ՏՏՀ/Թրմօղի
ԹՐՄՕՂԻ, ալկոհոլային քաղցր խմիչք, որը պատրաստում են պտուղների և հատապտուղների բնական հյութերից և գերմաքուր սպիրտից՝ ավելացնելով շաքարավազ և կիտրոնաթթու։ Պարունակում է 28-ից մինչև 40 % շաքար և 18-ից մինչև 20 % սպիրտ։ Թ. մատուցում են անուշեղենի, թեյի, հրուշակեղենի հետ։ Թ. կարելի է պատրաստել նաև տան պայմաններում։
Բալի Թ.։ Բալը պտղակոթերից անջատելուց հետո սառը ջրով լվանալ և լցնել լայն բկանցքով ապակե բանկայի մեջ՝ շերտերի միջև շաքարավազ ցանելով։ Շշի բերանը ծածկել մագաղաթաթղթով կամ շորով և դնել արևի տակ։ Մի քանի օրից բալի հյութը դուրս կտա։ Որպեսզի բալը ծածկված լինի հյութով, բանկան անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափահարել։ Հյութ գոյանալուց և շաքարավազը լուծվելուց հետո կարելի է մի քիչ օղի ավելացնել, որպեսզի պտուղներն ամբողջովին ծածկվեն հեղուկով, 2 օր պահել, ապա թանզիֆով քամել։
1 կգ բալին՝ 400 գ շաքարավազ, օղին՝ ըստ ճաշակի (կարելի է և առանց օղու), մի քիչ կիտրոնաթթու։
Բալի պտղակոթերի Թ.։ Բալի կոթերը լվանալ, ցամաքեցնել, լցնել բանկայի մեջ, ավելացնել շաքարավազ, թափահարել, բանկայի բերանը շորով կապել և 30 օր պահել սենյակում, որից հետո շշի մեջ օղի լցնել, խառնել, երկու օր թողնել, ապա թանզիֆով քամել։
500 գ բալի պոչին՝ 200 գ շաքարավազ, 2 լ օղի:
Թ. կարելի է պատրաստել նաև սև հաղարջից, ելակից, մոռից և այլ հատապտուղներից։