ՏՏՀ/Դիապրոյեկտոր
ԴԻԱՊՐՈՅԵԿՏՈՐ, նախատեսված է 16-35 կամ 60 մմ ժապավենի վրա նկարահանված համապատասխանաբար 30x30, 50x50 կամ 70x70 մմ չափերի շրջանակներում տեղադրված սև-սպիտակ կամ գունավոր թափանցապատկերներ (սլայդ) ցուցադրելու համար։ Թողարկվող Դ-ների մոդելներից շատերը թույլ են տալիս ցուցադրել ինչպես թափանցապատկերներ, այնպես էլ դիաֆիլմեր (հատուկ կցուրդի օգնությամբ)։ Թափանցապատկերներ կամ դիաֆիլմեր դիտելիս պատկերները ցուցադրվում են հատուկ առաջաձգական (պրոյեկցիոն) էկրանի վրա։ Թափանցապատկերները կարելի է ցուցադրել նաև 1,0-1,5 մ² մակերեսով ցանկացած սպիտակ հարթության (տես Պրոյեկցիոն էկրան) վրա։
Դ. ունի անլուսաթափանց իրան, որի ներսում գտնվում են լուսավորման համակարգը, թափանցապատկերների տեղակայման ու փոխարինման (կամ դիաֆիլմի միջաձգման) սարքը և առաջաձգական օբյեկտիվը։ Շատ Դ-ներ հագեցված են կցուրդային կամ Դ-ի իրանի մեջ սարքավորված հատուկ պարկուճներով, որոնց մեջ տեղավորվում են ցուցադրվող թափանցապատկերներով շրջանակները։ Պարկուճները լինում են ուղղանկյուն (արկղային տիպի) և օղակաձև (թմբուկային տիպի)։ Պարկուճները լինում են նաև բաց և փակ։ Բաց պարկուճներում թափանցապատկերները կարելի է փոխել նաև Դ-ի աշխատելու ժամանակ։
Դ-ի լուսավորման համակարգն ունի լույսի աղբյուր, լուսահավաք (կոնդենսոր) և լույսի անդրադարձիչ։ Լույսի աղբյուրը սովորական և հալոգենային շիկացման առաջաձգական հատուկ լամպ է։ Շիկացման հալոգենային լամպը նույն հզորության ծախսի պայմաններում, որպես կանոն, ունի սովորական լամպից ավելի փոքր չափ և ավելի մեծ լուսատացք. 2 կամ 3 ոսպնյակից բաղկացած լուսահավաքը և անդրադարձիչը ծառայում են առաջաձգվող թափանցապատկերի վրա լույսի աղբյուրից եկող ճառագայթների կենտրոնացմանը։
Դ-ի լուսավորման համակարգը և առաջաձգական օբյեկտիվը ստեղծում են լուսահոսք, որն ապահովում է թափանցապատկերի բավարար հստակությունն ու պայծառությունը նույնիսկ նրա 70-80 անգամ խոշորացնելու դեպքում։ Դ-ների մեծ մասում կիրառվող առաջաձգական օբյեկտիվներն ունեն երեք առանձին ոսպնյակներից կազմված ոչ բարդ օպտիկական սխեմա։ Որպես կանոն, դրանք ունեն 75-ից մինչև 100 մմ կիզակետային հեռավորություն (f) և 1:2,8-ից մինչև 1:4,5 հարաբերական բացվածք (1։k)։ Երբեմն Դ-ները համալրվում են ավելի քան 100 մմ կիզակետային հեռավորությամբ լրացուցիչ օբյեկտիվներով։ Դ-ների օբյեկտիվները կիզակետվում են ձեռքով (օբյեկտիվի շրջանակը պտտելով), կիսաավտոմատ եղանակով Դ-ի իրանի վրա սարքավորված հատուկ բռնակի կամ ստեղնի միջոցով և կամ ավտոմատ եղանակով՝ օրինակ, հեռակառավարման վահանակով։
Թափանցապատկերների փոխարինումը Դ-ի կադրի լուսամուտում կատարվում է կա՛մ ձեռքով մի թափանցապատկերը մյուսով փոխարինելով, կա՛մ ավտոմատ եղանակով հատուկ սարքով, որն արդեն դիտարկված թափանցապատկերը փոխարինում է հերթականով (պարկուճից) հեռակառավարման վահանակի ազդանշանով, ապարատի իրանի վրա սարքավորված ստեղնով, ծրագրային կառավարման սարքով։ Ըստ կառավարման եղանակի (օբյեկտիվի կիզակետում թափանցապատկերի փոխարինում) Դ-ները ստորաբաժանվում են ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ տեսակների։