ՏՏՀ/Հայելի սենյակի
ՀԱՅԵԼԻ սենյակի, Հ-ները լինում են կախովի, սեղանի, հատակի և պահարանի։
Հ. պետք է այնպես կախել, որ լույսը մարդու վրա հավասարաչափ ընկնի։ Կանգնած մարդու պատկերն արտացոլող Հ-ու վերին եզրը պետք է գտնվի 1750 մմ, նստածինը՝ 1300 մմ բարձրության վրա։ Մարդու պատկերն ամբողջ հասակով արտացոլող Հ-ու չափերը պետք է լինեն առնվազն 1000 մմ x 300 մմ, իսկ մինչև գոտկատեղն արտացոլողինը՝ 500 մմ x 300 մմ։ Խորհուրդ չի տրվում Հ. կախել այնպես, որ վրան ընկնեն արևի ուղիղ ճառագայթներ, քանի որ արևի ճառագայթներից և բարձր ջերմաստիճանից Հ. խունանում է։ Չի կարելի Հ. ամրացնել խոնավ պատին, որովհետև Հ-ու վրա բծեր են առաջանում։ Հ-ները մաքրելու և փայլեցնելու համար արտադրում են մի շարք միջոցներ (հեղուկներ, խտանյութեր, աերոզոլներ)։
Տան պայմաններում ևս կարելի է Հ. մաքրող բաղադրանյութ պատրաստել. 1 բաժակ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մանր ծեծած կավիճ (կամ ատամի փոշի), 1 ճաշի գդալ քացախ և լավ խառնել։ Ստացված խառնուրդը տաքացնել, թողնել որ պարզվի, որից հետո ջուրը թափել և գոյացած խյուսով մաքրել Հ.։ Նույն հարաբերակցությամբ կարելի է խառնել կավիճն ու անուշադրի սպիրտը, Հ. մաքրել ստացված խյուսով, ապա փայլեցնել փափուկ թղթով։
Մաքուր Հ. կարելի է փայլեցնել սառը լեղակաջրով։