ՏՏՀ/Թթվասեր
ԹԹՎԱՍԵՐ, մեծ քանակության կաթնայուղ պարունակող կաթնաթթվային դիետիկ սննդամթերք, որը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային ստրեպտոկոկերի մաքուր կուլտուրաներով թթվեցնելով, երբեմն ավելացնելով բուրումնարար բակտերիաներ։ Այս եղանակով պատրաստած Թ. լինում է 10, 20, 25, 30 և 36 % յուղայնության։
Թ. մերում են նաև ացիդոֆիլային ցուպիկի և բարումնարար ստրեպտոկոկի մաքուր կուլտուրաներով պատրաստած մերանով։
Թողարկում են կաթնասպիտակուցային հավելումով (նատրիումի կազեինատի 0,5-0,6 % պարունակությամբ) և զանազան լցուկներով Թ.։
Թ. բարձր կալորիականությամբ սննդամթերք է։ Կաթնայուղից բացի այն պարունակում է սպիտակուցներ, կաթնաշաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, ինչպես նաև A, E, B1, B2, C և PP վիտամիններ (տես Բուժական սնունդ): Թ-ով համեմում են որոշ կերակրատեսակներ (սալաթներ, սոուսներ, ապուրներ ևն)։ Այն օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն (տես Խմոր) պատրաստելիս։
Թ. հարկավոր է պահել ապակե կամ արծնապատ ամանում, մութ տեղում, 0–8 °C պայմաններում՝ մինչև 3 օր։
Տան պայմաններում Թ. կարելի է պատրաստել սերուցքը Թ-ով մերելով (Թ. պետք է կազմի սերուցքի քանակի 5-10 %):