ՏՏՀ/Գորգ
ԳՈՐԳ, բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր՝ բնակարանը տաքացնելու, զարդարելու և ձայնամեկուսացնելու համար։ Գ-ի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գործվածքի մակերևույթով (խավածածկ կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ ևն), ներկանյութով, չափերով, զարդանկարի բնույթով և հորինվածքով, գունային լուծումներով։
Դասական Գ-ի հանգուցավոր գործվածքն արվում է երեք տեսակի թելերով՝ հենքի (երկու կամ երեք տակ, ամուր ոլորած), միջնաթելով (երկու տակ, ամուր ոլորած) և գործող թելով (հին Գ-երում՝ երկու, այժմյան Գ-երում՝ մեկ, թույլ ոլորած փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է Գ-ի թավշակերպ մակերևույթը։ Գ-ի թելերը հինում են տորքի (դազգահ) վրա։ Հենքի թելերի արանքով դնում են ազբը, որի ատամների միջով անցնում են հենքի բոլոր թելերը (նկ. 1)։ Հենքի թելերի (հայկական Գ-երում՝ երկու թելի) վրա գործող թելով կապում են առանձին հանգույցներ (նկ. 2), որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրերը։ Յուրաքանչյուր շարքն ավարտելուց հետո կտրած թելի ծայրերը դուրս են բերում Գ-ի երեսակողմ, ձգում, ամրացնում, ծայրերը դանակով կտրում, ապա կապում նոր հանգույց։ Շարքն ավարտելուց հետո հանգույցների վրայով, հենքի թելերի միջով աջից ձախ և ձախից աջ անցկացնում են երկու-երեք տակ լավ ոլորած միջնաթել, ապա կտուտում կտուտիչով։ Յուրաքանչյուր շարքի հանգույցների ծայրերը կտրում են մկրատով։ Խավը կարելի է անել նաև մետաքսե թելով (Գ. ստացվում է նուրբ և փափուկ)։ Որքան բարակ են Գ-ի թելերը, այնքան ավելի շատ են հանգույցները (1 մ²-ի վրա 180000-300000 և ավելի)։
Հայաստանն աչքի է ընկել բարձրարժեք Գ-երով։ Արթիկի դամբարաններից մեկում հայտնաբերված բրդե հյուսվածքի (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) վրա պատկերված կեռախաչը (սվաստիկա) և օձաձև զարդանախշերը կիրառել են հայկական միջնադարյան Գ–երի և կարպետների հորինվածքներում։ XV–XVI դդ. եվրոպական նկարիչների կտավներում հանդիպում են հայկական Գ-երի պատկերներ։
Առավել տարածված էին վիշապագորգերը, ծաղկագորգերն ու երկրաչափական զարդանկարներով բազմատեսակ Գ-երը։ Եվրոպական և ամերիկյան թանգարաններում կան մի քանի տասնյակ հայկական միջնադարյան թանկարժեք Գ-եր։
Գորգագործության մեջ տարածված զարդանախշերն են մեծ ու փոքր շեղանկյունները, վեցանկյուն բազմանկյունները, կեռանախշերը, ոճավորված բուսանախշերը, թռչնանման նախշերը ևն։ Հարսնացուի օժիտի Գ. գերազանցապես գործվում էր պտղաբերությունը խորհրդանշող նախշերով (կենաց ծառ, կոկոն, նուշ ևն)։
Գ-ի համար թելը մանել են իլիկով կամ ճախարակով, ներկել բուսական, կենդանական, հանքային ներկերով։ Մեծ համբավ են ունեցել «տորոն» ու «որդան կարմիր» ներկերը։
Տես նաև Կարպետ և Գոբելեն հոդվածները։