ԿԱՀՈՒՅՔ, ըստ նշանակության լինում է ընդհանուր սենյակի, ննջասենյակի, հյուրասենյակի, ճաշասենյակի, աշխատասենյակի, մանկական սենյակի, խոհանոցի, նախասենյակի և լողասենյակի։ Կարելի է օգտագործել թե՛ Կ-ի առանձին տարրեր, թե՛ կահույքի լրակազմեր, ինչպես նաև ամբողջ բնակարանի, մի սենյակի կամ բնակարանի առանձին հատվածի համար Կ-ի հավաքածուներ։ Բնակարանը կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել ընտանիքի պահանջները և բնակարանի չափերը (տես Բնակարանի կահավորանք, Ներկառուցված կահույք):

Կ. լինում է ամբողջական, որի մեջ մտնում են կահավորանքի անփոփոխ առարկաներ, հավաքովի-քանդովի, որը կարելի է հեշտությամբ տեղափոխել, համապիտանի-հավաքովի և մասերով (բաղկացած է մի քանի առանձին ավարտուն տարրերից)։ Վերջիններս կարելի է տեղադրել մեկը մյուսի վրա, ինչպես նաև օգտագործել որպես ինքնուրույն առարկաներ։

Դարակավոր Կ-ի հիմքը փայտե կամ մետաղե ուղղաձիգ կրող հենականգնակներն են, որոնց միջև ամրացվում են առանձին բաժանմունքներ, դարակներ, արկղեր և այլ միացնող տարրեր։ Կ-ի այս տեսակն ապահովում է տարբերակների բազմազանություն։

Ձևափոխելի Կ-ի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս առանձին մասերի տեղափոխումով փոխել Կ-ի դերը և չափերը։ Կ-ի այդ տեսակից են բազկաթոռ-մահճակալը, բազմոց-մահճակալը, պահարանի մեջ հավաքվող կամ մեկը մյուսի տակից դուրս քաշվող մահճակալները, իջեցվող կամ ծալվող երեսով սեղան-պատվանդանը, սեկրետերը և հետգցովի կափարիչով (երբեմն դուրսքաշովի հենարան-պատվանդանով) սպասքապահարան-սեղանը ևն։

Կ. հիմնականում պատրաստում են փայտից և փայտանյութից (ատաղձագործական, փայտատաշեղավոր և փայտաթելքավոր սալերից, սոսնձած նրբատախտակից ևն)՝ օգտագործելով նաև պլաստմասսա և մետաղ: Երեսապատման համար օգտագործում են բնական և սինթետիկ միաշերտ նրբատախտակ, թաղանթներ, թղթաշերտավոր պլաստիկ ևն, փափուկ Կ-ի համար՝ ճկուն ժապավեններ, սպունգառետին, փրփրապոլիուրետուն, բնական և սինթետիկ գործվածքներ, արհեստական կաշի և այլ նյութեր։ Զանգվածային կենցաղային Կ. պետք է բավարարի հիգիենիկ պահանջներին և լինի հարմարավետ։

Կ-ի խնամքը։ Մշտական և ճիշտ խնամքը զգալիորեն երկարացնում է Կ-ի օգտագործման ժամկետը։ Խորհուրդ չի տրվում Կ. տեղավորել ջեռուցման սարքերին շատ մոտ կամ էլ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Դրանից Կ. չորանում և ծռմռվում է։

Շատ կարևոր է, որ Կ. դրվի հարթ հատակին, քանի որ հատակի խորդուբորդությունը կարող է առաջացնել Կ-ի շեղվածք և առանձին մասերի (դռներ, արկղեր) ձևափոխություն։ Որպեսզի Կ. չքերծի, անրաժեշտ է ոտքերին կպցնել ֆետրի կամ թաղիքի կտորներ։

Լաքապատ և ողորկած մակերևույթների փոշին սրբում են մաքուր չոր շորով (գերադասելի է մահուդը)։ Ողորկած մակերևույթը չի կարելի մաքրել խոնավ շորով, քանի որ ջրից այն փչանում է։ Փափուկ Կ. մաքրում են փոշեծուծով կամ խփելով։ Փափուկ Կ-ի պաստառի ճարպաբծերը կարելի է մաքրել բծամաքրիչ նյութով (տես Կեղտաբծերի հանում) կամ զտած բենզինով։ Խավոտ և այլ տեսակի գործվածքներով երեսպատված Կ-ի մաքրման համար թողարկվում են հատուկ նյութեր։ Կ-ի սինթետիկ նյութերով պատված մակերևույթը կարելի է մաքրել գոլ օճառաջրով, իսկ ճարպաբծերը հեռացնել մանրած կավճի և բենզինի խառնուրդով։ Արհեստական կաշվով երեսապատված Կ-ի մաքրման համար թողարկվում են հատուկ հեղուկ միջոցներ։

Ողորկած և լաքապատ Կ-ի մաքրման և փայլի վերականգնման համար թողարկվում են հատուկ միջոցներ, որոնց օգտագործումը պահպանում է Կ-ի գեղեցիկ տեսքը։

Արտադրվում են մոմե և յուղե հիմքով մածուկանման, հեղուկ և էմուլսային ողորկամիջոցներ՝ սիլիկոնների, էմուլսող, կայունացնող և ջրամերժ նյութերի հավելումով։ Մոմերը և մոմանման նյութերը Կ-ի մակերևույթի վրա գոյացնում են մաշակայուն պաշտպանիչ փայլուն թաղանթ, սիլիկոնները բարձրացնում են ջրակայունությունը և ավելացնում փայլը։ Լուծիչներով հեռացնում են Կ-ի մակերևույթի ջրաբծերը։ Հեղուկ, մածուկանման և էմուլսային ողորկամիջոցները Կ-ի մակերևույթին են քսում թանզիֆի կամ փափուկ գործվածքի լաթով, 15-20 րոպե հետո չորացած թաղանթը փայլեցնում են փափուկ կտորով կամ մահուդալաթով։

Աերոզոլային միջոցները հարկավոր է փոշեցրել Կ-ի մակերևույթին և 20 րոպե հետո փայլեցնել։

Ողորկած և լաքապատ Կ-ի փայլեցման, ճարպաբծերի հեռացման համար թողարկում են հատուկ անձեռոցիկներ։