Բրոնխաբորբ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 256
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԲՐՈՆԽԱԲՈՐԲ, բրոնխիտ, հիվանդություն, որը բնորոշվում է սուր և քրոնիկական ընթացքով։

Սուր բրոնխաբորբի հարուցիչները ստրեպտոկոկերն ու պնևմոկոկերն են։ Այն հաճախ նկատվում է նաև գրիպի, կարմրուկի, կապույտ հազի և այլ հիվանդությունների ժամանակ և կարող է դառնալ քրոնիկական։ Քրոնիկական բրոնխաբորբը կարող է զարգանալ նաև փոշի և թունավոր գազեր երկարատև շնչելիս, երկարամյա ծխելու, թոքերում արյան կանգով ուղեկցվող սրտային անբավարարության, թոքային քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, սառը օդը, ինչպես նաև գերհոգնածությունը, ֆիզիկական և նյարդային գերլարվածությունը։

Բ-ի հիմնական ախտանշանը հազն է (չոր կամ թաց) լորձաթարախային խորխարտադրությամբ, երբեմն՝ հևոցը (քրոնիկական բրոնխաբորբ)։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 37-38°C, առաջանում է թուլություն, տկարություն։ Սուր բրոնխաբորբի ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ուժեղ սնունդ, առատ տաք հեղուկներ (թեյ ազնվամորու մուրաբայով կամ մեղրով, կաթ սոդայով կամ հանքային ջրով)։

Բժշկի նշանակմամբ կրծքավանդակին և մեջքին կպցնում են բժշկական բաժակներ, մանանեխի ծեփոններ, օգտագործում են հակաբորբոքային, խորխաբեր, հազը հանգստացնող և այլ դեղամիջոցներ։

Քրոնիկական բրոնխաբորբի հաջող բուժումը մեծամասամբ կախված է սրացումների շրջանում ժամանակին բժշկին դիմելուց և հիվանդի ճիշտ խնամքից։ Քրոնիկական բրոնխաբորբի սրացման ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, հիվանդը պետք է գտնվի չոր, տաք և լավ օդափոխվող սենյակում։ Ձմռանը սենյակն օդափոխելիս պետք է հիվանդին ծածկել վերմակով և շրջել մեջքով դեպի պատուհանը, այլապես սառը օդի ազդեցության հետևանքով հազն ու հևոցը կարող են ուժեղանալ։ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և միջանցիկ քամուց։ Բնակարանում օդի չափից ավելի չորությունը վերացնելու համար ջերմության աղբյուրի դիմաց խորհուրդ է տրվում մեծ ամանով ջուր դնել, իսկ ջեռուցման սարքերի վրա թաց շոր փռել։ Ուժեղ հազի կամ հևոցի ժամանակ հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ հազալիս կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին։ Այդ դրության մեջ հիվանդի հազը դյուրին է դառնում։ Քրոնիկական բրոնխաբորբի սրացման շրջանում անհրաժեշտ է սպիտակուցներով և վիտամին C-ով հարուստ սնունդ։ Հակացուցված են սուր կերակուրները, սոուսները, համեմունքները։ Բժշկի նշանակմամբ կիրառում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ և կատարում բուժական մարմնամարզություն։ Հիվանդը պետք է ծխելը թողնի։

Բրոնխաբորբի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել։

Տես նաև Կոփել: