ՏՏՀ/Հյուսնային աշխատանքներ

ՀՅՈՒՍՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, աշխատանքների այս ոլորտն ընդգրկում է փայտե դետալների չափանշումը, մեխանիկական մշակումը, սոսնձումը, հավաքումը, երեսպատումը և հարդարումը, ծխնիների, բռնակների, փականքների տեղադրումը, պարակալների և բռնաձողերի տեղակայումը ևն։

Փայտե իրերի պատրաստման և նորոգման համար օգտագործվում են տախտակներ, ամբողջական կամ սոսնձած չորսուներ և փայտասալեր, ֆաներ, փայտատաշեղային (ՓՏՍ) և փայտաթելքային (ՓԹՍ) սալեր։

Տախտակները, չորսուները և փայտասալերը պատրաստվում են բնական փայտանյութից և ունեն վերջինիս բոլոր հատկությունները (թելքային կառուցվածք, բեռնվածքներին դիմադրելու ունակություն, դյուրամշակելիություն, լավ սոսնձվելու հատկություն ևն)։

Ֆաները բաղկացած է 0,5-1 մմ հաստության նրբատախտակի երեք և ավելի սոսնձված թերթերից (կից թերթերի փայտաթելքերը փոխուղղահայաց են), ֆաների հաստությունը 3-ից մինչև 25 մմ է։ Այն կիրառում են արկղեր, դարակներ, շրջանակներ, զանազան մանր իրեր, կահույք, հեռուստացույցի և ձայնական համակարգերի պատյաններ պատրաստելու, հարդարման աշխատանքների համար ևն։

ՓՏՍ պատրաստում են կապակցանյութի (խեժի) օգտագործմամբ։ Թողարկվում են 10, 18, 20 և 30 մմ հաստության ՓՏՍ, որոնցից հիմնականում պատրաստում են կահույք։ ՓՏՍ-ից պատրաստված իրերը հեշտությամբ են մշակվում, բավական ամուր են, չեն ծռմռվում, սակայն խոնավադիմացկուն չեն։ Խոնավությունից պաշտպանելու համար ՓՏՍ պատում են նրբատախտակով, վրան փակցնում փայտ նմանակող թաղանթ, ապա լաք կամ յուղաներկ քսում։

ՓԹՍ պատրաստում են մանրած փայտանյութերի մամլումով տարբեր հավելանյութերի (պարաֆին, խեժ, բևեկնախեժ) օգտագործմամբ։ Կիրառում են պատերի, առաստաղի երեսպատման համար (շինությունների ջերմամեկուսացման նպատակով), իբրև հարդարման նյութ ևն։ ՓԹՍ-ից պատրաստված իրերը հեշտությամբ են մշակվում, բայց բավականաչափ ամուր չեն։

Շատ Հ.ա. կատարվում են ձեռքով, դազգահի վրա։ Դազգահի փոխարեն կարելի է օգտագործել ֆաներով ծածկված սովորական սեղան։

Հյուսնային գործիքները (նկ.) լինում են երեք հիմնական տեսակների. չափիչ-չափանշիչ (քանոն, ծալովի մետր, կարկին, անկյունաքանոն, ձևանմուշ ևն), կտրող (սղոց, կացին, ուրագ, ռանդա, դուր, գայլիկոն ևն) և օժանդակ (մուրճ, սալարկամուրճ, թորբու, պտուտակիչ, շաղափիչ, վրձին, աքցան, չափռաստիչ ևն)։ Սոսնձելու և հավաքելու համար կիրառվում են սեղմիչ հարմարանքներ (պտուտակամամլիչ, անուր)։ Փայտե մասերի չափանշումը մեխանիկական մշակումից առաջ կատարում են փայտե կամ մետաղե ծալովի մետրերով։

Փայտանյութի մեխանիկական մշակումը ձեռքի գործիքներով ներառում են նախաշինվածքի (երբեմն նաև պատրաստի իրի) սղոցումը և տաշումը, բութակների և բլթանցքերի պատրաստումը, խորշերի և անցքերի թործումն ու գայլիկոնումը, ամրակապման մասերի և այլ մանրամասերի (ծխնի, բռնակ ևն) տեղակայումը, ինչպես նաև հղկատաշումը և հղկումը։ Փայտե ոչ մեծ դետալներ կտրելու և ֆաներ կամ ՓՏՍ սղոցելու համար առավել հարմար գործիքը միաբռնակ սղոցն է (ձեռնասղոց)։ Հարմար են նաև փոխվող շեղբերով համապիտանի ձեռնասղոցները. մանրատամ սղոցը՝ ֆաների, ձողերի և բարակ զոլակների, միջին չափի ատամներովը՝ միջին հաստության տախտակների և ՓՏՍ-ի, խոշորատամ սղոցը՝ կոպիտ սղոցման համար։ Ձեռնասղոցի ատամները պետք է լավ սրված և ճիշտ բացված լինեն՝ մեկընդմեջ դեպի աջ ու ձախ թեքված։ Սղոցվածքի լայնությունը սղոցի հաստությունից փոքր-ինչ մեծ է ստացվում, որի շնորհիվ սղոցը չի լռվում փայտի մեջ։ Սղոցի ատամները բացելու համար կա հատուկ գործիք չափռաստիչ, որով սղոցի ատամների ծայրերը թեքում են երկու կողմի վրա 0,5-0,7 մմ բացվածքով։ Ատամների բացվածքը յուրաքանչյուր կողմից պետք է նույնը լինի։ Սղոցի ատամները բացելուց հետո պետք է դրանք սրել եռանիստ խարտոցով։

Փայտանյութը ռանդում են զոլաղով (կոպիտ մշակում), ռանդայով (նախնական և մաքուր ռանդում), ֆուգանով (երկարավուն դետալների վերջնամշակում) և նրբառանդայով (մաքրամշակում)։

Ռանդաները լինում են փայտե և մետաղե իրաններով։ Դանակի կտրող եզրը պետք է 0,5-0,8 մմ-ով հավասարաչափ դուրս ցցված լինի ռանդայի ներքևի մակերևույթից։ Թեք տեղակայված դանակը մշակվող մակերևույթին հետքեր է թողնում։

Հնարավորության սահմաններում փայտանյութը հարկավոր է ռանդել թելքերի երկայնքով։ Որպեսզի ռանդելու ժամանակ մշակվող դետալը չտեղաշարժվի, այն հարկավոր է ամրացնել պտուտակամամլիչով կամ հենել շրիշակին։ Ռանդայի դանակը սրում են հեսանով (մանրհատիկավոր սրոցաքար)։

Թործումը կատարվում է թործադուրով և դուրով՝ բների, ակոսների և այլ խորացումների փորակահանման համար։ Թողարկում են տարբեր լայնության սայրերով թործադուրեր և դուրեր։ Գործածելուց առաջ դուրը հարկավոր է մի կողմից խնամքով սրել։ Խոռոչներ թործելիս դուրը պետք է նշագծից 1-2 մմ հեռու դնել, ապա աստիճանաբար մոտեցնել նշագծին։ Միջանցիկ անցք փորելու համար պետք է թործել դետալի երկու կողմերից հանդիպակաց ուղղություններով։

Եթե տախտակը զգալիորեն լայն է պահանջվող չափից, այն կարելի է նեղացնել ուրագով, ապա ռանդել։ Հղկատաշումը և հղկումը փայտե իրերի մեխանիկական մշակման եզրափակիչ գործողություններն են, որոնք նախորդում են մակերևույթի երեսպատմանը կամ հարդարմանը։ Հղկատաշման և հղկման ժամանակ կիրառում են թորբուներ, հղկատաշիչներ, խարտոցներ և զմռնիտաթուղթ (հղկաթուղթ)։ Երբեմն փայտե իրերի մակերևույթի մաքրամշակման համար օգտագործում են թերթապակու կտորներ։ Բութակները, փոսիկները, միջանցիկ անցքերը մշակվում են համապատասխան ձևի խարտոցներով:

Փայտե դետալների և իրերի սոսնձումը և հավաքումը։ Հ. ա-ում միացումների հիմնական տեսակներն են սոսնձային միացումը, կապումը և մետաղե ամրակատարրերով միացումը։ Սոսնձային միացման դեպքում միացվող մակերևույթներին քսվում է մոտ 0,1 մմ հաստության սոսնձի շերտ (տես Սոսնձում):

Կապում է կոչվում տարրերի միացման այն ձևը, որի դեպքում տարրերից մեկն ունի մյուս տարրի համապատասխան փոսիկի կամ բլթանցքի մեջ մտնող ելուստային մաս բութակ։ Հաճախ օգտագործում են կլոր կամ տափակ ներդնովի բութակներ։

Սովորաբար ատաղձագործական կապումներն անում են սոսնձի օգտագործմամբ, իսկ քանդովի միացումներ ստանալու համար առանց սոսնձի, մետաղե ամրակատարրերով (պտուտակներ, հեղույսներ, մեխեր, թիթեղներ, գամեր ևն)։ Երկու դետալ պտուտակով ամրացնելու համար հարկավոր է դրանք իրար վրա դնել, մատիտով նշել պտուտակի տեղը և ապա միաժամանակ երկու դետալների մեջ անցքեր բացել (գայլիկոնի տրամագիծը պետք է պտուտակի ակոսված մասի տրամագծից մոտ երկու անգամ փոքր լինի)։ Դրանից հետո պտուտակի տրամագծին հավասար տրամագծի գայլիկոնով անհրաժեշտ է առաջին դետալի անցքը մեծացնել։ Եթե պտուտակը դժվարությամբ է մտնում դետալի մեջ, խորհուրդ է տրվում մի քիչ օճառ քսել պտուտակին։

Ամուր ծառատեսակների փայտանյութից պատրաստված դետալին մեխ խփելուց առաջ խորհուրդ է տրվում մեխի հաստությունից մի քիչ փոքր տրամագծի անցք գայլիկոնել։ Ոչ շատ հաստ դետալներ մեխելիս հարկավոր է նախապես թեթևակի բթացնել մեխի ծայրը։ Փոքր մեխը հեշտ կմտնի տախտակի մեջ, եթե թրջվի ջրով։ Ծռված մեխն ավելի լավ է հանել և փոխարինել նորով։ Ոչ մեծ մեխերը կարելի է հանել աքցանով կամ տափաշուրթով, երկար մեխերը՝ մեխահանով։ Եթե հարկավոր է դետալն այնպես ամրացնել, որ մեխի գլխիկը չերևա, մեխելուց առաջ այն հարկավոր է կտրել աքցանով։ 15-20 մմ երկարության բարակ մեխեր խփելիս խորհուրդ է տրվում նախապես բզով փոքր անցքեր բացել։ Մեխելիս կարելի է նաև մուրճով հարվածելու պահին մեխիկը բռնել տափաշուրթով կամ Էլ նախապես «ամրացնել» պլաստիլինով, կամ հացի փափուկ միջուկով։

Երեսպատումը (ֆաներապատում) սովորաբար կատարում են գեղազարդման նկատառումներով՝ օգտագործելով արժեքավոր փայտատեսակից պատրաստված նրբատախտակ, փայտ նմանակող դեկորատիվ թաղանթ։ Երեսպատումից առաջ մակերևույթը պետք է խնամքով հարթեցնել, մշակել հղկաթղթով կամ հղկատաշիչով։ Դետալի և նրբատախտակի մակերևույթներին հարկավոր է քսել սոսնձի բարակ շերտ, որից հետո նրբատախտակը ամուր սեղմել դետալին և այդպես թողնել մինչև սոսինձը լրիվ չորանա։ Նրբատախտակի դուրս մնացած մասերը պետք է կտրել սուր դանակով, և կտրվածքի տեղերը մշակել հղկաթղթով։ Ֆաներապատված մակերևույթը նույնպես հարկավոր է մշակել հղկաթղթով և լաքապատել կամ բևեկնայուղի ու բնական մոմի լուծույթ քսել։ Չորանալուց հետո մակերևույթը պետք է կրկին մշակել հղկաթղթով, ծածկանյութ քսել և այդպես 3-4 անգամ։

Փայտ նմանակող թաղանթ փակցնելուց առաջ մակերևույթը հարկավոր է առավել խնամքով նախապատրաստել, քանի որ ամենափոքր անհարթությունն իսկ աչքի է զարնում։ Առավել հաճախ թաղանթն օգտագործում են ՓՏՍ-ից պատրաստված իրեր երեսպատելու համար։ Նման դեպքերում մակերևույթը հարկավոր է հղկաթղթով մշակել, սալերի կողամասերը մածկել, հղկել զմռնիտաթղթով և հեռացնել փոշին, կեղտն ու ճարպաբծերը։ Իրերի մաքրած մակերևույթը ցանկալի է 1-2 անգամ լաքապատել։

Հարդարումն ընդգրկում է փայտե դետալների, իրերի մակերևույթի անցքերի և ճեղքերի լցափակումը, լաքապատումն ու ներկումը։ Լցափակման համար կիրառում են օլիֆի, լաքի, սինթեթիկ խեժերի, ատաղձագործական սոսնձի հիմքով պատրաստված մածիկներ։ Օրինակ, ՓՏՍ-ի անցքերը և խոր փոսիկները հարմար է լցափակել էպօքսիդային խեժի կամ ատաղձագործական սոսնձի և փայտաթեփի խառնուրդով։ Կահույքի մակերևույթին փոս ընկած տեղերի արագ լցափակման համար կարելի է օգտվել սովորական զմուռսից (լցնել տաք վիճակում և հարթեցնել, սառչելուց հետո մշակել զմռնիտաթղթով)։

Բնական փայտանյութից պատրաստված իրերը հարդարելուց առաջ պետք է մակերևույթը սրբել չոր շորով, այնուհետև մի քանի անգամ պատել հեղուկ խածատիչով, մինչև փայտը ձեռք բերի անհրաժեշտ երանգ։ Պետք է հաշվի առնել, որ խոնավ վիճակում փայտանյութն ավելի մուգ է, քան չոր վիճակում։ Չորանալուց հետո մակերևույթը հարկավոր է պատել բևեկնայուղի և մոմի լուծույթով։ Չոր մակերևույթը պետք է լավ շփել մահուդի կտորով։

Խածատումից հետո փայտե իրերը կարելի է մի քանի անգամ լաքապատել։

Ներկելուց առաջ փայտե իրերի մակերևույթը հարկավոր է հարթեցնել, մածկել, մաքրամշակել, ապա ներկաստառել (տես Ներկարարական աշխատանքներ):