ԽՈՐԴԵՆԻ, խորդենազգիների ընտանիքի թփեր, կիսաթփեր և խոտաբույսեր։ Մշակության մեջ հայտնի են Խ-ի բազմաթիվ հիբրիդային ձևեր, որոնք կազմում են 4 մեծ խումբ։

Խոշորածաղիկ (արքայական) Խ., ծաղիկները (2-3) խոշոր են, սպիտակից մինչև վարդակարմիր և համարյա սև երանգով կամ խայտաբղետ։ Տերևները սուր թիաձև են, ծալքավոր, մանր ատամնաեզր։

Բաղեղատերև Խ. առաջացել է վահանաձևից, կան նաև բազմաթիվ մշակովի ձևեր։ Երկար ծաղկակրի վրա ծաղիկները պարզ են, լիաթերթ և կիսալիաթերթ՝ հավաքված հովանոց ծաղկաբույլում։ Բնորոշ առանձնահատկություն է սողացող կամ մագլցող ցողունը։ Խորհուրդ է տրվում աճեցնել որպես կանթեղային բույսեր, զարդարել պատշգամբները։

Հոտավետ Խ-ու տերևները պարունակում են եթերայուղեր, որոնցով պայմանավորված է դրանց յուրահատուկ հոտը։ Տերևները բաց կանաչ են, խիստ կտրտված, ծաղիկները փոքր են, սպիտակից մանուշակագույն երանգներով։ ՀՀ-ում Խ. մշակվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի «Խորդենի» եթերայուղային տնտեսություն-գործարանում։

Նշված բոլոր Խ-ները տարվա մեջ ծաղկում են 7-10 ամիս։ Շնորհիվ սուկուլենտ տերևների, լավ են հարմարվում չորային պայմաններին, բայց որպեսզի բույսը առատ ծաղկի, անհրաժեշտ է արևի լավ լուսավորություն և սնուցում (պարարտանյութերով)։ Ձմռանը Խ. պետք է պահել չոր և զով տեղում (10-12 °C)։ Հողախառնուրդը 3 մաս ճմահող, 1 մաս գոմաղբ, 0,5 մաս ավազ։ Գարնանը Խ. տեղափոխելուց հետո պետք է լավ էտել, այնպես, որ խոշորածաղիկ Խ-ու ընձյուղների երկարությունը չգերազանցի 10 սմ։ Խորհուրդ է տրվում ծեր բույսերը օգոստոսին լրացուցիչ էտել՝ յուրաքանչյուր ցողունի վրա թողնելով 2-3 ընձյուղ, և տնկել փոքր թաղարի մեջ (ճնշելով արմատների աճը)։ Խ. կարելի է բազմացնել թարմ հավաքած սերմերով կամ կտրոններով (մարտ-օգոստոս)։ Կտրոնների համար պետք է վերցնել 3-4 տերևով ուժեղ ընձյուղներ և տնկել խոշորահատիկ լավ լվացած ավազի մեջ՝ ավելացնելով տորֆահող։ Տնկելուց առաջ կտրոնները պետք է քիչ թառամեցնել (մոտ մեկ ժամ), այնուհետև կտրվածքները ծածկել փայտածխափոշիով և մի քանի կտրոն միասին տնկել։ Կտրոնները արմատակալում են 20-25 օրում։ Մինչև արմատակալելը պետք է շատ քիչ և զգույշ ջրցողել, որպեսզի բույսը չփտի։