ՏՏՀ/Դիմակահանդեսի հանդերձանքը
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ կարելի է առանց զգալի ծախսերի պատրաստել տանը։ Որպեսզի կերպարը համոզիչ լինի, Դ. հ. ընտրելիս պետք է հաշվի առնել այդ հանդերձանքը կրող մարդու խառնվածքը և բնական տվյալները, ինչպես նաև տարիքային առանձնահատկությունները (օրինակ, կենդանիների, թռչունների և ծաղիկների հանդերձանքը ավելի սազական է մանուկներին)։ Դ. հ. պետք է լինի վառ, գունեղ և արտահայտիչ։
Դ. հ. պատրաստելուց առաջ անհրաժեշտ է պարզորոշ պատկերացնել ստեղծվող կերպարի բնույթը, որոշել ամենաբնութագրական հատկանիշները և շեշտել բնութագրական առանձնահատկությունները։ Օրինակ, կախարդուհու քիթը հարկավոր է պատրաստել բնականից շատ ավելի մեծ՝ շեշտված կեռաձև, գլխաշորն աչքերին քաշել, տակից թողնել ճերմակ գզուզ մազերի փնջեր, փեշն անել երկար, գոտկատեղից մի կապ խոտ կախել։
Առաջին հերթին անհրաժեշտ է պատրաստել հագուստի ձևվածքը։ Եթե տրված է ձևվածքի նկարը, ապա այն պետք է անհրաժեշտ չափով մեծացնել (ցանցի կամ միլիմետրանոց թղթի միջոցով)։ Այն դեպքերում, երբ ձեռքի տակ ձևվածքի գծագրեր չկան, այլ կա միայն հագուստի նկարը, պետք է ընտրել դրան հարմար որևէ ժամանակակից հագուստի ձևվածք, ըստ որի կարված հագուստը չափափորձման ժամանակ հարմարացնել մարմնին։ Նկ. 1-ում ցույց է տրված չերքեզի չուխայի պատրաստման եղանակը տղամարդու բաճկոնի, կանացի թևքի և կիսաշրջազգեստի հիման վրա։ Ձևվածքը կտորի վրա են փոխանցում պատճենաթղթի օգնությամբ նկարը եզրագծելով կոշտ մատիտով։
Դ. հ. կարելի է պատրաստել տանը եղած ամենատարբեր նյութերից։ Կարող են օգտագործվել գործածությունից դուրս եկած զանազան իրեր, գործվածքի կտորտանքներ, որոնք գույնով, որակով և նախշով սազում են պատրաստվելիք հագուստին կամ նմանակում գազանի մորթի (խավոտ կտոր), ծաղկի նուրբ թերթիկներ (բարակ գունավոր թուղթ կամ կտոր) ևն։
Ստվարաթուղթը պիտանի է թե՛ ծավալային, թե՛ հարթ իրերի պատրաստման համար։ Ըստ ձևվածքի ստվարաթղթից պատրաստում են առանձին մւսնրամասներ, որոնք սոսնձում են իրար։ Սոսնձվող մասերից մեկի եզրի երկայնքով թողնում են 2 սմ լայնության շերտ կամ ատամնավոր եզրածալ, որն այնուհետև ծալում են և սոսնձում այնպես, որ չերևա։ Կոնաձև իրեր պատրաստելու համար շրջանից սեպաձև հատված են կտրում և թերի շրջանի կտրված եզրերը սոսնձում իրար։ Կոնի բարձրությունը և լայնությունը կախված են կտրվող սեպաձև հատվածի չափերից։
Կլոր իրերի ձևվածքը բաղկացած է 48 առանձին սեպաձև մասերից, որոնք իրար են սոսնձվում օղակի միջոցով (նկ. 2, 3)։
Հարթություններին ուռուցիկ ձև տալու համար համապատասխան տեղերում պետք է սեղմոններ անել կամ ուղղաձիգ կողմերը տրեզով ձգել (օրինակ, դիմակ և վահան պատրաստելիս, նկ. 4)։ Ստվարաթղթե մակերևույթն ուղղաձիգ վիճակում պահելու համար (օրինակ, աքաղաղի կատարը), վրան 3-4 սմ երկարության կտրվածքներ են անում և սոսնձելիս կտրված մասերը ծալում հակառակ ուղղություններով։ Եթե ստվարաթղթե մակերևույթը մեծ է, կարելի է կողքերից ամրացնող անկյունակապեր կպցնել։ Այս եղանակով կարելի է պատրաստել ուռուցիկ մասերով կենդանիների, թռչունների դիմակներ և զանազան գլխարկներ (նկ. 5)։
Հաստ թուղթը հարմար է օձիքների, հովհարների և այլ իրերի պատրաստման համար։ Օձիք պատրաստելիս կարելի է օգտվել օձիք հոդվածում բերված ձևվածքից։ Օձիքը կարելի է դրվագել սպիտակ բարակ կամ ծալքավորված թղթից պատրաստված ժանյակով կամ ծոպերով։
Ծալազարդ օձիք պատրաստելու համար հարկավոր է 1,5 մ երկարության և 14 սմ լայնության թղթի շերտը ծալքավորել (ծալվածքի լայնությունը 5-7 սմ) և եզրից 1 1/2 սմ հեռավորության վրա արված անցքով քուղ անցկացնել։ Որպեսզի քուղը դուրս չգա օձիքից, պետք է քուղի վրա պարանոցի շրջագծի երկարության համապատասխան հանգույցներ անել ազատ ծայրերը թողնելով կապելու համար։ Նույն եղանակով են պատրաստում հովհարը (թղթի շերտի երկարությունը 1 մ, լայնությունը 30 սմ)։ Ծալքավորված թուղթը հարկավոր է լայնությամբ ծալել, եզրաշերտի երկու մասերը սոսնձել, իսկ ծալված մասից 4 սմ հեռավորության վրա երկու անցք բացել քուղի համար։ Հովհարի առաջին և վերջին եզրաշերտերին պետք է ստվարաթղթի շերտեր կպցնել և ներկել ոսկրագույն ներկով։ Քուղի ծայրերից կարելի է ծոպեր կախել։ Նախքան թուղթը ծալքավորելը երկու կողմն էլ կարելի է նկարազարդել ջրաներկով։
Բարակ թուղթը կիրառում են ոլորվող մասերի համար (նկ. 6)։ Մորուք պատրաստելու համար կտորե հիմքի վրա ներքևից վերև կպցնում են թղթե ծոպերիզ։ Գանգուր մորուք պատրաստելու համար թղթի ժապավենները նախապես գանգրացնում են։ Սև մորուք պատրաստելու համար օգտագործում են սև լուսանկարչական թուղթ։ Նույն եղանակով կարելի է կեղծամ պատրաստել՝ լավ գանգրացրած թղթե ծոպերիզը կարելով թասակին։ Գլխարկի փետուր սարքելու համար 18 սմ x 40 սմ սպիտակ թուղթը երկարությամբ ծալում են, նկարում փետուրի եզրագծերը, ըստ դրանց կտրում, անկյունագծով կտրվածքներ անում և ծայրերը գանգրացնում։ Ավելի փարթամ փետուր ստանալու համար կարելի է այսպիսի 2-3 փետուր դնել իրար վրա և ամրացնել։ Փետուրին անհրաժեշտ կորություն տալու համար նրա միջով մետաղալար են անցկացնում։
Ծխախոտաթղթից և ծալազարդ թղթից պատրաստում են զրահներ կամ ձկան թեփուկներ, ժաբո, թեզանիք, բոլորածալ, վարդակապ, ծաղիկներ և ժանյակներ։
Ժաբո և թեզանիք պատրաստելու համար վերցնում են 20-25 սմ լայնության ծխախոտաթուղթ կամ ծալազարդ սպիտակ թուղթ, միջնագծով փոթ-փոթ հավաքում թելի վրա և երկտակում։ Ժաբոն կտրելով ամրացնում են սպիտակ շապիկի կրծքամասին, իսկ թեզանիքը՝ 30-35 սմ երկարության տրեզին՝ ազատ ծայրերը թողնելով կապիչների համար։ Բոլորածալն անում են նույն եղանակով, ինչ թեզանիքը, այն տարբերությամբ, որ թուղթը կարող է լինել զգեստին հարմար ցանկացած գույնի։ Ծալազարդ թղթից պատրաստված բոլորածալը փարթամացնելու համար ծայրերը մի քիչ հարթում են։
Ծալազարդ թղթին կարելի է անհրաժեշտ ձև տալ և ծալքավորել թուղթը որոշակի տեղերում հավաքելով կամ ձգելով։ Ծալազարդ թուղթը հարմար է զգեստի ֆիժմաներ և լապտերաձև թևքեր պատրաստելու համար։ Երկուսն էլ ամրացնում են հագուստը հագնելուց հետո։
Ժանյակ պատրաստելու համար սպիտակ թղթի շերտը մի քանի անգամ ծալում են, նախշը մատիտով նկարում, մկրատով կտրում, ապա թուղթը հարթեցնում։
Թղթազանգվածից (պապիեմաշե) սովորաբար պատրաստում են ծավալային դիմակներ։ Նախ կավից կամ պլաստիլինից կաղապար են սարքում, վրան որևիցե յուղ քսում, ապա պատում ջրի մեջ թրջած թղթի կտորներով։ Երկրորդ և հաջորդ շերտերը (մինչև 5) դնելուց առաջ նախորդ շերտը պատում են շրեշով (տես Սոսնձում): Լավ չորանալուց հետո դիմակը հանում են կաղապարից (նկ. 7), անցքեր բացում աչքերի և բերանի համար և պատում կավճի ու սոսնձի հեղուկ լուծույթով։ Ներկաստառը չորանալուց հետո դիմակը կարելի է ներկել։ Նույն եղանակով դիմակներ են պատրաստում թանզիֆից կամ տրիկոտաժե լաթերից։ Կտորը կիպ ձգում են կաղապարի վրա և սոսնձապատում։ Գոգավոր մասերում առաջացած կտորի ծալքերը կտրում են, վրայից ձգում ևս 2-3 շերտ կտոր՝ ամեն հաջորդ շերտը դնելուց առաջ նախորդը սոսնձապատելով։
Կտորե դիմակն ավելի թեթև և հարմար է, քան թղթազանգվածե դիմակը, թեև առաջինն ավելի բարդ է պատրաստվում։
Դիմակները կարելի է պատրաստել առանց կաղապարի ցանկացած կտորից։ Կանանց կիսադիմակ պատրաստելիս կարելի է օգտագործել կերպաս, թավիշ, սատին, մարդակերպ դիմակների համար առավել հարմար են դեղնասպիտակ և վարդագույն դյուրին ներկվող բամբակե կտորներ, կենդանակերպ դիմակների համար՝ բումազե, բայկա, վատին։ Ըստ դիմակի բնույթի ընտրում են այս կամ այն կտորը, որն օգտագործվում է արտաքին շերտի համար, ներքին շերտերի համար առավել պիտանի է սպիտակեղենի գործվածքը։ Գործվածքի կտորներն օսլայում են, չորացնում և արդուկում։ Գործվածքի առաջին շերտը պատում են խիտ շրեշով, վրայից դնում երկրորդ շերտը, կնճռոտությունից խուսափելու համար կտորը խնամքով հարթեցնում են կենտրոնից դեպի եզրերը, այնուհետև արդուկով չորացնում, նորից շրեշապատում, հետո միայն դնում ընտրված կտորը։ Նախապատրաստվածքի չորանալուց հետո այն կտրում են ըստ դիմակի ձևվածքի։
Կտորե դիմակները կարող են լինել հավաքովի, առանձին մասերը՝ քիթը, հոնքերը, ականջները, թարթիչները ձևում են առանձին-առանձին, ապա սոսնձում կամ կարում։ Այտերի, քթի, ճակատի ուռուցիկությունը ստանալու համար դիմակը դնում են չոր ավազով լցված տոպրակի վրա (15-20 սմ չափերի) և դիմակի հակառակ կողմից տաք արդուկի սուր մասի շրջանաձև շարժումներով փոսեր անում համապատասխան տեղերում։ Այնուհետև դիմակը ներկում են։ Կանանց կիսադիմակների ներքևի մասում ժանյակ են կպցնում։ Կիսադիմակները և դրանց ձևվածքը տրված են նկ. 8-ում։
Հաճախ անփոխարինելի է թանզիֆը, որը դյուրին է ներկվում, լավ ծալազարդվում և օսլայած վիճակում լավ է պահում ձևը։ Թանզիֆից կարելի է պատրաստել ոչ միայն օձիքներ, թեզանիքներ, բոլորածալ, թիթեռի և ճպուռի թևեր, այլև կանացի զգեստներ։ Թանզիֆե շերտով կարելի է իրար սոսնձել հագուստի ստվարաթղթե և թղթե տարրերը։ Պատռվածք չառաջացնելու համար մանրամասները կտրելով ամրացնում են թանզիֆին։
Պարկացուն (փաթեթավորման կտորը) նույնպես կարող է պիտանի լինել։ Այն լավ է ներկվում, հարմար կտոր է «դիպակե» զգեստների, թիկնոցների, բաճկոնակների և տաբատների համար։ Օսլայած պարկացուից կարելի է կարել ցանկացած ձևի ճտքակոշիկներ (նկ. 9)։ Կտորին փայլ տալու համար այն պետք է ներկելուց հետո պատել սոսնձի թույլ լուծույթով։
Բամբակից պատրաստում են սպիտակ մորթի, ճերմակ մազեր, ձյան փաթիլներ։ Բամբակը նաև մգդակում են կտորին և դնում հագուստի տակ, երբ անհրաժեշտ է փոխել մարմնի ձևը՝ մեծացնել փորը կամ լայնացնել կուրծքը։ Մորթի պատրաստելիս համապատասխան չափերի թանզիֆի շերտերին բամբակ են մգդակում։ Ամրացնելու համար այն թրջում են խիտ շաքարաջրով, ապա կարում զգեստին։ Կնգումի մորթի նմանակելու համար անհրաժեշտ է պատրաստել 7-8 սմ երկարության բամբակե պոչեր, մի քիչ ոլորել, ծայրերը թարախել անիլինային սև ներկի կամ ջրաներկի լուծույթի մեջ, թողնել, որ չորանա, որից հետո միայն կպցնել դրվագին։ Մորուքը և բեղերը պատրաստում են նույն եղանակով, ինչ մորթին։
Փափուկ մետաղալարից կարելի է պատրաստել թևերի, դիմակների, ձկան լողաթևերի հիմնակմախքներ, օղակապեր շքեղ կիսաշրջազգեստի համար, միջատների բեղիկներ, ինչպես նաև պոչերի, կնճիթների և փետուրների առանցքներ (նկ. 10)։ Հիմնակմախքի վրա գունավոր թուղթ կամ բարակ կտոր են ձգում և ներկում։ Շքեղ կիսաշրջազգեստի համար պատրաստում են տարբեր չափերի օղակապեր, որոնք տրեզով միացնում են իրարից 15 սմ հեռավորությամբ։ Վերևի օղակապին փափուկ գոտի են կարում։ Մետաղալարե բոլոր կառուցվածքները մարդու մարմնին են ամրացվում տրեզից պատրաստված կապիչների օգնությամբ։ Շարժումներից տատանվող պոչ պատրաստելու համար պարուրաձև ոլորած մետաղալարի վրա հագցնում են թղթով կամ բամբակով պոչաձև կտորե պատյան։ Տափակ պոչի առանցքը կարում-ամրացնում են երկու սոսնձվող մասերի միջև։ Կայունության համար պոչը պատրաստում են երկճյուղ և ճյուղավորված մասով ամրացնում գոտուն։ Թիթեռի հագուստի գլխարկի բեղիկները փաթաթում են ծալազարդ թղթով։ Ճիվիլը. ծոպերը, գործվածքի կտորները կարելի է ներկել և կեղծամ պատրաստել (նկ. 11)։ Կարելի է օգտագործել նաև հաստ կամ խավոտ թելեր։ Կեղծամին անհրաժեշտ սանրվածք տալուց հետո, այն պետք է ցողել շաքարի խիտ լուծույթով, որպեսզի պահպանվի սկզբնական ձևը։ Ծամերը կարելի է հյուսել համապատասխան գույնի կտորների շերտերից։ Հագուստին կարած կտորի շերտերը կարող են նմանակել թե՛ ջրիմուռ և թե՛ կենդանիների մորթի:
Դ. հ. կարելի է դրվագել գունավոր տրեզով, բրդե թելով, ժապավենով, գործվածքի կտորով, ծալազարդ թղթով, տոնածառի մետաղաթելով, ապակե ուլունքներով և կոճակներով, կոնֆետի անագաթերթով։ Ծալազարդ թղթից կարելի է պատրաստել զգեստի վարդակապ, բոլորածալ, փոթազարդ և ծաղիկներ։ Մետաղաթելով զարդարած թանզիֆը թողնում է ոսկեզարդ կամ արծաթազարդ կտորի տպավորություն։ Ուլունքներն ու կոճակները գործածվում են թանկարժեք քարերի նմանակման համար։
Զգեստի գունազարդում։ Զգեստի և դիմակների ստվարաթղթե և թղթե տարրերը ներկում են փափուկ և խոզամազի № 6, 10, 12 վրձիններով՝ ջրի մեջ լուծվող ջրաներկով, գուաշով և անիլինաներկերով։ Ոսկու կամ ալյումինի փոշին լուծում են ռետինի սոսնձով՝ ավելացնելով բենզին։ Խորհուրդ է տրվում գունազարդել նախ բաց, ապա մուգ գույներով, թողնելով, որ նախորդ գույնի ներկը չորանա։ Գույների սահուն անցում կատարելիս պետք է ներկը քսել դեռ չչորացած ընդհանուր գույնի վրա, ապա ստացված բծի եզրերը ստվերագծել չոր վրձնով։ Ստվարաթուղթը ջրաներկով կամ անիլինաներկով ներկելիս պետք է նախապես ներկաստառել կավճի և սոսնձի թույլ լուծույթով։ Գործվածքը կարելի է ներկել նաև յուղաներկով՝ օգտագործելով № 1 կամ № 2 հատուկ լուծիչ։
Գոյություն ունի նկարը գործվածքի վրա փոխադրելու մի քանի եղանակ։ Ամենապարզը՝ հում կարտոֆիլի միջոցով նկար տպելն է։ Նկարը քիմիական մատիտով նկարում են կտրած կարտոֆիլի հարթ մակերևույթի վրա, այնուհետև կարտոֆիլը կտրում են եզրագծով այնպես, որ նկարը մոտավորապես մեկ սանտիմետրով բարձր լինի կտրվածքի մակերևույթից։ Ստացված դրոշմին քսում են քիչ նոսրացրած ջրաներկ կամ անիլինաներկ և հպում գործվածքին։ Բազմագույն նախշեր ստանալու համար ավելի լավ է օգտվել նախշակաղապարից, որը պատրաստում են յուղատոգոր ստվարաթղթից և սուր դանակով կտրում նկարի եզրագծով (ցանկալի է ամեն գույնի համար առանձին)։ Որպեսզի կտրելուց հետո նկարի ձևը չփոխվի, պետք է նախշակաղապարի որոշ մասերում թողնել միջակապեր։ Նկարի եզրագծի և նախշակաղապարի եզրերի միջև պետք է թողնել առնվազն 5 սմ հեռավորություն։ Որպեսզի աշխատանքի ընթացքում գույները չմիախառնվեն, անհրաժեշտ է նախշակաղապարի եզրերին կտրվածքներ անել, որոնք պետք է ճշտորեն համընկնեն կաղապարներն իրար վրա դնելիս։ Առաջին նախշակաղապարը դնելուց հետո անհրաժեշտ է կտորի վրա կտրվածքներին համապատասխան նշումներ անել (նկ. 12)։ Յուղաներկով ներկելիս խոզամազի կլոր վրձնով հարվածում են նախշակաղապարով սահմանափակված կտորի հատվածին։ Վրձնի վրայի ներկի ավելցուկը հեռացնում են լաթով։ Թեև անիլինաներկով և ջրաներկով արված նկարի ուրվագծերը յուղաներկով արված նկարի ուրվագծերի հստակությունը չունեն, սակայն այդ ներկերը չեն փոխում գործվածքի ճկունությունը։
Ապլիկացիա։ Գործվածքը նախշազարդելու փոխարեն հաջողությամբ կարելի է ապլիկացիա կիրառել։
Բերված օրինակներով չի սահմանափակվում նյութերի և աշխատանքի եղանակների ամբողջ բազմազանությունը։ Դ. հ. պատրաստելիս կարելի է մի նյութը փոխարինել մյուսով (օրինակ, կտորը թղթով) և զգեստը կարելու փոխարեն այն ամբողջացնել սոսնձելով։