ՏՏՀ/Հակաստատիկ նյութեր
ՀԱԿԱՍՏԱՏԻԿ ՆՅՈՒԹԵՐ, նախատեսված են գործվածքների էլեկտրական լիցքերը հեռացնելու, ինչպես նաև դրանց առաջացումը կանխելու համար։ Հ. ն-ով մշակելուց հետո հագուստը մարմնին չի կպչում, փոշի քիչ է վերցնում, վերանում է կայծարձակումը։ Հ. ն. թողարկում են մածուկի տեսքով և աերոզոլային փաթեթվածքով։ Լուծույթ պատրաստելու համար 1 ճաշի գդալ (20 գ) մածուկը պետք է լուծել 1 լ եռման ջրի մեջ և ավելացնել 2 լ սառը ջուր։ Գործվածքը հարկավոր է դնել պատրաստի լուծույթի մեջ, թողնել 10 րոպե, ապա առանց պարզաջրելու թեթևակի քամել, չորացնել և արդուկել։ Արհեստական մորթին և խավոտ գործվածքները (մուշտակ, գորգ ևն) մշակելիս 1 թեյի գդալ (5 գ) մածուկը պետք է լուծել 1 լ տաք ջրի մեջ, պատրաստի լուծույթը քսել խոզանակով կամ ցրել ցողացիրով։
Աերոզոլային փաթեթվածքով պատրաստուկները նախատեսված են սինթետիկ նյութերից (գործվածքներ, պլաստմասսա, կահույքի պոլիմերային ծածկույթ) պատրաստված իրերը մշակելու համար։ 25-30 սմ հեռավորությունից ցողացիրով պետք է հավասարաչափ մշակել իրի մակերևույթը մինչև թեթևակի խոնավանալը։ Մշակումից հետո պոլիմերային ծածկույթով իրն անհրաժեշտ է անմիջապես մաքրել չոր լաթով։ Պատրաստուկի ծախսը. 1 գլանանոթ (165 գ) 6-7 մ² համար։ Իրերն անհրաժեշտ է Հ. ն-ով մշակել ամեն լվանալուց հետո։