ՏՏՀ/Երեսպատում սալիկներով

ԵՐԵՍՊԱՏՈՒՄ ՍԱԼԻԿՆԵՐՈՎ, խոհանոցի, լողասենյակի և զուգարանի ներսում պատերն ու հատակը երեսպատվում են խեցե ջնարակված սալիկներով։ Պատերի երեսպատման համար օգտագործում են նաև պոլիստիրոլային պլաստմասսայից պատրաստված սալիկներ։ Պատերը երեսպատվում են ամբողջությամբ կամ որոշակի տեղերում (լվացատաշտակի, լվացակոնքի, սալօջախի մոտ)։

Խեցե ջնարակված սալիկները լինում են շարային (քառակուսի և ուղղանկյուն), անկյունային, քիվային և շրիշակային։ Ըստ երեսի մակերևույթի տարբերում են հարթ, ակոսավոր, բրգաձև սալիկներ, ըստ գույնի՝ մեներանգ և բազմերանգ։ Սալիկները շարում են «կարը կարին» (առավել հաճախ), «ցրիվ» կամ անկյունագծով։ Նախքան երեսպատումն սկսելը, անհրաժեշտ է ստուգել սալիկների մակերևույթի որակը, տեսակավորել դրանք ըստ գույնի և չափի։ Խեցե սալիկները կարելի է կտրել պոբեդիտե սայր ունեցող պողպատե կտրիչով, խարտոցի սուր եզրով, ապակեկտրիչով։ Երեսպատածը ցեմենտի շաղախով կատարելու դեպքում, լավ կպչունություն ապահովելու նպատակով, սալիկները նախապես մի քանի ժամ պետք է թողնել ջրում, այնուհետև ջրից հանել և անմիջապես տեղադրել։ Հարկ է նկատի ունենալ, որ ջնարակված բարակ սալիկների որոշ տեսակների արծնաշերտի տակ թրջելուց հետո կարող են մնալ ջրի հետքեր։ Այդպիսի սալիկները չեն թրջում, այլ թացացնում են խոնավ վրձնով կամ ջնջոցով։

Հատակի երեսպատումը (սալիկների փռումը հատակին) կատարում են պատերի երեսպատումից առաջ, որպեսզի պատերի սալիկները հենվեն հատակին։ Եթե հատակը երեսպատվում է պատերից հետո, ապա յուրաքանչյուր պատի ներքևում հարկ է լինում տեղադրել ձողեր, որոնց վրա հենվում են սալիկների ներքևի շարքերը։ Տարբեր ձևի և գույնի սալիկներով կարելի է հատակը երեսարկել զարդանախշերով։ Պատերի միջև միշտ չէ, որ ամբողջ թվով սալիկներ են շարվում, և հարկ է լինում դրանք կտրատել, որը հանգեցնում է սալիկների գերածախսի և շատ ժամանակ է խլում։ Համաչափ փռելու դեպքում, երբ առաջին սալիկը տեղադրվում է հատակի կենտրոնում, պատերի մոտի շարքում հարկ է լինում շատ սալիկներ կտրատել։ Ոչ համաչափ փռելու դեպքում սալիկները տեղադրում են որևէ անկյունից դեպի երկու պատը, և կտրատվում են միայն տվյալ պատերի եզրաշարերի սալիկները։ Սալիկները չջարդելու և չսղոցելու համար կարելի է շարել հատակին և որոշել դրանց թիվը յուրաքանչյուր շարքում։ Եթե մի շարքում չեն տեղավորվում ամբողջ թվով սալիկներ, ապա պատի ամենաներքևի մասում քերում են սվաղը այնպիսի խորությամբ, որ սալիկների թիվը տվյալ շարքում ամբողջանա։

Փայտե հատակը նախ անհրաժեշտ է պատել պողպատացանցով, այնուհետև լցնել երեսասվաղ 2-3 սմ հաստության բետոնի շերտ, փռել ցանցի և բետոնի մեկական շերտ, խնամքով հարթեցնել և «քերծոտել»։ Բետոնի պնդանալուց հետո (3-5 օրից) կարելի է սալիկները տեղադրել։ Երեսասվաղը հարկավոր է թրջել ջրով և լցնել մանր մաղած մաքուր ցեմենտի շերտ (2-3 մմ), որը երեսասվաղից կլանելով ջուրը, դառնում է խմոր, դրա վրա պետք է փռել սալիկները։ Մաքուր ցեմենտի փոխարեն կարելի է օգտագործել ցեմենտի և մանր ավազի հավասար մասերից բաղկացած շաղախ, այն քսելով 2-3 մմ հաստության շերտով։ Եթե երեսասվաղը շատ անհարթ է, ապա շաղախաշերտի հաստությունը կարելի է հասցնել 7-15 մմ-ի։

Սալիկները պետք է անպայման շարել հարթաչափով, դրա համար հարկավոր է պատի եզրամասերում գիպսի շաղախի վրա դնել հենանիշեր նույն բարձրությամբ ամրացված սալիկներ։ Այնուհետև հարկավոր է դրանց միջև ցեմենտի շաղախի վրա փռել սալիկները, դրանք թիակի կամ ծեփակի կոթով նստեցնել մինչև պահանջվող մակարդակը և քանոնով համեմատել հարթաչափի հետ։ Եթե երեսասվաղն անհարթ է, ապա սալիկների տակ հարկավոր է շաղախը ավելացնել կամ հեռացնել ավելորդը։

Փռելիս դուրս մղված ցեմենտի շաղախը պետք է հեռացնել, իսկ երկու-երեք օր հետո պատրաստել ցեմենտաջուր, դրանով ողողել հատակը, ամբողջովին լցնելով սալիկների միջև եղած կարերը։ Մեկ-երկու օր հետո խոնավ շորով հարկավոր է հեռացնել սալիկների վրայի ցեմենտը, թողնելով այն միայն կարերի մեջ։ Եթե ցեմենտը դժվար է մաքրվում, ապա հատակը կարելի է մշակել աղաթթվի 3 տոկոսանոց լուծույթով և 2-3 րոպե անց լվանալ ջրով։ Քայլել այդ հատակի վրա կարելի է մեկ շաբաթ հետո։

Պատերի երեսպատումը։ Պատերի երեսպատումը ցեմենտի շաղախով (աղյուսի, քարի կամ բետոնի մակերևույթների վրա) սկսում են ուղղալարով կամ ձողաքանոնով պատերի թեքվածքը որոշելուց և երեսպատման մակերևույթն ըստ սալիկների չափանշելուց (այսպես կոչված, փարոսային հենանիշերի տեղակայմամբ)։ Հենանիշերը (սալիկները), որոնցով որոշվում է երեսպատման ապագա մակերևույթը, տեղակայվում են ուղղալարի օգնությամբ հաշվի առնելով շաղախի հաստությունը (10-15 մմ), միմյանցից ոչ ավելի, քան 50 սմ հեռավորությամբ։ Եթե երեսպատվող մակերեսների չափերը մեծ չեն, բավական է յուրաքանչյուր պատին տեղադրել 4-ական հենանիշ վերևի և ներքևի անկյուններում։ Այնուհետև պատերի եզրամասերում հարկավոր է դնել ձող-ուղղալար (մոտավորապես 40x40 մմ հատվածքով և 2 մ երկարությամբ փայտե չորսվակ)։ Այդ ձողերին ամրացվում է ուղղորդիչ հորիզոնական լար, որի տակ տեղադրվում են սալիկները։ Ամբողջ մակերևույթի երեսպատումն ավարտելուց հետո ձողերը հարկավոր է հեռացնել և դրանց տեղը դնել սալիկներ։ Շաղախի քանակությունը պետք է բավարարի սալիկների և երեսպատվող մակերևույթի միջև տարածությունը լցնելու համար։ Որպեսզի կարերի լայնությունը ամբողջ երեսպատվածքի վրա միատեսակ լինի, խորհուրդ է տրվում իբրև ձևանմուշ կիրառել կարերի լայնությանը հավասար հաստությամբ սեպեր (շաղախի պնդանալուց հետո դրանք հանվում են)։ Այն դեպքում, երբ պատերը երեսպատում են մաքուր հատակի երեսպատումից առաջ, սալիկների առաջին շարքի տակ հարկավոր է դնել փայտաձող (ապագա մաքուր հատակի մակարդակին համապատասխան)։

Շաղախի պատրաստման համար հարկավոր է խառնել 1 բաժին ցեմենտ, 4 բաժին ավազ, այնուհետև ավելացնել ջուր և խառնել մինչև ստացվի խմորանման զանգված։ Շաղախը (հատած բուրգի ձևով) պետք է դնել սալիկի հակառակ երեսին և սեղմել պատին։ Հարկավոր է հետևել, որ սալիկի տեղադրման և նստեցման ժամանակ շաղախը լցնի սալիկի տակի ամբողջ տարածքը: Դուրս մղված շաղախի ավելցուկը պետք է քերել ծեփակով։ Սալիկների միջև կարերի լայնությունը կարող է լինել 0,5-3 մմ։ Երբ շաղախը պնդանում է և սալիկներն ամուր կպչում են, հարկավոր է մաքրել հորիզոնական և ուղղաձիգ կարերը, լցնել 1:1 հարաբերությամբ ցեմենտի և ավազի շաղախով (նախընտրելի է սպիտակ ցեմենտը), ապա ավելցուկը մաքրել շորով։

Փայտե հիմնակմախքային պատերը երեսպատելուց առաջ ծածկում են տոլով կամ ռուբերոիդով, պատում լարացանցով և սվաղում ցեմենտի շաղախով, այնուհետև երեսպատում նկարագրված եղանակով։

Երեսպատումը սոսնձամածիկով նույնպես կատարում են հորիզոնական շարքերով, ձողերի վրա ձգված լարի տակով։ Նախ հարկավոր է ստուգել պատերի մակերևույթի հարթությունը (շեղումը ուղղալարից չպետք է գերազանցի 1,5 մմ), մաքրել կեղտն ու յուղի լաքաները։ Երեսպատումն սկսում են ներքևի շարքից։ Եթե հատակը բավականաչափ հարթ չէ, առաջին շարքի տակ հարկավոր է դնել բարակ փայտաձող՝ խստիվ պահպանելով հորիզոնականությունը։ Սոսնձամածիկը նախ իբրև ներկաստառ պետք է քսել պատին 1-2 մմ հաստության շերտով, ապա խոնավ վրձնով կամ լաթով սրբել սալիկը, դրա հակառակ երեսին հավասար շերտով (1-2 մմ հաստության) մածիկ քսել, այնուհետև կիպ սեղմել ներկաստառված մակերևույթին և փայտիկով թեթևակի հարվածելով տեղը նստեցնել։ Որպեսզի սալիկը ներքև չսահի, դրա առաջին շարքը ներքևի մասից ամրացնում են սեպերով։ Սալիկների միջև կարեր թողնելու համար տեղադրման ժամանակ դրանց արանքում դրվում են միջադիրներ ապակու կտորներ, մետաղե լարեր, մեխեր, սեպեր ևն։ Մածիկն ամրանալուց հետո միջադիրները հեռացվում են։ Կարերը մշակվում են ճիշտ այնպես, ինչպես ցեմենտի շաղախով երեսպատելիս։

Սոսնձամածիկները լինում են կազեինի հիմքով և սինթետիկ (օրինակ, պոլիվինիլացետատային պլաստիկացված էմուլսիա)։ Եթե պատերի մակերևույթը բավականաչափ հարթ է, ապա սալիկները կարելի է կպցնել թանձրացված յուղաներկերով (գերադասելի է սպիտականերկը)։ Ներկը քսվում է պատին կամ սալիկին մինչև 2 մմ հաստության հավասար շերտով։

Երեսպատում պոլիստիրոլային սալիկներով: Պոլիստիրոլային սալիկները փակցնելու համար կիրառում են բևեկնախեժային կամ պերքլորվինիլային մածիկներ։

Երեսպատման համար պատերի մակերևույթները հարկավոր է մաքրել փոշուց փափուկ չոր խոզանակով, այնուհետև ներկաստառել մածիկի շերտով (1 մմ-ից ոչ ավելի հաստության)։ Պերքլորվինիլային մածիկը քսում են վրձնով, իսկ ավելի մածուցիկ բևեկնախեժային մածիկը մածկաթիակով։ Բևեկնախեժային մածիկով սալիկները կարելի է փակցնել մակերևույթի ներկաստառումից անմիջապես հետո։ Պերքլորվինիլային մածիկ կիրառելիս սալիկները փակցնում են միայն ներկաստառը չորանալուց հետո, որի համար պահանջվում է 3-ից մինչև 6 ժամ (սենյակի ջերմաստիճանից կախված)։ Երեսպատումից անմիջապես առաջ չորացած ներկաստառի շերտի վրա հարկավոր է քսել աստառի երկրորդ շերտը։

Պատերի երեսպատումն սկսում են հատակից սալիկները փակցնելով հաջորդական հորիզոնական շարքերով։ Սալիկների միջև կարերը պետք է հնարավորին չափ նեղ լինեն։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է հետևել, որ մածիկը չծորա կարերից և չաղտոտի սալիկների մակերևույթը։

Պոլիստիրոլային սալիկները կտրատում են մետաղասղոցով, իսկ անցքերը բացում են մետաղե գայլիկոնով։ Պոլիստիրոլային սալիկները փակցնելու հաճար հանձնարարվող մածիկները սենյակի ջերմաստիճանի պայմաններում վերջնականապես պնդանում են 8-10 օրից։ Այդ ընթացքում փակցված սալիկները չպետք է ենթարկվեն մեխանիկական ազդեցությունների։