ՏՏՀ/Լվացք
ԼՎԱՑՔ, անում են ձեռքով կամ լվացքի մեքենայով: Կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է պահել չոր, ցանկալի է անցքերով արկղում կամ զամբյուղում (օդափոխման համար)։ Սպիտակեղենն զգալիորեն հեշտ է լվացվում, եթե կեղտոտ երկար չի մնացել։ Բամբակե և վուշե սպիտակեղենը եռացնում են օճառով, սոդայով կամ լվացափոշիներով (տես Լվացամիջոցներ):
Սպիտակեղենը պետք է նախապես մի քանի ժամ թրջել ջրում, խիստ կեղտոտված սպիտակեղենն օճառասոդային (1 դույլ ջրին 1-2 ճաշի գդալ լվացքի սոդա կամ 40 գ օճառ) կամ լվացափոշու լուծույթի մեջ կրկին թողնել 3-5 ժամ։ Այնուհետև սպիտակեղենն անհրաժեշտ է եռացնել։
Եռացնելիս սպիտակեղենը պետք է ամբողջությամբ ընկղմված լինի հեղուկի մեջ։ Պետք է եռացնել սոդայի, օճառի կամ լվացափոշու լուծույթում 40-60 ր (եռալու պահից)։ Եռացնելուց հետո սպիտակեղենը պետք է մաքուր լվանալ, ցայել նախ գոլ, ապա սառը ջրով և լեղակել (տես Լեղակում): Սպիտակեղենն ուղղել, 1-2 անգամ ընկղմել լեղակաջրի մեջ, քամել, լավ թափ տալ և փռել չորանալու։ Սպիտակեղենի որոշ տեսակներ (սավաններ, վերմակակալներ, սրբիչներ, բարձի երեսներ) լեղակում են օսլայելու հետ միաժամանակ (տես Օսլայում սպիտակեղենի):
Ժանյակե և շղարշե իրերի լվացումը։ Լվանալուց առաջ իրերը պիտի թափ տալ և թրջել գոլ ջրում։ 2-3 անգամ փոխել ջուրը։ Այնուհետև, առանց տրորելու, օճառի փրփուրով կամ լվացամիջոցներով լվանալ գոլ ջրում։ Լվանալուց հետո 2-3 անգամ ցայել նախ գոլ, ապա սառը ջրում, լեղակել և, եթե անհրաժեշտ է, օսլայել։ Խորհուրդ է տրվում վարագույրները չորացնել ձգված վիճակում, արդուկել կիսաչոր։ Լվանալուց առաջ խորհուրդ է տրվում ժանյակե իրերը մեծ կութերով կպցնել որևէ սպիտակ գործվածքի կտորի ձևը պահպանելու և հեշտ արդուկելու համար։
Ժանյակե իրերը կարելի է չորացնել մի քանի տակ ծալած սավանի վրա փռելով կամ 15-20 րոպե սավանի մեջ փաթաթած պահելով։
Բամբակե և վուշե գունավոր իրերի լվացումը։ Լվանալուց առաջ գունավոր իրերը պետք է տեսակավորել ըստ գույնի։ Գունաթափվող իրերը կարելի է լվանալ օճառաջրով՝ ավելացնելով կերակրի աղ (1 թեյի գդալ 2 լ ջրին)։
Բրդե և բնական մետաքսե իրերը լվանում են գոլ ջրով (40°C–ից ոչ բարձր), առանց ալկալիների (կաուստիկ ևն), ինչպես նաև առանց ուժգին տրորելու և քամելու օճառով, օճառի քերվածքներով, սինթետիկ լվացամիջոցներով։
Բրդե իրերին փափկություն և փայլ տալու համար խորհուրդ է տրվում դրանք ցայել (լվացքի վերջում) քացախաջրով (1 դույլ ջրին 1 թեյի գդալ քացախ) արծնապատ ամանի մեջ։ Բրդե գունավոր իրերը կարելի է լվանալ մանանեխի լուծույթով (1 դույլ ջրին մոտ 100-150 գ մանանեխի փոշի), առանց օճառի։ Մանանեխի փոշին լուծել ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ և լցնել լվացքի ջրի մեջ։ Լվացած իրերը թեթևակի քամել և ցայել սկզբում գոլ, ապա սառը ջրում։
Մետաքսե իրերը չի կարելի ոլորելով քամել, խորհուրդ է տրվում դրանք փաթաթել բամբակե չոր գործվածքի մեջ (սավան ևն), այնուհետև փռել չորանալու։
Սպիտակեցում։ Բամբակե և վուշե սպիտակեղենը սպիտակեցնելու համար թողարկում են տարբեր սպիտակեցնող միջոցներ: