Կարճատեսություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 288
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տեսողության թերություն, որի ժամանակ մարդը վատ է տեսնում հեռուն։ Առաջանում է ակոմոդացիայի խանգարման հետևանքով, երբ աչքի ոսպնյակը կորցնում է իր ձևը փոխելու ընդունակությունը, դառնում է ավելի ուռուցիկ։ Կ-յան զարգացմանը նպաստում են թույլ լուսավորվածությունը, մոտ տարածությունում գտնվող առարկաների հետ աշխատանքը (կարդալ, գրել, որոշ արհեստներ)։ Կ. սովորաբար զարգանում է դպրոցական տարիներին, տարիքի հետ նրա աստիճանը կարող է բարձրանալ։ Կ-յան ժամանակ, սովորաբար, տեսողական լարված աշխատանքից հետո աչքն արագ հոգնում է, վերհոնքային աղեղների շրջանում առաջանում է ցավ։ Հաճախ, հատկապես ակնագնդի շարժումների ժամանակ, աչքի առաջ երևում են, այսպես կոչված, թռչող մժեղներ՝ մանր մոխրագույն կետեր։ Ճշգրիտ պատկեր ստանալու համար կարճատես մարդը ստիպված է առարկան մոտեցնել աչքին։ Ցրող (գոգավոր) տեսապակիներով ակնոցը հնարավորություն է տալիս շտկել տեսողության թերությունը և վերացնել աչքի գերլարվածության հետ կապված տհաճ զգացողությունները։ Կ. կանխելու նպատակով ամենից առաջ հարկավոր է ստեղծել աչքի գերհոգնածությունը բացառող աշխատանքային բարենպաստ պայմաններ։ Մոտ գտնվող առարկաներով աշխատանքը հարկավոր է կատարել բավարար լուսավորության պայմաններում՝ պահպանելով աշխատանքի և հանգստի ռեժիմը։ Դպրոցական տարիքի երեխաներին չի թույլատրվում կարդալիս և գրելիս գիրքը կամ տետրն աչքին մոտեցնել 33-35 սմ-ից ավելի կամ գլուխը խիստ առաջ խոնարհել։ Հարկավոր է երեխային արգելել կարդալ անկողնում, հատկապես անբավարար լուսավորության ժամանակ։ Երեկոյան կարդալիս կամ գրելիս հարկավոր է օգտվել սեղանի լամպից (40 Վտ-ից ոչ պակաս հզորության)՝ այն տեղադրելով առջևում կամ ձախ կողմում այնպես, որ ձեռքերի ստվերը չընկնի գրքի կամ տետրի վրա։ Դպրոցականին խորհուրդ չի տրվում առանց ընդմիջման կարդալ կամ գրել 45-50 րոպեից ավելի։ Արդեն առաջացած Կ-յան դեպքում հիմնական խնդիրը այն դադարեցնելը կամ հետագա զարգացումը դանդաղեցնելն է։ Դրա համար շատ կարևոր է խստորեն կատարել բժշկի բոլոր նշանակումները։ Կարճատես աչքի օպտիկական թերությունը կարելի է շտկել ակնոցով (ընտրում է բժիշկը)։ Ուժեղ արտահայտված Կ-յանը սովորական ակնոցը երբեմն չի օգնում, ուստի նշանակում են աչքի եղջերաթաղանթին անմիջականորեն հպվող տեսապակիներ, որոնք ցանացաթաղանթի վրա առարկայի պատկերն առավել ճիշտ են կիզակետում։

Խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կատարել դեղորայքային բուժում, որի դեպքում լավանում է աչքի հյուսվածքների սնուցումը, և ամրանում են պատերը։

Կ-յան սկզբնական շրջանում շատ օգտակար են հատուկ վարժությունները, որոնց օգնությամբ հաճախ հաջողվում է դադարեցնել կամ դանդաղեցնել նրա հետագա զարգացումը։

Կ-յան զարգացումը կանխելու նպատակով հատկապես կարևոր է տեսողական աշխատանքի ժամանակ վերը նշված կանխարգելող պայմանների մանրակրկիտ պահպանումը։ Դպրոցում սովորելու և մասնագիտական գործունեության տեսողական բեռնվածությունն անհրաժեշտ է գիտակցաբար չափավորել։ Տեսողական աշխատանքի յուրաքանչյուր 30-45 րոպեից հետո անհրաժեշտ է 10-15 րոպե ընդմիջում անել։

Ուժեղ Կ-յամբ տառապող անձանց հակացուցված է ծանրություն բարձրացնելը, կտրուկ շարժումներ պահանջող մարզաձևերով (օրինակ, ծանր աթլետիկա, ըմբշամարտ, ակրոբատիկա և այլն) զբաղվելը։