ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ, տարբերում են ուղիղ (գոտկագծի մասում սեղմոններով կամ փոքր ծալքերով), շրջանաձև կամ խումբ-խումբ դարսերով, փոթաշերտերով, լայնացող, մանրածալքերով Կ-ներ, ինչպես նաև Կ-տաբատներ։

Կ. կարում են բրդե, բամբակե, վուշե, տրիկոտաժե գործվածքից։ Եթե չափսերը տարբերվում են գծագրերում տրված չափսերից, կարելի է օգտվել Մոդելավորում հոդվածում բերված սկզբունքներից։ Բոլոր գծագրերը տրված են առանց կարաբաժինների և ծալաբաժինների։

Ուղիղ Կ. (նկ. 1), հետևում կոճկվող գոտկատեղի դասական սեղմոններով։ Կարում են ցանկացած գործվածքից։ Այս Կ. հիմք է ընդունվում ուղիղ Կ-ի զանազան տարբերակների (դարսերով, փոթերով, սեղմակներով, բոլորածալքով ևն) մոդելավորման համար։

Գործվածքի ծախսը. 80 սմ՝ 110 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։

Բրդե գործվածքից Կ. (նկ. 2), վեց տապակով։ Առաջամասի և հետնամասի «գոդե» տապակները գեղեցիկ ուրվագիծ են ստեղծում և ազատ քայլելու հնարավորություն տալիս։ Կ. կոճկվում է շղթայով։

Գործվածքի ծախսը. 1 մ 30 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։

Բրդե գործվածքից Կ. (նկ. 3), հետնամասում լայնացող («գոդե») և գրպանների ձևավոր կտրվածքով։ Կոճկվում է շղթայով։

Գործվածքի ծախսը. 1 մ 45 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։

Կ-տաբատ (նկ. 4), շեղ ձևվածքի (երկայնագծի նկատմամբ 45° անկյունով), երկու վրադիր գրպաններով։ Կոճկվում է շղթայով։ Գործվածքի ծախսը. 1 մ 80 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-100։