ԿՈՄՊԱԿՏ ՍԿԱՎԱՌԱԿ, օպտիկական թվանշանային ձայնասկավառակ, թափանցիկ պոլիմերային նյութից սկավառակ, որի միջի անդրադարձիչ մետաղատոգորած մակերևույթն ունի ձայնակիր (իմպուլսների թվանշանային համակցությունների տեսքով) պարուրաձև շավիղ։ Վերջինս բաղկացած է մանրաչափ փոսիկներից, որոնց երկարությունը 0,9-3,2 մկմ է, խորությունը՝ 0,12 մկմ, պարուրագծերի միջև եղած հեռավորությունը (պարույրի քայլը)՝ 1,6 մկմ։

Ձայնագրությունները վերարտադրվում են լազերային նվագարկիչով, որի մեջ Կ. ս. տեղադրվում է տեղեկություն պարունակող շերտը դեպի վեր։ Ազդանշաններն ընթերցվում են ձայնահանի լազերային ճառագայթով։

Ստանդարտ Կ.ս–ի արտաքին տրամագիծը 120 մմ է, կենտրոնական անցքի տրամագիծը՝ 15 մմ, հաստությունը՝ 1,2 մմ, զանգվածը՝ 15-30 գ։ Գրանցված գոտու ներքին տրամագիծը 50-58 մմ է, արտաքինը՝ 116 մմ։ Այս գոտուց դուրս գրանցվում է մուտքային տեղեկատվություն (սկավառակի էլեկտրոնային քարտարան), երաժշտական ստեղծագործության հերթական համարը և հնչողության տևողությունը, սկավառակի սկզբից մինչև այդ ստեղծագործության սկիզբը եղած ժամանակահատվածը ևն։ Կ. ս. լազերային նվագարկիչի մեջ տեղադրելուց հետո այս տեղեկությունն ավտոմատ ընթերցվում է լազերային ճառագայթով և փոխանցվում նվագարկիչի միկրոԷՀՄ-ի հիշողության սարքին, որից հետո ըստ հերթական համարի կարելի է վերարտադրել ձայնագրած ցանկացած ստեղծագործություն։ Ծավալահնչական ձայնային ծրագրի հնչողության տևողությունը 70 ր է։

Կ. ս-ները պատրաստվում են շատ ամուր չջարդվող պլաստիկներից։ Ի տարբերություն ձայնասկավառակների, Կ. ս–ների ձայնագրությունները վերարտադրվում են առանց ծայնաշավիղի հետ անմիջական շփման։ Դրա շնորհիվ Կ.ս-ներն առանց որակի փոփոխության պահպանվում և օգտագործվում են տասնյակ տարիներ։

Կ. ս-ի հիմնական արժանիքներից են գրանցման որակը (ստուգությունը), փոքր չափերը, օգտագործման հարմարությունը, ծառայության գրեթե անսահմանափակ ժամկետը, հնչողության երկարատևությունը։ Կ.ս–ի տրամագիծը 1,5 անգամ, իսկ զանգվածը՝ 5-6 անգամ փոքր են, քան ձայնասկավառակինը։