ՀԱՐԻՉ, միքսեր, էլեկտրական, կիրառում են սառը ըմպելիքներ, ձու արագ հարելու, կոկտեյլ, կրեմ, սոուս, խմոր, խյուս պատրաստելու համար։ Հ–ի իրանի մեջ տեղադրված է կոլեկտորավոր էլեկտրաշարժիչ։ Մթերքը հարում և մանրացնում են Հ-ին ամրացվող հատուկ գլխադիրներով։ Որոշ Հ-ների լրակազմի մեջ կան հարելու հարմար ամաններ, Հ. պատին կամ սեղանին ամրացնելու հարմարանքներ։ Հ. ունի պտտման արագության կարգավորիչ։

Հեղուկ մթերք հարելիս պետք է լցվի ամանի ծավալի 3/4-ը, իսկ պինդ մթերքի դեպքում՝ 1/2-ը։ Բանջարեղեն և միրգ մանրացնելու համար նախապես հեռացնում են պտղակոթերը, կորիզները և միջուկը։