ՏՏՀ/Կարճ միացում
ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ, եթե էլեկտրական ցանցի (օրինակ, սենյակի հաղորդագծի) երկու հաղորդալար միանում են միմյանց անմիջականորեն (կարճ), շրջանցելով բեռնվածքը (լուսավորման լամպերը, էլեկտրասարքերը), ապա գոյացած շղթայում առաջանում է ուժեղ հոսանք (տասնյակ և հարյուրավոր ամպեր), որը կոչվում է Կ. մ-ման հոսանք։ Տնային ցանցում առավել հաճախ Կ.մ-ման պատճառ են դառնամ հաղորդալարերի մեկուսապատվածքի վնասվածքները և փոխադրովի էլեկտրասարքերի խրոցակի երկժանու անսարքությունը։ Կ. մ. կարող է առաջանալ նաև, երբ ցանցի հաղորդալարերից մեկը միանում է հողին ջրմուղի, կոյուղու, գազամուղի, կենտրոնական ջեռուցման խողովակների, ինչպես նաև հողակցում ունեցող անսարք ռադիոընդունիչի, հեռուստացույցի, մագնիտոֆոնի, էլեկտրասարքի միջոցով։ Կ. մ-ման հետևանքով կարող է խափանվել էլեկտրաէներգիայի հաշվիչը կամ հրդեհ ծագել։ Կ. մ-ման հնարավոր վնասակար հետևանքները կանխելու համար կիրառվում են էլեկտրական ապահովիչներ, որոնք ցանցից անջատում են շղթայի Կ. մ-ով տեղամասը, խզելով շղթան, երբ հոսանքը հասնում է վտանգավոր մեծության։ Ընդ որում, հալուն ապահովիչներում (այսպես կոչված, խցաններում) ուժեղ հոսանքից հալվում է լարային ներդիրը (հալուն ներդիր), իսկ ավտոմատ ապահովիչներում գործարկվում է անջատիչը։
Կ. մ-ից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հետևել էլեկտրահաղորդագծի, էլեկտրասարքերի և ապահովիչների սարքինությանը, ոչ մի դեպքում այրված խցանները չփոխարինել հաղորդալարերի փնջով (ինքնաշեն ապահովիչներով) կամ գնդասեղներով։ եթե հալուն ապահովիչը շարքից դուրս է գալիս, այն հարկավոր է փոխարինել գործարանային արտադրության մեկ այլ ապահովիչով։
Եթե Կ. մ-ման հետևանքով հաղորդալարերն այրվում են, հարկավոր է անմիջապես դրանք հոսանազրկել (հանել խցանները բներից կամ գործի դնել անջատիչը), իսկ եթե խցանները կան անջատիչն անհարմար տեղում են, հարկավոր է կտրել հաղորդալարերը մեկուսացված բռնակ ունեցող ցանկացած գործիքով (օրինակ, կացնով, մուրճով) և միայն դրանից հետո հանգցնել հրդեհը սովորական միջոցներով (ջրով, կրակմարիչով)։