ԷՈՒԽԱՐԻՍ, ամազոնյան շուշան, շքանարգիզազգիների ընտանիքի սոխուկավոր բույս։ Հայրենիքը արևադարձային Ամերիկան է։ Տերևները լայն էլիպսաձև են, երկար կոթուններով։ Ծաղիկները (3-6-ական բացվում են երկար ծաղկակրի վրա) ձյունասպիտակ են, գեղեցիկ և հոտավետ։ Բնակարանում մշակվող տեսակներից առավել հայտնի են խոշորածաղիկ Է. և Սանդերի Է.։ Է. ջրի նկատմամբ պահանջկոտ չէ, ուստի պետք է չափավոր ջրել, բայց հաճախակի ցողել։ Է. առատ է ծաղկում, եթե մեկ թաղարում մեծ թվով սոխուկներ կան, ուստի Է. պետք է հազվադեպ տեղափոխել այնպիսի թաղարի կամ տափակ, խոր ամանի մեջ, որի լայնքը գերազանցում է բարձրությանը, բայց անհրաժեշտ է հաճախակի պարարտացնել օրգանական կամ հանքային պարարտանյութերով։ Հողախառնուրդը պատրաստվում է 2 մաս ճմահողից, 1 մաս տերևահողից, 1 մաս հումուսից և ավազից։ Անհրաժեշտ է խեցեփշուր և գետի ավազի լավ ցամաքուրդ։ Ճիշտ խնամքի դեպքում Է., որպես կանոն, ծաղկում է հոկտեմբերից մինչև ձմեռ և գարնանը։