ՏՏՀ/Բնակարանի հարդարում
ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ, սենյակները հարդարելու համար օգտագործում են զանազան նյութեր, պատերը պաստառապատում են (տես Պաստառ) կամ ներկում սոսնձաներկով։ Վերջինս գեղազարդիչ լավ հատկությունների հետ մեկտեղ ունի մի շարք թերություններ. մակերևութային շերտը բավականաչափ դիմացկուն չէ և շուտ է կեղտոտվում, ներկելու համար ավելի շատ ժամանակ է ծախսվում։ Խոհանոցի պատերը հարդարելու համար օգտագործում են յուղաներկ կամ լվացվող (խոնավադիմացկուն) պաստառ։ Յուղաներկն աստիճանաբար փոխարինվում է ավելի դիմացկուն, թեթև և թափանցիկ սիլիկատային, սինթետիկ ջրաէմուլսային ներկով։ Դրանք առաջացնում են ծակոտկեն, ճկուն թաղանթ, չեն խանգարում օդափոխությանը և ունեն ջերմա– և ձայնամեկուսիչ լավ հատկություններ։ Նախասենյակի և միջանցքի համար նախընտրելի է լվացվող պաստառը։ Լողասենյակի հարդարման համար առավել հարմար են ջնարակած խեցեսալիկները (տես Երեսպատում սալիկներով) և պոլիստիրոլե սալիկները։
Բ. հ-ման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գույների ազդեցությունը սենյակի չափերի տեսողական ընկալման, մարդու տրամադրության, նյարդային համակարգի վրա։ Մանուշակագույնը և կարմիրը հոգնեցնում են, գրգռում նյարդային համակարգը և նվազեցնում աշխատունակությունը։ Հետևաբար, այդ գույներն անցանկալի են բնակելի սենյակների պատերի հարդարման համար։ Երկնագույնը և կանաչը բարերար ազդեցություն են գործում նյարդային համակարգի վրա, բարձրացնում աշխատունակությունը, չեն հոգնեցնում աչքերը։ Դեղինը նույնպես ունի նյարդեր հանգստացնելու հատկություն։ Որքան բաց է պատերի գույնը, այնքան սենյակն ավելի ընդարձակ է թվում։ Այդպիսով, գույների ճիշտ ընտրությամբ կարելի է որոշ չափով շտկել սենյակի անհամաչափությունը։ Տաք երանգները՝ կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կարծես մոտեցնում են ներկած մակերևույթները։ Գույների ընտրությամբ կարելի է ազդել նաև սենյակի բարձրության տեսողական ընկալման վրա։ Փոքր մակերեսով և բարձր առաստաղով սենյակի համար գույներ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ առաստաղի տաք և պատերի սառը գույների համադրությունն ստեղծում է ավելի ցածր և ընդարձակ սենյակի տպավորություն։ Սառը գույնով ներկած առաստաղը ավելի բարձր է թվում։ Երկարավուն սենյակի հեռավոր պատը «մոտեցնելու» նպատակով, այն պետք է ներկել մի փոքր ավելի մուգ։ Որպեսզի սենյակն ընդարձակ թվա, պատերը հարկավոր է ներկել մեղմ պաստելային երանգի ներկով։
Փոքր սենյակի պատերին խորհուրդ է տրվում փակցնել բաց գույնի պաստառ ոչ խիտ մանր նախշերով։ Խոշոր նախշերը փոքրացնում են սենյակի ծավալը։ Ուղղաձիգ զոլանախշերի դեպքում առաստաղը բարձր է թվում, իսկ հորիզոնականի դեպքում ավելի ցածր։ Սենյակի ընդհանուր լուսավորվածությունն ուժեղացնելու նպատակով խորհուրդ է տրվում փակցնել ռելիեֆային պաստառ։
Դեպի հարավ, հարավ-արևելք և հարավ-արևմուտք նայող սենյակները, ինչպես նաև ննջասենյակը և աշխատասենյակը խորհուրդ է տրվում ներկել սառը գույներով։ Ելնելով սենյակի դիրքից կարելի է փոքր-ինչ փոխել երանգը։ Օրինակ, հյուսիսահայաց ննջասենյակի կանաչ գույնին կարելի է տալ դեղնավուն, իսկ հարավահայացի կանաչին երկնագույն երանգ։
Մեկ և երկու սենյականոց փոքր բնակարանների (հատկապես կից սենյակներով) սենյակները, նախասենյակը և միջանցքը ցանկալի է ներկել նույն գույնով։ Այդ դեպքում բնակարանը կթվա ավելի ընդարձակ։ Մեծ բնակարանի սենյակները և օժանդակ տարածությունը կարելի է ներկել տարբեր գույներով չխախտելով, սակայն, գունային միասնությունը։ Կից սենյակները խորհուրդ չի տրվում պատել տարբեր չափի նախշեր ունեցող պաստառներով։
2,5-2,7 մ բարձրության պատերը հարկավոր է ներկել կամ պաստառապատել ամբողջությամբ՝ վերևում թողնելով առաստաղի գույնով 2-3 սմ-անոց նեղ շերտ (առաստաղի անհարթություները քողարկելու համար)։ 3,0 մ և ավելի բարձրության պատեր ներկելիս կամ պաստառապատելիս, առաստաղից ցած թողնում են 40-60 սմ-անոց շերտ։ Առաստաղը հիմնականում ներկում են սպիտակ, ինչը շեշտում է պատերի գույնը։ Եթե սենյակի լուսամուտները նայում են դեպի հարավ, հարավ-արևելք կամ հարավ-արևմուտք, ցանկալի է առաստաղին աննշան կապտավուն երանգ տալ ճերմակությունը շեշտելու համար։ Բնակարանի թույլ լուսավորված կամ բնական լուսավորություն չունեցող հատվածներում (նախասենյակ, միջանցք) պատերը նպատակահարմար է ներկել սառը, մաքուր, պայծառ գույներով։ Հագեցած (հատկապես տաք) գույները հոգնեցուցիչ են աչքի համար, դրանք կարելի է կիրառել խորդանոցում, հանդերձարանում և լողասենյակում։
Ջեռուցման սարքերը, խողովակները և դրանց համար նախատեսված որմնախորշերը ցանկալի է ներկել փայլատ յուղաներկով։ Կարելի է օգտագործել նաև պատի գույնին համապատասխանող կամ էլ բաց մոխրագույն ջրաէմուլսային ներկ։ Լուսամուտների շրջանակները, ներքին շեպերը, լուսամուտագոգը, դռների մակերևույթն ու պարակալները խորհուրդ է տրվում ներկել սպիտակ, որը ավելացնում է լուսավորությունը և հիգիենիկ է։ Դեպի հարավ, հարավ-արևելք ու հարավ-արևմուտք նայող սենյակներում վերոհիշյալ մակերևույթները ներկելիս սպիտակ յուղաներկին խորհուրդ է տրվում ավելացնել մի քիչ ուլտրամարին՝ ճերմակությունը շեշտելու համար։
Ներքին դռները, ներկառուցված պահարանների և անտրեսոլների դռնակները կարելի է ներկել սպիտակ, ինչպես նաև պատի կամ պաստառի գույնի։ Պահարանների և անտրեսոլների բռնակները կարելի է պաստառապատել, իսկ պարակալները ներկել պաստառի գույնի, որպեսզի պատը չմասնատվի, իսկ պահարանն աննկատ լինի։
Ժամանակակից բնակարանի սենյակների, նախասրահի ու խոհանոցի հատակը հարդարում են փայտով, փայտասալիկներով, լինօլեումով ևն (տաք հատակ), իսկ լողասենյակի և զուգարանի հատակը խեցեսալիկներով, մետլախի սալիկներով ևն (սառը հատակ)։ Փայտասալիկավոր հատակը պետք է լինի նույն փայտատեսակից և շարվի առանց եզրանախշի։
Որպեսզի հատակի ամբողջականությունը չխախտվի, փայտասալիկների շարքերը չպետք է ընդհատվեն դռնատեղերում։ Տախտակե հատակը ցանկալի է ներկել բաց շագանակագույն, բաց մոխրագույն կամ դեղին։ Խոհանոցի լինօլեումի գույնը պետք է համապատասխանի թե՛ խոհանոցի ինտերիերի, թե՛ բնակարանի հատակի գույներին։ Մեծ բնակարաններում ննջասենյակի հատակը հարմար է պատել գորգածածկույթով։
Շրիշակի գույնը պետք է ներդաշնակի հատակի, այլ ոչ պատերի գույնին, կամ էլ անցումային լինի հատակի և պատերի միջև։ Բ. հ-ման համար գույներ ընտրելիս, պետք է հաշվի առնել գունային ներդաշնակության հիմնական սկզբունքները և բնակարանի կահավորանքի առանձնահատկությունները։ Տես նաև Զարդագեղ գործվածքներ, Վարագույր, ինչպես նաև բնակարանի առանձին սենյակների (օրինակ, Խոհանոց) մասին հոդվածները։