ՏՏՀ/Այգի
ԱՅԳԻ, ըստ պտղի կառուցվածքի առանձնահատկությունների պտղատու և հատապտղատու բույսերը ստորաբաժանվում են հնդավորների, կորիզապտղավորների, ընկուզապտղավորների և հատապտղավորների։ ՀՀ հյուսիսարևելյան և հարավային գոտիներում մշակում են ձիթենի, նռնենի, խուրմա, թզենի։
Հնդավորների արմատային համակարգը հողի մեջ թափանցում է մինչև 34 մ, իսկ արմատների հիմնական զանգվածը տեղաբաշխվում է 20-80 սմ-ի սահմաններում։ Կորիզապտղավորների արմատային համակարգը թափանցում է մինչև 2-3 մ, արմատների հիմնական զանգվածը տեղաբաշխվում է հողի 15-40 սմ-անոց շերտում։ Հատապտղավորների արմատների տեղաբաշխումն ավելի մակերեսային է (15-20 սմ)։ Արմատների թափանցման խորությունը կախված է բույսի ցեղից, սորտից, պատվաստակալի տեսակից, հողի տիպից, ստորգետնյա ջրերի մակարդակից, կիրառվող ագրոտեխնիկայից։ Պտղատու ծառերի արմատները տարածվում են պսակի (սաղարթի) շրջագծից շատ ավելի հեռու։
Սորտային հատկությունների պահպանման նպատակով պտղատու և հատապտղատու ցեղերը բազմացնում են վեգետատիվ եղանակով՝ մացառներով, անդալիսով (տաշտաթաղ), թփի բաժանումով, կտրոններով, աչքապատվաստով, պատվաստով։ Սերմերով բազմացնելիս սորտային հատկանիշները չեն պահպանվում։
Պտղատու և հատապտղատու ցեղերի մեծ մասը միատուն է՝ այսինքն նույն բույսի ծաղիկներն ունեն և՛ արական (առէջքային), և՛ իգական (վարսանդային) օրգաններ։ Բացառություն են չիչխանը (ձիափուշը), ելակը, ակտինիդիումը (երկտուն բույսեր են)։
Բարձր բերք ստանալու համար անհրաժեշտ է տնկել նույն ժամկետում ծաղկող տարբեր բույսերի մի քանի սորտ, որոնք կապահովեն փոխադարձ լավ փոշոտում։ Ինքնապտղաբեր սորտերի խաչաձև փոշոտումը նույնպես բարձրացնում է դրանց բերքատվությունը և պտուղների որակը։
Ցեղերի և սորտերի ընտրությունը։ Այգու համար ցեղեր և սորտեր ընտրելիս առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բույսերի դիմացկունությանը շրջապատի աննպաստ պայմանների (ցրտադիմացկունություն, երաշտադիմացկունություն, հիվանդադիմացկունություն) նկատմամբ, հաշվի առնել վաղ պտղաբերությունը, սորտերի բերքատվությունը և պտուղների որակը։
Նախապես պետք է որոշել այգու հողի պիտանիությունը՝ տարբեր ցեղերի և սորտերի աճեցման համար, հաշվի առնել բույսերի պահանջը հողի, ջերմաստիճանի, խոնավության նկատմամբ, արմատների թափանցման խորությունը ևն։ Առավել երաշտակայունը բալենին և կոկռոշենին են, դրանց քիչ են զիջում ծիրանենին, տանձենին, առավել խոնավասեր են սալորենին, ազնվամորին, գետնամորին, սև հաղարջենին, չիչխանը։ Խնձորենու և տանձենու համար ստորգետնյա ջրերի մակարդակը հողի մակերևույթից պետք է լինի 2-3 մ խորության վրա, իսկ բալենու, սալորենու, ծիրանենու, դեղձենու համար 1,5-2 մ։ Ստորգետնյա ջրերի ավելի բարձր մակարդակը վատացնում է հողի ջրաօդային ռեժիմը և կարող է չորացնել բույսերը։
Եթե տեղամասն ըստ միկրոռելիեֆի և հողատիպի պիտանի չէ պտղատու բույսերի համար, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ աճեցնել հատապտուղներ, բանջարաբույսեր և ծաղիկներ։ Տեղամասը չպետք է ծանրաբեռնել ծառերով և թփերով, որովհետև բույսերը լուսասեր են, իսկ խտությունը բացասաբար է անդրադառնում բերքատվության և բերքի որակի վրա։ Չի կարելի մեջընդմեջ տնկել ծառեր, թփեր և բանջարաբույսեր։ Դա դժվարացնում է պայքարը հիվանդությունների և վնասատուների դեմ։ Ա-ում բույսերը պետք է տեղաբաշխել ըստ ցեղերի։ Նպատակահարմար է տնկել տարբեր ժամկետներում հասունացող (վաղահասից մինչև ուշահաս) սորտեր։ Տնամերձ Ա-ում հանձնարարվում է տնկել պտղատու և հատապտղատու բույսերը հետևյալ հարաբերակցությամբ. խնձորենի՝ 10-12, տանձենի՝ 2-3, ծիրանենի՝ 3-4, դեղձենի՝ 2-3, բալենի՝ 34, սալորենի՝ 3-4 ծառ, հաղարջենի՝ 6-8, կոկռոշենի՝ 2-3, ազնվամորի՝ 20-30, չիչխան՝ 3-4 թուփ, գետնամորի՝ 40-50 մ²։ Խնձորենու տեսականու ընտրության ժամանակ հիմնական մասը պետք է լինեն ձմեռային, հետո միայն աշնանային և ամառային սորտերը։
Պտղատու ծառերը և հատապտղատու թփերն անհրաժեշտ է տեղաբաշխել այնպես, որ դրանք չստվերեն բանջարաբույսերը և ելակը։ Նպատակահարմար է պտղատու ծառերը տնկել հողամասի հյուսիսային, հյուսիս-արևմտյան կամ հյուսիս-արևելյան մասերում։
Բույսերի տեղաբաշխման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց պահանջը լույսի նկատմամբ։ Հողամասի հարավային կողմում կարելի է տնկել բանջարաբույսեր և գետնամորի, հյուսիսային կողմում՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, իսկ դրանց միջև՝ դեղձենի, բալենի, սալորենի, հատապտղատու թփեր։ Պտղատու ծառերը պետք է այնպես տեղադրել, որ դրանք չստվերեն հարևան հողամասերը, բարձրաճ ծառերը պետք է գտնվեն ցանկապատից 3 մ հեռու։ Հատապտղատու թփերը կարելի է տնկել հարևան հողամասից 1 մ հեռավորությամբ։
Հողամասը տնկման նախապատրաստելու համար պետք է սկսել հատակագծի կազմումից՝ ընտրելով տան, տնտեսական կառույցների, պտղատու այգու, հատապտուղների և բանջարանոցի տեղը։
600 մ² մակերեսով հողամասում այգեբանջարանոցային և զարդարիկ բույսերը կարելի է տեղաբաշխել հետևյալ նախագծով. պտղատու ծառեր՝ 240 մ, հատապտուղներ՝ 120 մ², բանջարանոց՝ 100 մ², զարդարիկ բույսեր՝ 80 մ², այգետնակ և տնտեսական մաս՝ 60 մ²։ Այնուհետև անհրաժեշտ է հարթեցնել հողամասի մակերևույթը։ Պտղատու բույսերի տնկումից առաջ հողամասը պետք է վարել կամ կրկնափորել։ Գարնանը կամ ամռանը ճմապատված հողամասը վերափորում են 8-10 սմ խորությամբ, շրջված ճիմը մանրացնում են և այդպես թողնում մինչև աշուն։ Աշնանը հողամասը վերափորում են 18-20 սմ խորությամբ։ Ճիմն, ընկնելով խոր շերտերը (18-20 սմ), չի աճում և աստիճանաբար քայքայվում է։ Հաջորդ տարվա գարնանը հողը վերավարում են 10-15 սմ խորությամբ, որպեսզի ճիմը և աշնանը հող ներմուծած պարարտանյութերը մակերևույթ դուրս չբերվեն։
Խոնավ հողերում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է (1,5 մ-ից պակաս պտղատուների և 1 մ-ից պակաս հատապտղատու և բանջարային բույսերի համար), այգեբանջարանոցային բույսերը կարելի է հաջողությամբ աճեցնել միայն 1,5-2,0 մ տրամագծով, 0,5-1 մ բարձրության արհեստական թմբեր կամ 1-1,5 մ լայնության, մինչև 0,5 մ բարձրության մարգեր ստեղծելով։ Ա-ու բույսերի բնականոն աճը պայմանավորված է հողի թթվայնությամբ, որը որոշում են վայրի բուսականությամբ, եթե հողամասում աճում է երեքնուկ, հողը թթու չէ, իսկ թրթնջուկի, ձիաձետի առատության դեպքում՝ թթու է։ Գերադասելի են թույլ թթվայնություն ունեցող հողերը։ Թթու հողերը պետք է կրայնացնել (տես Հողեր, Պարարտանյութեր):
Տնկանյութ. երկամյա պտղատու տնկիները պետք է ունենան 3-ից ոչ պակաս կողմնային ճյուղեր և միջնորդ ուղեկցորդ ու համապատասխանեն հետևյալ պահանջներին. արմատների երկարությունը պետք է լինի 35-40 սմ, խնձորենու տնկիի ծառաբնի բարձրությունը ուժեղ աճեցողություն ունեցող պատվաստակալի վրա 50-60 սմ, հաստությունը՝ 2,0-2,5 սմ, հիմնական կմախքային ճյուղերի երկարությունը՝ 50-60 սմ, ցածրաճ պատվաստակալի վրա համապատասխանաբար՝ 30-40, 1,5-2,0 և 40-50 սմ։ Բալենու, ծիրանենու, դեղձենու և սալորենու ծառաբնի բարձրությունը պետք է լինի 40-60 սմ, հաստությունը՝ 2,0-2,5 սմ, հիմնական կմախքային ճյուղերի երկարությունը՝ 40-60 սմ։
Տնկիների հողածածկումը և տնկումը. տնկանյութը պետք է ձեռք բերել աշնանը կամ գարնանը։ Գարնանը տնկելու համար աշնանը ձեռք բերած տնկիները պետք է թաղել 50-60 սմ խորության և 40-50 սմ լայնության քամուց պաշտպանված առուներում՝ տնկիներին տալով հարավային ուղղության թեքություն։ Արմատները պետք է ծածկել փուխր, խոնավ, 0,5 մ հաստության հողաշերտով, լավ ջրել, նորից ծածկել հողով և տոփանել, որպեսզի արմատների միջև դատարկություն չմնա։ Խնձորենին և տանձենին կարելի է տնկել և՛ աշնանը (տերևաթափից հետո), և՛ գարնանը (մինչև բողբոջների բացվելը)։ Ծիրանենին, դեղձենին, բալենին և սալորենին գերադասելի է տնկել գարնանը։ Տնկելուց առաջ պոկված, կոտրված արմատների ծայրերն անհրաժեշտ է կտրել սուր դանակով կամ էտիչով։ Տնկափոսեր փորելիս հողի վերին և ներքին շերտերը պետք է լցնել տարբեր կողմեր։
Վերին շերտին խառնում են օրգանական (1-2 դույլ բուսահող կամ տորֆ), և հանքային (200-300 գ սուպերֆոսֆատ և 40-60 գ կալիումի քլորիդ կամ 300-400 գ փայտի մոխիր) պարարտանյութեր։ Կիր և ազոտական պարարտանյութեր չեն օգտագործվում, քանի որ դրանք առաջացնում են արմատների այրվածքներ։ Տնկափոսի 2/3-ը լցնում են պատրաստված խառնուրդ, տնկին դնում են ցցի մոտ այնպես, որ արմատավզիկը (արմատից բնին անցման տեղը) հողի մակարդակից 5-6 սմ բարձր լինի։ Արմատները ծածկում են մնացած բերրի հողով՝ պնդացնելով ոտքով։ Հետո պետք է պատրաստել փոսիկ, լավ ջրել (1-2 դույլ) և մուլչապատել տորֆով կամ թեփով։ Ստորին հորիզոնների հողը ցրել միջշարքերում։
Աչքապատվաստ և պատվաստում. աչքապատվաստը պտղատու ծառերի սորտերի բազմացման հիմնական եղանակն է։ Հնդավորները և կորիզավորները պետք է աչքապատվաստել ամռանը (հուլիս-օգոստոս), հյութաշարժության ժամանակ, երբ կեղևը լավ է անջատվում բնափայտից։ Ցանկալի սորտից պետք է կտրել ընթացիկ տարվա ընձյուղները (20 սմ-ից ոչ պակաս երկարության), հեռացնել տերևները՝ թողնելով ոչ մեծ կոթեր (4-5 մմ), ապա աչքապատվաստի սուր դանակով կտրել բողբոջը վահանիկով (4-5 սմ երկարություն), պատվաստակալի վրա անել T-աձև կտրվածք, դնել դրա մեջ վահանիկը և փաթաթել սինթետիկ ժապավենով կամ ճիլոպով։ Աչքապատվաստում են 12 տարեկան սերմնաբույսերը։
Պտղատու բույսերի սորտերի բազմացման համար կիրառում են նաև կտրոնապատվաստը։ Այն կատարում են հյութաշարժության ժամանակ բողբոջների ուռչելու շրջանից մինչև ծաղկումը՝ օգտագործելով աշնանը ձեռք բերված կտրոնները։ Կտրոնները պետք է փաթաթել խոնավ թղթով, տեղավորել սինթետիկ պարկում և պահել սառնարանում կամ նկուղում։ Հայտնի են պատվաստման տարբեր եղանակներ. աչքապատվաստ «լեզվակի տակ», երբ պատվաստակալի կեղևը հեռացվում է՝ թողնելով 5-7 մմ լեզվակ, որտեղ տեղադրվում է աչքը և կապվում։ Տարածված է նաև բարելավված կտրոնապատվաստը. շեղակի կտրվածքի վրա լեզվակ են անում՝ ճեղքելով կտրվածքի մակերեսը երկարության 2/3 մասից։ Լեզվակները իրար են հագցնում, արտաքին մակերեսը ծածկում այգու մածիկով։ Հասուն ծառերը վերապատվաստելիս հարկավոր է կտրել կմախքային ճյուղերը՝ թողնելով 20-30 սմ հիմք։ Պատվաստների լավ համաճման համար վերապատրաստվող ծառը պետք է լինի առողջ, ձմեռադիմացկուն, չցրտահարված և չչորացած շվերով, լավ անջատվող կեղևով։ Պատվաստի կտրվածքները պետք է լինեն մաքուր, հարթ և համատեղվեն կտրոնի կտրվածքի մակերեսի մեծ մասում։ Պատվաստի տեղը պետք է ամուր կապել և կտրվածքի բոլոր բաց մասերը ծածկել այգու մածիկով (տես Այգու մածիկ): Մեկ ամսից հետո կապը պետք է քանդել։ Պատվաստակալի ուժեղ աճ ունեցող ընձյուղների մեծ մասը պետք է հեռացնել, մնացածները ծերատել (աճը դանդաղեցնելու համար) և վերջիններին կապել աճող պատվաստված ընձյուղները, որպեսզի քամուց չվնասվեն։
Պտղատու ծառերի ձևավորումը և էտը. ծառերի աճի առաջին տարիներին կատարում են ձևավորող էտ, որի նպատակը հավաք, լավ լուսավորվող, աճող ճյուղերով հագեցած և խնամքի համար հարմար պսակ (սաղարթ) ստեղծելն է։ Նախ պետք է կտրել դեպի սաղարթի ներսը ուղղված, լավ չտեղադրված և խաչաձևված ճյուղերը։ Պտղատվության շրջանում կատարվում է առավելապես կարգավորող (աջակցող) էտ՝ աջակցելով բույսի աճի և պտղատվության ֆիզիոլոգիական հավասարակշռությանը։ Սաղարթը նոր բերքատու ճյուղերով լրացնելու համար պետք է հեռացնել խտացնող ճյուղերը։ Պտղատվության և չորացման շրջանում տարեկան աճը թուլանում է, երկարությունը չի անցնում 15 սմ-ից։ Այս դեպքում անհրաժեշտ է երիտասարդացնող էտ աճի դադարը կանխելու, աճի և պտղատվության հավասարակշռությունը վերականգնելու հաճար։ Էտը պետք է սկսել սաղարթի նոսրացումից՝ կտրել խտացնող սաղարթի ներսը գնացող, խաչաձևող ճյուղերը։ Ավելի լավ է հեռացնել խտացնող 1-2 խոշոր ճյուղ, քան զգալի քանակով փոքր ճյուղեր։ Սաղարթը ցածրացնելու, լուսավորվածությունը բարելավելու համար հարկավոր է կտրել գլխավոր ճյուղը (3-3,5 մ-ից բարձր մասը)՝ ճյուղավորություններով: Անհրաժեշտ է կտրել դեպի դուրս աճող կողմնային ճյուղավորությունների վրա վերին չոր ճյուղերը։
Այգու խնամքը. տնկումից հետո առաջին տարիներին շատ կարևոր է ծառի մերձբնային տարածությունը (1-1,5 մ շառավղով) պահել փուխր և մոլախոտերից զերծ։ Վեգետացիայի ընթացքում, անձրևներից, ջրելուց հետո հարկավոր է հողը փխրեցնել թակուջակով 8-12 սմ խորությամբ, աշնանը ծառերի բնի շուրջը (1 մ շառավղով) հողը պետք է վերափորել 10-12 սմ խորությամբ, իսկ 1 մ-ից ավելի տարածության վրա՝ 18-20 սմ։ Տնկման և զարգացման առաջին տարիներին պտղատու ծառերն առանձնապես զգայուն են խոնավության նկատմամբ. դրա համար սեզոնում պետք է ջրել 4-5 անգամ, 2-3 դույլ՝ յուրաքանչյուր ծառին։ Մատղաշ ծառերի սաղարթի տակ այդ շրջանում չպետք է տնկել որևէ բույս։ Թեքությունների վրա հողի լվացումը կանխելու համար միջշարքերում կարելի է աճեցնել բազմամյա խոտաբույսեր, բայց մերձբնային տարածությունները պետք է մաքուր լինեն մոլախոտերից։ Քանի որ տնամերձ այգում պտղատու, հատապտղատու և բանջարաբույսերը հաճախ գտնվում են անմիջականորեն իրար մոտ, հերբիցիդներ չպետք է կիրառել. մոլախոտերի դեմ պետք է պայքարել փխրեցումով և քաղհանով։ Լավ խնամքի պայմաններում բալենու և սալորենու պտղաբերումը սկսվում է տնկումից հետո 2-3-րդ տարում, խնձորենու և տանձենու վաղահաս սորտերինը՝ 4-5-րդ, ուշահասներինը՝ 7-9-րդ, ծիրանենունը՝ 4-5-րդ, դեղձենունը՝ 2-3-րղ տարում։
Տնկման տարում մատղաշ ծառերը հատկապես կարիք են զգում ֆոսֆորական պարարտանյութերի, դրանք նպաստում են ակտիվ արմատների զարգացմանը, իսկ ազոտական պարարտանյութերը վատացնում են արմատակալումը։
Օգտակար է փտած գոմաղբը կամ կոմպոստը։ Հանքային և օրգանական պարարտանյութերով պետք է սնուցել բույսերի կյանքի երկրորդ տարում։ Լավ արդյունք է տալիս օրգանական պարարտանյութերով ամենամյա սնուցումը (3-5 կգ 1 մ²–ին)։ Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը տալիս են խորը կրկնափորի ժամանակ աշնանը կամ գարնանը, ազոտականը՝ գարնանը, կամ կեսը վաղ գարնանը, մնացած մասը՝ ամռան սկզբին։ Ըստ հողի բերրիության և ծառերի տարիքի, մերձբնային տարածություն ներմուծում են 20-40 կգ օրգանական պարարտանյութ և 100-200 գ ամոնիակային բորակ, 200-400 գ սուպերֆոսֆատ և 60-120 գ կալիումի քլորիդ։ Օրգանական և հանքային պարարտանյութերի համատեղ օգտագործման դեպքում վերջիններիս չափաքանակը պետք է նվազեցնել կիսով չափ։ Պտղաբեր ծառերի հողը պետք է պահել որպես սև ցել՝ փխրեցնելով անձրևներից և ջրելուց հետո։ Աշնանը ծառերի սաղարթի տակ հողը պետք է կրկնափորել 12-15 սմ խորությամբ, իսկ բների շուրջը՝ 10-12 սմ։ Մերձբնային շրջանում մոլախոտերը պետք է քաղհանել կամ հաճախ (5-6 անգամ սեզոնում) հնձել։ Աշնան կրկնափորի ժամանակ 1 մ²–ին պետք է տալ 3-4 կգ գոմաղբ, 40-60 գ սուպերֆոսֆատ և 20-30 գ կալիումի քլորիդ, վաղ գարնանը՝ ազոտական պարարտանյութեր (40-60 գ ամոնիումի սուլֆատ)։
Ծառերի խիստ երիտասարդացնող էտի տարիներին, ինչպես նաև բարձր բերքի ժամանակ ազոտական պարարտանյութերի չափաքանակը պետք է ավելացնել և տալ 2 նվագով՝ բողբոջների բացման և սերմնարանների թափվելու ժամանակ։ Արդյունավետ են օրգանական պարարտանյութերով հեղուկ սնուցումները (1 դույլ լուծույթ՝ 1 մ²–ին)։
Երբեմն միջշարքերի հողը թողնում են ճմապատ։ Այս դեպքում խնամքի աշխատանքները կրճատվում են։ Որպեսզի ճմապատումը դրական արդյունք տա, անհրաժեշտ է կանոնավորապես (6-7 անգամ սեզոնում) խոտը հնձել, մանրացնել և թողնել տեղում որպես ցանքածածկ։ Ջրել պետք է անձրևացումով, ազոտական պարարտանյութերի չափաքանակը մեծացնել 1,5-2 անգամ, պայքարել մկների դեմ։
Ծաղիկների և սերմնարանների պահպանումը ցրտահարություններից. ծաղիկները և սերմնարանները -3...–4 °C ցրտահարություններից պաշտպանման առավել արդյունավետ եղանակը մանր ինտենսիվ անձրևացումն է ցածր ջերմաստիճանների ընթացքում։ Կիրառվում է նաև ծխահարումը։ Նախապատրաստված տարբեր տեսակի վառելիքի (չոր տերևներ, ծառի ճյուղեր և այլն) կույտերը (1-2 ծառին՝ 1 կույտ) պետք է այրել, երբ ջերմաստիճանը նվազում է մինչև 2 °C։ Ծխահարումը պետք է ավարտել արևածագից 1-2 ժամ հետո։
Թզուկ պտղատու ծառեր. թզուկ կոչվում են այն ծառերը, որոնք պատվաստվել են թույլ աճ ունեցող պատվաստակալի՝ պարադիսկայի (թզուկ պատվաստակալ) և դուսենի (կիսաթզուկ պատվաստակալ) վրա։ Սովորական պտղատու ծառերի համեմատությամբ թույլ աճ ունեցող պատվաստակալի սորտերն ավելի ցածրաճ են, վաղ են սկսում պտղաբերել, բայց կարճակյաց են։ Թզուկ պատվաստակալի վրա պատվաստված խնձորենիները պտղաբերում են տնկումից 2-3 տարի հետ։ Միևնույն սորտը թզուկ պատվաստակալի վրա ունի ավելի խոշոր պտուղներ, քան ուժեղ աճ ունեցող պատվաստակալի վրա։ Թզուկ ծառերի թերություններն են ցածր ձմեռադիմացկունությունը և արմատային համակարգի խարսխվածության հուսալիության անբավարարությունը (բերքի ծանրությունից և ուժեղ քամիների ժամանակ ծառերը հաճախ թեքվում են և ընկնում)։
Բերքահավաքը. պտուղները և հատապտուղները անհրաժեշտ է հավաքել, երբ կեղևը և պտղամիսը ստանում են համապատասխան գույն, պտղակոթը հեշտ է անջատվում ճյուղից, սերմերը կոշտանում են, դառնում մուգ գորշ կամ դարչնագույն։ Պտուղները պետք է հավաքել չոր եղանակին, հիմնականում պտղակոթի հետ։ Առանց պտղակոթի հավաքում են հաղարջենու, կոկռոշենու, երբեմն բալենու և սալորենու պտուղները։ Բերքահավաքը նպատակահարմար է սկսել ներքևի ճյուղերից, պտուղները զգուշորեն տեղավորել զամբյուղների կամ դույլերի մեջ։ Վերևի ճյուղերից պտուղները հավաքելիս օգտագործում են նաև պտղաքաղեր։ Տես նաև առանձին պտղահատապտղատու բույսերի մասին հոդվածները։