ԲԱՆՋԱՐԱՆՈՑ, բանջարային բույսերի սորտերն ըստ աճի տևողության կարելի է պայմանականորեն բաժանել վաղահաս, միջահաս և ուշահաս խմբերի։

Բանջարային բույսերի վեգետացիայի տևողությունը օրերով

Բույսերի անվանումը Վեգետացիայի տևողությունը օրերով
Կաղամբ ուշահաս 150
Գազար 120
Լոլիկ 140
Վարունգ 100
Սպանախ 60
Ամսաբողկ 30
Սոխ 100
Կանաչ լոբի 100
Կարտոֆիլ վաղահաս 70

Բանջարային բույսերի ցանքից առաջ յուրաքանչյուր տեսակի համար առանձնացնում են հողամաս։ Բ-ներում սովորաբար աճեցնում են կարտոֆիլ, արմատապտղավորներ (սեղանի ճակնդեղ, գազար, ամսաբողկ, շաղգամ ևն), սպիտակագլուխ կաղամբ, վարունգ, լոլիկ, սոխի տարբեր տեսակներ, սխտոր, տաքդեղ, սմբուկ, դդմիկ, դդում, լոբի, ծաղկակաղամբ, սպանախ, սամիթ, մաղադանոս, նեխուր, թրթնջուկ։ 100 մ² հողամասում կարելի է աճեցնել վաղահաս կարտոֆիլ՝ 20 մ², միջահաս և ուշահաս կարտոֆիլ՝ 40 մ², բողկ, հազար, սամիթ, սպանախ, թրթնջուկ, ծնեբեկ, սոխ՝ 10 մ², գազար, մաղադանոս, ճակնդեղ՝ 5 մ², գլուխ սոխ, սխտոր՝ 3 մ², վարունգ 5 մ², լոլիկ՝ 8 մ², կաղամբ 2 մ², դդում, դդմիկ, սեխ, ձմերուկ՝ 5 մ², լոբի, ընդեղեն՝ 2 մ²։

Հողի նախացանքային մշակությունը. հողի մշակումը պետք է սկսել աշնանից։ Նախ պետք է մոլախոտերը քաղհանել, հավաքել տորֆագոմաղբի կույտի մեջ։ Հողի վերին շերտը պետք է կրկնափորել և համեմատաբար մեծ հողակոշտերով թողնել մինչև գարուն՝ խոնավության կուտակման համար։ Խոնավ հողն ուժեղ է սառչում, ոչնչանում են շատ վնասատուներ։ Լավ նախապատրաստված հողը գարնանը վերափորում են 15-20 սմ խորությամբ։ Ուժեղ թթու հողերը պետք է կրացնել։ Աշնանը կրանյութը հարկավոր է հավասարաչափ ցրել հողի մակերևույթին (300-800 գ/մ²) և վերափորել բահով։ Այդ ժամանակ անհրաժեշտ է տալ նաև օրգանական և հանքային (ֆոսֆոր-կալիումական) պարարտանյութեր։ Ազոտական պարարտանյութերը տալիս են գարնանը, ինչպես նաև ամռանը՝ սնուցումների ձևով (տես Հողեր): Հանքային պարարտանյութերի չափաքանակը հաշվում են ազդող նյութի (Ա.ն.) քանակով, ազոտականը՝ ազոտի (N), ֆոսֆորականը՝ ֆոսֆորաթթվական անհիդրիդի (P2O5), կալիումականը՝ կալիումի օքսիդի (K2O)։

Պարարտացման նորման = 110-ի չափաքանակը x հողաբաժնյակի մակերեսը (մ²) x 100 / Պարարտանյութի մեջ սննդարար նյութի պարունակությունը (%-ով)

Հողի պարարտացումը. ամենատարածված օրգանական պարարտանյութերն են գոմաղբը, գոմաղբահեղուկը, տորֆը, թռչնաղբը։ Ցանկալի է,օգտագործել փտած գոմաղբ, որի սննդարար նյութերը մատչելի են բույսերին։ Գերփտած և կենցաղային (ոչ շինարարական) մաղած աղբը նույնպես լավ պարարտանյութ է:

Օրգանական պարարտանյութերի նորման

Պարարտանյութը 1կգ/մ²ծ
Գոմաղբ 3-8
Գոմաղբահեղուկ (սնուցումների հետ) 3-8
Կենցաղային աղբ 3-5
Տորֆ 5-10
Փտած տերևներ 5-10
Թռչնաղբը տորֆի հետ խառը 1-2

Հանքային պարարտանյութերի նորման

Պարարտանյութի տեսակը 1գ/մ²
Միզանյութ (կարբամիդ) 10-15
Ամոնիակային բորակ 10-20
Ամոնիումի սուլֆատ 25-45
Սուպերֆոսֆատ հասարակ 20-30
Սուպերֆոսֆատ կրկնակի 8-15
Ֆոսֆորային ալյուր 35-55
Կալիումի քլորիդ 10-20
Կալիումական աղ 20-30
Կալիումի սուլֆատ 15-25
Փայտի մոխիր 100-200
Նիտրոֆոսկա 30-40
Կիր (5 տարին մեկ անգամ) 300-800

է։ Ծառերի տերևների խառնուրդի, ծղոտի, տորֆի հետ բացառության կարգով կարելի է գործածել ֆեկալները սանմշակումից և գերփտեցումից հետո։ Հանքային պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) բարձրացնում են բանջարային բույսերի բերքը և բարելավում արտադրանքի որակը, արագացնում լոլիկի, վարունգի, սոխի, վաղահաս կաղամբի հասունացումը։ Լավ կալիումական պարարտանյութ է փայտի մոխիրը, որը պարունակում է (բացի կալիումից) ֆոսֆոր, կալցիում, միկրոտարրեր։ Մոխիրը պետք է պահել չոր տեղում։

Ուժեղ թթու հողերը (այդտեղ հաճախ աճում են ձիաձետ, թրթնջուկ, հրանունկ) պարարտացնել փայտի մոխիրով և աղացած կրաքարով։

Բույսերի տեղաբաշխումը հողամասում. միևնույն բանջարային բույսերը չի կարելի մշտապես աճեցնել նույն տեղում, որովհետև մեծանում է հիվանդությունների և վնասատուների զարգացման վտանգը։ Ցանկալի է հողամասի մի մասում աճեցնել կարտոֆիլ, մյուսում բանջարեղեն և յուրաքանչյուր տարի դրանց տեղերը փոխել։ Հողամասի յուրաքանչյուր մասում պետք է պահպանել բանջարային բույսերի առանձին տեսակների տեղաբաշխման որոշակի կարգ, հաշվի առնելով լավ, բավարար և վատ նախորդները։

Ցանքաշրջանառություն կազմելիս յուրաքանչյուր տեսակ սկզբնական տեղում պետք է ցանվի 4-5 տարի հետո։

Բանջարանոցային կուլտուրաների բերքատվության վրա նախորդների ազդեցության գնահատումը


Բույսը Նախորդները
Լավ Բավարար Վատ
Բոստանային բույսեր, ձմերուկ, դդում հատիկային, հատիկաբանջարեղեն, կերաբույսեր սեղանի արմատապտուղ, սոխ, լոլիկ, կարտոֆիլ ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ
Սպիտակագլուխ կաղամբ գազար, վարունգ կարտոֆիլ կաղամբ, սեղանի ճակնդեղ
Ճակնդեղ կերաբույսեր, գազար, կարտոֆիլ կաղամբ, սոխ ճակնդեղ, գազար
Լոլիկ կաղամբ (կարտոֆիլից հետո), վարունգ վարունգ, սոխ լոլիկ, կարտոֆիլ
Վարունգ կաղամբ լոլիկ, սոխ վարունգ, դդում, դդմիկ

Սերմերի նախապատրաստումը ցանքին. բարձր և որակով բերք ստանալու համար պետք է ընտրել մաքրասորտ և ճիշտ նախապատրաստված սերմեր (բարձր ծլունակությամբ և ծլման եռանդով)։ Դրա համար խորհուրդ է տրվում ցանքից առաջ սերմերը համապատասխան մաղերով մաղել, մաքրել թեփից և աղբից ու տեսակավորել ըստ տեսակարար կշռի։ Ապա սերմերը խորասուզել 3,5 %-անոց (1 լ ջրին 30-50 գ աղ) աղաջրի մեջ, 3, 4 րոպե անընդհատ խառնել, թողնել որ լուծույթը հանդարտվի։ Փուչ և ոչ լիարժեք սերմերը դուրս են գալիս ջրի երես, իսկ հատակին նստում են լիարժեք սերմերը, որոնք լավ լվանում, չորացնում են և օգտագործում ցանքի համար։ Դդմազգիների և բոստանային բույսերի համար գերադասելի է օգտագործել 2-3 տարվա սերմեր, որովհետև դրանք վիրուսակիր չեն, առաջացնում են իգական ծաղիկներով բավարար թվով բույսեր։ Դրանց թարմ սերմերը (թանզիֆե պարկերի մեջ) ցանքից 1,5-2 ամիս առաջ տաքացնում են վառարանի կամ ջեռուցվող մարտկոցների մոտ։ Սերմերով վարակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է 2-4 օրվա ընթացքում դրանք տաքացնել արևի տակ, բացօթյա։ Գազարի և կաղամբի սերմերի ներքին վարակի ղեմ պայքարելու համար դրանք պետք է լավ տաքացնել տաք ջրում 15-20 րոպե (գազարը 52-53°, կաղամբը 48-50 °C-ում)։ Տաքդեղի և սմբուկի սերմերը վարակազերծում են 25 րոպե, ոլոռինը՝ 5 րոպե 50 °C–ում։ Լոլիկի սերմերը վարակազերծվում են կալիումի պերմանգանատի 1 %-անոց լուծույթում պահելով 20 րոպե, այնուհետև լվանում և չորացնում։ Սերմերի մշակումը միկրոտարրերի լուծույթով բարձրացնում է դրանց ծլունակությունը, բերքատվությունը, դիմացկունությունը հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Լուծույթի պատրաստման համար կարելի է օգտագործել միկրոպարարտանյութերի պատրաստի հաբեր կամ առանձին պարարտանյութեր. 1 լ ջրին՝ 0,5 գ բորաթթու, 0,5 գ կալիումի պերմանգանատ, 0,5 գ ցինկի սուլֆատ, 0,05 գ պղինձի, 0,5 գ ամոնիումի մոլիբդենատ, 5 գ նատրիումի հիդրոկարբոնատ (սննդի սոդա)։ Սերմերը լուծույթում պետք է պահել 24 ժամ, այնուհետև չորացնել։ Կարելի է նաև օգտագործել փայտի մոխրի ջրային թուրմը, որը պարունակում է բույսին անհրաժեշտ մինչև 30 տարր, այդ թվում նաև միկրոտարրեր։ Լուծույթ պատրաստելու համար 20 գ մոխիրը 1 լ ջրում 1-2 օր թրմում են, սերմերը պահում լուծույթի մեջ 4-6 ժամ։

Սերմերի ցանքի ժամկետները. ցրտակայուն բույսերը (արմատապտուղներ, սոխ, ոլոռ, ընդեղեն), կարտոֆիլը ցանում են ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Արարատյան դաշտում վաղ գարնանացանն սկսվում է ձյան հալվելուց անմիջապես հետո և տևում մինչև ապրիլի վերջը։ Ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ, կոտեմ, համեմ, մաղադանոս, պռասասոխ ևն։ Գարնանացանը տևում է ապրիլի 25-ից հունիսի 15-ը։ Ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա, ռեհան, կորթին։ Աշնանացանը տևում է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 1-ը։ Ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ և մաղադանոս՝ հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար (բույսերը ցանում են բաց դաշտում)։ Ձմեռնամուտացանք կատարում են, երբ հողի 5 սմ խորության շերտում ստեղծվում է 3-4 °C ջերմաստիճան, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 4-5 °C–ից չի բարձրանում։ Ձմեռնամուտացանքի ժամկետները յուրաքանչյուր տարի տարբեր են՝ նայած տարվա եղանակին։ Ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն գարնանը՝ հողը տաքանալուն զուգընթաց։

Սերմերի տափանման (խցման) խորությունը. սկսնակ բանջարաբույծները սերմերը շատ խորն են ցանում, որից սերմերի ծլումը դանդաղում է կամ դադարում, աճելու դեպքում էլ ծիլերը չեն կարող դուրս գալ մակերևույթ։ Իսկ սերմերը ոչ խոր ցանելու դեպքում խոնավությունը չի բավականացնում, որովհետև հողի վերին շերտերը սովորաբար արագ են չորանում։ Մանր սերմերի համար (շաղգամ, գազար) լավագույն արդյունք է տալիս 1-2 սմ խորությամբ ցանելը, միջին սերմերի համար (ճակնդեղ, վարունգ)՝ 2-3 սմ և խոշորների համար (ոլոռ, ընղեղեն, լոբի)՝ 3-5 սմ։

Սերմերի ցանքի տեխնիկան. հատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին։ Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1,5 սմ, իսկ ճակնդեղինը, շաղգամինը՝ 1-2 սմ հեռավորությամբ։ Սերմերը խիտ չպետք է ցանել։ Ակոսի հատակի տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլմանը, որովհետև հողի ներքին շերտերից ջուրը բարձրանում է սերմերին։ Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0,5 սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով)։ Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2 սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց։ Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մազիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով։

Սածիլների աճեցումը. լոլիկը, տաքդեղը, սմբուկը, կաղամբը, նեխուրը աճեցնում են սածիլներով։ Սածիլների արմատները վերականգնվում են տնկելուց 10-15 օր հետո։ Արմատները չվնասելու համար բանջարային բույսերի սածիլները նպատակահարմար է աճեցնել տորֆային, տորֆաբուսահողային, թղթե, պլաստմասսայե և այլ թաղարներում։ Դրանք պատրաստելու համար պետք է վերցնել 4 մաս տորֆ, 1 մաս փայտի թեփ և հանքային պարարտանյութեր։

Յուրաքանչյուր թաղարում պետք է ցանել 1-2 սերմ։ Արկղերը թաղարներով պետք է դնել տաք տեղ (15-25 °C)։ Մինչև ծիլերի երևալն արկղերը պետք է ծածկել բարակ նրբատախտակով, ստվարաթղթով, պոլիէթիլենային թաղանթով կամ լուսամուտի ապակու կտորներով։ Ծիլերի երևալուն պես ծածկը պետք է հանել և արկղերը տեղափոխել լուսամուտի արևահայաց կողմը (լույսի անբավարարության դեպքում ստացվում են ոչ պիտանի սածիլներ)։ Դրսում օդի ջերմաստիճանը 7 °C–ից բարձր լինելու դեպքում արկղերը ցերեկները պետք է հանել դուրս և գիշերը նորից տանել ներս։ Սածիլները պետք է ջրել այնպես, որ արկղերում հողը լինի թեթևակի խոնավ, երբեմն պետք է ջրել օրը 2 անգամ։ Շատ օգտակար է աճեցման ընթացքում սածիլները 1-2 անգամ ջրել հեղուկ պարարտանյութով։

Վաղահաս կաղամբի սածիլների ցանքը պետք է կատարել մարտի առաջին կեսին, լոլիկինը՝ ապրիլի 10-ին, Արարատյան դաշտում լոլիկի, տաքդեղի և սմբուկի սածիլներն աճեցնում են տաքացվող ջերմոցներում, սմբուկի սածիլներն աճեցնում են տաքացվող ջերմոցներում, արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում՝ միայն տաքացվող ջերմոցներում։

ՀՀ տարբեր գոտիներում տաքդեղի, սմբուկի, լոլիկի սածիլների աճեցման և դաշտ փոխադրելու ժամկետները

Գոտիներ Տաքացվող ջերմոցներում Արևային ջերմոցներում Բաց սածիլանոցներում
ցանքի ժամկետը սածիլը դաշտ փոխադրելու ժամկետը ցանքի ժամկետը սածիլը դաշտ փոխադրելու ժամկետը ցանքի ժամկետը դաշտում սածիլելու ժամկետը
Արարատյան դաշտ 20.2- 1.3 20.4- 15.5 1.3- 10.3 1.5- 20.5 20.4-25.4 1.6-15.6
Նախալեռնային 10.3-20.3 10.5-25.5 1.4- 10.4 1.6-15.6 - -
Լեռնային 1.4-10.4 5.6-15.6 - - - -

Այս ժամկետները հանձնարարելի են և, եղանակից կախված, անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ճշտել։

Վաղահաս կաղամբի ցանքի և սածիլման ժամկետը

Գոտիներ Ցանքի ժամկետները տաքացվող ջերմոցում Սածիլման ժամկետը
Դաշտավայր 10.2-20.2 1.4-20.4
Նախալեռնային 20.2-1.3 15.4-1.5
Լեռնային 1.3-15.3 1.5-25.5

Սածիլում. սածիլումն սկսում են, երբ 10 սմ խորության վրա հողի ջերմաստիճանը ցրտադիմացկուն սորտերի համար ցածր չի 8 °C–ից, իսկ ջերմասեր բույսերի համար՝ 15-16 °C-ից։ Առավել նպատակահարմար է սածիլել երեկոյան ժամերին կամ խոնավ եղանակին։ Շարքերի նշագծումից հետո (քուղով) պետք է նշել փոսիկները (չափիչ ձողի օգնությամբ) նշման տեղերում բահով կամ փոքր գոգաթիակով վերափորել հողը, հետո գոգաթիակով կամ ձեռքով փոս անել, մի քիչ ավելի մեծ, քան թաղարինն է, այնտեղ դնել սածիլը հողի գուղձով և հետևել, որ գուղձի հողը չթափվի։ Ապա գուղձը (փոսից հանված) հողով պատել, իսկ ցողունի շուրջն ափսեաձև փոս անել, որպեսզի ջրելիս ջուրը չհոսի։

Կաղամբի, գոնգեղի սածիլները մի քիչ ավելի խոր պետք է տնկել, քան թաղարումն է, բայց այնպես, որ ծածկվի վերին բողբոջը։ Լոլիկի սածիլը պետք է տնկել մինչև ներքին տերևները։

Հանովի թաղանթային ծածկույթները հնարավորություն են տալիս սածիլումը կատարել վաղ ժամանակներում և ստանալ բանջարեղենի վաղ բերք։

Բանջարային բույսերի խնամքը. խնամքի հիմնական ագրոտեխնիկական միջոցառումներն են քաղհանը, փխրեցումը, ջրումը, սնուցումը պարարտանյութերով, պայքարը հիվանդությունների և վնասատուների դեմ։

Մոլախոտերը բանջարանոցում բուսնում են մինչև բույսերի ծլումը։ Ավելի լավ է դրանք քաղհանել անձրևից հետո, երբ հողը խոնավ ու փուխր է, և հեշտությամբ մոլախոտերը կարելի է հեռացնել արմատով։

Հողը միշտ պետք է պահել փուխր վիճակում, հատկապես անձրևներից և ջրելուց հետո, երբ հողը թեթև չորանում է և կեղևակալում։

Որպեսզի լոլիկը, կաղամբը և կարտոֆիլը լրացուցիչ արմատներ առաջացնեն, փխրեցման հետ պետք է կատարել բուկլից՝ հողը հավաքել ցողունի մոտ թմբիկի ձևով։ Կատարում են նաև վարունգի, դդմի, սեխի և ձմերուկի թեթև բուկլից։

Խիտ ծլած բույսերը ժամանակին պետք է նոսրացնել՝ հեռացնել թույլ բույսերը։ Առաջին նոսրացումը կատարում են իսկական տերևների առաջացման ժամանակ, երկրորդը՝ առաջինից 20-25 օր հետո՝ պահպանելով տվյալ բույսերի համար սահմանված միջբուսային հեռավորությունը։ Նոսրացման հետ միաժամանակ կատարում են փխրեցում։

Բանջարեղենի սնուցումը (պարարտացումը բույսերի աճի և զարգացման ընթացքում). սնուցման ժամանակ պետք է տալ արագ ազդող հանքային պարարտանյութեր՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական։ Փրերի թույլ զարգացումը, նրա բաց կանաչ գույնը վկայում են ազոտական սնուցման անբավարարություն, իսկ փրերի բուռն աճը, մուգ կանաչ գույնը՝ ազոտի ավելցուկի մասին։ Առաջին դեպքում պետք է ուժեղացնել ազոտական սնուցումը, երկրորդում՝ ֆոսֆոր-կալիումականը։ Սնուցումը պետք է տալ հեղուկ վիճակում, լուծելով պարարտանյութը ջրում՝ 1 դույլ ջրին մինչև 30 գ նիտրոֆոսկա կամ 10-20 գ ամոնիակային բորակ, 30 գ կալիումի քլորիդ, 20-30 գ սուպերֆոսֆատ։ Սնուցման լավ միջոց է թռչնաղբը։ 4-5 դույլ ջրի մեջ լցնում են 1- 1,5 դույլ թռչնաղբ։ Սնուցման ժամանակ խառնուրդը պետք է ջրով նոսրացնել 10 անգամ։

Կիրառում են նաև չոր սնուցում, հատկապես խոնավ, անձրևոտ եղանակին (1 մ²–ի՝ 2-3 գ ազոտական կամ կալիումական և 4-6 գ ֆոսֆորական պարարտանյութ)։ Օգտակար է օրգանական և հանքային սնուցումների հերթագայումը, ինչպես նաև միկրոպարարտանյութերի լուծույթով արտարմատային սնուցումը։ Արտարմատային սնուցումը տերևների խոնավացումն է պարարտանյութերի լուծույթով (բույսը պարարտանյութը ստանում է տերևների միջոցով)։ Պետք է հիշել, որ բույսերի ավելորդ սնուցումը պարարտանյութերի խիտ լուծույթով կարող է վնասել կամ ոչնչացնել բերքը։

Բանջարանոցի ջրումը, ավազային և ավազակավային հողերում (չորային պայմաններում) 1 մ² ջրելու նորման է 2-3 օրը մեկ 10-12 լ ջուր, իսկ կավավազային բուսահողերում՝ 20-30 լ 5 օրը մեկ։ Սովորաբար բանջարային բույսերը ջրում են ցնցուղներով կամ փողրակներով՝ ջուրը բաց թողնելով ակոսների մեջ։ Ոռոգման ջուրը պետք է թափանցի հողի մեջ արմատների հիմնական զանգվածի տարածման խորությամբ, 15-20 սմ-ից ոչ պակաս։

Տես նաև առանձին բանջարային բույսերի մասին հոդվածները։