Թութք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 277
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԹՈՒԹՔ, հեմոռոյ, ուղիղ աղիքի ստորին հատվածի երակների հանգուցավոր լայնացում։ Թ-ի առաջացմանը նպաստում են երկարատև փորկապությունը, արգանդի թեքումները, ուղիղ աղիքի բորբոքային պրոցեսները, մասամբ նստակյաց կյանքը։ Սովորաբար Թ-ով հիվանդանում են միջին և տարեց հասակում, հաճախ՝ տղամարդիկ։ Հիվանդության ընթացքը քրոնիկական է՝ պարբերաբար սրացումներով։

Թ-ի թեթև ձևի ժամանակ հիվանդները տհաճ զգացողություն չեն ունենում, հիվանդության սաստկացման դեպքում առաջանում է հետանցքի քոր, այրոց, ցավ, երբեմն արյունահոսություն։ Կղման ակտի ժամանակ ներքին հանգույցները կարող են արտանկել, ճմլվել։ Թ-ով տառապողները պետք է անպայման դիմեն բժշկի, հանգույցների բորբոքման և ճմլման կամ հաճախակի արյունահոսությունների ժամանակ անհապաղ հետազոտվեն։

Թ-ի բուժումը պատճառների վերացումն է։ Փորկապության հակման ժամանակ նշանակում են մրգերով և բանջարեղենով հարուստ համապատասխան սննդակարգ՝ բացառելով սուր համեմունքները, թույլ ազդեցության լուծողականներ։ Արգելվում է ալկոհոլի օգտագործումը։ Ցավերը հանգստացնում են բժշկի նշանակած մոմերով։ Թ-ով հիվանդները յուրաքանչյուր կղման ակտից հետո հետանցքը և շեքը պետք է լվանան եռացրած սառը ջրով։ Թ-ի ծանր ձևերի ժամանակ անհրաժեշտ է վիրահատություն։ Կանխարգելման համար կարևոր են հիգիենայի կանոնների ուսուցումը մանկական տարիքից սկսած, փորկապության վերացումը, մարմնամարզությունը։