ՏՏՀ/Կանթեղային բույսեր
ԿԱՆԹԵՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, ամպելային բույսեր, կախովի բույսեր, կախվող, փաթաթվող կամ մագլցող ցողուններով բույսեր, որոնց կարելի է աճեցնել կախովի սկահակներում, թաղարներում ևն։ Դրանք սովորաբար մշտադալար, բազմամյա, գեղազարդ տերևավոր կամ գեղեցիկ ծաղկող բույսեր են։ Կ. բ-ով զարդարում են բնակելի շենքերի պատշգամբները, պատվանդանները, ցուցափեղկերը ևն։ Բույսերը կախում են պատուհանների առջև կամ պատերին ամրացված բարձրակներից գեղազարդ կախովի թաղարներով, փայտե կամ հյուսկեն զամբյուղներով։ Կ. բ. (բացառությամբ սուկուլենտների՝ հյութալի բույսերի) պետք է ամեն օր ջրել և ցողել սենյակի ջերմաստիճանի ջրով, իսկ շաբաթը մեկ թաղարներով ընկղմել ջրի մեջ, որպեսզի հողի կոշտերը լավ թրջվեն։ Ամեն տարի գարնանը հողը պետք է փոխել։ Սենյակները զարդարելու համար խորհուրդ է տրվում աճեցնել հետևյալ բույսերը։
Գեղազարդ տերևավորներ. բեգոնիա, բաղեղ, ծնեբեկ, քարբեկ, սելագինելա, բամբասանք, ֆիկուս ևն։
Գեղեցիկ ծաղկողներ. զանգակածաղիկ, ծխածաղիկ, երեմ ևն։
Սուկուլենտներ. թանձրատերևազգիներ, կակտուսազգիներ, շուշանազգիներ, ագավազգիներ ևն։
Փաթաթվող կամ մագլցող ցողուններով, արհեստական հենարանի կարիք ունեցող որոշ բույսեր ցանկալի է աճեցնել որպես լիան։ Պարզ հենարաններ են ուղղաձիգ ցցիկները կամ հնդկեղեգի փայտիկները (ցանկացած նյութից), կամարները, որոնց կապում են բույսերը։ Ցցիկներին կարելի է կապել ևս մի քանի փայտիկներ կամ լարեր, որպեսզի ցանց ստացվի։ Սենյակային լիանների խնամքը նույնն է ինչ սենյակային բույսերինը։