ԱԼՈՃԵՆԻ, վայրի վիճակում տարածված է Միջին Ասիայում, Ղրիմում, Կովկասում և այլուր։ ՀՀ-ում (հայտնի է 11 տեսակ) աճում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրիի անտառային և մերձանտառային գոտիներում։ Մշակության մեջ օգտագործվում է որպես պտղատու, դեղատու և գեղազարդիչ բույս։ Ա-ուն բնորոշ է ամենամյա առատ բերքատվությունը, ցրտադիմացկունությունը և երաշտակայունությունը, որի շնորհիվ կարելի է այն աճեցնել տարբեր հողակլիմայական գոտիներում։

Պտուղներում պարունակվում են շաքարներ (առավելապես պտղաշաքար), օրգանական թթուներ (հիմնականում խնձորաթթու), աղաղանյութեր, պեկտիններ, ասկորբինաթթու, վիտամին Բ, իսկ կարոտինի պարունակությամբ դրանք չեն զիջում գազարին։ Պտուղները, տերևները և ծաղիկները հարուստ են կենսաբանորեն ակտիվ նյութերով և օգտագործվում են որպես դեղային հումք։ Որպես գեղազարդիչ բույս կիրառում են խմբային տնկումների, կենդանի ցանկապատեր ստեղծելու նպատակով (տես Կանաչապատում):

Առավել տարածված են սովորական, վառ կարմիր, փշոտ, արևելյան, պոնտական տեսակները։ Մ. ծառ է (3-6 մ բարձրության) կամ թուփ։ Ծաղկման տևողությունը 10-20 օր է։ Ինքնապտղաբերող բույս է, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Մեկ թփից հավաքում են 4-20 կգ պտուղ։

Ա. պահանջկոտ է լույսի նկատմամբ։ Ունի հզոր արմատային համակարգ և կարող է աճել տարբեր տիպի հողերում։ Մշակելիս պետք է հաշվի առնել վնասատուների և հիվանդությունների նկատմամբ բույսի ցածր կայունությունը։ Ա. բազմացվում է սերմերով (հիմնականում), անդալիսներով, արմատային շիվերով, կանաչ կտրոններով և պատվաստման միջոցով։

Ցանքսի համար խորհուրդ է տրվում օգտագործել խակ պտուղներից ստացված սերմերը։ Թարմ սերմերը պետք է թրջել 1%-անոց կալիումի նիտրատի լուծույթով (1 օր) և շերտադասավորել 8 ամսվա ընթացքում)։ Սերմնաբույսերը սածիլում են, տնկում մարգերում։ Երկամյա բույսերն օգտագործում են տնկման համար։ Լավագույն ձևերը պատվաստում են ցրտադիմացկուն սերմնաբույսերի վրա։ Դրանք էլ կարելի է օգտագործել որպես թզուկ պատվաստակալ խնձորենու և տանձենու համար։

Ա. կարելի է տնկել այգու շուրջը որպես կենդանի ցանկապատ։ Տնկիների հեռավորությունը՝ 1 մ։ Փոքր այգիներում բավական է ունենալ 1-2 բույս։ Առավել հարմար է դրանք տեղադրել այգու հյուսիսային սահմանի կողմում։

Ա-ու տնկման համար անհրաժեշտ է փորել 70 սմ տրամագծով և 60 սմ խորությամբ փոսեր։ Բույսերի նկատմամբ խնամքը նույնն է, ինչ մյուս պտղատու տեսակներինը (այդ մասին տես Այգի հոդվածում)։