ՏՏՀ/Կակազություն
ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆ, խոսքի սահունության խանգարում՝ բնորոշվում է առանձին հնչյունների և վանկերի արտասանության ակամա հապաղումով կամ դրանց կրկնությունով։ Սովորաբար Կ. առաջանում է նախադպրոցական տարիքում, հաճախ հատուկ է տղաներին։ Մեծ դեր են խաղում երեխայի նյարդային համակարգի կայունությունն իջեցնող նախատրամադրող գործոնները (օրինակ, կոնստիտուցիոնալ կամ ձեռքբերովի նյարդայնությունը)։ Առանձին դեպքերում Կ-յան պատճառ կարող են դառնալ շրջապատի անձանց ոչ ճիշտ խոսքի ընդօրինակումը։ Երեխային դաստիարակող անձանց խոսքի արտասանության արատները և այլ շեղումները մեծացնում են Կ-յան առաջացման հնարավորությունները։ Հաճախ Կ-յան անմիջական պատճառը ծնողների կամ դաստիարակների արագ խոսքն է, երեխային ընթերցանությամբ, վերապատմելով ծանրաբեռնելը և այլն։
Որոշ դեպքերում Կ. բնորոշ է այն երեխաներին, որոնց խոսքը դանդաղ է զարգանում։ Այդ երևույթը հաճախ նկատվում է ավագ նախադպրոցականների և դպրոցականների մոտ։ Երբեմն Կ. կարող է առաջանալ հիվանդություններից (գրիպ, քութեշ, կապույտ հազ) հետո, ինչպես նաև վախի, ընտանիքում ծագած ընդհարումների հետևանքով։ Ընտանիքում և մանկական կոլեկտիվներում բարենպաստ իրադրության պայմաններում Կ. առանց բուժման կարող է անցնել, սակայն հաճախ պահպանվում է, երբեմն՝ ուժեղանում (հատկապես պատանեկան տարիքում)։ Տարիքի հետ կակազող երեխան դառնում է երկչոտ, ամոթխած, ամաչկոտ, մռայլ։ Խոսքի արատին միանում են վերջույթների անկանոն շարժումները, դեմքի, մարմնի լարվածությունը։ Դպրոցում հատկապես ուժեղանում է դեռահասների Կ., որոնք իրենց այդ թերության համար ծանր ապրումների մեջ են ընկնում, սկսում են ամաչել, խոսելիս առաջանում են վեգետատիվ խանգարումներ, կարմրում են, քրտնում։ 25-30 տարեկանից հետո Կ. նվազում է, իսկ հասուն և տարեց մարդկանց մոտ հազվադեպ է լինում։ Երբեմն Կ-յամբ տառապող անձինք (իրենք կամ շրջապատող մարդկանց խորհրդով) հասնում են արտաքուստ սահուն խոսքի՝ կակազելու ժամանակ առաջացած դադարի պահին որևէ վանկ կամ բառ արտասանելով։ Այդպես վարվել չի կարելի, որովհետև լրացուցիչ բառի կամ վանկի օգտագործումը դառնում է սովորույթ, հաճախ պահպանվում ողջ կյանքում և խոսելու ժամանակ թույլ են տալիս տհաճ արտահայտություններ։
Եթե Կ. պայմանավորված է խոսքի զարգացման առանձնահատկություններով, այդպիսի խանգարման բնույթը, խորության աստիճանը և շտկման հնարավորությունը մեծամասամբ կախված են շրջապատի մարդկանց փոխհարաբերություններից։ Բացասական են ազդում հարազատների ընդգծված հոգատարությունը, երեխայի ներկայությամբ Կ-յան մասին խոսակցությունները, աննրբանկատ դիտողությունները։ Երեխայի Կ-յան դեպքում անհապաղ պետք է դիմել բժիշկ-լոգոպեդի։
Կ-յան բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ։ Ամենից առաջ հարկավոր է ընտանիքում և կոլեկտիվում ստեղծել բարյացակամ և հանգիստ մթնոլորտ, երեխայի ուշադրությունը չսևեռել կակազելու վրա։ Երբեմն, այլ կոլեկտիվ (օրինակ, ուրիշ դպրոց) տեղավտխվելիս Կ. վերանում է։ Այն հաղթահարելու բոլոր միջոցները կիրառելիս միաժամանակ հարկավոր է դաստիարակել վստահություն սեփական ուժերի հանդեպ և խոսքի թերությունը հաղթահարելու գիտակցական ձգտում։ Հարկավոր է երեխային սովորեցնել խոսքի տեմպը կառավարելու, արագ խոսելուց խուսափելու, արտաշնչման պահին խոսելու ունակություն։ Սեփական օրինակով, հանգիստ և համբերատար ուղղելով երեխային, հարկավոր է դաստիարակել բնական, թեթևակի դանդաղ, բայց ոչ միապաղաղ խոսք։ Օգտակար է երեխայի հետ միասին դիտած կինոնկարների, կարդացած նյութերի բովանդակության շուրջ զրուցելը։ Զրույցի ընթացքում նպատակահարմար է տալ այնպիսի հարցեր, որոնց երեխան կարող է պատասխանել օգտագործելով հարցի մեջ եղած բառերը։ Երեխայի մոտ աստիճանաբար պետք է զարգացնել սկզբում մտերիմների, այնուհետև զգուշորեն նաև կողմնակի անձանց ներկայությամբ ինքնուրույն պատմելու ունակություն։
Արմատացած Կ. վերացնելու աշխատանքները մեծահասակներից մեծ համբերություն և տոկունություն են պահանջում։ Պարապմունքների համար հարկավոր է հատկացնել որոշակի ժամեր, մնացած ժամանակ պահպանել ճիշտ խոսելու ռեժիմ։ Վաղ սկսած և կանոնավոր անցկացվող բուժման դեպքում Կ. վերանում կամ բավականին նվազում է։