ՏՏՀ/Դաշտան
ԴԱՇՏԱՆ, սկսվում է կանանց սեռական հասունացման շրջանում (13-15 տարեկանում) և շարունակվում մինչև դաշտանադադարը՛: Անհրաժեշտ է աղջնակին աստիճանաբար և պատշաճ կերպով նախապատրաստել Դ-ի հայտնվելուն։ Սովորաբար Դ. կրկնվում է ժամանակի որոշակի ընդմիջումներով (3-4 շաբաթը մեկ) և տևում է 3-7 օր կախված կնոջ անհատական առանձնահատկություններից։ Որոշ աղջիկների Դ. (հատկապես վաղ սկսված) կանոնավորվում է ոչ միանգամից, 1-2 տարի անց։ Դ-ի սկսման ժամկետի տատանումները կարող են կապված լինել ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների հետ։ Ուստի, 15-16 տարեկան աղջիկների Դ-ի բացակայության դեպքում, սեռական հասունացման կասեցման պատճառը բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել կանանց կոնսուլտացիայի բժշկին։
Կանանց մեծ մասը Դ-ի ժամանակ ընդհանուր վիճակի փոփոխություններ չեն զգում։ Առանձին դեպքերում առաջանում են գերգրգռվածություն, դյուրաբորբոքություն, երբեմն ստամոքսաղիքային խանգարումներ, սրտխառնոց, որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի բութ, ձգող ցավեր։ Դ-ի փուլայնության և կանոնավորության խանգարումը վկայում է կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին։ Դրանք ժամանակին բացահայտելու նպատակով յուրաքանչյուր կին պետք է նշի Դ-ի ժամկետը և տևողությունը։ Սեռական կյանքով ապրող կանանց այդպիսի օրացույցը միևնույն ժամանակ օգնում է ստույգ որոշել հղիության ժամկետը։ Եթե Դ. ուղեկցվում է ցավերով և արյան մեծ կորստով, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Կանացի հիվանդությունների կանխարգելման նպատակով Դ-ի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի հատուկ կանոններ, օրական առնվազն երկու անգամ պետք է լվանալ արտաքին սեռական օրգանները եռացրած գոլ ջրով։ Արտաքին սեռական օրգանների և մաշկի կեղտոտությունը նպաստում է բորբոքային պրոցեսների առաջացմանը, որոնք կարող են տարածվել սկզբում հեշտոցի, այնուհետև ներքին սեռական օրգանների վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել հիգիենային թանզիֆե միջադիրներ։ Դ-ի ընթացքում պետք է խուսափել սեռական հարաբերություն ունենալուց, լոգանք ընդունելուց, ծովում, գետում լողանալուց։ Կարելի է լվացվել միայն ցնցուղի տակ։