Անքնություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 249
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ, գիշերային քնի տարբեր խանգարումների ընդհանուր անվանումը։ Առավել հաճախ դրսևորվում է արթուն վիճակից քնի անցման փուլի խանգարումներով, ընդհատվող մակերեսային քնով կամ վաղ արթնացմամբ։ Ա-յան պատճառները տարբեր են։ Երբեմն Ա. կարող է ունենալ նաև առողջ մարդը՝ գերհոգնածության, հուզումների, քնի նույնատիպության խախտումների (գիշերային աշխատանք, ուշ ժամի պարապմունքներ), քնատեղի փոփոխության և այլ պատճառներով։ Տարեցների և ծերերի քունը սովորաբար ավելի մակերեսային և կարճատև է՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Դյուրագրգիռ մարդկանց քունը կարող է խանգարվել նույնիսկ չնչին հուզումից։ Ա. նկատվում է նաև տարբեր ծագման ընդհանուր հիվանդությունների, մարմնի ջերմաստիճանի բարձրացման, արյան շրջանառության խանգարումների, շնչառական համակարգի հազի և հևոցի նոպաներով ուղեկցվող հիվանդությունների, նևրոզների և այլ դեպքերում։

Ա. բուժում են այն առաջացնող պատճառները վերացնելով։ Առողջ մարդկանց քունը վերականգնվում է առանց դեղորայքի օգտագործման, բավական է դադարեցնել աղմուկը, մարել լույսը, օդափոխել սենյակը։ Ա-ից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում քնելուց անմիջապես առաջ հրաժարվել ուտելուց և թունդ թեյ կամ սուրճ խմելուց։ Դյուրագրգիռ մարդկանց խորհուրդ է տրվում քնից առաջ զբոսնել, հանգստանալ, ընդունել ընդհանուր կամ ոտքերի տաք լոգանքներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում ընդունել բժշկի նշանակած հանգստացնող կամ քնաբեր դեղամիջոցներ։ Եթե Ա. կապված է ընդհանուր հիվանդությունների հետ, անպայման պետք է դիմել բժշկի։ Տես նաև Քուն: