Վրաստանում
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 19-20։

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, գամարջոբա, ամխանագո Վրաստան,
Արցախական իմ լեռներից հյուր եմ եկել ես հիմա:

Եկել եմ, որ եղբայրության երգեր հյուսենք միասին,
Իրար պատմենք հույզերը մեր, իրար պատմենք մեր մասին:

Եկել եմ, որ շրջեմ նորից հին Թիֆլիսի թաղերով,
Սայաթ-Նովի խաղով լցված` շրջեմ սիրո բաղերով:

Հրաշք լիներ, ծնվեր նորից մեր երգերի մեծ արքան,
Վերածնված իր Թիֆլիսով, Երևանով հիանար:

Եվ հյուսեր իր նոր երգերը ճշմարտության ու լույսի,
Ի հակադիր իր այն դարի մութուլուսի, մշուշի:

Հրաշք լիներ` Աբովյանի Աղասուն ես տեսնեի,
Ու նրա հետ «Վերքի...» դիմաց մեր նոր «Երգը...» հյուսեի:

Հանդիպեի մեր Գաբրիել Սունդուկյանին հանճարեղ,
(Ո՜նց կուզեի Պեպոյի հետ մի օր սրտանց զրուցել):

Սրտի դողով, բայց մեծ հույսով մտնեի ես Վերնատուն,
Հանդիպեի Լևոն Շանթին, Թումանյանին մեծանուն:

Իսահակյանն ու Դեմիրճյանն ինձ կյանքի մեծ դաս տային,
Ու մնայի նրանց դասին` ես` մշտական ունկնդիր:

Հրաշք լիներ ու շրջելիս փողոցներով Թիֆլիսի,
Դեմս ելներ Շիրվանզադեն` իր հայացքով արծվենի:

Դեմս ելներ Մարզպետունին` Մուրացանին թևանցուկ,
Ողջունեի` լուռ թախծելով նրա մահը վաղանցուկ:

Հրաշք լիներ ու շրջելով Հավլաբարի թաղում հին,
Զրուցեի «նեղ օրերից»՝ Նար-Դոսի հետ մտերիմ:

Ամխանագո՜ Սաքարթվելո, իմ սրտակի՜ց, իմ եղբա՜յր,
Քո Ակակի Ծերեթելին ապրում է իմ սրտում հար:

Միշտ հիշում եմ ես կարոտով և անկաշառ սիրով հին`
Ռուսթավելուն, Տաբիձեին, Դումբաձեին, Մորիսին...

Արցախական իմ աշխարհից հյուր եմ եկել ահա ես,
Որ պատմեմ քեզ իմ երազը, սիրող սիրտս բացեմ քեզ:

Եկել եմ, որ ապրեմ նորից քո նոր օրով, նոր կյանքով,
Ձուլվեմ քեզ հետ, քո աշխարհին` քո ծիծաղով, քո ծափով:

Ու մեր այս նոր հանդիպմանը` որպես նվեր, բարի իղձ`
Ընդունիր իմ այս տողերը քո սոմեխի եղբորից...

19.05.82, Թբիլիսի