ՏՏՀ/Բուժենինա
ԲՈՒԺԵՆԻՆԱ, տապակած կամ ջեռեփած խոզի միս՝ բարակ ճարպաշերտով։
Բ. կարելի է պատրաստել տան պայմաններում. խոզի մսին (կոնքազդրային անոսկոր մաս) կարագ քսել, պատառաքաղով ծակծկել, աղ, սև պղպեղ, մանր կտրտած սոխ ցանել, ավելացնել բուրավետ պղպեղ, դափնու տերև, սխտոր։ Սաճի մեջ խաչաձև դնել 2 փայտե ձողիկ, վրան՝ միսը, 2-3 ճաշի գդալ ջուր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ։ Միսը կարմրելուց հետո անհրաժեշտ է ջեռոցի ջերմությունը պակասեցնել։ Տապակելու ընթացքում գոյացած հյութը 10-15 րոպեն մեկ լցնել մսի վրա՝ այն ամեն անգամ պատառաքաղով ծակծկելով։ Տապակել 1,5-2 ժամ։
2 կգ խոզի մսին՝ 500 գ սոխ, 15 հատիկ բուրավետ պղպեղ, 2-3 գ (դանակի ծայրով) սև պղպեղ, 2-4 դափնու տերև, 1 ճաշի գդալ կարագ. աղն ու սխտորը՝ ըստ ճաշակի։
Բ. սառը խորտիկ է. կտրտում են բարակ՝ մկանային թելքերի լայնքով։
Խավարտը՝ թարմ կամ թթու վարունգ, համեմունքը՝ քացախով կծվիչ, մանանեխ, ինչպես նաև մայոնեզ և սոուս։ Որպես տաք կերակրատեսակ Բ. մատուցում են կարտոֆիլով կամ կարտոֆիլախյուսով՝ վրան լցնելով իր հյութը։
Խորհուրդ է տրվում Բ. պահել սառնարանում առանց կտրտելու (2 օրից ոչ ավելի)։ Որպեսզի միսը չչորանա, այն փաթաթում են մագաղաթաթղթով, ֆոլգայով կամ ցելոֆանով։