ՏՏՀ/Կարագ
ԿԱՐԱԳ, հիմնական տեսակները պարունակում են 81,5-82,5 % կաթնայուղ և 16 % ջուր, որի մեջ լուծված են ոչ մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր և հանքային աղեր։ Կ. լավ է յուրացվում օրգանիզմում (մինչև 98,5 %): Կ-ի սննդային արժեքը պայմանավորված է բարձր կալորիականությամբ (1 գ-ում՝ 6,6-7,5 կկալ) և A ու D վիտամինների (տես Վիտամիններ) պարունակությամբ։ Սակայն Կ-ի մեջ համեմատաբար քիչ են բազմաչհագեցած ճարպաթթուները (5 %-ից ոչ ավելի), ուստի այն պետք է զուգակցել ձեթի և մարգարինի հետ։ Կ. օգտագործում են բուտերբրոդներ, կրեմ, պաղպաղակ, ինչպես նաև զանազան ճաշատեսակներ պատրաստելիս։
Կ. համեմատաբար արագ փչացող մթերք է։ Խորհուրդ է տրվում այն պահել 10-12 °C–ում մութ տեղում։ Տան պայմաններում Կ. պետք է պահել սառնարանում կամ էլ ապակե կամ կավե ամանի մեջ։ Վրան անհրաժեշտ է մաքուր սառը ջուր լցնել և ամանը կափարիչով փակել։ Ջուրը օրական 1-2 անգամ փոխել։ Նշված եղանակով կարագը կարելի է պահել մի քանի օր։
Անբարենպաստ պայմաններում Կ. փչանում է, ձեռք է բերում դառնահամ, ճարպահամ և հոտ, փոխում գույնը։
Համը փոխած Կ. կարելի է նախապես հալելուց հետո օգտագործել տապակելու և խոհարարական այլ նպատակների համար։ Խորհուրդ է տրվում Կ. հալել հետևյալ կերպ. ջրով կաթսայի մեջ դնել 1/4-ով ջրով լցված ավելի փոքր արծնապատ կաթսա։ Կաթսաները դնել կրակի վրա և մեծ կաթսայի ջուրը գրեթե եռման հասցնել։ Երբ փոքր կաթսայի ջուրը տաքանա (70-75 °C), նրա մեջ գցել մանր կտրատած Կ., հալվելուց հետո աղ ավելացնել (2-3 թեյի գդալ՝ փոքր կաթսայի 1 լ ջրին) և թեթևակի խառնել։ Այնուհետև կաթսաները կրակից վերցնել, թողնել, որ ջուրն ու կարագը հովանան, որից հետո յուղը ջրի մակերևույթից քաշել և օգտագործել որպես հալած յուղ (տես Յուղ):