ՏՏՀ/Գրիպ և գրիպանման հիվանդություններ

Գրիպ և գրիպանման հիվանդություններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 261
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԳՐԻՊ ԵՎ ԳՐԻՊԱՆՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գրիպը սուր վարակիչ հիվանդություն է. ընթանում է առավելապես վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր թունավորման երևույթներով։ Հեշտությամբ փոխանցվում է հիվանդից առողջին և ախտահարում թե՛ հասուն մարդկանց, թե՛ երեխաներին։ Հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին։ Գաղտնի շրջանը կարճատև է՝ 1-2 օր։ Գաղտնի շրջանի կարճատևությունը և հիվանդության հանդեպ մարդկանց բարձր ընկալունությունը նպաստում են գրիպի համաճարակների արագ և բուռն տարածմանը։ Գրիպի համաճարակները կրկնվում են հաճախ (3-4 տարին մեկ), պարբերաբար ընդունում են հսկայական չափեր և ընդգրկում ամբողջ հողագնդի բնակչությանը (այսպես կոչված՝ համայնաճարակ, պանդեմիա)։

Գրիպի հարուցիչները վիրուսներն են. հայտնի է գրիպի վիրուսի մի քանի տեսակ։ Հարուցիչը, գտնվելով հիվանդի քթի, բերանի և ըմպանի լորձաթաղանթների վրա, փռշտալիս, հազալիս և խոսելիս թքի կաթիլների կամ քթի լորձի հետ անցնում է օդի մեջ։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ տնային գործածության իրերի միջոցով։

Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի՝ դողով, որից անմիջապես հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 °C, երբեմն 40 °C։ Առաջանում է ուժեղ գլխացավ, ամբողջ մարմնի, հատկապես գոտկատեղի և ոտքերի ձկնամկանների ջարդվածություն, ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում։ Հիվանդը դառնում է անտարբեր, քնկոտ, երբեմն՝ ընհակառակը՝ դյուրագրգիռ։ Աչքերը և դեմքը կարմրում են, շոշափելիս մաշկը տաք է, չափավոր խոնավ։ Ջերմաստիճանի բարձրացման հետ միաժամանակ (կամ մի քիչ ուշ) առաջանում են հարբուխ, բերանի չորության զգացում, կրծոսկրի հետևում քերծման զգացում, չոր հազ։ 3-5 օր անց մարմնի ջերմաստիճանն իջնում է։ Հիվանդն աստիճանաբար ապաքինվում է։ Թուլությունը, ջարդվածությունը, գլխապտույտը որոշ ժամանակ պահպանվում են։

Գրիպը ծանր հիվանդություն է, հաճախ այն բարդանում է (թոքերի, ճակատային ծոցերի, միջին ականջի և թոքամզի բորբոքում)։ Առանձին դեպքերում գրիպն առաջացնում է սրտի, հոդերի, երիկամների, ուղեղի և ուղեղապատյանների ախտահարումներ։ Ապաքինվելուց հետո, առանց բժշկի թույլտվության, չի կարելի աշխատանքի անցնել (հատկապես տարեցներն այդ մասին պետք է լավ իմանան)։ Գրիպի տարածումը կանխելու միակ միջոցը հիվանդի մեկուսացումն է։ Հարկավոր է նրան տեղավորել առանձին սենյակում, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում շիրմայի կամ վարագույրի հետևում։ Սենյակը պետք է հաճախ օդափոխել և կատարել խոնավ հարդարանք։ Հատակը լվանալ քլորամինի կամ քլորակրի 2 %-անոց լուծույթով (1 ճաշի գդալը 1 դույլ ջրին)։ Հիվանդը պետք է ունենա առանձին ամանեղեն ու սրբիչ։ Ամանեղենը հարկավոր լվանալ եռջրով։ Օգտագործած թաշկինակներն անհրաժեշտ է թրջել քլորակրի լուծույթով։ Հիվանդի հետ շփվելիս նպատակահարմար է քիթը և բերանը փակել դիմակով (3-4 շերտ լվացած և լավ արդուկած թանզիֆ)։ Այս կանոնը հատկապես պետք է պահպանեն կերակրող մայրերը՝ կրծքի երեխային կերակրելիս և խնամելիս։

Գրիպով հիվանդն անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ և պահպանի անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի սննդարար, դյուրամարս, պարունակի բավարար քանակության վիտամիններ։ Ցանկալի է սուր կերակուրներ չօգտագործել։ Հիվանդը պետք է ընդունի շատ հեղուկ (տաք թեյ, չոր ազնվամորու, լորենու ծաղկի թուրմ, կաթ՝ «Ջերմուկի» հետ և այլն)։ Մինչև բժշկի այցելելը չի կարելի որևէ դեղամիջոց (հատկապես հակաբիոտիկ) ընդունել։

Շնչառական վիրուսային վարակիչ հիվանդությունների մեծ խումբ, կլինիկական պատկերով նման է գրիպին։ Նախկինում այդ հիվանդությունները կրում էին տարբեր անվանումներ. տենդային լորձենաբորբեր, սեզոնային լորձենաբորբեր, վերին շնչուղիների սուր լորձենաբորբեր։ Շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններից առավել տարածված են ադենովիրուսային, հարգրիպային (պարագրիպոզ) և քթավիրուսային (ռինովիրուսային) վարակիչ հիվանդությունները։

Ադենովիրուսային վարակիչ հիվանդություններն ընթանում են որպես վերին շնչուղիների սուր լորձենաբորբ, որի դեպքում առաջանում են հարբուխ, հազ (հաճախ հաչոցանման), հազվադեպ՝ հևոց, ձայնալարերի բորբոքում (լարինգիտ)։ Հիվանդությունը կարող է ընթանալ որպես աչքի շաղկապենաբորբ (սկզբում միակողմանի), որին բնորոշ են կոպերի կարմրությունն ու այտուցվածությունը զուգակցված կոկորդում քերծման զգացողության հետ, աննշան հարբուխը և հազը։ Աղիքային ձևի ժամանակ առաջին հերթին լինում են որովայնի ցավեր, լուծ, երբեմն փսխում։ Առանձին դեպքերում հիվանդության տարբեր ձևերի ախտանշանները կարող են զուգակցվել։

Ադենովիրուսային վարակիչ հիվանդություններով առավելապես հիվանդանում են դպրոցական, հաճախ նաև նախադպրոցական տարիքի և կրծքի երեխաները։ Վերջիններիս հիվանդությունն ընթանում է ավելի ծանր, հաճախ բարդանում թոքաբորբով և ականջաբորբով։ Մինչև 6 ամսական երեխաները, որպես կանոն, այդ հիվանդություններով չեն հիվանդանում։ Ադենովիրուսային վարակիչ հիվանդությունները կարող են զարգանալ տարվա բոլոր եղանակներին, սակայն, ի տարբերություն գրիպի, արտահայտված համաճարակային բնույթ չունեն։ Հիվանդներին հարկավոր է մեկուսացնել տնային պայմաններում անկողնային ռեժիմի պահպանմամբ։ Բուժումը և խնամքը նույնն է, ինչ գրիպինը։

Հարգրիպային հիվանդություններն ընթանում են վերին շնչուղիների լորձենաբորբի ձևով ձայնալարերի բորբոքման երևույթների (ձայնի խռպոտություն, հաճախակի չոր հազ) զուգակցմամբ։ 1-3 տարեկան երեխաների կոկորդի չնչին ախտահարումը կարող է հանգեցնել կեղծ կրուպի։ Մարմնի ջերմաստիճանը լինում է բնականոն կամ աննշան բարձրացած (37–37,3 °C)։ Բակտերիային վարակի միացման պատճառով հիվանդությունը կարող է բարդանալ թոքաբորբով կամ ականջաբորբով։ Հիվանդության հանդեպ հատկապես ընկալունակ են նորածինները, կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաները։ Տարվա ցուրտ եղանակին մանկական կոլեկտիվներում հիվանդությունը կարող է զանգվածային բնույթ կրել։ Բուժումը և խնամքը նույնն է, ինչ գրիպինը։

Քթավիրուսային հիվանդություններն ընթանում են քթի լորձաթաղանթի բորբոքումով։ Հարբուխն ուղեկցվում է այտուցով և շնչառության դժվարացմամբ։ Մարմնի ջերմաստիճանը, որպես կանոն, բնականոն է։ Հիվանդանում են հիմնականում երեխաները, ավելի ծանր նորածինները և կրծքի երեխաները, քանի որ քթային շնչառության խանգարումը դժվարացնում է ծծելու պրոցեսը։ Հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին մեկուսացնել, բժշկի նշանակմամբ կատարել ոտքերի տաք լոգանք, ձկնամկաններին դնել մանանեխի ծեփոններ։ Կրծքի երեխաներին կերակրելուց առաջ քիթը մաքրել վարակազերծ վազելինով կամ եռացրած բուսական յուղով թրջած բամբակով կամ էլ բժշկի նշանակմամբ քիթը կաթեցնել անոթասեղմիչ կաթիլներ։