ՏՏՀ/Կոտլետ
ԿՈՏԼԵՏ, կողիկ, պատրաստում են մսից, ձկից, ընտանի թռչնի մսից, որսամսից, բանջարեղենից, ձավարից։
Կ. պատրաստում են ծեծած մսից կամ բարակ մսաշերտից, խոզի և ոչխարի մսեղիքի առավել նուրբ մասերից, ինչպես նաև մատղաշ ընտանի թռչնի և որսամսի կրծքամսից և աղացած մսից (տավարի, ոչխարի և խոզի մսեղիքի ավելի կոպիտ մասերից, ինչպես նաև հավի մսից)։
Բանջարեղենի Կ. պատրաստում են կարտոֆիլից, դդմիկից, կաղամբից, գազարից կամ ճակնդեղից, ձավարի Կ.՝ եփած բրնձից, կորեկից, սպիտակաձավարից և գարեձավարից։
Կ-ի հետ մատուցում են եփած կամ տապակած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, կանաչ ոլոռ, մակարոնեղեն, քաշովի, ինչպես նաև բանջարեղենի խավարտ, իսկ ձկան Կ-ի հետ՝ եփած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, բրնձով քաշովի։ Բանջարեղենի և ձավարի Կ-ի հետ խավարտ չեն մատուցում, այլ միայն լցնում են սոուս կամ կարագ դնում։
Ձավարի Կ. կարող է օգտագործվել և որպես քաղցր կերակրատեսակ, այդ դեպքում Կ-ի մեջ ավելացնում են վանիլ կամ վանիլին և մատուցում (տաք կամ սառը) մրգային քաղցր սոուսների, կիսեփ և մուրաբայի հետ։
Մսաշերտից և ծեծած մսից Կ. պատրաստում են խոզի կրծքամսից։
Կ-ի միսը լվանում են, թելքերի լայնքով կտրտում, ամեն մսաբաժնի հետ թողնելով կողոսկրի մի կտոր, վրան աղ ու պղպեղ են ցանում, դնում տաքացրած տապակի մեջ և կարմրացնում։ Կ. կարելի է մատուցել զանազան սոուսներով։ 4-5 Կ-ի համար՝ 600 գ կրծքամիս, 2 ճաշի գդալ հալած յուղ (կամ որևէ ճարպ), աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Ծեծած Կ-ի միսը թեթևակի ծեծում են, աղ ու պղպեղ ցանում, թաթախում հարած ձվի, ապա՝ աղացած պաքսիմատի մեջ, դնում տաքացրած յուղով տապակի մեջ և կարմրացնում (15-20 րոպե)։
Մատուցելիս վրան կարագ են դնում։
4-5 ծեծած Կ-ի համար՝ 600 գ կրծքամիս, 2 ճաշի գդալ հալած յուղ (կամ որևէ ճարպ), 1 ձու, 3 ճաշի գդալ պաքսիմատ, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Կ. աղացած. միսը ոսկրազատում են, ջլազատում, կտրտում, մսաղացով աղում, ավելացնում սառը ջրի կամ կաթի մեջ թրջած սպիտակ չոր հացի միջուկ, աղ, պղպեղ (կարելի է նաև մանրած սոխ կամ սխտոր), խառնում և կրկին աղում մսաղացով։ Նիհար կամ տարեց կենդանիների մսից պատրաստված Կ-ի զանգվածը երբեմն շատ պինդ է ստացվում։ Այդ դեպքում պետք է խառնելով քիչ-քիչ ավելացնել սառը ջուր կամ կաթ (սերուցք)։ Ստացված զանգվածը բաժանում են մոտավորապես 50-60 գ-անոց հավասար մասերի, ձվաձև տեսք տալիս, թավալում աղացած սպիտակ պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակում տաքացրած յուղով տապակի մեջ (մինչև կարմրավուն կեղևի գոյանալը), որից հետո կրակը պակասեցնում են և շարունակում տապակել 5-10 րոպե։
500 գ փափուկ մսին՝ 100 գ հաց, 3/4 բաժակ ջուր կամ կաթ, 1 գլուխ սոխ (կարելի է նաև 1 պճեղ սխտոր), 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 2 ճաշի գդալ կարագ կամ մարգարին. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Ոչխարի մսի Կ. սխտորով (սխտորած). ոչխարի միսը մսաղացով աղում են, ավելացնում աղացած հում կարտոֆիլ, ծեծած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղ, խառնում և կրկին աղում։ Մսազանգվածին ավելացնում են հարած ձու, բաժանում մասերի, ձվաձև տեսք տալիս, թավալում ալյուրի մեջ և տապակում հալած յուղով։ Սխտորածը մատուցում են տոմատի սոուսով։
600 գ ոչխարի մսին՛ 100 գ կարտոֆիլ, 1 ձու, 1 պճեղ սխտոր, 2 ճաշի գդալ հալած յուղ, 1/2 բաժակ ալյուր, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Կ. բրնձի, ջրով հփած բրնձի թանձր շիլան մի քիչ հովացնում են, ավելացնում շաքարավազ, ձու, խառնում, Կ-ի տեսք տալիս, թավալում աղացած պաքսիմատի մեջ և կարմրացնում տաքացրած յուղով տապակի մեջ։ Մատուցում են քաղցր կամ սնկի սոուսով (այս դեպքում շիլան առանց շաքարի են պատրաստում)։
2 բաժակ բրնձին՝ 5 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 2 ճաշի գդալ կարագ, 2 ձու։
Ձկան Կ. կարելի է պատրաստել ձկից կամ ցանկացած ձկան (ձողաձուկ, պերկես ևն) սուկիից։ Սառեցրած սուկին կամ ձուկը հալեցնում են, փշերը և կաշին հեռացնում, ջրքամում և մսաղացով աղում։ Ավելացնում են սառը ջրի կամ կաթի մեջ թրջած սպիտակ չոր հացի միջուկ, տապակած սոխ, աղ, պղպեղ, խառնում և կրկին աղում մսաղացով։ Ստացված զանգվածը լավ տրորում են՝ քիչ-քիչ ավելացնելով ջուր, ապա՝ հում ձու, բաժանում հավասար մասերի, ձվաձև տեսք տալիս, թավալում աղացած սպիտակ պաքսիմատի մեջ և 5-10 րոպե տապակում լավ տաքացրած յուղով (կամ ձեթով)։
500 գ սուկիին՝ 100 գ սպիտակ հաց, 2 գլուխ սոխ, 3-4 ճաշի գդալ ձեթ, 1/2 բաժակ ջուր, 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։