ԲԼԻԹՆԵՐ, պատրաստում են ալյուրից, ձավարից, խմորիչի կամ խմելու սոդայի հետ խառնած բանջարեղենից։ Մատուցում են նախաճաշին, ճաշին, նաև որպես քաղցր կերակրատեսակ (մուրաբայով, ջեմով)։

Խմորիչով Բ.: Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ, ալյուր ավելացնել և խառնել մինչև համասեռ զանգված դառնա։ Ամանը սրբիչով ծածկել և դնել տաք տեղում։ Խմորի ծավալը 2 անգամ մեծանալուց հետո ավելացնել ձու, կարագ, աղ և շաքարավազ, խառնել փայտե գդալով, թողնել, որ կրկին բարձրանա, այնուհետև խմորն առանց խառնելու, փոքր բաժիններով վերցնել ջրով թրջած գդալով և լցնել տաքացրած յուղով տապակի մեջ։ Բ. 2 կողմից տապակել, առանձին մատուցել թթվասեր, շաքարավազ, մուրաբա ևն։ Նույն խմորից կարելի է պատրաստել խնձորով Բ.։ Կեղևած և միջուկը հանած խնձորը (ոչ քաղցր սորտի) բարակ կտրտել և տապակելուց անմիջապես առաջ լցնել խմորի մեջ։

3 բաժակ ալյուր, 2 բաժակ կաթ կամ ջուր, 2 ձու, 2 ճաշի գդալ շաքարավազ, 3-4 ճաշի գդալ յուղ կամ ձեթ, 1/2 թեյի գդալ աղ, 25 գ խմորիչ (ձողիկի 1/4 մասը), 3-4 խնձոր։

Սոդայով Բ.։ Ձուն, շաքարավազը և աղը տրորել, սոդան լուծել մածնի մեջ, խառնել իրար և ավելացնել ալյուր։ Ստացված զանգվածը հարել այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր, ձեթ ավելացնել և նորից խառնել։ Տապակել ինչպես խմորիչով Բ.։

1 1/4 բաժակ ցորենի ալյուր, 1 բաժակ մածուն, 1 ձու, 2-ական թեյի գդալ ձեթ և շաքարավազ, 1/4-ական թեյի գդալ աղ և խմելու սոդա։ Մածունը կարելի է փոխարինել ջրով՝ ավելացնելով 1 ճաշի գդալ քացախ։

Դդմիկով Բ.։ Կեղևած և սերմերը հանած դդմիկը քերել քերիչով, ավելացնել ձու, աղ, շաքարավազ, խառնել և լցնել ալյուր ու խմելու սոդա։ Ստացված զանգվածը հարել մինչև պղպջակներ գոյանալը։ Տապակել ինչպես խմորիչով Բ.։

1 կգ կեղևած դդմիկին 3-4 ճաշի գդալ յուղ, 3 ձու, 2 բաժակ ցորենի ալ յուր, 1/4 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1/2 թեյի գդալ խմելու սոդա։