ՏՏՀ/Էլեկտրահաղորդագիծ բնակարանի

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԻԾ բնակարանի, ժամանակակից բնակելի շենքերի մեծ մասում բնակարանի Է. սկսվում է սանդղավանդակում տեղադրված բաշխիչ վահանակից։ Դրա վրա կա ընդհանուր անջատիչ, որից սովորաբար բնակարան են տարված երկու կամ երեք անկախ Է-եր. դրանցից մեկը սնուցում է առաստաղային լուսավորման աղբյուրները, մյուսը՝ խրոցակային վարդակները, իսկ երրորդը՝ էլեկտրասալերը (այն տներում, որտեղ այդպիսիք նախատեսված են)։ Յուրաքանչյուր գիծ ունի ավտոմատ անջատիչ կամ հալուն ապահովիչ, ինչը թույլ է տալիս գծերից մեկում կարճ միացման և համապատասխան ապահովիչի (օրինակ, առաստաղային լուսավորման գծում) գործարկման դեպքում շինությունը լուսավորել մյուս, չվնասված գծին (օրինակ, խրոցակային վարդակների գծին) միացրած լուսատուներով։

Է-ի երկու լարերից մեկը (այսպես կոչված, փուլային լարը) գտնվում է լարման տակ։ Դրա և երկրորդ լարի (զրոյականի) միջև կա մարդու համար վտանգավոր 220 Վ կամ 127 Վ լարում (տես Լարում էլեկտրական): Համանման լարում կա նաև փուլային գծի և էլեկտրական հոսանք հաղորդող ցանկացած առարկայի միջև, որն ունի լավ էլեկտրական հպում գետնի հետ (օրինակ, ջրմուղի խողովակը)։ Այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի դիպչել Է-ի չմեկուսացված տեղամասերին, ինչպես նաև լամպի կոթառի կամ անջատիչի հպակներին, որովհետև մարդու մարմնով կարող է անցնել կյանքի համար վտանգավոր հոսանք։

Բնակարանի Է-ի հետ գործ ունենալիս հարկավոր է պահպանել նախազգուշական պարզ, բայց պարտադիր միջոցառումներ, հետևել ավտոմատ անջատիչների կամ խցանի ապահովիչների սարքինությանը (տես Ապահովիչ էլեկտրական), ինչպես նաև էլեկտրալարերի մեկուսապատվածքի վիճակին։ Մեկուսապատվածքը չվնասելու համար չի թույլատրվում էլեկտրալարերը կախել մեխերից, մետաղե կամ փայտե իրերից, չափից ավելի ոլորել լարերը, դրանք անցկացնել գազամուղի, ջեռուցման կամ ջրմուղի խողովակների տակով, որևէ բան կախել լարերից, էլեկտրական սարքերն անջատել երկժանու լարը ձգելով, լարերի մերկացած ծայրերն օգտագործել երկժանու փոխարեն, ինչպես նաև ներկել կամ սպիտակեցնել Է-ի բաց հատվածը։

Էլեկտրական հոսանքը լավ հաղորդող հողածածկ, աղյուսե կամ բետոնե հատակ ունեցող և խոնավ շինություններում, օրինակ, նկուղներում, ավտոտնակներում, լողասենյակներում, զուգարաններում ևն Է-ի հետ գործ ունենալիս հարկավոր է առանձնապես զգույշ լինել։ Այդ շինություններում արգելվում է անջատիչներ և վարդակներ տեղադրել, օգտագործել առանց պաշտպանիչ ամրանի մշտական և փոխադրովի լուսատուներ։

Է-ի (ինչպես թաքնված, այնպես էլ բաց) բնորոշ անսարքություններն են փուլային և զրոյական լարերի կարճ միացումները, փուլային լարի կարճ միացումը «հողին», վատ հպումը միացման տեղերում, լարերի խզումը։ Փուլային և զրոյական լարերի կամ փուլային լարի և հողակցված առարկայի միջև կարճ միացման դեպքում այրվում (կամ անջատվում) են մոտակա ապահովիչները։ Սովորաբար կարճ միացում տեղի է ունենում ցանցին որևէ էլեկտրասարք միացնելու պահին, ուստի անսարքության պատճառը հարկավոր է որոնել հենց այդ սարքի մեջ։ Անջատիչների, կոթառների, վարդակների մեջ վատ հպումը, ինչպես նաև լարերի անորակ միացումը պատճառ են դառնում էլեկտրասարքերի սնուցման անբավարար լարման (օրինակ, շիկացման լամպերի պայծառությունը նվազում է)։ Անկայուն հպումը Է-ում հանգեցնում է էլեկտրասարքերի աշխատանքի ընդհատումներին։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում ստուգել էլեկտրասարքերի աշխատանքը՝ դրանք միացնելով արդեն ստուգված խրոցակային վարդակին (օրինակ, բնակարանի մեկ այլ սենյակում)։ Լարերի խզվածքներ չափազանց հազվադեպ են հանդիպում և բաց Է-ի դեպքում դրանք կարող են հեշտությամբ հայտնաբերվել։

Է-ի անսարքությունների վերացմանը ձեռնամուխ լինելուց առաջ անհրաժեշտ է կամ անջատել լարումը բաշխիչ վահանակի անջատիչի օգնությամբ, կամ էլ հանել անսարք գիծը պաշտպանող ապահովիչները։ Լողասենյակի (կամ այլ խոնավ սենյակի) Է-ի անսարքության դեպքում հարկավոր է անպայման հրավիրել մասնագետ, քանի որ նման դեպքերում զգուշության սովորական միջոցառումները (ռետինե ձեռնոցների, մեկուսիչ ռետինի, փայտի կտորների օգտագործումը) կարող են անբավարար լինել։

Այն դեպքում, երբ անհրաժեշտ է լրացուցիչ մշտական լուսատու տեղադրել (օրինակ, պահեստանոցում, անտրեսոլներում), հարկավոր է հիշել, որ անջատիչը պետք է խզի փուլային լարը՝ դա ապահովում է անջատված վիճակում լամպի կոթառի զույգ հպակների վրա լարման բացակայությունը, իսկ փուլային լարն անհրաժեշտ է միացնել ոչ թե պարուրակավոր, այլ կոթառի հատակի հպակին։ Այդ դեպքում նվազում է լարման տակ գտնվող հաղորդիչին դիպչելու վտանգը։ Փուլային լարը կարելի է որոշել սովորական վոլտաչափով՝ չափելով լարումը էլեկտրական լարի և հողակցված հաղորդիչ առարկայի միջև, եթե կա լարում, ուրեմն ստուգվող լարը փուլայինն է, հակառակ դեպքում, լարը զրոյականն է։

Է. փոխելիս կամ նոր գծամասեր անցկացնելիս անհրաժեշտ է օգտագործել շահագործման տվյալ պայմաններին համապատասխանող լարեր։ Հոլովակների կամ մեկուսիչների վրա անցկացված բաց գծերի համար չոր և խոնավ շինություններում օգտագործվում են պոլիվինիլքլորիդի շերտով ծածկված ռետինե մեկուսապատվածքով պղնձե կամ ալյումինե լարեր։ Սվաղի տակ թաքնված հաղորդագիծ անցկացնելու համար կարելի է օգտագործել պղնձե կամ ալյումինե ջղերով և պոլիվինիլքլորիդային մեկուսապատվածքով լարեր, նույնպիսի, բայց բաժանիչ հիմքով լարերը պիտանի են բնակելի շինություններում բաց հաղորդագծեր անցկացնելիս։ Մետաղե խողովակների միջով հաղորդագծեր անցկացնելիս օգտագործում են պղնձե կամ ալյումինե ջղով և հականեխիչ լուծույթով տոգորված բամբակե շրջահյուսվածքի մեջ առնված ռետինե մեկուսապատվածքով հաղորդալարեր։ Այն դեպքերում, երբ Է. մեխանիկական պաշտպանության կարիք է զգում, պիտանի է պղնձե ջղով և պողպատալարի շրջահյուսվածքի կամ խողովակային ծալուքավոր թաղանթի մեջ առնված ռետինե մեկուսապատվածքով հաղորդալարը։