ՏՏՀ/Ասեղնագործություն մեքենայով

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ, ասեղնագործության այս ձևը լայնորեն կիրառվում է զանազան պատրաստվածքների դրվագման համար։ Մեքենայով կարելի է ասեղնագործել գրեթե բոլոր կարատեսակները։

Մեքենայական ասեղնագործության համար օգտագործում են ոտքի շարժաբերով կամ էլեկտրաշարժիչով կարի մեքենաներ։

Մեքենայի նախապատրաստումը։ Ասեղնագործելուց առաջ անհրաժեշտ է հանել մեքենայի սեղմիչ թաթիկը և գործվածքը մատուցող ատամնաձողը (վերջինս կարելի է իջեցնել այնպես, որ այն գործվածքին չդիպչի, կամ էլ օգտագործել ատամները մեկուսացնող մետաղե հատուկ թիթեղ)։ Վերևի թելի ձգվածությունն ապահովելու համար իջեցնում են սեղմիչ թաթիկի դիրքը սևեռող լծակը։ Վերևի և ներքևի թելերն անցկացնում են այնպես, ինչպես կար անելիս։

Գործիքներ, հարմարանքներ, թելեր և կտորներ։ Մեքենայով ասեղնագործելու համար անհրաժեշտ է ունենալ պտուտակիչներ (մեծ և փոքր) թելի ձգվածությունը կարգավորելու համար, կորացած սուր ծայրերով մկրատ թելը և կտորը կտրելու համար, քարգահ, մեքենայի ասեղներ, № 75՝ մետաքսե և բամբակե բարակ գործվածքների, № 90՝ բրդե և բամբակե խիտ գործվածքների, № 100՝ խիտ և ծանր գործվածքների համար։ Մեքենայով ասեղնագործելու համար օգտագործում են № 65-75 մետաքսե թել, կոճի № 60-80 թել՝ բարակ գործվածքների, և № 50՝ խիտ և ծանր գործվածքների համար։ Թելը պետք է համապատասխանի ասեղի համարին, գործվածքի որակին և նախշի բնույթին։

Կտորի ձգելը քարգահով։ Կարի մեքենայով ասեղնագործելիս օգտագործում են փոքր չափերի կլոր քարգահ (ավելի փոքր, քան ձեռքով ասեղնագործելիս)։ Քարգահի օղակի տրամագիծը պետք է լինի մոտավորապես 18-20 սմ, բարձրությունը՝ 10 մմ-ից ոչ ավելի։ Նախ սեղանին դնում են մեծ (արտաքին) օղակը, վրայից փռում արդուկած կտորը՝ երեսի (նկարով) կողմը դեպի վեր, որից հետո դնում են փոքր (ներքին) օղակը և սեղմելով անցկացնում մեծ օղակի մեջ, ապա կտորը ձգելով, հավասարեցնում։

Բարակ կտոր ձգելիս քարգահի արտաքին օղակը փաթաթում են խիտ կտորի շերտով կամ էլ այդ կտորից ձևում քարգահից քիչ մեծ շրջան, որի կենտրոնական մասը շրջանաձև կտրում են քարգահի տրամագծից փոքր տրամագծով։ Ստացված օղակը բարակ կտորի հետ անցկացնում են քարգահի մեջ։

Եթե կտորը քարգահից փոքր է կամ գծանկարը կտորի եզրերին մոտ է գտնվում, դրան ուրիշ կտորներ են կցակարում, որոնք աշխատանքն ավարտելուց հետո քանդում են։ Եթե գծանկարը քարգահի սահմաններից դուրս է գալիս, նախշն ասեղնագործում են մաս-մաս՝ աստիճանաբար փոխելով քարգահի դիրքը կտորի վրա։

Գծանկարը կտորի վրա են փոխանցում նույն եղանակով, ինչ ձեռքով ասեղնագործելիս (տես Ասեղնագործություն

Ասեղնագործելու տարրական վարժությունները։ Մեքենայով ասեղնագործելու համար անհրաժեշտ է յուրացնել քարգահը ասեղի տակ շարժելու մի քանի վարժություն. ա. նկարով կտավն անցկացնել քարգահի մեջ, տեղադրել մեքենայի ասեղի տակ և, առանց վերջինս թելելու, դանդաղ հարվածել կտավին այնպես, որ ասեղը շարժվի համաչափ՝ անցքերի միջև թողնելով հավասար հեռավորություններ, և անվրեպ հարվածի նախշի եզրագծին։ Քարգահը տեղաշարժում են այն պահերին, երբ ասեղը կտորին չի դիպչում, բ. վարժությունը կատարում են թելած ասեղով (№ 60-80 կոճի թելով)։ Քարգահով ձգված կտորը տեղադրում են ասեղի տակ, իջեցնում սեղմիչ թաթիկի լծակը (թեև սեղմիչ թաթիկը հանված է), որով ապահովվում է վերևի թելի ճիշտ ձգվածությունը։ Բանող թելը կտորին են ամրացնում հետևյալ կերպ, ասեղի առաջին հարվածով հանում են ներքևի թելը և, ձախ ձեռքով բռնելով երկու թելերի ծայրերը, ասեղի 2-3 հարվածով նույն տեղում ամրացնում բանող թելը։ Այնուհետև մանր թակալակարով ասեղնագործում են նկարի եզրագծերը (նկ. 1)։ Մեքենային հակառակ ընթացք տալու դեպքում բանող թելը կարող է կտրվել։

Այս վարժությունները յուրացնելուց հետո կարելի է անցնել ուռուցիկ հարթակար ասեղնագործության (նկ. 2)։ Դրա համար անհրաժեշտ է քարգահը փոքր ամպլիտուդով (3 մմ-ից ոչ ավելի) շարժել հետ ու առաջ և միևնույն ժամանակ աջից ձախ։ Ուռուցիկ հարթակար ստանալու համար կութերը պետք է կիպ կպած լինեն իրար։ Հարթակար անելիս որպես միջադիր օգտագործում են բամբակե № 10 (2 կամ մի քանի տակ՝ ըստ գործվածքի հաստության և նախշի բնույթի) և № 30-40 (մետաքսե և բամբակե բարակ գործվածքների համար) կոճի թելեր։ Միջադիրի ծայրն ամրացնում են լոսերի 2-3 հարվածով, այնուհետև ասեղնագործում ուռուցիկ հարթակարը, ձախ ձեռքով բռնում են միջադիրը, իսկ աջով ուղղություն տալիս քարգահին։

Բանվածքի տեսակները:

Մեքենայով կարելի է ասեղնագործել զանազան թափանցակարեր և թակալակարեր, գունավոր հարթակար, ամրակար և ապլիկացիա։

Թափանցակարեր են քանդակարը (մերեժկա), թակալակարը (սպիտակ և խաչաձև), գունավոր միահյուսվածքը, մեքենայական ցանցկեն բանվածքը։ Քանդակարը բանվածքի պարզագույն տեսակներից է։ Կտորը նախապատրաստում են այնպես, ինչպես ձեռքով ասեղնագործելիս, այնուհետև քարգահով ձգում և տեղադրում ասեղի տակ, իջեցնում սեղմիչ թաթիկի լծակը, թելն ամրացնում կտորի նոսրաշերտի ներքևի մասում և սկսում աշխատանքը։ Քանդակարի նախշերը հիմնականում ասեղնագործում են միանման զուգահեռ թելասյունիկների շերտի վրա։

Սյունիկաձև քանդակար (նկ. 3)։ Թելասյունիկներ ստանալու համար անհրաժեշտ է թելերը (3-5 ըստ քանդակարի լայնության և թելի հաստության) փունջ-փունջ ձգել։ Դա արվում է օդային հանգույցի միջոցով, սկզբում ասեղն իջեցնում են շերտի դատարկ միջակայքի մեջ և, թելերը փնջի մեջ առնելով, ասեղը մտցնում են գործվածքի մեջ շերտից 2-3 թելի հեռավորության վրա։ Այնուհետև ասեղը կրկին իջեցնում են թելաշերտի դատարկ միջակայքի մեջ և ձգում հաջորդ փունջը։ Շերտի ներքևի մասն ասեղնագործելուց հետո անցնում են վերևի մասին՝ փնջերի մեջ առնելով նույն թելերը և ստանալով զուգահեռ դասավորված սյունիկներ։ Քանդակարի եզրերը շրջակարում են խիտ ուռուցիկ հարթակարով։

Բեկյալ քանդակարն (նկ. 4) ասեղնագործում են նախորդի նման՝ փնջեր կազմելով զույգ թվով թելերից։ Շերտի մյուս կողմն ասեղնագործելիս, փնջերի մեջ են առնում երկու հարևան սյունիկների թելերի կեսը։

Փնջիկաձև քանդակար (նկ. 5) ստանալու համար անհրաժեշտ է ունենալ 10-15 մմ լայնության սյունիկաձև քանդակար, որի սյունիկները (2-3 հատ) հավաքում են փնջաձև շերտի կենտրոնական գծով։ Փնջերն ամրացնում են բանող թելի մի քանի կութով՝ սյունիկների հաջորդ խմբին անցնելով օդային հանգույցների միջոցով։ Թելերի հավաքման մասում սարդաձև հանգույց ստանալու համար անհրաժեշտ է քարգահը շարժել հանգույցի շուրջը, իսկ բոլորակաձև հյուսած հանգույց ստանալու համար ասեղի հարվածները հասցնել թելափնջերի արանքում։

«Պանկա» քանդակարն (նկ. 6) ասեղնագործում են միմյանց մոտ գտնվող 2 նոսրաշերտի վրա, որոնք բաժանված են 3-4 թելից բաղկացած կտորաշերտով։ Այդ միջնաշերտի երկու կողմից ազատ թելերը հերթով ձգում են փնջաձև՝ վերևի շարքը ներքևինին միացնելով բանող թելի կութերով։

Թակալակար։ Մեքենայով կարելի է ստանալ նաև թակալակարով բանվածք թել քաշած ցանցի վրա։ Կտորի նախապատրաստումը և աշխատակարգը նույնն են, ինչ ձեռքով ասեղնագործելիս։ Կտորի թելերը քաշելիս, պետք է հետևել, որպեսզի ստացվեն նույն չափի քառակուսի ծակոտիներ։ Ցանցը պատրաստ լինելուց հետո սյունիկները վերևի ձախ անկյունից անկյունագծով փաթաթում են սպիտակ կամ գունավոր թելով (նկ. 7), որից հետո ծակոտիները լցնում զարդանախշերով։

Սպիտակ թակալակարն ասեղնագործում են սպիտակ թելով՝ սպիտակ կամ բաց գույնի կտորի վրա։ Այս բանվածքը կատարում են մանր անցքերով ցանցի վրա։ Ցանցի սյունիկները փաթաթում են անկյունագծով № 60-80 կոճի թելով (մանր ցանցինը՝՝ 3-4, խոշոր ցանցինը՝ 5-10 անգամ)։ Ցանցի եզրերը շրջակարում են խիտ ուռուցիկ հարթակարով, իսկ ծակոտիները լցնում գեղեցիկ զարդանախշերով (լցակար, օդային հանգույց, կարապատում ևն)։

Ցանցկեն բանվածքը հատկապես գեղեցիկ է դիտվում մետաքսե և բամբակե բարակ գործվածքների վրա։ Այն կիրառում են հագուստի, մասնավորապես, օձիքի և թեզանիքի դրվագման համար։

Ցանցկեն բանվածքն ասեղնագործում են ըստ կտորի վրա նախապես արված գծանկարի։ Աշխատանքն ավարտելուց հետո ֆոնը (գործվածքի ավելորդ մասը) հեռացնում են կտրելով։ Ցանցկեն ասեղնագործության մեջ հիմնականում կիրառում են ուղիղ ուռուցիկ հարթակար։ Որպես միջադիր օգտագործում են 2-6 տակ կոճի թել (№ 10 վուշե և բամբակե խիտ կտորների, № 30-40 մետաքսե բարակ կտորների համար)։ Բանող թելերի ձգվածքը կարգավորում են այնպես, որ վերևի թելն ավելի թույլ լինի։ Նախշն ասեղնագործում են 4 փուլով, եզրագծերի թակալակարում, կամրջակների ասեղնագործում (նկ. 8), ուռուցիկ հարթակարի ասեղնագործում, ֆոնի հեռացում։

Հիմնական կարն անելուց առաջ նախշերի եզրագծերը 2-3 անգամ շրջակարում են սովորական թակալակարով՝ առանձին մանրանախշերի եզրերն ամրացնելու համար։

Բամբակե և մետաքսե բարակ կտորներից կարված հագուստի դրվագման համար կիրառում են առանց կամրջակների (գործվածքի կտրված մասերը միացնող կարեր) նախշեր, որոնց տարրերը կիպ կպած են իրար, իսկ ֆոնի հատվածներն աննշան են։ Մոտ գտնվող մանրանախշերի ուռուցիկ հարթակարերի միացման տեղերում երկու հարևան գծերը միացնում են երկար կութերով (նկ. 9)։

Ցանցկեն ասեղնագործության մեջ կամրջակներով նախշերը կիրառում են ավելի խոշոր իրերի (օրինակ, սփռոցների) ձևավորման համար։ Կամրջակների շնորհիվ կարելի է մեծացնել ֆոնի հատվածները նախշի տարրերի միջև՝ ստանալով թեթև թափանցիկ զարդանախշ։ Կամրջակներն ասեղնագործում են ուռուցիկ հարթակարով։ Նախշի եզրագծերը թակալակարում են № 80 կամ № 60 կոճի թելով։ Այն մասերում, որտեղ պետք է կամրջակներ լինեն, կտրում են մոտավորապես 1 սմ լայնության երկայնական շերտեր։ Այնուհետև նկարը շրջակարում են ուռուցիկ հարթակարով, որի համար նախշի թակալակարված եզրագծով անցկացնում են № 10 կոճի թելը (այսպես կոչված միջադիր) և եզրակարում ուռուցիկ հարթակար կազմող լայնակի խիտ ու մանր կութերով։ Կտրված մասերում օդային կարով կամրջակներ են կարում, որոնք այնուհետև միջադիրի հետ շրջակարում են ուռուցիկ հարթակարով։ Կամրջակները կարելի է նաև զարդարել մերակներով (միջադիրի թելը քորոցի վրա անցկացնելով)։ Առանց քորոցը հանելու մերակն ամրացնում են ասեղի 2-3 հարվածով, այնուհետև շարունակում կամրջակի շրջակարումը։ Ցանցկեն բանվածքը սովորաբար լրացնում են հարթ կարապատումով, ուլունքակարով (նկ. 10), քանդակարով և այլ կարատեսակներով։

Ուռուցիկ հարթակար կարելի է ասեղնագործել զիգզագակարի մեխանիզմ ունեցող կարի մեքենայով։ Դրա համար բավական է կութի լայնությունը կարգավորող բռնակը դնել համապատասխան բաժանքի վրա և քարգահը շարժել նկարի եզրագծով։

Գունավոր հարթակարը շատ բազմազան է։ Հարթակարով ասեղնագործելիս թելերը ավելի թույլ են ձգում, քան այլ կարատեսակներ անելիս, ընդ որում ներքևի թելը վերևինի համեմատությամբ պետք է ավելի ձիգ լինի։ Ասեղը սովորաբար թելում են գունավոր թելով (օրինակ, մուլինե), իսկ մաքոքի վրա փաթաթում են № 80 կոճի թել։

Առանց կարապատման թեթև հարթակար։ Կտորը քարգահով ձգելուց հետո թակալակարում են նկարի եզրագծերը։ Հարթակարն անում են ըստ գծանկարի՝ միմյանց կպած կութերով (նկ. 11)։

Կարապատումով հարթակար։ Գծանկարի առանձին տարրերի ներսամասը կարապատում են մանր թակալակարով (հարթակարի ուղղությանը հակառակ ուղղությամբ), որն այնուհետև պատում են հարթակարով։ Վերջինիս ուռուցիկությունը կախված է թակալակարման խտությունից։

Կերպասաբանվածքը (գունավոր բանվածքի տեսակ) սովորաբար կիրառվում է բազմոցի բարձերի, վարագույրների և սփռոցների ձևավորման համար։ Նկարի եզրագծերը թակալակարելուց հետո կութերը (5-7 մմ երկարության) ասեղնագործում են անկյունագծով ձախից աջ։ Հետադարձ կարի կութերը պետք է շեղված լինեն նախորդ կարի կութերի նկատմամբ։

Ռուսական հարթակարը առավել հաճախ կիրառում են խոշոր իրեր (վարագույր, սփռոց ևն) ձևավորելու համար։ Կութերը (5-8 մմ երկարության) ասեղնագործում են ուղղաձիգ կամ հորիզոնական ուղղությամբ։

Բազմերանգ հարթակարը սովորաբար կիրառում են բուսական նախշեր ասեղնագործելու համար՝ օգտագործելով նույն գույնի երանգները։ Եզրագծերը թակալակարելուց հետո առաջին երանգի թելով տարբեր երկարության կութեր են անում՝ փոքր արանքներ թողնելով երկրորդ երանգի թելերն անցկացնելու համար։

Ամրակարն ասեղնագործում են երրորդ բանող թելի ամրացման եղանակով։ Այն կիրառում են գեղազարդման նպատակով (օրինակ, պատի պաննո, վարագույր ձևավորելու համար), ինչպես նաև այլ կարատեսակների զուգակցությամբ։ 6 թելից (մուլինե կամ բրդե) բաղկացած խուրձը նկարի եզրագծի երկայնքով ամրացնում են գործվածքին նույն գույնի № 60-80 կոճի թելով։

Ուրվագծային ամրակար (նկ. 12)։ Նկարով կտորը ձգում են քարգահով և տեղադրում ասեղի տակ։ Ասեղի մի քանի հարվածով թելախրձի ծայրն ամրացնում են նկարի եզրագծի որևէ կետում, այնուհետև թելախուրձը մի կողմ քաշում և կտորը մանր կութերով թակալակարում նկարի եզրագծով մինչև ամրացման հաջորդ կետը, որտեղ թելախուրձն ամրացնում են 2-3 ուղղաձիգ կութերով, ապա անցնում հաջորդ կետին և այդպես շարունակ։ Թելախուրձը բռնում են ձախ ձեռքով և առանց ձգելու ուղղում ըստ նկարի եզրագծի:

Նախշակար (նկ. 13) անելու համար թելախուրձն ամրացնում են գծանկարի որևէ կետում՝ հաջորդ ամրակետին անցնելով մանր թակալակարով (ուրվագծային կարի նմանությամբ)։ Երկրաչափական բարդ նախշեր ասեղնագործելիս, անհրաժեշտ է լինում պահպանել ամրակետերի որոշակի հաջորդականություն՝ հաճախ ելակետին վերադառնալով արդեն իսկ կարած կութերի վրայով։ Տես նաև Ապլիկացիա: