Խոզուկ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 284
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԽՈԶՈՒԿ, համաճարակային պարօտիտ, հարականջագեղձաբորբ, սուր վարակիչ հիվանդություն, որի հարուցիչները վիրուսներն են։ Բնորոշվում է թքագեղձերի (հարականջային, երբեմն ենթածնոտային և ենթալեզվային) ախտահարմամբ։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդը վարակիչ է մինչև հիվանդության 9-րդ օրը։ Հիվանդությունը, որպես կանոն, համաճարակային բնույթ է կրում, հատկապես բռնկվում է տարվա ցուրտ եղանակին (հունվար-մարտ ամիսներին)։ Առավել հաճախ հիվանդանում են 5-10 տարեկան երեխաները, հազվադեպ վաղ մանկական տարիքում և մեծահասակները։ Հիվանդությունից հետո մշակվում է կայուն վարակամերժություն։

Հիվանդության գաղտնի շրջանը 11-21, հաճախ՝ 18-21 օր է։ Հիվանդությունն սկսվելուց մի քանի օր առաջ կարող են առաջանալ գլխացավ, բկանցքի կարմրություն։ Հիվանդության սկիզբը, որպես կանոն, սուր է, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 38-39 °C, կարող են առաջանալ կրկնակի փսխումներ, ջղաձգություններ։ Միաժամանակ ուռչում և ցավոտ է դառնում մեկ հարականջագեղձը, 1-2 օր անց՝ երկրորդը։ Երբեմն առաջանում են որովայնի սուր ցավեր, փորկապություն կամ լուծ։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պահպանվում է 3-7 օր, ավելի երկար տևելը վկայում է բարդությունների (առավել հաճախ ամորձաբորբ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ականջաբորբ) մասին։ Խ-ով հիվանդները պետք է պահպանեն անկողնային ռեժիմ, շատ կարևոր են լավ խնամքը և առատ հեղուկները (թեյ, հյութեր, հանքային ջրեր)։ Խորհուրդ է տրվում ախտահարված գեղձերի շրջանում օգտագործել չոր տաքություն, ուտելուց հետո անհրաժեշտ է բերանը ողողել կալիումի գերմանգանատի կամ ռիվանոլի թույլ լուծույթով (1 հաբը՝ մեկ բաժակ ջրին)։ Հիվանդները 9 օր պետք է մեկուսացվեն։ Մանկական հիմնարկությունում, ուր հաճախել է հիվանդ երեխան, հայտարարվում է կարանտին՝ 21 օր։ Խ-ով չհիվանդացած մինչև 10 տարեկան երեխաներին, որոնք շփվել են հիվանդի հետ, չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություն հիվանդի հետ շփման 11-ից մինչև 21-րդ օրը։ Հիվանդության կանխարգելման գործում կարևոր դեր են կատարում 15-18 ամսական երեխաների կանխարգելիչ պատվաստումները։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ: