ հեռվում երեւաց մի լճակ եւ անտառ, եւ կանաչ սարեր, իսկ տները բարդ-բարդ կուտակված էին իրար վրա, Որքան մոտենում էր` այնքան հեռանում էին` քաղաքը , ծառերը, լճակը: Աքլորները կանչեցին, իսկ , թե ուր էին` չգիտեր, լսում էր միայն նրանց ձայնը: Տրորեց աչքերը: Քիչ անց ոչ ծառ, ոչ լիճ, ոչ քաղաք, ոչ էլ կենդանի մի շունչ կար:

- Այս ինչ է լինում ինձ հետ` երեւի մեռնում եմ: Մոտեցավ գետին, ոտերը կախեց ջրի մեջ, նրանք տնքում ու ծանրացել, արճիճ էին դարձել: Տրորեց, կսմթեց` ցավ չէր զգում: Վեր կացավ ու շարունակեց քայլել: - Ավելի լավ. մեռած, թե կենդանի` պիտի շարժվեմ, պիտի գնամ: Նա իրեն ավելի ուժեղ զգաց այդ վճռից, կարծես իր էության մեջ, անհայտ խորերում թաքնված ուժ կար, որը երեւան էր գալիս ամեն մի հուսահատության հաղթահարումից հետո, եւ իրեն զգում էր ավելի զորավոր քան արեւի այրող շոգը, վառվող ավազեբլուրները ու սոված մարմինը, որն անընդհատ, անվերջանալի կերպով տնքում էր: Երբ արեւը մայր մտավ` տղան ավազեբլուրների մեջ դեռեւս շարժվում էր դեպի հյուսիս, դեպի իր նպատակը: - Սոված եմ, այսօր ոչինչ չեմ կերել: Նստեց ու աստղալուըսի տակ բացեց իր հացը` փորձեց կծել: Ոչինչ չպոկվեց:

-Որքան պինդ է ու չոր: Չկարողացավ ուտել. նույնությամբ կապեց ու թաքցրեց փեշի տակ: « Քանի դեռ այսքան հաց ունեմ, սոված չեմ,- հուսադրեց ինքն իրեն:- Այսօր էլ ծոմ կպահեմ քո անվամբ` Սուրբ Աստվածածին,- տղան հիշեց աստվածամոր պատկերը, մանուկ Հիսուսը գրկին, մարմարե շրջանակի մեջ, որի աջ կողմում իրենք կանգնած ամեն կիրակի երգում էին: Նա իրեն հայտնի բոլոր սրբերի պատվին ծոմ էր պահել, որ հասներ իր նպատակին: Պառկեց մեջքի վրա` աստղերը ինչպես միշտ ժպտում էին ու կանչում իրեն` եկ, եկ մեզ մոտ: «Ավելի լավ է գիշերը քայլեմ, իսկ ցերեկը քնեմ,- ինքն իրեն խորհուրդ տվեց տղան,- գիշերը հեշտ է քայլել»: Ելավ, դանդաղորեն շարժվեց դեպի վեր, քայլեց ողջ գիշերը: Երբ այլեւս շարժվել չէր կարող` թաքնվեց ավազի մեջ:Շատ էր սոված, հանեց կապոցը, արձակեց կապերը, բայց հիշեց, որ չի ուտվի մինչեւ չթրջվի: Թեքվեց դեպի գետը. նոր հանգած կրակի տեղ կար, ձիու թրիք: «Չեթեները հաց են կերել այստեղ ,հանգստացել»: Շուռ եկավ, կրծած ոսկորներ գտավ, ձիու թրքի մեջ չմարսված գարի հավաքեց: «Լավ եղավ, ուտելու բան գտա, սրանք կուտեմ, իսկ իմ հացը կպահեմ»: Նայեց, այնտեղ հորիզոնի վերջում երկու ծառեր կային, շփեց աչքերը` չէին անցնում, իսկական էին: « Նրանք , անպայման, իմ ծառերն են, ու ես կհասնեմ այսօր»: Շարունակեց իր անվերջանալի ճանապարհը: Ծառերը մեկ մոտենում, մեկ հեռանում էին, բայց կային, եւ արդեն ուժ ուներ քայլելու: «Ապրես դու կաղ ոտք, լավ դիմացար, ամոթով չարիր եւ տեղ հասցրիր, ապրես,- ինքն իր ոտին դիմելով խոսեց տղան,- թեկուզ դու կաղ ես, բայց պատվով ես ու ամուր: Տեղ հասնելուն պես վերքդ կմաքրեմ ու կփաթաթեմ»: Ավազի,արեւի, շոգի, սովի, ծարավի ու մենակության դեմ տարած հաղթանակն էր տոնում նախօրոք: Տղան իջնում բարձրանում էր, իջնում բարձրանում էր, իսկ ծառերը ոչ մոտենում էին, ոչ հեռանում. հեռվում, ավազեբլուրների վերջում, գետի ուղղությամբ կանգնել էին` անշարժ, անհաղորդակից ու լուռ: - Մեկ է, դուք իմ ծառերն եք ու ես կհասնեմ, կգամ ձեզ կհասնեմ,- բարձրաձայն դիմեց ծառերին: Արեւամուտին ծառերն այնքան հեռու էին թվում, որքան տեսել էր նրանց տղան առավոտյան: «Գուցե դրանք ամենեւին էլ ծառեր չեն, այլ ինձ է թվում, ինչպես այն քաղաքը, անտառը եւ լիճը, գուցե ես մեռնում եմ, մեռնելիս երեւի նման բաներ են տեսնում»: Բարձրացավ ավազեբլրի գագաթը. մայրամուտի շողերի տակ ծառերը հեռու հյուսիսում, գետի փայլուն ժապավենի կողքին, օրորվում էին: - Մեկ է, ես կհասնեմ, անգամ, թեկուզ իմ ծառերն էլ չլինեն, ես կհասնեմ նրանց ու էլ չեմ գնա,- ինքն իր հետ պայմանավորվեց տղան: Նա իջավ գետափ եւ, քանի դեռ լույս էր, սկսեց փորել ավազը: Ջուր ստացավ, խմեց ամեն օրվա պես, ապա կապոցը արձակեց, հետո, մեկեն վճռական փաթաթեց ու կապեց: «Չեմ ուտի ու վերջ: Այս հացից կուտեմ այնտեղ, ճամփաբաժան հասնելուց հետո»: Որոշումը վճռական էր. գետափին շուռ-մուռ եկավ, ամեն ինչ, որ կանաչ էր, կուլ տալ հնարավոր էր` կերավ: Կերավ մի բուռ գարի, ծծեց ձեռքին եղած ոսկորները: «Հրաշալի ընթրիք արի,- ծիծաղեց ինքն իր վրա,- ճամփա ընկնեմ»: Այլեւս անապատը առաջվա նման ատելի չէր. հեռվում օրորվող ծառերը հույս էին ներշնչում: Երբեմն նայում էր երկնքին. այնտեղ էին իր հայրը, մայրը, նանը, քույրերն ու եղբայրները, իր ազգուտակը: Աստղալույսի տակ համառորեն, դանդաղորեն քայլում էր առաջ` դեպի իր նպատակը: «Այլեւս չեմ մտածի ուտելու մասին, հացի մասին, գիտեմ, որ հաց ունեմ,բայց կուտեմ, երբ տեղ հասնեմ»: Տղան ողջ գիշերը քայլեց դեպի վեր, դեպի իր ծառերը, առավոտյան, մյուս օրերի նման, մտավ ավազի մեջ ու քնեց մեռածի պես: Արեւը բավականին բարձրացել էր, երբ արթնացավ: Դուրս սողաց ավազի միջից, ելավ ավազեթմբի գլուխը եւ, ինչպես նավաբեկյալը ցամաքին, նայեց իր ծառերին: Նրանք կային, երկու բարձրուղեշ ծառեր էին, իրար մոտ, գլուխները բարձրում թեքած աջ ու ահյակ եւ օրորվում էին գետի հակառակ ափին: - Հակառակ ափին են, իմն են,- ուրախացավ տղան: - Ողջյուն ձեզ, իմ ծառեր, այդ դուք էիք, որ ինձ կանչեցիք ու դուրս հանեցիք Տեր-Զեր անապատից: Ես շնորհակալ եմ ձեզնից, որ դուք կաք, որ ձեզ չեն կտրել, որ ես գտա ձեզ: Նա ցած սահեց ավազեթմբից ու առաջացավ: Այլեւս հեշտ էր քայլելը, առջեւում ծառերը խոստանում էին եւ հանգիստ, եւ ջուր, եւ ցորեն հաց: Երեկոյան տղան արդեն հասել էր իր հանգրվանին: Կար ճանապարհը, որը թեքվում ու խորանում էր անապատի խորքը` դեպի արեւմուտք: - Այս Հալեբ տանող ճանապահն է, ես տեղ հասա: Ծառերը գետի մյուս կողմում էին: Նա փնտրեց ու գտավ այն սեբաստացի կանանց գերեզմանը` կար այն: Գետափին ավազը այնքան փորեց, մինչեւ հասավ ջրին. խճով պատեց, ամրացրեց ու թողեց, որ ջուրը քամվի: - Սա իմ աղբյուրն է, եւ ես ջուր կունենամ,- հացը հանեց դրեց կողքին:- Քանի լույս է` ուտելի խոտեր գտնեմ:- Նա մի քսան մետր ներքեւ իջավ, վերեւ գնաց, մի քանի դանդուռ գտավ եւ անծանոթ խոտեր: Շատ ուղտափուշ կար ու խնձմնձուրիկ: «Եթե դրանք փշոտ չլինեին, կհավաքեի ու բույն կսարքեի ինձ համար, բայց ոչինչ, երեւի խոտ կգտնեմ»: Ջուրը պարզել էր: Գնաց գետում լվացվեց, ապա եկավ կռացավ եւ իր ջրքամ աղբյուրից կուշտ-կուշտ խմեց` սառն էր ու քաղցրահամ: - Աղբյուրս լավն է:- Նա գոհություն հայտնեց եւ օրհնեց ջուրը, որ կա այն, որ կարող է իր ծարավը հագեցնել ամեն ժամ: Մոտ քաշեց կապոցը ու արձակեց. այն պիդ էր ու կոշտ: Կոխեց ջրի մեջ, մի քիչ պահեց ու հանեց: Փորձեց ցավացող ատամներով կծել. ոչ, բան չէր պոկվում: Տղան չէր ուղում հավատալ, որ դա հաց չէ այլ սովորական աղյուսի կտոր: - Անտեր պառավը ինչի՞ էր պահել, ինչի՞ էր կապել ու ծոցում պահել: - Գուցե՞ նա էլ իր երեխաներին է աղյուսի կտորը հացի փոխարեն ցույց է տվել, այդպես խափելով հուսադրելով մինչեւ Տեր-Զոր են հասել: - Գուցե՞ իրեն որպես աղյուս է պետք եղել, կամ հայրենի տան միակ հիշատակն է եղել…: Նա շպրտեց իր հաց-հույսը, իր ցորեն հաց կարծված աղյուսը մի կողմ ու դառնորեն լաց եղավ:

Կերավ դանդուռ եւ անծանոթ խոտեր, ծծեց իր մոտ մնացած ոսկորները, սովը չանցավ, բայց, գոնե, մի բան էր ու կերավ:

«Կարեւորը այն է , որ ես հասա:- Ես, ես հասա ճամփաբաժանին: Ջուր ունեմ, ուտելու խոտեր կգտնեմ ու կապրեմ, գուցե ձուկ էլ բռնեմ: - Ես կարողացա հասնել ու ճամփին չմեռա»: Գնաց մտավ գետը, լվաց կաղ ոտը, քարխեց վերքը ավազից ու հողից մաքրեց, շորով կապեց: - Այ կաղ ոտ, դու ավելի մեծ պատվի ես արժանի, բայց քանի որ այսքան միայն կարող եմ պատվել ու վերքդ կապել` գոհ եղիր,- դիմեց կաղ ոտքին: Նա գնաց ճամփաբաժանի ու գետի միջեւ, ավազեթմբի վրա ավազը ետ տվեց, կտորնեով ծածկվեց, ավազով պատվեց: Ոչ ոք չկար: Ոչ մի շունչ չկար, որ հետը խոսեր, վերեւից աստղերը միայն ժպտում էին. կարծես նրանք գովերգում էին տղայի դժվարին անցումը անապատից դեպի իր նպատակը, իր ճամփաբաժանը:

Նա գլուխը դրեց ու քնեց: Երազում նանը թոնիրը վառել ու լավաշ էր թխում, իսկ ինքը նստել էր Նուշիկի կողքին , տաք լավաշով ու ոչխարի պանրով բուռում արած հաց էր ուտում::

Տղան ժպտում էր երազում:

  • * *

Վկաները. ա.- Շտապ օգնության բժիշկ իմ ընկերը պատմում է.- «Մի անգամ Նոր-Սեբաստիա կանչի գնացի: Հիվանդը սպիտակած մազերով, կլոր, տառապալի դեմքով մի բարի կին էր: Թոռները, ազջիկներն ու տղաները շուրջ բոլորը պատել էին: Գերճնշում ուներ. այնքան բարձր էր, որ գործիքը չէր չափում: Ես բավականին չարչարվեցի, մինչեւ որ ճնշումը իջավ, տագնապը անցավ; Ըստ իմ սովորության, որպեսզի հիվանդի միտքը շեղեմ, հարցրի իր ծննդավայրի մասին, արդեն հայտնի էր, որ արեւմտահայ է: - Ուր՞ ես ծնվել , տատի: - Սեբաստիա: - Տեր-Զորը տե՞սել ես: - Չէ, տղաս,- իրեն արդեն լավ էր զգում, եւ ես ուրախացա,- մեզ Տեր-Զոր էին քշում, բայց դրանից առաջ, վերջին ճամփաբաժանում մի տղա կար, մի ոտից կաղ, ավազի մեջ բույն ուներ սարքած քարերով ու ծղոտով:- Նա մեր ճամփան շեղեց` Հալեբ գնացինք ու պրծանք: - Ինչու տղային ձեր հետ չտարաք: - Ինքը չուզեց, կաղ եմ ,ասաց, տեղ չեմ հասնի:- իրեն մեր եղածից ուտելիք թողինք»: բ.- Վերապատվելի Ա .Կեօկիզյանը գրում է. «Տեր-Զոր չհասած, վերջին ճամփաբաժանում, ավազի մեջ թաղված, մի ոտից կաղ տղա կար: Նա բոլորին զգուշացնում էր, որ Տեր-Զոր չգնան, ու բոլորի ճամփան շեղում էր դեպի Հալեբ:Մեզ հետ չեկավ, մնաց այնտեղ, մենք ուտելիք թողինք նրա համար, որքան հնարավոր էր, ես իմ գրչահատը նվիրեցի: Սեբաստիայի Զառա ավանից էր»: գ.- Խարբերդի Մորենիկ գյուղից Գեղանույշ Պարսամյանի հուշերից.- «Մեզ Տեր-Զոր էին քշում ,ճամփին մի տղա կար մեռած: Նրա կրծքին, շորի մեջ փաթաթած մի կտոր աղյուս գտանք, շատերը կարծեցին , թե հաց է, վրան գրված էր.

ՏԵՐ-ԶՈՐ ՄԻ ԳՆԱՑԵՔ

Այդ վերջին ճամփաբաժանն էր, եւ մենք գնացինք Հալեբ»:

                                                        * * *

Այս այն ամենն է, ինչ գիտենք այդ անհայտ տղայի մասին: Երջանի՞կ էր տղան, երբ հասավ իր ճամփաբաժանին` ոչ ոք չգիտի:

Օ~Մ , ՇՈՒԲՀԱՄ ԱՍՏՈՒ ՍԱՐՎԱՋԱԳԱՏԱՄ:

Է~, ԹՈՂ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ԷԱԿՆԵՐԸ:

  • Չեթե.- Հանցագործ մարդասպաններ, որոնց 15թվին բանտերից ազատացին ու տեղահանվող հայ կանանց ու երեխաների վրա հսկիչներ նշանակեցին:


ՀԱՅՈւԿՆԵՐԸ

Նրանք գիշերը քայլում էին ցերեկը քնում. լուսնումութի կողմը թաքնվում էին մոշի թփուտներում, մամխուտների մեջ, քարաճեղքերում կամ քարայրներում. գլուխ գլխի էին դնում ու քնում վայրի թռչնի քնով` անհանգիստ ու խռով: Նրանք հոգնած էին, սոված, մեռած ու նորից հարություն առած, նրանց մարմինը երկար քայլելուց ընդարմացած` ցավ չէր զգում, վախն ու սարսափը մնացել էր ետեւում, գիշերըգնա նրանց չուն ուժ ու առույգություն էր տվել նրանց, նրանք նպատակ ունեին, փրկության հույս ունեին, եւ դա նրանց ոգեւորում էր: Չհնձած, կրակի տված արտերից խանձված հասկեր էին հավաքում, տրորում ու աղանձ դարձած ցորենը ուտում, լքված ու ավերակված այգիներից չոր թութ էին հավաքում, սալոր, տանձ ու խնձոր, գտնում էին ուտելի արմատներ` գազար, տակ, խոլորձ: Խուսափում էին հանդիպող թուրք գյուղերից , շրջանցում էին քրդերին, թե պատահում էր հայերի ավերակված գյուղեր` թաքնվում էին գոմերում , մտնում անասունների մսուրները ու քնում` ավելի ապահով զգալով, քան դաշտում, բաց երկնքի տակ ծվարած ժամանակ: Ճանապարհը մոլորել էին: Մարտիկը գնացել էր փնտրելու, ընկերներին թողնելով մի խուլ քարայրում: Նա ներս մտավ քարաճեղքից: Կրակի լույսը խաղում էր գորշ, հողագույն քարերին: Վառվող աղանձի հոտը բռնել էր քարայրը: Մուտքը ուղիղ էր. ապա հինգ քայլի վրա թեքվում ու բացվում էր կլոր քարաճեղքը, որի կենտրոնում կրակ էին արել աբեթով ու կայծքարով: Պատի տակ , ծղոտին քնած էին Հովիկն ու Ներսիկը: Մյուսներն աղանձ էին անում: Նրանք տարված աշխատանքով` Մարտիկի գալը չիմացան: Արտերից հավաքած հասկը տրորում էին կտորի մեջ, թեփը առանձնացնում, մաքրված տռուզ , կարմրժեռ ցորենը խարկում իրենց համար թավա ծառայող պղնձե թասի մեջ: - Հայկ,- կոչեց մարտիկը: Երեքն էլ անակնկալի եկած ու վախեցած ետ դարձան: - Տեղ պատրաստեք, մարդ եմ բերել; Նրանցից մեկը ելավ, վերցրեց Մարտիկի շալակին քնած երեխային, որը գլուխը թեքած ուսին, աչքերը փակ , խռովքուն էր մտած: Զգուշությամբ տարավ պառկեցրեց քնածների մոտ` ծղոտին: Արթնացավ , վրա նստեց: - Ջուր,- ասաց,- ջուր:

Նրա շրթունքները չորացած, ճաքճքած` իրար էր կպած, լեզուն հազիվ էր շարժում: Այնքան փոքր էր, որ ոչ իրեն գիտեր, ոչ էլ որեւե բան էր հասկանում շրջապատից. ինչպես աստծո ամեն մի արարած, քանի դեռ շունչը գնում գալիս էր` ուտել – խմել էր ուզում ու խնամք, որից նա զրկված էր: Նրա վրա կենդանի էին միայն աչքերը, բոբիկ էր,  համարյա մերկ, նիհար, փորն ուռած, ինչպես Ներսիկը նոր գտած ժամանակ:

- Անունդ ի՞նչ է,- մոտ եկավ Ֆարմանը: - Դեռ չի խոսել, Վերի Խոխ գյուղի ավերակներում գտա,- բացատրեց Մարտիկը: - Տղա՞ է, թե՞ աղջիկ: - ինքդ իմացիր: - Քուրիկ է, քուրիկ, ես գիտեմ;- Նրա աղջիկ լինելու հայտնությունը շատ ուրախացրեց Ֆարմանին: Բոլորը գիտեին, որ Ֆարմանը Նուշիկ Քույրիկ է ունեցել, որին կորստյան ճանապարհին մայրը հանձնում է քրդերին ու, հակառակ մոր կամքին, նա լքում է քարավանը: - Կերթամ իմ քույրիկին բերելու: Թաքնվելով, ելնելով հասնում ու հետամտում է քրոջը տանող քրդերին, որոնք ձիերին թալան բեռնած Տիգրանակերտից ետ, Սասուն էին բարձրանում: Գիշերը մոտենում է ու քրոջը համոզում իր հետ փախնելու, որն էլ լաց է լինում ու չի ցանկանում կեսգիշերին գնալ: Բռնվում է: Իրենց հետ տանում են սարերը, իր տեր քուրդը մի օր էլ նրան ծախում է մի թուրք սափրիչի, որը Խարբերդի կողմերում էր ապրում: Նրա մոտից էլ փախնում ու դաշտերում թափառելիս հանդիպում է Մարտիկին ու Հայկին: Նա խմբի բժիշկն էր: Իր ՄԵծ մոր` Ադեի հետ ամեն վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն ծիլ, ծաղիկ, արմատ ու կոճղեզ էր հավաքում եւ գիտեր բոլորի անուններն ու օգտակարությունը:

Յոթից տասնչորս տարեկան վեց հոգի էին` Մուշից, Վանից, Էրզրումից , Խարբերդից, Հովիկն ու Ներսիկն էլ չգիտեին իրենց որտեղից լինելը, իրարով էին ընկել, իրար գտել, իրար հույս ու հենարան դարձել, բոլորին առաջնորդողը Մարտիկն էր, որը Խարբե—դից էր: Հետները աղջիկ չկար: - Իմ քուրիկին նման է, նրա պես լեզուն կապվել է:- Հիմա ես նրան ջուր կտամ, նրան կբուժեմ, վերքերը կլվամ, դեղեր կդնեմ,- նա շոշափեց երեխայի արյունալվիկ ոտերը,- Իմ քուրիկին հիմա լավ ուտելիք կտամ, նա , երեւի շատ է սոված: - Արի, արի Մուշեղ, կթիչը բեր` դաղծի ու մատուտակի թեյ տանք, որ փորը չցավի: Մուշեղը նրան քաղցրարմատով եփած դաղծի ջուր տվեց: Երկուսով հանեցին նրա ճղտոտված հագուստի մնացորդները, իրենց ձեռքի լաթերից հագցրին, ոտերը փշերից ազատեցին, գոլ ջրով լվացին, վերքերին հազարտերեւուկի ու մոշի տերեւի չոր փոշի ցանեցին, եզան լեզու դրին ու կապեցին լաթի կտորով: Ֆարմանը կերակրեց խորոված կարտոՖ‎իլով, թթի չիր տվեց ու խոլոձի միքանի արմատ ծամեց եւ տվեց, որ դաղձի ջրով խմի: - Թե հինգ խոլորձի կոճղեզ ուտես, էլ չես սովի ողջ օրը ու ոչ մի հիվանդություն չես ունենա:- Ասաց Ֆարմանը:

Ճամփին կոճղեզ էին հավաքում, որն էլ ուտում էին կամ չորացնում ու պահում: - - Ջուր խմեցի՞ր, քուրիկ,- դարձավ նորեկին,- կերա՞ր, հիմա քեզ շատ չի կարելի ուտել, քնիր, երբ արթնանաս, էլի կտամ: Քնեց; - Երեւի անաունն անգամ չգիտի,- խոսեց Հայկը: - Նա իմ Քուրիկն է` Նուշիկը,- բացականչեց Ֆարմանը, որը նստել էր նրա ոտերի տակ եւ չոր թութ էր ուտում:- Ես նրան կբուժեմ, կտեսնեք, ես նրան տեղ կհասցնեմ: Ֆարմանը իրենից փոքրերին միշտ խնամում էր, կերակրում, առաջարկում իր պատրաստած խոտերն ու եփուկները` որպես դեղ, որպես սնունդ, որպես ցավը փարատող: - Եթե Մարտիկը ճամփան գտել է, նոր բարով-խերով տեղ կհասցնես,- ասաց Հայկը: - Գտել եմ:- Կանցնենք դիմացի սարը, կհասնենք Դատեմ, իսկ այնտեղից դենը ես լավ գիտեմ ճամփան: - Իսկ ե՞րբ կհասնենք Խարբերդ: Մարտիկը լուռ էր: Հայացքը հառել էր հանգած կրակին. հանգչող ածուխի վրա կրակի վերջին կայծեր էին պեծպեծում. փրկության նրանց հույսը այդ կայծերի պես էին նրան թվում:Նա սիրում էր կրակի հետ խաղալ, շրջել-շտկել, հավաքել մինչեւ մարելը: Հոգոց արավ, կարծես չէր լսել Հայկին: - Մինչեւ Խարբերդ դեռ շա՞տ կա,- կրկին հարցրեց Հայկը: - Եթե ոչինչ չխանգարի, դեռ երկու -երեք գիշերվա ճամփա կա,- խոսեց Մարտիկը,- ի՞նչ ես կարծում, Հայկ, եթե չընդունեն, ի՞նչ ենք անելու: Քանի մոտենում էին Խարբերդին, այնքան Մարտիկի կասկածները ավելանում էին, իրեն մեղավոր էր զգում եւ պատասխանատու, ինքն էր հավաքել խումբը եւ միտք հղացել Խարբերդ հասնելու: Հայկը հուսահատվող չէր. նրա մեջ կար մի հավատք, որը նրան վերցրել հանել էր Ռաս- ուլ- այն անապատից, բերել հասցրել մինչեւ Խարբերդ, եւ նա հավատում էր այդ ուժին, հավատում իրենց փրկությանը:

Մարտիկը հիշեց, թե ինչպես մի անգամ, երկու քուրդ հովիվների, որոնք նկատել էին իրենց թաքստոցը, խաբեց, գնաց նրանց հետ ու երկու օր հետո ետ եկավ, գտավ իրենց` մի պարկ ոչխարի պանիր ու մի գունդ կարագ շալակին: - Կընդունեն, Մարտիկ, իսկ թե չընդունեն էլ, մի տաք քարայր կգտնենք, ձմեռվա պաշար կանենք, կապրենք: - Հովիկն ու Ներսիկը չեն դիմանա, Մուշեղը մաշում է, նրա մեջ մի բան կա, որը ուտում է նրան ներսից, Ֆարմանն օրեցօր նիհարում է: Մարտիկը նայեց Հովիկին ու Ներսիկին, որոնք իրար գրկած քնած էին: Լսվում էր Հովիկի խզզոցը ու Ներսիկի դժվարաշնչությունը: - Մարտիկ, նրանք փոքր են, կտանենք, կթողնենք մի որեւ է թուրքի բակում, կվերցնեն, չեն վնասի, Ֆարմանը քրդերեն գիտի, կասի քուրդ եմ` կգնա նրանց մոտ, նրա ձայնն ու երգելը կփրկեն նրան, Մուշեղին էլ մի կերպ կտեղավորենք, իսկ մենք մեծ ենք` մեր հայությունը մեզ չեն ների, կմնանք քարայրներում: - Ինչ էլ լինի, Հայկ, կգնանք Տերսիմ, այնտեղի քրդերը մեզ հետ լավ են վարվում: - Իսկ Նուշիկը՞,-հարցրեց Հայկը, արդեն գիտեր, որ նրան Խարբերդ չեն կարող հասցնել: - Ճամփին կտեղավորենք: Ներս մտան Մուշեղն ու Ֆարմանը: Նրանք ամեն մեկը մի տոպրակ դրին կրակի կողքին: - Ձորի մյուս կողմում կարտո‎‎ֆիլի դաշտ կա, երբ դու գնացիր ճամփան գտնելու, ես էլ կարտոֆ‎իլը գտա,- ուրախ-ուրախ բացատրեց Ֆարմանը: - Դրա տերը վաղը քո հետքերով կգա, կգտնի մեզ,- կատակեց Հայկը: - Ի՞նչ գիտես, գու՞ցե տերը արդեն երկնքում է, իսկ վաղը մենք այստեղ չենք լինի: Հովիկն ու Ներսիկը ելան, պատի տակից բերին կղմուխի տեր—ների մեջ կապ արած քաղցր, չոր թութը, սալոր, վայրի խնձոր: - Սոված եմ,- խոսեց Հովիկը,- ուտենք: Բոլորը կերան խորոված կարտո‎ֆիլ, աղանձ, խնձոր, չոր թթով դաղձի ու մատուտակի թեյ խմեցին: Ֆարմանը ծամում էր աղանձը, իր թքով շաղախում հետո կերակրուն Նուշիկին, միաժամանակ երգում նրա համար, մեղմ ,քաղցր ձայնով.

Նշեն կայնե ձորու բերան, Խորոտ Նշե, նախշուն Նշե…

- Ո՞վ է,- Հարցրեց Ներսիկը: - Իմ քուրիկն է, Նշեն,- ասաց Ֆարմանը: - Նշեին քիչ կերակրի,- զգուշացրեց Մարտիկը,- կհիվանդանա: - Չի հիվանդանա, սովից է այդպես, երկու կարտո‎ֆիլ եմ տվել, դաղձի ջուր, իսկ աղանձը փորին լավ է, հիմա էլ մի խոլորձ կտամ, որ ուժ ստանա, դուք էլ կերեք ձեր բաժինը:- Նա իր տոպրակից հանեց ու ամեն մեկին մի կոճղեզ տվեց: - Բոլորդ կշտացաա՞ք,- ասաց Մարտիկը,- ճամփա ընկնելու ժամանակն է:- Հայկ, դու եւ Ֆարմանը փոխն ի փոխ կշալակեք Նշեին: - Հայկը թող վերցնի իմ կթիչն ու պարկը , ես մենակ կտանեմ Նուշիկին: Նա քանդեց իր մեջքին փաթաթած կարմիր գոտին, որը գտել էր երկու օր առաջ ավերակ գյուղի գոմերից մեկում, երկտակեց, Նուշիկին նստեցրեց մեջքին, գոտին նրա տակով ու թիկունքով անցկացրեց , իր ուսերով բերեց խաչեց կրծքին ու թեւատակերով տարավ նրա ոտերի տակ հանգույց արավ: Փոքրիկն ամուր կպավ Ֆարմանին ու գլուխը դրեց ուսին:

-Այսպես եւ տաք է, եւ ապահով,- ձեռքը փայտ առավ ու հետեւեց ընկերներին: Մուշեղը բոլորի համար կարպետի կտորտաքից, խուրջինի մնացորդներից մաշիկներ էր կարել, որը ծոպով ամուր կապում էին ոտքերին. եւ թեթեւ էր, եւ անձայն. քարն ու կոշտն էլ ոտերի մաշկը չէր ուտում: Քարայրից դուրս եկան: Սկզբում դժվար էր քայլել: Լուսինը դեռ դուրս չէր եկել: Անասունները արոտ գնալ-գալիս կածան էին գցել: Բռնեցին կածանն ու դուրս եկան ձորից, իրար ձեռք բռնած` առջեւից Մարտիկը, հետո Մուշեղը, Հովիկն ու Ներսիկը, վերջում ` Ֆարմանն ու Հայկը:

Գիշերը սարն ու թուփը, ձորն ու լեռը, երկինքն ու աստղերը հոգեւորվում էին նրանց համար, խոսում նրանց հետ, մենակ չէին զգում. աստղաշատ երկինքը մեկ հեռանում, մեկ էլ մոտենում էր` ձայնակցելով նրանց շնչառության հետ, ուժ տալով նրանց: Աստղացողով արբած ծղրիդները, անտեղյակ այս աշխարհի դարդ ու ցավից, երգում էին նրանց համար ողջ գիշերը, հեշտացնում նրանց ճամփան: Անլուսին գիշերները լուսատիտիկները պեծպեծում էին` ճամփան ցույց տալիս, ու երբ ելնում էր լուսինը` քարերն ու թփերը, ձորերն ու լեռները ձեւափոխվում էին, լուսնալույսով թաթախվում, ու նրանք դյուրությամբ ելնում էին ձորերից, շրջանցում բլուրները: Միասին, արդեն, վախ չունեին: Փոքրերը իրենց հանձնել էին Մարտիկին ու Հայկին, իսկ նրանք պատանի էին, ապրելու անսանձ ուժը հավատքի էր վերածվել, գիտեին, որ տեղ կհասնեն, ճամփին չեն կորչի, իսկ հուսահատության ու կասկածի պահերին միմյանց հենարան էին դառնում, մեկ մեկու ուժ տալիս: Հեռվում նշմարվող անորոշ ստվերները մարդու տեղ էին դնում. կանգնում էին` ականջ դնում, երբ համոզվում էին , որ մարդ չկա, շարունակում էին առաջանալ: Արգելված էր խոսել, ձայն տալ,, կանչել. իրար իմաց էին տալիս, շշուկով, միմյանց ձեռք բռնելով: Կեսգիշերին լուսինը դուրս եկավ, քայլելը հեշտացավ: Նրանք այդ գիշեր շրջանցեցին լեռը ու դեռ լիսաստղը դուրս չեկած հասան Դատեմի այգիներին: Գյուղը դատարկ էր, անտեր կատուներ ու վայրենացած շներ էին հանդիպում, որոնք կենտահաչ տալով վախեցնում էին, որոնց ձայնակցում էին մութ, ավերակ տները, խախտելով գիշերվա լռությունը: Գյուղ չմտած, քարափի տակ Լուսաղբյուր կար, որի ական մեջ քաջքեր էին ապրում, քարե գուռի մեջ, կապույտ պաղ ջրի խորքում` կանաչ աչքերով, օդեղեն հագուստներով , կապույտ լույսով օծված ջրահարսեր, որոնք, թե գիշեր ատեն մոտենաս` սառը ձեռքերով հրում-քաշում էին իրենց մեջ, ջրի խորերը տանում, իսկ ական միջից քաջքերը դուրս էին պրծնում ծափ ու ծիծաղով` պար բռնում:

Աղբյուրի ական մեջ կապույտ, կանաչ, կարմիր ու դեղին ուլունքներ կային գցած, իսկ կողքի ուռենու ճյուղերից նույն գույնի ժապավեններ կապած: Տերերը անհայտացել էին, կարծես գոյություն էլ չէին ունեցել, մնացել էին նրանց հույսն ու երազանքը` կապույտ-կանաչ- կարմիր` Լուսաղբյուրի ական մեջ, մատղաշ ուռենու ճյուղերից կախ` ծվեն-ծվեն:

Առանց իրար իմաց տալու` մեկը մի պսպղուն քար,, մյուսը ` սատանի եղունգ, մի կոճակ, տարան գցեցին լուսաղբյուրի ական մոջ` որպես չարխափան ու սեւ ուժերը վանող, ապա երեսները դարձրին դեպի արեւելք` իրենց բաժին ընկած աղետի, հոգսի, կսկիծ ու ցավի համար, եւ իրենց անմեղության համար վկայության կանչեցին արդար արեգակին, ողջունեցին արեւածագը: Որպես մի մեծ բեռ նրանց ուսերից վերցնեն` թեթեւություն զգացին ու խաղաղված հոգով եւ հավատով լցված` մտան այգիները, անցան Սուրբ ԱՍտվածածին վանքը: - Մայրս այս գյուղից էր,- ասաց Մարտիկը ու զղճաց: Ոչ ոք նրանցից չէր խոսում հոր ու մոր, քրոջ ու եղբոր, տատ ու պապի մասին, լռությամբ, առանց իրար ասելու համաձայնել էին չխոսել մեռած-կորածների մասին: Նրանք անգիտակցաբար հիշողությունը ջնջել էին, անցյալը գոյություն չուներ, իրենց մարմնի ամեն մի մասնիկով մի ձգտում ունեին` դուրս պրծնել մահվան խավարից, ապրել:

Մեծ, երկու մարդաբոյ, խաչքար կար, Կաթնաղբյուրի դիմացը` վանքի արեւմտյան անկյունում: - Մեր դաշտի ամենազորավոր խաչն է,- խոսքը փոխեց Մարտիկը: Գնաց , համբուրեց ծխոտ, մամռապատ կողը, մյուսները հետեւեցին նրան:

Արեւելքում աղոթարանը նոր-նոր շառագունում էր, երկնի դռները բաց էին, երեւի Աստված տեսնում էր իր մոլորված որբերին, եւ հաստատում նրանց հավատքն ու հույսը` ապրելու եւ հարատեւելու, իսկ մամռապատ խաչքարը վկան էր տիրոջ խոստումին` միշտ նրանց հետ լինելու: Նրանք իջան ձորն ու թաքնվեցին քարայրում: - Նշեն մեջքս թրջեց,- ասաց Ֆարմանը,- Հայկ կապն արձակիր: Հայկն արձակեց ու գրկեց Նշեին: Ֆարմանն ու Մարտիկը մի գիրկ խոտ բերեցին ու փռեցին քարե թախտին: Քարայրը բնակելի էր եղել` պատերը փորել, թախտեր էին սարքել, կենտրոնում օջախի տեղ էլ կար: Դրսից խտիտ խտիտ ծղոտ բերեցին, փռեցին թախտերին ու իրար գրկած քնեցին: Սովորաբար մեկն ու մեկը հսկում էր. այդ օրը բոլորը քնեցին, երեւի Խարբերդը մոտ էր, հոգնել էին, հավատում էին, որ շուտով ապաստան կունենան ու գիշերային չուն կավարտվի: Նրանք վեր կացան , երբ արդեն մութն ընկնում էր: Կրակ չարին` վախ կար նկատվելու, նախորդ օրվանից մնացած խորոված կարտո‎ֆիլ կերան, աղանձ, չոր թութ , վերջում էլ մի-մի հատ կոճղեզ ծամեցին: Նշեն ինքն էր վերցնում եւ ուտում, նրան հատկապես դուր էր եկել չոր թութը: Ֆարմանից չէր հեռանում: Այդ գիշեր անցան Եղեգի ավանը, որտեղ արդեն թուրքեր էին ապրում, հեռվից հեռու շրջանցեցին Մեզիրե գյուղը: - Այստեղ գերմանական որբանոց կա,- ասաց Մարտիկը:- Գուցե՞ Նշեին կարողանանք տեղավորել: - Չէ, թող մեզ մոտ մնա: Գերմանացիները, Ռուսները , Ագլիացիները մեզ չեն օգնի, գուցե՞ Ամերիկացները: - Համարյա տեղ ենք հասել, բռնվելու վտանգը մեծ է, եթե թաքնվելու, վազելու հարկ լինի` Նուշիկին շալակիդ չես կարող, ու կգան կբռնեն բոլորիս: - Ֆարմանը լուռ էր, նա չէր ցանկանում թողնել իր «քուրիկին»: - Այդպես ավելի լավ կլինի Նուշիկի համար էլ,- ասաց Մարտիկը, Ֆարմանի ձեռքը ամուր սեղմելով: Նա եւ իրեն էր զսպում, եւ կոչ էր անում Ֆարմանին լաց չլինելու: - Դուք մնացեք այրի մեջ, դուրս չգաք, քնեցեք, իսկ ես ու Հայկը կիջնենք Հյուսենիկ ավանը: Ֆարմանը մոտեցավ պաչպչեց Նուշիկի թշերը, ծոցը լցրեց չոր թութ, իր վզին կախած կապույտ ուլունքը գցեց վզովն ու լռությամբ ետ քաշվեց, Մուշեղ նրա ոտերին կարմիր կարպետից մաշիկներ հագցրեց, Հովիկն իր մեջքին փաթաթած կապույտ կտորը արձակեց ու Նշեի գլխին կապեց, Նեսիկը գրպանից մի կապույտ կոճակ հանեց ու նրա ծոցը դրեց:

Մարտիկը ղգուշությամբ դուրս եկավ այրից, աչքահարեց, ապա նրան հետեւեց Հայկը Նշեն շալակին: Մուշեղը Հովիկն ու Ներսիկը քնեցին, Ֆարմանը քնել չէր կարողանում, մեջքին զգում էր Նշեի ծանրությունն ու տաք շունչը, պառկել էր Մուշեղի կողքին ու նայում էր գորշ առաստաղին: Մկան ծվծվոց կար, մաշկաթեւները կախվել էին քարերից, իրենց պես թաքնվում էին, սպասելեվ գիշերվան: Երանի նրանց, եթե մաշկաթեւ լինեին` վախ չէին ունենա, կթռնեին կգնային:

Սկզբում, երբ բոլորին հավաքեցին` շատ –շատ էին. մեր ու մանուկ, մեծ ու ջահել, իրար պինդ բռնած քշվում էին ու ամեն մի գետանցումից, ամեն մի ձորակից հետո կիսով չափ պակասում , քանի որ գետերը տանում էին իրենցից շատերի խեղտված դիակները, ջրի տակ ու գլուխ լինելով իրար առաջ էին ընկնում, թվում էր, թե հիմա, հիմա արեւը երկնքից վայր կընկնի, լուսինը կխավարի, երկիրը տեղից դուրս կպրծնի, քարն ու լեռը, սարն ու ձորը, ջուրն ու գետը ` կրակ կընկնեն, լեզու կառնեն, կբողոքեն, բայց ամեն օր նույն հանգստությամբ արեւը դուրս էր գալիս, գետը նույն ուղղությամբ դանդաղ առաջ էր գնում, քարերը խաղաղությամբ ննջում էին, հողը լռությամբ տանում էր իրենց տառապանքն ու անեծքները. եւ զգայարանները` բթացած, գիտակցությունը մարած, երանի էին տալիս երկնի թռչուններին, որոնք ազատորեն կարող էին թռչել, գետնի զեռուններին, որոնք հողի մեջ ծակեր ունեին ու կարող էին թաքնվել, անտես լինել:Ֆարմանը վերհիշելով իր անցածը` նկատեց, որ Հայկն ու Մարտիկը ուշանում են: Տեղից ելավ ու նստեց մուտքի քարին: Թե երբ եկան, չիմացավ, այդպես նստած էլ քնել էր:

- Նշեիդ ապահով տեղավորեցինք,- պատմեց Հայկը,- Հյուսենիկ չհասած, մի կին ու երկու երեխա դաշտից տուն էին դառնում:- Կանայք ու երեխաները խղճով են լինում:- Նշեին զգուշությամբ դրինք ճամփին ու մենք թաքնվեցինք: Սկզբում երեխաները տեսան, վազեցին ու փայտերով հրմրում էին, Նշեի լացին կինը վրա հասավ, գրկեց ու չորս կողմ աչք ածեց, կանչեց, հետո ձեռքերը պարզեց երկիք ու Նշեին գրկած հեռացան: Մենք հետեւեցինք նրանց մինչեւ գյուղի եզրը: ճամփին հաց տվին ու նա հաճույքով ուտում էր: Հանգիստ կաց, քանի այն կինը հիշեց աստծուն, դե նրանք էլ երեւի աստված ունեն, մեր Նշեին վնաս չեն տա, կպահեն; Այդ գիշեր նրանք հասան Հյուսեյնիկ ավանը ու, երբ լուսանում էր, գնացին թաքնվեցին քաղաքի դիմացի Յոթնյակ Սուրբ աղբյուրի կիրճում: Չկարողացան քնել, Խարբերդը շատ էր մոտ, այնտեղ էր Ամերիկյան որբանոցը` փրկությունը: Կեսօրին երեւացին ոստիկանների ուղեկցությամբ թուրք նորաբնակները: Նրանց իրենց լեռնեից իջեցրել եւ բեռ ու բեռնով, ոչխարներով , շներով տեղավորում էին Խարբերդի դատարկված տներում:

- Որբանոց կգնանք այգիների կողմից, այնտեղից մոտ է ու ապահով: Քնեցին: Արդեն մութ էր, երբ արթնացան: Ուտելիքները, իրենց իրերի մեծ մասը թողեցին քարայրում ու իջան այգիները: Գետակը վարարել էր, հավանաբար, սարերում անձրեւ էր եկել: Մարտիկը շալակեց Հովիկին, բռնեց Մուշեղի ձեռքը, Հայկը շալակեց բոլորի իրերը, բռնեց Մուշեղի մյուս ձեռքը ու մտան գետակը: Ափին մնացին Ֆարմանն ու Ներսիկը: Ապահեվ անցան: Մարտիկը ետ դարձավ, շալակեց Ներսիկին ու Ֆարմանի ձեռքը բռնած` մտավ գետակը, որի մեջտեղում ոտը սահեց ու ընկավ քարերին` Ներսիկին մի կերպ պահելով ջրից դուրս: Հայկը եկավ դիմացի ափից, բռնեց Ֆարմանի ձեռքը, օգնեց, որ Մարտիկը ոտքի կանգնի, վերցրեց

Ներսիկին ու դուրս եկան ջրից: - Ոտքս շատ է ցավում,- Մարտիկը դժվարությամբ էր կանգնում ոտի վրա: Նրանք իրենց շորերը մզեցին, հագան, Մարտիկի համար մի փայտ գտան ու այգիներով մտան քաղաքը: Շները հաչում էին, քած շներ էին` կատաղի ու ժանգոտ, լեռներից նոր իջած, մարդու անսովոր: Փակ դռները նրանց ետեւից բացվում էին. նորաբնակ թուրքերը նայում էին: Նրանցից մեկը հարցրեց. - Ո՞վ եք: Բավական հեռու էին` թեքվեցին փողոցը: Մթան մեջ նրանք միմյանց ձեռք բռնած վազում էին: Հայկին հենվելով ետ չէր մնում Մարտիկը: Փողոցը դատարկ էր: Գնացին, դարձան ձախ ու նրանց դիմացը ելավ եռահարկ սպիտակ շենքը, շրջապատված բարձր պարիսպներով: Նրանք մոտեցան դարպասին: Մարտիկը զգուշությամբ ծեծեց փականը: Ձայն չկար: Կրկին ու ավելի ուժով բախեց: Փականքի ձայնը արձագանքում էր մութ փողոցում ու շենքի բակում: Անիմանալի ժամանակ անցավ, մինչեւ քայլերի ձայն լսվեց, մեկը ներսից մոտեցավ դռանն ու թուրքերեն հարցրեց

-Ով եք:

- Հայ ենք, ամի, հայ որբեր: Խոսք չեղավ, լսվեց բանալու ձայնն ու երկաթե դուռը բացվեց: Վեցով շտապ ներս ընկան: Ասորի դռնապանը զարմացած նայում էր նրանց: Նա չէր կարողանում հավատալ, որ վեց հայուկներ, ողջ ու առողջ կանգնել են իր դիմացը ու ապաստան են խնդրում, այն էլ տասնհինգ թվի օգոստոսին:

Ո՞նց էլ կենդանի են մնացել, ո՞նց էլ եկել հասել են: - Սպասեք գնամ տնօրենին կանչեմ,- ասաց հայերեն ասորի դռնապան ու գնաց: Վերադարձավ նիհար, բոյով, չոր ու սառը մի մարդու հետ , որի քթին ակնոցներ կային: Նա լուռ նայեց բոլորին ու ինչ որ բան ասաց: - Ասում է` ձեզնից միայն մեկին կարող է ընդունել… Սկզբում նրանք տնօրենի միտքը չկարողացան հասկանալ: Նրանց միտքը ուղղակի չէր գործում, անզգայություն ու բութ ծանրություն էին զգում ոտից գլուխ, կանգնել չէին կարողանում: Հովիկն ու ներսիկը նստեցին, Մարտիկի հենարան փայտը ընկավ ձոռքից, Մուշեղը Հովիկին, իսկ Ֆարմանը ներսիկին բարձրացրին ու ամուր սեղմվեցին իրար: - Իսկ Մյուսնե՞րը,- վերջապես կարողացավ խոսել Մարտիկը,- ասա , ամի, ասա, որ վեցիս էլ ընդունի, թե չընդունի ` կսպանեն բոլորիս:- Արդեն հինգ ամիս է հազար սար ու ձոր ենք կտրել, մահվանը հազար անգամ խափել դուրս պրծել, եկել հասել…

Ծեր ասորին սկսեց խոսել . զգացվում էր , թե ինչպես է նա խնդրում, բացատրում: - Չէ, չի ընդունում:- նա ամեն ինչ գիտի, ասում է, միայն մեկին կընդունի ձեզնից, եւ ասում է թող իրենք ընտրեն, թե ով է մնալու: Եթե վեցին էլ ընդուներ` այս նեխած երկիրը միջից կես կլիներ, եթե վեց հայեր փրկվեին` ծովի ջուրը կբարձրանար, կբարձրանար ու աշխարհը տակով կաներ, Ամերիկան էլ հետը… Նրանք դարձան իրար ու միմյանցից ամաչելով նայեցին գետնին: Տնօրենը կանգնած նայում էր, իսկ ասորի դռնապանը` լուռ լացում.-»Սրանք եկան, մեզ բոլորիս խառնակեցին, փոքրերին ոտի տակ տվին կոտորեցին, հիմա էլ մեր դժբախտության վրա ծիծաղում են»:

Մարտիկ.- Գոնե երկուսի վերցներ` Հովիկին ու Ներսիկին:

Ներսիկ.- Թող Մարտիկը մնա, նա բոլորիցս մեծ է, նրան կսպանեն… Հովիկ,- մեզ բոլորիս Մարտիկն է բերել այստեղ հասցրել… Հայկ,- Մենք էլ կգնանք Տերսիմի քրդերի մոտ, դու մնա…

Մարտիկ,- Չէ, վիճակ կգցենք, այդպես արդար կլինի:

Հայկ.- Հովիկին ու Ներսիկին կանանց կամ երեխաների կհանձնեմ, նրանք փոքր են , իրենց հայությունը կմոռանան, իսկ մենք կգնանք Տերսիմի կողմերը:Դու մնա ու ապրիր, իսկ քանի դեռ Դու կապրես` կհիշես մեզ , քո մեջ կապրենք նաեւ մենք…Հայկը չկարողացավ վերջացնել խոսքը:

Բոլորը մոտեցան ու մեկ-մեկ համբուրեցին Մարտիկին, իսկ նա սառել ու լաց էր լինում: Նրանք դուրս եկան, ու կիսաքանդ մութ տներով փողոցը կլանեց նրանց, կարծես չէին էլ եղել: Միայն լսվում էր շների ժանգոտ գելոռնոցը: Ասորի դռնապանը բռնեց Մարտիկին ու օգնեց քայլելու: Նա ինչ որ բան էր ասում իր մայրենի լեզվով. երեւի հայհոյում էր, իսկ հայերեն` հայհոյանք, անեծք, ամբաստանություն, ոխ, վրեժ, ատելություն, պատասխանատվություն, պարտք ու ամեն բան կարող էր հնչել` ավելի ճիշտ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻՆ…


ՀԱՅՈՒԿՆԵՐԻ ԱԶԴԸ Եկեք , հե~յ , եկեք , Մենք` վեց հայուկներ Կենդանի ենք մնացել, Եկեք մեզի սպանելու… Եկեք, որ ձեր մեղքերի մեջ կատարյալ լինեք, Ձեր սրբապղծության մեջ` անթերի… Քանզի, Հարյուր տարի էլ անցնի, Ձեր գլխին պիտի պայթի ՏԻՐՈՋ ՑԱՍՈՒՄԸ... ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆԸ ԳՐՎՍԾ ԷՐ ՔԱՐԻՆ


Հայի աստված. Դու կաղ ես, թույլ, անզոր եւ հուսահատ, Դու կարողանում ես տիրել միայնակ պատանիների հոգիներին, Ու՞ր էլ լինեն նրանք, Աշխարհի ո՞ր ծայրում էլ կորսված լինեն, Գտնում, տիրում ես: Եւ նրանք նվիրվում են քեզ ամբողջ հոգով, Եւ նրանք հուսահատ են ու մենակ: Բուժիր վերքերդ, օ~, աստվածդ հայուն, Եղիր ուժեղ Եղիր հույսով, Եղիր հզոր, Եւ հավաքիր ցիրուցան մանուկները հայոց քեզ նվիրված, Եվ ՀՈՒՅՍ տուր նրանց:

Տասնութ թվին Ռուբեն Հերյան անունով մեկը, որ հետագայում կոչվեց «որբերի հայր», քանզի քրդերի, բեդվինների եւ թուրքերի ընտանիքներից հավաքում էր գողացած, թաքցրած եւ խլված հայ մանուկներին: Տեր-Զորից հյուսիս` Մահմուդ Ֆաուզի բեդվինի աշիրաթում գտավ իննը տարեկան մի հայ որբի, որը սահուն հայերեն խոսում էր, գրել կարդալ գիտեր, բեկված մանկական ձայնով ազգային երգեր էր երգում: - Մենք մի ուսուցիչ ունեինք` Արշակը,- բացատրեց տղան,- մենք վեցն էինք: Մեզ բոլորիս նա գտել էր բեդվինների մոտ: Հավաքվում էինք մի տեղ, նա մեզ գրել կարդալ էր սովորեցնում, ազգային երգեր էինք երգում, Հայաստանի պատմությունը սովորում: Հետո նա հիվանդացավ ու մեռավ: Մենք Հողին հանձնեցինք նրան: Եւ նա սկսեց լաց լիմել: Փոքր որբին մեծը չէր սփոփում, քանզի նա էլ մեծ որբ էր ու լաց էր լինում: - Մենք Արշակին թաղեցինք այստեղ ու քարը դրինք վրան,- լաց լինելով բացատրեց տղան ու ցույց տվեց երկարավուն տափակ քարը: Նրանց անունը գրված էր քարին` արեւն այն չէր հալել, իսկ ջուրը չէր տարել:

ԱՆԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆ Արշակ, ուսուցիչ, Մալաթիայից Վասակ, Սասուն, Կուսգետից Արամ, Խարբերդ, Մորենիկից Վահան, Մուշ, Հորե գյուղից Սամվել, Վան, Թիմարից Նժդեհիկ, չի հիշում Գառնիկ, չի հիշում

- Ավելի լավ հուշարձան Արշակին պետք չէ,- խոսեց «որբերի հայրը»:- Իսկ մյուսներն ի՞նչ եղան: - Բեդվիններն իրենց հետ տարան,- տղան ձեռքը մեկնեց դեպի անապատը ու նորից լաց եղավ: Ռուբեն Հերյան անունով մարդը, տղային ուղարկեց Հալեբ` որբերի հավաքակայան, իսկ ինքը գնաց անապատի կողմը` իր Վասակ, Արամ, Վահան, նժդեհիկ… եւ այլ .»զավակներին» գտնելու:

                                                           * * *

Զրույց հայերի միջեւ ժամանակի կրճատումով

Կամ անապատով անցած որբերի պատգամը.

Երբ քամին մեղմացավ, ավազի հոսքը դադարեց: Օդը պարզ ու թափանցիկ եղավ,եւ նշմարվեցին կմախք պատանիները: Նրանք լայնացած բիբերով մեծղի աչքերը սեւեռել` նայում էին: - Բարեւ, ինչպե՞ս եք: - Կանք: - Ի՞նչ եք անում - Դպրոց ենք խաղում, Հայաստան ենք խաղում: - Անհասկանալի է: - Հայաստանն ինքը անհասկանալի է: - Որբե՞ր եք: - Այո: - Անապատում մենա՞կ եք: - Այո: - Մեռեք: - Չենք մեռնի: - Ապրեք: - Չենք ապրի: - Հա՞յ եք: - Հայ: - Հայաստանից մնացել եք այդքանը` որբեր` անապատում ցրված: - Այո: - Ոչինչ եք: - Մենք պիտի լինենք:

                                               *  *  *

Տղան գիտեր, որ գետափին, ուռիների մոտ խոտը կանաչ է, ուր ուղտերը կշտանում եւ ջուր են խմում: Կեսօրին կենդանիները իրենք էին թեքվում դեպի ուռի ծառերը` ջրվում, արածում հանգստանում: Նրանք խոտ ու փուշ էին ուտում, ջուր խմում, անգամ օրերով կարող էին սոված եւ անջուր մնալ, իսկ տղան չէր կարող: Երկու օրը մի ամգամ չորացած կես գարեհաց էին տալիս: Տղան չգիտեր, թե երբ է ուտում: Սկզբում սովից տանջվում էր, հետո տեսավ մորը ծծող քուռակին, եւ իմացավ իր անելիքը: Մայր ուղտը չէր թողնում կթել, անհանգստանում էր , կծում, ոտը գետնով տալիս: Բացի այդ տղայի բոյը չէր հասնում, մի կերպ ձեռքով կթում էր բերանի մեջ: Կամաց-կամաց ուղտը սովորեց ու կարծես սպասում էր կթվելու: Նա ուռիների մոտ քար էր գտել. ամեն կեսօր տանում էր այնտեղ, քարը հարմարեցնում մայր ուղտին, կանգնում քարին եւ պտուկը բերանն առած կշտանում կաթով` այն տաք էր ու քաղցր: Երբեմն տղան փորձում էր իր գարեհացից կտորներ պահել, մինչեւ մյուս ստանալու օրը: Նման դեպքերում իրեն ապահով էր զգում: Այդ օրը ծառերի մոտ ոչ ոք չկար: Ուղտերը ջուր խմեցին եւ ծույլ-ծույլ կանգնած նայում էին ավազի հարթությունների վրա վառվող տապին: մոտեցավ մայր ուղտին ու սկսեց կաթ ուտել: Գիտեր, որ մենակ է, շրջապատում ոչ ոք չկա, բայց անհանգիստ էր, կարծես մեկը նայում էր թիկունքից: Նա գլուխը հանեց ուղտի ոտերի արանքից ու ետ նայեց: Ծառի տակ կանգնած էր նիհար, երկարուկ ու թուխ մաշկով մի տղա: Վախեցավ, թողեց ուղտին: Անծանոթը քայլ գցեց: -Ո՞վ ես,- հարցրեց: Տղան ոչինչ չասաց. կարծում էր, թե կծեծի, կամ կհայտնի տիրոջը: - Անունդ ի՞նչ է:- Շարունակեց անծանոթը: Նրա ձայնը բարի էր , չոր , խռպոտ: Եւ տղան սիրտ առավ, վախը անցավ ու նայեց անծանոթին: - Մուհամեդ Ֆաուզի ծառան եմ, Յուսո‎ւֆը,- ասաց: - Հա՞յ ես: - Չե,- վախեցած ասաց տղան,- ես հայ չեմ: - Իսկ ես հայ եմ, իմ անունն Արշակ է,- խոսեց անծանոթը,- դու էլ ես հայ:- Անունդ ի՞նչ է: - Երբ հայ էի` անունս Գառնիկ էր,- կմկմաց տղան: - Գառնիկ, կուզե՞ս , արի մեր մոտ:- Մենք վեց հոգի ենք, բոլորս էլ հայեր ենք, քո պես ուղտեր ենք արածեցնում: Արեւը , որ դուրս է գալիս, այն կողմը քշիր ուղտերդ: Մենք բոլորս էլ այնտեղ ենք լինում: - Իսկ եթե տերս իմանա:- Նա ասում է, թե աշխարհում էլ հայեր չկան, ասում է, մոռացիր, որ դու հայ ես: - Ճիշտ չի:-Տես, ես կամ, դու կաս, մյուսները կան ու բոլորս էլ հայեր ենք:- Գրել կարդալ գիտե՞ս: - Չէ, :- Էն տարին դպրոց պիտի գնայի: - Մորդ հիշու՞մ ես: - Հա: - Ապրում է: - Չէ: - Ո՞վ է քեզ ազատել: - Մայրս ինձ թաքցրել էր փեշի տակ: Նրան ու եղբորս սպանեցին, իսկ ինձ չտեսան: Գիշերը, երբ արաբները մեռելների վրայից հագուստները հանում էին` գտան ինձ ու վերցրին : - Ինչքան ժամանակ է, որ այստեղ ես: - Չգիտեմ: - Ուրիշ հայ չկա՞ տիրոջդ մոտ: - Չէ;- Դու առաջին կենդանի հայն ես, որ տեսնում եմ: - Ոչինչ, Գառնիկ, դեռ շատ հայեր կտեսնես:- Վաղը կգաս մեր մոտ: Տղան մի փոքր լռեց` ապա շարունակեց խոսել . - Մի վախեցիր, ոչ ոք չի իմանա:- մենք բոլորս էլ քո պես տերեր ունենք, բայց հավաքվում ենք մի տեղ, միմյանց օգնում, գրել կարդալ սովորում, երգում: - Կգամ,- ասաց տղան:- Սովա՞ծ ես,- հարցրեց: - Չէ: Տղան փեշի մեջ փաթաթած երկու գարեհացի կտորները հանեց ու մեկնեց անծանոթին: Նա դրանով ցանկանում էր արտահայտել իր ուրախությունը, ցանկանում էր հյուրասիրած լինել: - Չէ, պահիր, կսովես, կուտես,- Ասաց Արշակը,- ես գնամ, չմոռանաս, վաղը կգաս: Նրա թխավուն կերպարանքը ավազի վրա, տաքացած օդի մեջ կարծես լողում էր: Տղան այնքան նայեց, մինչեւ որ Արշակը ծածկվեց ավազեբլուրների հարթության մեջ: Հաջորդ օրը տղան ուղտերը արեւելք քշեց: Երբ բարձրացավ բլրի գագաթը` տեսավ, որ հեռվում տափարակ է ու գետին չոր խոտով ծածկված; Այնտեղ ուղտեր կային ու տղաներ: Նրանցից մեկը զատվեց ու վազեց իրեն ընդառաջ: Մոտեցողը բոբիկ էր, սեվացած, ճաքճքած ոտերով, գռուզ , խիտ մազերով, փայլուն, շարժուն աչքերով; Կանգնեց քիչ հեռու, ոտից գլուխ չափեց` ապա մոտ թռավ, բռնեց ձեռքը թափահարեց, հետո գրկեց ու թուշը համբուրեց: - Ես Նժդեհիկն եմ,- ասաց,- լավ է, որ քեզ գտանք:- Քիչ-քիչ շատանում ենք: մենք այստեղ դպրոց ունենք: Քո մասին մեզ պատմել է Արշակը: Նա մեր ուսուցիչն է: Նա շատ գրքեր է կարդացել, գիտի մեր ազգի պատմությունը, բոլոր ազգերի պատմությունը: Մեզ գրել-կադալ է սովորեցնում, երգում ենք: Ես հայերեն չէի խոսում արդեն: Բոլորս էլ շատ- շատ ենք սիրում Արշակին:- Իսկ դու գրել – կարդալ գիտե՞ս: - Չէ: - Ոչինչ, կսովորես:- Այնտեղ մենք մանր ավազով ծածկած գրագետին ունենք:- Բոլորս էլ դաս ենք ստանում ու սովորում: - Եկա՞ր,- Ասաց Արշակը, - երբ նրանք մոտեցան խմբին:- Նժդեհիկի հետ արդեն ծանոթ ես. սա Վասակն է` Սասունի Կուսգետ գյուղից, սա Արամը` Խարբերդի Մորենիկ Գյուղից, սա Վահանը` Մուշի Հորե գյուղից, Սամվելը` Թիմար գյուղից է` Վասպուրականից, Նժդեհիկը չգիտի , թե որտեղից է, իսկ ես Մալաթիայից եմ` քաղաքից: - Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Վասակը, բռնելով Գառնիկի ձեռքը: Նա ժպտում էր, նրա կապույտ, մեծ աչքերը փայլում էին, իսկ շեկ, գանգուր խոպոպները խաղում գլխին: - Չեմ հիշում: - Տղաներ,- ասաց Արշակը,- Գառնիկը մեր ընկերն է:- Մենք պարտավորվում ենք ամեն ինչում նրան օգնել , նա էլ մեզ: - Համաձայն ենք, մենք եղբայրներ ենք,- ձայնեցին բոլորը միասին: Տղան շշմել էր. վաղուց այսքան կենդանի հայ մի տեղ չէր տեսել, ընդհանրապես հայ չէր տեսել: - Նժդեհիկ,- խոսեց Արշակը, քո մոտ Գառնիկի համար տեղ պատրաստեցեք, Վասակ դու եւ Արամը ուղտերը տարեք արածեցնելու, Վահանն ու Սամվելը մեր քարի վրա կգրեն Գառնիկի անունը , իսկ ես գնամ խմելու ջրի: Նժդեհիկը Գառնիկին տարավ եւ ցույց տվեց իր գրագետինը, որը մանր ավազով պատված քառակուսի մի հատված էր: - Հիմա քեզ համար էլ պիտի պատրաստենք,- ասաց նա: Գառնիկի համար գրագետին պատրաստեցին: Նժդեհիկը իր գրելու փայտիկը վերցրեց ու գծեց.



Ո Ս Կ Ե Հ Ա Տ

- Սա իմ մոր անունն է,- կարդաց Նժդեհիկը: - Իմ մոր անունը Մարիամ էր,- ցածրաձայն մրմնջաց Գառնիկը:


Մ Ա Ր Ի Ա Մ

Գծեց Նժդեհիկը: Արշակը ջրից վերադարձել էր ու դիտում էր փոքրերին: Նա ինքն էլ մի պատանի էր: Դպրոցը դեռ չավարտած` սկսվել էր տասնհինգ թիվը: Պատահականորեն կենդանի էր մնացել Մալաթիայից մինրեւ Տեր-Զոր ձգվող սպանութըան ճանապարհին: Եւ այժմ ինքն էլ ծառա էր բեդվինի մոտ, բայց փնտրում գտնում էր հայուկներին` հայերեն սովորեցնում, գրաճանաչ դարձնում, հայություն ներշնչում, հույս տալիս: - Գառնիկ , - խոսեց Արշակը, դու մեր դպրոցի վեցերորդ աշակերտն ես:- Սա քո գրագետինն է, դու պիտի Նժդեհիկի հետ սովորես: Նա բոլոր տառերը գիտի, ոչինչ , որ ավազի վրա ենք գրում , կարեւորը սովորելն է: Նժդեհիկ , գրիր Գառնիկի անունը


Գ Ա Ռ Ն Ի Կ Գծեց Նժդեհիկը: - Ճիշտ է, ապրես, Նժդեհիկ: Այսօր Գառնիկը պիտի իր անունը գրել սովորի: -Աղոթել գիտե՞ս: - Չէ:- Իսկ դա ի՞նչ է: - Աղոթքով մարդ զրուցում է աստծո հետ, խնդրում է… - Մենք աստված չունեի՞ք, թե մեր աստվածը շատ թույլ էր… Արշակը մի փոքր լռեց ապա շարունակեց. - Ուր էլ , որ լինենք, մեր աստվածը մեզ հետ է, եւ մենք նրան պիտի աղոթել սովորենք:- Նժդեհիկ, անպայման կսովորեցնես Գառնիկին: - Ես շուտ կսովորեմ,- խոստացավ Գառնիկը: Վահանը եկավ ու ասաց, որ անունը գրել են քարին: Բոլորը գնացին տեսնելու: Քարը երկարավուն, տափակ, կես մետր երկարությամբ ու անհարթ կողերով էր: Վահանն ու Սամվելը հարթեցրել էին երեսը ու բոլորի անունը գրել վրան: Վահանը առաջարկել էր գրել, իսկ Վ ասակը ասել էր դպրոց անվանենք, ին՞չ , ին՞չ, հետո գտել էին, որ ամենահարմարը Հայաստանն է:- Քանի որ իրենք ուսուցիչ ունեն, որն իրենց գրել կարդալ է սովորեցնում, ուրեմն դա առաջին դպրոցն է անապատում , եւ այդ դպրոցի անունը Հայաստան պիտի լինի: Վասակն ու Արամը ուղտերը բերին, որոնք բրդոտ էին ու մոխրոտ աչքեր ունեին:, Նայում էին անապատի կողմը ու կարծես կարոտում էին ավազոտ հարթությունների անեզրությանը, ծարավին, շոգին: Կարծես նրանց սրտովը չէր, որ շրջապատում կա խոտ, ուղտափուշ եւ խնձմնձուրիկ; Բոլորը նստեցին քարի մոտ: - Տղաներ, Վասակը դասը կպատմի, հետո հաց կուտենք,- ասաց Արշակը: - Հայաստանը հին պետություններից մեկն է,- խոսեց Վասակը,- իսկ հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը: Մենք բոլորս էլ հայեր ենք: Մեր տարիքին են հրեաներն ու հույները, գուցե՞ մենք ավելի հին ենք, չգիտենք: Եթե այս անգամ էլ մեզ չոչնչացնեն ու մենք ոտի կանգնենք` Հայաստանը կլինի եւ կապրի: Հայաստանի հիմհադիրը Հայկ Նահապետն է եղել: Ու նա պատմեց Հայկի ու Բելի պատմությունը: - Ապրես, Վասակ, այժմ պիտի ուտել: - Խոսեց Արշակը, երբ Վասակը լռեց: Բոլորն էլ մեջտեղ հանեցին գարեհացի կտորները, կթի ուղտերին կթեցին: Կերան գարեհացն ու վրան էլ խմեցին ուղտի տաք կաթ, որը շատ համով էր: - Վասակ, կերգե՞ս,- հարցրեց Արշակը,- երբ ուտելը վերջացրին: Վասակը կանգնեց, թափ տվեց իրեն ու ժպիտը դեմքին սկսեց երգել:


Սասուն կելեր բարակ ծուխ,

Կապեր զգոտին, թողեր բուխ…

- Չէ, այս չեղավ, նորից կերգեմ:


Նուբար մտավ խյարնոց, Քաղեց խյար լցուց ծոց, Կտրավ ուր վզի վզնոց,

Եղավ տղոց դարդ ու խոց…

Երեկոյան, երբ տղան վերադառնում էր, թվում էր, թե ուղտերը ավելի հանդարտ են քայլում ու կարծես մեկը թիկունքում երգում էր:


Սասուն կելեր բարակ ծուխ… Աջ ուսն ակամա վեր-վեր էր թռչում, գլուխը բարձր էր կանգնում, ու հիշում էր հեռու~ , հեռու~ գյուղը: Գարուն էր, ծաղիկներն այնքան շատ ու խիտ էին , որ խեղտում էին արածող ուլերին, հորթերին, երեխաներին:

                                Սասուն կելեր բարակ ծուխ… 

Վաղ գարնանը իրենք փշաթփերի միջից թրթնջուկի տերեւներ էին քաղում ուտում, ծնեբեկ հավաքում , կապուկ անում, որ նանը կաթով եփի:

                                Սասուն կելեր բարակ ծուխ…

Երեկոյան հայրը վերադառնում էր դաշտից, գրկում ու համբուրում իր թշերը,; Հորից քրտնքի ու խոնավ հողի հոտ էր բուրում:

                                 Սասուն կելեր բարակ ծուխ…

Ոչ ոք չնկատեց, ոչ ոք չիմացավ: Տղան նույնն էր` Մոհամեդ Ֆաուզի բեդվինի համար, նույն Յուսու‎ֆը, որն ուղտեր էր արածեցնում ու մի կտոր գարեհացի վնաս տալիս:

Տղան ինքն էր վախենում: Նրան թվում էր, թե կկարդան իր մտքերը, կիմանան իրենց մասին, Արշակի մասին: Բայց դե նրանք էլ մի սովորական որբ էին արաբների համար արաբացած, ամեն մեկը մի բեդվինի ծառա:

                                  *  *  *
                           

Տրաք, տրաք,, տրաք: - Այն ո՞վ է քանդում անապատը: - Սատանան: - Ի՞նչ է փնտրում: - Չծնված գանգիկներ, որբերի ոսկորներ: - Ի՞նր պիտի անի: - Մարդկային ցեղին ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ դաս պիտի տա …

                               *  *  *

Նրանց անապատի դպրոցը գործեց երկու տարի, մինչեւ որ մի օր Արշակը հիվանդացավ: Նախապես էլ նա հազում էր: Շնչել չէր կարող, հազում էր, թոքին տալի ու դողում: Եւ երբ եկավ, բոլորը վախեցան ու լաց եղան: Նա հանգստացրեց, ասաց, որ լաց չլինեն, իրեն ոչինչ չի լինի , հիվանդ է` կառողջանա: Երեկոյան լավ զգաց. բոլորին կանչեց իր մոտ ու խոսեց. - Դուք իմ եղբայրներն եք, դուք փոքր եք, բայց այնքան մեծ վիշտ եք տեսել, եւ այնքան եք սովորել, որ չեք կորչի, բոլորդ էլ կմնաք հայ, միմյանց կսիրեք ու կօգնեք իրար: Իմ ժամանակը երեւի լրացել է, եւ ես իմ պարտքը կարծես կատարել եմ: Ինձ Կթաղեք ու լաց չլինեք; Վասակը թող երգի ու վերջ: Կշարունակեք հավաքվել: Վասակը, համարյա, սովորել է այն ամենը ինչ ես գիտեմ, եւ նա կշարունակի ձեզ սովորեցնել, մինչեւ որ կգան ու կգտնեն ձեզ: Ես գիտեմ, որ ձեր ետեւից կգան ու կգտնեն , ես հավատում եմ ձեզ: Իսկ հիմա` ով հավատում է ինձ, ով սիրում է մեր հայրեհիքը` Հայաստանը, պիտի երդվի: Երդվիր , Վասակ: Խոսեց Վասակը. նրա ձայնը սկզբում բեկված էր ու դողդոջուն, աստիճանաբար հաստատուն եղավ ու երգեցիկ:

- Ես, որ վերջին մնացորդն եմ Հայաստանի, երդվում եմ իմ քանդված հայրենի օջախի, հարազատներիս անհայտ, անթաղ գերեզմանների, մեր արյունից կարմիր դարձած հայրենի գետերի, մեր արցունքով լվացված հայրենի բարձրիկ լեռների, մեր սուրբ, մեզնից խռոված լեռան եւ իմ որբ ընկերների առջեւ, որ ուր էլ լինեմ, աշխարհի ո՞ր ծայրում էլ կորսվեմ, ո՞ր ազգի մեջ էի ընկնեմ` պիտի լինեմ հայ, պիտի հիշեմ իմ Հայաստանը:

Ես գիտեմ, որ քանի դեռ աշխարհի վրա կա կենդանի մի հայ` կենդանի է եւ Հայաստանը, կենդանի է եւ նրա վրեժը:Եւ թող անիծյալ լինեմե եթե երբեւե ես մոռանամ իմ Հայաստանը:

Երդվեց Վասակը: Երդվեց Սամվելը, երդվեցին Արամը, Վահանը, Նժդեհիկն ու Գառնիկը: - Ապրեք, ես գոհ եմ ձեզնից, գուցե դուք դեռեւս լավ չեք հասկանում, թե ինչ եք ասում, բայց զգում եք` այդքանն էլ բավական է:- Դեհ, տուն գնալու ժամանակն է, ուշ է, արդեն մթնում է: Նրանք ուղտերը քշեցին վրանների կողմը: Բոլորն էլ չէին ցանկանում բաժանվել Արշակից: Երբ հասան բլրի գագաթին, Արշակը նստեց ու ասաց, որ ինքը հետո կիջնի իր տիրոջ մոտ: Նա իր աշակերտներին սիրտ տվեց, հորդորեց, որ գնան իրենց տերերի մոտ ու հանգիստ լինեն, ոչինչ էլ չի լինի, թող չվախենան:

Մյուս օրը, երբ եկան, տեսան, որ Արշակը պառկած է ավազի վրա, գլուխը դրած քարին ու մեռած: Բոլորը աղեկտուր լաց եղան: Վասակը ասաց, որ պիտի փոս փորել:

Նրանք իրենց մատերով փոս փորեցին, Արշակին պառկեցրին հատակին, ամեն մեկը մի բուռ հող լցրեց, ապա ծածկեցին ավազով եւ իրենց քարը դրին վրան: Ապա երգեց Վասակը.

                            ՏԵՐ, ԿԵՑՈ  ԶՀԱՅՍ
                             ԵՒ ԱՐՍ ԶՆՈՍԱ ՊԱՅԾԱՌ…

Երգից հետո , կարծես, մի փոքր թեթեւացան, կարծես վիշտը մեղմացավ, կարծես Արշակը իրենց հետ էր, Արշակի ու իրենց աստվածը մեկ էր, որ նա կպահի ու կպահպանի իրենց, որ նորից կտեսնեն Արշակին, որ կփրկվեն ու հայրենի տուն կունենան:

                           ՏԵՐ,  ԿԵՑՈ  ԶՀԱՅՍ
                            ԵՒ ԱՐԱ ԶՆՈՍԱ ՊԱՅԾԱՌ… 

Նրա հայրենի տունը թող քանդվի, աղջիկները հարճեր դառնան , բռնաբարվեն, մանուկներին գետերում խեղտեն, մամիկները ձկների կեր դառնան, երկինքը պղինձ կտրի, լեռները գլխիվայր շրջվեն, խրճիթները քամու բերնին դարձ-դարձ պարեն,, հիմեն մինչեւ կատարը հրդեհը լափի, ժանտախտը հունձք ժողովի ամեն շնչավոր էակի, ու թե դեռ կարող ես`

                               ԱՐԱ ԶՆՈՍԱ ՊԱՅԾԱՌ…              

Ադիս-Աբեբայից մինչ Բուոնես- Այրես, Սիդնեյից մինչ Ֆրեզնո` ցրիր, խառնիր օտար ցեղերին, այրիր նրանց ներբանները, քշիր, քշիր աշխարհով մեկ, հանգիստը բացասիր, Բայց. ՏԵՐ, ճակատներին խարանիր ` ՀԱՅ, հոգիները լցրու կարոտով, շուրջ բոլորը ցանիր` ատելություն, ատելություն, ատելություն` իրենց նվիրական լեռան չափ, ու թե դեռ կարող ես`

                              ԱՐԱ ԶՆՈՍԱ ՊԱՅԾԱՌ…

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

                                                Ի բարին հիշիր մարդկային ազգից եւ նրանց, որոնք
                                                թշնամի են մեզ, տուր լիակատար քավություն, Գթած, ու
                                                ողորմություն, ներիր Դու նրանց հանցանքներն իրենց:
                                                                                          ՍԲ Գրիգոր Նարեկացի

Առավոտ-երեկո երկար փեշեր գետնին քարշ տալով` սյունարանքից սյունարանք էր անցնում աղոթելով, ու երբ դռնկալի կարպետը ետ էր գցում` տեսնում էր հարսների վախից չռված աչքերը:

… խեղճերն ինձ պես չեն քնում, քնից զրկվել են , ցերեկն աշխատում, գիշերն անքուն են մնում, հոգիները խախտվելու է, մինչեւ ե՞րբ են դիմանալու:

Բոլորին հացատուն էր հավաքել, ամեն մեկին մի սյունարանքում` իրենց նախկին տեղում տեղավորել երեխաների հետ միասին, որ միատեղ լնեն , աչքի առաջ լինեն, իրար օգնեն:

Գիշերն աչքը չէր կպել, գիշերը տարի էր դառել` չէր լուսանում, մտքի ծովն ընկած` էրվում-խորովվում էր, հոգին տապակվում էր, երբ մնում էր ինքն իր հետ: Իսկ երբ հարսներն ու թոռները իր շուրջն էին, նրանց բոլորի հույսն ու ապավենը ինքն էր` թուլանալու , հուսահատվելու իրավունք չուներ: Մեծից մինչեւ փոքրը իրեն էին նայում:

Արդեն մի տարի կլիներ տղաներին զինվոր էին տարել, իր յոթ հարսներից մեկը մի օր չտրտնջաց, ձայն չհանեց, չհարցրեց , լուր չուզեց: Նրանց լուռ բողոքը նրանց մրմունջն ու երգն էր` օրորոցին թեքված երեխային կերակրելիս, կար անելիս , լվացք անելիս, հաց թխելիս, գոմը մաքրելիս, անասունները ջրի տանելիս, կիթ անելիս, գորգի տակ նստած` հանգույցներ տալիս, երբ մեն-մենակ էին մնում, երբ իրենք իրենք էին մնում` երգելով խոսում էին, երգելով կանչում էին, երգելով բողոքում-խռովում էին, հոգիները դատարկում էին` ուժ ստանում` ապրելու, դիմանալու, սպասելու համար: Ավագ որդին` Մանուկն ու փոքրը` Հակոբը Ստամբուլ , պանդուխտ էին: / Հիմերը քանդվի Ստամբուլի, հիմք գցողը շանսատակ լինի Ստամբուլի. մեր այրերը իրենց ջահել կյանքը էնտեղ մաշեցին, մեր հարս ու աղջիկները այստեղ էրվեցին-խորովվեցին/: Նրանցից լուր չունեին: Նրանց կանայք ձեն-ծպտուն չհանեցին, չգիտեին, լուր բերող չկար. թե պատերազմ չլիներ, գնացող եկող լիներ` հարսներից մեկն ու մեկին կպատրաստեր, կուղարկեր Ստամբուլ, լուր կունենային: Պատերազմը սկսվել էր հինգ որդիներին աշունը բանակ տարան: Մուշեղը ոչխարն էր նայում , քուրդ Ամրոյի հետ, որն իրենց տանն էր մեծացել, տան տղու պես էր, Միսակը ձիերի երամակին էր հետեւում ու ջաղացը բանեցնում, Միքաելը աշնանավարը դեռ չէր պրծել, զույգ լծկանները բերեց դռանը բաց թողեց, Վահանի հետ միասին, Ներսեսը տան գործին էր` գառ ու հորթի խնամքը նրա վրա էր, փետ ու կրակ էր անում,: Բոլորին տարան` ամեն ինչ մնաց իր ու հարսների վրա: Ձիերը մնացին սարերում` շան ու գելի բաժին դառան, քրդերը բաժան-բաժան արին` չիմացան, տեղեկություն չունեցան: Մի կերպ աշնանավարը տեղաց արին, սերմը հողի տակովն արին, չհասցրին մի կարգին ցաքանել, շուտ ձյուն եկավ: Որդիներին հրաժոշտ տվեց Տեր Մուշեն ու տեղի տակն ընկավ: Թե ծեր էր` ավելի ծերացավ, թե հիվանդ էր` հիվանդությունները վրան թափվեցին, այնքան էր իրեն կորցրել, որ գլուխը բարձից չէր բարձրացնում, հազիվ հասկացնում էր , որ ցանքսը կատարեն, խնամեն կթի կովերն ու ոչխարները, լծկաններն ու գոմշակով Խուրմին, ինքը հույսը կտրել էր, թե գարնանը , գարնանավարին կհասնի… Չհասավ էլ. փետրվարի վերջն էր, մի գիշեր երկու ոստիկան եկան, իրենց տունը քրքրեցին, տեր հոր գրքերը շաղ տվին հացատան հատակին, իրեն էլ առան տարան ու առավոտյան եկեղեցու դռանը սպանեցին, մեկը մի ձայն չկարողացավ հանի: Տեր հայրը, որ հիվանդ էր ու շունչը հազիվ էր գնում գալիս` չէր մեռնում, իրեն կանչեց ու խնդրեց, որ շապիկի ծոցագրպանից հաղորդության նշխարհը հանի ու իրեն տա, որը բերանն առավ ու հոգին ավանդեց: Ոստիկաններից մեկը ինքն իրեն ասաց` աստծո մարդ էր, սուրբ մարդ էր , մենք սպանեցինք:

Մնաց ինքը` մեն մենակ, յոթ հարսների ու թոռների հետ, մալ ու անասունի հետ: Պիտի կարողանար բռնել տեղը տեր-հոր, զավակների, նրանց անգլուխ մնացած ընտանիքներին տիրություն պիտի աներ,- ու չորացավ, բարակեց, ամրացավ, խստացավ:

Թաքուն, պեծպեծող հույս ուներ, թո կգան որդիները, կգան ու մի ճար, մի ճամփա կգտնեն, մարդ առաանց հույսի ո՞նց կապրի, քանի չկային` պատասխանատուն ինքն էր,- եւ չորացավ, բարակեց, ամրացավ, խստացավ, ճախարակի տակից դուրս եկավ, փեշերը թափ տվեց, փեշի ծայրը գոտկի տակովն արավ, իրեն հավաքեց, փայտը ձեռքն առավ, լույսը չբացված նա ոտի վրա էր, մինչեւ կես գիշեր աշխատում էր , աշխատեցնում էր հարսներին, աղջկան , թոռներին, միայն , թե անգործ չմնան, իր հետ մենակ չմնան, չհարցնեն, լուր չուզեն, ինքն ի՞նչ պատասխան կարող էր տալ, ու հետեւում էր, որ եզների տակը մաքուր լինի, կերը տեղը լինի, որ ուժ ունենան, գութանը քաշելու կարող լինեն, կովերին ժամանակին կեր տրվի, ջուր տրվի, որ կաթը չկորցնեն, չցամաքեն, ,հորթատեն, չգառնատեն, չհիվանդանան, կորուստ չլինի, արդեն շատ էին կորցրել:

Այդ ձմեռ բուրդը չմանվեց, մանածն ինքն ու ավագ հարսն էին անուն, չհասցրին: Կոծոծներից մաքրած, լվացած, մետաքսի պես փայլփլուն, սպիտակ բրդի սմակները, մնաց փաթաթած մառանի վերեւում` խոնավությունը քաշեց մեջը, ցեցը կերավ, չիմացվեց, մոռացել էին, իսկ բրդի մի մասն էլ, որ սանդերքի բերնովն էին տվել` փափուկ մալանչներ արել, մնաց ծալքի ետեւում տոպրակների մեջ դարսած, թոռները վրան նստած խաղում էին:

Հակոբ տղու համար` նրա կնոջ, Ալմաստի հետ միասին, ասղածաղիկներով ու վիշապներով զարդարուն գորգ պիտի գործեին` մնաց հինած տեղը, գույնզգույն ներկած թելերի կծիկները վրան կախ ընկած:

Զաբել աղջիկն էլ, որի տասնյոթ տարին նոր էր լրացել, նշանված էր, այդ ձմեռ պիտի հարս գնար, ինքնուրուն մանել էր գորգի հենքի թելերը, միջնաթելը ու խավի թելը, առանձի-առանձին կծիկ արել, արմատնորով ու ծաղիկներով ներկել, հինել ու այդպես էլ թողել : Տորոնի կարմիր, ճահրեի , ծիծաղերես երանգները, մանուշակի տերեւներով ստացած դեղնականաչը, կաթնուկի` լույսի նման շողշողուն ոսկեգույնը, նարնջին ու մուգ մոռագույնը, լաջվարդ կապոյտն ու փիրուզագույնը, սրմին ու մուգ կապույտը, իրենց դաշտերի բոլոր երանգներն ու գույները ստացել էր իր աղջիկը եւ տորքի վերեւում շողշողում էին ոզիրները` օրվա հետ փոխելով իրենց գույները:

Գիշերը տարի էր դառել, գիշերը քուն չուներ, ցերեկը` հանգիստ, , պատերը գել էին դառել` իրենց ուտում էին , շրջում էր խելքն առածի պես, աչքերից կրակ էր թափվում, սիրտը կարծրացել էր, մեռել էր, կարեւոր ու անկարեւոր հարցերին ուշադրություն չէր դարձնում, մի նպատակ ուներ` դիմանալ, ապրել ու ապրեցնել մինչեւ կգային: Երկիքը որքան կարծրանում էր ու կապարի պես ճնշում , այնքան նրա սիրտը ամրանում էր ու զրահավորվում, անտարբեր դառնում, որ չպատռվի, չտրաքի, շունչը գնա-գա, դիմանա, մինչեւ կհասնեն որդիները...

Ծեգին ելավ, հայտնի չէր, թե որքան կար լուսանալու, երեսովը ջուր տվեց, նախշազարդ , դրվագված պղնձե թիթեղներով զարդարուն սնդուկի չորս կողմը սրբեց, իր աղջիկ ժամանակ ասեղնագործած շղարշը ետ գցեց ու աղոթեց առավոտվա իր լուռ աղոթքը: Սնդուկը բացեց, զարդարուն, կաշեկազմ, արծաթաթելով հյուսած գրքերը մի կողմ դրեց ու դուրս հանեց կանաչ-կարմիր մետաքսի կտորներով փաթաթած, ոսկեթելերով հյուսածո, փիրուզով, շողակնով ու հասպիսով ակնազարդ, անհիշելի ժամանակներից պահվող ,,շեկ,, Ավետարանը, որը դուրս էր բերվում սովի, երաշտի, , ժանտախտի ու բնական այլ աղետների ժամանակ ու դրեց ,,ամենափրկիչ,, Նարեկի մոտ:

Այս աղետը անբնական էր, մարդահնար աղետ էր, արդյո՞ք կոգնի իր սուրբ Ավետարանը, իր աստվածը` չգիտեր… աստված երեւի իրենց մոռացել էր…:

Բացեց Ավետարանը, բուսանախշ, այլաշխարհիկ կենդանիներով ու ծաղիկներով զարդարուն խորանի տակ, իր գահին բազմած, նայում էր տխուր-տրտում աստվածամայրը մանուկը գրկին: Երկու գրքերը փաթաթեց մետաքսի կտորով ու կապեց թիկունքին, մնացած գրքերը նույնությամբ դասավորեց սնդուկում ու նորից ծածկեց` թող մնա այնպես, ինչպես միշտ եղել է: Եղած ոսկեդրամները շարեց գոտու մեջ , կապեց մեջքին, վարագույր կարպետը շրջեց ու առաջացավ: . Երդիկի տակ մարմրում էր երեկ գիշերվա կրակը թոնրի մեջ: Կաթ ու մեղր, ձու եւ պանիր, չամիչ ու փլավ էին կերել. ուշ էին մնացել, հարսներին չէր թողել հավաքեն սեղանը` կարծես նստած տեղից նոր էին ելել: Այդպես էլ կմնա ու ավարառության եկած թուրքի կամ քրդի աչքը կծակի նրանց ունեցածը, նրանց կերած խմածը, նրանց հագած կապածը, նրանց ունեցվածքը, կհամեմատեն իրենցի հետ, եւ չար նախանձը կկրծի նրանց սրտերը` արժանի են , թող կոտորվեն…:

Ավագ հարսի վարագույր կարպետը ետ գցեց. աչքերը սառած, ընդարմացած պառկած էր, երեւում էր, որ նա էլ չէր քնել: Ցանկացավ կարպետը վար առնել: - Թող մնա ինչպես միշտ եղել է: - Երեխաների կապոցները պատրաստիր, մի շաբաթվա ուտելիք դիր, մի շաբաթով են տանում, ասացին:

Հարսն ակնարկեց իր գոտին: - Հա, ինչ ոսկի ու զարդ ունես, վերցրու:

Մուշեղ որդին շատ էր սիրում ծաղկաշղթաներով եզրազարդված վիշապագորգը, որի կենտրոնում դրախտի խորհրդաշանն էր, չորս անկյուններում վիշապները` հսկումի կանգնած: Հորանց տնից էր բերել, որի կրկնօրինակ կարպետը կախ էր տրված նրանց բաժին սյունարանքում: Տկար եւ գունաթափ վիշապները ճոճվում էին, նրանց հսկողության տրված դրախտը սահում, կորսվում էր, ոտերի տակ հողը փախչում էր…:

Ավագ հարսը գնաց գոմ կովերը կթելու ինչպես սովոր էր: Մեծ մայրը վարագույր կարպետը ետ գցեց` Թագուհի հարսը քնած էր, ձեռքերը երեխաների գլխի տակ, բերանը բաց, սեւ ծամը կախ ընկած, երեխաները բաց էին` Ալմաստն ու Սմբատը` ոտնուծոց քնած: Գառան պես փսփսում էին` քիթերնին բռնված էր: ,,Խեղճ աղջիկ , երեւի նոր է աչքը կպել,,: Մեծ մոր զգույշ շարժումները արթնացրին նրան:

_ Մեծ Մամ,- խոսեց քնաթաթախ, վախեցած հարսը ,- շատ գեշ երազ տեսա, մեր տունը վառվում էր, մենք բոլորս մեջն էինք, դռները կողպված էր, մեկը չէր կարող դրսից ներս գա,, աչքս նոր կպավ, նոր տեսա: Վախենում եմ: - Հարսը երկու ձեռքերով գրկել էր երեխաներին ու դողում էր : - Ելիր , Թագուհի, առավոտվա երազը սուտ է, ելիր , պիտի պատրաստ լինենք, տաք հագցրու երեխաներին, քո զարդ ու ոսկիների հետ այս տասը ոսկին տեղավորիր գոտկիդ մեջ, պետք կգա,- հանգիստ խոսեց Մեծ Մայրը: Հարսը հանգստացավ, խոնարհվեց ու իջավ թախտից: Մեծ Մայրը վառեց լամպը: Մյուս հարսները մեկ առ մեկ արթնացան: Մոտեցավ Զաբել աղջկա սնարին: Սպիտակ կերպասից ասեղնագործած շղարշե անկողնակալով վերմակը վրան գցած, բարձի երեսը ոսկեթելով կեռ կտուց ծաղիկներով զարդարած` դրել էր գլխի տակ, հարսնության կիսատ մնացած ասեղնագործ սփռոցը կախել էր գլխավերեւում, ինչ նշանածին ու եղբայրներին տարան, հարսնության իր քսուրծրուրները հանեց , սկսեց գործածել` երեւի թե գիտեր, զգում էր, որ հարս չի լինի...:

Զաբելը բոլորից փոքրն էր, բնավորությամբ իր կեսն ու կտորն էր, ամեն ինչ ցանկանւմ էր ինքն անել, մեկին մոտ չէր թողնում, բայց եղբայրներին ու նշանածին տանելուց հետո` մի օր տորքի տակ չնստեց, մի հանգույց չարավ, ձեռագործը չվերցրեց, ասեղ չթելեց, նրան կոտրողն ու ջլատողը հոր` Տեր Մուշեի սպանությունն էր` կժի նման կոտրվել էր, մեջը եղած ոգին դարձել էր վախկոտ ու անհամարձակ: Քնած էր Վահան եղբոր տղան` Ներսիկը ծոցին: Արթնացրեց ու կարգադրեց, որ իր կապոցը կարգի գցի, իսկ ինքը անցավ մառանը, այնտեղից էլ գոմ, որը հացատնից բաժանվում էր նեղ ու երկար միջանցքով: Ավագ հարսը կթում էր կովերը: Գառները դոփդոփում էին, վեր թռչում, բաց թողեց ոչխարների մոտ, եզները նստած տեղից ելան ու մզզալով լիզեցին Մեծ Մոր ձեռքերը, խոտ տվեց բոլորին: Խուրմա գոմշակովը կանգնեց ու գլուխը թափահարեց, որի պոզերը տափակում ու ետ էին դառնում ականջներին կպած ` վզի վրա կիսալուսին կապելով: - Չէ, այ Խուրմա, այսօր ես քեզ չեմ կթի, էլ քեզ ոչ ոք չի կթի, քեզ չեմ մոռացել:

Գոմշակովի  առաջ խոտ դրեց: Գոմի լուսանցքից արդեն լույս էր նշմարվում: Դուրս եկավ , շներին արձակեց, տարավ այգու խորքում, աչքից հեռու հոլիկ կար, երեքին էլ ներս գցեց, առաջները հաց ու ճաշի մնացորդ թափեց :

- Տանը մնան, կսպանեն, թող աչքից հեռու լինեն , որ շատ ուզենան, լոսամուտից դուրս կգան, արդեն մենք այստեղ չենք լինի, չենք տեսնի ,- ինքն իր հետ խոսեց Մեծ Մայրը: Արեւելքը արդեն շառագունել էր. տուն դարձավ: Երեխաները թոնրի շուրջը նստած, քուրսու վրա շարված ուտելիքը վերցնում ու դանդաղորեն ծամում էին: Վաղ էր, այդ ժամին ուտելու սովոր չէին: Բոլորի կապոցները պատրաստ էր: Կարգադրեց, որ մեծերն էլ հաց ուտեն: Զաբելին կանչեց, մեջքին գոտի կապեց, ապսպրեց, որ տաք շորեր հագնեն, ուտելիք վերցնեն որքան հնարավոր է, դրամն ու զարդերը չմոռանան: Երկար պոչով, սպիտակ կատուն ծալքի վրայից մլավելով ցած թռավ ու փաթաթվեց ոտերին: - Քեզ ի՞նչ եղավ, մնա, մնա, դու մեզնից չես, տունը քեզ եմ թողնում , մնա տանը: Դարպասի դուռը զարկեցին, տասնհինգ հեծյալ ոստիկաններ դռան առաջ կանգնած դուրս էին հրավիրում: Մեկ առ մեկ դուրս եկան, վերջում Մեծ Մայրը դուռը դրեց, սողնակը գցեց ու նայեց ոստիկաններին: նրանցից մեկն առաջնորդեց գյուղի հավաքատեղին, Ակնաղբյուրի մոտ, մեծ, դարավոր ու հին, ինչպես իրենք էին շատ հին ու ծեր, մայրի ծառի տակ, ուր սովորաբար այդ ժամին հավաքում էին գյուղի նախիրը` արոտ տանելու:

Արդեն երկու ամիս էր ինչ գյուղից ցած անցնող մեծ ճանապարհով անցնում էին գաղթականների խմբերը` մայրեր, ծերեր, երեխաներ , հարսներ ու աղջիկներ: Նրանցից ոչ մի լուր չունեին: Այժմ իրենց հերթն էր:

Հինգ օր առաջ եկել էին ու կարգադրել, որ գյուղը տեղահանվելու է, բայց շատերը ծածուկ հույս ունեին, թե հրամանը չեն գործադրի, սուտ կլինի:

Թույլատրվում էր վերցնել մի շաբաթվա ուտելիք ու հագուստ: Մնացած իրերը նույնությամբ ետ կստանան, երբ վերադառնան, ասված էր հրամանի վերջում: Երբեմն շշուկներ էին լսվում, թե իբրեւ բանակ տարած բոլոր հայ զինվորներին սպանել են, փակել են վանքերի ու եկեղեցիների մեջ ու այրել, կամ իրենց զորանոցներում թունավորել, կամ խրամատներ փորելիս` կենդանի կենդանի իրենց փորած փոսերի մեջ թաղել, ծածկել հողով: Լսում էին լուրերը, բայց չէին ուզում հավատալ, իրենք իրենց հույս էին տալիս, որ ապրելիս կլինեն, որ գուցե՞ փախել ու թաքնվել են լեռներում: Այժմ էլ ,ահա, իրենց են ,,տեղափոխում,,:

Մեծ Մայրը կարգադրել էր, որ ամեն մեկը իր երեխաների ձեռքից բռնած միշտ իրար մոտ լինեն, իրար օգնեն, չլինի , թե ժողովրդի մեջ խառնվեն, իրար կորցնեն:Պատի երկայնքով քայլում էին, վաղ առավոտվա այդ ջինջ օդում լսվում էր ոստիկանների ձիերի դոփյունը ու անժամանակ արթնացած երեխաների լացի ձայնը: Մյուս տներից էլ թեթեւ կապոցներով կանայք, երեխաներ ու ծերեր էին դուրս գալիս ու միանում իրենց: Բոլորը լուռ, գլխիկոր քայլում էին: Լացում էին քնաթաթախ կրծքի երեխաները: Աքլորները երրորդ անգամ ազդարարում էին լուսաբացը` անտեղյակ այս աշխարհի հոգս ու ցավին: Բոլորին գյուղից դուրս հանեցին ու մեծ ճանապարհի մոտ թթենիների այգեստանը հավաքցին ու հայտնեցին, թե իրենք լավ պիտի հսկեն: Տաս օր հետո ետ պիտի գան: - Բայց երկուհարյուր ոսկի պիտի հավաքեք ու մեզ տաք, որ լավ հսկենք,- վերջացրեց իր խոսքը տասնապետը: Ոսկին հավաքվեց, տասնապետը համրեց ու գոհ երեւույթ առավ: - Բոլոր տղամարդիք ու պատանիները թող առանձնանան ու կանգնեն գյուղի կողմը:- Նրանց այլ ճանապարհով պիտի տանենք:

Տղամարդ չկար, ծերեր էին ու տասնվեց-տասնյոթը նոր լրացած պատանիներ: Նրանք առանձնացան ու լուռ ու տխուր նայում էին իրենց հարազատներին: Երկու ոստկան ու քսան թուրք գյուղացիներ մնացին կանանց ու երեխաների մոտ, իսկ մնացած ոստիկանները ծերերին ու պատանիներին առաջնորդեցին դեպի գյուղի վերեւի քարափը: Արդեն այնտեղ պատրաստ էին թալանի ձենն առած թուրքեր ու ավարառության պատրաստ քրդեր` զինված թրերով դագանակներով, եղաններով: Կես ժամ անց այնտեղից լսվեց կրակոցներ ու խուլ աղմուկ` հարայ-հրոցով, մորթվող անասունի խուլ ձայներով: Կանայք սկսեցին լալ ու մղկտալ,` դեմքները ծվատելով, մազերը պոկոտելով. առաջին օրն էր, ու նրանք հայասպանությանը դեռ չէին սովորել: Ետ եկան ոստիկանները արյունից կարմրած ոտքերով ու ձեռքերով: Նրանք առանձնացրին ծեր կանանց եւ նրանց ովքեր քայլել չէին կարող ու տարան դեպի այգիները: - Մամա ,- Խոսեց կարկամած Զաբելը ,- Նրանց կենդանի-կենդանի ջրհորները նետեցին: - Մի նայիր ,- սաստեց մայրը: - Մեծ Մամ, Արամ քեռու տղային` Ոստանիկին գյուղից բերում են: - Գեղանույշ, նայիր կապոցիդ ու տես, որ չկորցնես: - Մեծ Մամ, քրդերն ու թուրքերը գյուղ մտան. մեր տունն այրվում է, բոլոր տներն այրվում են: - Մեծ Մայր, ոստանիկին շպրտեցին կրակի մեջ ձեռնուոտը կապած: - Իմ շուրջը մնացեք, մի նայեք, նստեցեք ,- կարգադրեց Մեծ Մայրը: Բոլորը լուռ լացում էին: Քարափից, գյուղից ու պարտեզներից վերադարձան ոստիկանները: Նրանց ձիերի թամբերից գորգեր ու թանկարժեք իրեր էր կապած:

Մի երիտասարդ կին բարձրաձայն լացում էր, մոր ու տղայի անունը տալիս: Ոստիկանները նրան ճամփի մեջտեղ հանեցին ու սպանեցին: - Ով լացեց` այս կնոջ պես կմեռնի ,- ասաց ոստիկաններից մեկը ,- մեր օնբաշին կանանց ու երեխաների լացը տանել չի կարողանում, սիրտը ցավում է: Բոլորը սսկվեցին: Քրդերն ու թուրքերը գժտվել էին` չէին կարողանում ավարը բաժանել: - Ոչխարները ` քրդերին, կովերն ու եզնեը` թուրքերին,- կարգադրեց ոստիկանապետը ձեռքի թուրը թափահարելով: Իրենց Ալու եզը, իրենց Ծաղիկ եզը, իրենց Ծիրան եզը , Կարմիր եզը, իրենց կովերը, իրենց ոչխարները, որոնց հետ արթնանում ու ելնում էին, դառը քրտինք մտած միասին աշխատում ու կառավարվում, իրենց բաժին ընկած դաժան կյանքը ապրելով ` բաժանեցին իրար մեջ, այրեցին տները, ավերեցին սրբատեղիները, պղծեցին օջախները` վերջացավ, վերջացավ, վերջացավ, վերադարձի ոչ մի հույս, վերադարձի ոչ մի ճամփա:

Մեծ Մոր գիտակցությունը մթագնում էր, մի պահ մոռանում էր իր ո՞վ եւ ու՞ր լինելը, ցանկանում էր ձերբազատվել, չտեսնել, վերանալ, բայց երկինքը քար էր կտրել ու ճնշում էր, ու երբ պահն անցնում էր, գիտակցություն ետ էր գալիս, հայացքի առաջ բոցերի մեջ կորած տներից ոչխարները քշում, բերում իրենց մոտով տանում էին, ոչխարներե դեռ չէին խուզել, ու նրանց սպիտակ, երկար բուրդը ճամփի կոծոծներին էր քսվում, Կովերն ու եզները խումբ-խումբ տանում էին: Իր Խուրմա գոմշակովը, որը իրենից բացի ոչ մի հարսի մոտ չէր տալիս, իր հպարտ գոմեշը` աչքերը կարմրած գնում էր, ոտը գետնովը տալիս ու կանգնում. տիրացած թուրքը գոմշաձագի պարանը ձեռքին, դագանակով հարվածում էր, իսկ նա չէր շարժվում, իր անտերացած գոմեշն էլ իր պես շշմած ու սարսափած` գիտակցության ու անգիտության պահերի մեջ, բնազդորեն էր ոտի վրա մնում:Տեսավ Մեծ Մորը, մոտեցավ մզզոցով. - Ինձ էս ու՞մ, ու՞մ ես թողել: Լիզեց ձեռքերը: Ոստիկաններն ու թուրքերը դագանակներով քշեցին , ետ տվին: Իր որբացած գոմեշը`ակնակապիճները կարմրած` կատաղեց ու ետ տուն դարձավ, իր ետեւից թուրքերն ու քրդերը: Խուրմա գոմեշը մտավ այրվող գոմը ու կանգնեց իր կապի տեղը. այդպես էլ նրան չկարողացան գոմից հանել: Երանի գոմեշին, երանի գոմեշ լներ. այդպես կնստեր իր վառվող տան մեջ ու տեղից չէր շարժվի` թե մեն-մենակ լիներ… Հրամայեցին առաջ շարժվել: Քայլեցին մտան ձորն ու գնացին նույն ճամփով, որով երկու ամիս շարունակ տանում էին իրենց ազգակիցներին, եւ որոնցից ոչ մի լուր չունեին: Երբ հասան ջրին, կեսօր էր , թույլ տվին հանգստանալու: Նստեցին խումբ-խումբ ու սկսեցին կերակրել երեխաներին իրենց կապոցներից հանած հաց ու պանրով: Տասնապետը ձեռքը դրած սրի կոթին` խմբից խումբ էր անցնում ու զննում ջահել հարս ու աղջիկներին: Ծամել ու կուլ տալ չէին կարողանում, երբ նա անցնում էր նրանց մոտով: Ոչ ոք գլուխը չէր բարձրացնուն, ոչ ոք նրան նայել չէր համարձակվում: Նրանց շաղված հայացքների առջեւ կարմիր հագած ոտեր էին միայն, որը թվում էր թե իրենց արյունով է ներկված, որը տիրաբար ճնշում էր գետինը, իրենց իրերը, իրենց հագոuստի փեշերը, ու կարծես նրանց մարմինները: Սրտները խփում էր նոր բռնված վայրի հավքի պես` արագ, վախեցած ու սարսափահար:

Տասնապետը , երբ հասավ Մեծ Մորը` կանգնեց , նայեց նրան, հարսներին, Զաբելին,, որը դեմքին մուր էր քսել ու ցեխ, բայց կենսաթրթիռ պատանեկության ուժը աչքերի մեջ հուրհրում էր` մահասփյուռ սարսափից առավել ուժգնացած:

Տասնապետը դարձավ իր ենթակային. - Գեղեցիկ աղջիկ է: Օգնականը ցանկանում էր բռնել Զաբելի թեւից ու տանել, բայց տասնապետը հրամայեց թողնել: - Հո թեւվեր չի առնելու թռնի գնա, թող երեկոյան,- ասաց տասնապետը: Հրամայեցին վեր կենալ ու առաջ շարժվել: իրիկնադեմին նրանք հասան Գեղավանք գյուղը, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկար արդեն: Գյուղից մնացել էր լոկ այրված տներ, փլված տանիքներ ու աղբակույտ  : Իր Շուշիկ հարսը այդ գյուղից էր: Կանանց ու երեխաներին փակեցին վանքի բակում ու կողքի երկու գոմերում: Լուսամուտի մոտ նստել էին Մեծ մայր, հարսերն ու թոռները: Գեղանույշը կանգնել ու նայում էր դուրս - Մեծ Մամ,- խոսեց փոքրիկ աղջիկը, - փայտերի վրա դրված դիակներ են բերում վանքի գերեզմանոցը: Դրսում ոստիկաններն ու թուրք գյուղացիները տղամարդկանց ու պատանիների այրված, կիսայրված դիակները տանում լցնում էին իրար վրա: Մի թուրք մոտեցավ լուսամուտին ու ցույց տալով դիակները ասաց. - Ձեզ էլ այդպես պիտի այրենք,- նրա չարախինդ հռհռոցը բռնեց բակը: Մեծ Մայրը անխոս շրջվեց ու բոլորին տարավ գոմի ամենահեռու անկյունը: Երեխաները քնեցին. նրանք վախեցած վեր էին թռչում քնի մեջ ու լացում: Բոլորը սսկվել ու փռված էին գոմի հատակին, իրար մեջք մեջքի տված, կարծես ձգտում էին մի քիչ հույս, մի քիչ ջերմություն ու կարեկցություն ստանալ միմյանցից, բայց բոլորն էլ դատապարտվածության նույն կնիքով էին կնքված, նույն ժանտ ճակատագիրն էր սահմանված բոլորին, սարսափ` որքան ուզես կարող էին տալ, աշխարհը հագեցնելու չափ կաթվածահարող սարսափ:

Նրանք ինչ-որ տեղ, հոգու խորերում հույս ունեին, թե այս բոլորը վերջ կգտնի, սպանությանը վերջ կտան, իրենց խոստացված տեղը կհասցնեն, քանի շունչը գնում - գալիս էր, քանի կենդանի էին,քանի դեռ երեխաները իրենց հետ էին` հույսն էլ նրանց հոգու խորերում ծվարած պահում էր նրանց: Դուռը բացվեց ու ներս մտան երկու ոստիկաններ: Նրանք լույսը մոտեցնում էին այս ու այն խմբին եւ առանձնացնում ջահել հարս ու աղջիկներին: Մեծ Մոր խմբից առաջինը նրանց աչքին ընկավ Շուշիկ հարսը, որը վախից դողում էր` գրկին Սմբատ որդին: Նրա թեւից բռնեցին ու քարշ տալով գոմից դւրս հանեցին: Նրա երեք տարեկան տղան սկսեց լալ ու քայլել դեպի դուռը: Զարուհի հարսը հասավ ու գրկեց երեխային: Նրանք նորից ետ եկան ու սկսեցին փնտրել: Մեծ Մայրը Զաբելին թաքցրեց իրերի ու կարպետների տակ, երեխաներին նստեցրեց վրան, իրենք էլ թիկունքով դարձան դեպի կապոցներն ու գլուխները խոնարհեցին: Լույսը այս ու այն խմբից անցնելով եկավ կանգ առավ նրանց մոտ: Երկարաճիտ, կարմիր կոշիկներից հասկացավ Մեծ Մայրը, որ դա ոստիկանապետն է: - Ու՞ր է աղջիկը ,- հարցրեց նա: Մեծ Մայրը գլուխը բարձրացրեց ու չհասկացող հայացքով նայեց թուրքին: - Ու՞ր է աղջիկը, - կրկնեց ոստիկանապետը: Օգնականն ու մյուս ոստիկանները երեխաներին մի կողմ հրեցին, կապոցները դես ու դեն գցեցին ու տեսան դեմքով գետնին պառկած աղջկան սարսափից կաթվածահար, անշարժ: Պետը բռնեց նրա թեւից ու բարձրացրեց: Մեծ Մայրը մի քսակ ոսկի պարզեց նրան , նա վերցրեց ոսկին ու Զաբելին հետը տարավ ասելով. - Սրան ես հետս կտանեմ, սա կապրի, օժիտ էլ տվիր: Մեծ Մայրը բռնեց օգնականի ոտերից ու ցանկացավ խոսել, աղաչել, ինչ-որ բան ասել: Բայց նա ոտերը թոթափեց ու դուրս եկավ: Գոմի դուռը մնացել էր բաց: Մեծ մայրը ելավ ու հետեւեց նրանց; Երկուսով բռնել էին Զաբելի թեւերից ու տանում էին, քարշ էին տալիս, քանզի աղջիկը ոտի վրա կանգնել չէր կարողանում: Այս ու այն անկյուններից լսվում էր տանջահարվող հարս ու աղջիկների ծկլթոց-տնքոցը:

Այդ պահին էլ լսվեցի ինչ-որ շների կոկորդային գռմռոցը: Երեք շուն բակի բաց դռնից ներս թռան ու հարձակվեցին Զաբելին տանողների վրա:

,,Հասան, իմ շներս, իմ պահապան շներս, իմ պահած-շահած շներս, միակ հավատարիմներս, էլի սրանք հասան, իմ խեղճ անասուններս:- Հոլիկից դուրս են թռել ու մեր հետքը բռնել եկել…,,: Տասնապետն ու օգնականը Զաբելին թողին ու աշխատում էին ազատվել շներից: Մեծ մայրը խառնաշփոթից օգտվելով գնաց աղջկա թեւից բռնեց ու տարավ գոմ; Շները կատաղորեն կծոտում էին գետնին ընկած ոստիկաններին: Մյուսները հասան , թրերի հարվածներով ջարդեցին շների կողերը, ոտերը: Նրանք բաց թողեցին ոստիկաններին եւ երկար ու ձիգ հաչեցին` ապա քարշ եկան դեպի գոմի դուռը, որտեղ կանգնած նայում էր Մեծ Մայրը: Նրանք սկսեցին կրակել շների վարա:Ամեն մի կրակոցին շները ծմրում ու գլուխը դարձնում էին վերքի կողմը:Գոմի դռանը չհասան, այդպես գլուխները թեքած էլ հանգան: Թուրքերը կարծում էին, թե կատաղած շներ են. արդեն սար ու դաշտ անտերացած շներով լցված էր, որոնք խմբեր կազմած հարձակվում էին մարդկանց ու անասունների վրա: Վիրավորված ոստիկաններին շտապ տարան` վախ ունեյին, թե շները կատաղած կլինեն:

Կարծես մոռացան իրենց: Գոմերի կեղտոտ հատակին ու վանքի բակում կանայք ու երեխաները ընդարմացած մարմնական ու հոգեկան տանջանքներից ` ծվարել էին:

Առավոտյան գոմի դռանը հայտնվեց երկարավուն գլխով, հաստամարմին, երկար բեխերով մի տղամարդ: - Դուրս եկեք ,- իր խռպոտ, կոկորդային ձայնով մռլտաց նա: ,,Պահապանները ,, փոխվել էին` ոստիկանները չկային, եկել էին չեթեները:Կանայք վեր կացան, շալակեցին իրենց կապոցները, քնատ երեխաների ձեռքերից բռնած դուրս եկան ու շարվեցին եկեղեցու բակում: Երեխաները լացում էին: Մարերը աշխատում էին նրանց լռեցնել; Դռան մոտ կանգնած չեթե- թուրքը հաշվում էր: Վերջում դուրս եկավ Մեծ Մայրը Սմբատը գրկին: Մոտեցավ թուրքին: - Ի՞նչ ես ուզում,- հարցրեց չեթեն:. - Օնբաշի, թող իմ հարսներս ու թոռներս ապրեն, թող ապրեն, իսկ ես քեզ ոսկի կտամ, ոսկի: - Քանիսն են,- հարցրեց չեթեն; Շուշիկ հարսը չկար, ճամփին թուրք կանայք վեցրել էին Ներսիկին ու Սոսին, Թագվորին ոի Միսակին: Մնացել էին հինգ հարսներն ու Զաբել աղջիկը տասներկու թոռների հետ: - Ամեն մեկիդ համար տասը ոսկի տուր ,- ասաց չեթեն: Մեծ Մայրը իր գոտին արձակեց ու տվեց նրան: Չեթեն հաշվեց, դրեց գրպանն ու ու բոլորին վանքի բակից հանեց: Բակում քսան խաչ կար կանգնեցրած, երեկվա տարած հարս ու աղջիկներին գամել էին խաչերին:Նրանց մազերը քամին տարուբերում էր, կային, որ դեռ կենդանի էին; Շուշիկ հարսը խաչվածների մեջ հինգերորդն էր: Չեթեները իրենց հետ բերած խումբը տեղավորել էին վանքի ետեւում: Նրանք արաբկիրի շրջակայքից էին, մի գյուղից տաս հոգի չէր մնացել: Իրենց հետ խառնելով` հրամայեցին շարժվել, թե մյուսներին ի՞նչ արին `չտեսան ,չիմացվեց:Որոշակի տեղ անցնելուց հետո , երբ ետ նայեցին ` թանձր ծուխը բռնել էր եկեղեցին ու շրջապատը: Քայլում էին դատարկ, ավերակ գյուղի միջով: Տների սեւացած, կիսականգուն պատերից առավոտյան թույլ քամին մոխիր էր շաղ տալիս: Գյուղից դուրս եկան ու մտան, նեղ ճամփան, որը ձորի եզրով գնում խորանում էր երկու քարափների արանքը: Այդպես քայլելով հասան Քուրդ-Էմելիկ գյուղը: Քրդերը եկան ու իրենց ձեռքերին բռնած տոպրակներից հանեցին թան, փլավ, գարե հաց, պաստեղ; Քրդերը ոսկով էին ծախում ու աշխատում էին ճանաչել գնողներին: Կեսօրին հասան մի փոքրիկ գետակի; Դադար տվին; Կանայք կապոցներից հանեցին հաց , փլավ, քամած թան ու բաժանեցին երեխաներին, իրենք էլ սկսեցին ծամել չոր հացը: Փոքրիկները ուտում էին լուռ, առանձ ձայնի: Գեղանույշը ջուր ուզեց; - Ես էլ եմ ծարավ,- ասաց Սուրենը: - - Ես էլ,- ձայնեց Հովհաննեսը: Ալմաստ հարսը պղնձե ջրամանը վերցրեց ու ցանկանում էր գնալ ջուր բերելու, բայց Մեծ Մայրը վերցրեց ջրամանը եւ դանդաղորեն գնաց ջուր բերեց: Մյուս խմբերից էլ մեկ-մեկ սիրտ առան ու գնացին ջուրի: Չեթեները գետի ափին նստել եւ ուտում էին; Քիչ հետո նրանք վեր կացան ու մտան ժողովրդի մեջ; - Ամեն մեկիս համար տասը ոսկի պիտի հավաքեք, որ ձեզ լավ հսկենք,- ասաց նրանց պետը: Հավաքված ոսկին գրպանելուց հետո ընտրեցին քառասուն աղջիկների, որոնց մեջ էր եւ Մեծ Մոր Շնորհիկ հարսը, տարան գետի ափը` մերկացրին, անպատվեցին ու վզներից քար կապած նետեցին գետը: Այդ ժամանակ էլ եկան քրդերը` զինված կացիններով, սրերով, եղաններով, մանգաղներով; Սկսեցին սպանել: Մեծ մայրը իր ընտանիքին հավաքել էր քարափի տակ; Բոլորը թիկունքով դարձել էին դեպի ջարդարարները, բոլորից դուրս նստել էր Ալմաստ հարսը, կրտսեր որդու կինը` Հովիկը գրկին: Երկու քուրդ նկատեցին երեխային ու մոտեցան: - Տուր ինձ երեխային,- ասաց քրդերից մեկը: - Ոչ;- Ալմաստը չհոժարեց տալ: Քուրդը բռնեց երեխայի թեւից ու քաշեց; Հովիկը լաց եղավ, իսկ մյուսները սարսափից սառած ծպտուն չէին հանում: Քուրդը Հովհանեսին տարավ, իսկ Ալմաստը նրա ոտերն ընկած խնդրում էր ետ տալ իր զավակին: Մեծ Մայրը գնաց փնտրելու իր ,,պաշտպան,, չեթեին: Մյուս քուրդը մոտեցավ ու ասաց, թե ինքն էլ է հավանում; Երեխան անմիջապես նկատվում էր. շիկավուն խոպոպներ ուներ գլխի շուրջը, սպիտակ մաշկ, սեւ, մեծ աչքեր, բաց-պայծառ ճակատ, կապույտ աչքուլունքը կրծքին կարած, չարն ու ցավերը վանող խխունջները թեւճակներին ամրացրած…: - Ինձ տուր,- դիմեց նա Ալմաստին,- ես լավ կպահեմ: - Ոչ, իմն է,- սպառնաց առաջինը: - Իմը պիտի լինի,- պնդեց երկրորդը: Իսկ երկուսի միջեւ չոքած, երեխայի ոտերը գրկած Ալմաստը դողում էր: Առաջին քուրդը կացնով հարվածեց Ալմաստի ուսին, որն ընկավ գետնին ու շաղախվեց իր արյան մեջ; Քրդերը շարունակում էին վիճել: - Իմս է,- պնդեց առաջինը,- ես եմ գտել: - Ինձ շատ է դուր գալիս, տուր ինձ,- չհամոզվեց երկրորդը: - Չպիտի տամ: - Ոչ ինձ, ոչ էլ քեզ,- ասաց երկրորդն ու կացնով երկուսի բաժանեց երեխայի գլուխը:

Այդ ժամանակ էլ եկավ Մեծ Մայրը չեթեի հետ միասին: Նա տեսավ արնաշաղախ հարսին ու թոռանը` չոքեց ու դեմքը ծածկեց ձեռքերով:

Չեթեն ծիծաղեց ու ոտով հրեց Մեծ Մորը: - Հիսուն ոսկի տուր, որ մնացածդ ապրեք: Մեծ Մայրը Ալմաստի հագուստի ծալքերից արանքից հանեց մի փոքր տոպրակ ու մեկնեց չեթեին, որն էլ նստեց քարին ու սկսեց հաշվել: - Տասը ոսկի պակաս է; ,,Ոսկին, եղած ոսկին միայն երկարացնում է մեր տառապանքը,,- մտածեց Մեծ Մայրը: Չեթեների պետը հրամայեց, որ դադարեցնեն ջարդը: Նրանք հավաքեցին սպանվածների իրերը եւ հանձնեցին թուրք գյուղացիներին ու քրդերին, իսկ ոսկին բաժանեցին իրար միջեւ: - ՄՆացածներին հավաքեք, որ ճամփա ընկնենք,- ասաց նա,- երկու օր հետո Շապկանի ձորում նոր քարավան պիտի ընդունենք, մինչ այդ պետք է վերջացնել… Շարժվեցին. կիսով չափ պակասել էին:

Քրդերը սկսեցին շրջել տաք դիակները; - Անհավատները ոսկիները կուլ տված կլինեն…,- ու սկսեցին աղիներում ոսկի փնտրել: Մեծ Մայրը բռնել էր Գեղանույշի թեւից, Սմբատին շալակել, Հայկանուշը` Սուրենի ու Սաթենիկի, Թագուհիրը` Աստղիկի ու Մհերի, Զարուհին` Սոսի, իսկ Իսկուհին` Սերոբի ու Գեւորգի ձեռքերից բռնած կապոցները թիկունքներին քայլում էին, բոլորի միջեւ Զաբելը, ուտելիքի կապոցը մեջքին: Ալմաստ հարսը, կոտրած թեւը կրծքին կապած, մեջքին ծծկեր Մուշեղը բոլորի վերջից մի կերպ քայլում էր: Նա կանգնեց, նայեց կիսամերկ, գզգզված ամբոխին` ապա գլուխը թափ տվեց ու իրեն նետեց գետի ջրերի մեջ: Մեծ Մայրը ետ նայեց ու տեսավ փոքր հարսի մարմինը ջրի երեսին, ծծկերը թիկունքին ամուր կապած: Ուրիշ հարսներ ու աղջիկներ էլ հետեւեցին նրան: ,,Խաղաղություն ձեզ, զավակներս, մեզնից խելացի եղաք , շուտ պրծաք,,: Մեծ Մայրը հիշեց իր գոմշակովին, որը այրվող գոմից համառորեն դուրս եկավ: ,,Մեր կենդանիները մեզնից խելոք եղան, տանը զոհ գնացին, այս ապրելու տենչն ու հույսը մեզ մինչեւ այսօրը հասցրեց…,,: ,,Երեխաները, երեխաները, նարանք չգիտեն, նրանք ապրելու պետք ունեն…,: Շարունակեցին քայլել: Թփուտներ երեւացին: Չեթեները շտապեցրին, վախենում էին , թե կանայք կարող են թաքնվել կամ փախնել. ու՞ր` պատերազմ էր, տղամարդկանց զինվոր էին տարել ու բոլորին մորթոտել, իսկ կանանց , ծերերին ու երեխաներին ահա այսպես ,,տեղահանում,, են…:

Երեկեյան հասան Կեոլճուկ փոքրիկ լճակին, որտեղ հանգիստ տվին: Երեխաները լացում էին կամ ծմրում,կամ ձեն-ծպտուն էլ չէին կարողանում հանել, կանայք նստել էին գետնին, երեխաներին հավաքել իրենց շուրջն ու աչքերը հառած մի կետի` ծնոտներն էին սեղմում, զսպելով հեկեկանքները:

Նրանց հագուստները պատառոտված էին ու արյունոտ, նրանց մարմինը բաց էր ու ոչինչ չունեին ծածկելու, նրանք ցավ չէին զգում, ինչ-որ թմբիր էր իջել նրանց բանականությանը` ինչպես զոհաբերության պատրաստ կենդանիներ` օտարված էին:

Լճի կողմից մի խումբ թուրքեր եկան: նրանք տարբեր տարիքի էին, նրանց հետ կանայք էին եկել: Թրքուհները մոտենում էին փոքրիկ տղաներին ու աղջիկներին ու վերջալույսի տակ զննում նրանց դեմքերը: Նրանցից ամեմ մեկը երկու- երեք երեխա ընտրեց: Երեխաներին նրանք հաց տվին, որոնք նրանց ետեւից գնացին: Երկու կին իրենց գրկի երեխաներին մեկնել էին նրանց ու աղաչում, խնդրում էին վերցնել; Նրանք կրծքի երեխաներին չվերցրին: Այդ կանայք իրենց նետեցին ջուրը երեխաներով հանդերձ, նրանց հետեւեցին ուրիշները: Թրքուհիները կանգնել ու նայում էին, ձեքերով խփում ոտքերին ապա վեր բարձրացնում` կապույտ երկինքը ցույց տալիս, երեւի , աստծուն էին հիշում, որն այլեւս լքել էր նրանց`զոհերին մասնակի, իսկ ջարդարարներին` հավիտեանս… Թրքուհիների ընտրած տղաներն ու աղջիկները գնում էին նրանց ետեւից ու ետ նայում, նրանց արցունքախառն հայացքի առջեւ վերջին անգամ երեւում էին գետնին փռված իրենց մայրերը` հուսահատ ու անօգնական, որը ուր էլ լինեն` թուրք, թե քուրդ, պիտի այցելի նարանց իրենց երազներում, որպես սարսափելի մի հուշ, դժոխքից վերապրած մի պատկեր; Մի թուրք կին մոտեցավ Սուրենին ու բռնեց նրա թեւը: Հայկանուշը չտվեց: Մեծ Մայրը վեր կացավ եւ Սուրենին ու Սմբատին տվեց թրքուհուն: - Երկուսին էլ տար ,- ասաց Մեծ Մայրը: Սկզբում թրքուհին երկուսին էլ չէր ուզում, մի տասը քայլ հեռացավ` հետո ետ դարձավ ու երկուսի ձեռքից բռնեց. - Կտանեմ,- ասաց նա ,- փոքր են չեն հիշի: Մեծ Մայրը իր շուրջը հավաքեց Սաթենիկին, Թագուհուն, Աստղիկին, Մհերին, Սորոբին, Գեւորգին ու գեղանույշին ու սկսեց հրավիրել թրքուհիններին, որ տանեն նրանց, Նրան հաջողվեց բոլորին թրքուհիններին տալ, բացի Գեղանույշից, որն ավելի մեծ էր; Թուրք կանայք նրան չվերցրին: Մի թուրք գյուղացի մոտեցավ ու տնտղեց նրա ծնոտը, թեւերը: Աղջիկը սկսեց լալ ու կպավ Մեծ Մորը: - Տուր ինձ,- ասաց թուրքը,- ես լավ կպահեմ: - Չեմ ուզում,- լացեց Գեղանւյշը,- ես չեմ գնա, ես ուզում եմ ձեզ հետ լինել: Մեծ Մայրը համոզում էր նրան, բայց Գեղանույշը լացում էր ու նրանից չէր պոկվում: - Թող , Մեծ Մամ, թող մեզ հետ մնա գոնե սա,- Գեղանույշին գրկելով ,- ասաց ավագ հարսը:

Թուրքը նոտեցավ Զաբելին; Զաբելը կպավ մորը:

- Սրան տուր, թող գա ինձ հետ, ջահել է, սիրուն է, ափսոս է…: - Ոչ , Մամ, ձեզ հետ կմնամ:

Չգնաց: Չեթեները եկան ու հսկելու համար ոսկի պահանջեցին, Բայց այլեւս հավատացող չկար , ոսկի էլ չկար:

Մթնեց: Չեթեներից մի քանիսը հերթապահում էին, մյուսները քնել էին; Այդ գիշերն էլ լուսացավ; Բոլորին վեր կացրին ու կանգնեցրին լճի ափին: Այդ ժամանակ ներքեւի թուրքական գյուղից մի խումբ թուրքեր եկան: Նրանք խնդրեցին, որ այստեղ չսպանեն: - Հոտին էլ չենք դիմանում: - Արդեն երեք ամիս է մենք սրանց թաղում ենք, հոգնել ենք: - Տարեք ուրիշ տեղ սպանեցեք: - Իսկ ու՞ր տանենք ,- հարցրեց չեթեների պետը: - Լճից ցած հարմար տեղ կա: - Դե ուղեկցեք: Շրջանցեցին թուրքական գյուղն ու մտան ձորը: Ձորի միջով առու էր հոսում: Ձորը գնալով նեղանուն էր, երկու ափերը միանում էին իրար, որքան ցած էին իջնում; Ներքեւի քրդական գյուղից մարդիկ էին բարձրանում դեպի ձորը: Մեծ Մայրը մի վերջին փորձով ցանկացավ աղջկան ու մնացած հարսներին փրկել, թերեւս գիտեր, որ անօգուտ է, ելք չկա, բայց պարտավոր էր փրկության փորձ անելու: Մոտեցավ ,,իր,, չեթեին ու խնդրեց, որ օգնի: - Ոսկի էլ չունես ասաց չեթեն: - Կա, դեռ կա, իսկ թե մեզ մեր գյուղը հասցնես, շատ ոսկի կունենաս: Մեծ Մայրը քանդեց իր գոտին ու տվեց չեթեին, որն էլ նրանց տարավ ու մի մեծ քարի տակ թաքցրեց: - Այստեղից չշարժվեք: Չեթեները, ներքեւի գյողից եկած քրդերը ու թուրք գյուղացիները հավաքեցին բոլորին մի տեղ ու հրամայեցին փոս փորել: Նրանք դանդաղորեն փորում էին, բայց քար էր` փորելը դժվար էր, նրանց հոգնած, տանջահար, սովածությունից հյուծված ձեռքերում բահերն ու թիակները հազիվ էին շարժվում; - Մեզ համար ենք փորում,- գոռաց մի կին ու բահով հարվածեց իր կողքը կանգնած չեթեի գլխին: Մյուսները հետեւեցին նրան, թորքերն ու քրդերը փախան, հեռվում կանգնածները սկսեցին կրակել: Այլ խմբեր եկան ` զինված հրացաններով, կացիններով, մանգաղներով ու բոլորին սպանեցին; Ապա հավաքեցին կապոցները ու աշխատում էին հողով ու քարով ծածկել դիակները: ,,Պաշտպան,, չեթեն մոտեցավ Մեծ Մորն ու ասաց. - Ոսկի ունե՞ս: - Կա: - Տանն է: - Տեղն ասա: - Մեզ տար հասցրու տուն, կհանեմ ու կտամ քեզ: - Լավ, առաջ ընկեք; Մեծ Մայրը բռնեց Գեղանույշի թեւից, Հայկանուշը, Թագուհին, Իսկուհին, ու Զարուհին` իրենց մեջ առած Զաբելին, հետեւեցին չեթեին: - Սրանց ո՞վ է պահել,- հարցրեց պետը: - Ես,- Խոսեց չեթեն:

Նա ինչ –որ բան ասաց պետին, որն էլ ժպտաց ու գլխով դրական շարժում արավ: Նրանց դուրս հանեցին ձորից ու տարան գետն ի վեր:

Թուքական գյուղի մոտ էլ գիշերեցին: Լուսին էր , կարմրած , արնաներկ մեծ լիալուսին:

Մեծ Մայրը նստել ու գրկել էր Գեղանույշին, իսկ կողքին կուչ էին եկել հարսներն ու աղջիկը: Չեթեները ուտում էին ու ծիծաղում: Նրանցից մեկը մոտեցավ, ձեռքին մի կտոր հաց ու սկսեց փշուր-փշուր շպրտել, Գեղանույշը հավաքում ուտուն էր ու աչքերը հառում նրան` սպասելով նոր կտորների:

Քիչ անց չեթեների պետը եկավ բռնեց Զաբելի թեւից ու տարավ , մյուսներն էլ հարսներին տարան: Նրանք դիմադրում էին քանի դեռ ուժ ու գիտակցություն ունեին, հետո այդպես կիսամերկ թողեցին ու քաշվեցին վրանները:

Մեծ Մայրը Գեղանույշին ցույց տվեց ամենամոտիկ տունը ու ասաց. - Կգնաս այն դուռը կծեծես ու սրանք կտաս տանտիրոջը,- Գեղանույշի ափի մեջ մի քանի ոսկի դնելով: - Լավ, Մեծ Մամ, դու էլ եկ: - Ես կգամ հետո, դու գնա հիմա ու ծեծիր դուռը: Նա սպասեց, մինչեւ Գեղանույշը մտավ տուն: Դուռը բացողը կին էր, որն սկզբից վախեցավ, հետո տեսնելով, որ երեխա է` ձեռքին ոսկեդրամներ, ներս առավ: / Այդ աղջիկը ապրեց, ու այս պատմությունը նրա հուշերն են, որը կարող է ուղեցույց լինել այլոց համար` թե ինչպես սպանել մի ողջ ժողովուրդ ու մնալ անպատիժ , անդատ / : Մեծ Մայրը մոտեցավ հարսներին ու աղջկան. նրանք դեռ գիտակցության չէին եկել: Մեջքի կապոցը արձակեց, հանեց հի~ն, շատ հի~ն ,,շեկ,, Ավետարանը, Նարեկը, չորս հինգ փայտի կտորներ իրար վրա դարսեց, արծաթակազմ ու նախշազարդ Ավետարանը բացեց, ոսկի խաչը, որը կապույտ ու կարմիր քարերով զարդարված էր` ձեռքն առավ:

Այդ էր մնացել. հազար տարվա երկու հազար տարվա, յոթ հազար տարվա իրենց հավատքից ու պայքարից այդ էր մնացել, էլ ոչինչ չուներ Մեծ Մայրը զոհաբերելու:Ոսկի խաչը ձեռքին դեմքն արավ արեւելք ու… կապանքները քանդվեցին, համատարած մթության մեջ, հեռու արեւելքից լույսի կետ շողաց, Մեծ Մայրը կարծեց վայր ընկնող աստղ է տեսնում, որը գալիս է դեպի ինքը, որը մեծանալով եկավ պարուրեց իրեն ու տարածվեց չորս կողմը, ու նրա աչքերից տեսողությունը մթագնող սպիտակ փառերը թափվեցին, բոց տվեց, բարձրացավ , վերացավ այդ բոլորից Մեծ Մայրը, աղետ, հոգս, կսկիծ ու ցավը մնաց ներքեւում, ետ նայեց` տեսավ իր ցեղի հազարավոր տարիների միջով ձգվող դառն ու դժվարին ճանապարհը առ լույսը, առաջ նայեց` տեսավ ապագա մարդկության մեծագույն պատուհասը` ոչնչացնող ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը, որն սկսվում էր իրենցով, մարդկանց անքավելի մեղսագործությունները, որն անբուժելի պալարների ու հիվանդությունների ձեւով հարվածելու է նրանց, ու բոլորը պիտի իրար ատեն , իրար թշնամի լինեն,բոլորը բոլորի դեմ կռվեն, մինչեւ որ երկիրը էլ չդիմանա ու երկու մասի բաժանվի…:

Եվ որպես վերջին զոհ` իրեն մնացած իր միավորիկ, պատվազրկված աղջիկն էր ու իր անմեղ հարսները, Տիրոջ Ավետարանն էր` ամենահնագույնն ու ամենաթանկարժեքը հայերեն ձեռագրերի մեջ ու Նարեկ ողբամատյանը` պատրաստվեց զոհաբերության:

Նա երեք անգամ դարձավ արեւելք, խաչակնքեց ու ծունկի եկավ. - Տեր իմ եւ Աստված իմ. երեսդ մի դարձրու մեզնից, մեզ մի լքիր:

Տեր ետ դարձիր, Տեր լսիր մեզ: Բավ է զոհերը մեր, ահա ես վերջինն եմ, վերջին զոհն եմ մատուցում:

Տեր իմ եւ աստված իմ, վերջին զոհը թող լինեմ, Տեր վերջին զոհաբերությունը ընդունելի արա:

Տեր դարձրու այս ժողովուրդը գերությունից, ազատիր այս երկիրը թշնամիներից:

Տեր իմ եւ Աստված իմ, մի լքիր մեզ, երեսդ մեզնից մի դարձրու…:

Մրմնջաց իր վերջին աղոթքը Մեծ Մայրը ու ելավ, թափ տվեց իրեն, ոսկի խաչը դրեց ավետարանին, քարյուղի ամանը ձեռքին մոտեցավ ու տենդի մեջ վառվող հարսների ու աղջկա վրա , Ավետարանի ու Նարեկի վրա քարյուղ թափեց: Գնաց չեթեների կրակից այրվող մարխը բերեց ու վառեց բոլորին , ինքն էլ չոքեց վառվող Ավետարանի ու Նարեկի մոտ` բոցերով շրջապատված:

Չեթեները արթնացել ու շրջան կազմած դիտում էին զոհահանդեսը:

Մեծ Մոր զգացողությունը բթացել էր, ցավ չէր զգում, ինքը կարծես դուրս էր եկել իր մարմնից, բարձրացել ու վերեւից նայում էր վառվող հարսներին, աղջկան , իրենց սուրբ գրքերին, իրենց վառվող մարմինների շուրջը հավաքված թուրքերին: ,,Ահ, ինչ երանություն, վերջացավ իրենց տառապանքները, կսկիծը, ցավը, իրենց ստորացումները, նվաստացումները, սարսափները, ամենժամյա ահն ու դողը,- հոգին է , որ պահում է, հոգին է, որ կենդանի է ,- նրանք սպանում են մեր մարմինը, մեր ինչքերը խլում են, մեր տները այրում, բայց մեր հավերժ կենդանի հոգուն ձեռք տալ չեն կարող, մեղք իրենց, մեղք,,: Առավոտյան թեթեւ քամի բարձրացավ: Չեթեներից երկուսը թիակներով սկսեցին քամուն տալ նրանց մոխիրը` ոսկի փնտրելով:

Հարավից փչող թեթեւ քամին անակնկալ պտտահողմ դարձավ ու ամբողջ մոխիրը ոսկորներով հանդերձ երկինք բարձրացրեց` զարմացած չեթեների, թուրք գյուղացիների ու ավարառու քրդերի աչքերի առջեւ: / Ու նրանցից ոմանք, որոնք դեռ հավատք ունեին , հավատում էին իրենց աստծուն, սրտմտանք ու վախ զգացին ու երդվեցին որ էլ հարս ու աղջիկ չեն սպանի, ծերերին ու երեխաներին գոմերում ու եկեղեցիներում չեն փակի ու այրի…/:

Փոշին ցանվեց նրանց անցած ճամփաներին, նրանց հայրենի շեների ու քաղաքների ավերակներին, լեռներին ու ձորերին, լճակներին ու գետերին:

Սրբեց-սրբացրեց`

ամենքին, ովքեր իրենց օջախներում գնդակահարվեցին, եկեղեցիներում, գոմերում, տներում փակվեցին ու կենդանի-կենդանի այրվեցին, քարայրները խծկվեցին ու ողջ-ողջ թաղվեցին,

բռնաբարվեցին ու կախաղան հանվեցին,

խաչվեցին, մինչեւ հարավային անապատը քշվեցին ու ավազին կուլ գնացին:

Սրբեց-սրբացրեց ` նրանց անցած ճամփաները,

նրանց շեների ու քաղաքների ավերակները, լեռներն ու ձորերը,

լճակներն ու գետերը`

ամենը սուրբ արեց,- Կորուսյալ երկիր,

Սրբազան երկիր:


Վերջաբանի փոխարեն`

Մոլոխին, ԵՎ բոլոր նրանց ովքեր արյան ծարավի են, անմեղ արյան:


Դե իջիր , հզոր Չարիքի Արմատ,, մարդկային հոգու Խավարասեր Ռահվիրա, սեւ մոգության դպրոցներում բանված, երկրի ընդերքում` նորածինների արյունով օծված, մթին ուխտերի անդուլ ծառաներիդ կամքով զորացած, ամրացած մարդկանց ստորակա եսականության մեջ, անմեղ զոհերով հափրացող Աննինջ, գիշերավար Նախաներհակիդ եմ` իջիր: Միաբանվեցին ծառաներդ տենդավառ ու կառափնարանի մռայլ այն բեմում, իր վարք ու բարքով ինչպես մի մանուկ, ժողովրդին այն հնավանդ ու հեզ, զոհաբերության սեւ երիվարներդ ոտնակոխ արին: Չորս ծագերին շաղ տվին անքեն արյունն իր բոսոր, ու պատանեցին մարդկային ստոր ու չարահնար մոռացությամբ նենգ: Հզոր պայթյունից ցնցվեց երկիրը` սեւ երախները տենդորեն բացած անդունդներն անհագ, չարախնդությամբ կուլ տվին անհետ, ստրկության բեռը մի պահ թոթափած համայնքն այն արի: Խամաճիկները չորս կողմը առած` զոհահանդեսի ասպարեզ արին, մատնահարության քսու ծանակով, արյունաշաղախ քաղաք-գյուղերը: Եւ բովանդակ տիեզերքի մեջ հնչում է հիմա ու ամեն ժամ զոհերի կանչը` ,,Հատուցիր նրանց, օ~վ ՏԵՐ, համաձայն իրենց ձեռքի գործերի,,: Սկզբնաչարդ, ու՞ր ես: Իջիր: Ո՞ր ամպին ես թառել, թե՞ լոտոս ծաղկի մեջ ես նիրհում, ո՞ր աստղից ես աչքով անում, ո՞ր հողմի հետ ես արշավում շանթը ձեռքիդ, թե՞ կռթնել ես մեր լեռանը ու քմծիծաղ ես տալիս: Ու՞ր ես կորել: Տես, ես քեզ եմ կոչում, տես եւ իջիր մեր լեռան, մեզնից երես դարձրած, մեր սուրբ լեռան, Արարատի կողն ի վար եւ հոտոտիր մեր արյունը: Այն շատ է հեղված: Բոլորը թաթախվել են մեր արյունով, բոլորը համտես են արել, բոլորը կատաղել են մեր արյունով, վերջինն ես, դու ես մնացել, իջիր, եւ հոտոտիր ու,թե կախորժես` լափիր մեր արյունը, ինչպես ամենքը լափեցին...


ՀԱՐՃԸ

Աղմկահարույց ու արագընթաց գետի ջրերը շրջափակել էին լեռնակողը հյուսիսից ու արեւմուտքից: Լեռնակողը տիրականորեն հսկում էր գետին, դիմացի բլուրներին, ձորից այն կողմ իրար գլխի կուտակված անտառածածկ լեռնալանջերին:

Հեռվում մանուշակագույն-ծիրանագույն մշուշի միջից երեւացող ձյունածածկ լեռնագագաթներին հավաքվող տիեզերական կենսատու ուժերի եւ երկրի ընդերքներից աստղաշխարհին ընդառաջող երակների կիզակետն էր լեռնակողը ու կազմավորվող հոգեւոր դաշտերի ակնաղբյուրը:

Պայծառատես ու հավատավոր նախնիները տեսել ու զգացել էին այդ, ու լեռնակողին կառուցել աստեղատներից իրենց հետ խոսող, հովանավոր ու առաջնորդող աստվածների տաճարները, նրանց սրբազան ատրուշանները հաստատել, սրբատեղիները հիմնել:

Եւ ունկնդրում էին իրենց աստվածներին հեռու աշխարհներից եկող հովերի, սոսի սրբազան ծառերի տերեւների սոսափյունի, շանթահարույց ամպրոպների ճայթյունների, արեւածագին լույսի փողփողենէջ ու դարձդարձիկ վետվետումների մեջ, նրանց առաջնորդությունը ապահովում երկրի տիրակալին ,- սպիտակ հագած քրմերը` սրբազան կրակին խոնարհված:

Ամպրոպածին, շանթաձիգ ու վիշապաքաղ Վահագնի տաճարց մնացել էր սրբատաշ քարերով հիմնապատը ու խոր ձորում այս ու այնտեղ թափթփված ուղղաձիգ սյուների ու խորհրդավոր պատկերագրերով խոյակների քարակույտերը` դարերի փոշին վրան, դեղնականաչ մամուռով պատված:

Լեռնակողի կենտրոնում` հնագույն տաճարի հարեւանությամբ, կառուցված եկեղեցու զանգակատունը հեռու- մոտիկ ճամփաներից եկող ուխտավորներին երկնքից իջած ճոճք էր թվում , հույսի ու փրկության տապանակով:

Եկեղեցին չեչոտ, տձեւ կապույտ քարերով պատված պատնեշով առանձնացված էր նրան հարող գյուղի կավաշեն տներից, որոնք հարկ առ հարկ շարված էին թեք լեռնալանջին:

Պարսպին կից խոնարհված եկեղեցու սրբատաշ քարերը անկարգ թափված էին իրար վրա, դեռեւս կանգուն կլոր սյուներին հաստատված երկու խոյակները կարծես ճոճվում էին: Խոյկներին քանդակված թեւաբաց արծիվ-զվարթունները ուր որ է հիմի պիտի թռչեն իրենցից թոթափելով սուրբ քարերի կույտը, մոմերից սեւացած խաչքարերի շարքը, երկրի կավափոշին, չարկամության, ատելության, բռնության ու ավերածության մոլուցքով բռնված մարդկանց, որոնք չհանդուրժելով միմյանց` կացարանները , տները, սրբատեղիները, եկեղեցիները, տաճարները խառնելով, խառնակելով, ավերելով, տակն ու վրա անելով, կարծես անհիշելի ժամանակներից ավանդված երկրակործան ուժերի ծնունդն էին ազդարարում:

Արծիվ-զվարթուները հոգնել էին երկրից, մարդկանցից` նրանց ամենակործան չարկամություններից, իրենց քարե թեւերը թափահարելով ուր որ է հիմի կթռչեն վեր, լույս ոլորտները վերին` մոռացության կավափոշու ներքո թողնելով լեռնակողը` տնակներով, եկեղեցիներով, նրանց հարող կավաշեն խրճիթները` սարսափից կաթվածահար հավատացյալների հետ միասին:

Պատշգամբում կանգնած կնոջ հայացքը ավերված եկեղեցուց փոխանցվում էր սրբատաշ քարերի կույտին, կոտրտված խաչքարերին, եկեղեցու բակում կանգնած ոստիկաններին: Բակի խորքում գտնվող գոմի նեղ լուսամուտից մերթ ընդ մերթ երեւում էին երկու ջահել կանայք, որոնք անեծքներ ու լուտանքներ էին թափում պատշգամբում կանգնած կնոջ հասցեին:

,,Անիծյալ, ոստիկանապետի հարճն է դարձել , կինն է եղել, սիրուհին է կարգվել ,- օր չտեսնես, այրվես, մոճիր դառնաս, միսերդ քրքրվեն ,- ոստիկանապետի լիրբն է դարձել, դավաճան , անզգամ…,,:

Գոմի մեջ փակված չորս հինգ տարեկան երեխաները աղմկում, լացում էին.. ոչ ոք չգիտեր, թե ինչու՞ էին հավաքել, ինչի՞ էին սպասում, այդ հիսուն- յոթանասուն երեխաներին ի՞նչ պիտի անեին: Բակում երկու ոստիկան կրակ էին արել: Ցցից կապված մի գառ մայում էր, կապը ձիգ տալիս, պտտվում ցցի շուրջը: Ոստիկաններից մեկը հարվածեց նրան` ի՞նչ ես ոտի տակ ընկնում, ասելով: Գառը ետ-ետ գնաց ու ընկավ, ապա չարչարվելով վեր կացավ ու նորից սկսեց իր պտույտը ցցի շուրջը` կարճ կապը վզին ,- իրենք այդ գառան վիճակում էին…:

,, Ինչ կլինի, ոտիդ կապիր, գոտկիցդ կախիր, փեշերովդ ծածկիր բեր ինձ հասցրու, ինչ կլինի…,,:

Անընդհատ հնչում էր ականջին կանացից մեկի աղաչանքը, որոնք ոստիկաններին գառ էին բերել, ուտելիք, հաց ու պանիր:

Զսպված հեկեկանքներ, աչքերից թափվող արցունքներ, վշտից ձիգ-ձգված դեմքեր, հոգին բառերի մեջ դրած աղաչանք-պաղատանք: ,, Մինուճարս է, ի՞նչ կլինի, ոտերիդ կապիր, գոտկիցդ կախիր, բեր ինձ հասցրու,,:

Ջահել կինը պատշգամբից անցավ սենյակ, ամենօրյա լայն շրջազգեստի կողքերից կտրեց վերից վար, ծալքերը դարսեց , զարդանախշ հյուսված բրդյա նեղ գոտին կապեց մեջքին, գորշ շրջազգեստը հագավ վրայից, շալը գցեց ուսերին ու նորից պատշգամբ ելավ:

Երկար, ոսկեգույն մազերը փռվել էին թիկունքին, դեմքը շառագունել էր, սպասումից ու անհամբերությունից խաժ արքերը կայծկլտում էին: Իր որոշումն իրականացնելու վճռականությունը նրան համարձակ ու ինքնավստահ էր դարձրել; Պատշգամվից իջավ նախշազարդ փայտե բազրիքին հենվելով:

Ո՞վ գիտի, վանականների քանի սերունդ էր բարձրացել ու իջել այդ աստիճաններով` քարե սալերը ոտնահարվածներից փոս էին ընկել, իսկ անկյոււներում կանաչ մամուռ ու երիցուկ էր աճել, որի դեղին ծաղիկները ժպտում էին` դիտողի հոգին ջերմացնելու անվստահ փորձ անելով:

,, Այսքան տոկացին, այսքան դիմացան, ժամ ու պատարագ տվին, իրենց աստծուն մինչեւ վերջ հավատարիմ եղան, որը, կարծես թե լքել է իրենց, որին իրենք երբեք չթողեցին` վերջերնին այս պիտի լիներ, մեղք իրենց, մեղք,,:

Քայլեց բակի մեջտեղով, անցավ ոստիկանների կողքով, մոտեցավ դարպասին ու նայեց կիսաքանդ տներով փողոցն ի վեր` մարդ չէր երեւում: - Կեսօրին ուտելիք կբերենք: - Անունը մանուկ է, կապույտ աչքերով ,- շշնջացել էր կինը ,- տղամարդիկ լեռան վրա մեզ են սպասում, ապահով թաքստոցներ ունեն, երեխաները ազատվեն` բոլորով լեռը պիտի բարձրանանք, մեզ էլ չեն հասնի, Մանուկիս բեր ինձ հասցրու:

Առավոտյան կերակրելիս գտել էր Մանուկին, որը մուգ- կապույտ աչքերով, շեկ գանգուրներով, ցորնագույն մաշկով երեխա էր: Որքան նման էր իր փոքր եղբորը` Արամին, նույն աչքերը, նույն քիթն ու բերանը , ականջները, մազերը: Սա հազիվ հինգ տարեկան լինի, եղբայրը` ութ տարեկան էր: Նա հիշեց եռանդուն աշխատող ոսիկաններին, որոնք տափանավակները բերին ափի մոտ ու բոլոր երեխաներին նստեցրին: - Սկզբից թող երեխաները գետն անցնեն ,- ասացին նրանք:

Տարան գետի մեջտեղում տափանավակները շրջեցին ,գերանները կապող պարանները կտրտեցին` երեխաները մնացին ջրի երեսին թփրտալիս: Արամ եղբորը վերջին անգամ տեսավ մի գերանի կպած` ջրի տակ ու գլուխ անելիս: Մայրերից ով փորձեց օգնել` ջրի մեջ գնդակահարեցին, լավ էր` շուտ պրծան;

Դարպասի մոտից ետ եկավ, կավե կուժը ջուր լցրեց բակի մեջտեղում կառուցած կամարաձեւ քարե լուսաղբյուրից ու դանդաղորեն բարծրացավ աստիճաններով: Ոստիկանները կրակը թեժացրել, գառը մորթել, միսը կտրտում էին:

Նա իջավ պատշգամվից, պղնձե մատուցարանը դրեց կրակի մոտ, կթիչով ջուր դրեց, աղով լի կավե աղամանը, որը մեծ տիկնիկի տեսք ուներ, մի աչքին կապույտ քար դրած, մյուս աչքը փակ, պորտը բաց, որտեղից ձեռքը մեկնում ու աղ էին հանում: Աղաման տիկնիկը համառորեն ժպտում էր` պորտը տնկած, մի աչքը փակ:

Ոստիկաններից ավագը շնորհակալություն հայտնեց, մյուսը, որ ջահել էր ու կրքոտ հայացքներ էր գցում կնոջ վրա` գլուխը խոնարհեց, թաքցնելու համար իր ցանկությունը: - Սրան հենց տեսավ սիրահարվեց ,- խոսեց ավագը ,- անունը չգիտենք, բայց պետը Ագուլ է կանչում: - Ո՞րտեղից բերեց: - Ռաս ուլ Այն, գիտե՞ս, Տեր Զորի ճամփին տեղ է անապատի մեջ կորած: - Ոչինչ չի երեւում, ոչինչ չի նկատվում, մանր խճաքարեր են փռված, արեւից այրված ավազե հարթություններ: Սրանց ամեն տեղից քշում տանում էին Ռաս ուլ Այն, Տեր Զոր: Եփրատից արեւմուտք, ավազեբլուրների մեջ երկու թզենու թուփ էր երեւում, դրանց մոտ երկրի երախը կարծես բացվում էր, թե ի՞նչ էր եղել այնտեղ` ոչ ոք չգիտեր, ոչ մեռածներն են որեւէ հետք թողել, ոչ էլ ապրողները որեւէ պատմություն գիտեն այդ մասին:

Սրանց տանում քարե աստիճաններով իջեցնում էին այդ ստորերկրյա այրերը, մուտքին կանգնած չեթեները հաշվում էին` քսան-քսաներկու հազար տեղավորվեց: Կանայք էին, ծերեր, երեխաներ, հարս ու աղջիկներ: Վերջին խումբը մենք տարանք: Մեր պետը այնտեղ կանգնած հսկում էր, սրան իջեցնելիս` գլխաշորը ընկավ, դեմքը բացվեց, աչքերը երեւացին: Տեսնու՞մ ես ինչ աչքեր ունի` խա՞ժ է, կապու՞յտ է, մանուշակագու՞ն է,, երկու կրակի բոցերի պես այրվում են, հապա մազերը` ջրի հոսքի պես վերից վար թափվում է` ոսկու փայլով:

Պետը տեսավ, չտեսավ սիրահարվեց, հրամայեց պահել սրան:

Մուտքը փակեցին սալ-սալ քարերով, մի վերստ հեռու էինք, բայց դեռ լսվում էր կենդանի թաղվածների խուլ տնքոցը, կարծես երկիրը ինքն էր տնքում: Մինչեւ հիմա այդ ձեները ականջիս մեջ հնչում են: Հոգնել, զզվել եմ, աստծուն դեմ ենք գործում, Ալլահը մեզ չի ների…:

Էհ, մեր պետը սրան վերցրեց եւ ուր գնաց` հետը տարավ, էլ ուրիշ մեկի ձեռք չտվեց, հիմա էլ եկել ձեր դժվար երկիրը` Շատա՞խ է, խու՞թ է կոչվում, էլ առաջվանը չի, ինքը չի սպանում, տանում չեթեներին է հանձնում, սրան էլ միշտ մոտն է պահում, երեւի իր կինը դարձնի: - Ես էլ կարծում էի, թե շուտով մեկ ուրիշին կվերցնի , սրան էլ կտա մեզ: - Չե, շուտով լեռը բարձրացած տղամարկանց կբռնենք, էս երեխաներին էլ կծախենք , մնացածին էլ կուղարկենք Էրզրում կամ Անկարա` իրենց հավաքակայանը: Երեք կին ուտելիքի կապոցները ձեռքերին, դարպասի մոտ կանգնեցին: Կինը պատշգամբից իջավ , դանդաղորեն անցավ աղբյուրի մոտով, ոստիկանների կրակի մոտով ու գնաց դեպի դարպասը: Ոստիկաններից ջահելը գլուխը բարձրացրեց ու տեսավ երեք կանանց դարպասի մոտ կանգնած:

-Ուտելիք են բերել ,- ասաց ավագը:

Կինը վերցրեց կապոցները, ոստիկանների բաժինը տարավ դրեց կրակի մոտ, իսկ մնացածը հսկող կանանց հետ սկսեց բաժանել երեխաներին:

Գոմի հատակին, պատերի տակ փռված ծղոտին նստոտած երեխաները հաց ու պանիր էին ուտում, փլավ, քաշովի, ու վախվխորած նայում մեծերին` էլի ուտելիք ակնկալելով:

Գտավ Մանուկին: - Կուզե՞ս մայրիկիդ տեսնել :

Երեխայի վերին շրթունքը ծռվեց, աչքերը արծունքոտվեցին: - Չլացես ,- շշնջաց նա ,- եթե սուս մնաս, կտանեմ մորդ մոտ:

Երեխան գետին թափեց ոտելիքը եւ երկու ձեռքերը դրեց բերանին` քարի պես լուռ կմնամ:

Կինը կանգնեց ու շրջազգեստի ծալքերով ծածկեց Մանուկին: - Ահա գոտիս բռնիր, ամուր կպիր ոտքիս, ձայն չհանես, ահա քեզ կծածկեմ: - Գնացինք:

Խնամարկու կանայք զարմացած նայում էին կնոջն ու երեխային: Նրանց ձեռքով լռության նշան արավ ու դուրս եկավ գոմից: Դատարկ տոպրակներն ու ու մատուցարանը ձեռքին անցավ երկար բակի միջով ուշադրություն չդարձնելով ոստիկաններին, կարծես նրանք գոյություն չունեին: Երեք կանայք մոտեցան ու շրջապատեցին նրան: - Չվախենաս, Մանուկ, ես եմ ,- շշնջաց մայրը ,- ձայն չհանես, գոտիս բռնիր, ոտքիս կպիր ,- ծածկեց շրջազգեստի ծալքերով: - Արամ եղբորս է նման ,- խոսեց կինը: - Այսօրվանից Արամ կկանչեմ ,- երախտագիտությամբ խոսեց կինը: - Նորից ետ չբերեն: - Հենց մթնեց` լեռը կբարձրանանք: - Տղամարդիք մեզ են սպասում, մեզ պահողը կալանված երեխաներն են: - Քույրս, երեկոյան աղջկաս բեր, Աստղիկին, հինգ տարեկան է,` աջ այտին սեւ նշանով: - Թե գոմի պատը քանդենք, կարո՞ղ եք երեխաներին տանել, ձորը շա՞տ է խոր: - Մենք պարկեր ու պարան կբերենք, տղամարդիք կգան կօգնեն: - Երեկոյան թի ու քլունգ բերեք: - երկու երեք օրից երեխաներին պիտի վաճառեն, կամ հատուկ որբանոցները պիտի տանեն - Երեկոյան Աստղիկին կբերեմ ,- վերջում հանգստացրեց աչքերն ացունքով լի կնոջը ,- ով այսպես ազատվեց` լավ, մնացածին ձորով կփախցնենք:

Նրանք հրաժեշտ տվին միմյանց: Մանուկ-Արամին տանող կինը բավականին հեռացել էր, ոստիկանները նրան տեսնել չէին կարող, շրջանցեց փողոցը ու մտավ կիսաքանդ տներից մեկի բակը: Մյուս երկուսը հեռացան դատարկ կապոցները ճոճելով: Աստղիկի մայրը երկու անգամ ետ նայեց` կարծես կրնելով իր խնդիրքը: Այնքան սպասեց մինչեւ երկու կանայք ծածկվեցին: Ետ եկավ դանդաղ ու հանգիստ. ոտքերը կարծես գետնին չէին հասնում, կարծես թեւեր էին աճել ուսերին ու թռչում էր, հոգին լցված էր ափեափ, վախն ու լարվածությունը փոխարինվել էր ջերմության ու հանգստության զգացումով:

,, Մեկը փրկվեց, մի երեխա ազատվեց, մեկն իր ծնողներին հասավ, թե հնար կա փրկության ` բոլորին պիտի փրկել, եւ դա կանի ինքը,,:

Անցավ ոստիկանների մոտով: Հոգու խորերում ծվարած այդ զգացումը լցվել էր, խլրտում էր, դուրս էր հորդում: Ցանկանում էր գոռալ կրակի շուրջը հավաքված ոստիկանների երեսին:

Կորուստների, սպանությունների, ջարդերի, ավերումների, սարսափի ու դաժանությունների այս ամիսների ընթացքում առաջին անգամ փրկության ու հույսի մի լույս շողաց, եւ իրագործողը ինքը եղավ: - Ես, ես փրկեցի մեկին: - Նա կապրի ու ձեր ձեռքերը նրան չեն հասնի, նա կապրի ու կմեծանա, երեխաների հայր կլինի, եւ դուք անկարող կլնեք նրան սպանելու: Գերագույն լարումով զսպեց իրեն, դեմքին նույն ձգվածությունն ու մեղմությունն իջավ, գնաց նստեց պատշգամբում իր սովորական տեղը:

Մոխրագույն ձին հեծած եկավ ոստիկանապետը; Կրակի մոտ կանգնած ոստիկաններից մեկը բռնեց ասպանդակը, մյուսը սանձը ձեռքն առավ: Ոստիկանապետը հայացքով փնտրեց գտավ պատշգամբում կանգնած կնոջը, ժպտաց, իջավ ձիուց: Ձիերը հեծած եկան ոստիկանապետին ուղեկցողները: Երկու ջորիներով լծված կառքից իջեցրին գորգեր, մեծ, գեղեցիկ ու զարդանախշ կարպետների հակեր, երկու ամուր կողպած սնդուկներ ուսերից վեր բռնած տարան դրին պատշգամբում: Ոստիկաններից մեկը գլխից վեր բռնած պղնձե մատուցարանը բերեց դրեց պատշգամբում դրած սեղանին: Գառան խորովածը, թարմ կանաչին, չոր միգն ու չամիչը ծածկված էին լավաշով: Ոստիկանապետը ձեռքը դրեց կնոջ գլխին ու շոյեց մազերը: - Քեզ համար ինչ զարդեր եմ բերել ,- խոսեց նա սնդուկներից մեկը ցույց տալով ,- ոսկյա, արծաթյա զարդեր, շալեր, թանկարժեք կտորներ, տեսնես` շատ պիտի հավանես:

Կինը թեթեւակի ցնցվեց ու նայեց պետին: - Երեխաներին որքա՞ն պիտի պահեք: - Մի շաբաթից կուղարկեմ, մեղք են, քայլել չեն կարողանում, իզուր կոտորվում են ճամփին: Թե չհաջողվի ուղարկել` այստեղ մեր կանայք գիտեն, կգան կվերցնեն: -Անկարա , կամ Երզնկա, որբանոցներ կան բացված, այնտեղ են հավաքում: Կինը մատուցարանի վրայից վերցրեց ծածկոցը. խորովածի հաճելի բուրմունքը թարմ , կտրտած կանաչեղենի հոտին խառնված տարածվեց շուրջը: Ոստիկանապետը սկսեց ուտել: Նա եւ ուտում էր եւ նայում էր կնոջը: Նրա մեղմ շարժումները, փափուկ քայլվածքը նրան հաճելի էր, նրա ձեռքի շարժումները ու այն կերպը,որ դասավորում էր ուտելիքը, լցնում էր ջուրը, կռանում, ծալվում եւ ուղղվում էր` շատ հաճելի էր, նրանից արձակվող ջերմությունը, նրա հայացքի շողարձակումները` խիստ հաճելի էր, նրա խիտ վարսերի արձակ ալիքները, երբ շոշափում էր` ջերմացնում էր նրա հոգին, եւ դա հաճելի էր, սպանություններից, դաժան ահասարսուռ արյունահեղություններից կարծրացած սառն ու տիրական նրա դեմքը մի պահ մեղմանում էր, գորշ գայլի աչքերը պրպտում էին, կարծես այնտեղ` հայացքի խորերում ինչ-որ կայծ , լուսավոր շող էր բռնկվում` բանական լինելու, որից կառչում էր նրա հոգին ,- այդ կերպ էր ընկալում կնոջը ,- ուրիշ, այլաշխարհիկ, անծանոթ զգացում ու գրգիռ էր հարուցում նրա հոգում, եւ դա նրան խիստ հաճելի էր: - Քեզ ուղարկեմ կնոջս մոտ, Գոնիա: - Չէ,- գլուխը թափահարեց կինը: - Ծառայությունս դեռ երկար կտեւի: - Էլ հայ չմնաց, սրանք վերջին գյուղերն են: - Սրանք ապստամբ են,. տղամարդիք լեռն են բարձրացել, մեր ձեռքին մնացել են երեխաներն ու կանայք: - Սրանցից հետո պիտի գնանք Վան: - Չէ, կմնամ: Ոստիկանապետը մոտեցավ ու գրկեց կնոջը: - Քեզնից դեղձի հոտ է գալիս, հասած դեղձի հոտ: Դա ինձ դուր է գալիս: Քեզ կինս կդարձնեմ, ինձնից մի օր հեռու չեմ թողնի: Տես, ինչեր եմ բերել քեզ համար:

Ոստիկանապետը բացեց արկղներից մեկը, դեղնականաչավուն քիրմանի շալը գցեց ուսերին, սեղանին շարեց արծաթահյուս-ոսկեջրած գոտին, ականջակալներ, հերակալներ, ապարանջաններ ականջօղեր` թանկարժեք բազմագուն քարերով ընդելուզված:

Նա վերցրեց արծաթե գոտին: - Արյուն, արյունոտ է; Ոստիկանապետը լռեց, բան չասաց; - Գնամ երեխաների կերակրելուն հետեւեմ,- խոսեց գունատված կինը: - Գնա: Խնամող կանայք կերակրուն էին երեխաներին: Նրանք , որ մինչեւ հիմա նրա նկատմամբ ատելություն ունեին, այժմ հարգանքի ու խոնրհության ցույցեր էին անում` իրենցից մեկն է, իրենց պես է…: - Թող մնանք գիշերը երեխաների մոտ, խնդրիր պետին, թող մնանք: - Գոմի ետին պատին կա՞րող եք անցք բացել, քլունգ ու բահ կբերեմ, գիշերը պիտի գործեք, ոստիկանները չտեսնեն: - երեք օր ժամանակ ունեք; - Կբացենք, մատերով կբացենք ,- երկու կանայք խոնարհվեցին ու համբուրեցին նրա ձեռքերը: - Աստղիկ կա/ երեխաների մեջ: - Երեք հոգի: - Մեկը, որ ձախ այտին նշան ունի: Խնամողներից մեկը գնաց բերեց հինգ տարեկան մի աղջկա` փոշոտ, գզգզված մազերով, վախեցած ու ճնշված, վզին կապույտ ուլուք, թեւճակներին խխունջներ կարած, եռանկյունի պահպանակը կանաչ կարմիր նարոտով վզից կախած: - Աստղի՞կն ես: Երեխան գլխով դրական շարժում արավ: - Եթե ձայն չհանես ու չլացես ` կտանեմ մայրիկիդ մոտ: Երեխան էլի գլխով շարժում արավ:

- Ահա քեզ հաց ու պանիր, կեր, քեզ կտանեմ մորդ մոտ: Նա ձեռքի կապոցը հանձնեց կանանց` ոստիկանապետի սեղանի մնացորդները հավաքել ու բերել էր երեխաներին: Երեկոյան եկան Աստղիկի մայրն ու էլի երկու կին` ուտելիքի կապոցներով; Ոստիկանապետը պատշգամբում նստած իր սնդուկն էր կարգավորում` արծաթյա ու ոսկե զարդերը ջոկ ջոկ տեղավորում, թանկարժեք քարերով ակնազարդված ածաթեհյուս թելերով կազմած մանրանկարներով զարդարված ձեռագրերը իրար վրա դարսում: Ոստիկանները բակում հավաքված իրնց սրերն էին մաքրում, քանդած հրացանները հավաքում: Կինը նրանց մոտից անցավ, ուտելիքի կապոցները վերցրեց, Հերթապահին մոտենալով խնդրեց, որ կանանցից մեկին թույլ տա ուտելիք տանելու: Աստղիկի մայրը առաջ եկավ; Նա փեշի տակ թաքցրած քլունգ ու թի ուներ:

Կապոցներից մեկը գրկեց ու առաջ անցավ:

Խնամարկու կանայք թաքցրին քլունգն ու թին, ուտելիքը բաժանեցին երեխաներին: Աստղիկը ամուր կախվեց մոր գոտկից շրջազգեստի ծալքերով ծածկեցին ու դուրս եկան; Երբ հասան դարպասին `մյուս երկու կանայք իրենց մեջ առան ու դարպասից դուրս եկան`Աստղիկ աղջնակը եւս ազատվեց: - Վաղն էլ Մհերիս բեր, ,- խոսեց կանացից մեկը,- չորս տարեկան է, վզին կանաչ-կարմիր ուլուք ունի, ճակատին ` նշան: - Ես լեռն էի, լսեցի, թե երեխաներին ազատելու հնար կա` իջա , եկա, հասա; - Մհերս չորս տարեկան է: - Վաղն առավոտյան եկ, կաշխատեմ, գուցե հաջողվի բոլորին ազատել, պատրաստ եղեք:

Նա շոշափեց մոր փեշի տակ թաքնված երեխային, կարծես համոզվելու համար, որ նա տեղում է ու հրաժեշտ տվեց;

Որքան նման էր քրոջը` Մարոյին, ինչ հեքիաթներ գիտեր քույրը: Սասնա ծռերը սկզբից մինչեւ վերջ երգ ու խաղով ասում էր: Միայն նա մեծ էր, իսկ սա փոքր է: Մի տարի չկար ամուսնությանը, երկու ամսական երեխան գրկին, երկարատեւ քայլելուց փոշոտված, գզգզված ու հոգնած գետի ափին հանգիստ էին տվել:

Մարոն ելավ, բացեց իր կապոցը, հագավ իր հարսնության հագուստները , գլխին ոսկեդրամներով զարդարուն դինգը դրեց, արծաթաթել հյուսածո քունքակապը կախեց ականջներից վեր, վզին գցեց դրամաշղթան ոսկե ու արծաթե հնագույն դրամներով, ուլունքաշար պահպանակը` գաղտնագրերով, գցեց վիզը, հագավ լաջվարդ շապիկը` կանաչ-կարմիր նարոտով, դեղնականաչավուն զոլավոր աբան կապեց, արծաթաթել-ոսկեթել բանվածքով արծաթ գոտին մեջքին ամրացրեց ու բոլորի զարմացած հայացքի ներքո մոտեցավ քարափին: ,,Խեղճ աղջիկ , խելքը ետ է տվել,, - մտածեցին:

Գետից փչող քամին նրա արձակ մազերը ծածանում էին թիկունքին:

Սկսեց երգել, երգել ու պարել ոստիկանների ագահ ու ժանտ ցանկությամբ լի հայացքի ներքո:

Երգեց ու երգելով էլ իրեն նետեց գետը` երեխան գրկին: Նրան հետեւեցին ուրիշները , եւ դա սովորական դարձավ:

Թող այս փոքրիկ աղջիկ Աստղիկն էլ իր Մարո քրոջ փոխարեն ապրի ու մեծանա, ապի ու շատանա, ապրի ու հիշի նրանց, որոնք անցան անհետ ու անձայն:

Վաղ առավոտյան ոստիկանապետն ու ոստիկանները ձիեր հեծան ու գնացին: - Վերջին փորձն է տղամարդկանց լեռան վրայից իջեցնելու: - Իրենցից մեկը եկել մուսուլման է դարձել: Նա մեզ կտանի նրանց գիշերատեղին ,- հրաժեշտ տալուց առաջ ասաց ոստիկանապետը: Կարճ բոյով, դեղին, ծաղկատար մաշկով, շարժուն աչքերով մեկն էր այդ մարդը: Նրա կնոջն ու երեխաներին առանձնացրին ու տեղավորեցին եկեղեցուն կպած կիսաքանդ տանը: - Նրանց գիշերային հավաքատեղին գիտեմ,- ասել էր նա:

Նա խնդրեց ոստիկանապետին ու երկու խնամող կանացից մեկին գյուղ ուղարկեց երեխաների համար հագուստ բերելու: Որոնք տղամարդկանց տեղյակ պահեցին մատնության մասին: Ոստիկանապետը առավոտյան բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեց, վերջապես կբռնեն լեռը բարձրացած տղամարդկանց, կտեղհանեն նաեւ Շատախ-Խութեցիներին ու կգնան Վան` ոսկերիչների , արծաթագործների, կտավ ու գորգ, մետաքս ու շալ գործողների, առեւտրականների հարուստ քաղաքը, որոնք ապստամբել են ըստ լուրերի ու կռվում են: Երբ առավոտյան կանայք եկան նա դիմավորեց նրանց դարպասի դռանը:

-Ոստիկանները լեռը բարձրացան ,- խոսեց նա ,- այս գիշեր կբռնեն բոլորին,իրենցից մեկը եկել ու խոստացել է նրանց գիշերային թաքստոցը ուղեկցել:

- Անհոգ եղիր տղամարդիկ արդեն գիտեն:

- Իմս տղա է ,- լացակումաց խոսեց կանանցից մեկը ,- Մուշեղ, չորս տարեկան:

- Երեկոյան կգաս, գուցե՞ հաջողվի այս գիշեր բոլորին ազատենք:

- Քույրս, - խոսեց կանացից մեկը ,- իմս աղջիկ է, Սոնա, չորս տարեկան, հետդ գամ:

Մհերի մայրը մնաց դարպասի մոտ; Ոստիկաններից մեկը եկավ ոտելիքի կապոցները վերցրեց, մյուսը գառը քարշ տալով տարավ կապեց օջախի մոտ: Սոնայի մոր հետ երեխաներին հատկացված ուտելիքի կապոցները գրկած գնացին գոմը: Սոնային մայրը կապեց ոտքին, երեխան կախվեց գոտկից, փեշերով ծածկեցին, իսկ ինքը Մհերին թաքցրեց ու ամեն օրվա պես դատարկ մատուցարանն ու կապոցները բռնած դուրս եկան: Ոստիկանները իրենց ուտելիքն էին դասավորում, նրանց ուշադրություն անգամ չդարձրին: Մհերի մայրը կանգնած տեղը անհամբերությունից դողում էր, երեխային տեսնելով անակնկալի եկավ: - Սա իմս չէ, Սաթենիկի Մհերն է, նա իր հերթին է սպասում, իմս մնաց: - Ոչինչ չենք կարող անել: - Տար իր մորը հասցրու, երեկոյան նորից կգաս: Երկու կանայք դանդաղորեն առաջացան մինչեւ փողոցի վերջն ու կորան աչքից: Մեծ եղբոր երեք տղաները` Հայկը, Սոսը ու Սերոբը` տասը, ութ եւ վեց տարեկան` լաց էին լացում ու ջուր ուզում: Ոստիկաններից մեկը եկավ բռնեց նրանց ձեռքերից ու տարավ ջրհորի մոտ; - Ահա ձեզ ջուր, խմեցեք ինչքան կուզեք ,- երեքին էլ ջրհորը նետեց: Իր Հայկ, Սոս ու Սերոբ զարմիկների փոխարեն Մհերն ու Սոնան փրկվեցին: Փրկվող երեխաները իրենն էին, իր հարազատները, որոնք կորան, ջրահեղծ եղան, կրակին բաժին դարձան` Երզնկայից մինչեւ Ռաս ուլ Այն երկար ճանապարհին: Ետ եկավ ու մտավ գոմ: Երեխաները կերել կշտացել էին ու հանգիստ խաղում էին գետնին նստած կամ էլ անասունների մսուրներում: - Այս գիշեր պիտի վերջացնեք, վաղն արդեն ուշ կլինի: Երեկոյան եկան Մհերի մայրն ու Հրանուշը: Փրկված Մհերի մայրը արծաթե խաչով դրամաշղթա էր ուղարկել` երեք ոսկե, երեսուներեք արծաթե դրամներով զարդարուն, որը շատ փնտրված ու հարգի էր ջահել հարս ու աղջիկների մոտ: - Ո՞վ սիրտ ունի զարդի ու հարդարանքի, երբ ամեն ինչ գլխակորույս քանդվում է: - Սրտով ու հոգով է ուղարկված, սա ուրիշ է, վերցրու ,- ասաց բերող կինը ու շղթան զնգզնգոցով վիզը գցեց: - Ոստիկաններին տեսա՞ք: - Լեռան ստորոտում, գետի ափին նստած են: - Լեռան մարդիկ զգուշացված են: Կինը ոստիկանների համար բերված ուտելիքը տարավ դրեց նրանց մոտ ու ետ եկավ: Կանացից երկուսը մնացին դարպասի մոտ, իսկ մյուսը, որի արցունքներն անընդատ թափվում էին` Հասմիկս, Հասմիկս, գամ բերեմ` ասելով, հետը գնաց ուտելիքի կապոցները բռնած: Խնամարկու կանացից մեկն էր երեւում: Մտան գոմ: Հասմիկը ճանաչեց մորն ու կպավ ոտերին: Մյուս կինը գոմի խորքից առաջ եկավ հողոտված շորերով: - ՄՆացել է դրսի քարը, այս գիշեր կվերջացնենք: Մհերին գտան, հագուստների ծալքերով ծածկեցին, դատարկ կապոցներով քողարկեցին ու գնացին դեպի դարպասը: Ոստիկանները նստած թախտին ուտում էին: Ոչինչ չնկատեցին: Մայրերը երեխաներին ամեն օրվա պես թաքցրին փեշերի տակ ու դանդաղորեն հեռացան:

Նա փութկոտ աշխուժությամբ ետ դարձավ, ոստիկանների համար տնից գինի բերեց ու գնաց գոմ: Երեխաները ծղոտին պառկած քնել էին: Նրանք կուշտ էին ու նրանց համաչափ շնչառությունը խաղաղության պես փռված էր նրանց շուրջը: Խնամարկու կանայք հայտնեցին, թե գոմի ետնապատին անցքը բացել են արդեն: - Ձորը շատ խորն է, պարկեր ու պարաններ է պետք: - Բերել են, իմ մոտ է ,- հանգստացրեց կինը: Մյուս օրը , կեսօրին ետ եկան ոստիկանները ձեռնունայն ու կատաղած, մանրավաճառին իրենց հետ քարշ տալով: Լեռը բարձրացած տղամարդիկ ծուղակի մեջ էին գցել ոստիկաններին, որոնք մի կերպ փախել էին` թողնելով զենքն ու զինամթերքը ու իրենցից յոթ հոգու: Ոստիկանապետը կատաղությունը մանրավաճառի վրա թափեց. - Խաբեբայությամբ մեզ ծուղակը տարա՞ր, քեզ վաղը կախել կտամ, թեկուզ արդեն մուսուլման եղար: - Լուր տվեք բոլորին, որ վաղն առավոտյան պատրաստ լինեն տեղահանության, թող մի շաբաթվա ուտելիք վերցնեն, մեր կանանց էլ հայտնեք, որ գան երեխաներ ընտրեն: Ոստիկանապետը վախենում էր, թե առանց իրեն կգրավեն Վանը, ու այդ հարուստ քաղաքից իրեն բաժին չի հասնի: Երեկոյան ոչ ոք չեկավ: Առավոտյան գոմի լուսանցքի մոտ խմանարկու կանանց գլուխները տնկված էր` զարմանալիորեն անշարժ: Բակում հավաքված թուրք կանայք ու տղամարդիկ աղմկուն էին` երեխաներին սպասելով: Եկեղեցու շրջափակից դուրս քրդերը` խումբ-խումբ իրենց հերթին էին սպասում:

Ոստիկանապետը հրամայեց, որ երեխաներին գոմից դուրս բերեն: Երկու ոստիկան շտապ գոմի դուռը բացեցին, խնամարկու կանանց խրթվիլակները շրջեցին, տեսան գոմի քանդված ետնապատն ու երկու լայն կաշետոպրակները պարաններով կախ ընկած ձորի վրա: Ետ եկան ու զեկուցեցին պատշգամբում կանգնած պետին` նրա առաջ պարզելով պարկերն ու պարանները: - Երեխաներն ու կանայք փախել են:

Երեխա գնելու եկած թրքուհիներն ու տղամարդիկ փնթփնթացին ու հեռացան:

Ոստիկանապետը կարգադրեց գնալ ու դուրս բերել գյուղում մնացածներին: - Տղամարդիկ թող լեռան վրա մնան ու այնտեղ էլ կոտորվեն, նրանց կանանց ու երեխաներին իրենց նշանակված տեղը կտանենք;

Ոստիկանապետը զայրացած ետ ու առաջ էր քայլում բակում ու կատաղությամբ նայում սյունին կապված մանրավաճառին:

Կինը բացեց զարդերով ու հագուստներով լի սնդուկը` հագավ լաջվարդ շապիկը, դեղնականաչ աբան վրայից կապեց, նվեր ստացած արծաթյա դրամաշղթան` ոսկե խաչով` գցեց վզին, հորից մնացած պահպանակը կրծքին ամրացրեց, արծաթե հերակալներով վարսերը հանգուցեց քունքերին, երկար, լույսի շողքի պես փայլփլուն մազերը վար թողեց թիկունքն ի վար, որը ջրի հոսքի պես վերից վար թափվեց մինչեւ ծնկները, արծաթե չարխափան ճարմանդը ամրացրեց գոտուն` երեք մեծղի գորտիկներ գլուխ կլխի շարված, ակնազարդ ապարանջանները դրեց ձախ բազկին, ոսկեջրած արծաթահյուս մանրաթելով գործած` Վանի հայտնի ոսկերիչների գործերից ամենափնտրված արծաթե գոտին աբայի վրայից կապեց, սուտակով ու զմրուխտով ակնազարդ մատանիները մատերին անցկացրեց, ոսկե դրամներով զարդարուն դինգ-թագը գլխին դրեց ու, ինչպես նորահարս, պատշգամբից ցած իջավ:

Երկու ոստիկան շտապ բակ մտան: - Գյուղը դատարկվել է այս գիշեր, բոլորը լեռն են բարձրացել ,- զեկուցեցին նրանք: - Քառատեցեք սրան, այս մարդուկը մեզ խաբեց ,- գոռաց նա: / Խեղճ մանրավաճառ, ամեն ժամանակ էլ մեկը գտնվում է, որ դավաճան է դառնում , անգամ , երբ բոլորին տեղահանում են ու սպանում, սա էլ ուզեցել է դավաճանությամբ ապրել, ո՞նց պիտի ապրեր../: Նա խղճաց մանրավաճառին , որը սարսափից կանաչել էր, կարճահասակ մարմինը կծկվել, աչքերը անընդհատ շարժվում էին, ուր որ է հիմա պիտի կաթվածահար լիներ: Լացում ու մղկտում էր, թե ինքը մեղք չունի, ինքը մուսուլման է դարձել, իր կուտակած ոսկին պետին կտա, միայն , թե չսպանեն:Ոստիկանապետը կարծես չէր լսում: Նա ետ դարձավ ու տեսավ օջախի մոտ կանգնած նորահարսի պես գեղեցիկ, գունատ, հրեղեն փայլով իր գերուհուն:

Կինը ձեռքը մեկնեց սյունին կապած մանրավաճառի կողմն ու ասաց. - Պետ , այդ մարդը մեղք չունի, ես եմ հայտնել լեռը բարձրացած մարդկանց, երեխաներին ես եմ փախցրել, գյուղում մնացածներին ես եմ զգուշացրել: - Ես վերջինն եմ ու միակը , որին կարող եք պատժել: Կինը քարյուղի ամանը շրջեց վրան ու քայլ արավ դեպի օջախի կրակը: Չորս կողմից բոցը սկսեց բարձրանալ ու կուլ տալ նրա զարդարուն, հպարտ կանգնած մարմինը, լույսի շողքի պես ծփացող վարսերը, մետաքսյա թանկարժեք հագուստները:

Ոստիկանապետը ` կարկամած, ոստիկանները` զարմացած, մանրավաճառը` սարսափած, նայում էին նրա վառվող մարմնին:

Եվ ծխի ու բոցերի միջից շողշողում էին ինչպես երկու արեգակներ նրա աչքերը: Արեւամուտից ծիրանագույն- մանուշակագույն դարձած լեռներից կարծես դեպի ինքն էին թռչում իր փրկած խարտյաշ-լուսեղեն պատանեկիկները` վերջին հրաժեշտը տալու:

Վկայություն .- Տիեզերական մեխանիկայի մեծ գիտնական, ռուսական լուսնագնացի հեղինակ` Մանուկ Հովհաննիսյանը, / ամերիկյան լուսնագնացի հեղինակը ` նմանապես Մարկոսյան, երկուսն էլ ջարդից փրկված մանուկներ/, Երեւան էր եկել ու սրտի տագնապ ուներ: Սրտաբան ընկերոջս հետ գնացինք այցելության:

Նա մուգ կապույտ աչքեր ուներ` ժպիտը, ծիծաղը ու արեւը աչքերի մեջ, ցորնագույն մաշկ, ամուր կառուցվածք:

Բժիշկները սովորություն ունեն մանկական հասակում տարած հիվանդությունները իմանալու, հավանաբար, դա նրանց օգնում է ճիշտ ախտորոշման ու նպատակաուղղված բուժում նշանակելու համար: - Մանկական հասա՞կում , մանկական հասակ չեմ ունեցել. ծնվել եմ Շատախի Մեծ Գոմեր գյուղում, չորս տարեկան էի, բոլորիս հավաքել էին մի գոմի մեջ ու պիտի վաճառեին: Մի կին կար, որը մեզ ուտելիք էր բերում, իր փեշերի մեջ թաքցրեց, գոտկից կախվեցի, ոտքին փաթաթվեցի, տարավ մորս հասցրեց, բոլոր երեխաները` 60-70 հոգի նույն ձեւով փրկվեցին, հետո լեռներով ու ձորերով Վան հասանք, իսկ Վանը այդ ժամանակ կռվի մեջ էր: - Մանկական հասակում տարած հիվանդությունս այդ է եղել…:


,, ՁՅՈՒՆԵՄ ՈՒ ԿՈՒԳԱՄ,,

Լույսն ի՞նչ գույն ունի. լույսի գույն ուներ նրա մազերը. դեղին չէր, սպիտակ չէր, արծաթափայլ չէր, կրակի բոցն ինչպիսի՞ն է, արոտներում վաղ գարնանը մասրենու թուփն իրեն թիկունք արած, դեռ արեւի շողը չտեսած, նորաբաց ձնծաղիկի թերթիկները ի՞նչ գույնի են, մանրանկարիչ աբեղաների փնտրած գույնը ո՞րն է, միջնադարյան ոստաններում ներկարարների երազած ու չգտած գույնը ո՞վ գիտի, անցյալ ժամանակների մանկամարդ գորգագործուհիների մտքի գույնը ու՞մ է հայտնի ,- այդպիսին էր ,- խոպոպ առ խոպոպ, դարս առ դարս փոխվում էր, այդ բոլորի տեսքն ուներ, փոքրիկ գլուխը լույսով պսակած, գալիս թափվում թիկունքին ու պարանոցի շուրջն ավարտվում էր, նայողին թվում էր , թե նրա խոպոպիկները չեն վերջանում, այլ շարունակվում են մինչեւ ոտիկները` իր շուրջը լուսեղեն ամպիկ կազմում:

Իրենից հետո օդի մեջ դեռեւս պահպանվում էր նրա խաբկանք լուսապատկերը:

Աչքերից մեղմություն ու լույս էր կաթում:

Ջերմության զգացումը լցվում էր սիտը , խաղաղությունն ու հանգստությունը պարուրում էր նայողի հոգին, ակամա, մարդ ձգտում էր իր առջեւն ունենալու այդ տարաշխարհիկ լույսի պատկերը:

Գիշերային հոգնածությունից ու անքնությունից բժշկի զգայարանները գերգռգռված էին , ու նրա առաջին մտածումը այդ եղավ, երբ տեսավ փոքրիկին, որն իր թաթիկներով դեղասայլակից բռնած, կամ մոր փեշից կախված հիվանդներին դեղ էին բաժանում:

Մայրը ամիսը յոթ հերթապահություն ուներ, որից երկու կամ երեք անգամ Մարիամիկին բերում էր հետը` մինչեւ ամուսինը աշխատանքից գալիս տանում էր: Մոր աշխատանքը դժվար չէր. շուտով երկրորդ երեխան կունենար. նրա ստացածը տան վարձն էին տալիս: Բժշկական ուսումնարանը ավարտելուց հետո գնացել էր իրենց հեռու, անտառների խորքերում թաքնված Կարմիր Հողը, որտեղ եւ աշխատում էր: Ամուսինը, որ նույն գյուղից էր, որի մասին միայն լսել էր, զինվորական ծառայությունից հետո Մոսկվայում սովորել էր, եկել Երեւան աշխատանքի անցել ու տուն վարձել: Զինվորական ծառայության ժամանակ, Մոսկվայում` սովորելու տարիներին, Երեւանում էլ` իր հարսնացուն փնտրել էր հայրենի գյուղում: Նա պիտի իրենցից լիներ, իր մանկության երկնքի տակ մեծացած, իր խաղացած հանդաստաններում վազվզած, իր տեսած աղբյուրներից ջուր խմած, իր երկրի ցողով լվացված, իր արմատներին մոտիկ, քանի որ իր էության խորերում իրենց Ծլթան ձորերի դարավոր կոճղարմատների, կանաչ-մամռապատ խաչքարերի, մոռացված-խոնարհված մատուռների շունչն ուներ, օտարն իրեն դժվար կհասկանար: Եկել, գտել էր իրեն, բերել Երեւան: Ինքն էլ թաքուն ցանկություն ուներ գալու, բայց դեմ չէր լինի ,որ մնային շենում` աշխատեին, տնավորվեին: Հասակակիցները ուրախացան ու նախանձեցին իրեն, ո՞վ չէր ուզում Երեւան գար, տուն տեղ լիներ, ամեն արձակուրդներին մաքուր հագած-կապած, սիրուն-շողշողուն, նվերներով, գաթա-անուշեղեններով ետ գյուղ գնային, մեկ ամսյա ուրախություն պատճառեին ծնողներին, իրենց տեսած, ման եկած հանդ ու արոտների, ծմակների, լեռ ու խանդակների կարոտն առնեին, իրենց խմած աղբյուրների ջրերից խմեին, քե‎ֆ ու ուրախություն անեին, իսկ գյուղում մնացած իր ընկերները արեւածագից մինչեւ արեւամուտ` սարերում կով կթեին, դաշտերում ծխախոտ քաղեին, օրօրի քաղածը մնար իրար վրա դարսած, տաքանար, խշկեր` չհասցնեին շարան անել, կախել, քամուն տալ, մեջքները չկարողանային ուղղել, կերած պատռները `լեղի, խմած ջուրը ` տաք, եփ եկած, ու նրանց թվար, թե ինքը դրախտն է ընկել, իր քաշածը աչքից հեռու, իսկ իրենք էլ նրանց նախանձեին, նրանց դառն ու չոր հացը` քաղցր ու լավը թվար. նորից սրտի ցավով բաժանվեին, գային իրենց վարձով սենյակում նստեին` հոգու խորերում իրենց մանկության երկինքները, որը նրանց ուժ էր տալիս ու կենսուրախություն, լավ օրերի ակնկալության հույս:

Եթե շաբաթ կամ կիրակի չէր , եթե ամուսինը տանը չէր, մորքրոջ աղջիկը, որը չէր աշխատում, եթե չէր հասցնում նրա մոտ թողնել` փոքիկին իր հետ բերում էր: Ցերեկը` քանի գլխավոր բժիշկը կամ բաժանմունքի վարիչը կային, քույրերի սենյակից դուրս չէր թողնում, իսկ երբ բոլոր բժիշկները գնում էին, մնում էր միայն հերթապահ բժիշկը` ազատ էր զգում, հաճախ էլ իր սովորական հերթապահությունը փոխում էր շաբաթ կամ կիրակի օրերի հետ, երբ ամուսինը տանն էր լինում, նվազագույնի էր հասցնում Մարիամիկին իր հետ աշխատանքի բերելը:

Մանկապարտեզ չէր գնում, երեք օր տարել էին ու տեսել, որ մնացող չի` առավոտից մինչեւ իրիկուն լացել էր: - Չի մնում, անընդհատ լացում է: - Փողոցում, խանութում`գնումներ կատարելիս, ավտոբուսի մեջ` մեկ էլ տեսար լաց եղավ: - Ցավոտ տեղ չունի: - Կանոնավոր ուտում է: - Կապված է որոշակի մարդկանց հետ:- Սասուն պապիկին տեսնելիս լաց է լինում: - Պիտի խնդրեմ , որ քննեք Մարիամիկին: Ու հիմա Մարիամիկին գրկած բուժքույրը կանգնել էր բժշկի առանձնասենյակի դռանը, իսկ փոքրիկը գլուխը թոթեւակի շարժում էր, իր լուսեղեն խոպոպիկները երեսով տալիս:

… Տեսնես սա ի՞նր ճյուղ է, ի՞նչ արքայական արմատ է, որ իջել, խոնարհվել, ռամկացել է, հին-հին ժամանակներից եկել, ժամանակ առ ժամանակ իրեն ցույց տալով` չի կորել, հիմա էլ եկել այս փոքրիկ աղջկա մեջ բնավորվել, իրեն ցույց է տալիս. տեսե՞ք ես կամ, ես չեմ կորել, ես ձեր հետ եմ, մինչեւ վերջին շունչն էլ, մինչեւ վախճանն աշխարհի պիտի ձեզ հետ լինեմ…: - Հա , Մարիամիկ ,- դիմեց բժիշկը փոքրիկին ,- արի բժիշկ-բժիշկ խաղանք ,- նրան մեկնելով մի կարմիր խնձոր: Սպիտակ-սպիտակ, կաթնափրփուր մաշկ ուներ, որին, թե ձեռք դիպչեր` վարդագույն երանգներ էր առնում: Զգացվում էր այն առողջ կենսական ուժը ինչպես է ներդրված բոլոր օրգաններում, եւ ի զորու է` ներդաշնակ, առողջ ու ուժեղ մարմին արարելու: Աչքերը լուսավորված շողում էին, մանկական վստահությամբ ու նվիրվածությամբ իրեն հանձնել էր մեծերի կամքին` մայրը մոտն էր, իսկ բժիշկը անընդատ ժպտում էր:

Լսեց թոքերը, ականջ դրեց սրտի աշխատանքին ,շոշափեց լյարդը, ստուգեց փորիկը` ոչ մի շեղում չկար: - Մարիամիկ, Սասուն պապիկը ի՞նչ ունի, որ վախենում ես: - Լավ պապիկ է, քեզ խնձոր ու անուշեղեն է տալիս - Չի էլ մոտենում, բժիշկ: - Անգամ, Սասուն պապիկը քնած էր, որ տեսավ նրան ու սկսեց լաց լինել: - Հը՞ , Մարիամիկ, ինչ էիր տեսնում, ի՞նչ կար: - Պապիկի գլխին ձյուն էր գալիս, սպիտակ, մեծ փաթիլներով, ձյան մեջ գայլեր էին վազվզում, ձյան մեջ բալիկ կար քնած: - Ով գիտի, երեխաներին երեւի ամեն թաքուն բան հայտնի է ,- փորձեց բացատրել բժիշկը, որն իր համար էլ անբացատրելի էր: - Չէ, երեխան առողջ է, շատ զգայուն ու շատ տպավորվող: - Լավ կլինի, որ նա մեծանա, խաղաղության ու ազատության մեջ, մարդիկ քիչ լինեն, եղածներն էլ պարզ ու մաքուր լինեն, մի քիչ էլ կարեկցող ու բարի. քաղաքի ժխորը, մարդկանց մեջ բուն դրած չարությունն ու դժկամությունը, որն արտահայտվում է նրանց հայացքներում ու նրանց շարժումներում, մրցակցության ու իրար ոտնակոխ անելու ամենօրյա այս խառնաշփոթը, մշտական շտապողականության այս միջավայրը , ուր հանգիստն ու խաղաղությունն իսպառ բացառվում է` ներգործում է երեխայի վրա: Եթե կարող ես ու հնարավորություն ունես` գյուղ տար, թող մարդկանց ժխորից հեռու մեծանա, արեւածագ ու արեւամուտ տեսնի, գիշերային երկինք տեսնի` կանցնի, կմեծանա` կմոռանա իր տեսնելու կարողությունը: - Շատ եմ վախենում, բժիշկ, ուրիշ կարգի հիվանդություն չունենա՞: Հավանաբար, նրա անհանգստություն հոգեկան հիվանդության հետ էր կապված, որի մասին խոսել անգամ չէր համարձակվում: - Վստահ եմ, Սոնա, որ Մարիամիկը լրիվ առողջ է, ուղղակի նա տեսնում է բաներ, որոնք մենք մեծերս տեսնել ու զգալ չենք կարող, արդեն, բոլոր երեխաների մոտ կա այդ հատկությունը, իսկ Մարիամիկի մոտ առարկայական զգացողության է հասած: - Անհոգ եղիր , լրիվ առողջ է ,- վստահ ու հաստատուն եզրափակեց բժիշկը: - Արձակուրդիս օրերը մոտենում են, կգնամ գյուղ, մի երեք ամիս կմնամ, հետո , կամ մորս մոտ կթողնեմ, կամ էլ ամուսնուս ծնողների մոտ: - Տատիկի մոտ կմնա՞ս ,- դիմեց աղջկան:

Փոքրիկը գլխով դրական շարժում արավ: - Որ այդքան խելոք ես, գաթա կեր ,- բժիշկը նուշի ալյուրով կարկանդակը մեկնեց նրան: - Դու կեր ,- ասաց փոքրիկն ու ժպտաց: Դուռը ծեծեցին. բուժքուըրը դուրս գնաց ու ետ եկավ: - Սասուն պապիկի հարազատներն են , տեսակցություն են խնդրում: - Հանգստի ժամ չէ՞: - Խնդրում են , բժիշկ, ասում են, թե հիմա չտեսնեն, գյուղ գնացող վերջին ավտոբուսից կուշանան: - Թող գնան, բայց չաղմկեն: Այցելուները երեքն էին. երկու կին ու նի ջահել տղամարդ. երեսները այրված, թխացած. ձեռքերն ուժեղ, շատ աշխատելուց կոպտացած, կոշտուկներով պատված, ամուր ու հաստատուն կանգնել էին միջանցքում: Նրանցից արեւից այրված քարերի շունչն էր զգացվում:

Բժիշկը ձեւացնելով, թե տեղյակ չէ` իջավ ընդունարան: Բուժքույրը ուղեկցեց նրանց մինչեւ հիվանդասենյակ: Նա դեղորոյքի տուփը հանեց պահարանից ու սկսեց դասավորել դեղերը ըստ հիվանդասենյակների: Ցերեկային ներարկումների ժամն էր:

Երբ բժիշկը ընդունարանից բարձրացավ ու ետնամուտքի դուռը բացեց. իրենց բաժանմունքում թեթեւակի ժխոր կար. ավելի շուտ շատ մարդկանց զսպված շնչառություն, ու այդ բոլորի վրա մեկը` մեղմ, ու փափուկ, փաղաքուշ ձայնով երգում էր: Աննկատ մոտեցավ ու կանգնեց բոլորի վերջում:

Հիվանդները` կանայք, թե տղամարդիկ հավաքվել էին ընդանուր սրահ, որտեղ հեռուստացույց էր դրված: Սասուն պապիկը նստած էր թիկնաթոռին, նրան այցի եկած կանացից մեկը երգում էր հեռուստացույցի մոտ կանգնած: Երեւի վաղուց էր երգում. մինչեւ ինքը ընդունարան խորհրդի բերած հիվանդին նայեց, հանգստացրեց, դեղատոմսեր գրեց` մի ժամ անցել էր, երեւի այդքան ժամանակ էլ երգում էր:

Բոլոր հիվանդները գոհունակ ու բավարարված տեսք ունեին, երջանիկ էին, բոլորն իրենց ցավերից վերացած, մոռացած ամենօրյա հոգսերն ու մտահոգությունները, իրար ավելի մոտ ու հարազատ դարձած, ատելությունները թոթափած, հոգիները մերկացրած` լսում էին երգը: Ձայնը մեղմ էր, կրծքային, ու թվում էր , թե շատ հեռուներից է գալիս` անկեղծության ու մաքրության սառնակն աղբյուրի պաղպաջուն ջրի պես:

Կարծես առավոտյան, արեւը դեռ չծագած, լուսնումութի ցողի ժամին` օրհներգ էր` լույսի ծագման մասին, որ իջնում էր բարձրիկ լեռներից, կարծես կենդանի ձնաջրի հոսք լիներ, որ առու դառած գալիս հասնում էր ծարավից չորացած մարգերին` նրանց հասցնելով Տիրոջ օրհնանքն ու փառաբանությունը, գութանվորին հաց տանող ջահել աղջկա երջանիկ դեմքն էր, որ արտավարի մեջ պիտի տեսներ ցոլցլացող իր յարին, խոնարհված եկեղեցու շեմին չոքած գաղթական կնոջ ինքնամոռած աղոթքի մրմունջն էր: Այս ամենը նրանց բոլորի հոգու խորերում մխում էր , հին հիշողություն էր, անդարձ կորուստ էր` այդքանով էլ հարազատ ու թանկ էր: Բոլորը վերացած, վերացարկված լսում էին, ու հրաշքով բոլորն էլ առողջացել էին, երջանկացել:

Իր նման տասնյակ բժիշկներ, իրենց հմտություններով, տարիների փորձով, տեղական ու անդրծովյան գովված դեղահաբերով ու դեղասրվակներով չէին կարող այդպիսի արդյունքի հասնել: Խմբական բուժական արդյունք էր. բոլորը մեկ էին եղել, բոլորն իրար հասկանալի էին դարձել, հոգիների գաղտնի ու մութ ծալքերը թոթափել, մերկացել էին, թափ էին տվել իրենց ցավերն ու հոգսերը, իրար մոտեցել մարդկայնորեն, սրտով ցավակից դարձել, սիրով պարուրվել մեկմեկու հանդեպ:

Բուժքույրը նկատեց բժշկին ու ցանկացավ ընդհատել, բայց լռեց` նրա ակնարկը տեսնելով: Նրա լուսեղեն Մարիամիկը նստել էր Սասուն պապիկի մոտ մրգի ու անուշեղենի տոպրակը գոքին: Հիվանդը շոյում էր նրա թաթիկները: Անծանոթ աղջիկը երգում էր: - Ձյունեմ ու կուգամ, ձյունեմ ու կուգամ սարերուն… - Էն անտեր Մշու դաշտ դուրան ի… - Ջուրն ու ծաղիկ ամեն ցավու դարման ի… - Ծիծառներ հոն թեւ թեւի կծափեն… - Քարերն անգամ լեզու ունեն կխոսեն… - Տիրոջ սուրբ անունով, հոգի ջան, պիտի լինենք ազատված… Կարեւոր չէր , թե ինչ էր երգում, ինչ բառեր կային. գարնան ելման գետերը թափված հարս ու աղջիկների թաքուն ու մոռացված բողոքի մրմունջն էր, որ կենդանացել էր այս սասունցի աղջկա ձայնի մեջ,/ արդեն բողոք չկար, բողոքողին լսող է պետք. անտերության մատնված, իր աստծուց լքված, իր լեղախառն ճակատագրի մինչեւ մրուրը խմած ժողովրդի աղոթքն ու մրմունջն էր առ Ամենատեսը/, հեղեղատներից իրենց վար նետած հարս ու աղջիկների վերջին ճիչերն էին, որ եկել ու կենդանացել էր, կարոտը, որ տարիներով հորից` որդուն, մորից` դստերն էր փոխանցվել` դողդոջուն սրսփուքի պես հնչում էր նրա արտաբերած եղանակի մեջ, իսկ թեւի թեթեւակի շարժումը` չափի էր բերում:

Երգողը, երբ գլուխը շրջեց ու տեսավ բժշկին` անմիջապես լռեց: Բուժքույրը կանգնեց տեղից: Հիվանդներից ոչ ոք իրեն հիվանդ չէր զգում: Հիվանդանոցի միօրինակ միջանցքն ու նեղ հիվանդասենյակները վերացել էին նրանց համար, ամեն մեկը իր թիկունքում նման մի հուշ ուներ, մի ողբերգություն , եթե չուներ` հաղորդակցվում էր ազգային-զողոհության այդ խորհրդին, եւ դրանով նոր կյանք ու վերածննդի ուժ ստանում:

Ժպտալով առաջ եկավ բժիշկն ու ասաց. - Ավելի լավ հանգստի ժամ հնարավոր չէր, ապրի երգողը: - Շնորհակալություն հայտնեց: Երգողն ամաչելով խոնարհեց գլուխը: Բժիշկը մոտեցավ բռնեց Մարիամիկի ձեռքը. - Հաշտվեցի՞ր Սասուն պապիկի հետ: Փոքրիկը ժպտաց ու իրեն մեկնեց մի կտոր շարոց` ընկույզի միջուկով, մեխակի, հիլի, դարչինի, թթի դոշաբի ալրաշփոթով պատված, խաղողի հյութով շաղախած, արեւի տակ չորացրած: - Փոքր հարսիկս է ,- երգողին ներկայացրեց Սասուն պապիկը, փոքր թոռանս կինն է, արդեն, մի քաջ տղա ունի իմ երգեցիկ հարսիկը ,- իր երգելու համար եմ հավանել: - Ապրի Սասուն պապիկի երգեցիկ հարսը ,- ասաց բժիշկը: Հիվանդները գնացին իրենց սենյակները` երեկոյան այցելության ժամն էր: Հերթապահ բժշկի դուռը բախեցին` բուժքույրն էր Մարիամիկը գրկին, մի տոպրակ միրգ ձեռքին, երգող հարսը , նրա հետ եկած աղջիկն ու տղամարդը ներկայացան, իրենց հիվանդի մասին տեղեկություններ էին ուզում ստանալ ու իմանալ դուրս գրվելու ժամանակը: - Ձեզ ո՞վ է գալիս ,- հարցրեց բժիշկը: - Հայտնելով, որ արյան գերճնշում ունի, սրտի կողմից անհանգստության երեւույթներով: - Պետք է հետեւել, որ ճնշումը շատ չբարձրանա, ‎ֆիզիկական աշխատանք շատ չկատարի: - Լսողն ո՞վ ` ,- ասացին նրանք ,- հենց տուն հասավ` կաշխատի, թե չաշխատի` կերգի, կերգեցնի կամ կպարի, Պարելու տուն կա , իր տարեկիցնեը, ջահելները, ով ցանկանա` հավաքվում են ու միչեւ լույս պարում, մեկ մեկ էլ ` պարում լացում , լացում պարում` մոռանալու, խեղտելու համար իրենց կորուստները, իրենց կարոտները : - Մեր պապու եղբայրն է: - Ինքը ոչ մեկը չունի՞: - Դե մենք ենք, մեր պապու եղբայրն է, մենք մեր պապուն չենք տեսել, մեր հերն էլ չի տեսել, իրեն է տեսել. հեր է, մեր է, պապ ու տատ է` ինքն է եղել: Հայասպանության տարիններին ինքն է փրկվում ու իր չորս տարեկան աղջիկը, մի տարի մնում է լեռներում, երբ ռուսական զորքը գալիս է, էլի էստեղից-էնտեղից փրկված հայերը հավաքվում են իրենց ավերված շեները: ,, Ինչ երեսպինդ ժողովուրդ են ,- մտածում են ռուսները ,- այսքան կոտորում են, կոտորում են` էլի չեն վերջանում,, : Մեկ էլ ռուսնրը սկսում են նահանջել, եղած փկվածները, դես ու դենից հավաքված հայերն էլ ռուսական նահանջող զորքի ետեւից են ընկնում: - Իսկ ինչու՞ էին նահանջում: - Ի՞նչ գիտենք, իրենք գիտեին, թուրքերին հայտնի էր: - Ռուսներն շտապում էին նահանջել, թուրքերն էլ աշխատուն էին եղած-մնացած հայերին ոչնչացնել: - Այդպես սոված , ծարավ, հոգնած, հիվանդություններն ու դժոխքի կրակը գլխներին թափված, երեխան գրկին, իր նման հազարավորներ` կին, տղամարդ, երեխա` աշխատում էին ռուսների նահանջող -փախնող բանակի ետեւից հասնել, թե մինչեւ ու՞ր, ` չգիտեին: Այդ խառնաշփոթի մեջ գտնում է իր եղբոր հինգ տարեկան տղային` մեր հորը: Իր հայրական շեն տնից, որ 132 շունչ էին, երկու գութան էր ելնում ամեն գարնան իրենց տնից, սրահներում յոթ տորք էր հինած` գորգ ու կարպետ էին գործում հարս ու աղջիկները, գոմի սյուներից կախ չորս հինգ խնոցի էին հարում, իրենք յոթ ախպեր` մի տեղ քնում մի տեղ վեր էին կենում. մեկը տավարի – մալի վրա էր լինում, մյուսը ձիերի երամակն էր նայում, հաջորդը ձիթհանն ու ջաղացն էր բանեցնում ու մեղուներին հետեւում, որոնք դիրք դիրք շարված էին լորենու անտառի դիմացը , մեկն էլ գութանի, արտ ու հնձի պատասխանատուն էր, բոլորն էլ օգնականներ ունեին: Էդ կողմերի քրդերն ու թուրքերը իրենց հացն ու մեղրն էին ուտում: Էս բոլորը իր պատմածն է, մեզ համար դժվար է պատկերացնել: Հիմի էդ մեծ տնից , իր ցեղ ու տակից ինքն էր մնացել , իր երեք-չորս տարեկան աղջիկն ու մեր հերը` իր եղբոր տղեն` հինգ-վեց տարեկան` շատ խոտ ուտելուց փորն ուռած, բոբիկ, ոտերը տատասկն ու փուշը կերած, ճաքճքված, արյունլվա, որին պատահականորեն գտնում է ահ ու սարսափի մատնված փախեփախի ու կոտորածի դատապարտված ամբոխի մեջ: Վերցնում է եղբոր տղային ու քայլում են մեկ օր, երկու օր, երեք օր, ուտելիք չկար, մեկը չկար օգնող, բոլորը սննդի ու օգնության պետք ունեին, նույն ցավի մեջ նույն կրակով էին տապակվում, երկուսին շալակել չէր կարող մեր խեղճ պապու ախպերը, մի աղբյուրի մոտ նստում իր մոտ եղած ուտելիքով կերակրում է աղջկան` Մարոյին, որն էլ հոգնած քնում է ձեռքերի վրա, այդպես քնած դնում է մասրի թփի տակ, աղբյուրի գլխին, երկու գաղթական կնոջ մոտ, վրան երեք ոսկի դնում, եղբոր տղային, մեր հորը շալակում ու ճամփա ընկնում, ետ չի նայում, գալիս հասնում է ռուսներին, ետ չի նայում մինչեւ հիմա մեր պապու ախպերը, մեր հորը մեծացնում, ամուսնացնում, չորս երեխա է ունենում մեր հերը: Այս վերջին կռվին էլ նրան են տանում, փոխարեն մի կտոր ,, սեւ թուղթ ,, ուղարկում, հիմա էլ մեր` երեք տղու ու մի աղջկա հոգսն է քաշում մեր պապու ախպերը:

Ամեն տեղ , ամենուր , ամեն ժամ փնտրում էր իր աղջկան, կարծում էր , թե էն գաղթական կանայք փրկած կլինեն, այդպես էլ ոչ մի լուր չի ունենուն իր լքած աղջկանից ` Մարիամից: - Ամենից շատ ատում է ծուլությունը. - Երկիր աշխատանքով կշինվի, ի՞նչ անենք , որ չունենք, հետո կունենանք, եղածը` բանջար-վռիկն է` բավ է, ձեր ջան ապրի: - Մարդ աշխարհ կգա աշխատելու համար: Երբ Նրանք գնացին, երկու բուժքույրերը, երկու հավաքարարները եկան բժշկի մոտ: Այցելուները գնացել էին, դեղորայքը բաժանված էր, հիվանդները հեռուստատեսությամբ վերջին լուրերն էին լսում: Մարիամիկին էլ հայրը եկել տարել էր: - Տեսա՞ր, ինչ երգ ու խաղ ասող աղջիկ էր ,- դարձավ բժիշկը Սոնային, ինչքան անկեղծ ու հոգով էր երգում, իսկ ձեզնից ոչ մեկը մի պարզ երգ էլ չգիտի: - Մենք զրկվել ենք մեր երգերից, մեր պարերից, մեր հագուստ-կապուստից: - Մերը տարել պետական երգ ու պարի խմբերին են տվել, բեմերից ելույթ են ունենում. ո՞րն է ճիշտ , ո՞րը սխալ` ոչ իրենք գիտեն, ոչ էլ մենք: Իրենցը` մասնագիտություն է, արհեստի պես մի բան` առանց ապրումի, առանց հոգու: Մեր մեջ Սասուն պապիկի պես մեկը չի եղել ,ո ր սովորեցնի ու պահել տա. իմ Սոնա նանը ի~նչ ջան գուլումի խաղեր գիտեր, ի~նչ անուշ ձայնով երգեր էր ասում ճախարակի մեղմ բզզոցի տակ, Նուբար տատ ունեի, որ ոչ մի հարսանիք առանց նրա խաղ ու պարի չէր լինում, նստած տեղը պարում էր, բոլորը մոռացվեց գնաց իրենց հետ…: - Մարիամիկդ կսովորի ,- ասաց բժիշկը: - Հա, ժապավենի վրա կգրանցեմ հետս կտանեմ, թող լսի, իր համար խաղ անի ու լսի, աղջկաս այստեղ չեմ թողնի, շուտով իմ ժամանակը կհասնի, կառնեմ ,կտանեմ մերոնց մոտ, այնտեղ էլ կթողնեմ. մեր տունն աղբյուրի գլխին, Կաթնուկ աղբյուրը ներքեւը, աղբյուրի չորս կողմն ու ձորերն իվեր մոշի թփուտները կախ ընկած օրորվում են ջրերի վրա, մոշահավերը կչկչում, դիմացը` հոնի անտառն է, օգոստոսին ամբողջ անտառը կարմրում է` հասած հոնի գույն առնում, մոշն ու հաղարճը, զկեռն ու մասուրն ու սիզը` ծով,, տանձն ու խնձորը հոտոցն ընկած, մարդիկ հավաքում են ու կարասների մեջ թթու դնում ` ուտելիս `համը մնում է բերանում , չես կշտանում, դարավոր ընկուզենիները քարափներին` հսկումի կանգնած` հաստատուն ու խրոխտ, որոնց ճյուղերից պարան են կապում ու ճոճվում, գնում էն անտակ անդունդների վրա կախվում` նորից ետ գալիս` սարսափն ու ուրախությունը իրենց սրտներում միախառնելով, ամեն օր, ամեն ժամի` մի նոր ծիլ ու ծաղիկ, մի նոր շունչ ու կենդանի, ամեն արեւածագի` մի նոր ծնունդ, անտառի խշշոցն ու ձորի ջրի քչքչոցը, վայրի աղավնիների ղունղունալն ու դաշտի դեղձանիկի կարկաչուն երգը` ականջներին, երկինքը երկրին մոտիկ` ձեռդ բարձրացնես` աստղերին կհասնի, մարդիկ բարյացկամ ու իրար հարեհաս, չորս կողմը` խաղաղությունն ու աստծո օրհնությունը սփռված ,- ամեն ինչ իր նախաստեղծ կարգով…:


ՀՐԵՂԵՆՆԵՐԻ ԴԱՍԻՑ

                                             Հոգու աշխարհում ազգերը կառավարվում են 
                                           հրեշտակապետերի կողմից: Զարգացման ընթ-         
                                           ացքում, երբ ճգնաժամային  պահեր են լինում,    
                                           հոգեւոր առաջնորդը մարմնավորվում է այդ ազգի            
                                            մեջ  ու առաջնորդում նրան:
                                                                                           Ռ. Շտայներ
                                                                                              

ՔՐՄՈՒՀԻՆ

Աշտարակի գագաթին, ոսկե մահճակալին ծնրադիր` առավոտյան աղոթք-հմայանքն էր շշնջում սպասրկու քրմուհին, մի հարկ ցած, դուրս ցցված քիվերին կանգնած` նվագածու քրմերը փողհարում էին` չորս ծագերին ավետելով արեւածագը: Մինչ նրանց ավետիսը, Մարդուկը` գերագույն աստվածը Աշուրի,լքել էր իր ոսկե մահճակալը, իր վարդեմատն հարճին` բարձր-բարձր աշտարակի գագաթին ու բարձրացել իր աստեղային բնակարանը:

Տաճարի դռները մայրի փայտից շինված, պղնձե տախտակներով ամրացված` դեռ փակ էին: Դռներից սկսվում էր Մարդուկի շքերթի ճանապարհը, երբ հզոր աստծո, Բաբելոնի հովանավորի, աստվածարյալ արքայի խորհրդատու, ներշնչող եւ ուղեկից, Մարդուկի ոսկեձույլ արձանը տարին մի անգամ տեղափոխվում էր քաղաքացիների բարձրագոչ աղաղակների ուղեկցությամբ, ազատները` երկանիվ մարտակառքերը քշում էին առջեւից, հեծյալ եւ հետիոտն նետաձիգները արձակում էին իրենց սրաթռիչ նետերը` աջ ու ահյակ, նոր որսած առյուծները քարշ տալով` անցնում էին դրանիկները` իրենց փողերը փչելով, իսկ նիզակակիրները մռնչում էին իրենց մարտակոչերը:

Ոսկե գահավորակին բազմած հզոր արքայի առջեւից քշվում էին գերեվարված թագավորներն իրենց սպարապետներով, իրենց գերի ընկած աստվածների արձաններով:

Մարդուկն է ամենազորը բոլոր աստվածների, Ես` Ասորեստանի տերը`տիրակալն ու թագավորն եմ բոլոր տերերի ու թագավորների` վկայելով:

Հասնելով հրապարակ, քարե մեծ բեմին զետեղված գահին բազմելով` արքան սկսում էր իր տարեկան վճիռները արձակել նոր ջրանցքներ կառուցելու, նոր արշավանքներ սկսելու հյուսիսի, արծաթե լեռներից այն կողմում, դեռեւս աննվաճ խայքերի դեմ:

Մուգ կապույտ, մանուշակագույն, դեղնավուն ջնարակված աղյուսի ընդհանուր պատին պատկերված էր սրբազան կենաց ծառը , որի հովանու տակ արքան նվերներ էր մատուցում իր գերագույն աստծուն` Մարդուկին, հաջորդ պատկերում արքան առյուծի որս էր կատարում լրիվ արագությամբ արշավող մարտակառքի մեջ կանգնած, նիզակը բարձր բռնած, ապա պատկերված էին գերված թագավորները շղթայակապ ու խոնարհ: Բոլորից վերեւ, հինգ մետր իրարից հեռու, լսնակուճե վիշապները իրենց տափակ եղջյուրավոր գլուխները պարզած, երկճյուղ լեզուները հանած, օձակերպ գլխով, փետրամաշկ, թռչունի ճանկերով, ետեւի ոտերը հաստատուն դրած, երկար , սլացիկ պոչը տնկած` հսկումի էին;

Մարդուկի խորհրդավոր վիշապը, որն ահ ու սարսափ էր տարածում օտարականների, թշնամիների, ստրուկների, ըմբոստների վրա, ջլատուն նրանց ներսում նստած դիմադրությունը, ոչնչացնում երբեւէ ելնելու, պայքարելու հույսը, երբ նրանց գերեվարված, շղթայակապ թագավորներին , իրենց դրանիկների խմբերով, զորապետների շարքերով` շարանցում էին հաղթական արքայի առջեւից, փետրամաշկ վիշապների լսնակուճե, սառն ու տիրական հայացքի ներքո:

Դատարկ էր հրապարակը:

Նոր արթնացած ջրկիր ստրուկները կավե դույլերով, կժերով, անոթներով, երկանիվ սայլակները բեռնած` դեպի գետն էին շտապում ջուր բերելու, շինականները եզները լծած դաշտերն էին շտապում ցորենի, գարու արտերը հերկելու: Այդ վաղ ժամին ազատներն ու դրանիկները` երկանիվ մարտակառքերին կանգնած, զինակիցներով, զինվորներով, ծառաներով, ստրուկներով, որսաշներով շրջապատված, շտապում էին քաղաքի եռաշարք պարիսպներից դուրս` առյուծի, վագրի որսի, հեծյալ զինվորները` բարակները ետեւներից գցած, շտապում էին անապատի տափարակներում վիթ ու եղնիկ որսալու: Հերթապահ պահակազորը պատրաստվում էր զորավարժության` տեգերը, նիզակները աղեղներն ու նետերը կարգի բերելով:

Փողհարությունը չվերջացած, արեւը կիսով չափ երեւաց գետի վրա կանգնած թեթեւ շամանդաղի մեջ` հրաշեկ ու խորհրդավոր, նման Իշտարի պահպանակ ոսկե վահանին:

Սկսեցին փողհարել Բարշամի, Նաբուի, Նինուրտեի հսկող քրմերը: Նախապատվությունը Մարդուկին էր տրված. նա էր հովանավորը Ասորեստանի ու արքայի, նրանց հզորության խորհրդանիշն էր, հաղթանակներ պարգեւողը, թշնամիներին պարտության մատնողը, նրանց աստվածներին հաղթողը, հարստություն պարգեւողը, գերիներ եւ ստրուկներ բերողը:

Բացվեցին պղնձակոփ դարպասները եւ արտաքին ու մջին պարիսպների միջեւ տեղադրված շուկան սկսեց կենդանանալ:

Եկել էին շինականները` ընդեղեններով, զանազան կանաչեղենի կապերով , ցորենի, գարու պարկերով, եկել էին տափաստանի հովիվները`ոչխարների, գառների հոտերով, ուղտերը` հեծած, պահապան շները ետեւը գցած, ստրուկները` նստած սայլերը լծած եզների ուսերին` ճիպտում էին, իրենց գոչյունը խառնելով ընդհանուր աղմուկին, հեռու Լագաշից եկել էին ցորեն վաճառողները,Ուրից եկել էին կտոր, գործվածք, թել ու բուրդ վաճառողները: Այդ խառնամբոխի մեջ տարբերվում էին երկար գառնենի սրածայր գլխարկներով, կարմիր կոշիկներ հագած , կապույտ պարեգոտով, թավ բեխ-միրուքով, արծաթե լեռներից անդին գտնվող խայքերի երկրից եկած վաճառականները, որոնք վաճառում էին պղնձե վահաններ, երկաթից ու բրոնզից պատրաստված սրեր, տեգեր ու նիզակներ, մորթիներ, ներկեր: Նրանք իրենց կաշվե նավակները հավաքել ու վրան էին դարձրել, որը հետո բեռնում էին տեղում գնված ուղտերին ու ձիերին եւ ետ , իրենց լեռները դառնում: Իշտարի տաճարի դուռը բացվեց: Երկու նաժիշտների ուղեկցությամբ, մանկակողովը ամուր գրկած քրմուհին քայլեց Մարդուկի շքերթների փողոցով:

Կապտամանուշակագույն սալիկներով պատված բարձր պատերը հսկումի կանգնած այլաշխարհիկ, խորհրդավոր եւ հզոր կենդանիների երեք շարքով էր դրվագված:

Առաջին շարքը կազմում էին թեւավոր եզները` լսնակուճե, դեղնավուն, շողշողուն փայլով, հպարտ, ուժեղ, ամեհի, երկրի ընդերքների զորությունները իրենց մկանուտ ջիղերի մեջ ամփոփած` ուր որ է հիմի կհարձակվեն ու կճզմեն իրենց ամեհի ուժով:

Երկրորդ շարքում հսկումի էին փետրամաշկ վիշապները, որոնք երկինքը կապում էին երկրին, Մարդուկ գերագույն աստծո ու մարդկանց միջնորդն էին, պահապանը` անիմանալի ու ահեղատես աստծո ոգու:

Երրորդ շարքը թեւավոր, բոցգույն բաշերով, լսնակուճե իրաններով առյուծներն էին կազմում, Իշտարի զորընդեղ առյուծները` երախները բաց:

Դրվագողը կարծես կապտամանուշակագույն պատին կարողացել էր քարացնել նրանց ահասարսուռ մռնչյունը:

Բոլորը հսկումի էին. պահպանում էին հզոր քաղաքի անդորրը, տիեզերակալ աստվածների անդորրը, էությունն էին աշուրների հզոր կայսրության:

Քրմուհին փութկոթ քայլերով անցավ շքերթների փողոցը: Նաժիշտները աշխատում էին նրանից ետ չմնալ: Շրջանցում էին ջրկիր ստրուկներին, զինվորներին,շինականներին, նրանց բեռնասայլերը: Ազատներն ու զինվորները աշխատում էին ճանապարհ տալ նրանց` քանզի նրա ուսերին ծածանվում էր Իշտարի քրմական պարեգոտը` քղանցքներին դաջված հզորագույն աստվածուհու խորհրդանշան առյուծները` ետեւի ոտերին կանգնած, բաց երախներով, ոսկեգույն բաշերով: Խորհրդապաշտ ու աստվածավախ բաբելացիները վախենում, սարսափում էին հզոր Տիրուհուց , նրա անեծքից` բորոտություն, պալարներ ու բարակացավ տարածող, անբուժելի ախտեր հարուցող, անպտղություն ու ամլություն արարող:

Բոլորը ձգտում էին վայրկյան առաջ ճանապարհ տալ. ստրուկներն ու ստրկուհիները վախկոտ փութկոթուտյամբ մի կողմ էին թեքվում, զինվորները ` ընդգծված հարգանքով, աշխատում էին չխանգարել, շինականները կանգ էին առնում` սարսափահար աչքերը հառելով գետնին ` մինչ նրանք անցնում էին:

Գլխին գցած սպիտակ քողը գետից փչող զով քամուց ծածանվում էր` մերթ ընդ մերթ ծածկելով դեմքը:

Անցան շքերթների փողոցը ու մտան հյուսիսային դարպասը տանող Բարշամի փողոցը, որը կրաքարով սալարկված էր ու հասնում էր մինչեւ արտաքին պարսպի դարպասները:

Բարշամի տաճարից լսվում էր առավոտյան փողհարությունը. քրմերի ախորժալուր երգը բռնել էր ողջ տաճարը, որոնք սպիտակ հագած, տաճարի բակում կանգնած, թեւավոր մարդ արծիվներով հովանավորված` փառաբանում էին իրենց աստծուն:

Տաճարը շրջափակող պարսպից դուրս եկող քիվերին ժամերով անշարժ հսկումի կանգնած քրմերը` արձանների տպավորություն էին թողնում:

Մարդուկի, Ներգալի, Բարշամի տաճարների դարպասները ճռնչալով բացվեցին, եւ ստրուկների ուղեկցությամբ դեպի շուկա ուղեւորվեցին ,,ագռավ,, քրմերը` օրվա գնումների համար: Կարծես գետնի տակից բուսան սեւ պարեգոտով ահասարսուռ Մողոքի քրմերը` երկանիվ ձիակառքերը հեծած:

Նրանք գալիս էին արտաքին պարսպից դուրս անապատի կողմից. թե ու՞ր էր նրանց ստորերկրյա տաճարը` ոչ ոք չգիտեր:

Ազատ քաղաքացիները` բեռնակիր ստրուկներով, զինվորները` սպասավորներով, պաշտոնյաները` ծառաներով` շուկա էին շտապում:

Մեծ քաղաքի չորս ծագերի դարպասներից դեպի շուկա էին շտապում տափաստանի քոչվորները սրածայր գլխանոցով, երկար փեշերը թիկունքներին փռած, որը ծածկում էր նրանց հեծած ձիերի գավակը, դեղնականաչավուն փայլ ուներ ու ծածանվում էր առավոտյան թույլ քամուց:

Շինականները երկանիվ սայլակներին եզներ լծած, լծի վրա մի պատանյակ նստած` ծուլորեն ճիպտում էր եզներին: Նրանք հակառակ լծկանների դանդաղկոտությանը` աշխատում էին ժամ առաջ տեղ հասցնելու ցորենը, գարին, ալյուրը` վաճառքը շուտ վերջացնելու հույսով:

Ձիերին, ցիռերին, ուղտերին, գոմեշներին բեռնած քաղաքամերձ ավանների խայտաբղետ ամբոխը` բրուտագործներ, կաշեգործներ, դարբիններ, զինագործներ, թափառական երգիչներ, մուրացկաններ, շրջմոլիկներ, գողեր` շտապում էին մարդահոծ շուկայում իրենց տեղերը բռնելու:

Ձիերի մտրուկները, ցիռերի քուռակները, գոմշաձագերը` առաջ ու ետ ընկնելով, անընդհատ կորսվելու վտանգի տակ, մայում ու բառաչում էին` սալարկված ճամփին տրտինգ տալով: Հացերը դարսած փայտե քանդակազարդ ու ծղոտե հյուսածո մատուցարաններին` խափշիկ ստրուկները իրենց գլխներից վեր բռնած` հանդիսավոր, դանդաղ շարժվում էին հացթուխ տերերի ետեւից: Ստրուկների ոտերի արույրե ապարանջանները նրանց ռիթմիկ ընթացքին չափ էին տալիս, քթերից ու ականջներից կախ պղնձե օղերը օրորվում էին:

Շուկայի մուտքի մոտ կանգնած հովիվները առաջարկում էին սպիտակ բծերով` սեւ կամ սեւ բծերով սպիտակ գառներ` զենելու համար իրենց նախընտրած աստվածներին: Թռչնավաճառները լորերի, կաքավների, տատրակների, արոսների վանդակները շուկայի մուտքի մոտ զետեղած` գովում էին իրենց ապրանքը: Հատիկավաճառները` ոսպ, քնջութ, սիսեռ, կանճրակ, ու լոբի էին առաջարկում:

Մի ստրկուհի , երեխան թիկունքին կապած, ջրի տիկը գլխին դրած դանդաղորեն քայլում էր: Նրա ճապուկ մարմինը ծանրության տակ ճկվում էր եւ ուղղվում` իր հեռավոր, անծանոթ հայրենիքի հմայքները ի ցույց դնելով:

Երեխան խաղում էր մոր գիսախռիվ խոպոպների հետ ու հրճվում մոր ջերմությունից, արեւի լույսից, վաղ առավոտվա օրհնանքից: Շրջապատի ժխորը նրա համար օրոր էր, երգ ու խաղաղություն:

Իշտարի քրմուհին կրծքերում ցավ զգաց. քառասունքը չլրացած երեխան թողել էր օրորոցում քնած: Շիկագանգուր խոպոպներով, հրաչվի իր մանկիկը գերագույն քրմուհու զարմանքն էր հարուցել: Սիտը թրթռում էր, երբ երեխան թեթեւակի շիլ հայացքով հետեւում էր ոգեղենների խաղին, թաթիկները պարզում պայիկներին ու ըղձանույշներին:

Խալդիի տաճարի դպրոցում արեւվային հերոսի կարգին հասած իր կրտսեր եղբորն էր նման, որին իր հետ աշուրները գերի տարան. ու՞ր տարան, կենդանի՞ մնաց, ստրու ՞կ եղավ , սպանվե ՞ց` լուր չունեցավ: Երբ Նավասարդյան արձակուրդներին տուն էին դառնում` ինքը` աստղագուշակության դպրոցի սանուհի, եղբայրը` գերագույն աստծո` Խալդիի խորհրդապաշտական դպոցի սան, միմյանց հայտնում էին իրենց գիտելիքները: Իր ողջ գիտելիքները եղբորն ի ցույց դնելու ու պատանեկան հպարտության զգացումով` պատմում եւ ցույց էր տալիս երկնի լուսատունների, մոլորակների, համաստեղությունների տեղը, նրանց դերն ու ազդեցությունը մարդկանց, ազգերի ճակատագրին: Ոգիներ ու աստվածներ են ապրում այդ լուսատունների վրա, այնտեղից կառավարում մարդկանց կյանքը, ազգերի բարձրանալն ու անկումները կանխորոշում: Ամեն մի համաստեղության մեջ ապրում են կենդանի աստվածներ, բացատրում էր ինքը, ցույց տալով Հայկի պայծառ աստղը գիշերային պարզ երկնքում, մեծ ու փոքր շները, Հայկի գոտին, չափ ու կշիռը: Եղբայրը ծիծաղում էր իր ասածների վրա: Այդ բոլորը, կարծես, նա շատ վաղուց գիտեր, միայն մի անգամ ասաց, թե մոտակա տարիներին, Հայկի տանը կծնվի արքայամանուկ` Վայագն աստծո մարմնացումով, կհաղթի թշնամիներին, կլինի հզոր, փայլակնածին, շանթաձիգ ու վիշապաքաղ, կվտարի թշնամիներին, կսաստի ոսոխներին, նրանց աստվածներին կվանի, հզորություն, քաջություն ու խաղախություն շնորհելով իր ժողովրդին: - Այդ բոլորը արդեն հայտնի է ու փոխանցվել է արքային, մի անգան ասաց նա ,- հիմա քրմերի ավագանիների խորհուդը Մուսասիրի տաճարում հետեւում են գերագուն աստծո տեղաշարժերին մի համաստեղությունից մյուսը, որը անհրաժեշտ պահին կմարմնավորվի երկրի վրա եւ Աստվածային կամավոր ինքնազոհողությամբ մարդկությանը փրկության ուղի ցույց կտա: Անցել է հինգ տարի. եղբայրը եւ ինքը գերեվարվեցին շատերի հետ: Ստրկուհի էր, այժմ բարձրացել , քրմուհու աստիճան է ստացել Իշտարի տաճարում` շնորհիվ իր գիտելիքների ու վարպետության, տաճարի պահակազորի պետի հարճն էր, որը մեծ պատիվ էր օտար մեկի համար, որից եղբորը նմանակ զավակ ունի, քառսունքը չլրացած:

Քրմուհու մտքերը ետ եկան, ժպտաց` հիշելով գերագույն քրմուհու առատաձեռն նվերները` արծաթե մանյակ` հասպիսով զարդարուն, յաշմայով ակնագործված ապարանջաններ ոտիկներին, որ մաշկային հիվանդություններից զերծ մնա, բորոտություն, քոս ու խուլեր չունենա, սուտակով դրվագված ապարանջաններ` ձեռքերին, որ լյարդն ու արյունը չար ուժերից չվնասվեն, առողջ մնան, ոսկեգույն տպազիոնով ականջօղեր, որ սրտիկը պայծառ լինի ու արեգակին կապված:

Իշտարի գերագույն քրմուհին ի սկզբանե սիրեց ու գնահատեց Խայքից գերված արագաշարժ, աշխատասեր ստրկուհուն, ու պարզելով , որ նա իր հայրենիքում Աստղիկ դիցուհու տաճարի քրմուհի է եղել, իր մոտ առավ, քրմուհու կարգ շնորհեց: Որպես երախտագիտույուն նա խոստացավ գործել մի արկանելի` ,, Իշտարի պարտեզ,, անվանելով, որի նմանը չի լինի կայսրության մեջ, եւ բոլոր մյուս աստվածների քրմերի նախանձն ու սրտմտանքը կշարժի: - Եթե հզոր արքային ակնահաճո թվա, Մարդուկի քրմապետին կարողանա նվաստացնել արքայի առջեւ Բաբելոնի աստվածների ամենամյա շքերթի ժամանակ,- ասաց գերագույն քրմուհին,- ազատություն կտամ եւ դու կգնաս արծաթե լեռներից այն կողմում գտնվող քո հայրենիքը: Կրկնապատկվեց եռանդն ու աշխատասիրությունը: Իր հայրենակից խայքեցի վաճառականներից գնեց, տորոն, որդան կարմիր, կապույտ, լաջվարդ ներկեր: Պահանջեց մանուշակի չորացրած հյուսեր` դեղնականաչ ստանալու , ծաղկած կաթնուկի չոր կապուկներ` ոսկեգույն ու լույսի երանգներ ստանալու համար, խնդրեց, որ իրեն բերեն երկաթի մանրունքով կճուճներ, որոնք մեկ տարի պահվել էին ընկուզենու կենդանի արմատների ազդեցության ներքո` սեւ ներկելու համար:

Բուրդը նա իր հայրենակիցներից էր գնել` ոչխարի ու այծի երկարամազ ու նուրբ բուդ, որը չեն խուզում, այլ ամեն գարուն ձեռքով բռնում ու քաշում են: Իսկ բաբելացիներինը կոշտ էր ու կարճ, նուրբ թելեր չէր հյուսվում:

Իր խայքեցի ստրուկների հետ բուրդը մատնիլիկով մանել էին, ներկել ծիծաղերես, ժպտացող , ծիածանի գույներով ոզիրներ որոնք կախ էին տվել տորքի վրա, գործատան կիսամութ սենյակում:

Արկանելիի կեսը գործել էին, երբ վերջացավ որդան կարմիրով ներկած ոսկեգույն ծիրանին ու մանուշակագույնը:

Կիսով չափ գործած ,,Իշտարի պարտեզ,, արկանելու գույները կիսամութ սենյակում ջահերի աղոտ լույսից բոցավառվուն էին, խորհրդավոր երանգներ էին առնում, պատկերված կենդանիները կարծես շնչավորվում էին, ծաղիկները իրական թվում: Գերագույն քրմուհին երկու օր առաջ եկավ տեսնելու` զարմացած ու հիացած, այնքան ոգեւորվեց, որ ազատության պարեգոտ կապեց թիկունքին, միաժամանակ ցավ հայտնելով ներկերի վերջանալու կապակցությամբ: - Շուտով խայքեցի վաճառականները իրենց կաշվե նավակները նստած կգան,- ասաց քրմուին,- կբերեն որդան կարմիրը եւ այլ ներկեր, արդեն գարուն է: Ամեն գարնան իրենց հեռու եւ բարձր աշխարհներից Խայքեցի վաճառականները բերում էին կաշի, բուրդ, արկանելի, գործվածք, կտավ` կապույտ, լաջվարդ, կարմիր, մանուշակագույն , դեղնականաչավուն ու ծիրանագույն ազնվատոհմիկների ու արքայի համար, բրոնզե ու պղնձե վահաններ, նիզակներ,, սրեր, եզակի արտադրությամբ երկաթից սրեր, որոնք շատ թանկ արժեին , ասորոց արքային նվեր էին բերում ու զորահրամանատարներն էին միայն գնում, ոսկուց եւ արծաթից զարդեր, կեղծամեր` լաջվարդ - գոջազմով ու կարմիր քաղկեդոնով զարդարված, որը երեք քուղեր ուներ, որից կախ էին արված ոսկե օղեր, հաճարենու տերեւներ, ոսկե ծաղիկներ, քունքերի համար պարույրաձեւ ոսկե թելեր, մահիկաձեւ ոսկե ականջօղոր, ներկեր` որդան կարմիր, տորոն, նեկատու բույսեր:

Երկու-երեք շաբաթվա ընթացքում վաճառում էին` ապա իրենց կաշվե նավակները բեռնում իրենց հետ բերած ձիերին, ջորիներին ու հեռանում` մյուս գարնանը նորից գալու համար:

Գերագույն քրմուհուն բացատրեց ,,իշտարի պարտեզ,, արկանելու ողջ պատկերը. կենտրոնում սրբազան կենաց ծառի հովանու տակ Իշտարը կանգնած` իր խորհրդանշան պահապան առյուծին, ներանձնացած փառաբանություն էր ընդունում երկրի ամեն կենդանի արածածից, օդի, կրակի, ջրի ու հողի ոգիները` պարիկները, պայիկները , ըղձանույշներն ու մանակիզերը գովերգում էին նրա փառքը, չորս անկյուններում` պահապան վիշապները հսկում էին աստվածուհու տիեզերական անդորրը:

Գերագույն քրմուհին ապսպրեց ` գնելու ողջ ներկերը, որքան կլինի խայքեցի վաճառականների մոտ: - ՈՒ երբ վերջացնես` ազատ ես քո երկիրը գնալու ,- ասաց վերջում: Գերագույն քրմուհին պատկերացրեց, թե ինչպես հրոտից ամսի վերջին հզոր արքան իշտարի տաճարը այցելության կգա, խորհուրդների սենյակը կմտնի ու անակնկալից կզարմանա, իսկ Մարդուկի, Բարշամի, Ներգալի քրմապետերի դիմագծերը կծռմռվեն ` նախանձից: Քրմուհին շտապ անցավ հավքավաճառների շարքով, կողքի վանդակի մեջ պահվող առյուծի մռնչյունից վեր թռավ, շրջանցեց ձիավաճառներին, ուլեր, վիթեր, եղնիկներ վաճառողներին եւ մսավաճառների կուղպակի մոտից տեսավ սրածայր մորթե գլխարկներով, կարմիր-կապույտ պարեգոտները ուսերին, կարմիր , երկարաճիտ կոշիկները ոտերին վաճառասեղանների մոտ կանգնած իր հայրենակիցներին:

Որքան կզարմանա, որքան կուրախանա Արամանյակ տնօրենը, երբ իմանա իր ազատագրությունը: Նա միշտ հույս էր տալիս, ցանկանում էր ետ գնել, բայց գերագույն քրմուհին չէր համոզվում: - Երկնքի գիրքը ոչ ոք այնպես չգիտի իր տաճարում,- պատասխանում էր: Շուկայում կուղպակ ունեցող երեք խայ վաճառականներ զրուցում էին նոր եկածների հետ: Չնկատեցին քրմուհուն` մտազբաղ ու տխուր էին:

_ խաղաղություն ձեզ, Խալդիի խաղախությունը ձեզ ,- նրանց ողջունեց քրմուհին:

_ Բարի արեւ,- ակամա պատասխանեցին ու շրջվեցին դեպի քրմուհին: Կուղպակի տերը ճանաչեց քրմուհուն ու ներս տարավ, բոլոր վաճառականները ներս մտան, բացի երկու պատանիներից, որոնք հսկում էին առեւտուրը;

Իմանալով նրա ազտությունը` Արամանյակ տնօրենը ժպտաց, մյուսներն էլ հավանության շարժումներ արին; Ժպիտ չկար դեմքներին, տխուր , մտահոգ ու շփոթված տեսք ունեին:

_ Արամ արքայի կրտսեր որդին` Վահագնը ծնվել է եւ տասներրորդ օրը գողացվել ,- բացատրեց կուղպակի տերը ,- մեր թշնամիները արքայամանկանը այստեղ են բերել: - Երեք օր առաջ հեծյալները լուր բերին: Բարշամի կամ Մողոքի տաճարներում կլնի, Խայքի ու մեր աստվածների ոխերիմ թշնամիները դրանք են: Բարշամի տաճարում երկու խայ ստրուկ կա, լուր կստանանք, Մողոքի տաճարից ոչ մի լուր բերող չունենք: - Որդան կարմիրը Ասակ վաճառականն է բերում, նա ելնում է Արմավիրից, վաղը մյուս օրը տեղ կհասնի,- բացատրեց քրմուհուն կուղպակիի տնօրենը` նրա առջեւ շարելով ներկերի կաշետոպրակները: Քրմուհին ստուգեց տորոն արմատի փոշու տոպրակը: Նա հույս ուներ որդան կարմիրով ու տորոնով այնպիսի նոր երանգներ ստանալ, որով երախտահատույց կլիներ գերագեւյն քրմուհուն իր ազատագրման համար: - Որդան կարմիրը վաղը կլինի,- հաստատակամ ասաց Արամանյակը ,- արկանելին էլ շուտ վերջացրու, որ վաճառականների վերջին խմբի հետ հայրենիք ուղարկեմ քեզ, այս տարվա նավասարդյան տոներին տանը լինես:

Քրմուհին շնորհակալ եղավ, հրաժեշտ տվեց ու դուրս եկավ բազմամբոխ շուկայից:

Դիեցնում էր երեխային, երբ գերագույն քրմուհին` առանց դուռը բախելու, ներս մտավ; - Իշտարը պահպանի քեզ ու քո մանկանը,- խոսեց նա ,- այստեղ են եկել Մողոքի տաճարի բանբերները:- Մողոքի քրմապետը խնդրում է խայ ստնտու իրենց նվիրական մանուկներից մեկին կերակրելու ու խնամելու համար, կելնես ու բանբերների հետ կգնաս: - Իմ մասին նրանք որտե՞ղից գիտեն: - Մողոքի քրմերը ամեն ինչ գիտեն` երկրի վրա, թե երկրի ընդերքում: - Նրանք շուտով իրենց մեծագույն զոհահանդես են կատարելու, երեք հարյուր տարի սպասված զոհն են մատուցելու: Իշտարի ավագ քրմապետուհին ազատ ու անկախ էր բայցեւայնպես չէր ցանկանում անախորժություններ ունենալ Մողոքի, անգամ իրեն անհայտ զորությունների տրոջ քրմերի հետ: Ցուրտ սառնություն անցավ քրմուհու ոսկորներով, սիրտը մի պահ կանգ առավ, քար կտրեց: Ոխակալ, վրիժառու, գետնի ընդերքներում թաքնված, արյունատենչ Մողոքի գաղտնի մեհյանը պիտի այցելեր, որի մասին միայն շշուկով էին խոսում իրենք` բաբելացիները: Դեղին պարեգոտով, ածիլված գլխով, մոմագույն երեսով, ստվերների պես շարժվող` ստվերների աշխարհից` ահ ու սարսափ էին ներշնչում նրանց քրմերը:Չափազանց շատ ուժ գին էր հարվածը երկու օր առաջ ստացած ազատագրման դիմաց: Մտքերը տարուբերվում էին, կասկածները կրծում էին սիրտը, շվարումն ու անճարակությունը պատել էր հոգին:

Երեխային բարուրեց, դրեց ծղոտե կողովի մեջ, կողովը թեւն առավ ու դուրս եկավ նրանց ընդառաջ:

Բանբերը ածիլված գլխով, սափրված, ձախ ականջից պարույրաձեւ օղ կախած, վզին ոսկե օձ մանյակ, սեւ ու փայլակնացայտ աչքերով, դեղին պարեգոտի մեջ փաթաթված, զննում էր իրեն. աչքերը` շանթահարում էն, վզի օձ-մանյակի սեւ-սեւ աչքերը` կաթվածահարում էին, պարեգոտին դաջված եռագլուխ թեւավոր վիշապների բերնից դուրս հորդող կրակը` այրում, մոխրացնում էր:

,,Օ~, Միհր, օ~ Խալդի, ողոմիր ինձ, Դիցուհի Աստղիկ` մաքրիր իմ հոգին սարսափից ու նվաստացումից, ոսկեծղի, ոսկեմատն մայր Անահիտ` զգաստություն ու հաստատակմություն շնորհիր ինձ, վարդափթիթ Արուսյակ` տեր կանգնիր ինձ,, - մրմնջաց նա իր հայրենի աստվածների օգնությունը աղերսելով` մտովի իրեն պատկերացնելով Խալդիի տաճարում սրբազան կրակի առջեւ խոնարհված: Խաղաղություն ու հանգստություն իջավ վրան, ուղղվեց , կարողացավ ձիգ կանգնել, գետինը հաստատուն դարձավ, սրտի շրջանում Խալդի աստծո ամենազոր վահանի առկայությունը զգաց: Քրմուհին գլուխը թեթեւակի խոնարհեց` պատրաստակամություն հայտնելով, երեխայի կողովը ամուր բռնած:

- Մանկանը թող,,- խոսեց գերագույն քրմուհին,- այստեղ կխնամեն:

Քրմուհին խոնարվեց. - Առանց երեխայի կրծքերս կցամաքեն, կաթը կկտրվի, Տիրուհի Մայր: - Խայքեցի վաճառականներից բոլորը չէ , որ եկել էին, որդան կարմիրը վաղը կբերեն, Մայր Քրմուհի: - Վաղը քեզ ետ կբերեն, կգնաս շուկա,- ասաց գերագույն քրմուհին` Մողոքի բանբերին անհրաժեշտ բացատրություն տալով: Մութ էր, անցան շքերթների փողոցով, անցան քարե կամրջով, մտան պարտեզները, կես ժամ քայլեցին, գաղտնի անցքով շրջանցեցին արտաքին մեծ պարիսպը, դուրս եկան բաց դաշտ, որտեղ նրանց սպասում էր երկանիվ ձիասայլը, սեւ ձիերով լծված: Նստեցին ու շրջանցեցին ավազեբլուրները ու բաց հարթության մեջ կանգ առան: Երկրի խորքից թույլ լույս էր առկայծում: Ջահերը ձեռքերին` նրանց դիմավորեցին երկու պահապանները:

Աստիճաններով իջան ընդարձակ, ստորերկրյա սրահը, որի միակտուր քարե առաստաղը պահում էին եռագլուխ վիշապներով դրվագված քարե սյուները: Ուղեկցողը բռնեց ձեռքը ու առաջ շարժվեցին:

Մողոքի ստորերկրյա խորհրդավոր մեհյանն էր` եւ հետաքրքիր, եւ սարսափազդու: Նախասրահից խորացան դեպի երկրի ընդերքը, հարյուր քայլ չանցած` աջ թեքվեցին, ու նրանց առջեւ բացվեց մեծ զոհասեղանը:

Հզորազոր Մողոքի գերագույն կուռքը նստած, նրա առջեւ երկրի ընդերքից պարզվում էին եռագլուխ վիշապների գլուխները, երկճյուղ լեզուները հանած, երախներից դեղին ծծմբաբոց էր ժայթքում: Վիշապների երեք գլուխները ոսկե թագ էին կրում: Ծանր ծծմբագոլորշու հոտ էր նստած: Ուղեկիցը խոնարհվեց, երբեք թիկունքով չդարձավ զոհասեղանին:

Երկու քրմեր եկան բռնեցին թեւերից ու տարան քարե պատի մեջ աննկատ դռնից ներս: Մեծ, ընդարձակ քարե սրահ էր, մաքուր օդ ու աստղալույս կար: Խաղաղվեց , սարսափն անցավ: - Այս աշխարհի տիրոջ, մեր գերագույն տիրակալին նվիրված յոթ արքայամանուկներից ամենաընտրանին ոչինչ չի ուտում: - Ինձ իր մոտ տարեք ու մենակ թողեք: Քուրմի ձեռքի շարժումով նրան տարան կողքի սենյակը: Մոմերի լույսով լուսավորված սենյակում նա տեսավ երկու խափշիկ ստնտուներով շրջապատված փոքրիկին, որի մազերը բոցգույն էին,լույսի նման, ճակատը սպիտակ, կաթնագույն մաշկով, հրաչվի ու շողակն:

,, Օ~, Խալդի, , օ~, Հայկ,- շշնջաց ինքն իրեն, - խայ է, Խալդի, ամենազոր աստված, թիկունք կանգնիր ինձ, Դիցուհի Աստղիկ , ուժ տուր ինձ, մեր արքայամանուկն է, ոսկեծղի Անահիտ` հաստատուն պահիր ինձ,,:

Լաց էր լացում հուր հեր մանուկը, եւ խափշիկ ստնտուները շփոթված` չգիտեին ինչպես հանգստացնեն:

Երկու ձեռքերը տարածեց դեպի մանուկը ու երգեց Խալդի աստծո պահպանակ աղոթքը, ապա մանկանը դրեց թախտին, արձակեց ձեռքերն ու ոտերը, ջուր ցողեց չորս կողմը անընդհատ երգելով Միհրի, Աստղիկի, Աստվածամայր Անահիտի պահպանակ աղոթքները: Հետո իր երեխային գրկեց ձախով, իսկ արքայամանկանը` աջով ու կուրծք տվեց:

Արքայամանկան ամուր սեղմված ձեռքերը բացվեցին` գունդ-գունդ արյան կապտուկներ ափերի մեջ:

,, Խեղճ մանկիկ, ծնվել ու թշնամին անմիջապես հարվածել է, իր ընդվզումն ափերի մեջ է արտահայտել,,:

Արքայամանկան աջ ոտքին զմրուխտով ու շափյուղայով զարդարուն ապարանջան կար, հակինթաշար շղթան` վզին կարկեհանով, սուտակով ու ոսկեգույն տպազիոնով զարդարուն, ճակատկապին խոշոր շողշողուն մեղեսիկ էր ամրացրած, թեւվճակներին` կապտագուն շափյուղա, կրծքին ու ներբաններին` հասպիս կախած: ,,Արքայամանուկն է, մեր արքայամանուկն է, զոհաբերության են բերել: Ո՞վ է արդյոք դավաճանել, ո՞ր քուրմն է արդյոք կաշառվել, ո՞ր դայակի խելքն են արդյոք առել, դյութե՞լ են գուցե, հմայե՞լ, փախցրել բերել երկրի անդունդների տիրակալի մեհյանը հասցրել` որպես ամենաթանկ զոհ: - Եղուկ մեզ, եղուկ մեր զարմին, եղուկ մեր հայրենիքին…,,:

Քրմունին երգեց մեղմ ու հանգիստ Արեւ աստծո փառաբանության հիմնը, որը երգում էին նորածինների համար , առավոտ վաղ տան կտուրը բարձրանալով ու մանկանը արեւին ցույց տալով.

                                Այգ արեւ, ա~յ այգ արեւ,
                                 Այգն արեւին տանք բարեւ, 
                                 Արքայամանկան տա  շատ արեւ…:

Արքայամանուկը հանգստացավ, կուրծք վերցրեց, կաթ կերավ: Քնեցին մանուկները: Իր մանկան հետ միասին դրեց թախտին, բացեց մանկան ծրարն ու տեսավ աստեղային խորհրդագրերով ու թանկարժեք քարերով նախշազարդ պահպանակը: Ծիրանաներկ կտավին չորս տարրերի խորհրդանշան գույներով` կրակը` կարմիրով, օդը` դեղինով, ջուրը` կանաչով ու հողը ` կապույտով էր դրվագված, որոնց փոխներգործությամբ է պայմանավորված կյանքը երկրի վրա: Այդ ընդհանուր պատկերին` թանկարժեք քարերով զարդարված ու որդան կարմիրի երանգներով հյուսված էր արքայամանկան աստեղային կերպարը:

Երկունքի մեջ էր երկինքը, երկունքի մեջ էր երկիրը, երկունք ուներ եւ ծիրանի ծովը, բոցգույն մազերով ու արեգակն աչքերով մանկիկն ահա իջնում է ծովի եռեփ ջրերին: Աստեղատների խորհրդանշանները իրենց բնորոշ թանկարժեք քարերով զարդարված, երեք մանուշակագույն շրջանակի ձեւով ներփակել էին հուր հեր մանկան ծնունդն արարող ծիրանի ծովը: Խոյը` մեղեսիկով, որը համարժեք է լուսնին, ցուլը` հակինթով, փայլածուին վկայող,, երկվորյակները` խրիզոպրազով, արուսյակին խորհրդանշող, խեցգետինը` ոսկեգույն տպազիոնով, առյուծը` բյուրեղաքարով, կույսը` խրիզոլիթով, ու կշեռքը քաղկեդոնով, չորսը միասին արեւի պատկերագրի ներքո, կարիճը ` սարդոնիքսով, նետաձիգը` զմրուխտով, այծեղջյուրը` քաղկեդոնաքարով, հրատի համարժեքությամբ, ջրհոսը` կապտագույն շափյուղայով` լուսնթագի, եւ ձուկն` հասպիսով` երեւակի նշաններով զարդարված:

Խալդի աստծո գերագույն քրմապետի հսկողությամբ թաքնագիտական դպրոցի քրմուհիները արքայամանկան աստեղային պահպանակը հյուսել, մանուշակագույն մեղեսիկով ու ամեթովսով ընդելուզել, տեղ-տեղ արեւակն ու ծիածանաքար ագուցել, ոսկեբյուրեղներ շաղ տվել , իսկ կենտրոնական ծիրանի ծովին շողշողում էր տուրմալինը, որի միջով հայր աստվածը նայում է ֆիզիկական ‎աշխարհին:

Խայքերի երկրում ամեն մի ծնվող երեխայի համար հմայագրերով պահպանակ էր գործվում` ծնված ամսի աստեղատան ու մոլորակի խորհրդանշան քարերով զարդարվում: Աստեղային պահպանակը որդան կարմիրով ներկած` ծիրանագույնից մինչեւ մուգ մանուշակագունի առկայությունը, քրմուհուն վստահեցրին , որ մանկիկը իրենց գողացված արքայամանուկն է:

Աստեղատների, մոլորակների ու մարդու ծննդի հետ առնչվող գիտելիքները խայքի քրմերին էր հայտնի, որդան կարմիր Արարատյան մայրադաշտում կա միայն:

,, Մողոքին զոհ բերվածը մեր արքայամանուկն է,, :

Երկու խափշիկ ստնտուներ լուռ ու խոնարհ չոքել էին մանկան սնարի մոտ: Վերակացու քուրմը շեմին կանգնած նայում էր: Առաստաղից փչող զով օդը ծածանում էր նրա պարեգոտը, սոսափյունով խուժում ստորերկրյա մեհյանը, քրմերի կացարանները, քարակոփ միջանցքները:

Մութ էր. առաստաղի նեղ ճեղքից մեկ-մեկ աստղեր էին շողում: Մոմերի դժգույն լույսը, պարեգոտի դեղինը` շողշողում էին քուրմի երեսին, լսնակուճե արձանի տեսք տալով նրան: Գոտկից ցած դաջված վիշապները օրորվում էին ազդրերին` իրականի տպավորություն թողնելով:

Օձային շանթահարիչ հայացքով տնտղում էր խայքեցի քրմուհուն, նրա մանկանը: Քրմուհին` ակամա ծածկեց իր մանկանը, որը քնած էր գլուխը բաց ու երեւում էին շիկագանգուր խոպոպները: Թեկուզեւ նա Իշտարի հովանավորության ներքո էր, բայց դող անցավ մարմնով: Գողացված արքայամանկան հայտնությունը, սարսափը ու իր անելիքի անորոշությունը նրան գամել էր թախտին: - Մնացեք այստեղ ու խնամեցեք ,- խոսեց քուրմը: - Ով, վեհագունդ քրմերից ու հզորազորդ ,- խոսեց խայքեցին ,- Իշտարի գերագույն քրմուհու կարգադրությամբ ես վաղը շուկա պիտի գնամ: - Մեզ յոթ օր է պետք, յոթ օր խնամեցեք ու կերակրեք ,,նվիրական,, մանկանը: - Այս գիշեր կմնամ, երեք ժամ, կկերակրեմ, իսկ վաղվանից կմնամ որքան անհրաժեշտ է` իմ տիրուհու, Իշտարի գերագույն քրմուհու կարգադրությունն է: - Այժմ` թող ինձ մենակ թողնեն: Խափշիկ ստնտուները դուրս եկան քուրմի հետ միասին` դուռը մեղմորեն ծածկելով: Նա դողդոջուն ու երերուն կանգնեց ու ակնապիշ նայեց քնած մանուկներին: ,, Ես լուռ եմ, ես համր եմ, ես մտքեր չունեմ, ես չեմ խորհում, ես չեմ մտածում, ես մտքեր չունեմ,, - ինքն իրեն մտմտում էր քրմուհին, վախենալով, որ իր մտքերը կպատկերասփռվեն Մողոքի մտատեսությամբ օժտված քրմերին:

Չորս կողմը զննելով ու համոզվելով, որ իրեն դիտող չկա` մեկեն` կտրուկ շարժումներով, շրթունքները ամուր սեղմած, արքայամանկան վզից արձակեց թանկարժեք քարերով զարդարուն ոսկեշղթան ու կապեց իր մանկան վզին, ապարանջանը հանեց ձախ թեւից դրեց իր մանկան ձախ թեւին, ոտքի ապարանջանը հանել չկարողացավ` փականքով էր: Բարուրեց արքայամանկանը, աստեղային պահպանակը ոլորեց դրեց գլխի տակ, իր մանկակողովի մեջ ամփոփեց, իսկ իր մանկանը նրա ոսկե ճոճի մեջ պառկեցրեց:

,,Գողացել են, Հայկազուն Արամի կրտսեր որդուն` Վահագնին գողացել բերել են արյունառուշտ Մողոքին զոհ…,,: Երկու ժամ հետո եկան խափշիկ ստնտուները: Կերակրեց ոսկե ճոճի մեջ պառկած մանկանը, իր մանկակողովը թեւն առավ ու դուրս եկավ: Նույն քուրմը նրան ետ բերեց անցած ճանապարհով: Երբ անցնում էին զոհասեղանի կողքով`սարսափն ու վախը լքել էին նրան, հոգու խորերում գերագույն ուժ կար նստած, որը ծիրանեծին ծովի նման ալիքվում էր նրա ներսում, վճռականությունն ու հաստատակամությունը նրան համարձակ էին դարձրել, կարծես իր հայրենի աստվածները եկել ու նեցուկ էին կանգնել իր դողդոջուն հոգուն:

Համաձակորեն նայեց զոհասեղանին. յոթ զոհասալեր, ուր զենվում էին քառասունքը նոր բոլորած մանուկները, որոնց արյունը լսնակուճե փողրակներով ցած էր իջնում ու թափվում յոթ պղնձեկոփ վիշապների երախները:

Երախներից թույլ բոց էր ելնում, փայլփլում էին նրանց ժանիքները, նրանց իրանները երկրի անդունդներից էր ելնում, քսան քայլաչափ հեռու` պոչերին շողում էին կրակագույն աստղեր, գուցե՞ թանկարժեք քարեր էին, որ փայլփլում էին հավերժական մութի մեջ` երկրի ընդերքներից ժամանակ առ ժամանակ ժայթքող ծծմբաբոցի դեղին լույսից:

Կուռքը եռագլուխ վիշապներով դաջված վարագույրով ծածկված էր, նրա շուրջը խնկամանները ձեռքերին,, ստվերների պես աննկատ, շարժում էին օծյալ քրմերը: Խնկամաններից թանձր ծուխ էր ելնում` երիցուկի, հազրեվարդի ու խորդենու թունդ հոտով:

Քրմուհին մանկակողովը ամուր գրկած, հետեւեց իր ուղեկցին: Քայլեցին երկար ու սառը միջանցքով, բարձր աստիճաններով ելնելով` դուրս եկան ստորերկրյա մեհյանից: Գիշերվա սառը օդը թեթեւություն ու զգաստություն բերին նրա հոգուն:

Իշտարի գերագույն քրմուհին մայրաբար ժպտալով դիմավորեց նրան, մանկակողովը վերցրեց, ուղեկցին ապսպրեց, որ կեսօրից հետո գա քրմուհու ետեւից: Նա դողում էր ներքին լարվածությունից. մտավախություն ուներ, թե գերագույն քրմուհին ցանկություն կունենա տեսնելու իր մանկանը, հիանալու նրա լուսագանգուր խոպոպներով, փայլակն աչքերով: - Այս ի՞նչ ապարանջան ունի ոտքին, այս ի՞նչ կապտուկներ ունի ափերին: - Տիրուհի Մայր, ես խածեցի մանկան ափերը, շատ էր սարսափելի, իսկ ոտքի ապարանջանը նվիրեցին…: - Խեղճ աղջիկս , քեզ հետ կդնեմ իմ քրմուհիներից մեկին, անվախ եղիր: Արդեն շշուկներ էին տարածվել, թե Մողոքի քրմերին վերջապես հաջողվել է իրագործելու տասնյակ տարիներով սպասված զոհաբերությունը, ու այլեւս նա կդառնա գերագույն աստվածը Աշուրների , իսկ մյուս աստվածները կմնան աննշան, նվաստացած վիճակում: Գերագույն քրմուհին հեռացավ. նրա քղամիդին գործված արծվեգլուխ մարդուկները ծածանվելով երկու կողմից` կարծես օրհնաբանում էին իրենց տիրուհուն, նրա անձի մեջ տեսնելով Իշտարին:

Երբ հասավ շուկա գնալու ժամը` իր երկու հայրենակից ստրկուհիների հետ միասին, մանկակողովը ձեռքին ամուր բռնած` շտապ շուկա հասավ; Նա այլեւս չէր նկատում մեծ շուկա-հանդեսին եկած զինվորներին, շինականներին, ստրուկներին, ազատներին, որոնք իրար խառնված դիտում , զննում, գնում, ծախում` ամեն մեկն իր դերն էր կատարում: Ճապուկ ու դյուրաթեք` սահում, ճկվում ու շրջանցում էր նրանց, մանկակողովը ամուր կչծքին սեղմած, զարմացնելով ուղեկցուհիներին, որոնք հեւալով հազիվ քայլք էին պահում նրա հետ: Զորահանդեսների ճանպարհը հսկող լսնակուճե առյուծներն ու թեւավոր ցուլերը, այլաշխարհիկ փետրամաշկ վիշապները, որոնցից նա սարսափում էր` այժմ չէր տեսնում,չկային: Նրան լիովին տիրել էր կամավոր ընդունած մեծագույն վճիռը` վախն ու սարսափը իր հոգու խորերում տեղ չուներ:

Մանկակողովում արքայամանուկը խաղաղ քնած էր, թշերը դեղձի վարդագույնով, քրտիքը մարգարտի նման շարված ճակատին, թշերին , վզին:

Փակ վանդակներում առյուծների մռնչոցները, շնագայլերի ու բորենիների կաղկանձյունը բռնել էր շուկան: Ժամանակ առ ժամանակ փողհարում էին ծախու բերված ցուլերը, անապատից բերված եղնիկները իրենց վանդակներում վեր էին թռչում ամեն մի խշրտոցից, վիթերը գայթում էին` վանդակի պատերին դիպչելով: Հապշտապ անցավ նրանց մոտով ու մսավաճառների շարքից տեսավ խայքեցի վաճառականների սրածայր գլխարկները:

ՈՒղեկիցները մնացին կուղպակի առջեւ, ներս մտավ, մանկակողովը դրեց թախտին, քողը ետ գցեց, քնած մանկան գլխի տակից հանեց մանուշակագույն-ծիրանափայլ պահպանակը ու կախ տվեց:

Երկու խայքեցի վաճառականնեչը, նրանց երկու սպասավորները` ծունկի իջան ու աղոթեցին: - Խալդի, գերագույն տեր, արքայամանկան աստեղային պահպանակն է, մեր նախահայր Հայկի օրհնությունը քեզնից անպակաս լինի, իսկ ու՞ր է արքայամանուկը:

Քրմուհին մանկակողովը ծածկող քողը մի կողմ քաշեց, արձակեց քնած մանկան ձեռքերն ու ոտքերը: Մանկիկը հրաչվի աչուկները բացեց, ձիգ ձգեց ձեռքերն ու ոտիկները, իրանը լարեց, ձախ ոտին շողշողաց զմրուխտով ու հասպիսով զարդարուն ապարանջանը, երկու ափերին երեւում էին արյան գունդ-կապտուկները: - Վահագնը:- Արքայամանուկը: - Փառք քեզ Խալդի, Փառքդ շատ մեր նախահայր Հայկ…: - Մողոքի մեհյանում էր,- խոսեց քրմուհին ,- հինգ-վեց օր ժամանակ ունեք: - Մանկան համար մի ստնտու գտեք: Նա բարուրեց մանկանը, պահպանակը ոլորեց ու, ինչպես կարգն է, դրեց գլխի տակ: Կուղպակի տերը դուրս եկավ եւ, մինչեւ քրմուհին կերակրում էր մանկանը, ետ եկավ մի ցորնագույն ստնտուի հետ: - Լագաշցի իմ հարեւան վաճառականի հարճն է, նոր գնեցի,- ասաց Արամանյակ վաճառականը: Երեք խայքեցի երիտասարդները հապշտապ թամբում էին ձիերը: Քրմուհին իր կրծքի կաթով օծեց ստնտուի կրծքերը, ջուր ցանեց նրա ու մանկան շուրջը, ծածկեց մանկանը քողով, համբուրեց պահպանակի եզրը, վերցրեց անհրաժեշտ ներկերն ու շտապ դուրս եկավ կուղպակից: - Հինգ-վեց օր, հինգ-վեց օր ժամանակ ունեք: - Չորրորդ օրը Տուշպայում, Հայկի տան շեմին, Արամ արքայի պալատում սրբազան օծումը կկատարվի, անհոգ եղիր,- խոսեց ավագ վաճառականը: Կազմ ու պատրաստ երիտասարդ այրերի, ասպ ու զենով ձիգ կանգնած ձիերի, վաճառականների զուսպ վճռականությունից քրմուհին վստահացավ, որ նրանք հրի ու ջրի միջով էլ կանցնեն ու արքայամանկանը տեղ կհասցնեն: Ժպիտը փայլեց դեմքին ու, իր դատարկ մանկակողովը ձեռքին, հեռացավ երկու օգնականների հետ միասին; Լեռներից իջած վաճառականները, երիտասարդ, զինավառ խայքեցիները, կուղպակի տերերը խոնարհվեցին ու համբուրեցին նրա պարեգոտի քղանցքը: - Լրտուները արդեն ճամփին են, չենք երերա, աշուրների երկրում արդեն մեզ կդիմավորեն թագավորական դրանիկները, խաղաղ եղիր ,- ասաց ավագ վաճառականը` քրմուհուն պարզելով մի փոքրիկ քսակ ,- Անահիտ դիցուհու մայր տաճարի սրբազան մոխիր է ու արարատյան սառցաջրով սրվակ, պետք կգա: Խայքեցիները օտար երկիր գնալիս իրենց հետ վերցնում էին այդ սրբազան մասունքները` մահվան դեպքում իրենց օծում էին, որ ստվերների աշխարհուն հայրենի աստվածները իրենց ուղեկից լինեն:

Քրմուհին քսակը ամրացրեց գոտկին, խոնարհվեց ու շտապ քալերով հեռացավ: Խայքեցի վաճառականներին նրա ծածանվող սպիտակ պարեգոտն ու գլխի քողը կարծես վերջին հրաժեշտն էին տալիս: Երբ վերադարձավ, գերագույն քրմուհուն վստահեցրեց, թե անհրաժեշտ ներկերը գնել է, հինգ-վեց օր կծառայի Մողոքի մեհյանում, ու երբ ետ գա, մինչեւ լուսնի բոլորելը կվերջացնի ,,Իշտարի պարտեզ,, արկանելին: - Մանկիկդ ու՞ր է: - Տիրուհի Մայր, նրան թողեցի իմ բարեկամ վաճառականների մոտ ,- քրմուհին խոնարհվեց ու համբուրեց նրա քղանցքի ծայրը ,- ես մենակ կգնամ: Կեսօր չեղած եկան Մողոքի քրմերը` սեւ ձիեր լծած երկանիվ կառքով ու տարան նրան շքերթների ճանապարհով:

Քրմուհին մտովի հրաժեշտ տվեց երախները բաց , չորս ոտք բարձրությամբ հպարտ առյուծներին, փետրամաշկ վիշապներին, թեւավոր ցուլերին, հիշեց իր հայրենի աստվածներին, հիշեց սպիտակ հագած խնկարկող քրմուհիների երթերը տաճարների շուրջը, բացատներում արածող նվիրական սպիտակ երինջներին , սրբազան սոսի ծառերին ակնապիշ հսկող սպիտակազգեստ ավագ քուրմերին, որոնք տերեւների շարժումներով գուշակում էին աստվածների պատվիրաններն ու փոխանցում արքային: - Իմ հայրենի լույսի աստվածներ, ձեզ էլ չեմ տեսնի ,- մրմնջաց ինքն իրեն: Ելան պղնձակոփ մեծ դարպասից, անցան հզոր ջրանցքի վրայով գցած շարժական կամրջով ու հասան վառ զմրուխտով ծածանվող գարնանային նորածիլ արտերին:

Հավանաբար Մողոքի տաճարը տարբեր մուտքեր ուներ. մի մարդ նույն մուտքով երկու անգամ մտնել չի կարող:

Անցան կանաչ արտերը, անցան անջրդի մացառուտները, չորացած գետահունով անցան ու կանգնեցին երկու թզենու թփերի մոտ, որտեղ երկիրը ճեղքվածք ուներ, կարծես երախը բացել էր` ներս մտան, սալահատակված աստիճաններով իջան ու դուրս եկան ընդարձակ սրահը` գիշերն այստեղ եղել էին արդեն: Սրահը գնալով ընդարձակվում էր, լայնանում: Հեռվում լույս երեւաց, զոհասեղանի շուրջը խնկարկող քրմերը անմար կրակները ձեռքերին երգում ու խոնարհվում էին:

Երբ մանկասենյակ մտավ, երկու խափշիկ ստնտուները մանկան սնարի մոտ նստած երգում էին ձագերին կերակրող ծիծեռնակի մասին: Ի զարմանս բոլորի ,,արքայամանուկը,, քնել էր հանգիստ ու խաղաղ: Նա կուրծք տվեց մանկանը` խնդրելով , որ իրեն մենակ թողնեն: Վերակացու քուրմը գոհ էր, ստնտուները պատրաստակամ ծառայում էին, երեխան հանգիստ էր:

Հինգերրորդ օրը եկավ վերակացու քուրմը երեք ստրուկների հետ, կարգադրեց, որ այլեւս չկերակրի` առաջարկելով առավոտյան մանկանը օծել սպիտակ անոթի հյութով` հազրեվարդի հոտով, իսկ երեկոյան սեւ անոթի հյութով, որից խորդենու թունդ հոտ էր բուրում: - Քեզ կոգնեն իմ ծառաները:

Երեք արույրագույն ստրուկները ` անոթները ձեռքերին, խոնարհվեցին նրա առջեւ: Երբ երդիկից երեւաց լուսինը` եկան տարան մանկանը` պահպանակի ոլորուն փաթեթը առաջ պարզած: Քրմուհին, ինչպես երազում, ելավ ու գնաց աննկատ կանգնեց զոհասեղանի շուրջը, ուր սկսվել էր հանդիսությունը: Վարագույրը բացված էր. Մողոքի կուռքը տիրականորեն նստած, մարդկային տեսքով դիմակավորված` ծծմբի ու ‎ֆոսֆորի լույսը նրան հազարադեմ էր դարձնում:

Յոթ շարքով կանգնած քրմերը, դեղին ‎ֆոսֆորային լույսով օծված` ռիթմիկ երգում ու խոնարհվում էին` ծնծղաների ու թմբուկների զգաստ հնչյունները ալիքավորում էր նրանց փառաբանության հիմնը: - Դու հզոր ես ու անպարտելի… - Դու ես տիրակալը երկրի անդունդների … - Բոլոր կենդանի արարածները քո մոտ են հանգիստ առնում, քո ստվերն են փնտրում… - Բոլոր ճամփաները դեպի քեզ են գալիս… - Երկրի չորս ծագերից արքայամանուկներ` քեզ զոհ ենք բերել, ընդունիր, տեր… - Ահա լրացավ այն ժամանակը, երբ մենք յոթ անգամ յոթ թվով մանուկներ քեզ ենք զոհում… - Կգա ժամանակը եւ քսան հազար անմեղներ` ինչպես այս մանուկները, որքան կտեղավորվի քո տաճարում, կզոհեն քեզ, եւ դու կելնես անդունդներից ու կիշխես երկրին ու երկնքին… - Ահա աննվաճ խայքերի արքայամանկանը քեզ ենք զոհում, եւ նրանց աստվածները քո ոտքերի տակ փոշի կդառնան, ընդունիր, տեր, ու թող նրանց հպարտ արքան` ստրուկի շղթաներով խոնարհվի աշուրների աշխարակալ տիրոջ առջեւ… Ամեն անգամ քրմապետի կոչից հետո ղողանջում էին արույրե զանգերը, հնչում էին պղնձե փողերն ու ծնծղաները: Զոհերի արյունը լսնակուճե փողրակներով թափվում էին վիշապների երախները:

Քրմապետը բացեց մանկան աստեղային պահպանակը, որը գունավոր թելերով բանված, գույնզգույն ուլունքներով զարդարված չարխափան, պարզ պահպանակ էր` քրմուհու գործածը; - Բերել այստեղ խայքեցի քրմուհուն,- որոտի պես հնչեց քրմապետի ձայնը: Դեպի մանկասենյակ վազեցին չորս պահակ քուրմեր:

Նա փոքրիկ քսակը բացեց` դեմքն ու սիրտը օծեց արարատյան սառցաջրով, Անահիտ դիցուհու սրբազան մոխիրը բերանն առավ ու հպարտ, զգաստ, դանդաղ առաջ եկավ, կանգնեց քրմապետի դիմացը: - Քսան հազար զոհ գուցե ունենաք, բայց Հայկի սերնդից, Արամ արքայի կրտսեր որդին` Վահագնը, հիմա իր հոր տանն է: - Հայկի երկիրը` ազատ կլինի, Հայկի երկինքը` աննվաճ, ձեր հուռութքներն ու հմայանքները անօգուտ են, ձեր իշխանությունը` ժամանակավոր…:

Ու մինչ ցանկանում էին բռնել քրմուհուն, նա խլեց քրմապետի ձեռքերի մեջ նվաղած իր մանկանը ու նետվեց զոհերի արյունը կլանող վիշապների երախներից դուրս ժայթքող բոցերի մեջ:

Քրմուհու աչքերին վերջին անգամ երեւացին ծիրանագույն- մանուշակագույն լեռներից դեպի ինքը թռչող հուր հեր, լուսեղեն պատանեկիկներ:

                                                        *
                                                     *     *


Վկայություն.- Քրիստոս Յիսուսի ծննդից հետո, 20-րդ դարասկզբին Հայքի

                        ժողովրդին հարավային անապատը քշեցին ու ջարդեցին:
                         Ռաս ուլ Այն  անապատում, ստորերկրյա քարանձավի մեջ 
                          20 000 երեխաներ, ծերեր եւ մայրեր կենդանի-կենդանի լցրին ու 
                          բերանը քարերով կոփեցին:
                         Ենթադրվում է, որ դա Մողոքի ստորերկրյա մեհյանն է եղել…:                           


ԱՐՔԱՆ

                                        -  Ապրելու եւ ազատության արժանի են նրանք, 
                                            ովքեր ամեն օր դրանց համար մարտի են գնում.
                                                                           *
                                                                        *      *
                                       -- Սարսափելի է տեսնել նրան, որին միայն 
                                          ճնշում է անարդարությունը:
                                                                                             Նիցշե

Սելեվկիայի Անտիոքոս Մեծը Քրիստոսից առաջ երկուհարյուրմեկ թվականին արշավեց Հայաստան, սպանեց Երվանդ չորրորդ արքային ու նրա ազգատոհմը սրի քաշեց:

Իր հաճկատար նախարարներից մեկին գարգարացիների ցեղից, որը հպարտանում էր իր քաջությամբ ու դաժանությամբ, իսկ նենգությամբ նրան ոչ ոք չէր հասնում, հակառակորդին սպանելուց հետո էլ չէր հանգստանում, մինչեւ նրանց արյունից չէր խմում, մարդիկ հավատում էին, որ նրա մեջ քաջքեր են նստած, ահա այս ազգադավին Անտիոքոսը իր տեղապահ կարգեց Հայաստանի վրա: Իսկ արշավանքի մասին մի մեծ քարակոթող կանգնեցրեց իր մայրաքաղաքի դիմացը, լեռան գագաթին, որը տեսանելի էր հեռուներից, վրան գրված.

,, Իմ զորեղ առնականությամբ ես տրորեցի Երվանդի երկիրը, ինչպես ցուլ ես ավեր սփռեցի նրա քաղաքներում, ավերեցի ու հիմնահատակ կործանեցի Երվանդակերտ քաղաքը, իր շրջակայքի ավանների ու ամրոցների հետ միասին, հատված գլուխներից նրա դարպասների առջեւ աշտարակ կանգնեցրի, ազնվազարմերի գլուխները ես խառնեցի այդ կույտերի մեջ, մյուսներին ցից հանեցի, ավերված քաղաքի վրա աղ շաղ տվի ու հավաքեցի այդ հողից ու կուտակեցի իմ քաղաքի դարպաի առջեւ` որպես ի ցույց իմ թշնամիների ու հիշատակ իմ սերունդներին,,: Ավերված մայրաքաղաքի բնակիչները, որոնք կենդանի էին մնացել ցրվեցին ու ապաստան գտան Բյուրակնի Սրմանց լեռան անմատչելի ծործորներում, Տայքի, Արցախի, Կորդուքի դժվարամատչելի լեռներում: Լքված քաղաքի մոխիրների միջով վերջին հեռացողները երկու բորոտներ էին, որոնք իրենց զանգակները հնչեցնելով դուրս ելան հարավ արեւմտյան դարպասից: Բորոտները փոխն ի փոխ մի մանկակողով էին գրկած տանում: Նրանք շարժվում էին Ազնաբերդի ուղղությամբ հույս ունենալով այնտեղ ապաստան գտնել:

Տասը տարի գարգարացի տեղապահը իշխում էր Երվանդունիների Հայաստանի վրա, սակայն հաղթանակը կատարյալ չէր, քանզի Ազնաբերդը` վերջին հույսը ազատ ու հպարտ ապրելու, մնացել էր աննվաճ:

Անտիոքոսը այն չէր նվաճել, իսկ նրա քաջ տղամարդ - ցուլ հորջորջված սատրապը արդեն ութ ամիս է պաշարել էր ըմբոստ ու աննվաճ բերդը:

Գիշեր ու զօր այս մարդը հանգիստ չուներ. ամեն խորամանկություն, ամեն հնարք, ամեն նենգություն ի գործի էր դնում, որ կարողանա գրավել ու ավերել իր դեմ ըմբոստացած այս վերջին ամրոցը, բայց ապարդյուն` բերդապահները անսասան էին ու միակամ, երդվել էին մեռնել, բայց չհանձնվել փոքրոգի ու նենգ սատրապին: Նա կաշառում էր, պաշտոններ էր առաջարկում, բերդականների ազգականներին բանտերում ու զնդաններում տանջահար էր անում` օգուտ չուներ, նրանք անսասան էին իրենց վճռի մեջ ու հաստատակամ:

Մի գիշեր էլ գաղտնի գետնուղիով բերդի մեջ հայտնվեցին Աշտիշատի Վահագնի մեհյանի քրմապետ Երվազը մի տղայի ուղեկցությամբ, որին հանդիպել էին Սրմանց լեռան լանջերին, որը միայնակ իր ձին հեծած իջնում էր Ազա երկիրը` օգնելու համար Ազնաբերդի պաշտպաններին: - Դու մենա՞կդ պիտի օգնես,- հարցրեց քրմերի սպիտակազգեստ առաջնորդը, որը մյուսներից տարբերվում էր, որ ուսերից կախ, թիկունքին ծածանվող ծիրանաներկ ուսկապ ուներ: - Գուցե՞ , ես հենց նա եմ, որ չունեն բերդապահները հաղթանակի հասնելու համար: - Որտե՞ղից ես: - Բյուրակնի Սրմանց լեռան վրա է իմ գյուղը: Քրմապետը գլխով դրական շարժում արավ ու համաձայնեց, որ իրենց միանա: Իսկ նրանք` Վահագնի տաճարի քրմերը, որոնք ռազմական արվեստի բարձր կարգ ունեին, նույնպես գնում էին օգնելու պաշարված բերդականներին: - Ես գիտեմ Ազնաբերդի ստորերկրյա գաղտնի անցուղին,- խոսեց տղան: - Դե ուրեմն ուղեկցիր մեզ,- ասաց քրմապետը: Բերդապահները անակնկալի եկան, երբ նրանց առջեւ երեւացին սպիտակազգեստ քրմապետն ու տղան: Նրանք ամբողջովին թրջված էին: Պաշարողներից աննկատ բերդը արեւմուտքից ու հարավից շրջանցող գետի ջրերը լողալով անցել էին պարիսպների հիմքի մոտ բոլորին անհայտ անցուղով ներս, որտեղից բերդի բնակիչները ջուր էին վերցնում:

Այդ երեկո բերդապահների առաջնորդը` Սմբատ Բագրատունին, քրմապետը ու սակավաթիվ նախարարներ խորհրդի նստեցին, իսկ տղան դռան մոտ նստած, բոլորից աննկատ լսում էր: Նրանց համար անհնար էր թվում հաղթել թշնամուն, որն իրենցից հարյուրապատիկ ավելի զինվոր ուներ ու գերազանց զինված էր: Երբ բոլորը լռեցին` իր մութ անկյունից տղան առաջ եկավ ու ասաց. - Ես կսպանեմ գարգարացի սատրապին, կայրեմ նրա վրանը ու մեր դրոշը կծածանվի նրանց գլխավերեւում: - Բայց նրա վրանը լեռնահարթակին է, որը երեք կողմերից լեռնապարերով է պաշտպանված ու անմատչելի է, միայն մի կողմից մուտք ունի, իսկ այն էլ հսկվում է քայլ առ քայլ: - Ես քարագնաց եմ, լեռնալանջի հարավային փեշին ընկուզենի կա, որի ճյուղերը հարում են լեռան միջնամասին, ես լողալով, աննկատ կհասնեմ ընկուզենուն, կբարձրանամ քարափի միջնամասը, որից հետո մագլցելով կհասնեմ լեռնահարթակին:- Ինձ տվեք մի դաշույն, մի դրոշ ու մի շիշ ձեթ: Բերդականներին անհավանական թվաց նրա բացատրությունը, բայց դա էլ հաղթելու տարբերակ էր` համաձայնեցին:

Տղան շապիկը հանեց տվեց քրմապետին. - Երբ քրմերի ջոկատը հարձակվի, դա կլինի վաղ առավոտյան, արեւը դեռ դուրս չեկած, իմ ձիու աչքերը կշոյեք, քիթ-բերանը կսրբեք այս շապիկով ու բաց կթողնեք, նա կգա ինձ կհասնի:- Առավոտ վաղ, երբ այրվի սատրապի վրանը` հարձակվեցեք թշնամու կենտրոնը պահող գնդի վրա: - Եթե հաջողվի, թշնամու հրամանատարի ոչնչացումը ու մեր անակնկալ հարձակումը, որին նրանք չեն սպասում, մեզ հաղթանակ կբերի ,- ասաց Սմբատ Բագրատունին: Տղան վերցրեց դրոշը եւ փաթաթեց մեջքին, եղնիկի պոզից պատրաստված բռնակով երկշեղբ դանակը խոթեց գոտկի մեջ: - Ինձ տվեք ինծի մորթի, եթե հարկ լինի , ես կփաթաթվեմ դրանով ու կլինեմ աննկատ: - Տեսեք, լեռնապարին աճած թփերն ու քարերը կարծես ինծեր լինեն: Բերին ինծի մորթին, տղան փաթաթեց ու կապեց մեջքին:

_ Արեւամուտին ես կլինեմ քարափի եզրին աճած մասրենու տակ, իսկ առավոտյան կայրվի գարգարացվո վրանը:

- Վահագնը քեզ օգնական,- ասաց քրմապետը: Տղան քարե աստիճաններով իջավ եւ գորշ ու սառը մութը կլանեց նրան: Պարսպի վրա կանգնած հսկող զինվորները ժամանակ առ ժամանակ Սմբատ Բագրատունուն տեղեկացնում էին տղայի տեղաշարժումների մասին: - Լողալով իջավ գետն ի վար, տեսանելի չէ: Հարավ - արեւմտյան բուրգից հայտնեցին, թե տղան ընկուզենու ճյուղերով հասել է լեռնաճակատի միջնամասին ու սահելով-սողալով առաջանում է դեպի կենտրոն, որտեղ քարածերպի վրա փռշենու թուփ կա աճած ու վայրի խաղող: - Տղան բոբիկացավ, գլորվու՞մ է, թե՞ սահում է, վայր է ընկնում: - Բռնել է փռշենու ճյուղից ու ճոճվում է անդունդի վրա: - Ձգվում է, հենարան գտավ ոտքի համար, ողջ մարմնով կպել է լեռան կողին: - Փռշենի թփի տակ է, հանգստանում է: - Մասրենու մոտ երկու հեծյալ զինվորներ մեզ են դիտում:- Տղան փաթաթվել է ինծի մորթիով` չի նշմարվում չի շարժվում: Նա ճապուկ ու ձիգ մարմին ուներ, զգում էր լեռան կորությունն ու ելուստները, փոքրիկ անհարթություներն անգամ հենարան էր դարձնում, դանակը ատամների մեջ առած ու ինձի մորթով քողարկված: Երբ մութն ընկավ` վայրի խաղողի օգնությամբ մագլցելով հասավ մասրենու թփին: Հատ ու կենտ հեծյալներ հսկում էին սարահարթը; Նրանք այդտեղից որեւէ վտանգ չէին սպասում: Հետիոտն զինվորներ էին անցնում ու խոսում գարգարացիների, ուտիների, տաոխների, արիաների, կարդուխների լեզվով, ծիծաղում, գոռգոռում, տեգերն ու վահանները վեր վար անում, պարսատիկները գլխի շուրջը պտտեցնում: Նրանց խոսքերից հասկացվում էր, որ սպասում են հսկա բաբանների, որը խոստացել է ուղարկել Անտիոքոս արքան, որոնց միջոցով կկարողանան գրավել ըմբոստ ամրոցը: Ծնկնահար խոտերի միջով նա սողալով-սահելով առաջ էր մղվում, դանակը ամուր սեղմած ատամներով, որը կտրել էր շրթունքների եզրերը, ու արյան համ էր առնում` աղի՞ էր , թե՞ քաղցր էր, չէր հասկանում: Երկու հեծյալներ էին մոտենում, տղան գունդ - կծիկ դարձավ, ինձի մորթու մեջ փաթաթվեց ու անշարժացավ:Ձիերը փռնչացին ու առջեւի ոտքերը վեր ու վար արին: Հեծյալները ուշադրություն չդարձրին ու անցան կողքով: Նա կեռիկ-մեռիկ սահելով հասավ դեպի քարափն իջնող առվակին, որը մեղմորեն խոխոջում էր: Շուրջ բոլորը բարձր խոտ էր աճած: Լվացվեց, ջուր խմեց,, հանգիստ առավ ու սահելով-սողալով հասավ վրանին: Վրանի առջեւ կրակը մարմրում էր, պահապանները նիզակներին հնված ճոճվում էին ու ոտքով խառնում կրակը:

Նա բարձրացրեց վրանի փեշն ու ձիթաճրագի մարմրող լույսի տակ տեսավ գահավորակին մեկնված գարգարացվո կիսամերկ մարմինը: Երկու պատանիներ անուշահոտ յուղերով շփում էին նրա թիկունքն ու ազդրերը: Սատրապը արշավանքի գնալիս իր հետ պատանիներ էր վերցնում: Նա վրանի փեշով ծածկվեց եւ լուռ ու մունջ, համարյա չշնչելով սպասեց իր ժամին:

Երբ արեւեքը շառագունեց ու մութը սկսեց նվազել պահապանները հովազի մռնչյուն լսեցին վրանի ներսից: Նրանք երկուսով վրանի մուտքը ծածկող նախշազարդ կարպետը ետ քաշեցին ու տեսան գետնին փռված սատրապի արունաշաղախ մարմինը: Երկու պատանիները գահավորակի եզրին իրար ձեռք բռնած դողում էին սարսափից:

Տղան պահապաններից մեկին հարվածեց թրով, իսկ մյուսին ներս քաշեց ու լյարդը խառնակեց երկշեղբ դանակով, որն էլ ընկավ գարգարացվո մարմնի վրա: Պատանիները հայա ցեղից էին. նրանց կոչեց դուրս գալ վրանից ու ամեն մեկին մի մի սուր տվեց, ապա ձեթը լցրեց վրանի փեշերին ու կրակը շրջեց վրան, որն էլ սկսեց այրվել:

Տղան մագլցելով հասավ դրոշին, այն պոկեց ու վար նետեց, իր մեջքին կապած ծիրանաներկ, թռիչքի պատրաստ , թեւերը լայն բացած արծվանախշ դրոշը տնկեց ու պղնձե փողը արեւին պարզած սկսեց փողհարել:

Այդ ժամանակ էլ քրմերի հեծյալ ջոկոտը սրաթռիչ վարգով ու գոռալով հարձակվեց սատրապի պահակազորի վրա: նրանց ձայնը հնչում էր ինչպես լեռներից գլորվող քարերի թնդյուն: Միաժամանակ բերդի դարպասները բացվեցին ու Սմբատ Բագրատունու առաջնորդոթյամբ աջ ու ձախ թեւերից հարձակվեցին բերդապահների հեծյալ ջոկատները շրջապատման մեջ առնելով սատրապի թիկնազորը: Քրմերի ջոկատը խորացել էր ու վախ կար , թե կշրջափակվեն ու Սմբատ Բագրատունին աղջիկների հեծյալ ջոկատը ուղարկեց քրմերի ջոկատի թիկուքը պաշտպանելու:

Բերդի պարիսպների վրա կանգնած աղջիկները պարսատիկով քարերի տարափ էին տեղում հետիոտն զինվորների կուտակումների վրա: Անակնկալ հարձակումը, որին չէին սպասում` շփոթություն էր առաջացրել: Իրենց կռվի կանչող փողերը չէին հնչում, սատրապի վրանը այրվում էր, հակառակորդի դրոշը ծածանվում էր դրոշակակիր պատնեշի վրա, այնտեղից հնչում էր միայն հակառակորդի պղնձե փողը, որին ձայնակցում էին բերդի պարիսպների վրա կանգնած ծիրանի փողեր հարողների մարտական նվագը:

Մի սպիտակ ձի կապույտ պուտերով, առանձ հեծյալի, վիզը առաջ ձգած, ինչպես սրաթռիչ նետ, սլանում էր դեպի այրվող վրանը` շրջանցելով նոր քնից արթնացած ու անկազմակերպ կռվի մեջ մտած զինվորներին: Սատրապի թիկնազորը գարգարացիներից էր կազմված, որոնք կռվում էին կատաղորեն, իսկ հայաները, արիաները, ազաները, կարդուխներ, կատիշները, ուտիները գունդ առ գունդ ետ էին նահանջում, դժկամորեն զենքերը թափահարում, թերեւս, միայն պաշտպանվում էին ու, վերջապես, իրենց զորապետների առաջնորդությամբ լքեցին բռնապետի բանակատեղին:

Գարգարացիները տեսնելով , որ միայն իրենք են մնացել` հուսալքվեցին, բայց ինքնապաշպանական բնազդով շարունակում էիմ կռվել:

Աշտիշատի քրմերի ջոկատը երկու մասի էր բաժանել գարգարացիներին ու հասել վրանին: Նրանց ընդհառաջ եկավ կապույտ պուտերով ձին, վրան տղայի կիսամերկ արունաշաղախ մարմինը պահելով: Երկու քուրմ ռազմիկներ վրա հասան ու ձիու սանձը բռնեցին, իսկ մյուսները տղայի մարմինը իջեցրին ու դրին գետնին:

Գարգարացիների կռվող գունդը ոչնչացել էր, իսկ մյուսները անցել էին Սմբատ Բագրատունու կողմը:

Հաղթանակը կատարյալ էր:

Տղայի մարմնի մեջ ցցված նետերը հանեցին, ազդրի ու թիկունքի թրով կտրած վերքերը կապեցին: Բագրատունու հրամանով նրան տարան Ազնաբերդ ու Երվազ քրմապետի հսկողությամբ սպեղանիներով ու հատուկ սննդակարգով սկսեցին ապաքինել:

Յոթերորդ օրը աչքերը բացեց ու ջուր ուզեց: - Ձնաջուր , Սրմանց լեռան ձնաջուր տվեք: Ձնաջուր տվին , քրմապետի պատրաստած թուրմերը քացախով բացած` կում-կում խմեցրին: - Հայասան հաղթե՞ց,- նրա առաջին խոսքն էր , երբ ուշքի եկավ: - Հաղթեցինք ,- ասաց նրան հսկող քուրմը ,- բռնապետի բանակը անցավ մեր կողմը:

Տաս օր չանցած, ովքեր փախել ու փրկվել էին Երվանդակերտից, բոլորը ետ եկան ու տոնում էին հաղթանակը:

Երվանդակերտում հավաքվել էին բոլոր նախարարներն ու չորս կողմնակալ բդեշխները եւ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ խորհրդի նստել:

Երվանդունիների զարմից ոչ ոք չէր մնացել:

Բոլորը խոսում էին անծանոթ տղայի մասին, գողթան երգիչները փառաբանում թին նրա քաջությունն ու անձնվիրումը հայրենիքին ու ցեղին:

Նրա մասին գիտեին , որ եկել է Բյուրակնի Սրմանց լեռան կողմերից: Տասներկուերրորդ օրը տղան երեսուն սպիտակազգեստ քուրմ ռազմիկների ուղեկցությամբ մուտք գործեց Երվանդակերտ մայրաքաղաքը:

Ժողովուրդը տղային վար բերեց ձիու վրայից ու ձեռքերի վրա պահած տարավ արքայական պալատի դռների մոտ իջեցրեց:

Պարմանուհիներն ու պարմանիները ծաղկե պսակներ էին նետում նրա ետեւից, Անահիտի ու Աստղիկի քրմուհիները իրենց ծիրանաներկ քողերը փռում էին նրա ոտքերի առաջ ու խոնարհվում:

Ամբողջ ժողովուրդը միակամ ու միասին գոռում էին. - Մեր Արքան, մեր նոր Արքան, մեր Թագավորը…

Գոչում էին մեծ ու փոքր, ահել ու ջահել, խոնարհվում, ապա ուղղվում ու ձեռքերը մեկնում դեպի տղան: Նույն մտքին էին եւ Սմբատ Բագրատունին ու նախարարաց խորհուրդը:

Տղան բռնեց իրեն ուղեկցող քուրմի ձեռքը, զգաստացավ, հայացքով չափեց իրեն փառաբանող ժողովրդին, աջ ու ահյակ նայեց:

Բոլորը ցնծում էին ու խոնարհության նշաններ անում:

Նա նկատեց ժողովրդից մի փոքր զատված երկու բորոտներին, որոնք իրենց դեմքը ծածկած գորշ դիմակալներով, իրենց զանգակները մերթ ընդ մերթ հնչեցնում էին ,մարդկանց զգուշացնելով, որ իրենցից հեռու մնան:

Նրանք իրենց միջեւ տաս- տասնմեկ տարեկան մի պատանյակ ունեին, որը շիկագանգուր խոպոպներ ուներ ուսերին, մեծ, լուսավոր ու մուգ կապույտ գույնի աչքեր, կապույտի մեջ խտացած ծիծաղ, մաշկը սպիտակ, այտերին պուտիկներ, իսկ դեմքին խաղում էր ժպիտը` պայծառ ու վարակիչ:

Նա էլ բոլորի հետ գոչում էր` Արքան, մեր նոր Արքան:

Տղան աջ ձեռքը պարզեց բորոտների միջեւ կանգնած պատանյակի կողմը: - Ձեր Արքան նա է,- ասաց ,- նա է մեր բոլորի Արքան: - Ես Սրմանց լեռան լանջին ծվարած իմ գյուղը պիտի գնամ:

Տղան զարմացրեց, անակնկալի բերեց, հիացրեց ու վախեցրեց ժողովրդին ու նախարարներին: Ոչ ոք չէր սպասում, թե կարող է լինել մեկը, որը կհրաժարվի թագավորելուց: Բոլորը լուռ սպաում էին; Սպասումը շատ պայթուցիկ էր ու լարված:

Բորոտները դեն ձգեցին իրենց զանգակները, վար նետեցին դիմակալները ու բոցգույն մազերով պատանյակի ձեռքից բռնած մոտեցան Սմբատ Բագրատունու ոտքերի մոտ ծունկի եկան. - Տեր Բագրատունի, սա է Արտաշես մանուկը, մոր կողմից Երվանդունի, միայն այս մանչուկին կարողացանք փրկել տասը տարի առաջ,- խոսեց Երվանդունիների տան ավագ դայակը: Տղան մոտեցավ, խոնարհության նշաններ արավ մանչուկի աջեւ, ծունկի եկավ, ոտքերի տակից հողը բռով վերցրեց ու արեւի դեմ դեպի երկինք ցանեց, ետ դարձավ, հեծավ իր կապույտ պուտերով ձին ու հեռացավ Երվանդակերտի հյուսիս- արեւմտյան պղնձակոփ դարպասից դուրս: Երբ նա անցնում էր, ժողովուրդը նրա առջեւ խոնարհվում էր, պարմանիներն ու աղջիկները ծունկի էին գալիս: Ապա բոլորը դարձան ու սպասում էին նախարարաց խորհրդի վճռին:

Որոշ ժամանակ անց մունետիկը կանգնեց բարձր պատվանդանին ու իր ծիրանի փողը հնչեցրեց աջ ու ձախ, դեպի երկինք ու հետո դեպի ծովացած ժողովուրդը:

Ապա ի լուր ժողովրդի , ի լուր Հայաստան աշխարհի ազդարարեց. - Մեր արքան ԱՐՏԱՇԵՍ մանուկն է, Երվանդունիների միակ ժառանգորդը: - Դայակ է կարգված թագադիր իշխան Սմբատ Բագրատունին: Այդպես հիմնադրվեց Արտաշեսյան Արքայական Տունը: Արտաշեսի օրոք Հայաստանը եղավ միալեզու, հասավ իր բնական սահմաններին ու , երբեւէ, չգերազանցված իր հզորությանը:

Եղավ այդպես, քանզի այն հիմնադրվեց ինքնահրաժարումով ու ինքնազոհողությամբ մի այլ ԱՐՔԱՅԻ, որին ողջ ժողովուրդն էր ցանկանում թագադրել, որի անունը պատմությունը չի պահպանել:

                                                 *   *  *

Հավելում.- Այս պատմությունը նվիրվում է բոլորին, ովքեր մարտնչել ու

                  մարտչում են հայրենիքի ազատության ու հպրտութ


ԵՎ ՀԻՍՈՒՍԸ ԺՊՏԱՑ ՆՐԱՆ

Տագնապ Միհրի Տաճարում Աշտիշատի Միհրի մայր տաճարում տագնապ ու շփոթություն էր տիրում: Շփոթված էին բոլորը:

Ավագ քուրմը իր կացարանից դուրս չէր գալիս , որ—ւէ մեկի հետ չէր շփվում: Քրմական խորհուրդը չէր գործում: Լռություն էր տիրում տաաճարում: Միայն սպասարկող քրմերը, ինչպես ամեն օր, իրենց առավոտյան արեւածագի աղոթքն էին կատարում, շրջում էին սրբազան կրակի շուրջը` երգեցողությամբ եւ ռիթմիկ պարերգերով փառաբանելով սրբազան արեւային լույսն ու արեւը, ընդունում էին հեռավոր տեղերից եկած հավատակիցներին, իրագործում էին նրանց զոհաբերությունները` նրանց բերած ճերմակ աղավնիներին օրհնելով, սրբազան կրակի շուրջը` դեպի արեւելք դարձած` երեք անգամ շրջում էին ու տաճարի բակում բաց թողնում, որոնք տաճարի գլխին , կապուտակ երկնքում պտույտ տալով թեւածում էին` սլացիկ թռիչքով` չվում այնտեղ, որտեղից նրանց բերել էին: Ընդունում էին բերած նվերները: Իշխանները բերում էին սպիտակ ցուլեր, որոնց ճակատին կարմիր բիծ կար, իսկ պոչը վերջանում էր սեւվուկ մազերի փնջերով, կարմիր ցուլեր, որոնց ճակատին սպիտակ բիծ էր, պոչը ` ծաղիկ:

Ցուլերը խառնում էին Արածանիի հովտում արածող սպիտակ էրինջների նախիրին: Քուրմ բժիշկները կազմակերպում էին հիվանդ այցելուների բուժումը: Բայց ինչ-որ բան պակասել էր` լույսը առաջվանը չէր, արեւը առաջվա արեւը չէր, քուրմերն էլ կարծես ստվերներ` շարժվում էին կիսամութի մեջ: Անգամ կիրակնօրյա հանդիսությունների ժամանակ ավագ քուրմը եւ քրմական խորհրդի անդամները իրենց խցերից դուրս չէին գալիս: Ծիրանի թիկնոցները ուսերին քրմերը միայն այս ու այն կողմ էին շրջում, հսկում, որ սրբազան կրակը չմարի:

Ամենուր տիրում էր լռություն:

Անորոշ ու անհայտ սարսափը տիրել էր բոլորին: Անհայտությունը ծնում էր վախ, սարսափ, լույսի նվազում ու մութի խտացում:

Այն պահից , երբ իրենց բարձրաստիճան կարգ ունեցող` ,,ժողովրդի առաջնորդ ,, կոչվող քուրմը եռօրյա քնից արթնացավ ու հայտնեց , որ չկա Մեծագույն Արեւային Աստվածը, որին նա իր հոգեւոր ճամփորդության ընթացքում հաղորդակցվում էր արեւի շրջանում ու տրված իմաստությունն ու աստվածային գիտությունը բերում Միհրի տաճարի քրմական խորհրդին, որը պահպանվում էր խստագույն գաղտնապահությամբ: Շնորհիվ դրա ցեղակիցներին կառավարելու եւ առաջնորդելու օրենքներ էին հաստատում:

Այդ օրվանից սկսվեց խառնաշփոթությունը: Տաճարում բոլորը` ավագ քուրմը, քրմական խորհուրդը եւ քրմերը տագնապած էին ու խռովահույզ: Հարյուրավոր տարիներ իրենք երկրպագում էին Արեւային Աստծուն :Այդպիսի դեպք չէր եղել , որ կտրվեր կապը Աստծո հետ ու չգտնեին նրան, որ նա իրենց համար կորսված լիներ: ,, Մեր Հոգեւոր Հայրը հրաժարվել է մեզնից,,: ,, Մեր Աստվածը, որ կառավարում էր արեւից` լքել է մեզ,,: ,, Ով՞ կտա մեզ իմաստություն, սեր, խաղաղություն, առաջընթաց,,: ,,Մենք դատապարտված ենք մահվան , քանզի կտրվել է մեր կապը մեր Աստծո հետ,,: ,,Մարդկանց չարությունը, նենգությունը ու մեղքերը կկործանեն երկիրը,,: ,, Մենք կորցրել ենք մեր Աստծուն,,: Մշտավառ կրակի շուրջը ծիրանի հագած քրմերի աղոթքները այդ կերպ էին հնչում: Սրբազան սոսիների պուրակում մանուշակագույն հագած յոթը գուշակող քրմեր ակնդետ հետեւում էին տերեւների սոսափյունին` այդ դու՞ ես… այդ դու՞ ես… այդ դու՞ ես …: Ձգտելով իմանալ իրենց լույսի ու արեւի աստծո ուր լինելը, բայց տերեւների վետվետումները անորոշ էին ու ոչինչ չասող…: Քրմերի ավագանին, ավագ քրմի գլխավորությամբ յոթ օր ու գիշեր աղոթում էին , զոհեր մատուցում: Աստվածային իմաստությունը, որը դարերով պահպանում էին տաճարներում սերդե--սերունդ, դեռեւս խալդի քրմերի ժամանակներից, որոնք տիեզերքում հետեւում էին իրենց աստծո տեղաշարժերին ու առաջնորդվում նրա ներշնչած իմաստությամբ` այլեւս կորցրել էին ` լույսը խամրել էր, իրենք հայտնվել էին տիեզերական մթության մեջ:

Քրմերի խորհուրդը որոշեց մտատեսությամբ օժտված փորձառու քուրմին, որը բժշկության մեջ էր հմտացած, հոգեւոր ճամբորդության ուղարկել արեւի շրջանը` վերահաստատելու, վերագտնելու կապը Արեւի Աստծո հետ:

Նա էլ վերադարձավ շփոթված ու մթնած հոգով` հաստատելով , որ արեւի շրջանում բացակայում է իրենց Արեւային Աստվածը: ՔՈՒՐՄ ԲԺԻՇԿԸ Հոգեւոր ճամբորդությունից հետո նա ացավ իր ամենօրյա աշխատանքին: Տաճարից դուրս հավատակիցների համար ոչինչ չէր փոխվել: Ինչպես միշտ տաճարի շեմին կանգնած, ձեռքերը գոտկին դրած, լույսով լի հայացքը հառած սպասում էր քուրմ բժիշկը, ծիրանի թիկնոցը ուսերին, ծիրանի վեղարը գլխին, որի տակից ականջներն ի վար ուսերին էին թափվում շիկագանգուր վարսերի խոպոպները: Նրան էր վերապահված հիվանդների ընդունումն ու բուժումը:

Ամեն արեւածագին նա բժշկի հնագույն աղոթքն էր մրմնջում. ,, Տեր , ամրացրու իմ սրտի ուժերը, որ կարողանամ միանման ընկալել աղքատի ու հարուստի, բարի մարդու եւ չար մարդու տառապանքները, միանման օգնելու բարեկամին ու թշնամուն: Ամենազոր ուսուցիչ, տուր ինձ համբերություն եւ հանգստություն, երբ հիվանդը չի լսում , կամ էլ անպատվում է…,,: Ապա անցնում էր հիվանդների ընդունելությանը: Գալիս էին այսահարները, դիվահարները, ընկնավորները, բորոտները, մաշկը վերքերով պատված ծանր հիվանդները, որոնց վերքերից ջրեր էին հոսում, միսը քայքայվելով թափվում էր:

Տաճարին կից կացարաններում տեղավորում էր ծանր հիվանդներին, իսկ ոտի վրա եղողներին ընդունում էր` սպեղանիներ, քսուքներ ու դեղաբույսեր տալիս: Իսկ այն հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը դեռեւս մարմնական արտահայտություն չէր ստացել` պառկեցնում էր տաճարի մեջ դրա համար հատկացված խցերում, որտեղ նրանց քնեցնում էր երեք օր իր հսկողության ներքո, որի ընթացքում կարողանում էր վերականգնել մարմնի ու հոգու խախտված ներդաշնակությունը: Դիտելով նրանց դեմքի արտահայտությունը, աչքերի պարզությունը, հայացքի կենտրոնացվածությունը` հասկանում էր , որ իրագործվել է նրանց բուժումը: Մաքրվել են իրենց հոգու մեջ ներթապանցած սեւ մութից, մոգական չարկամության հարվածներից, մարմինն ու հոգին ներդաշնակության են եկել: Հիվանդներին տուն էր ճամփում, նրանց վզից կախելով պահպանակներ, որը պատրաստում էր գետի ձայն չլսած փռշենու փայտից, տալով դեղաբույսերի հատուկ խառնուրդ` սպանդ, դեղին կոճ, որոնք նա հավաքում էր մայիսին լիալուսնի օրը, վաղ առավոտյան, արեւի ժամին: Ապսպրում էր, որ այդ չափաբաժինը չօգտագործված նոր կճուճի մեջ եփեն ու երեք օր, օրը երեք անգամ լվան ` ձեռքերը դեմքը , գլուխը: Հիվանդները ոգեւորված, հույսով լի վերադառնում էին իրենց տները: Նա սիրով էր ընդունում հիվանդներին, քաջաբար իր վրա էր վերցնում հիվանդության բուժման պատասխանատվությունը` քանզի այդ կերպ նա իրեն վտանգի էր ենթարկում: Այն վստահությունը , որ տեսնում էին հիվանդները բուժող քուրմի հայացքի , աչքերի լուսավոր փայլատակումների մեջ` վստահությամբ ու հավատով էին լցվում: Աննկատ ու մեղմորեն նրանց հոգու վրա իջնում էր խաղաղություն եւ հավատ, վստահ լինելով, որ իրենք կապաքինվեն, քանզի նրա հետ առաջին իսկ շփումից հետո զգում էին նրա անկեղծ սերն ու կաեկցանքը իրենց նկատմամբ: Նրան էին վստահում իրենց հոգու խորերում թաքնված տվայտանքները, վախերը, սարսափները, որը հաճախ բացատրել չէին կարողանում;

Նրա ներկայությունը վստահություն էր ներշնչում ու առողջացման հույս տալիս:

Բոլորից շատ գալիս էին այսահարնեն ու դիվահարները, որոնք մնացել էին անօգնական ու անբուժելի:

Տաճարներում իրենց աստվածներին կատարած զոհաբերությունները այլեւս չէին օգնում, ու նրանց հիվանդությունները առավել ծանր ու խորը ընթացք էր ստացել: _ Մեր Աստածները լքել են մեզ, այլեւս չեն օգնում, չկան: - Նրանց փոխարեն տաճարներում իշխում են դեվերն ու ալքերը,- ասում էին նրանք: Համատարած մթությունը պատել էր նրանց, լույսը հասու չէր: Իրենց սրբատեղիները լքած աստվածներին նրանք զոհեր էին մատուցում, բայց նրանք լուռ էին , անզգա ,անտարբեր:

Եւ նրանք բոլորը շփոթված ու վշտահար էին: Աշտիշատում, Միհրի մայր տաճարում սպասարկող քրմերը դեռեւս կարողանում էին օգնել, փարատել մարդկանց ցավերը: Երիտասարդ քուրմ բժշկի համբավը հասել էր շատ հեռուները, ու նրա մոտ էին գալիս այն ցավագարները, որոնց ոչ ոք այլեւս օգնել չէր կարողանում: Քուրմը որբ էր մեծացել, մայրը մահացել էր իր ծննդից ութ օր հետո: Մորեղբայրը, որը Միհրի տաճարի քրմապետն էր, տեսության էր եկել Ապահունյանց իշխանի մոտ ու խնդրել , որ քրոջ որբացած մանկանը նվիրեն Միհրի տաճարին ուսումնառության ու քրմական կարգ ստանալու համար: Նա մեծացավ մորեղբոր հսկողության ներքո: Տաճարին նվիրված այլ մանուկների հետ միասին դասեր էր առնում: Նկատելով նրա մոտ վաղ մանկությունից ի հայտ եկած սերը բոլոր կենդանի արարածնեի նկատմամբ`իր մոտ վերցրեց բժշկական արվեստի գիտակ քուրմը:

Նրանք միասին վաղ առավոտյան շրջում էին դաշտերում, լեռնալանջերին, անտառապատ պուրակներում: Վաղ հասակից նա սկսեց ճանաչել բուժական ուժով օժտված բույսերը, արմատները, պտուղները, նրանց հավաքելու ժամանակը եւ դեղ պատրաստելու իմաստությունը: Ամեն մի բույս նրա համար կենդանի էություն էր. շշնջալով զրուցում էր բույսի հետ, ներողություն խնդրում եւ միայն այդ ժամանակ վերցնում իրեն անհրաժեշտ տերեւը , ծաղիկը, ցողունը: Քսանութ տարեկանում նա հասավ ,,ցեղի առաջնորդ,, քրմական կարգավիճակի: Որոշակի պահեցողությամբ ու ներամփոփման շրջան անցնելուց հետո, երեք օր տաճարի հատուկ խցում ննջում էր` անսնունդ, անջուր, ու երբ հսկող քուրմը արթնացնում էր, նա պատմում էր , որ հոգով եղել է արեւի վրա, հանդիպել է Մեծագույն Արեւային Աստծունն:

Նրանք իրեց հետ բերում էին գիտություն` կառավարելու համար իրենց ցեղակիցներին ու Աստվածային իմաստություն, որը պահվում էր Միհրին նվիրված տաճարներում խստագուն գաղտնապահությամբ: Փորձառու քուրմ -բժշկին մի անգամ էլ հոգեւոր ճամբորդության ուղարկեցին արեւի շրջանը, ու նա վերադարձավ ` հաստատելավ, որ Մեծագուն Արեւային Աստվածը արեւի վրա չէ: Չկա: Եվ լռություն ու տագնապը տիրեց Աշտիշատի Մայր Տաճարում, ու լռեցին բոլոր երգասացությունները, մաղթանքները, օհներգությունները:

Մի թե Լույսի Աստվածը լքել է իրենց:

ԱՅԴ ԴՈՒ՞ ԵՍ… Այդ ժամանակ էլ Աբգար Թագավորի սուրհանդակները տեղ հասան ու խնդրեցին, որ բժշկության մեջ բանիմաց մի քուրմ ուղարկեն թագավորի մոտ: - Թագավորը հիվանդացել է Պարսկաստանից վերադառնալուց հետո ,- պատմում էին սուրհանդակները ,- տեղի բժիշկները անօգնական են ու հուսախաբ, թագավորի առողջությունը գնալով վատանում է: - Նա Եդեսիայի թագավորն է: - Նա հաշտեցրեց Վարշամի որդիներին, բարեկամացրեց Մեծ Հայքի Արտաշեսյանների հետ, խաղաղություն հաստատեց ,- խոսեց ավագ քրմապետը ,- քո ողջ իմաստությունդ ու հմտությունդ ի գործ դիր մեր թագավորին բուժելու համար: - Նա բոլոր հայերի Ավագ Այրն է ,- ճանապարելուց առաջ ասաց ավագ քրմապետը:

Թագավորը արտաքինից առողջ ու առույգ տեսք ուներ, բայց մարմինը պատված էր թեփոտած ու կեղակալած վերքերով, որոնցից արյուն ու թարախ էր հոսում:

Բժիշկ քուրմը ծոմապահության երեք յոթնօյա շրջան կարգադրեց, տալիս էր միայն լեռներից բերված գարնանային ձնաջուր, ամեն օր , արեւածագին սավաններով ցողաջուր էին հավաքում ու դրանով թագավորը լոգանք էր ընդունում, երեկոյան դեղաբույսերի եփուկով լվանում էր դեմքը, գլուխը, ձեռքերը եւ ոտքերը: Բուսաեփուկը ըստ քրմական թաքնագիտության` օգնում էր դիվահարներին ու չարկամությունից առաջացած հիվանդությունները անցնում էին; Քանզի , ենթադրում էին , որ թագավորի հիվանդությունը պարսիկ մոգպետի չարկամության հետեւանքով է առաջացել, որը հավակնում էր Պարսկաստանի գահին, իսկ Աբգար արքան կանխել էր` հաշտեցնելով Վարշամի որդիներին, գահին նստեցնելով ավագին: Քուրմ-բժիշկը մաքրեց կերակրատունը եւ աղիները, քսուկներով ու սպեղանիներով մշակեց վերքերը, որոնք նա պատրաստել էր վայրի մեղուների սոսնձի , չորավուն դոդոշների ճարպի ու ձեթայուղի խառնուրդով:

Հեռավոր Մոկաց աշխարհից բերել տվեց տզրուկներ, որոնց նա դնում էր վերքերի շուրջը, պոչուկին, վզին, պորտին, պորտից վեր,պորտից վար, լյարդի ու սրտի շրջաններում, որոնք էլ հաճախ արունահոսության պատճառ էին դառնում: Թագավորի առողջությունը բարելավվեց, մաշկը մաքրվեց, վերքերը ցամաքեցին, թարախը վերացավ, ինքնազգացողությունը լավացավ: Որոշ ժամանակ անց հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց` սկսվեց անքնություն, մաշկի քոր, թեփոտում, այտուցվածություն;

Թագավորը պատվիրակություն էր ուղարկել հռոմեական կուսակալ Մարիանոսի մոտ` արդարանալով Հրեաստանի Հերովդես թագավորի դեմ վարած պատերազմի համար, որին նա չարաչար պարտության էր մատնել ` սպանելով զորապետին: Երբ պատվիրակները վերադարձան, թագավորին տեղեկացրին, որ Երուսաղեմ մայրաքաղաքում մի մարգարե է շրջում, որի շնորհիվ կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, անգամ մեռածներն են կենդանանում…: Թագավորը ոգեւորվեց եւ հավատաց, որ ինքն էլ կարող է վերջնականապես բուժվել եւ նամակ գրել տվեց իր բժիշկ քուրմին, որին ծաղկողի ու դպիրի պաշտոն էր տվել` Անան անվամբ, որը նշանակում է հավատարին, ու նրա միջոցով նամակը ուղարկեց երուսաղեմ:

Երկու քաջարի, ծպտված զինվորների ուղեկցությամբ Անանը հասավ Երուսաղեմ:

Նրանք տեղավորվեցին շուկային հարող իջեւանատանը, որը պատկանում էր եդեսիացի հայ վաճառականի. որտեղ Մծբինից ու Եդեսիայից հայեր, հույներ ու ասորիներ էին կայանում:

Իջեւանատան տերը լսել էր, որ Յիսուս անունով մարգարե է շրջում Երուսաղեմում եւ նրա շրջակայքում, որ նա հրաշքներ է գործում, անգամ բորոտներին է մաքրում ու մեռածներին կենդանացնում:

Անանի կարծիքով Աբգար թագավորը բորոտությամբ էր տառապում: - Չէ , չգիտեմ, թե ինչպես կարող ենք գտնել նրան: - Քարոզում են եւ նրա աշակերտները , ու որեւէ մեկը չի կարող պնդել կամ հաստատել, թե խոսողը Յիսուսն է , թե տասնեկու աշակերտներից մեկը: - Բայց ես ճանաչում եմ Անդրեասին, որը հաստատապես նրա աշակերտներից մեկն է: Թագավորի նամակը նրա ու նրա ընկերոջ` մյուս աշակերտի ` Փիլիպոսի միջոցով կհասցնենք Յիսուսին ,- խոստացավ իջեւանատան տերը: Անան - բժիշկ – քուրմի սիտը ջերմությամբ էր լցվել: Նա զգում էր, որ Երուսաղեմում իջել է երկնային կենսական ջերմություն եւ լույս, այն ջերմությունը, որ նա զգում էր հոգով վեր բարձրանալիս ` արեւի շրջանում: Նա շփոթված էր եւ չէր կարողանում հասկանալ, թե ինչու՞ է իր սիտը այդպես խենթորեն տրոփում ու խայտում: Մտատեսությամբ միայն ընկալում էր Լույսի , Աստվածային Լույսի մեծ խտացում այդ քաղաքի վրա: Քուրմը եւ իր ուղեկիցները շատ զգույշ էին, քանի որ , եթե բացահայտվեր , որ իրենք Եդեսիայից են ու հայ են` կբանտարկվեին, քանզի Հերովդեսը մեծ թշնամություն ուներ հայերի նկատմամբ:

Անան- դպիր – քուրմը աննպատակ քայլում էր շուկայում: Նա չէր նկատում մարդկանց եւ նրանց աղմուկը, որոնք իրենց ապրանքներն էին գովում, վեր ու վար ձգում, անցորդների աջ ու ձախ կողմը ընկնում` գնիր, գնիր, գնիր, եզակի է, միակն է, էլ չես գտնի:

Նա նկատեց, որ մարդիկ խուբ-խումբ հավաքվելով քայլում են դեպի քաղաքի գլխավոր դարպասը:

Ինքն էլ միացավ նրանց:

Եւ ահա քաղաքի մուտքին երեւաց մեկը էշի վրա նստած, շրջապատված աշակերտներով:

Մարդիկ երջանկացած, պայծառ, ժպտադեմ` դիմավորում էին հեծյալին` նրա ճամփին փռելով ձիթենու ճյուղեր, իրենց շապիկները հանում ու ոտերի տակ էին ձգում` գոչելով. - Օվսաննա~ , օրհնյալ է տիրոջ անունով եկող թագավորը…: Բոլորը` այր, թե կին, մեծ, թե փոքր, մայր, թե մանուկ ոգեւորված էին, երջանկությունից խենթացած: Քուրմ- դդպիրը զգաց, որ այն լույսը, որ տեղավորվել է իր սրտում եւ ողջ մարմինը ջերմությամբ լցրել` ուժգնացավ , ընդարձակվեց: Լույսը ճառագում էր հեծյալի վրայից, տարածվում աշակերտների եւ ժողովրդի վրա: Լույսը, Աստվածային Լույսը որի մեջ նա անէանում, անանձնանում, որին նա հանձնվում էր արեւի շրջանում` հիմա այստեղ է , երկրի վրա, իր շուրջը: Նա էր, Արեւային Մեծագույն Ոգին, իր Աստվածը, որին նա հաղորդակցվում էր արեւի շրջանում, որին նա իր վերջին երկու հոգեւոր ճամփորդությունների ընթացքում չէր գտել ի հուսահատություն իրենց քրմական դասի, Միհրի տաճարի քրմական խորհրդի: Որքան կուրախանան նրանք` ավագ քրմապետը, քրմական խորհուրդը եւ բոլոր քրմերը, ու տաճարը պատած մութը նորից լույսի կփոխարկվի: Նրան հայտնի էր, որ սրբազան տաճարներում հնուց ի վեր ավանդվում է, որ Աստված կգա մարդու մարմին առած եւ դա կլինի տիեզերքի ու երկրի ընթացքի մեջ մեծ- ագույն շրջադարձ, երկիրը պատած մութը կանցնի, երկրի զարգացումը կիմաստավորվի, մարդիկ այլեւս կուլ չեն գնա մութին , մեղքին, չարիքին…; Մարդկանց կտրվի փրկության ճանապարհ:

Նա կաշետոպրակից հանեց մագաղաթի կտորը ու փորձեց գծել, պատկերել մարդու մարմին առած Աստվածային Լույսը:

Պատկերը գծել չէր հաջողվում, դեմքի, հայացքի, աչքերի անընդհատ փոփոխվող շարժումները, կածկլտումները մագաղաթին ամրագրել չէր հաջողվում:

Նա շատ զարմանում էր, որ իրեն չի հաջողվում մագաղաթի վրա գծել այն ինչը ակնհայտ էր ու տեսնում էր:

Երեկոյան իջեւանատանը իմացավ , որ Աբգար թագավորի նամակը Անդրեասի ու Փիլիպոսի միջոցով հանձնվել է Յիսուսին: Իջեւանատան տերը մյուս օրը Անանին տարավ Անդրեասի ու Փիլիպոսի մոտ, որոնք քարոզում էին հավաքված ժողովրդին: Երբ նրանք խոսում էին , նրանց վրա լույս էր իջնուն, խոսքերը սրտից էին բխում: Նրանք կարողանում էին խոսել սրտի լեզվով, ու լսողներին թվում էր, թե նրանք չէ , որ խոսում են, այլ Մարգարեն, ՈՒսուցիչը…: Քարոզից հետո նրանք վերագտնում էին իրենց սովորական, բոլորին ծանոթ տեսքը, ու մարդիկ ճանաչում էին` սա Անդրեասն է, սա` Թովմասը, սա` Նաթանաելը, Փիլիպոսը…: Յիսուսը միաժամանակ քարոզում էր իր աշակերտների միջոցով տարբեր վայրերում, ու մարդիկ կարծում էին , որ հենց նա է Յիսուսը, որը իրենց հետ խոսում է: Այդ պատճառով անհրաժեշտ եղավ , որ տասներկու աշակերտներից մեկը մատնիչ դառնար:

Հաջորդ օրը Անանը գտավ Յիսուսին, որը իր աշակերտների հետ նստած մի մեծ սրահում ընթրում էին, որից հետո Նա կանգնեց, ղենջակը գոտկին ամրացրեց ու մեկ առ մեկ իր բոլոր աշակերտների ոտքերը լվաց: Այդ ընթացքում Անանը փորձում էր մագաղաթի վրա պատկերել աշակերտների ոտքերը լվացող Յիսուսին եւ դա նրա մոտ չէր ստացվում:

Երբ նրանք դուրս եկան ու գնացին ձիթենյաց պարտեզի կողմը` Անանին հաջողվեց մոտենալ ու շփվել Յիսուսի պարեգոտի եզրին:

- ԱՅԴ ԴՈՒ՞ ԵՍ …. ՏԵՐ ԻՄ ԵՒ ԱՍՏՎԱԾ ԻՄ…

Անանի սրտում հնչեց հարցը: Յիսուսը մի պահ կանգ առավ, նայեց նրան: Նրանց հայացքները հանդիպեցին, որը մինչ այդ չէր եղել:

Անանին թվաց, թե ինքը հոգու ճամփորդության մեջ է, արեւի շրջանում, իր առջեւ կանգնած է Մեծագույն Արեւային Աստվածը: Անանի ուրախությունը անչափելի դարձավ:

Նա գտել էր իր Աստծուն երկրի վրա մարդկային մարմին առած: Յիսուսը տեսավ նրա ձեռքի մագաղաթի կտորը, որի վրա Անանը փորձում էր պատկերել Անպատկերելին:

Յիսուսը վերցրեց նրա վզին փաթաթած թաշկինակը, իր դենքը սրբեց դրանով ու վերադարձրեց:

…. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍ , ՔՐԻՍՏՈՍ ԱՐԵՒՎ ….

Շշնջաց Անանը:

ՈՒ նրան թվաց, թե Յիսուսը ժպտաց իրեն…: Թաշկինակի վրա Յիսուսի անձեռակերտ պատկերն էր…: Երեկոյան Անանին հանձնեցին Յիսուսի պատասխան գրությունը Աբգար թագավորին, որը գրել էր Թովմաս աշակերտը Նրա հրամանով: Առավոտյան , երբ նրանք պատրաստվում էին քաղաքից դուրս գալ Եդեսիա գնալու համար, տեսան , որ փողոցները լցված են մարդկանցով, որոնք աղմկելով գնում էին հռոմեացի կուսակալի պալատը: Անանը եւ իր ուղեկիցները միացան նրանց խառնշփոթ ընթացքին: Երբ մոտեցան պալատին հռոմեացի զորապետը դուրս բերեց Յիսուսին, գլխին փշե պսակ դրած, դեմքն արյունոտված, ընչանցքներից արյուն էր կաթկթում:

Զորապետը ինչ-որ բան ասաց քահանայապետին ու հավաքված ամբոխին, իսկ նրանք միաբերան գոռում էին. -- Խաչեք , խաչեք …:

Հռոմեացին երեք անգամ տարավ ու ետ բերեց Յիսուսին, ցանկանալով հաստատել, որ նա անմեղ է, բայց ամբոխը համառորեն ցանկանում էր , որ խաչեն Նրան , որին մի շաբաթ առաջ ` օվսաննա~ , էին գոռում:

Այդպիսով կատարյալ դարձավ այդ ամբոխի սրբապղծությունը: Նրանք ետ դարձան:

Դպիր – Քուրմ - Բժիշկ Անանը կարկամել էր, խոսել չէր կարողանում, մթագնել էր միտքը, կարծում էր , որ մութի մեջ խարխափում է:

Նրան նստեցրին իր ձին, երկու ուղեկիցները իրենց մեջ առած` շարժվեցին Երուսաղեմից դուրս, մեկը ձիու սանձն էր քաշում մյուսը կողքից էր շարժվում` ամուր բռնած նրա թեւերից: Նրանց թվում էր, որ իրենց քուրմը անակնկալ նինջի մեջ է ընկել ու որեւէ կերպ չի արձագանքում շրջապատին:

Նրանք քուրմի կյանքի համար պատասխանատվություն ունեին` մի քանի անգամ փորձեցին արթնացնել, խոսեցնել` չարթնացավ, չխոսեց:

Նրանք երբեմն - երբեմն կանգնում եւ ստուգում էին` շնչու՞մ է , կենդանի՞ է, թե մեռա ծ  : Մեռած , թե կենդանի Աբգար արքայի դպիրին պիտի տեղ հասցնեին:

Երրորդ օվա վերջին Անանը արթնացավ ուրախություն պատճառելով իր պահապաններին: - ՈՒսուցիչ, դուք որտե ղ էիք , երբ քաղաքից դուրս եկանք` ոչ խոսում էիք , ոչ լսում էիք, ոչ շնչում էիք, ոչ ուտում էիք, ոչ խմում էիք, մեռաք ու նորից կենդանացա՞ ք,- հարցրին զինվորները: - Մեռա ու նորից կենդանացա ,- ժպտալով պատասխանեց Անանը իր հավատարիմ պահապաններին: - Քաղաքից դուրս , օրվա վեցերրորդ ` արեւի ժամին արեւը խավարեց: Մենք սարսափահար կանգնեցինք, ձեզ ձիու վրայից իջեցրինք, ապաստան էինք փնտրում… կարծում էինք աշխարհը կործանվում է…: - Գիտեմ , որ արեւը խավարեց ,- պատասխանեց Անանը: - Հետո մեծ երկրաշարժ եղավ, գետինը պատռվեց, հսկա քարեր ու ծառեր գլորվում էին անդունդի մեջ , մեզնից մի քանի ծնկաչափ հեռու, ձիերին ու մեզ հազիվ փրկեցինք: - Գիտեմ , որ անդունդները բացվեցին ,- նորից պատասխանեց Անանը: - Բայց դուք քնա՞ ծ, թե՞ մեռած էիք…: - Քնած, թե մեռած մեկ է…, երբ այնտեղ ես , ամեն ինչ տեսնում ես, ամեն ինչ հայտնի է դառնում,- պատասխանեց Անանը: Երբ մոտեցան Եդեսիային` արքայի զինվորները, որոնք հսկում էին ճանապարհը, նրանց տարան թագավորի պալատը: Անանը Աբգար թագավորին հանձնեց Յիսուսի պատասխան գրությունը, ի ցույց դրեց թաշկինակը, որի վրա դաջված էր Յիսուսի անձեռակերտ պատկերը ու թուլտվություն խնդրեց վերադառնալու Աշտիշատ ` քրմական խորհրդին եւս հայտնելու իր առաքելության մասին:

  • * *

ԶՐՈՒՅՑ ՔՐՄԱՊԵՏԻ ԵՒ ԱՆԱՆ ՔՈՒՐՄԻ ՄԻՋԵՒ

- Աստված արեւից իջել եւ մարդկային մարմին է առել: - Այն իմաստությունը, որ մեզ ավանդվել է Մուսասիրում մեր խալդի քրմերի կողմից,ասում է, որ կգա ժամանակը, որ Արեւային Աստվածը կիջնի երկրի վրա մարդկային մարմին առած: - Եկել է այդ ժամանակը, որ հիմա է: Եւ դա կլինի եզակի, մեկ անգամ , երբեւէ այլեւս չի կրկնվի: - Աստված ընթրեց իր աշակերտների հետ, ապա բոլորի ոտքերը լվաց: - Ընթրիքը ` հաղորդության ծեսն է: - Աստված հաստատում է, որ կյանքում միշտ մեզ հետ է ու մեր մեջ է մինչ վախճանը աշխարհի: Ոտնլվան: - Մեր տեր Աստվածը այդպիսով խոնարհվեց իրենից ցած կանգնած դասի առջեը, հաստատելով, որ ,,Ես այս բարձրությանն եմ հասել, շնորհիվ նրա , որ դուք կաք այդտեղ ներքեւում,,: - Աստծուն խաչեցին: - Դա ես իմացա մտատեսությամբ, երբ խորը քուն էր իջել վրաս: - Այդ Մահով Աստված ծնվեց երկրի վար, իր վրա վերցնելով մարդկանց մեղքերը, որոնք մշտապես գործում են: - Երկիրը կունենա զարգացման ճշմարիտ ուղի, մարդիկ էլ ` փրկության ճանապարհ…: - Աստված հարություն առավ , եւ Նրա մարմինը լուսավոր էր ու թափանցիկ: - Մարդիկ էլ կժառանգեն այդ մարմինը, ինչպես , որ ժառանգել ենք այս մարմինը Ադամից…: - Երկիրը, որ մինչ այդ մութով էր պատված` լուսավորվեց հոգու աշխարհում: - Աստծո լույսը սկսեց գործել երկրի շուրջը: - Ի վերջո այդ լույսին կգումարվի մեղքերից մաքրված մարդականց լույսը, ու երկիրը կլինի ինչպես պայծառ աստղ, երբ երկրի վրա ապրող մարդկանց հոգում կլինի Ինքը ` Արեւային Աստված Քրիստոսը; Իսկ նրանք, որոնք չեն կապվի Քրիստոսի հետ ` դա կլինի նրանց համար անհատական ողբերգություն:

                                                                                                        .        .

ԱԲԳԱՐ, ԱՎԱԳ ԱՅՐ - Եդեսիայի հայ թագավոր, որը մեծ հարգանք ուներ Վարշամի ժառանգների ու Մեծ Հայքի Արտաշեսյանների մոտ: - Երանելիներից առաջինը եւ առաջին թագավորը, որը առանց տեսնելու հավատաց Քրստոս ՀԻսուս Աստծուն ` ապրելով ինքը եւ ապրեցնելով իր ժողովրդին: ԱՆԱՆ - Աբգարի դպիրը, բժիշկը, որը Աշտիշատի Միհրի տաճարի քուրմ էր, մտատեսությամբ օժտված: ԱՇՏԻՇԱՏ - Նախաքրիստոնեական Հայաստանի հոգեւոր կենտրոն Արածանիի հովտում, որտեղ գտնվում էր Միհրի ` արեւի ու լույսի մայր տաճարը: ԹԱԴԵՈՍ - Քրիստոս Յիսուսի աշակերտներից, որին Թովմաս աշակերտը Տիրոջ հրամանով ուղարկեց Աբգար թագավորին բուժելու եւ Հայաստանում քրիստոնեությունը քարոզելու:

ԹԱՇԿԻՆԱԿ ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՒՍԻ անձեռակերտ պատկերով - Պահպանվում է Ս. Բարդուղեմիոս հայկական վանքում, Թուրինում, Իտալիա:

Այլ վարկածով այն ի սկզբանե պահվում էր Եդեսիա քաղաքում /Չամչյան/ : Երբ թուրքերը ոչնչացնում էին հայերին 1915 թվին, այդ ժամանակ էլ ոչնչացավ կամ անհայտ կորավ Տիրոջ անձեռակերտ պատկերով թաշկինակը: ՄՈՒՍԱՍԻՐ – Խալդյան Հայաստանի հոգեւոր կենտրոն Վան – Տուշպա մայրաքաղաքի հարեւանությամբ:


ԽԱՉԱԳՈՐԳ

Գորգը բաղկացած է երեք եզրազարդերից ու կենտրոնական հայկական խաչից: Եզրազարդերը մեկը մյուսից բաժանվում են ,,չալքուղ,, ասված երիզով, որը սպիտակ եւ կարմիր թելերեվ հյուսված ու ոլորված նարոտի տոսք ոնի: Դրսի եզրազարդը վերցրված է հայկական ժողորդական գորգից, որին ,,գութան,, են անվանում: Այն խորհրդանշում է չարի ու բարու, լույսի ու խավարի հավերժական պայքարը, որը վերջանում է եռանկյունի հորինվածքով ` խոհրդանշելով Սուրբ Երրորդություն մի Աստվածությության երեք պատկերը ֆիզիկական աշխարհում ` Հայր Սուրբ Աստված, Սուրբ Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Միջին եզրազարդը միջնադարյան հայկական վիշապագորգի եզրազարդ է: Պատկերված են արծվեգլուխներ ` տարբեր դիրքերով, որոնք խորհրդանշում են զվարթուն – հրեշտակներին, եռանկյունի սկահակ ` որպես խնկարկման եւ փառաբանման խորհրդանշան , որը եզրափակվում է երեք բացված վարդերով` հաստատելով կատարելությունը երկրի վրա: Միջին եզրազարդը սկսվում է ,,ՏԵՐ,, գրությունով եւ վերջանում է ՅՍ ՔՍ, ՈԱ - Որդի Աստծո գրությամբ ` ցանկանալով ի ցույց դնել, որ ,, Ամեն ինչ Նրանեվ եղավ, եւ առանց Նրա ոչինչ չեավ, ինչ որ եղավ,, , միաժամանակ հաստատելով , որ ամեն մի ծունկ, ամեն մի էակ խոնարհվում է Տիրոջ առջեւ ու փառաբանում է Նրան: Ներսի եզրազարդը գորգարվեստի մեջ նորություն է: Այն խորհրդանշում է Գողգոթայի միստերիան` երբ Քրիստոս Աստվածը ֆիզիկական մարմին է առնում, ապրում է երկրի վրա, քարոզում, աշակերտներ ունենում, ապա խաչվում ու հարություն առնում: Զարդանախշը բաղկացած է խաչի խորհրդանշանից, որին հետեւում է երկու եռանկյունիների միացումը, որն էլ վերջանում է բացված, ծաղկած վարդով: Եռանկյունիների միացումը հաստատում է , որ երբ մարդը իր ԵՍ – ի մեջ ներառում է ՔՐԻՍՏՈՍ Արեւային Աստծո ԵՍ-ը, ապա նա կենդանի է, նա հասնում է կատարելության ` որի հաստատումն է ծաղկած, լրիվ բացված վարդը: Քրիստոս Աստվածը ինքնազոհողությամբ խաչվեց, եւ խաչը, որ անարգական մահվան նշան էր, վերածվեց փրկության ուղու: Եւ երկրի վրա ապրող ամեն մի մարդ, եթե իրեն չի կապում Քրիստոս Արեւային Աստծո հետ , դա այդ մարդու անհատական դժբախտությունն է, իսկ նրանք որոնք իրենց էության մեջ ընդունում են Քրիստոս Յիսուսին, ասելով ` ,, ոչ թե ես եմ այլ Քրիստոսն է իմ մեջ ,, - հասնում են կատարելության:Կենտրոնում հայկական ծաղկած - բացված խաչն է , որից լույս է սփռվում չորս կողմը: Այդ լույսի մեջ թեւածում են զվարթուն – հրեշտակները, նրանք խաչի թեւերի վրա են, թեւերի միջեւ եւ չորս կողմը: Նրանք կարծես նեցուկ լինելով Քրիստոս Աստծո ինքնազոհողության տիեզերակերտող մեծ հանդեսին, որը միտված էր երկրի ճիշտ զարգացմանն ու մարդկանց փրկության ճանապարհի հաստատմանը ` կարծես ասելով ` Ես եմ Լույսը աշխարհի , Ես եմ Ճանապարհը…: Խաչի շուրջը Տիրոջ տասներկու աշակերտների խորհրդանշաններն են, որոնցից Պետրոսի, Հովհանեսի , Անդրեասի ու Հակոբի նշանները անմիջապես խաչի թեւերի մեջ են: Նրանք այնպես են պատկերված, որ կարծես հավերժական պտույտի մեջ են ` հաստատելով, որ ամեն ժամ, ամեն վարկյան փառաբանում են Տիրոջը…: Խաչի շուրջը դրված են յոթը վառվող մոմեր` աշտանակներ, ինչպես ,,Հայտնության,, գրքում ասում է Տերը ` ,, Ես նա եմ, ով շրջում է յոթը վառվող աշտանակների միջեւ,, , որն էլ խորհրդանշում է Աստվածային լույսը , որը մեր շուրջն է: Այդ յոթ մոմերը որպես հենարան ունեն յոթ բացված վարդեր: Յոթ վարդեր խաչի շուրջը` խորհրդանշում է փրկության ճանապարհը, որով պիտի անցնի ամեն մի մարդ: Խաչը հենվում է կենտրոնական վարդյակին , որի ներսում վառվող մոմ է, խաչանշան, շրջապատված արծվեգլուխներով, որոնք ունեն քսանչորս աչք` ցանկանալով շեշտել, որ Աստծուց ոչինչ թաքուն չէ , Աստված տեսնում է ամեն մի մարդկային արարք, կարդում է ամեն մի մարդկային սիրտ…: Ներքեւի մասում մուգ - կարմիր եռանկյունիները արտացոլում են անհավատ, աստվածուրաց մարդկանց: Եթե մարդ չի ընդունում իր ստեղծողին, իր Աստծուն ` նա թուլամիտ է, նա հիվանդ է: Իսկ եթե մարդու էության մեջ ի հայտ է գալիս իմացությունն ու սերը առ իր ստեղծողը, աստիճանաբար նա փոխվում է, լույս է կաթում նրա հոգու մեջ: Մարդու էության այդ աստիճանական փոխակերպումը պատկերված է գորգի հիմքից մինչեւ խաչի վերեւի թեւերի շուրջը պատկերված կատարյալ մարդկային էության խորհրդանշանը: Այդ դեպքում միայն նա կարող է ասել. ,, Իմ մեջ կենդանի է Քրիստոսը, կենդանի եմ եւ ես ,, Պողոս առաքյալ: Քանզի մարդը մարդ է դառնում այն ժամանակ, երբ հնարավորություն է տալիս իր մեջ ապրելու Քրիստոսին, երբ նրա եսը ներծծված է Արեւային Աստված Քրիստոսով, ով պիտի նրա հետ միասին մեկ էություն լինի: Ներքեւից մինչեւ վերեւ պատկերված են խնկամաններ, որոնց մեջ խնկարկվում եւ փառաբանվում է Քրիստոս Աստվածը: Ողջ գորգը փառաբանության փորձ է առ Քրիստոս Աստվածը, ,, Հավատով խոստովանեմ եւ երկիր պագանեմ Քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի…,, Ներսես Շնորհալի: Այս է գորգի առաջին տարբերակի խորհրդանշանները: Գորգը կոչվում է ,,Տեր, հիշեա եւ ողորմեա ,,: Այն գործվել է հավատքով, սիրով եւ աղոթքով:

Գոյություն ունի գորգի երկրորդ տարբերակը այն կոչվում է ,, Տէր կեցցո զՀայս ,, որի առաջին եւ երրորդ եզրազարդերը նույնն են, խաչը ունի շողարձակող ճառագայթներ, իսկ միջին եզրազարդը սկսվում է ` Տէր Տերաց, Թագավոր Թագավորաց, գրությամբ, մնացյալը նույնն է: Թագավոր Թագավորաց Տեր Տերաց ` ո՞վ կբերի աշխարհին արդարություն, ո՞վ կբերի հավատ եւ գիտություն ` Թագավոր Թագավորաց , Տեր Տերաց: Այժմ այն ամենում ուր գործում է Տերը , կրում է այս անունը:

Եւ մոտենում է Մարդու մեջ ապրող Քրիստոսը, որը է ` Թագավոր Թագավորաց, Տեր Տերաց:

Գորգը եզակի է նաեւ նրանով, որ թելերը ներկվել են որդան կարմիրով: Այն շատ մեղմ , ծիծաղերես , մարդու հոգու հետ խոսող երանգներ ունի ` ծիրանագուjնից մինչեւ մանուշակագուն:


Գորգանկարը ` Հայկ Տեր – Վարդանյանի,

Գորգագործ ` Հայկանուշ Տեր – Վարդանյան:

1986թ.

{{subst:OP}}