ՏՏՀ/Գուլյաշ
ԳՈՒԼՅԱՇ, տավարի, հորթի, խոզի կամ ոչխարի մսով երկրորդ կերակրատեսակ։
Միսը բաժանել փոքր կտորների (20–25 գ-անոց), աղ ու պղպեղ ցանել և տապակել մինչև կարմրավուն կեղևի գոյանալը։ Այնուհետև լցնել ոչ խոր կաթսայի մեջ, ջուր կամ արգանակ ավելացնել (1 1/2 բաժակ) և եփել մինչև կիսապատրաստ լինելը (տավարի կամ ոչխարի միսը՝ 40-50 րոպե, խոզի և հորթի միսը՝ 20-30 րոպե)։ Սոխը մանր կտրտել, յուղով թեթևակի տապակել, ավելացնել տոմատախյուս, նախապես բոված ալյուր, ապա այդ ամենի վրա լցնել մսի արգանակը, ավելացնել ծեծած սխտոր, դափնու տերև, թթվասեր և եռացնել։ Սոուսի մեջ կարագ ավելացնել (ըստ ճաշակի), որից հետո սոուսը լցնել մսի վրա և եփել։
Խավարտը՝ տապակած կամ խաշած կարտոֆիլ, մակարոն, բանջարեղեն։
500 գ փափուկ մսին՝ 2 ճաշի գդալ յուղ, 2 գլուխ սոխ, 2 1/2 ճաշի գդալ տոմատախյուս կամ 2 թեյի գդալ տոմատի մածուկ, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 1/2 բաժակ թթվասեր, 2 դափնու տերև, 1 պճեղ սխտոր. աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։