ԿԻՍԵԼ, շոհանուշ, պատրաստում են մրգից, հատապտղից, դրանց հյութերից, կաթից, գինուց և այլ մթերքից։ Կ. եփում են նոսր և թանձր։ Վերջինիս մակերևույթի չթաղանթակալելու համար, պատրաստի Կ-ի վրա շաքարավազ (կամ շաքարափոշի) են ցանում։ Կ. սովորաբար մատուցում են սառը։ Թանձր Կ-ի հետ կարելի է մատուցել կաթ կամ սերուցք։

Կ. հատապտղի. ընտրած և լվացած հատապտուղները գդալով տրորել, թանզիֆով կամ մաղով հյութը քամել և թողնել փակ ամանի մեջ։ Չանչերի վրա եռացրած ջուր լցնել, եռացնել և քամել։ Եփուկի մի մասը (1/2 բաժակ) հովացնել և պահել օսլան լուծելու համար, իսկ մնացածը եռացնել, ավելացնել շաքարավազ, ապա սառը եփուկով բացած օսլան (անընդհատ խառնել փայտե գդալով)։ Կ. եռալուն պես կրակից վերցնել, հովացնել, ավելացնել նախօրոք քամած սառը հյութը և լավ խառնել։

3 բաժակ ջրին՝ 1 բաժակ հատապտուղ, 1/2 բաժակ շաքարավազ, 1 ճաշի գդալ (թանձր Կ-ի համար՝ 2 ճաշի գդալ) կարտոֆիլի օսլա։

Թարմ ծիրանի, խնձորի, սալորի, հոնի և այլ մրգերի Կ. պատրաստում են նախորդ բաղադրատոմսով՝ այն տարբերությամբ, որ միրգը նախապես եփում են քիչ ջրով, որից հետո միայն տրորում։

Կ. կաթի. կաթը շաքարավազով եռացնել։ Կարտոֆիլի կամ սիմինդրի (եգիպտացորենի) օսլան բացել 1 բաժակ սառը կաթով և, անընդհատ խառնելով, լցնել եռացող կաթի մեջ։ Կ. եփել 5 րոպե մարմանդ կրակի վրա։ Պատրաստի Կ-ի մեջ բուրավետության համար կարելի է վանիլաշաքար ավելացնել։

1 լ կաթին՝ 1/2 բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ օսլա, մի պտղունց վանիլաշաքար։