ՏՏՀ/Դեղարկղ տնային
ԴԵՂԱՐԿՂ տնային, առաջին օգնություն ցույց տալու համար յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա տնային Դ։ Կարելի է գնել պատրաստի Դ. կամ այն ստեղծել, հաշվի առնելով ընտանիքի անդամների տարիքը և առողջական վիճակը։
Դ-ի պատրաստի հավաքածուն պարունակում է դառն աղ, ացետիլսալիցիլաթթու (ասպիրին), կալցեքս, խմելու սոդա, հաբեր հազի դեմ, մանանեխի ծեփոններ, կատվախոտի թուրմ, բորային վազելին, ցինկաքսուք, յոդի սպիրտային լուծույթ, կալիումի գերմանգանատ, անուշադրի սպիրտ, վալիդոլ, բինտ, կոմպրեսի թուղթ, բամբակ, առաջին օգնության վիրակապման փաթեթ, կպչուն սպեղանի, ջերմաչափ, աչքի կաթոցիչ։
Դ-ում դեղորայքը պետք է պահվի կարգին վիճակում։ Ոչ մի դեպքում չի կարելի պահել անհայտ դեղորայք։ Յուրաքանչյուր սրվակ կամ տուփիկ պետք է ունենա պարունակության ճիշտ անվանումը։ Ներքին գործածության համար դեղորայքը պետք է առանձին պահել արտաքինի համար նախատեսվածից։ Դեղերը պետք է պահել չոր, զով, մութ և երեխաների համար անմատչելի տեղում։
Անհրաժեշտ է խստորեն հետևել պահելու ռեժիմին, որը նշված է որոշ դեղերի պիտակի վրա։ Դեղն օգտագործելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել նրա պատրաստման և պիտանիության ժամկետին։ Չի կարելի օգտվել երկար ժամանակ պահված դեղորայքից։ Դա վերաբերում է հատկապես հեղուկ դեղերին (դեղախառնուրդ, մզվածք ևն)։ Չի կարելի գործածել տեսքը փոխած, նստվածքով, փաթիլներով դեղեր։
Բացի Դ-ից, խորհուրդ է տրվում ունենալ հիվանդի խնամքի առարկաների (ջեռակ, սառցապարկ, հոգնայի անոթ, կաթոցիչներ, բժշկական բաժակներ, ռետինե քուղ, կապույտ լույսով ջերմարձակ ևն) մի փոքր հավաքածու։