Դիմափոշի
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 274
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԴԻՄԱՓՈՇԻ, դիմահարդարման միջոց։ Դ. կիրառում են դեմքի մաշկը մթնոլորտային ազդեցությունից (արևի ճառագայթներ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, բարձր խոնավություն) պաշտպանելու, ինչպես նաև գեղազարդիչ (մաշկին փայլատ երանգ, թարմություն տալու, մաշկի թերությունները քողարկելու) նպատակով։ Դ-ի բաղադրամասերն են. տալկը, ճենակավը, եգիպտացորենի օսլան, ցինկի ստեարատը, ցինկի օքսիդը, տիտանի օքսիդը, ներկանյութեր, բուրավետ նյութեր և հատուկ հավելանյութեր (մաշկաքսուք, բարձրամոլեկուլային ջրածնավորված սպիրտ ևն)։ Կան տարբեր երանգի Դ-ներ. սպիտակ, մարմնագույն, վարդագույն, դեղնավարդագույն (ռաշել), արևայրուկի գույնի։

Թողարկում են նաև հոծ (կոմպակտ), հեղուկ և քսուքանման Դ.։ Տարբերում են բնականոն, ճարպոտ և չոր մաշկի համար նախատեսված Դ-ներ։ Դ. օգտագործելուց առաջ մաշկը պետք է մաքրել (մանրամասն տես Մաշկ հոդվածում), չոր մաշկի դեպքում ծածկել մաշկաքսուքի բարակ շերտով։

Դ. պետք է համապատասխանի դեմքի մաշկի և մազերի երանգին։ Այն պետք է քսել բարակ հավասար շերտով։ Շիկահերներին խորհուրդ է տրվում բաց վարդագույն երանգի Դ., արևից թխացած մաշկի դեպքում՝ դեղնավուն Դ.։ Ռաշել Դ. խորհուրդ է տրվում դեմքի գհւնատ մաշկով սևահեր և թուխ մաշկով կանանց։ Երբեմն նպատակահարմար է օգտագործել տարբեր երանգների Դ.ների խառնուրդ. թուխ մաշկի համար՝ ռաշել և վարդագույն (հավասար քանակով), բաց մաշկի համար՝ սպիտակ, ռաշել և վարդագույն (1:1:2 հարաբերությամբ)։ Դ. պետք է միշտ փակ պահել, քանի որ խոնավություն կլանելով կորցնում է համասեռությունը և վատ է քսվում մաշկին։ Դ. անհրաժեշտ է հեռու պահել սուր հոտ ունեցող նյութերից։