ՏՏՀ/Կաթնագեղձի բորբոքում

Կաթնագեղձի բորբոքում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 285
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԱԹՆԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կրծքագեղձի բորբոքում, մաստիտ, հարուցիչները թարախածին մանրէներն են, որոնք գեղձ են ներթափանցում պտուկների ճաքերով։ Առավել հաճախ հիվանդանում են կերակրող կանայք։ Կ. բ-ման ժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (մինչև 39 °C), լինում է ընդհանուր թուլություն, գլխացավ: Հաջորդ օրերին ախտահարված գեղձը պնդանում է, դառնում խիստ ցավոտ, կարմրում է և մեծանում։ Հաճախ հիվանդանում են առաջնածին կանայք, քանի որ նրանց պտուկի մաշկն ավելի նուրբ է և շուտ է վնասվում։ Բացի դրանից, երիտասարդ մայրը երեխային ճիշտ չի հպում կրծքին, որից պտուկը հեշտությամբ վնասվում է, և վրան ճաքեր են առաջանում, որի հետևանքով երեխան չի կարողանում կաթը լրիվ դատարկել։ Կ. բ. կարող է առաջանալ նաև կուրծքը ձեռքերով ոչ հմուտ կթելու և անձնական հիգիենայի կանոնները խախտելու ժամանակ։

Շատ հաճախ կերակրելը դժվարանում է հարթ կամ ներքաշված պտուկների պատճառով։ Դրա համար խորհուրդ է տրվում հղիության առաջին ամիսներից սկսած կիրառել անհրաժեշտ միջոցառումներ, որոնց շնորհիվ կարող է պտուկի ձևը փոխվել։ Կարելի է կատարել նաև կաթնագեղձերի շրջանաձև մերսում։ Այդպիսի մերսում կարող է կատարել ինքը՝ կինը։ Դրա համար, ձեռքերը տաք ջրով և օճառով լվանալուց հետո, մի ձեռքով մի քանի րոպե ժամացույցի սլաքի ուղղությամբ թեթևակի պետք է շոյել կաթնագեղձը։ Հղիության երկրորդ կեսին շատ օգտակար են ամենօրյա օդային լոգանքները։ Հարկավոր է այդ ժամանակ օդանցքը բաց թողնել կամ սենյակը լավ օդափոխել։

Հատկապես ծննդաբերությունից հետո հարկավոր է ամեն օր կրծկալը փոխել և կաթնագեղձերը լվանալ տաք ջրով և մանկական օճառով, այնուհետև սրբել այդ նպատակով առանձնացված սրբիչով։ Դա պետք է արվի զգուշորեն, որպեսզի պտուկները չվնասվեն և ճաքեր չառաջանան։ Կերակրելուց առաջ և հետո անհրաժեշտ է պտուկները լվանալ եռացրած ջրով կամ սրբել բորաթթվով թրջած վիրախծուծով։ Կերակրելիս պետք է ջանալ, որ երեխան բռնի ոչ միայն պտուկը, այլ հարպտկային շրջանակի մեծ մասը։ Կերակրելուց հետո անհրաժեշտ է մնացած կաթը լրիվ կթել։ Ճաքեր առաջանալու կամ կաթնագեղձը չափից ավելի պնդանալու, ինչպես նաև կաթնագեղձում կոշտացումներ ի հայտ գալու դեպքում, հատկապես, երբ այն ուղեկցվում է կարմրությամբ, ցավոտությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (սկսվող Կ. բ.), անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։ Մինչև բժշկի հետ խորհրդակցելը երեխային հիվանդ կրծքով կերակրելը կամ կաթը կթելը չպետք է ընդհատել։ Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավորապես հետևել աղիքների դատարկմանը (կարելի է ընդունել աղային լուծողական), սահմանափակել հեղուկների ընդունումը (օրական մինչև 1 լ)։ Երակային կանգը և բորբոքային պրոցեսի հետագա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է կաթնագեղձը վեր բարձրացնել գլխաշորով կամ պինդ վիրակապով։ Տես նաև Հղիություն, Կրծքի երեխա։