ՏՏՀ/Լյումինեսցենտային լամպ

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՏԱՅԻՆ ԼԱՄՊ, լույսի գազապարպումային աղբյուրի տարատեսակ, որում օգտագործվում է որոշ նյութերի (լուսակիրների) ունակությունը լուսարձակելու էլեկտրական պարպման ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործությամբ։ Լ. լ-երը պատրաստվում են մետաղյա զույգ լամպակոթերով ապակյա խողովակների տեսքով, որոնք լցված են ցածր ճնշման տակ գտնվող սնդիկի գոլորշիներով։ Թողարկվում են 8 Վտ-ից մինչև 120 Վտ հզորության և լուսակրի բաղադրությամբ պայմանավորված լուսարձակման երանգներով տարբերակվող՝ ՑԼ-ցերեկային լույսի, ՍԼ-սպիտակ լույսի, ԳՍԼ– գունատ սպիտակ լույսի և ՋՍԼ-ջերմ սպիտակ լույսի Լ. լ-եր։ Բացի այդ, ստեղծված է բարելավված գունահաղորդման լամպերի շարք. ԲԳԼ, ՋՍԳԼ, ՑԳԼ (համապատասխանաբար, բնական, ջերմ սպիտակ և ցերեկային լույսի բարելավված գունահաղորդմամբ)։ Տառային նշանակումից հետո դրված թվանշանները ցույց են տալիս լամպի հզորությունը Վտ-երով (օրինակ, ԳՍԼ20–ը նշանակում է լյումինեսցենտային գունատ սպիտակ լամպ 20 Վտ հզորությամբ)։ Շիկացման լամպերի համեմատությամբ Լ. լ-երն ավելի խնայողական են, քանի որ ունեն 7-8 անգամ ավելի շատ լուսատացք (1 Վտ սպառվող հզորությանը համապատասխանող լուսային հոսքը), ծառայության ավելի մեծ ժամկետ (մի քանի հազար ժամ) և տալիս են նրբորեն ցրված լույս, որն ավելի քիչ է աչք շլացնում և տեսողության հոգնածություն առաջ բերում։

Լ. լ-երի (հատկապես ԲԳԼ և ՑԳԼ տեսակի) լույսը նման է բնականին և թույլ է տալիս գույները տարբերել հենց այնպիսի ճշտությամբ, ինչպես բնական լուսավորության դեպքում։

Լ. լ-երի թերություններից են համեմատական մեծածավալությունը, հատուկ միացնող-կարգավորող սարքի անհրաժեշտությունը, զգայունությունը շրջակա օդի ջերմաստիճանի նկատմամբ (+10 °C–ից ցածր ջերմաստիճանում լամպը կարող է չվառվել) և ստրոբոսկոպային երևույթի առկայությունը։ Վերջինս առաջանում է լուսավորման ցանցում փոփոխական հոսանքի տատանումներին համեմատ Լ. լ-ի աչքի համար աննկատելի, հաճախակի (վայրկյանում 100 անգամ) թարթումների հետևանքով, ինչը առաջ է բերում առարկաների շարժման արագության ճիշտ ընկալման խախտում և տհաճ զգացողություն։ Ստրոբոսկոպային երևույթը կարելի է գրեթե ամբողջովին վերացնել լամպերի զույգ միացման միջոցով, ընդ որում դրանցից մեկը միացվում է մեծ ունակության (մինչ 2,5 մկՖ) լրացուցիչ կոնդեսատորի միջոցով։ Միացման նման սխեման կիրառվում է գործարանային արտադրության երկլամպային լուսավորիչների մեջ, բայց մասնագետը կարող է իրականացնել այն նաև տնային պայմաններում։

Սխալ միացման դեպքում (առանց միացնող-կարգավորող սարքում պաշտպանական կոնդեսատորներ օգտագործելու) Լ. լ-երը նաև խանգարումների աղբյուր են ռադիոընդունիչների և հեռուստացույցների համար։

Չնայած այդ թերություններին, Լ. լ-երը առավել կատարելագործված լուսային աղբյուրներից են։ Կենցաղային պայմաններում կիրառվում են գլխավորապես 13 Վտ-ից մինչև 65 Վտ հզորության լամպերը՝ պատի և սեղանի լուսատուներում և ջահերում։ Խորհուրդ է տրվում օգտագործել աչքի համար առավել հաճելի բնական և ջերմ սպիտակ լույսի լամպերը։

Լ. լ-երից օգտվելիս հարկ է իմանալ, որ դրանք պիտանի են միայն փակ շինություններում. լամպերի համար շրջակա օդի առավել հարմար ջերմաստիճանը 20 °C–ից մինչև 25 °C–ն է, այլ ջերմաստիճանների պայմաններում նվազում է դրանց լուսատացքը, իսկ ջերմաստիճանի նվազման դեպքում նաև շահագործման ժամկետը։ Լամպը տեղադրելիս անհրաժեշտ է ստուգել միացնող-կարգավորող սարքի ծայրերի միացումը (նրա իրանի վրա նշված սխեմայի համաձայն)։