Կատաղություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 288
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ, վիրուսային հիվանդություն. բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումներով։ Հիվանդությունը մարդուն փոխանցվում է կատաղած կենդանու կծելու կամ թուքը մարդու վնասված լորձաթաղանթների, մաշկի վրա ընկնելու միջոցով։ Կենդանու թուքը վարակիչ է դառնում հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր առաջ։ Մարդկանց վարակի աղբյուրը ընտանի կենդանիներն են՝ շները, հազվադեպ՝ կատուները, ինչպես նաև վայրի գիշատիչները (գայլ, աղվես)։ Հիվանդացած շանը դառնում է անհանգիստ, հրաժարվում է սննդից, այնուհետև վրա է հասնում գրգռման շրջանը՝ ջղաձգության նոպաներով, նկատվում է թքահոսություն, հաչոցը դառնում է խռպոտ։ Մարդը հիվանդանում է գաղտնի շրջանից հետո, որի տևողությունը պայմանավորված է կծած տեղով և վնասման ծանրությամբ (10 օրից մինչև 1 տարի, հաճախ 1-3 ամիս), առաջանում են գրգռվածություն, շնչառության խանգարում, հեղուկի կլման դժվարացում, լուծանք։

Մարդու հիվանդության կանխարգելման միակ հնարավորությունը հիվանդ կենդանու կծելուց հետո բուժիչ պատվաստումներն են, որի համար հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Կախված կծած տեղից և վնասման ծանրության աստիճանից, կենդանու վիճակից և վարքից, ինչպես նաև այլ պայմաններից՝ տուժածին նշանակում են պատվաստման կարճ (պայմանական) կուրս (1-2 ներարկում) և հիվանդ շանը 10 օր վերցնում են հսկողության տակ կամ լրիվ կուրս՝ երբ կենդանու մոտ ակնհայտ են Կ-յան նշանները կամ կենդանին անհետացել է հսկողության ժամանակամիջոցում։ Առանձին դեպքերում, պատվաստումներ չեն կատարում, բայց կենդանին 10 օր վերցվում է հսկողության տակ։ Հատկապես վտանգավոր են դեմքի, պարանոցի, դաստակի խոր, ինչպես նաև գիշատիչ կենդանիների կծածները (այս դեպքում գաղտնի շրջանը ամենակարճատևն է)։

Կ-յան դեմ պատվաստումներ կատարելիս արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, խորհուրդ է տրվում խուսափել գերհոգնածությունից, օրգանիզմի սառեցումից, ջերմահարությունից։ Կ-յան կանխարգելման նպատակով կատարում են տնային շների ամենամյա գրանցում և պատվաստումներ, հավաքում են թափառող (անտեր) շներին և կատուներին։