ՏՏՀ/Բորշչ
ԲՈՐՇՉ, սովորաբար եփում են մսի, երբեմն՝ սնկի արգանակով։
Եփել արգանակ։ Բանջարեղենը (ճակնդեղ, գազար, սոխ, մաղադանոս) կտրտել ձողաձև կամ շերտերով, լցնել կաթսայի մեջ, ավելացնել յուղ, շաքարավազ, 3/4 բաժակ արգանակ, տոմատախյուս (պոմիդոր օգտագործելիս այն կտրտում են և լցնում կաթսայի մեջ Բ-ի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ) և կափարիչը դրած եփել սկզբում թեժ (մինչև եռալը), ապա մարմանդ կրակի վրա (մոտ 30 րոպե)։ Եփելու ընթացքում բանջարեղենը խառնել և, եթե անհրաժեշտ է, արգանակ ավելացնել։ Այնուհետև լցնել կտրտած կաղամբ, կարտոֆիլ և շարունակել եփել ևս 15-20 րոպե։ Ավելացնել մսի քամած տաք արգանակ, պղպեղ, դափնու տերև, աղ, ըստ ճաշակի՝ քացախ (կամ կիտրոնաթթու) և եփել մինչև բանջարեղենի պատրաստ լինելը։
Բ. կարելի է գունավորել ճակնդեղի եփուկով. 1 ճակնդեղը շերտերով կտրտել, ավելացնել տաք արգանակ (1 բաժակ), 1 թեյի գդալ քացախ, դնել մարմանդ կրակի վրա և եռման հասցնել։ Այնուհետև տաք եփուկը քամել և մատուցելուց առաջ լցնել Բ-ի մեջ։ Յուրաքանչյուր բաժին Բ-ին ավելացնել թթվասեր և մանր կտրտած մաղադանոս։
500 գ մսին՝ 2,5 լիտր ջուր, 300 գ ճակնդեղ, 200 գ թարմ կաղամբ, մեկական արմտիք, 1 գլուխ սոխ, 2-3 կարտոֆիլ, 2 ճաշի գդալ տոմատախյուս կամ 2-3 պոմիդոր, 1 ճաշի գդալ յուղ կամ կարագ, թթվասերը, համեմունքը, քացախը, շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Բ. առանց մսի. կեղևած բանջարեղենը և արմտիքը կտրտել, ձեթ ու քիչ ջուր ավելացնել և փակ կաթսայում կիսաեփ անել։ Եփելու ընթացքում բանջարեղենը պարբերաբար խառնել, անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնել։ Եռացրած ջրին ավելացնել աղ, շերտերով կամ խորանարդիկներով կտրտած կարտոֆիլ, կրկին եռացնել և ավելացնել կտրտած կաղամբ։ 10-15 րոպեից լցնել խաշած բանջարեղենը և եփել մարմանդ կրակի վրա։ Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել տոմատ կամ կտրտած և յուղով տապակած պոմիդոր։ Պատրաստի Բ. ըստ ճաշակի համեմել շաքարավազով, աղով, քացախով, կիտրոնի հյութով կամ կիտրոնաթթվով և թողնել 15-20 րոպե։ Մատուցելուց առաջ յուրաքանչյուր բաժին Բ-ին ավելացնել թթվասեր, մանր կտրտած մաղադանոս, սամիթ և կանաչ սոխ։
2,5 լիտր ջուր, 250 գ ճակնդեղ, 2-3 կարտոֆիլ, 250 գ կաղամբ, մեկական արմտիք, 1 գլուխ սոխ, 100 գ ձեթ, 1-2 ճաշի գդալ տոմատախյուս կամ 3-4 պոմիդոր. շաքարավազը, աղը, կիտրոնաթթուն՝ ըստ ճաշակի։
Տես նաև Ազգային կերակրատեսակներ հոդվածը։